Հրապարակում
Թուրքիայի ընդդիմադիր դաշտի վերադասավորումների և հնարավոր զարգացումների մասին (առ օգոստոսի վերջ, 2026 թ.)

Թուրքիայի ներքաղաքական դաշտն օրըստօրե նմանվում է խորը և երկարատև դրամայի: Մի կողմից՝ պետական ապարատն իր հավակնոտ ենթակառուցվածքային նախագծերով և անվտանգային հռետորաբանության հաճախակի շեշտադրմամբ փորձում է խլացնել հասարակության շրջանում ծայրառած դժգոհության աղմուկը, ինչը մեծապես պայմանավորված է երկարատև ֆինանսական և տնտեսական ճգնաժամի կուտակված ազդեցությամբ, մյուս կողմից՝ 2026 թ. հուլիսի վերջին թուրքական քաղաքականության մեջ տեղի ունեցան երկու հակադիր զարգացումներ։
Առաջինը՝ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (այսուհետ՝ ՀԺԿ) նախկին առաջնորդ Օզգյուր Օզելի գործողությունն էր, ով հուլիսի 24-ին ՀԺԿ-ի 90 այլ անդամների հետ միասին լքեց կուսակցությունը՝ ստեղծելով նոր կուսակցություն՝ «Յենի պարթիսի»-ն (բառացիորեն՝ «Նոր կուսակցություն»)։
Երկրորդը՝ հուլիսի 29-ին «Ապագայի կուսակցության» փակման և քաղաքականությունից իր հեռանալու մասին նախկին վարչապետ և ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն էր։
Այս երկու իրադարձությունները թուրքական ընդդիմադիր դաշտում կուտակված խորքային և համակարգային ճգնաժամի անմիջական հետևանքն էին։ ՀԺԿ-ում պառակտման գործընթացը սկիզբ էր առել դեռևս 2023 թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընդդիմության կրած պարտությունից հետո, երբ կուսակցության ներսում ձևավորվեց այսպես կոչված «փոփոխության շարժման» թևը՝ Օ. Օզելի և Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուի գլխավորությամբ։ Չնայած 2024 թ. ՏԻՄ ընտրություններում արձանագրած հաջողություններին, կուսակցության ներքին կանոնադրական դրույթները և ղեկավարման մեխանիզմները չկարողացան հաշտեցնել պահպանողական-կենտրոնամետ, ՀԺԿ նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցներին և բարեփոխիչ լայն կոալիցիոն մոդելին հարող թևին։
Ճգնաժամը վերջնականապես խորացավ դատական համակարգի միջամտությամբ։ Անկարայի տարածաշրջանային վերաքննիչ դատարանի՝ ՀԺԿ 38-րդ հերթական համագումարի որոշումներն «անվավեր» ճանաչելու վերաբերյալ վճիռն իրավական անորոշության մեջ դրեց Օզելի կուսակցության ղեկավարի լեգիտիմությունը։ ՀԺԿ-ի ներսում երկխոսությունն ու որոշումների կայացումը հայտնվեցին փակուղում երկու հիմնական պատճառով. մի կողմից՝ առկա էր իրավական սպառնալիք, որ դատարանի որոշմամբ կուսակցության ղեկավարումը կարող է վերադարձվել նախկին կուսակցական ղեկավարին, մյուս կողմից՝ կողմերի միջև խոր տարաձայնություններ կային առաջիկա ընտրություններում թեկնածուների առաջադրման հարցում։ Արդյունքում, Օ. Օզելը և նրա կողմնակիցները որոշեցին լքել կուսակցությունը՝ հիմնադրելով «Յենի» կուսակցությունը։
Այս քայլին հետևեց պատգամավորների, համայնքային ղեկավարների և տեղական կազմակերպությունների զանգվածային արտահոսք, միևնույն ժամանակ, ԹԱՄԺ-ում ուժերի հարաբերակցությունը արմատապես փոխվեց ի օգուտ «Յենի փարթիսի»-ի՝ ՀԺԿ-ին զրկելով գլխավոր ընդդիմադիր ուժի իրատեսական լծակներից։ Մյուս կողմից, Ահմեդ Դավութօղլուի «Ապագայի կուսակցության» լուծարումը ակնհայտ դարձրեց 2023 թ. ձևավորված «Վեցյակի սեղան» ձևաչափի աջ-կենտրոնամետ, աջ-պահպանողական փոքր կուսակցությունների վերջնական քաղաքական սնանկությունը, և այն, որ խաղաղ ճանապարհով իշխանափոխության համար միայն ԱԶԿ-ից դուրս եկած գործիչների վրա հույս դնելու ռազմավարությունը չարդարացրեց իրեն։
Արդյո՞ք հետևելով Դավութօղլուի օրինակին՝ նման որոշում կկայացնի ԱԶԿ նախկին անդամ և ԱԳՆ նախկին ղեկավար Ալի Բաբաջանը, ով 2020 թ. հիմնել էր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցությունը (թուրք. հապավումը՝ DEVA), որը պետք է ձևավորեր այլընտրանք ԱԶԿ-ին։ Դեռևս փակման մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա, սակայն DEVA-ն հայտնվել է քաղաքական մարգինալացման եզրին: Եթե Ա. Բաբաջանի թիմին չհաջողվի մոտ ապագայում միավորվել «Յենի փարթիսի»-ի կամ որևէ այլ կենտրոնամետ դաշինքի հետ, ապա այն կվերածվի զուտ «նշանավոր նախկիններից» կազմված կուսակցության՝ չունենալով իրական ազդեցություն Թուրքիայի քաղաքական դաշտում:
Ինչևէ, «Յենի» կուսակցության ի հայտ գալն ու ՀԺԿ-ի ակնհայտ թուլացումը կարճաժամկետ հեռանկարում առաջին հերթին ձեռնտու է իշխող վարչակարգին, քանի որ ձայների փոշիացումը և ընդդիմադիր այս երկու խմբերի ներպայքարի վրա ուժերի վատնումը նվազեցնելու են ընդհանուր ճակատի արդյունավետությունը։ Սակայն, եթե կուսակցությանը հաջողվի իր շուրջը համախմբել ինչպես կենտրոնամետ-ձախ, այնպես էլ Դավութօղլուի կուսակցության լուծարումից հետո «անտերունչ» մնացած չափավոր-պահպանողական ընտրազանգվածին, ապա, ըստ երևույթին, կարող է վերածվել ժամանակակից ազդեցիկ քաղաքական ուժի։
Նկատենք նաև, որ ՀԺԿ-ի պառակտումն ի դերև հանեց փորձագիտական շրջանակներում շրջանառվող այն թեզերը, որ թուրքական քաղաքական համակարգում ավանդական և կուսակցության կանոնադրության առումով կոշտ քաղաքական կառույցները կարող էին ճկուն արձագանքել արտաքին մարտահրավերներին՝ այս դեպքում՝ դատական-վարչական համակարգի ճնշումներին և ներքին բարեփոխումների պահանջարկին։ Սակայն, ինչպես տեսնում ենք, դա չափազանց խիստ լավատեսական գնահատական էր, և, ելնելով վերջին զարգացումներից՝ կարելի է արձանագրել, որ ավանդական կուսակցությունները գնալով հայտնվում են խորը ճգնաժամում։
Այս ամենի հետ մեկտեղ, առաջիկայում Աթաթուրքի ժառանգության «սեփականատեր» լինելու համար պայքարը ևս դառնալու է այս երկու ուժերի գաղափարական հիմնական վեճերից մեկը: Ըստ էության, ՀԺԿ-ն իր ողջ քաղաքական էներգիան այսուհետ ուղղելու է ոչ թե ԱԶԿ-ի դեմ պայքարին, այլ «Յենի պարթիսի»-ի հետ վեճին՝ ապացուցելու համար, թե ով է Աթաթուրքի ժառանգության «իսկական» տերը։
Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի ապագային, ապա դատական վճիռների արդյունքում իր նախկին պաշտոնին վերականգնված Քըլըչդարօղլուն հնարավոր է ընտրի իշխող վարչակարգի հետ հարաբերությունները «կարգավորելու» և առճակատումից խուսափելու ուղին։
Կարծում ենք՝ իշխանությունն ի վերջո հենց այդ հաշվարկով էլ վերականգնեց ՀԺԿ-ի նախկին ղեկավար Քըլըչդարօղլուին իր նախկին պաշտոնին։ Անձամբ Էրդողանի և, հատկապես, ԱԶԿ-ի համար չափազանց ձեռնտու է ունենալ թույլ, կանխատեսելի ՀԺԿ, որը, եթե նույնիսկ խորհրդարանում զբաղեցնի ընդդիմադիր աթոռների մի մասը, այնուհանդերձ, տարբեր տեսանկյուններից այն իրական վտանգ չի ներկայացնի իշխող կուսակցության համար։
Այնպես որ ՀԺԿ հնարավոր է ապագայում Թուրքիայի քաղաքական կյանքում այլևս օրակարգ ձևավորողի դերում չլինի, այլ ձգտի պահպանել գոնե սեփական գոյությունը։ Ավելին՝ ՀԺԿ-ն մեծ ռիսկի է գնում տարեց տարի վերածվելու փոքր քաղաքական խմբակի, որի առաջնային նպատակը լինելու է գոնե խորհրդարանական շեմը հաղթահարելը: Հեղինակիս կողմից տեսական մակարդակում առաջ քաշած այս թեզերի պատասխանները կստանանք առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփումից հետ։
Ինչևէ, նկատենք, որ միասնական գաղափարախոսական կենտրոնի բացակայությունը, մասնավորապես՝ աշխարհիկ, ազգայնական և սոցիալ-դեմոկրատական տարրերի միջև հավասարակշռության մշտական որոնումն ընդդիմադիր հարթակը ներքին բախումների համար դարձնում են խոցելի։ Այս պայմաններում ընդդիմության հիմնական մարտահրավերը, կարծում ենք, հնարավոր ընտրական հաջողության դեպքում կայուն ինստիտուցիոնալ մոդել ստեղծելու անհրաժեշտությունն է, քանի որ, հին մոտեցումներն այլևս չեն երաշխավորում մեքենայորեն հասարակական աջակցություն։
ԱԶԿ-ի և անձամբ Ռ. Թ. Էրդողանի համար ՀԺԿ-ում տեղի ունեցած պառակտումն ու «Յենի» կուսակցության ձևավորումը տակտիկական հաղթանակ է, սակայն պարունակում է նաև ստրատեգիական նոր ռիսկեր։ Նախ և առաջ՝ ՀԺԿ-ի պառակտմամբ Էրդողանի ավտորիտար ռեժիմի համար չեզոքանում է այն միակ միասնական ճակատը, որը 2023–2024 թթ. լուրջ սպառնալիք էր ներկայացնում նրանց համար: Ձայների փոշիացումը երկու կուսակցությունների միջև թույլ կտա վերջինիս հեշտությամբ պահպանել առաջատարի իր դիրքերը: Մյուս կողմից, քանի դեռ ընդդիմությունը զբաղված է ներքին «վհուկների որսով», դատական վեճերով և ռեսուրսների վերաբաժանմամբ, այն աներկբա կերպով թուլացնելու է հենց իր դիրքերը Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում՝ ճանապարհ հարթելով ԱԶԿ-ին «հետ վերցնելու» այդ ռազմավարական քաղաքները։
Նկատենք նաև, որ «ծերացած» և քեմալապաշտ ՀԺԿ-ն Էրդողանի քաղաքական խոսույթի և քննադատությունների համար հարմար «թիրախ» էր։ Այժմ, սակայն, Օ․ Օզելի և Է․ Իմամօղլուի ստեղծած նոր կուսակցությունը չի կրում այն պատմական «բեռն», ինչ ՀԺԿ-ն, հետևաբար՝ կարող է ավելի արդյունավետ պայքարել ԱԶԿ-ի դեմ՝ գրավելով նաև չկողմնորոշված կամ դժգոհ աջակողմյան ընտրողներին:
[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[2] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 24.08.2026 թ.-ին: