Հրապարակում
Վրաստանի արձագանքը թուրքական ճնշումներին, հայկական գործոնը և ՌԴ-ի ու Իսրայելի հետ հարաբերությունների հեռանկարները

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 28.09.2026 թ.[1]
1. Միջադեպը Թբիլիսիում և թուրքական ծավալապաշտությունը Աջարիայում
Վրաստանի և Թուրքիայի ՆԳ նախարարներ Սուլհան Թամազաշվիլիի և Մուստաֆա Չիֆթչիի Թբիլիսյան հանդիպման ընթացքում տեղի ունեցած դիվանագիտական միջադեպից հետո տրամաբանական է ակնկալել, որ վրացական իշխանությունները կսկսեն վերանայել Անկարայի հետ երկկողմ կապերի բնույթը կամ գոնե թուրք գործընկերներին ցույց կտան նման քայլի գնալու իրենց պատրաստակամություն:
««Աջարական հարցը» տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության փոփոխության պայմաններում» վերտառությամբ իր մեկնաբանության մեջ ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն մանրամասն գնահատական է տվել Թբիլիսիում կայացած բանակցություններին, որոնց ընթացքում թուրքական գերատեսչության ղեկավարը, ըստ էության, կասկածի տակ էր դրել Աջարիայի նկատմամբ Վրաստանի ինքնիշխանությունը: Եվ, չնայած պաշտոնական մակարդակով կողմերը փորձեցին կոծկել տեղի ունեցած դեմարշը, սակայն հակամարտության մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն զգալիորեն բորբոքեցին Թբիլիսիի հասարակական-քաղաքական միջավայրը՝ կրկին բարձրացնելով Աջարիայի իսլամացման և թուրքացման սուր հարցերը, ինչպես նաև խորացնելով Վրաստանում Անկարայի ընդհանուր ծավալապաշտական քաղաքականության վերաբերյալ մտավախությունները։
Չնայած վրաց իշխանությունները ձեռնպահ են մնում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության գործողություններն ու հռետորաբանությունը դատապարտող հրապարակային հայտարարություններից, նրանք Անկարային ուղարկում են ոչ երկիմաստ, թեկուզ քողարկված ազդակներ: Այս ուղերձները հստակ ցույց են տալիս Թբիլիսիի խորը մտահոգությունն իրավիճակի զարգացման և երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ:
2. «Հայկական գործոն». Թբիլիսիի աննախադեպ ազդակն Անկարայի հասցեին
Նման անուղղակի արձագանքի օրինակ է 14.09.2026 թ. հեռուստաբանավեճը, որի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին։ Նա ընդգծել է, որ Օսմանյան կայսրությունում զանգվածային ոճրագործությունների՝ որպես մարդկության դեմ ոճրագործության միջազգային ճանաչման արդիականությունը պահպանվում է՝ անկախ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ Անկարայի հետ երկխոսությունը կարգավորելու ձգտումից: Եվրոպամետ «Վրաստանի Հանրապետական կուսակցությունը» ներկայացնող Պաատա Զաքարեիշվիլիի հետ քննարկումներում Կոբախիձեն հատուկ նշել է. «Հայերը չեն բուժել Ցեղասպանության ցավը, և դրա ճանաչման գործընթացը կախված չէ ներկայիս հայկական իշխանությունների դիրքորոշումից ու ծրագրերից»:
Անկախություն ձեռք բերելուց ի վեր Վրաստանի պաշտոնական իշխանությունները ծայրահեղ զգուշավորություն են ցուցաբերել Օսմանյան կայսրությունում 100-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների վերաբերյալ գնահատականներում: Իրակլի Կոբախիձեի հայտարարությունն աննախադեպ քայլ է երկրի քաղաքական պատմության մեջ: Մինչ օրս Թբիլիսին ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության պետականորեն ճանաչումից՝ հիշատակի միջոցառումներն ու թեմայի հետ կապված հասարակական նախաձեռնությունները խստորեն սահմանափակելով հայ համայնքի շրջանակներում: Վրաստանի համար Հայոց ցեղասպանության հարցը մշտապես եղել է բացառապես զգայուն, քանի որ այն սերտորեն միահյուսված է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններին, մի պետության, որը ոչ պակաս, իսկ երբեմն նույնիսկ ավելի ակտիվ, քան Անկարան, առաջ է տանում հայ ժողովրդի այդ ազգային ողբերգության վավերագրված փաստերի ժխտման ուղեգիծը: Պատմականորեն Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ չտվող դիրքորոշումը Վրաստանի արտաքին քաղաքականության հազվագյուտ համընդհանուր փոխհամաձայնեցված ուղղություններից մեկն էր, որը միավորում էր գործող իշխանություններին և համակարգային ընդդիմությանը՝ ի հեճուկս հանրապետության պետական կառուցվածքի և արտաքին քաղաքական կողմնորոշման հարցերում նրանց սուր տարաձայնությունների։ Նման համաձայնությունն ընդգծում էր, որ ցանկացած աշխարհաքաղաքական իրավիճակի և Թբիլիսիի ցանկացած կողմնորոշումների պարագայում Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը վրացական վերնախավերի կողմից մշտապես դիտարկվում է որպես Հարավային Կովկասի և Սևծովյան ավազանի անկայուն տարածաշրջանում անվտանգության առանցքային առաջնահերթություն ու հիմնական երաշխիք։
Այս համապատկերում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հնչեղ հրապարակային արտահայտությունները, թեև առանց Թուրքիայի ուղղակի հիշատակման, բայց Հայոց ցեղասպանության համար նրա պատասխանատվության վրա հստակ շեշտադրմամբ, աղմկահարույց դարձան երկրի ներքաղաքական դաշտի համար: Դա վկայում է, որ Թբիլիսին ստիպված է զսպող միջոցների համալիր մշակել, որոնք ուղղված են Անկարայի կողմից սաստկացող ճնշման չեզոքացմանն ու նրան ավելի զուսպ ուղեգծի պարտադրմանը։ Այս թեմայի բարձր զգայունության պատճառով թուրքական կողմի համար «հայկական հարցը» վրացական ղեկավարության կողմից դիտարկվում է որպես ազդեցության գործուն լծակ։
Դրանով իսկ վրացական ղեկավարությունը պատրաստակամություն է ցուցաբերում հետ կանգնել տվյալ խնդրից հեռակայության պահպանման բազմամյա պահվածքից և միանալ անցյալի ողբերգական իրադարձությունների վերջնական ու միանշանակ որակման, հանցագործության իրավական գնահատանքի և այդ քայլից բխող պարտավորությունների կատարմանը Թուրքիային հարկադրելու միջազգային կոչերին: Ընդ որում, Վրաստանը շահագրգիռ կողմ հանդես գալու բոլոր հիմքերն ունի՝ հաշվի առնելով, որ նրա հայկական, եզդիական և հունական համայնքների զգալի մասը կազմում են Օսմանյան կայսրությունում բռնաճնշումներից փրկված փախստականների ժառանգները:
Որոշ հայ վերլուծաբաններ ենթադրում են, որ այս անսպասելի դեմարշով վարչապետը հայտնել է Թբիլիսիի ձգտումը՝ «սեպ խրել» հազիվ վերականգնվող հայ-թուրքական երկխոսության մեջ։ Ի դեպ, շատ մակերեսային է թվում վրացական կողմի դրդապատճառների տվյալ մեկնաբանությունը՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ուղեգիծը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը տարանջատելու անհրաժեշտության մասին Իրակլի Կոբախիձեի հստակեցումը։ Մեր կարծիքով, առանցքային տեսակետն այստեղ թաքնված է մեկ այլ հարթության մեջ, այն է՝ թուրք-իսրայելական հարաբերությունների ոչ պարզ շարժընթացի համատեքստում։ Անդրադառնալով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային որակմանն ուղղված ներկայումս ընթացող արշավին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը, հավանաբար, նկատի է ունեցել Իսրայելի ղեկավարության դեմարշը, որը 28.06.2026 թ. միաձայն հավանություն է տվել այդ լայնածավալ հանցագործության ճանաչմանը և նախաձեռնությունն ուղարկել Քնեսեթ՝ դրան օրենսդրական ուժ հաղորդելու համար: Քանի որ վերջին շրջանում այլ պետություններում նմանատիպ քայլեր չեն ձեռնարկվել, Կոբախիձեի արտահայտություններն անմիջականորեն ուղղված են եղել Թել Ավիվին: Թեև նման սցենարը շատ անորոշ է թվում, նման աշխարհաքաղաքական դասավորության բուն հնարավորության ձևակերպումը կարող է Թբիլիսիին լրացուցիչ լծակներ տրամադրել թուրքական ճնշմանը հակազդելու համար։ Ի. Կոբախիձեի՝ Անկարայի հասցեին հնչեցրած ազդակը կարող է մատնանշել ոչ այնքան Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ վրաց-իսրայելական ենթադրական համակարգումը (համապատասխան օրինագիծը պաշտոնապես պահպանվում է Քնեսեթի օրակարգում, իսկ դրա հետագա ճակատագիրը կորոշվի աշնանային խորհրդարանական ընտրությունների արդյունքում), որքան Թել Ավիվի հետ գործընկերությունը ծավալելու և խորացնելու Վրաստանի պատրաստակամությունը: Այդ դեպքում հայկական թեմատիկան կատալիզատոր է հանդիսանում գործընթացի համար, որը ենթադրաբար կարող է հանգեցնել Իսրայելի տարածաշրջանային ուղղության տեղաշարժին՝ Ադրբեջանի հետ դաշինքի վրա հենվելուց դեպի Վրաստանի և Հայաստանի հետ ավելի ակտիվ փոխգործակցություն։
3. Իսրայելական ուղղությունը և տարածաշրջանային հակակշիռների որոնումը
Թբիլիսիում գիտակցում են, որ թուրք-իսրայելական հակասությունների սրման համապատկերում Թել Ավիվը շահագրգռված է տեղերում դաշնակիցներ գտնելու և տարածաշրջանային դաշինք ձևավորելու մեջ, որը կարող է զսպել Անկարայի ծավալումը մի ոլորտում, որն Իսրայելն ավանդաբար սեփական կենսական շահերի գոտի է համարում: Դատելով ըստ ամենայնի՝ վրացական իշխանությունները հույս ունեն օգտագործել այդ հակակշիռը. եթե Ռ. Թ. Էրդողանի վարչակազմը շարունակի ճնշում գործադրել Վրաստանի ինքնիշխանության վրա, Թբիլիսին պատրաստ է Անկարային պարզորոշ հասկացնել, որ իրեն իրավունք է վերապահում աջակցել Իսրայելի արտաքին քաղաքական նախաձեռնություններին:
4. Հակառուսական խոսույթի վերանայում․ ՌԴ-ն որպես գոյատևման գործոն
Որպես Թուրքիայի գործողություններին ևս մեկ պատասխան միջոց՝ Վրաստանի իշխանություններն ակտիվացնում են Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի վերանայման անհրաժեշտության և Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ Թբիլիսիի վերահսկողության կորստի համար նրա պատասխանատվության աստիճանի վերագնահատման խոսույթը։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև բանավեճի ժամանակ վարչապետ Ի. Կոբախիձեն անդրադարձել է վրաց-ռուսական հարաբերությունների թեմային: Նա ընդգծել է, որ իրավաչափ չէ Թբիլիսիի բոլոր խնդիրները կապել բացառապես ռուսական գործոնի հետ, և նշել, որ դրսից համապարփակ սերմանվող ռուսատյացությունը վրաց հասարակությանը խանգարում է համարժեք գնահատել երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները։
Կոբախիձեի կարծիքով՝ հակառուսական ալիքը պետք է «սպանել սերվելու պահին», քանի որ այն քաղաքական և տնտեսական ռիսկեր է պարունակում։ Ավելի վաղ կառավարության ղեկավարը նաև նշել էր, որ հակառուսական տրամադրությունների արհեստականորեն հրահրվող աճը լայնածավալ սպառնալիք է երկրի անկախությանը, որի հետևում կանգնած են ընդդիմությունն ու «խորքային պետությունը»: Վարչապետն այդ «վտանգավոր գործընթացն» ուղղակիորեն կապել է 2022 թվականից հետո Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց Թբիլիսիի հրաժարվելու հետ՝ չնայած Արևմուտքի հրահրմանը։
Ակնհայտ է, որ վրացական ղեկավարությունը դեռ պատրաստ չէ հանդես գալ Ռուսաստանի հետ հարաբերությունների լիարժեք վերականգնման նախաձեռնությամբ։ Դրան խոչընդոտում են մի կողմից՝ Թբիլիսիի նկատմամբ Արևմուտքի սաստկացած քաղաքական ճնշումը, մյուս կողմից՝ Թուրքիայի բացահայտ ծավալապաշտական նկրտումները։ Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգծի առանցքային որոշիչ է մնում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը։ Ի. Կոբախիձեն դա հաստատել է 11.08.2026 թ. իր հարցազրույցում՝ միանշանակ հայտարարելով. «Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»:
Այն հանգամանքներում, երբ Վրաստանի քաղաքական գործիչների և քաղաքացիների մեծամասնությունն այդ տարածքները դիտարկում է որպես բռնազավթված, կառավարության համար չափազանց դժվար է հասարակությանը բացատրել Մոսկվայի հետ երկխոսության կարգավորման անհրաժեշտությունը, մի քայլ, որը պայմանավորված է հանրապետության շուրջ չափազանց վտանգավոր աշխարհաքաղաքական իրադրությամբ: Այնուամենայնիվ, իշխող ՙՎրացական երազանք՚ կուսակցությունը մտադիր չէ համակերպվել նման իրավիճակի հետ։ Թբիլիսիում իրենց հաշիվ են տալիս, որ Արևմուտքի կողմից բորբոքված ռուսատյացությունը պետությանը պարտադրում է ՌԴ-ի անիրատեսական և համապարփակ մերժումը, մի ուժ, որն ընթացիկ իրողություններում միակն է, որ ի վիճակի է պահպանել տարածաշրջանային անվտանգության փխրուն հավասարակշռությունը։ Վրաստանի իշխանությունները ողջամտորեն կարծում են, որ երկու տասնամյակի ընթացքում, քանի դեռ երկրում հակառուսական տրամադրություններ էին սերմանվում, այդ գործընթացի արտաքին շահառուները պլանաչափ պայմաններ էին նախապատրաստում սեփական հավակնոտ մտահղացումների իրականացման համար, այդ թվում՝ կապված հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ոտնձգությունների հետ։
Խուսափելով բնակչությանն «արթնացնելու» տագնապահարույց մեթոդներից, վրացական իշխանությունները շրջահայաց են գործում, բայց միևնույն ժամանակ հստակ դիրքորոշում են հայտնում՝ երկրի քաղաքական մթնոլորտը վերաձևավորման կարիք ունի, իսկ առանցքային ռիսկերը՝ վերագնահատման։ Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի կողմից սպառնալիքն այլևս Թբիլիսին չի ընկալում որպես գլխավոր կամ գոյութենական։ Հանրապետության ղեկավարության գնահատմամբ՝ հասարակական և քաղաքական ոլորտներում հակառուսական դրսևորումների վերացումը Մոսկվայի հետ երկխոսության նոր ձևաչափի ձևավորման առաջնային և ոչ երկիմաստ քայլ է:
Չնայած փոխադարձ պահանջների և չլուծված վեճերի ուղեբեռին, հենց Ռուսաստանն է, վրացական իշխանությունների կարծիքով, մնում միակ իրական գործոնը, որը կարող է դիմակայել Հարավային Կովկասում Արևմուտքի աջակցությունը վայելող թուրք-ադրբեջանական երկյակի ծավալմանը: Այսպիսով, ՌԴ-ի հետ կապերի կարգավորումը Վրաստանի համար ազատ ընտրության հարցից վերածվել է գոյատևման պայմանի։ Այդ անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես Անկարայի արտաքին հարձակմամբ, այնպես էլ ապակայունացնող ներքին գործընթացներով, որոնք նախաձեռնել են ծայրահեղ ազատական շրջանակները և որոնց Իրակլի Կոբախիձեն կապում է «խորքային պետության» գործունեության հետ։
Հարավօսական հակամարտության ուժային լուծման ձախողված փորձից գրեթե 20 տարի անց Թբիլիսին կրկին հայտնվում է ապակայունացման լրջագույն ռիսկերի և իր ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքների առջև։ Սակայն ներկայիս իրողություններում այլևս հյուսիսային սահմանին չէ, որ ձևավորվում է առանցքային մարտահրավերը։ Վրաստանն ստիպված է հարմարվել վերաձևավորված աշխարհառազմավարական իրադրությանը, որը պայմանավորված է Հարավային Կովկասի տարածաշրջանում Թուրքիայի շահերի ակտիվ առաջմղմամբ և այդ քայլերին Ադրբեջանի աջակցությամբ: Դեպի արևմուտք և Անկարա Երևանի աշխարհաքաղաքական շրջադարձի պայմաններում հյուսիսային ուղղությունը Թբիլիսիի համար վերածվում է միակ հիմնարար հենարանի։ Դա վրացական պետությանը թույլ է տալիս ոչ միայն հավասարակշռել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը և պաշտպանել ազգային անկախությունը, այլև պաշտպանել ինքնատիպ հոգևոր-մշակութային ինքնությունը, որի պահպանումը երկրի գործող ղեկավարության կողմից բարձրացվել է կարևորագույն առաջնահերթության աստիճանի։
5. Եզրակացություն. Վրաստանի աշխարհաքաղաքական ընտրությունն անվտանգության նոր ճարտարապետության պայմաններում
2012 թ. աշնանը իշխանության գալուց ի վեր «Վրացական երազանք» կոալիցիան մշտապես բախվել է ռուսամետ կողմնորոշման և Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գաղտնի ձգտման՝ իր հասցեին հնչած կշտամբանքների հետ: Այս «մեղադրանքները» հերքելու համար կուսակցությունն ստիպված էր ոչ միայն հանդես գալ կոշտ հռետորաբանությամբ, այլև կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ցույց են տալիս ՌԴ «զավթողական քաղաքականության» մերժումը և հավատարմությունը դեռևս «Վարդերի հեղափոխության» դրած արևմտամետ ուղեգծին։
Այնուամենայնիվ, Մոսկվայի հետ համագործակցության մեջ մեղադրանքները, որոնք նախկինում սերմանվում էին Արևմուտքի և վրացական ծայրահեղ ազատականների կողմից, այսօրվա իրողություններում կարող են միանգամայն կոնկրետ բովանդակություն ձեռք բերել։ Թբիլիսիի ներկայիս ղեկավարությունը, հավանաբար, արդեն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական փոխգործակցության, ինչպես նաև Իսրայելի հետ նոր կապեր կառուցելու տարբերակները: Բոլոր երեք կողմերը հավասարապես շահագրգռված չեն թուրքական նեոօսմանիզմի ծավալմամբ և միաժամանակ զուսպ կամ լարված վերաբերմունք են ցուցաբերում արևմտյան ազատականության հարձակողական քաղաքականության նկատմամբ։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 25.09.2026 թ.: