Սահմանակից երկրներ

Յունուս Էմրեի ինստիտուտի տեղը Թուրքիայի հանրային դիվանագիտության ինստիտուցիոնալ համակարգում

1 դիտում

The role of the Yunus Emre Institute in Turkey’s institutional framework of public diplomacy

Krtikashyan M. G.

Abstract

This article examines the political and ideological foundations, legal status, and institutional role of the Yunus Emre Institute (YEE) within Turkey’s public diplomacy framework in the context of the cultural policies pursued under the Justice and Development Party (AKP). It analyzes the relationship between the Institute’s linguistic and cultural activities and Turkey’s foreign policy priorities, as well as its functional links with other institutions involved in public diplomacy. Through a comparative analysis of the Balkans and the South Caucasus, the study identifies the mechanisms and limitations of Turkey’s cultural influence in different regional contexts. Particular attention is devoted to the potential forms of indirect engagement with Armenia and their political and security implications, taking into account the historical and political complexities of Armenian–Turkish relations.

Մարգարիտա. Գ. Կրտիկաշյան[1]

Յունուս Էմրեի ինստիտուտի տեղը Թուրքիայի հանրային դիվանագիտության ինստիտուցիոնալ համակարգում[2]

Ներածություն

Ժամանակակից միջազգային հարաբերություններում պետությունների ազդեցությունը պայմանավորված է ոչ միայն ռազմական և տնտեսական ներուժով, այլև այլ երկրների հասարակությունների ընկալումների ու արժեքային կողմնորոշումների վրա ներգործելու կարողությամբ։ Ջոզեֆ Նայի «փափուկ ուժի» (soft power) հայեցակարգի համաձայն՝ մշակույթը, քաղաքական արժեքները և արտաքին քաղաքականության ընկալվող լեգիտիմությունը կարող են դառնալ միջազգային գրավչության աղբյուրներ[3]։

Մշակութային դիվանագիտությունն այդ ներուժի կիրառման կարևոր ուղղություններից է, որի միջոցով պետությունները ձգտում են ձևավորել երկարաժամկետ կրթական, մասնագիտական և հասարակական կապեր։

2002 թ.-ին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ մեծացավ պատմական և մշակութային ժառանգության ռազմավարական նշանակությունը։ Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» հայեցակարգի շրջանակում Անկարան ձգտում էր վերարժևորել իր պատմական կապերը և ընդլայնել դերակատարությունը հարակից տարածաշրջաններում[4]։Այս քաղաքականության ինստիտուցիոնալ դրսևորումներից էր 2007 թ.-ին Յունուս Էմրեի հիմնադրամի ստեղծումը, իսկ 2009 թ.-ին՝ արտասահմանյան մշակութային կենտրոնների գործունեության մեկնարկը։

Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես է լեզվամշակութային համագործակցության համար ստեղծված ինստիտուտը ներգրավվում Թուրքիայի հանրային դիվանագիտության համակարգում և որքանով են նրա գործունեության ուղղությունները համապատասխանում պետական արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ Հետազոտական վարկածն այն է, որ Յունուս Էմրեի ինստիտուտը, մշակութային և կրթական անմիջական գործառույթներից բացի, հանդես է գալիս որպես Թուրքիայի արտաքին մշակութային քաղաքականության ինստիտուցիոնալ գործիք։ Վարկածը քննության է առնվում իրավական փաստաթղթերի, պաշտոնական ծրագրերի և գիտական գրականության ինստիտուցիոնալ ու համեմատական վերլուծության միջոցով։

Յունուս Էմրեի ինստիտուտի ստեղծումը և ինստիտուցիոնալ դերը

Յունուս Էմրեի ինստիտուտի ստեղծումը Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուցիոնալ վերափոխման կարևոր դրսևորումներից էր։ 2002 թվականին «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո Անկարան սկսեց առավել հետևողականորեն օգտագործել պատմական ժառանգությունը, լեզվական ընդհանրությունները և մշակութային կապերը՝ որպես միջազգային ազդեցության ռեսուրսներ։ Ահմեդ Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» հայեցակարգում Թուրքիայի պատմական և աշխարհագրական դիրքը դիտարկվում էր որպես բազմատարածաշրջանային դերակատարության հիմք։ Այս մոտեցումը նպաստեց արտաքին քաղաքականության այնպիսի գործիքների զարգացմանը, որոնք հնարավորություն էին տալիս աշխատելու ոչ միայն օտարերկրյա կառավարությունների, այլև հասարակությունների, կրթական հաստատությունների և մշակութային շրջանակների հետ[5]։

Այդ քաղաքականության շրջանակում 2007 թ. մայիսի 5-ին ընդունվեց թիվ 5653՝ «Յունուս Էմրեի հիմնադրամի մասին» օրենքը (Yunus Emre Vakfı Kanunu)։ Օրենքի առաջին հոդվածով հիմնադրամի նպատակներ սահմանվեցին Թուրքիայի, նրա մշակութային ժառանգության, լեզվի և արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացումը, այլ երկրների հետ մշակութային փոխանակումների զարգացումը, ինչպես նաև արտերկրում թուրքական մշակութային կենտրոնների ստեղծումը[6]։ Այսպիսով, կառույցի հիմնադրման իրավական հիմքում ի սկզբանե ամրագրված էր Թուրքիայի միջազգային մշակութային ներկայության ընդլայնման նպատակը։

Պատահական չէր նաև 13–14-րդ դարերի թուրք բանաստեղծ և սուֆի մտածող Յունուս Էմրեի անվան ընտրությունը։ Վերջինս թուրքական մշակութային ավանդույթում ընկալվում է որպես համամարդկային սիրո, հանդուրժողականության և հումանիզմի խորհրդանիշ։ ԱԶԿ-ի արտաքին քաղաքական հայեցակարգում այս խորհրդանշական ռեսուրսը կոչված էր Թուրքիայի մշակութային դիվանագիտությանը հաղորդելու խաղաղասիրական և ներառական բնույթ։ Դրանով Անկարան ձգտում էր արտաքին հասարակություններում մեղմել իր տարածաշրջանային ակտիվության վերաբերյալ զգուշավորությունը և ներկայանալ որպես բաց մշակութային երկխոսության կողմնակից։ Այսպիսով, Յունուս Էմրեի գաղափարական ժառանգությունը վերածվեց «փափուկ ուժի» գործիքի՝ ծառայելով Թուրքիայի միջազգային կերպարի լեգիտիմացմանը[7]։

Ինստիտուտի իրավական կարգավիճակը կարևոր է նրա քաղաքական դերակատարությունը հասկանալու համար։ YEE-ն գործում է Յունուս Էմրեի հիմնադրամի շրջանակում և իրավական առումով նույնական չէ նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության հետ։ Սակայն հիմնադրամի կառավարման համակարգը նախատեսում է պետական պաշտոնատար անձանց մասնակցություն։ Թիվ 5653 օրենքի սկզբնական խմբագրությամբ Հոգաբարձուների խորհրդում ներկայացված էին արտաքին գործերի, ֆինանսների, ազգային կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ 2017 թ. թիվ 7063 օրենքով կառավարման կառուցվածքում կատարված փոփոխությունները ևս պահպանեցին պետական մասնակցության առանցքային նշանակությունը[8]։

Հիմնադրամային կազմակերպական ձևի և պետական կառավարման հետ կապերի համադրությունը YEE-ին հնարավորություն է տալիս արտաքին լսարանների հետ աշխատել մշակութային հաստատությանը բնորոշ միջոցներով՝ միաժամանակ գործելով Թուրքիայի պետական առաջնահերթությունների շրջանակում։ Այս առանձնահատկությունը բնորոշ է հանրային դիվանագիտության այն մոդելին, որտեղ մշակութային համագործակցությունն իրականացվում է առանձին հաստատությունների միջոցով, սակայն դրանց գործունեությունը կապված է արտաքին քաղաքականության ընդհանուր նպատակների հետ[9]։

Կառույցի ինստիտուցիոնալ կապերի գնահատման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի նաև ղեկավար կազմի մասնագիտական և պաշտոնեական կենսագրությունը։ YEE-ի ղեկավարների թվում են եղել Ալի Ֆուաթ Բիլքանը, Հայաթի Դևելին, Շերեֆ Աթեշը և Աբդուռահման Ալիյը։ 2026 թ. օգոստոսի 14-ին ինստիտուտի նախագահ է նշանակվել Սելիմ Արգունը, որը 2017–2025 թթ. զբաղեցրել է ԹՀ կրոնական գործերի վարչության (Diyanet)՝ արտաքին կապերի գծով փոխնախագահի պաշտոնը։ Վերջինիս նշանակումը հատկապես ուշագրավ է հանրային դիվանագիտության մշակութային և կրոնական ուղղությունների միջև կադրային ու ինստիտուցիոնալ փոխառնչությունների տեսանկյունից[10]։

Յունուս Էմրեի ինստիտուտի (YEE) տեղն ու գործառույթներն առավել հստակ են դառնում Թուրքիայի հանրային դիվանագիտության մյուս հիմնական կառույցների հետ համեմատության միջոցով։ Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը (TİKA), որը հիմնադրվել է 1992 թ.-ին, մասնագիտացած է զարգացման աջակցության, տեխնիկական համագործակցության և մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի իրականացման ոլորտում։ Արտերկրի թուրքերի և ազգակից համայնքների վարչությունը (YTB), որը ստեղծվել է 2010 թ.-ին, հիմնականում զբաղվում է սփյուռքի, ազգակից համայնքների և միջազգային կրթական կապերի զարգացման հարցերով։ Թուրքիայի «Մաարիֆ» հիմնադրամը, որը հիմնադրվել է 2016 թ.-ին, իրականացնում է արտերկրում կրթական հաստատությունների ստեղծման, կառավարման և զարգացման գործառույթներ։ Ի տարբերություն այս կառույցների՝ Յունուս Էմրեի ինստիտուտի հիմնական առաքելությունը թուրքերենի ուսուցման խթանումը, թուրքական մշակույթի հանրահռչակումը և միջազգային ակադեմիական ու մշակութային համագործակցության զարգացումն է։

Այս կառույցների գործառույթները տարբեր են, սակայն դրանց գործունեությունը կարող է փոխլրացնել միմյանց։ Զարգացման ծրագրերը, կրթական հնարավորությունները և մշակութային նախաձեռնությունները միասին ընդլայնում են Թուրքիայի ներկայությունը արտաքին հասարակություններում։ Այդ փոխկապակցվածության փաստագրված օրինակ է 2011 թ. սեպտեմբերի 20-ին Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) և Յունուս Էմրեի ինստիտուտի միջև «Թյուրքագիտության նախագծի» (Türkoloji Projesi) փոխանցման վերաբերյալ արձանագրության ստորագրումը[11]։ Փոխանցումը վկայում է, որ թուրքական հանրային դիվանագիտության համակարգում տեղի էր ունենում գործառույթների մասնագիտացում՝ լեզվամշակութային ծրագրերը կենտրոնացնելով համապատասխան ինստիտուտի շրջանակում։

Թուրքիայի նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո հանրային դիվանագիտության ընդհանուր համակարգման մեջ առավել մեծ նշանակություն ստացավ Նախագահականի Հաղորդակցության վարչությունը (İletişim Başkanlığı)։ Սակայն անհրաժեշտ է տարբերակել ռազմավարական համակարգումը և առանձին հաստատությունների անմիջական վարչական ենթակայությունը։ YEE-ի գործունեության փոխկապակցվածությունը պետական հաղորդակցական քաղաքականությանը չի նշանակում, որ ինստիտուտը իրավական առումով վերածվել է Հաղորդակցության վարչության ստորաբաժանման։

Այսպիսով, Յունուս Էմրեի ինստիտուտը Թուրքիայի հանրային դիվանագիտության համակարգում զբաղեցնում է առանձնահատուկ դիրք՝ համադրելով հիմնադրամային կազմակերպական կառուցվածքը, պետական կառավարման հետ ինստիտուցիոնալ կապերը և արտաքին հասարակությունների հետ անմիջական մշակութային աշխատանքը։ Նրա նշանակությունը չի սահմանափակվում թուրքական մշակույթի միջազգային ներկայացմամբ. ինստիտուտը նպաստում է նաև այն կրթական և մասնագիտական միջավայրի ձևավորմանը, որի միջոցով Թուրքիան կարող է երկարաժամկետ ներկայություն ապահովել այլ երկրների հասարակություններում։

Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության գործիքները և քաղաքական նշանակությունը

Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության հիմքում լեզվական, կրթական և մշակութային ծրագրերի համադրությունն է, որի միջոցով Թուրքիան ձգտում է ձևավորել երկարաժամկետ կապեր արտաքին հասարակությունների հետ։ Ի տարբերություն կարճաժամկետ տեղեկատվական նախաձեռնությունների՝ այս ծրագրերը հնարավորություն են տալիս շարունակական ներգործություն ունենալ օտարերկրյա լսարանների վրա՝ նպաստելով Թուրքիայի մշակութային ներկայության ամրապնդմանը։ Ինստիտուտի գործունեության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա հիմնական ուղղությունները փոխկապակցված են Թուրքիայի հանրային դիվանագիտության նպատակների հետ[12]։ Ինստիտուտի առաջնային գործիքի՝ թուրքերենի ուսուցումն իրականացվում է արտասահմանյան մշակութային կենտրոններում, գործընկեր կրթական հաստատություններում և առցանց հարթակներում։ «Yedi İklim Türkçe» ուսումնական նյութերի շարքը և Թուրքերենի իմացության քննությունը (Türkçe Yeterlik Sınavı – TYS) նպաստում են լեզվական կրթության միասնական մեթոդաբանական միջավայրի ձևավորմանը։ Սակայն լեզվի ուսուցումը միայն հաղորդակցական կարողությունների զարգացում չէ. դասագրքերի, գրականության և մշակութային նյութերի միջոցով սովորողները ծանոթանում են նաև Թուրքիայի պատմությանը, հասարակական կյանքին և մշակութային արժեքներին։ Այսպիսով, լեզուն դառնում է ոչ միայն հաղորդակցության, այլև մշակութային պատկերացումների փոխանցման միջոց։

Երկրորդ կարևոր ուղղությունը ակադեմիական համագործակցությունն է։ Արտասահմանյան համալսարաններում թուրքերենի և թուրքագիտության դասավանդման աջակցությունը, դասախոսների ներգրավումը և համատեղ գիտակրթական միջոցառումները նպաստում են Թուրքիայի հետ մասնագիտական կապեր ունեցող շրջանակների ձևավորմանը[13]։ Նման կապերը կարող են պահպանվել ծրագրերի ավարտից հետո՝ ապահովելով մշակութային ազդեցության շարունակականությունը։ Միաժամանակ, մասնագիտական համագործակցությունը չի կարելի ինքնաբերաբար նույնացնել քաղաքական լոյալության հետ. դրա հնարավոր քաղաքական հետևանքները կախված են ծրագրերի բովանդակությունից, մասնակիցների ինքնուրույնությունից և ընդունող հասարակության առանձնահատկություններից։

Մշակութային միջոցառումները կազմում են ինստիտուտի գործունեության երրորդ ուղղությունը։ Կինոցուցադրությունները, համերգները, ցուցահանդեսները, գրական հանդիպումները և ավանդական արվեստների ներկայացումները ծառայում են Թուրքիայի միջազգային մշակութային կերպարի ձևավորմանը։ Դրանց քաղաքական նշանակությունը հատկապես նկատելի է այն հասարակություններում, որտեղ Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է պատմական հիշողությամբ կամ միջպետական հակասություններով։ Մշակութային համագործակցությունը կարող է նպաստել քաղաքական խնդիրներից անկախ հաղորդակցական միջավայրի ձևավորմանը, սակայն այդ հանգամանքը չի վերացնում դրա հնարավոր քաղաքական գործառույթը։

Առանձնահատուկ նշանակություն ունի ինստիտուտի գործունեության կապը ԱԶԿ-ի ինքնության քաղաքականության հետ։ Կուսակցության կառավարման տարիներին Թուրքիայի պետական մշակութային օրակարգում առավել ընդգծվեց օսմանյան ժառանգության, իսլամական պատմամշակութային ավանդույթների և ազգային ինքնության շարունակականության ներկայացումը։ Այս գործընթացը գիտական գրականության մեջ քննարկվում է նաև նեոօսմանիզմի համատեքստում[14]։ Արտաքին մշակութային դիվանագիտության միջոցով այդ ժառանգությունը ներկայացվում է որպես Թուրքիայի ժամանակակից միջազգային ինքնության բաղադրիչ՝ հատկապես նախկին օսմանյան տարածքներում։

Այս առումով YEE-ի գործունեության քաղաքական նշանակությունը չի սահմանափակվում Թուրքիայի նկատմամբ մշակութային հետաքրքրության առաջացմամբ։ Երկարաժամկետ կրթական և մասնագիտական կապերը կարող են նպաստել արտաքին հասարակություններում Թուրքիայի պատմության, մշակույթի և տարածաշրջանային դերակատարության վերաբերյալ որոշակի պատկերացումների տարածմանը։ Սակայն ծրագրերի քանակը կամ մասնակիցների ընդգրկվածությունը դեռևս բավարար չեն քաղաքական ազդեցության չափը գնահատելու համար։ Անհրաժեշտ է տարբերակել մշակութային ներկայությունը, հասարակական ընկալումների փոփոխությունը և փաստացի արտաքին քաղաքական արդյունքները։

Ինստիտուտի գործունեության ծավալների և պետական համակարգի հետ կապերի գնահատման կարևոր ցուցանիշներից է ֆինանսավորումը։ 2025 թ. պաշտոնական հաշվետվության համաձայն՝ Յունուս Էմրեի հիմնադրամի ընդհանուր եկամուտները 2024 թ. շուրջ 1,4 մլրդ թուրքական լիրայից 2025 թ.-ին հասել են 2,3 մլրդ լիրայի։ Վերջինիս շուրջ 90%-ը կազմել են պետական գանձապետարանից ստացված միջոցները։ Այս ցուցանիշը վկայում է կառույցի պետական աջակցությունից ֆինանսական կախվածության մասին՝ ընդգծելով դրա նշանակությունը Թուրքիայի արտաքին մշակութային քաղաքականության համակարգում[15]։

Համեմատության համար նշենք, որ ԹՀ նախագահի 2025 թ. մայիսի 20-ի թիվ 9838 որոշմամբ «Մաարիֆ» հիմնադրամին Ազգային կրթության նախարարության բյուջեից նախատեսվել էր հատկացնել մինչև 6,775 մլրդ թուրքական լիրա։ Ֆինանսավորման ծավալների տարբերությունը պետք է դիտարկել նաև կառույցների գործառութային առանձնահատկությունների համատեքստում։ Եթե «Մաարիֆ» հիմնադրամի գործունեությունը ներառում է արտերկրում կրթական հաստատությունների ստեղծումն ու կառավարումը, ապա YEE-ի առաջնային գործառույթները կենտրոնացած են լեզվամշակութային և ակադեմիական համագործակցության ոլորտում[16]։

Այսպիսով, Յունուս Էմրեի ինստիտուտի հիմնական գործիքները՝ լեզվի ուսուցումը, ակադեմիական համագործակցությունը և մշակութային ծրագրերը, ձևավորում են Թուրքիայի հանրային դիվանագիտության երկարաժամկետ ներգործության հնարավորությունները։ Դրանց արդյունավետությունը, սակայն, պայմանավորված է ոչ միայն թուրքական կողմի նպատակներով, այլև ընդունող հասարակությունների պատմական փորձառությամբ և քաղաքական միջավայրով։

Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության տարածաշրջանային համեմատությունը

Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության առանձնահատկություններն առավել հստակ են դրսևորվում Բալկանների և Այսրկովկասի համեմատությամբ։ Երկու տարածաշրջաններն էլ կարևոր նշանակություն ունեն Թուրքիայի արտաքին քաղաքականության համար, սակայն տարբերվում են պատմական ժառանգությամբ, հասարակական ընկալումներով և Անկարայի հետ քաղաքական հարաբերությունների բնույթով։ Այս տարբերությունները պայմանավորում են նաև թուրքական մշակութային դիվանագիտության կիրառվող մեխանիզմները։

Բալկաններում Թուրքիայի մշակութային դիվանագիտությունը հենվում է օսմանյան պատմական ժառանգության և տարածաշրջանի որոշ համայնքների հետ պահպանված լեզվամշակութային ու կրոնական կապերի վրա։ Բոսնիա և Հերցեգովինայում Յունուս Էմրեի ինստիտուտի «Tercihim Türkçe» («Իմ ընտրությունը թուրքերենն է») նախաձեռնությունը թուրքերենի ուսուցումը ներառում է տեղական հանրակրթական հաստատությունների կրթական ծրագրերում[17]։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս մշակութային ազդեցության գործիքները տեղափոխել առանձին միջոցառումների շրջանակից դեպի կրթական համակարգ՝ ստեղծելով երկարաժամկետ լեզվական և մասնագիտական կապեր։ Միաժամանակ, օսմանյան անցյալի վերաբերյալ Բալկանյան հասարակություններում առկա բազմազան և հաճախ հակասական ընկալումները սահմանափակում են թուրքական մշակութային դիվանագիտության քաղաքական արդյունավետությունը և «փափուկ ուժի» գործիքների ազդեցության ներուժը։

Այսրկովկասում ինստիտուտի գործունեությունը զարգանում է այլ քաղաքական միջավայրում։ Ադրբեջանում Թուրքիայի մշակութային ներկայությունը փոխկապակցված է ռազմավարական դաշնակցության, լեզվական մերձավորության և միասնական ինքնության գաղափարական շեշտադրումների հետ։ Այս համատեքստում Յունուս Էմրեի ինստիտուտի Բաքվի կենտրոնը իրականացնում է լեզվական, կրթական և մշակութային ծրագրեր։ Մասնավորապես, 2024 թ. մայիսի 31-ին կենտրոնում կազմակերպվել է Նոբելյան մրցանակակիր Ազիզ Սանջարի մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում ընդգծվել է ինստիտուտի նշանակությունը թյուրքական աշխարհի համար։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես են կրթամշակութային նախաձեռնությունները նպաստում Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հասարակական ու մշակութային կապերի ամրապնդմանը[18]։

Վրաստանում Թուրքիայի մշակութային դիվանագիտությունն իրականացվում է տնտեսական համագործակցության, կրթական հնարավորությունների և պատմականորեն բազմաշերտ հարաբերությունների պայմաններում։ Թբիլիսիում գործող Յունուս Էմրեի ինստիտուտի ծրագրերը ներառում են թուրքերենի ուսուցում և համագործակցություն տեղական կրթական հաստատությունների հետ։ Մասնավորապես, Թբիլիսիի թիվ 169 հանրային դպրոցի հետ «Tercihim Türkçe» ծրագրի շրջանակում համագործակցության արձանագրության ստորագրումը ցույց է տալիս, որ ինստիտուտը ձգտում է ընդլայնել իր ներկայությունը նաև վրացական կրթական համակարգի միջոցով[19]։ Միաժամանակ Վրաստանի, հատկապես Աջարիայի պատմական առանձնահատկությունները, մշակութային ազդեցության հարցը դարձնում են զգայուն՝ պահանջելով հաշվի առնել տեղական ինքնության և քաղաքական ինքնիշխանության գործոնները։

Համեմատությունը թույլ է տալիս առանձնացնել 3 տարբեր մոտեցում. Բոսնիա և Հերցեգովինայում առաջնային է կրթական համակարգի միջոցով լեզվամշակութային ներկայության ընդլայնումը, Ադրբեջանում՝ ռազմավարական դաշնակցության մշակութային հիմքերի ամրապնդումը, իսկ Վրաստանում՝ կրթական և տնտեսական հետաքրքրությունների հետ փոխկապակցված համագործակցությունը։ Հետևաբար Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության քաղաքական նշանակությունը որոշվում է ոչ միայն Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակներով, այլև ընդունող պետությունների պատմական փորձառությամբ, քաղաքական առաջնահերթություններով և հասարակական միջավայրով։

YEE-ի գործունեության աշխարհագրության քաղաքական առանձնահատկություններն արտահայտվում են նաև սահմանափակ միջազգային ճանաչում ունեցող պետական կազմավորումների պարագայում։ Միայն ԹՀ-ի կողմից ճանաչված, այսպես կոչված,  «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում» 2015 թ. դեկտեմբերին բացվել է ինստիտուտի 42-րդ մշակութային կենտրոնը՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ[20]։ Ի հակադրություն դրան՝ Աբխազիայում, որի անկախությունը ԹՀ-ն չի ճանաչում՝ աջակցելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը, YEE-ի պաշտոնական ներկայացուցչության առկայությունը հաստատող տվյալներ չեն հայտնաբերվել։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս ինստիտուտի աշխարհագրական ներկայությունը դիտարկել նաև ԹՀ դիվանագիտական ճանաչման քաղաքականության համատեքստում[21]։

Յունուս Էմրեի ինստիտուտի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ուղղությամբ

Հայաստանի ուղղությամբ Յունուս Էմրեի ինստիտուտի հնարավոր գործունեությունը պետք է դիտարկել Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության և հանրային դիվանագիտության ընդհանուր ռազմավարության համատեքստում։ Ի տարբերություն Բալկանների և Այսրկովկասի մյուս պետությունների՝ Հայաստանի պարագայում թուրքական մշակութային ազդեցության հնարավորությունները պայմանավորված են պատմաքաղաքական հակասություններով, Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությամբ և Անկարայի՝ Ադրբեջանի հետ ռազմավարական դաշնակցությամբ։ Այս հանգամանքները կրթամշակութային համագործակցությանը հաղորդում են քաղաքական և անվտանգային առանձնահատուկ նշանակություն։

Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը շարունակում է մերժել 1915 թ. իրադարձությունների՝ Հայոց ցեղասպանություն որակումը[22]։ Միաժամանակ ըստ հայկական կողմի պաշտոնական գնահատականի՝ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փոխկապակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ[23]։ Հետևաբար, Թուրքիայի պետական աջակցությամբ գործող մշակութային հաստատությունների գործունեությունը չի կարելի գնահատել երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկուսացված։ Թեև մշակութային ծրագրերը կարող են ներկայացվել որպես ապաքաղաքական համագործակցության միջոց, դրանց կազմակերպական և գաղափարական միջավայրը կարևոր նշանակություն ունի հնարավոր ազդեցությունը գնահատելիս։

Հայաստանում Յունուս Էմրեի ինստիտուտի գործող մշակութային կենտրոնի կամ անմիջականորեն իրականացված ծրագրերի վերաբերյալ հրապարակային հաստատված տվյալներ չեն հայտնաբերվել։ Սակայն ինստիտուտի գործունեության գնահատումը միայն սեփական ներկայացուցչությունների առկայությամբ սահմանափակելը մեթոդաբանական առումով բավարար չէ։ Անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գործընկեր կազմակերպությունների միջոցով իրականացվող հնարավոր անուղղակի գործունեությունը՝ պարզելու համար, թե արդյոք YEE-ի հետ համագործակցող կառույցները ծրագրեր են իրականացնում Հայաստանի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, նման կազմակերպությունների գործունեության փաստն ինքնին բավարար չէ ինստիտուտի ներգրավվածությունը հաստատելու համար։ Դրա ապացուցման նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել համագործակցության պայմանագրեր, ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տվյալներ կամ համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող պաշտոնական փաստաթղթեր։

Հնարավոր համագործակցության ուղղություններ կարող են լինել թուրքերենի ուսուցումը, թուրքագիտական հետազոտությունները, ակադեմիական փոխանակումները և մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։ Այդ գործընթացներում հայկական համալսարաններն ու հետազոտական հաստատությունները կարող են դիտարկվել որպես հնարավոր գործընկերներ, սակայն դրանց ներգրավվածությունը պետք է գնահատել կոնկրետ ծրագրերի բովանդակության և կազմակերպական պայմանների հիման վրա։

Հայաստանի համար առանձնահատուկ ռիսկ է ներկայացնում կրթական և մշակութային համագործակցության միջոցով Թուրքիայի պաշտոնական պատմաքաղաքական մեկնաբանությունների տարածման հնարավորությունը։ Այդ ազդեցությունը կարող է դրսևորվել ուսումնական նյութերի ընտրությամբ, պատմական իրադարձությունների ներկայացմամբ, մշակութային ժառանգության մեկնաբանությամբ և հետազոտական օրակարգերի ձևավորմամբ։ Առավել զգայուն են Հայոց ցեղասպանության, հայկական պատմամշակութային ժառանգության և տարածաշրջանի պատմական պատկանելության հարցերը։ Թուրքիայի պետական ժխտողական քաղաքականության պայմաններում այդ թեմաների շուրջ համագործակցությունը չի կարող դիտարկվել որպես քաղաքականապես չեզոք գործընթաց՝ առանց բովանդակության անկախ գնահատման։

Երկարաժամկետ ազդեցության մեկ այլ հնարավոր մեխանիզմ է կրթական և մասնագիտական կապերի միջոցով Թուրքիայի հետ սերտորեն առնչվող փորձագիտական շրջանակների ձևավորումը։ Թեև նման կապերն ինքնին չեն ենթադրում քաղաքական հավատարմություն, ֆինանսավորման, կրթական հնարավորությունների և մասնագիտական առաջխաղացման անհամաչափությունը կարող է ստեղծել կախվածության և հետազոտական օրակարգերի վրա արտաքին ներգործության ռիսկեր։ Հետևաբար անհրաժեշտ է գնահատել ոչ միայն ծրագրերի անմիջական արդյունքները, այլև դրանց ֆինանսավորման աղբյուրները, գործընկերային հարաբերությունների կառուցվածքը և երկարաժամկետ հետևանքները։

Այս պայմաններում Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի թուրքական հանրային դիվանագիտության հնարավոր նախաձեռնությունների նկատմամբ համակարգված հետազոտական և ինստիտուցիոնալ մոտեցման ձևավորումը։ Համագործակցության ցանկացած ձևաչափ պետք է հիմնվի ակադեմիական անկախության, ֆինանսավորման թափանցիկության, փոխադարձության և ազգային պատմամշակութային շահերի պաշտպանության սկզբունքների վրա։ Միաժամանակ անհրաժեշտ է զարգացնել Հայաստանի սեփական թուրքագիտական և տարածաշրջանագիտական հետազոտական կարողությունները՝ ապահովելով Թուրքիայի քաղաքականության ու հասարակության ուսումնասիրության անկախ մասնագիտական հիմքը։

Այսպիսով, Յունուս Էմրեի ինստիտուտի հնարավոր ազդեցությունը Հայաստանի ուղղությամբ պետք է գնահատել ոչ միայն անմիջական մշակութային ներկայության, այլև գործընկերային կապերի, կրթական նախաձեռնությունների և գաղափարական ներգործության հնարավոր մեխանիզմների տեսանկյունից։ Դրանց ուսումնասիրությունը կարևոր է Թուրքիայի հանրային դիվանագիտության իրական հնարավորությունները և Հայաստանի համար առաջացող քաղաքական ու անվտանգային ռիսկերը գնահատելու համար։

Եզրակացություն

Յունուս Էմրեի ինստիտուտի գործունեության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն Թուրքիայի հանրային դիվանագիտության ինստիտուցիոնալ համակարգի կարևոր բաղադրիչներից է։ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման տարիներին լեզվական, կրթական և մշակութային ծրագրերը ծառայել են ոչ միայն Թուրքիայի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, այլև արտաքին քաղաքական առաջնահերթությունների առաջմղմանը։ Բալկանների և Այսրկովկասի համեմատությունը ցույց է տալիս, որ այդ գործիքների ազդեցությունը պայմանավորված է ընդունող պետությունների պատմական, հասարակական և քաղաքական առանձնահատկություններով։

ՀՀ պարագայում թուրքական մշակութային դիվանագիտության հնարավոր ներգործությունը պետք է գնահատել Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականության, թուրք-ադրբեջանական դաշնակցության և տարածաշրջանային շահերի համատեքստում։ Թեև Հայաստանում YEE-ի անմիջական կամ գործընկերային գործունեության վերաբերյալ բավարար փաստական տվյալներ չեն հայտնաբերվել, հնարավոր անուղղակի ազդեցության մեխանիզմները պահանջում են հետագա ուսումնասիրություն։ Հայաստանի համար առաջնահերթ են թուրքական հանրային դիվանագիտության նախաձեռնությունների մշտադիտարկումը, ակադեմիական անկախության պահպանումը և սեփական թուրքագիտական հետազոտական կարողությունների զարգացումը։


[1] Արևելագետ, թուրքագետ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ։ Հետազոտում է Թուրքիայի մշակութային քաղաքականությունը, փափուկ ուժի գործիքները և հայ-թուրքական հարաբերությունները։

[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 25.11.2026 թ.։

[3] Nye Joseph S., Jr. Soft Power: The Means to Success in World Politics. New York: PublicAffairs, 2004, p.11։

[4] Ahmet Davutoğlu, “Turkey’s Foreign Policy Vision: An Assessment of 2007,” Insight Turkey 10, no. 1 (2008): 78-79։

[5] Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik: Türkiye’nin Uluslararası Konumu (İstanbul: Küre Yayınları, 2001), 65-75։

[6] Yunus Emre Vakfı Kanunu, Kanun No. 5653, kabul tarihi 05.05.2007, Resmî Gazete, 18.05.2007, Sayı 26526, madde 1։

[7] Ayhan Kaya and Ayşe Tecmen, The Role of Common Cultural Heritage in External Promotion of Modern Turkey: Yunus Emre Cultural Centres, İstanbul Bilgi University Working Paper Series, No. 4, 2011, p.13.

[8] Yunus Emre Vakfı Kanunu, Kanun No. 5653, madde 4 (սկզբնական խմբագրություն)։ Տե՛ս նաև Bazı Kanunlarda Değişiklik Yapılmasına Dair Kanun, Kanun No. 7063, kabul tarihi 06.12.2017, Resmî Gazete, 20.12.2017, Sayı 30276, madde 8։

[9] Ünalmış Ahmet Nafiz. “Yumuşak Gücün Tesis Edilmesinde Kültürel Diplomasinin Önemi ve Bir Uygulayıcı Olarak Yunus Emre Enstitüsü.” Bilig, no. 91, 2019, pp. 153-154։

[10] “YEE’de kan değişimi”, Mynet, 14.08.2026, https://haber.mynet.com/yee-de-kan-degisimi-110107306120 . Տե՛ս նաև Yunus Emre Enstitüsü, “Bilal Erdoğan’dan Beyrut Yunus Emre Türk Kültür Merkezimize Ziyaret”, 13.11.2026, https://www.yee.org.tr/en/medya (բեռնման օրը՝ 26.11.2026)։

[11] Türk İşbirliği ve Koordinasyon Ajansı Başkanlığı (TİKA). “TİKA ile Yunus Emre Enstitüsü Arasında Türkoloji Projesinin Devrine İlişkin Protokol İmzalandı”, 23.10.2011։

[12] Gün Ahmet Fethi. “Türk Dış Politikasında Kültürel Diplomasi Pratiği: Yunus Emre Enstitülerinin Kamu Diplomasisine Yönelik Faaliyetleri.” İletişim ve Diplomasi, no. 11, 2023, p.159։

[13] Okumuş Saadet and Sinem Çelik. “Kamu Diplomasisi Tekniği Olarak Kültürel Diplomasi: Yunus Emre Enstitüsü Örneği.” Kültür Araştırmaları Dergisi, no. 21, 2024, pp.156-157։

[14] Yavuz M. Hakan. Nostalgia for the Empire: The Politics of Neo-Ottomanism. Oxford: Oxford University Press, 2020, chapter 6, pp. 144-178։

[15] Yunus Emre Enstitüsü, 2025 Faaliyet Raporu, “Bütçe Kapasitesi”, s. 131. https://yee.org.tr/api/v1/media/file/ 63850  (բեռնման օրը՝ 19.11.2026).

[16] Türkiye Maarif Vakfına Kaynak Aktarılması Hakkında Karar, Cumhurbaşkanı Kararı No. 9838, 20.05.2025, Resmî Gazete, 21.05.2025, Sayı 32906, madde 2.

[17] Yunus Emre Enstitüsü, Tercihim Türkçe Projesi, https://yee.org.tr/tr/turkce-ogretimi/tercihim-turkce (բեռնման օրը՝ 19.11.2026).

[18] Yunus Emre Enstitüsü. 2024 Yılı Faaliyet Raporu, s. 120. “Aziz Sancar ile Söyleşi Programı (31.05.2024), Bakü”. https://www.yee.org.tr/tr/hakkimizda/faaliyet-raporlari (բեռնման օրը՝ 17.11.2026).

[19] Yunus Emre Enstitüsü, Tiflis Yunus Emre Enstitüsü ile Tiflis 169. Devlet Okulu Arasında “Tercihim Türkçe” Projesi Protokolü İmzalandı, 2024։ https://yee.org.tr/es/haberler/tiflis-yunus-emre-enstitusu-ile-tiflis-169-devlet-okulu-arasinda-tercihim-turkce-projesi-protokolu-imzalandi (բեռնման օրը՝ 19.11.2026).

[20] Yunus Emre Enstitüsü, “Lefkoşa Merkezimiz Başbakanımızın Teşrifleriyle Açıldı”, 02.12.2015, https://yee.org.tr/hr/haberler/lefkosa-merkezimiz-basbakanimizin-tesrifleriyle-acildi?utm (բեռնման օրը՝ 26.11.2026)։

[21] T.C. Dışişleri Bakanlığı, “Türkiye-Gürcistan-Azerbaycan Dışişleri Bakanları Üçlü Toplantısı Sonrasında Düzenlenen Ortak Basın Toplantısı”, 19.02.2016, https://www.mfa.gov.tr/turkiye-gurcistan-azerbaycan-disisleri-bakanlari-uclu-toplantisi-sonrasinda-duzenlenen-ortak-basin-toplantisi_-19-subat-2016_-ti.tr.mfa (բեռնման օրը՝ 26.11.2026).

[22] Republic of Türkiye, Ministry of Foreign Affairs, “The Events of 1915 and the Turkish-Armenian Controversy over History: An Overview”, https://www.mfa.gov.tr/the-events-of-1915-and-the-turkish-armenian-controversy-over-history_-an-overview.en.mfa (բեռնման օրը՝ 23.11.2026).

[23] ՀՀ արտաքին գործերի նախարարություն, «ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին», 21.01.2026, https://www.mfa.am/hy/speeches/2026/01/21/Mirzoyan_Parliament/13733 (բեռնման օրը՝ 17.11.2026):