Մերձավոր Արևելք

Պաղեստինում Անկարայի «փափուկ ուժի» քաղաքականության որոշ դրսևորումների վերաբերյալ

Պաղեստինում Անկարայի «փափուկ ուժի» քաղաքականության որոշ դրսևորումների վերաբերյալ
2 դիտում

Արեստակես Ս. Սիմավորյան[1]

Փորձագետի տեսակետ 21.09.2026 թ.[2]

 

Մերձավորարևելյան տարածաշրջանում ԹՀ արտաքին քաղաքականության վերափոխումը XXI դարի առաջին երկու տասնամյակներում սերտորեն կապված է «փափուկ ուժի» ակտիվացման հետ: Ջոզեֆ Նայի կողմից շրջանառության մեջ դրված «փափուկ ուժի» հայեցակարգը Թուրքիայում ստացավ յուրահատուկ ընկալում, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (AKP) իշխանության գալով՝ արտաքին քաղաքականությունում առաջ մղվեց Ա. Դավութօղլուի «Ռազմավարական խորություն» և «Հարևանների հետ զրո խնդիր» դոկտրինները:

Պաղեստինյան հիմնախնդիրն Անկարայի համար դարձավ ոչ միայն «բարոյական ու իսլամական համերաշխության հարց», այլև աշխարհաքաղաքական առանցքային լծակ՝ արաբական և ընդհանրապես իսլամական աշխարհում առաջնորդի կարգավիճակ ստանձնելու համար: Անկարան ձգտեց Պաղեստինում իր ներկայությունն ու ազդեցությունը մեծացնել ոչ թե ռազմական կամ ուղղակի ճնշման գործիքներով, այլ ինստիտուցիոնալ մարդասիրական օգնության, պատմամշակութային ժառանգության վերականգնման և կրթական ռեսուրսների համադրման միջոցով:

Ինստիտուցիոնալ աջակցություն

Անկարայի «փափուկ ուժի» ամենատեսանելի և նյութականացված դրսևորումը պետական մասնագիտացված գործակալությունների միջոցով իրականացվող զարգացման և մարդասիրական ծրագրերն են: Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալությունը (այսուհետ՝ TİKA) Պաղեստինի տարածքում՝ ինչպես Հորդանան գետի Արևմտյան ափում, այնպես էլ Գազայի հատվածում, իրականացնում է հարյուրավոր ենթակառուցվածքային, առողջապահական և կրթական նախագծեր: Գազայում Թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի կառուցումը, ջրամատակարարման համակարգերի բարելավումը, գյուղատնտեսական աջակցությունը և Աղետների կառավարման թուրքական գործակալության (AFAD) ու Կարմիր մահիկի միջոցով մշտապես տրամադրվող արտակարգ օգնությունը Թուրքիայի համար ձևավորում են «հուսալի և հոգատար դաշնակցի» ընկալում պաղեստինցիների շրջանում: Նման ներկայությունը Անկարային թույլ է տալիս ուղղակիորեն ազդել պաղեստինյան հասարակության սոցիալական կյանքի վրա՝ ամրապնդելով համակրանքը թուրքական պետության հանդեպ[3]:

TİKA-ն 2005 թ.-ից իր գրասենյակն ունի Պաղեստինում (գտնվում է Ռամալլահում): 2005–2018 թթ. իր այդ գրասենյակի միջոցով հիշյալ հաստատությունը մինչ օրս իրականացրել է 543 նախագիծ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ջրամատակարարումը և հանրային առողջապահությունը, գյուղատնտեսական ոլորտը և վարչական ու քաղաքացիական ենթակառուցվածքների ամրապնդումը[4]։ Գործակալությունը, մասնավորապես, ներդրումներ է իրականացրել ջրամատակարարման ցանցերի և էլեկտրական ենթակայանների ոլորտում, հիմնել գյուղատնտեսական տնտեսությունների և տեխնիկական վերազինումներ է կատարել Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայի հատվածում: Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին, ապա խոշորագույն նախագծերից է համարվում Գազայում Թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի կառուցումը, որը դարձել է տարածաշրջանի ամենախոշոր բժշկական կենտրոններից մեկը:

Մյուս կողմից՝ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD) և թուրքական Կարմիր մահիկը ռազմական էսկալացիաների և ճգնաժամերի ընթացքում ապահովում են շտապ հումանիտար օգնության, սննդի, դեղորայքի և ժամանակավոր կացարանների մատակարարում[5]:

Թուրքիայի «փափուկ ուժի» մյուս կարևոր ուղղությունն, այսպես կոչված, «հավաքական հիշողության և մշակութային ընդհանրությունների» վրա հիմնված քաղաքականությունն է: 1516–1917 թթ. օսմանյան պատմական ներկայությունն Անկարայի համար ծառայում է իբրև քաղաքական վստահության և ազդեցության աղբյուր: Այսպես, TİKA-ի միջոցով ֆինանսավորվում են Արևելյան Երուսաղեմում (Հին քաղաքում) գտնվող օսմանյան ճարտարապետական կոթողների, մզկիթների, բարեգործական ճաշարանների և բնակելի շինությունների վերականգնողական աշխատանքները: Սա, կարելի է ասել, միայն մշակութային քաղաքականություն չէ, այլև Ալ-Աքսա մզկիթի և Երուսաղեմի իսլամական պատկանելության «պաշտպանի» դերի ստանձնման փորձ:

Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունում առանցքային տեղ է զբաղեցնում նաև կրթական ու մշակութային դիվանագիտությունը, իսկ դրա գլխավոր ինստիտուցիոնալ գործիքներից մեկը «Յունուս Էմրե» ինստիտուտն է[6]։ 2007 թ. հիմնադրված և աշխարհի տասնյակ երկրներում մասնաճյուղեր ունեցող այս կառույցը Պաղեստինում, մասնավորապես՝ Երուսաղեմում, իրականացնում է նպատակային հանրային դիվանագիտություն։ Կենտրոնի կողմից կազմակերպվող թուրքերենի ուսուցման ծրագրերը նպատակ ունեն ոչ միայն լեզվական գիտելիքներ փոխանցել, այլև կարևորագույն հարթակ են ծառայում Թուրքիայի պատմության, քաղաքականության լոբբինգի, Թուրքիայի դրական իմիջի ձևավորման և դրա տարածման համար: Իսկ ահա լեզվի տիրապետումը պաղեստինցի երիտասարդների համար ճանապարհ է բացում թուրքական համալսարաններ («Türkiye Bursları» ծրագրի միջոցով)՝ խթանելով թուրքամետ կրթական էլիտաներ ձևավորումը:

Հատկանշական է, որ 2012 թվականից իրագործվող «Թուրքիայի կրթաթոշակներ» ծրագիրն համակարգում և իրականացնում է Թուրքիայի՝ Արտերկրում բնակվող թուրքերի և ազգակից համայնքների վարչության (YTB) կողմից, որը նաև հոգում է Թուրքիայի տարբեր համալսարաններում սովորող պաղեստինցիների կրթական և սոցիալական ծախսերը։ Ուշագրավ է նաև, որ 2026 թ. հունիսին՝ Արտերկրում բնակվող թուրքերի և ազգակից համայնքների վարչության և թուրքական «Բայքար» պաշտպանական ընկերության միջև ստորագրվել է «Պաղեստինյան համատեղ կրթաթոշակային ծրագրի» համագործակցության հուշագիր[7]։ 2026 թ. այս ծրագրից կօգտվեն 200 պաղեստինցի ուսանող՝ 160-ը բակալավրիատի, 30 մագիստրատուրայի և 10-ը դոկտորանտուրայի համար։ «Բայքար» ընկերությունը հոգալու է նաև կրթաթոշակների, կացության, երկկողմանի ավիատոմսերի և նախագծերի հետ կապված բոլոր ծախսերը, որոնք ուսանողներին անհրաժեշտ կլինեն ուսման ողջ ընթացքում։

«Բայքարը», որը հայտնի է «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությամբ, լինելով զուտ ռազմարդյունաբերական ընկերություն, ըստ էության, այժմ ստանձնել է «սոցիալական պատասխանատվության» ու արտաքին քաղաքականության դերակատարի գործառույթ։ Սա վկայում է նաև այն մասին, որ թուրքական ռազմարդյունաբերական համալիրի և պետական՝ իր բնույթով ոչ պաշտպանական-անվտանգային համարվող կառույցի՝ YTB-ի միջև ընթանում է սերտ ինտեգրում։ Ակնհայտ է, որ այս, և նաև «Տեխնոլոգիական կրթաթոշակային ծրագրով» «Բայքարն» իր շուրջն է հավաքում տարբեր երկրների ինժեներական ոլորտի տաղանդներին, ինչը երկարաժամկետ կտրվածքով կարող է նպաստել ընկերության կողմից միջազգային որակյալ մասնագետների ներգրավմանը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան իր պաշտոնական կառույցների (TİKA, Կարմիր մահիկ) միջոցով, 2005-2017 թթ. տասնյակ միլիոնավոր դոլարների (միայն TİKA-ն և Կարմիր մահիկը միասին՝ ավելի քան $150-200 միլիոն[8]) ներդրումներ ու հումանիտար օգնություն է տրամադրել Պաղեստինին:

Քաղաքական համատեքստը

Պաղեստինյան տարածքներում և հատկապես Սուրբ Քաղաքում թուրքական ներկայության ընդլայնումը հնարավոր չէ դիտարկել տարածաշրջանի այլ դերակատարներ տեղաշարժից անջատ, քանի որ այն ուղղակիորեն բախվում, փոխլրացնում կամ մրցակցում է Իսրայելի անվտանգային քաղաքականության և Իրանի «Դիմադրության առանցքի» օրակարգի հետ:

Անկարան, այսպես կոչված «նեոօսմանիզմի» և պանիսլամիզմի գաղափարական հենքի վրա կառուցվող այս քաղաքականությամբ ամենից առաջ նպատակ ունի իրեն դիրքավորել իբրև պաղեստինցիների և իսլամական սրբավայրերի բնական ու միակ հովանավոր: Թուրքերենի տարածմամբ Անկարան ձևավորում է թուրքամետ տեղական էլիտաներ և հանրային լայն շերտեր՝ ստեղծելով ազդեցության անտեսանելի, բայց խորքային հենարան:

Բնականաբար այս գործընթացը խորապես մտահոգում է Թել Ավիվին, որի համար Երուսաղեմում թուրքական հաստատությունների ակտիվությունը դիտվում է որպես սպառնալիք իր ինքնիշխանությանը և ընդհանրապես՝ անվտանգային ռիսկ: Իսրայելական քաղաքական վերնախավը հասկանում է, որ «փափուկ ուժի» քողի տակ Անկարան ստեղծում է լծակներ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման պահերին Արևելյան Երուսաղեմի բնակչությանը մոբիլիզացնելու և Թել Ավիվի վրա քաղաքական ու դիվանագիտական ճնշում գործադրելու համար:

2018 թ. Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը անգամ մշակեց Արևելյան Երուսաղեմում և Սամարիայում, ինչպես նաև Գազայում գործող TİKA-ի դեմ ձեռնարկվելիք հնարավոր միջոցառումների ցանկ՝ կապված այն մտավախությունների հետ, որ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը փորձում է մեծացնել իր իշխանությունը Երուսաղեմում։ Իսրայելի հետախուզության պաշտոնյաները կարծում են, որ Իսլամական շարժման պաշտոնյաները հյուրընկալվել են TİKA-ի գրասենյակներում, և որի աշխատակիցները միջոցներ և տեղեկատվություն են փոխանցել ՀԱՄԱՍ-ին[9]։

Այդ նույն ժամանակահատվածում Սաուդյան Արաբիան, Հորդանանը և Պաղեստինը առանձին առիթներով զգուշացրել են Իսրայելին՝ Արևելյան Երուսաղեմում Թուրքիայի ազդեցության աճի մասին։ Երեք արաբական երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն Իսրայելին հայտնել են, որ Թուրքիան «ընդլայնում է իր ազդեցությունը Երուսաղեմի արաբական թաղամասերում», ինչը, նրանց խոսքով, Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի կողմից «Երուսաղեմի հարցի նկատմամբ սեփականության իրավունքը պահանջելու» փորձի  մի մասն է[10]։

Սակայն Գազայում բռնկված ռազմական գործողություններից հետո Թուրքիայի «փափուկ ուժի» նկատմամբ վերաբերմունքը էապես փոխվել է։ Եթե մինչ Գազայի իրադարձությունները Իսրայելը, Հորդանանը և Սաուդյան Արաբիան ձևավորել էին լռելյայն «հակաթուրքական դաշինք»՝ Երուսաղեմում Անկարայի ազդեցությունը սահմանափակելու համար, ապա այսօր Իսրայելի համար Թուրքիան վերջնականապես անցել է «թշնամական դերակատարների» ճամբար։ Թուրքիայի նախագահի կոշտ հռետորաբանությունը, ՀԱՄԱՍ-ին որպես «ազատագրական շարժում» որակելը և Իսրայելի հետ առևտրային կապերի խզումը ստիպեցին Իսրայելին զրոյացնել թուրքական «փափուկ ուժի» նկատմամբ նախկին հանդուրժողականության մնացորդները։ Իսրայելն այժմ գործնականում արգելափակել է թուրքական հումանիտար և մշակութային կազմակերպությունների (ներառյալ TİKA-ի) որևէ ակտիվություն Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին։ Թուրքիային ամբողջությամբ մեկուսացրել են նաև Գազայի հետպատերազմյան վերականգնման քննարկումներից։

Մյուս կողմից, Թուրքիայի այս քաղաքականությունը իրականացվում է Իրանի հետ ծավալվող տարածաշրջանային լուրջ մրցակցության ֆոնին: Թեև Թեհրանը և Անկարան հռետորաբանության մակարդակում որդեգրել են խիստ հակաիսրայելական դիրքորոշում, այնուամենայնիվ, նրանք առաջնորդվում են պաղեստինյան հիմնախնդրի լիովին տարբեր տեսլականներով: Թեհրանը սեփական ազդեցությունը տարածում է «կոշտ ուժի», ռազմականացված խմբավորումների ֆինանսավորման և «Դիմադրության առանցքի» միջոցով: Թուրքիան, հասկանալով իրանական մոդելի դիմադրությունը չափավոր արաբական և սուննի աշխարհում՝ առաջարկում է այլընտրանքային՝ «ինստիտուցիոնալ-մշակութային» մոդել: Օգտագործելով «փափուկ ուժի» իր գործիքակազմը՝ Անկարան փորձում է փաստացի դուրս մղել իրանական ազդեցությունը պաղեստինյան հանրույթից:

Որպես վերջաբան նշենք, որ չնայած տարածաշրջանի աշխարհաքաղաքական խոչընդոտներին և այլ դերակատարների հետ մրցակցությանը, պաղեստինյան վեկտորը մնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության և իսլամական աշխարհում առաջնորդության հավակնությունների իրագործման առանցքային ուղղություններից մեկը: Փաստացի, Անկարան «փափուկ ուժը» ծառայեցնում է իր երկարաժամկետ ռազմավարական նպատակներին. մի կողմից փորձում է զսպել Իրանի գաղափարախոսական առաջխաղացումը, ինչպես նաև սահմանափակել իսլամական այլ երկրների քաղաքական և կրոնական ազդեցությունը, մյուս կողմից՝ մարտահրավեր է նետում Իսրայելի անվտանգային ճարտարապետությանը:

Արդյունքում, պաղեստինյան տարածքներում և, մասնավորապես, Արևելյան Երուսաղեմում մշակութային ու կրթական նախագծերի իրականացումը վերածվում է երկարաժամկետ հիբրիդային մրցակցության։ Անկարան, դեռևս հմտորեն օգտագործելով կրոնական համերաշխությունը և հանրային դիվանագիտության ժամանակակից գործիքակազմը, փորձելու է վերաձևակերպել Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական քարտեզը՝ սեփական դիրքերն ամրապնդելով դեռևս լեզվի և մշակութային գերակայության հաստատման միջոցով։ Կարծում ենք, դեռևս վաղ է խոսել «կոշտ ուժի» կիրառման մասին։ Սակայն, ընդհանուր առմամբ, առաջիկայում պաղեստինյան ուղղությունը Անկարայի համար շարունակելու է ծառայել իբրև տարածաշրջանային հավակնությունների, Իսրայելի անվտանգային զսպումների և Իրանի հետ գաղափարական մրցակցության առանցքային հանգույցներից մեկը։

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Անկարայի դեմ հավանական հակազդեցության համատեքստում Թել Ավիվը, թերևս, կնախընտրի կետային վերահսկողության և վարչաիրավական լծակների կիրառումը՝ նպատակ ունենալով կանխել Անկարայի «փափուկ ուժի» վերածումը կոշտ ներկայության։


[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 22.08.2026 թ.-ին:

[3] Ciftci, S. (2021). Soft power, domestic dividends, and Turkish foreign policy. Inter-State and Intra-State Conflicts in Global Politics: From Eurasia to China, 89-106.

[4] Filistin ‘Türk tipi kalkınma modelinin’ öncüsü TİKA ile kalkınıyor. Anadolu ajansı, 22․02․2026,
https://www.aa.com.tr/tr/dunya/filistin-turk-tipi-kalkinma-modelinin-oncusu-tika-ile-kalkiniyor-/1210550 (բեռնման օրը՝ 14.09․2026)․

[5] Turkey dispatches AFAD experts, heavy equipment to Gaza for relief efforts․ Middle East Monitor, 16.10.2025,
https://www.middleeastmonitor.com/20251016-turkey-dispatches-afad-experts-heavy-equipment-to-gaza-for-relief-efforts/ (բեռնման օրը՝ 14.09․2026)․

[6] Kudüs Yunus Emre Enstitüsünde Türkçe Kursları Başlıyor! Yunus Emre Enstitüsü. https://filistin.yee.org.tr/tr/duyurular/kudus-yunus-emre-enstitusunde-turkce-kurslari-basliyor (բեռնման օրը՝ 15.09․2026)․

[7] Baykar’dan Filistinli Öğrencilere Eğitim Desteği․ YTB. 19.06.2026.
https://ytb.gov.tr/haberler/baykardan-filistinli-ogrencilere-egitim-destegi (բեռնման օրը՝ 15.09․2026)․

[8] Sarı Ertem, H. (2019). Filistin’in Sosyo-Ekonomik Sıkıntılarının Giderilmesinde Türkiye’nin İmkân ve Sınırları.
Türkiye Ortadoğu Çalışmaları Dergisi, 6(1), 133-168.
https://doi.org/10.26513/tocd.561068 (բեռնման օրը՝ 15.09․2026)․

[9] Israel weighs measures to counter growing Turkish influence in Jerusalem․ JNS, 08․07․2018,
https://www.jns.org/israel-weighs-measures-to-restrict-turkish-influence-in-jerusalem (բեռնման օրը՝ 15.09․2026)․

[10] Jordan, Palestine and Saudi Arabia warn Israel against Turkey․ Al Jazeera, 28.06.2018,
https://www.aljazeera.com/news/2018/6/28/jordan-palestine-and-saudi-arabia-warn-israel-against-turkey (բեռնման օրը՝ 15.09․2026)․