Սահմանակից երկրներ

Խառնամուսնությունները ժամանակակից Թուրքիայի հայ համայնքում

Խառնամուսնությունները ժամանակակից Թուրքիայի հայ համայնքում
11 դիտում

Mixed marriages in the Armenian community of contemporary Turkey

Krtikashyan M G.

Abstract

The article examines the factors contributing to the spread of mixed marriages in the Armenian community of contemporary Turkey and their impact on the preservation of the Armenian identity. It addresses demographic and generational changes, the specific features of Armenian-Turkish marriages, as well as issues of historical memory and community belonging. The study is based on scholarly literature, media sources, and interviews conducted by the author with representatives of Istanbul’s Armenian community. The analysis shows that mixed marriages cannot in themselves be regarded as a direct cause of assimilation, but also reflect broader demographic and social changes within the community. Their long-term impact depends on the community’s capacity to ensure the intergenerational continuity of Armenian identity.

 

Смешанные браки в армянской общине современной Турции

Кртикашян М Г.

Аннотация

В статье исследуются предпосылки распространения смешанных браков в армянской общине современной Турции и их влияние на сохранение армянской идентичности. Рассматриваются демографические и поколенческие изменения, особенности армяно-турецких браков, а также вопросы исторической памяти и общинной принадлежности. Исследование основано на научной литературе, материалах СМИ и интервью, проведенных автором с представителями армянской общины Стамбула. Анализ показывает, что смешанные браки сами по себе не могут рассматриваться как непосредственная причина ассимиляции, являясь отражением происходящих в общине демографических и социальных изменений. Их долгосрочное влияние зависит от способности общины обеспечивать межпоколенческую преемственность армянской идентичности.

 

Մարգարիտա Գ. Կրտիկաշյան[1]

Խառնամուսնությունները ժամանակակից Թուրքիայի հայ համայնքում[2]

Խառնամուսնությունների պատմական նախադրյալները

Ժամանակակից Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների երևույթը հնարավոր չէ դիտարկել միայն որպես անհատական ընտրության կամ ընտանեկան հարաբերությունների հարց։ Դրա ներկայիս դրսևորումները ձևավորվել են պատմական երկարատև գործոնների ազդեցությամբ՝ Օսմանյան կայսրության կրոնահամայնքային կառուցվածքից մինչև Հայոց ցեղասպանություն, հետցեղասպանական հասարակության վերակազմավորում և հանրապետական Թուրքիայի պայմաններում հայկական համայնքի աստիճանական վերափոխում։ Հետևաբար՝ խառնամուսնությունների խնդիրը միաժամանակ ժողովրդագրական, սոցիալական և ինքնութենական բնույթ ունի. այն առնչվում է ոչ միայն ամուսնական զուգընկերոջ ընտրությանը, այլև փոքրաթիվ համայնքում լեզվի, կրոնի, պատմական հիշողության և հայկական պատկանելության միջսերնդային փոխանցմանը։

Օսմանյան հասարակությունում կրոնական պատկանելությունը հասարակական կազմակերպման կարևոր սահմանագիծ էր, որն իր արտահայտությունն ուներ նաև ամուսնության հարցում։ Մուսուլման տղամարդուն թույլատրվում էր ամուսնանալ քրիստոնյա կնոջ հետ, մինչդեռ քրիստոնյա տղամարդու և մուսուլման կնոջ ամուսնությունն արգելված էր։ 1926 թ. ընդունված քաղաքացիական օրենսգիրքն իրավական առումով փոխեց այդ դրությունը՝ միջկրոնական ամուսնությունն օրինական դարձնելով Թուրքիայի քաղաքացիների համար՝ անկախ սեռից։ Սակայն իրավական փոփոխությունն ինքնաբերաբար չվերացրեց դարերով ձևավորված սոցիալական սահմանները։ Հայկական ընտանիքը և ընտանեկան միջավայրը շարունակում էին մնալ հայկական ինքնության վերարտադրության կարևոր տարածք, որտեղ պահպանվում և փոխանցվում էին լեզուն, կրոնական և եկեղեցական պատկանելությունը, հիշողությունը, սոցիալականացման ձևերը և ներհամայնքային ամուսնության ավանդույթը։ Թուրք հետազոտող Էքմեքչիօղլուն նշում է նաև, որ իրավական սահմանափակումների վերացումից հետո էլ էնդոգամիան Թուրքիայի հայերի շրջանում շարունակել է մնալ գերակշռող նորմերից մեկը։

1915 թ. Հայոց ցեղասպանությունը արմատապես խզեց հայկական ընտանիքի և համայնքային կյանքի բնական զարգացումը։ Զանգվածային սպանություններին ու տեղահանություններին զուգահեռ հայ կանանց և երեխաների առևանգումը, բռնի իսլամացումը և մուսուլմանական ընտանիքներում նրանց ներառումը դարձան հայկական բնակչության կազմաքանդման գործընթացի բաղադրիչներից։

Հետևաբար՝ ժամանակակից խառնամուսնությունների ուսումնասիրության տեսանկյունից սկզբունքային է տարբերակել կամավոր միջէթնիկ կամ միջկրոնական ամուսնությունը ցեղասպանության տարիներին բռնության և հարկադրանքի պայմաններում ձևավորված ընտանեկան կապերից։ Վերջիններիս դեպքում խոսքը ազատ սոցիալական ընտրության մասին չէր,։

Ցեղասպանությունից հետո խնդիրը միայն հայ բնակչության թվաքանակի կտրուկ նվազումը չէր։ Խաթարվել էր համայնքի սոցիալական վերարտադրության ամբողջ համակարգը՝ մասնատվել էին ընտանիքները, մեծաթիվ երեխաներ որբացել էին, հազարավոր մարդիկ դարձել էին գաղթականներ, իսկ հայկական բնակավայրերի զգալի մասը զրկվել էր նախկին ժողովրդագրական հիմքից։ Այս պայմաններում ընտանիքի վերականգնումը ձեռք էր բերում նաև համայնքային նշանակություն։ Հետցեղասպանական հայկական միջավայրում ամուսնությունը երբեմն ուղղակիորեն կապվում էր հայության կենսաբանական և սոցիալական շարունակականության հետ։ Փրկված և որբացած կանանց ամուսնությունը ևս կարող էր ընկալվել ազգի վերականգնման համատեքստում, իսկ ընտանիքի ստեղծումը՝ որպես ցեղասպանությունից հետո հայկական կյանքի շարունակության միջոց։ Ժամանակաշրջանի հայկական սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը ևս վկայում է, որ հետցեղասպանական շրջանում ամուսնությունը, ընտանիքը և ազգային վերարտադրության գաղափարը սերտորեն փոխկապակցված էին։

Թուրքիայի Հանրապետության ստեղծումից հետո համայնքի աշխարհագրական և ինստիտուցիոնալ պատկերը շարունակեց փոփոխվել։ Առանձնապես կարևոր էր գավառներում հայկական կազմակերպված կյանքի աստիճանական թուլացումը և հայ բնակչության շարունակական տեղաշարժը դեպի Ստամբուլ։ Հետազոտող Թալին Սուջյանը նշում է, որ 1923 թ. հաջորդած ժամանակաշրջանում գավառներից հայերի շարունակվող տեղաշարժին զուգահեռ քայքայվում էր նաև այնտեղ գոյություն ունեցող հայկական ինստիտուցիոնալ և հասարակական կյանքը. փակվում էին դպրոցները, երգչախմբերը, որբանոցները, եկեղեցիները, վանքերն ու այլ հաստատություններ։ Այս գործընթացների հետևանքով, ըստ հեղինակի, Թուրքիայում հայկական համայնքային կյանքը գնալով կենտրոնանում էր Ստամբուլում՝ համայնքը դարձնելով առավել խոցելի։ Այս գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև խառնամուսնությունների հետագա ուսումնասիրության համար. տարածքային և ինստիտուցիոնալ հենարանների կորստի պայմաններում ընտանիքն առավել մեծ նշանակություն էր ստանում որպես համայնքային շարունակականության և ինքնության փոխանցման միջավայր։

Հետցեղասպանական Թուրքիայի հայության պատմությունն ունի նաև մեկ այլ՝ տասնամյակներ շարունակ հանրային խոսույթից դուրս մնացած շերտ։ Ցեղասպանության տարիներին բռնի իսլամացված հայ կանանց և երեխաների ժառանգների մի մասը հետագա տասնամյակներում շարունակել է ապրել մուսուլմանական ընտանիքներում՝ երբեմն չիմանալով, երբեմն էլ ընտանեկան գաղտնիքի մակարդակում պահպանելով իր հայկական ծագման մասին հիշողությունը։ Այշե Գյուլ Ալթընայի և Ֆեթհիյե Չեթինի ուսումնասիրությունը բացահայտում է հենց այդ լռեցված ընտանեկան պատմությունների նշանակությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է հայկական ծագման մասին ընտանեկան հիշողությունը հետագա սերունդների համար վերածվել սեփական ինքնության վերաիմաստավորման խնդրի։ Այս շերտի ներառումը կարևոր է նաև խառնամուսնությունների թեմայի համար, քանի որ ցույց է տալիս, որ ժամանակակից Թուրքիայում հայկական ինքնության սահմանները միշտ չէ, որ համընկնում են Ստամբուլի տեսանելի և կազմակերպված քրիստոնյա հայ համայնքի սահմանների հետ։

20-րդ դարի երկրորդ կեսից և, առավել նկատելիորեն՝ վերջին տասնամյակներում համայնքային հարաբերական փակությունը աստիճանաբար թուլացել է։ Ընդհանուր կրթական և մասնագիտական միջավայրում ինտեգրումը, առօրյա շփումների ընդլայնումը, արտագաղթը և համայնքի ժողովրդագրական փոքրացումը փոխել են նաև ամուսնական ընտրության սոցիալական միջավայրը։ Թուրքիայի հայերի ժամանակակից խնդիրներին նվիրված ուսումնասիրություններում ինքնության, համայնքային հաստատությունների, կրթության, քաղաքացիության և համայնքի շարունակականության հարցերը դիտարկվում են փոխկապակցված հարթության վրա։

Այս պայմաններում խառնամուսնությունն աստիճանաբար դառնում է ոչ թե եզակի դեպք, այլ համայնքի սոցիալական իրականության մաս։ Սակայն դրա տարածումը չի վերացնում ինքնության խնդիրը, այլ փոխում է հարցադրման բնույթը. եթե նախկինում առաջնային էր համայնքից դուրս ամուսնանալու փաստը, ապա այժմ ավելի էական է դառնում, թե այդ ընտանիքում ինչպիսի ինքնություն է փոխանցվում հաջորդ սերնդին։

Ժամանակակից Թուրքիայի հայ համայնքը

Ժամանակակից Թուրքիայի հայ համայնքի ժողովրդագրական վիճակը խառնամուսնությունների տարածման համար ձևավորում է օբյեկտիվ սոցիալական միջավայր։ Փոքրաթիվ համայնքի պայմաններում ներհամայնքային ամուսնական ընտրության շրջանակն ինքնին սահմանափակ է, մինչդեռ երիտասարդ սերնդի կրթական, մասնագիտական և առօրյա շփումները վաղուց դուրս են եկել միայն հայկական համայնքային միջավայրի սահմաններից։ Հետևաբար՝ խառնամուսնությունների աճը բացառապես ավանդական արժեքների թուլացմամբ կամ անհատական ընտրության փոփոխությամբ բացատրելը խնդրի պարզեցում կլինի։ Այն պետք է դիտարկել նաև համայնքի ժողովրդագրական փոքրացման, տարածական կենտրոնացման և թուրքական հասարակության մեջ սոցիալական ինտեգրման համատեքստում։

Ժողովրդագրական խնդրի իրական ծավալը տեսանելի է հայկական կրթական համակարգում։ 2025-26 ուսումնական տարում Թուրքիայի հայկական դպրոցներում սովորում է 2686 աշակերտ՝ նախորդ տարվա 2695-ի դիմաց։ Նրանցից 2088-ը սովորում է մանկապարտեզներում, տարրական և միջին դպրոցներում, իսկ 598-ը՝ ավագ դպրոցներում։ Նույն ուսումնական տարում հայկական դպրոցներ ընդունվել է 421 նոր աշակերտ։ Այս թվերը կարևոր են ոչ միայն դպրոցների ապագայի տեսանկյունից։ Դրանք ցույց են տալիս այն ժողովրդագրական բազայի սահմանափակությունը, որի շրջանակում պետք է ապահովվի համայնքի հետագա վերարտադրությունը։

Այս պայմաններում ընտանիքը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Փոքրաթիվ համայնքի համար ամուսնությունը միայն երկու անձանց մասնավոր ընտրություն չէ. ընտանիքում է որոշվում, թե հաջորդ սերունդը որքանով է շարունակելու կապը ազգային լեզվի, կրոնի, կրթության և համայնքային կյանքի հետ։ Հետևաբար՝ խառնամուսնության երկարաժամկետ ազդեցությունը նպատակահարմար չէ գնահատել միայն ամուսնացող անձանց ազգային պատկանելությամբ։ Ավելի կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում հաջորդ սերնդում` երեխան խոսո՞ւմ է հայերեն, հաճախո՞ւմ է հայկական դպրոց, մկրտվո՞ւմ է հայկական եկեղեցում, մասնակցո՞ւմ է համայնքային կյանքին և ինչպե՞ս է ձևակերպում սեփական ինքնությունը։

Այս տեսանկյունից խառնամուսնությունը և ձուլումը նույնական երևույթներ համարել հնարավոր չէ։ Խառնամուսնությունը կարող է արագացնել ինքնության կորուստը, եթե ընտանիքում ընդհատվում են լեզվի, կրոնի, մշակութային հիշողության և համայնքային կապերի փոխանցման մեխանիզմները։ Սակայն ամուսնության փաստն ինքնին դեռևս չի կանխորոշում այդ արդյունքը։ Նույն կերպ ներհամայնքային ամուսնությունն ինքնաբերաբար չի երաշխավորում հայկական ինքնության պահպանումը։ Ուստի խնդրի առանցքում պետք է դնել ոչ այնքան ամուսնու կամ կնոջ էթնիկ պատկանելությունը, որքան ընտանիքի ներսում հայկական ինքնության վերարտադրության հնարավորությունը։

Հատկապես զգայուն է լեզվի հարցը։ Արևմտահայերենը պատմականորեն պոլսահայ ինքնության հիմնական բաղադրիչներից է, սակայն դրա փոխանցումը նոր սերնդին այլևս չի կարելի դիտարկել որպես ինքնաբերաբար ապահովվող գործընթաց։ Լեզվի օգտագործման շրջանակի նեղացումը և թուրքերենի գերակայությունը հանրային, կրթական ու մասնագիտական կյանքում մեծացնում են ընտանիքի և հայկական դպրոցի նշանակությունը։ Խառը ընտանիքում այս խնդիրը կարող է ավելի սրվել, երբ ներընտանեկան հաղորդակցության հիմնական լեզուն դառնում է թուրքերենը։ Այդ դեպքում հայկական դպրոցը, Եկեղեցին և համայնքային հաստատությունները դառնում են ոչ միայն կրթական կամ կրոնական կառույցներ, այլև այն միջավայրերը, որոնց միջոցով երեխան կարող է պահպանել ամենօրյա կապը հայկական ինքնության հետ։

Սակայն ժամանակակից Թուրքիայի հայկական իրականությունը միայն պատմական պոլսահայ համայնքով սահմանափակելը ևս ամբողջական պատկեր չի տալիս։ Վերջին տասնամյակներին Ստամբուլում ձևավորվել է Հայաստանից տեղափոխված ՀՀ քաղաքացիների առանձին սոցիալական շերտ։ Նրանց վիճակը տարբերվում է Թուրքիայի պատմական հայ համայնքից. նրանք Թուրքիա են տեղափոխվել արդեն Հայաստանում ձևավորված լեզվական, մշակութային և ազգային ինքնությամբ։ 2018 թ. հրապարակված՝ Ստամբուլում բնակվող Հայաստանի քաղաքացի միգրանտների և նրանց երեխաների վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությունն առանձին դիտարկում է նրանց ընտանեկան կյանքը, երեխաների վիճակը, սոցիալական միջավայրը, ինչպես նաև Թուրքիայի և Թուրքիայի քաղաքացիների հետ հարաբերությունները։

Այսպիսով, համայնքի ժողովրդագրական փոքրացումը, սոցիալական ինտեգրումը և միգրացիոն նոր գործընթացները ձևավորում են այն միջավայրը, որի պայմաններում պետք է դիտարկել խառնամուսնությունների ժամանակակից տարածումն ու պատճառները։

Խառնամուսնությունների ժամանակակից դրսևորումները և պատճառները

Ժամանակակից Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնություններն այլևս բացառիկ երևույթ չեն, սակայն դրանց իրական ծավալը ճշգրիտ թվերով գնահատելը դժվար է։ Առկա ուսումնասիրությունները հիմնականում հիմնված են որակական մեթոդների և անհատական փորձառությունների վերլուծության վրա։ Հետևաբար՝ խնդրի ուսումնասիրության համար առավել կարևոր է ոչ միայն խառնամուսնությունների թվային պատկերը, այլ դրանց տարածման սոցիալական պատճառները, ընտանիքների և համայնքի վերաբերմունքը, ինչպես նաև հայկական ինքնության պահպանման վրա հնարավոր ազդեցությունը։

Խնդրի վերաբերյալ առավել ամբողջական ուսումնասիրություններից է Աննա Մարիա Բեյլունիօղլուի և Օզգյուր Քայմաքի աշխատությունը։ Այն հիմնված է տարբեր տարիքի, էթնիկ և կրոնական պատկանելություն ունեցող հետազոտության շրջանակում անցկացված 57 հարցազրույցների վրա և դիտարկում է Ստամբուլի հայ, հույն և հրեա համայնքներում խառնամուսնությունների փորձառությունները։ Հետազոտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ ամուսնությունը դիտարկվում է ոչ միայն որպես երկու անհատների անձնական ընտրություն, այլև որպես ընտանիքի, համայնքի, կրոնական պատկանելության և մշակութային շարունակականության հատման կետ։

Խառնամուսնությունների տարածումը մեկ գործոնով բացատրել հնարավոր չէ։ Ժողովրդագրական փոքրացմանը զուգահեռ փոխվել է նաև համայնքի սոցիալական կառուցվածքը։ Երիտասարդների կրթական, մասնագիտական և առօրյա շփումներն ավելի հաճախ են տեղի ունենում հայկական համայնքային միջավայրից դուրս, մինչդեռ փոքրաթիվ համայնքի պայմաններում ներհամայնքային զուգընկեր ընտրելու շրջանակն ինքնին սահմանափակվում է։ Բեյլունիօղլուն և Քայմաքը ժողովրդագրական գործոնը համարում են խառնամուսնությունների տարածմանը նպաստող հիմնական գործոններից մեկը։ Միաժամանակ ընտանիքների դիմադրության հիմքում նրանք առանձնացնում են ոչ միայն կրոնական տարբերությունը, այլև էթնոկրոնական ծեսերի, լեզվի և մշակութային ժառանգության շարունակականության վերաբերյալ մտահոգությունը։

Նույն գործընթացը նկատելի է նաև պոլսահայ համայնքի ներսից։ Սույն հետազոտության շրջանակում Արամ արք. Աթեշյանի հետ անցկացված հարցազրույցում վերջինս խառնամուսնությունների տարածումը կապում է նաև համայնքային շփումների թուլացման հետ։ Նրա դիտարկմամբ՝ նախկինում երիտասարդների առօրյայում ավելի մեծ դեր ունեին հայկական դպրոցները, միությունները, երգչախմբերն ու պարախմբերը, մինչդեռ այսօր ընտանիքների տարածական հեռավորությունը, համալսարանական կրթությունը և մասնագիտական միջավայրը երիտասարդների շփումների շրջանակը զգալիորեն դուրս են բերել համայնքի սահմաններից։ Այդ պայմաններում բնականաբար մեծանում է նաև համայնքից դուրս զուգընկեր ընտրելու հավանականությունը։

Հատկանշական է, որ այս գնահատականը նոր չէ։ Դեռևս 2014 թ. CivilNet-ին տված հարցազրույցում Աթեշյանը հաստատել էր խառնամուսնությունների աճը՝ նշելով, որ հատկապես նախորդ 6-7 տարիներին նման դեպքերը բազմաթիվ էին։ Միաժամանակ, նա «խառնամուսնություն» հասկացությունը չէր սահմանափակում միայն հայ–թուրք ամուսնություններով. նրա մեկնաբանությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու համայնքային և դավանական սահմաններից դուրս ամուսնությունն արդեն կարող էր դիտարկվել որպես խառնամուսնություն։ 2014 և 2026 թթ. արտահայտած գնահատականների համադրումը թույլ է տալիս երևույթը դիտարկել ոչ թե որպես վերջին տարիներին առաջացած միտում, այլ որպես առնվազն մեկ տասնամյակից ավելի շարունակվող համայնքային գործընթաց։

Սոցիալական միջավայրի փոփոխությանը զուգահեռ փոխվել է նաև ամուսնական ընտրության նկատմամբ սերնդային վերաբերմունքը։ Վերոնշյալ հետազոտություններում արձանագրված միտումներին և Արամ արք. Աթեշյանի գնահատականներին որոշ առումներով համահունչ են նաև սույն հետազոտության շրջանակում հարցված՝ պոլսահայ համայնքի մշակութային գործիչներից մեկի դիտարկումները, որը ցանկացել է պահպանել անանունությունը։ Միաժամանակ նրա դիտարկումները խնդրին հաղորդում են համայնքային փորձառությունից բխող լրացուցիչ երանգներ։ Խոսելով իր երիտասարդության տարիների մասին՝ հարցվածը նշում է, որ իր շրջապատում թուրքերի հետ ամուսնությունները «գրեթե չկային», իսկ ընտանիքների վերաբերմունքն այդ հարցում շատ ավելի խիստ էր։ Այսօր, նրա գնահատմամբ, իրավիճակը զգալիորեն փոխվել է։ Որպես հնարավոր պատճառ նա առանձնացնում է ընտանիքների նախկին խստության թուլացումը և երիտասարդների՝ ավանդույթների, կրոնի ու լեզվական տարբերությունների նկատմամբ ավելի ազատ վերաբերմունքը։ Միաժամանակ ներհամայնքային ամուսնության սպասումը չի վերացել. հարցվածի շրջապատում այսօր էլ կան ընտանիքներ, որոնք չեն ընդունի իրենց զավակի ամուսնությունը թուրքի հետ։։

Այս փոփոխությունը, սակայն, չի նշանակում համայնքային սահմանների անհետացում։ Ընդհակառակը՝ խառնամուսնությունը հաճախ այն իրավիճակն է, որտեղ առօրյա կյանքում ոչ այնքան տեսանելի ազգային և կրոնական սահմանները նորից ընդգծվում են։ Որակական հարցազրույցները ցույց են տալիս, որ նույն համայնքի ներկայացուցչի հետ հարաբերության դեպքում ընտանիքի և շրջապատի վերահսկողությունը երբեմն այնքան ուժեղ է լինում, որ որոշ երիտասարդներ համայնքից դուրս հարաբերությունն ընկալում են որպես ավելի ազատ ընտրության հնարավորություն։ Միաժամանակ, ամուսնության պահին նորից առաջ են գալիս ծնողների սպասումները, կրոնական պատկանելությունը և համայնքային արձագանքը։

Փոքրաթիվ համայնքի պայմաններում այս վերաբերմունքը չի կարելի բացատրել միայն պահպանողականությամբ։ Ընտանիքի համար զուգընկերոջ ընտրությանը միանում է նաև հաջորդ սերնդի պատկանելության խնդիրը՝ երեխան ի՞նչ լեզվով է մեծանալու, ո՞ր կրոնական ավանդույթն է շարունակելու և պահպանելո՞ւ է, արդյոք, հայկական համայնքի հետ կապը։ Հետևաբար՝ խառնամուսնության նկատմամբ դիմադրության հիմքում կարող է լինել ոչ միայն «օտարի» նկատմամբ վերաբերմունքը, այլ նաև փոքրացող համայնքի շարունակականության վերաբերյալ մտահոգությունը։

Հայ–թուրք ամուսնության դեպքում այս սոցիալական և կրոնական խնդիրներին ավելանում է ևս մեկ՝ առանձնահատուկ զգայուն շերտ՝ պատմական հիշողությունը։ 1915 թ. Հայոց ցեղասպանության նկատմամբ թուրք զուգընկերոջ կամ նրա ընտանիքի դիրքորոշումը որոշ դեպքերում կարող է դառնալ ամուսնության ընդունման կարևոր չափանիշ։ Ալին Օզինյանի ներկայացրած օրինակներից մեկում հայ ընտանիքի մտահոգությունը կենտրոնացած էր ոչ այնքան ապագա փեսայի մահմեդական լինելու, որքան այն հնարավորության վրա, որ նա կամ նրա ընտանիքի անդամները կարող են ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Այսպիսով, հայ–թուրք ամուսնության դեպքում ընտանեկան հարաբերությունների մեջ կարող են ներթափանցել ոչ միայն երկու մշակույթների տարբերությունները, այլև պատմական անցյալի հակադիր մեկնաբանությունները։

Միաժամանակ, նույն հարցվածի դիտարկումները պատմական հիշողության խնդրի մեկ այլ երանգ են բացահայտում։ Նրա գնահատմամբ՝ ժամանակակից և ավելի ազատ միջավայրում մեծացած թուրք երիտասարդների հետ 1915 թ. և Հայոց ցեղասպանության հարցերը կարող են նաև հանգիստ քննարկման առարկա լինել։ Այս անհատական դիտարկումը վկայում է, որ պատմական հիշողությունը կարող է ընկալվել ոչ միայն որպես բաժանարար գիծ, այլև որպես փոխադարձ ճանաչման և քննարկման հնարավորություն։ Միևնույն ժամանակ, հայ–թուրք ամուսնությունն այս առումով ունի որոշակի առանձնահատկություն՝ համեմատած ընդհանրապես հայի և այլազգի անձի ամուսնության հետ. մշակութային և կրոնական տարբերություններին այստեղ կարող է միանալ երկու հասարակությունների միջև չհաղթահարված պատմական հիշողությունը։

Խառնամուսնության դեպքում առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև կրոնական պատկանելությունը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ մինչ ամուսնությունը ոչ այնքան կրոնական անձանց համար ընտանիք կազմելուց և, հատկապես, երեխայի ծնունդից հետո սեփական էթնոկրոնական ժառանգության որոշ տարրեր կարող են նոր նշանակություն ստանալ։ Առաջ են գալիս երեխայի մկրտության, կրոնական տոների, լեզվի և մշակութային ժառանգության փոխանցման հարցերը։ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների շրջանում խառնամուսնությունների խնդրին նվիրված Kısmet Tabii-ի հետազոտության մեջ 57 հարցվածներից միայն 9 էր կրոնափոխվել, իսկ հեղինակների դիտարկմամբ՝ խառնամուսնությունից և հատկապես երեխայի ծնունդից հետո որոշ հարցվածներ սկսել էին ավելի գիտակցաբար կարևորել իրենց կրոնական ու էթնիկ արմատները։

Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն այս հարցում ավելի հստակ սահմաններ ունի։ Աթեշյանի հետ 2026 թ. անցկացված հարցազրույցից երևում է, որ Եկեղեցին խառնամուսնությունը չի խրախուսում, սակայն, միևնույն ժամանակ, չի կարող այն արգելել։ Մահմեդական անձի հետ հայկական եկեղեցում պսակադրության դեպքում քրիստոնեություն ընդունել ցանկացող կողմը պետք է անցնի համապատասխան եկեղեցական ընթացակարգ և մկրտություն։ Այս մոտեցման մեջ տեսանելի է Եկեղեցու առջև կանգնած երկակի խնդիրը՝ մի կողմից պահպանել դավանական սահմանները, մյուս կողմից՝ արդեն ձևավորված խառը ընտանիքներին և հատկապես նրանց երեխաներին ամբողջությամբ չկորցնել համայնքից։

Խնդրի ամենակարևոր հարցը, հետևաբար, խառնամուսնության և ձուլման հարաբերակցությունն է։ Խառնամուսնությունն ինքնին դեռևս բավարար հիմք չէ ինքնության կորստի մասին միանշանակ եզրակացության համար։ Առկա դաշտային նյութերում հանդիպում են նաև ընտանիքներ, որտեղ այլ մշակույթի ներկայացուցչի հետ ամուսնանալուց հետո սեփական լեզուն, կրոնական ծեսերը և էթնիկ պատկանելությունը, որոնք նախկինում կարող էին ընկալվել որպես ինքնաբերաբար տրված, վերածվում են գիտակցված պահպանման առարկայի։ Մյուս կողմից՝ եթե ընտանիքում ընդհատվում է լեզվի, կրոնական պատկանելության և համայնքային կապերի փոխանցումը, խառնամուսնությունը կարող է նպաստել արդեն ընթացող ձուլման գործընթացի արագացմանը։

Հենց այս երկակիությունն է երևում նաև սույն հետազոտության հարցազրույցներում։ Անանուն պոլսահայ հարցվածը նշում է, որ իր տեսած որոշ խառը ընտանիքներում երեխաները շարունակում են պահպանել հայկական ինքնությունը՝ հայկական դպրոց հաճախելու, Եկեղեցու հետ կապի և հայկական համայնքային միջավայրում ներգրավվածության միջոցով։ Հետևաբար՝ խառնամուսնության ազդեցությունը նպատակահարմար է գնահատել ոչ այնքան ամուսնացող անձանց էթնիկ պատկանելությամբ, որքան այն մեխանիզմներով, որոնց միջոցով ընտանիքը հաջորդ սերնդին փոխանցում կամ չի փոխանցում հայկական ինքնությունը։

Այսպիսով, խառնամուսնությունների տարածումը պայմանավորված է ժողովրդագրական, սոցիալական և սերնդային փոխկապակցված փոփոխություններով։ Հայ–թուրք ամուսնությունների դեպքում դրանց ավելանում են պատմական հիշողության և կրոնական պատկանելության առանձնահատուկ հարցերը։ Դրանց երկարաժամկետ նշանակությունն առավել հստակ է դառնում հաջորդ սերնդին հայկական ինքնության փոխանցման խնդրում։

Հայկական ինքնության փոխանցումը խառը ընտանիքներում

Խառնամուսնության երկարաժամկետ ազդեցությունը համայնքի վրա առավել տեսանելի է ոչ թե ամուսնության պահին, այլ հաջորդ սերնդում։ Եթե առաջին սերնդի հայ անդամի ազգային պատկանելությունն արդեն ձևավորված է, ապա խառը ընտանիքում ծնված երեխայի դեպքում ինքնությունը ձևավորվում է միաժամանակ մի քանի մշակութային, լեզվական և երբեմն կրոնական միջավայրերի ազդեցությամբ։ Հետևաբար՝ հիմնական հարցն այն չէ, թե ընտանիքի անդամներից մեկը հայ է, իսկ մյուսը՝ ոչ, այլ այն, թե հայկական ինքնության ո՞ր բաղադրիչներն են փոխանցվում երեխային և ինչպիսի” ինստիտուցիոնալ միջավայր է ապահովում այդ փոխանցումը։

Այս գործընթացում առանցքային նշանակություն ունի լեզուն։ Թուրքիայի հայ համայնքում արևմտահայերենի պահպանությունն արդեն ինքնին բախվում է լուրջ մարտահրավերների։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուների դասակարգման մեջ արևմտահայերենը ներառվել է «definitely endangered»՝ «որոշակիորեն վտանգված» լեզուների շարքում։ Խառը ընտանիքում լեզվի փոխանցման խնդիրը կարող է առավել բարդանալ, քանի որ ընտանիքի ընդհանուր հաղորդակցության լեզուն հաճախ դառնում է թուրքերենը։ Այդ պայմաններում հայերենի փոխանցումը երեխային այլևս ինքնաբերաբար տեղի ունեցող գործընթաց չէ և պահանջում է ընտանիքի գիտակցված ընտրություն, ինչպես նաև հայկական կրթական ու համայնքային միջավայրի առկայություն։

Լեզվի պահպանման հետ անմիջականորեն կապված է հայկական դպրոցների դերը։ Դպրոցը պոլսահայ երեխայի համար միայն կրթություն ստանալու վայր չէ. այն նաև այն հիմնական միջավայրերից է, որտեղ ամենօրյա շփման միջոցով վերարտադրվում են հայերենը, հայկական մշակութային հիշողությունը և համայնքային պատկանելությունը։ Այս հանգամանքն առանձնապես կարևոր է խառը ընտանիքում, որտեղ հայկական միջավայրը կարող է չլինել երեխայի ընտանեկան կյանքի միակ կամ, նույնիսկ, հիմնական մշակութային միջավայրը։ Հետևաբար՝ հայկական դպրոց հաճախելը կարող է որոշիչ դեր ունենալ ընտանիքից դուրս հայկական սոցիալական շրջանակ ձևավորելու հարցում։

Վերոնշյալ միտումների առանձին դրսևորումներ արտացոլվում են նաև նույն հարցվածի դիտարկումներում։ Խոսելով իր ճանաչած խառը ընտանիքների մասին՝ նա նշում է, որ որոշ ընտանիքներում երեխաները շարունակում են պահպանել հայկական ինքնությունը՝ դրա դրսևորումների թվում առանձնացնելով եկեղեցական ամուսնությունը, երեխաներին հայկական դպրոցում կրթելը և հայկական համայնքային կապերի շարունակականությունը։ Այս դիտարկումը լրացնում է վերևում ներկայացված ընդհանուր պատկերը՝ մատնանշելով, որ առանձին խառը ընտանիքներում հայկական ինքնության փոխանցման շարունակականությունը կարող է պահպանվել ընտանիքի կողմից կատարվող որոշակի ընտրությունների միջոցով։։

Ինքնության փոխանցման երկրորդ կարևոր հենարանը Եկեղեցին է։ Հայ Առաքելական եկեղեցու դերը խառը ընտանիքում չի սահմանափակվում միայն պսակադրության հարցով։ Երեխայի մկրտությունը, եկեղեցական տոներին մասնակցությունը և Եկեղեցու շուրջ ձևավորված համայնքային կյանքը կարող են պահպանել երեխայի կապը հայկական միջավայրի հետ նույնիսկ այն դեպքում, երբ ընտանիքի առօրյա լեզուն հիմնականում թուրքերենն է։ Աթեշյանի հետ անցկացված հարցազրույցում ևս երեխաների հայկական կրթությունն ու հավատքի պահպանումը ներկայացվում են որպես խառը ընտանիքի՝ հայկական համայնքի հետ կապը շարունակելու կարևոր միջոցներ։

Եվ այնուամենայնիվ, ինքնության փոխանցումը չի սահմանափակվում լեզվով և կրոնով։ Ընտանեկան հիշողությունը, հայկական տոները, խոհանոցը, ազգականների հետ հարաբերությունները և պատմական անցյալի մասին գիտելիքը նույնպես մասնակցում են երեխայի ինքնության ձևավորմանը։ Հենց այստեղ խառը ընտանիքը կարող է ձևավորել ոչ թե մեկ ինքնության ամբողջական փոխարինում մյուսով, այլ երկու մշակութային ժառանգությունների համատեղ գոյակցության տարբեր ձևեր։ Այդուհանդերձ, նման երկմշակութային ինքնությունը հայկական բաղադրիչի պահպանություն կարող է ենթադրել միայն այն դեպքում, երբ այն իրականում փոխանցվում է երեխային, այլ ոչ թե մնում միայն հայ ծնողի ծագման մասին կենսագրական տեղեկություն։

ՀՀ-ից Թուրքիա տեղափոխված հայ ընտանիքների դեպքում ինքնության փոխանցման հարցում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական կրթության հասանելիությունը։ 2026 թ. օգոստոսին Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների կողմից հայկական դպրոցներին փոխանցված նոր կարգավորման համաձայն ՀՀ քաղաքացի երեխաներին այլևս չի թույլատրվում սովորել Թուրքիայի հայկական փոքրամասնությունների դպրոցներում «հյուր աշակերտի» կարգավիճակով։ Մինչ այդ շուրջ մեկ տասնամյակ Թուրքիայում բնակության կամ աշխատանքի թույլտվություն ունեցող Հայաստանի քաղաքացիների երեխաները կարող էին հաճախել Ստամբուլի հայկական դպրոցներ, թեև ավարտական պաշտոնական վկայական ստանալու իրավունք չունեին։ Նոր կարգավորմամբ նրանք պետք է հաճախեն թուրքական պետական դպրոցներ։ Ըստ հրապարակված տվյալների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորող շուրջ 3000 երեխաներից մոտ 70-ը ՀՀ քաղաքացիներ էին։ Միաժամանակ, որոշումը չի տարածվում Հրանտ Դինքի անվ. դպրոցի վրա, որը գործում է առանց Թուրքիայի իշխանությունների կողմից պաշտոնապես ճանաչված կարգավիճակի և Հայաստանից տեղափոխված ընտանիքների երեխաներին ուսուցանում է ՀՀ կրթական ծրագրով։ Այս փոփոխությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Թուրքիա տեղափոխված ընտանիքներում հայկական ինքնության և, հատկապես, լեզվի միջսերնդային փոխանցումը կախված է ոչ միայն ընտանիքի ընտրությունից, այլև հայկական կրթական միջավայրի ինստիտուցիոնալ հասանելիությունից:

Այս տարբերությունը կարևոր է նաև խառնամուսնությունների վերլուծության համար։ Պոլսահայ–թուրք ընտանիքում հայ ծնողն ինքն է ձևավորվել փոքրամասնության միջավայրում, մինչդեռ Հայաստանից տեղափոխված հայ–թուրք ընտանիքում հայ ծնողը գալիս է հայկական մեծամասնության հասարակությունից։ Երկու դեպքում էլ երեխան կարող է մեծանալ թուրքական հասարակության ներսում, սակայն հայկական ինքնության փոխանցման սկզբնական ռեսուրսները տարբեր են։ Հետևաբար՝ Հայաստանից Թուրքիա տեղափոխված հայերի և պոլսահայերի խառնամուսնությունները մեթոդաբանական առումով ամբողջությամբ նույնացնել նպատակահարմար չէ։

Այս ամենը թույլ է տալիս վերանայել նաև խառնամուսնություն–ձուլում պարզեցված կապը։ Ձուլման համար որոշիչը միայն ոչ հայի հետ ամուսնության փաստը չէ։ Ավելի կարևոր է, թե դրանից հետո պահպանվո՞ւմ են հայկական ինքնության վերարտադրման հիմնական ուղիները՝ լեզուն, կրթությունը, Եկեղեցին, ընտանեկան հիշողությունն ու համայնքային մասնակցությունը։ Խառը ընտանիքում դրանք կարող են թուլանալ, բայց կարող են նաև վերածվել գիտակցված ընտրության։ Այս առումով երեխայի ծնունդը հաճախ դառնում է այն պահը, երբ ծնողները ստիպված են հստակեցնել այն հարցերը, որոնք մինչ այդ կարող էին երկրորդական թվալ՝ ի՞նչ լեզվով խոսել երեխայի հետ, որտե”ղ կրթել նրան, մկրտել, արդյո՞ք, հայկական եկեղեցում և ի՞նչ պատմական ու մշակութային ժառանգություն փոխանցել։ Ուստի, խառնամուսնության ազդեցությունը Թուրքիայի հայ համայնքի վրա գնահատելիս առաջնային չափանիշ պետք է համարել ոչ թե ամուսնության «խառը» լինելը, այլ հայկական ինքնության միջսերնդային փոխանցման շարունակականությունը։ Եթե ընտանիքում պահպանվում են հայերենը, հայկական կրթությունը, եկեղեցական և համայնքային կապերը, ապա խառնամուսնությունը պարտադիր չէ հանգեցնի հայկական ինքնության կորստի։ Իսկ եթե այդ կապերը հաջորդաբար ընդհատվում են, ինքնության թուլացումը հնարավոր է նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ երկու ծնողներն էլ հայկական ծագում ունեն։ Այս տեսանկյունից խառնամուսնությունը ոչ այնքան ինքնուրույն պատճառ է, որքան այն միջավայրը, որտեղ առավել տեսանելի են դառնում Թուրքիայի հայ համայնքի արդեն գոյություն ունեցող ժողովրդագրական, լեզվական և ինքնութենական մարտահրավերները։

Եզրակացություն

Թուրքիայի հայ համայնքում խառնամուսնությունների աճը ոչ թե մեկուսացված երևույթ է, այլ համայնքի ժողովրդագրական փոքրացման, սոցիալական միջավայրի փոփոխության և սերնդային վերափոխումների արտահայտություն։ Ուստի այն ինքնաբերաբար ձուլման հետ նույնացնելը հիմնավորված չէ։ Հետազոտված դեպքերը ցույց են տալիս, որ խառը ընտանիքում հայկական ինքնությունը կարող է ինչպես թուլանալ, այնպես էլ դառնալ ավելի գիտակցված պահպանման առարկա։

Հայ–թուրք ամուսնություններն ունեն նաև առանձնահատուկ զգայունություն. մշակութային և կրոնական տարբերություններին այստեղ միանում է պատմական հիշողությունը։ Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը կարող է դառնալ ընտանեկան լարվածության պատճառ, սակայն փոխադարձ ճանաչման պայմաններում՝ նաև երկխոսության հնարավորություն։ Սա ցույց է տալիս, որ նման ընտանիքների ներքին հարաբերությունները որոշ չափով արտացոլում են նաև հայ–թուրքական հասարակական հարաբերությունների չլուծված հարցերը։

Երկարաժամկետ հիմնական ռիսկը, սակայն, խառնամուսնությունների թվի աճը չէ, այլ փոքրացող համայնքի վերարտադրողական կարողության թուլացումը։ Եթե ժողովրդագրական նվազմանը զուգահեռ նեղանա նաև հայկական կրթական, լեզվական և համայնքային միջավայրը, հետևանքը կարող է լինել ոչ միայն անհատների աստիճանական ձուլումը, այլև համայնքի ինստիտուցիոնալ կենսունակության նվազումը։ Այս գործընթացը որոշակի նշանակություն ունի նաև Հայաստանի համար, քանի որ Թուրքիայի հայկական կազմակերպված ներկայության թուլացումը սահմանափակում է այնտեղ հայկական մշակութային ժառանգության պահպանման և Հայաստանի հետ մարդկային ու մշակութային կապերի ներուժը։

Հետևաբար՝ խառնամուսնությունների նկատմամբ արդյունավետ ռազմավարությունը պետք է հիմնված լինի ոչ թե դրանց կանխարգելման, այլ համայնքային կորստի կանխման վրա։ Խառը ընտանիքներին մեկուսացնելու փոխարեն անհրաժեշտ է նրանց և հատկապես հաջորդ սերնդին պահել հայկական համայնքային դաշտում։ Նույն տրամաբանությամբ ՀՀ-ի հնարավոր աջակցությունը նպատակահարմար է ուղղել ոչ թե մարդկանց ամուսնության նախապատվությանը, այլ արևմտահայերենի, կրթամշակութային և համայնքային այլ հաստատությունների կենսունակության պահպանմանը։

Այսպիսով, խնդրի առանցքային հարցը ոչ թե այն է, թե ո՞ւմ հետ են ամուսնանում Թուրքիայի հայերը, այլ՝ արդյո՞ք փոփոխվող ընտանեկան իրականության պայմաններում հայկական համայնքը կարողանում է պահպանել իր շարունակականությունը։ Հենց այս կարողությունն է որոշելու խառնամուսնությունների իրական երկարաժամկետ ազդեցությունը համայնքի ապագայի վրա։


[1] Արևելագետ, թուրքագետ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ։ Հետազոտում է Թուրքիայի մշակութային քաղաքականությունը, փափուկ ուժի գործիքները և հայ-թուրքական հարաբերությունները։

[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.08.2026 թ.-ին։

Օգտագործված աղբյուրներ և գրականության

  1. Աթեշյան, Արամ արք., հարցազրույց հոդվածի հեղինակի հետ, օգոստոս 2026, հեղինակի անձնական արխիվ։
  2. Անանուն հարցազրույց պոլսահայ համայնքի մշակութային գործչի հետ, օգոստոս 2026, հեղինակի անձնական արխիվ։
  3. Ekmekçioğlu, L., Recovering Armenia: The Limits of Belonging in Post-Genocide Turkey, Stanford: Stanford University Press, 2016, pp. 8-10
  4. Akçam, T., A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, New York: Metropolitan Books, 2006
  5. Kévorkian, R. H., The Armenian Genocide: A Complete History, London: I.B. Tauris, 2011
  6. Hovannisian, R. G. (ed.), Remembrance and Denial: The Case of the Armenian Genocide, Detroit: Wayne State University Press, 1999
  7. Suciyan, T., The Armenians in Modern Turkey: Post-Genocide Society, Politics and History, London–New York: I.B. Tauris, 2016, p.33
  8. Altınay, A. G. & Çetin, F., The Grandchildren: The Hidden Legacy of “Lost” Armenians in Turkey, New Brunswick: Transaction Publishers, 2009
  9. Özdoğan, G. G., Üstel, F., Karakaşlı, K. & Kentel, F., Türkiye’de Ermeniler: Cemaat-Birey-Yurttaş, İstanbul: İstanbul Bilgi Üniversitesi Yayınları, 2009
  10. Erdinç İşhan, “Ermeni okullarında öğrenci sayısında düşüş sürüyor”․ Agos, 13.09.2025, https://arsivweb.agos.com.tr/tr/yazi/35712/ermeni-okullarinda-ogrenci-sayisinda-dusus-suruyor?utm
  11. Emre Erdoğan & Pınar Uyan Semerci, Makeshift Lives: The State of Armenian-Citizen Migrants and Their Children Living in Istanbul. Istanbul: Hrant Dink Foundation
  12. Anna Maria Beylunioğlu, Özgür Kaymak, Kısmet Tabii: İstanbul’un Rum, Yahudi ve Ermeni Toplumlarında Karma Evlilikler, İstanbul: İstos Yayınları, 2020
  13. Zehra Çengil, Azınlık toplumları karma evliliklerde asimilasyon tedirginliği yaşıyor!’․ Şalom, 03.03.2021,
    https://www.salom.com.tr/haber/117739/azinlik-toplumlari-karma-evliliklerde-asimilasyon-tedirginligi-yasiyor?utm_source
  14. The Armenian Predicament in Turkey. CivilNet, 24.05.2014, https://civilnet.am/en/news/388710,
  15. Betsy Penso, Kısmet Tabii: Anna Maria Beylunioğlu ve Özgür Kaymak’la Röportaj (1/2), Avlaremoz, 26.01.2021
  16. Alin Ozinian, “Intercultural Marriages among Turkey’s Non-Muslim Minorities: Love versus the Threat of Assimilation”, Turkish Minute, 05.02.2021, https://www.turkishminute.com/2021/02/05/intercultural-marriage-among-turkeys-non-muslim-minorities-love-versus-the-threat-of-assimilation/
  17. Betsy Penso, “Kısmet Tabii: ‘Evliliklerini devam ettirebilmek için sessiz kalıyorlar’. (2/2)”, Avlaremoz, 02.02.2021, https://www.avlaremoz.com/2021/02/02/kismet-tabii-evliliklerini-devam-ettirebilmek-icin-sessiz-kaliyorlar-2-2/
  18. Արևմտահայերենը՝ կորստյան եզրին. ՅՈՒՆԵՍԿՕ-ի ճանաչումը և աքսորյալ լեզվում ժամանակակից գրականության հարցը: Լեզվի ժողովրդական տեսչություն, 12.10.2010, https://www.lezu.am/?p=373
  19. Armenian Citizens’ Children Barred from Attending Armenian Minority Schools in Istanbul. MassisPost, 24.08.2026,
    https://massispost.com/2026/08/armenian-citizens-children-barred-from-attending-armenian-minority-schools-in-istanbul/