Սահմանակից երկրներ

“Türkiye Yüzyılı” հայեցակարգը և ժամանակակից Թուրքիայի քաղաքական ինքնության կառուցումը

Türkiye Yüzyılı հայեցակարգը և ժամանակակից Թուրքիայի քաղաքական ինքնության կառուցումը
2 դիտում

The “Century of Turkey” concept and the construction of contemporary Turkish political identity

Margarita G. Krtikashyan

Abstract

This article examines the “Century of Turkey” (Türkiye Yüzyılı) concept as a factor in the formation and transformation of contemporary Turkish political identity. It analyzes the ideological foundations of the concept, its connection to Turkey’s political development, and the use of historical memory, cultural symbols, and political communication tools in the process of social mobilization. The study argues that Türkiye Yüzyılı functions not only as a development strategy but also as a project for constructing the political identity of the second century of the Turkish Republic (TR).

Концепция «Век Турции» и формирование современной политической идентичности Турции

Маргарита Г. Кртикашян

Аннотация

Статья посвящена исследованию концепции “Türkiye Yüzyılı” («Век Турции») как фактора формирования и переосмысления современной политической идентичности Турции. Рассматриваются идеологические основы концепции, её связь с политическим развитием страны, а также использование исторической памяти, культурных символов и инструментов политической коммуникации в процессе общественной мобилизации. Исследование показывает, что «Türkiye Yüzyılı» выступает не только стратегией развития, но и проектом конструирования политической идентичности второго столетия Турецкой Республики (ТР).

Մարգարիտա Գևորգի Կրտիկաշյան[1]

“Türkiye Yüzyılı” հայեցակարգը և ժամանակակից Թուրքիայի քաղաքական ինքնության կառուցումը[2]

 

“Türkiye Yüzyılı” տեսլականի գաղափարական հիմքերը և պատմական տրանսֆորմացիան

“Türkiye Yüzyılı”  («Թուրքիայի դարաշրջան») հայեցակարգը ձևավորվել է Թուրքիայի Հանրապետության  (ԹՀ) հիմնադրման 100-ամյակի համատեքստում և ներկայացվում է որպես երկրի երկրորդ հարյուրամյակի զարգացման ռազմավարական տեսլական։ Սակայն դրա բովանդակությունը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել Թուրքիայի քաղաքական և գաղափարական զարգացման պատմական ընթացքը, քանի որ “Türkiye Yüzyılı”-ն առաջացել է ոչ թե մեկ քաղաքական նախաձեռնության արդյունքում, այլ հանրապետության հարյուրամյա գաղափարական վերափոխումների տրամաբանական շարունակության շրջանակում։

1923 թվականին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հիմնադրված Թուրքիայի Հանրապետությունը կառուցվեց քեմալականության սկզբունքների վրա։ Նոր պետության հիմնական նպատակն էր Օսմանյան կայսրության բազմազգ և բազմակրոն կառավարման համակարգից անցում կատարել միասնական թուրքական ազգային պետության մոդելին։ Այդ նպատակով իրականացվեցին լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված աշխարհիկացման, արևմտականացման և միասնական ազգային ինքնության ձևավորմանը։ Քեմալական քաղաքական էլիտան փորձում էր ստեղծել նոր քաղաքացի, որի ինքնությունը հիմնված կլիներ ոչ թե կրոնական, այլ թուրքական ազգային պատկանելության վրա։ ԹՀ գոյության առաջին տասնամյակներում պետությունը սահմանափակեց կրոնի դերը հանրային կյանքում և առաջնահերթություն տվեց աշխարհիկ պետականաշինությանը[3]։

Սակայն XX դարի վերջից և հատկապես XXI դարի սկզբից Թուրքիայի քաղաքական կյանքում սկսեցին ի հայտ գալ նոր միտումներ։ 2002 թ. իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AK Parti) չհրաժարվեց հանրապետական պետականության հիմքերից, սակայն աստիճանաբար վերաիմաստավորեց ԹՀ ինքնության գաղափարական հենքը։ Եթե քեմալական համակարգը փորձում էր սահմանափակել կրոնի ազդեցությունը քաղաքականության և հասարակական կյանքի վրա, ապա ԱԶԿ-ն սկսեց ավելի մեծ տեղ հատկացնել իսլամական արժեքներին, պահպանողական հասարակական նորմերին և օսմանյան պատմական ժառանգությանը։ Հետազոտողները այս գործընթացը հաճախ բնութագրում են որպես «հետքեմալական վերափոխում», որի ընթացքում ձևավորվում էր Թուրքիայի զարգացման նոր տեսլական[4]։

ԱԶԿ-ի իշխանության տարիներին պետական խոսույթում առավել հաճախ սկսեց շրջանառվել «Նոր Թուրքիա» (“Yeni Türkiye’’) հասկացությունը։ Այն հատկապես ակտիվորեն կիրառվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2014 թ. հետո և ներկայացվում էր որպես Թուրքիայի քաղաքական, տնտեսական և մշակութային վերածննդի նախագիծ։ «Նոր Թուրքիան» բնութագրվում էր որպես ավելի ինքնավստահ, տարածաշրջանային դերակատարություն ստանձնող և սեփական պատմական ժառանգության հետ հաշտված պետություն։ Այս շրջանում պետական և հանրային դիսկուրսում աճեց հետաքրքրությունն Օսմանյան կայսրության պատմության նկատմամբ, իսկ սուլթանների պատմական կերպարները սկսեցին ավելի հաճախ օգտագործվել քաղաքական և մշակութային խոսույթներում։ Հատկապես Աբդուլհամիդ II-ի կերպարը ներկայացվեց որպես ուժեղ առաջնորդության, անկախ արտաքին քաղաքականության և ազգային դիմադրության խորհրդանիշ[5],[6]։

Այս գործընթացներին զուգահեռ ձևավորվում էր նաև ԹՀ միջազգային դերակատարության նոր ընկալումը։ Պաշտոնական Անկարան սկսեց առավել ակտիվորեն ընդգծել երկրի պատմական, մշակութային և քաղաքակրթական առաքելությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Բալկաններում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում և թուրքալեզու աշխարհում։ «Թյուրքական աշխարհ», «քաղաքակրթական ժառանգություն», «ազգային տեխնոլոգիական առաջընթաց» և «ուժեղ պետություն» հասկացությունները դարձան պետական քաղաքական խոսույթի կարևոր բաղադրիչներ։

Հատկանշական է, որ “Türkiye Yüzyılı”-ն ամբողջությամբ չի մերժում ո՛չ քեմալական ժառանգությունը, ո՛չ էլ «Նոր Թուրքիայի» գաղափարախոսությունը։ Այն ավելի շուտ փորձում է համադրել դրանց տարբեր տարրերը մեկ քաղաքական տեսլականի շրջանակում։ Եթե քեմալականությունը շեշտադրում էր աշխարհիկությունը, ազգային պետության կառուցումը և արևմտականացումը, ապա «Նոր Թուրքիան» առաջնահերթություն էր տալիս պահպանողական արժեքներին, կրոնական ինքնագիտակցությանը և տարածաշրջանային ազդեցության ընդլայնմանը։ “Türkiye Yüzyılı”-ն, իր հերթին, ձգտում է միավորել հանրապետական պետականությունը, օսմանյան ժառանգությունը, թուրքական ազգայնականությունը, տեխնոլոգիական առաջընթացը և Թուրքիայի՝ որպես համաշխարհային դերակատարի հավակնությունները։ Այս առումով այն հանդես է գալիս ոչ միայն որպես զարգացման ռազմավարություն, այլ նաև ԹՀ երկրորդ հարյուրամյակի ինքնութենական նախագիծ[7]։

Այս գաղափարական վերափոխումների տրամաբանական շարունակությունն էր 2023 թ. ներկայացված “Türkiye Yüzyılı” հայեցակարգը։ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակի կապակցությամբ ներկայացված այս տեսլականը միավորում է քեմալական պետականության որոշ տարրեր, թուրքական ազգայնականությունը, պահպանողական արժեքները, իսլամական ինքնագիտակցությունը, օսմանյան ժառանգության վերաիմաստավորումը և տեխնոլոգիական զարգացման գաղափարը։ Հայեցակարգը ներկայացվում է որպես Թուրքիայի երկրորդ հարյուրամյակի ռազմավարական ուղենիշ, որի նպատակն է ձևավորել առավել ազդեցիկ, ինքնավստահ և տարածաշրջանային առաջնորդության հավակնություններ ունեցող պետություն[8][9]։

Այսպիսով, “Türkiye Yüzyılı”-ն չի հանդիսանում միայն զարգացման կամ նախընտրական քաղաքական ծրագիր։ Այն երկրի վերջին երկու տասնամյակների գաղափարական վերափոխումների արդյունքն է, որի միջոցով փորձ է արվում վերաիմաստավորել պետության պատմական հիշողությունը, ազգային ինքնությունը և ապագայի վերաբերյալ պատկերացումները։ Հենց այդ պատճառով “Türkiye Yüzyılı”-ն կարելի է դիտարկել որպես ժամանակակից Թուրքիայի քաղաքական ինքնության կառուցման կարևոր գաղափարախոսական հարթակ։

Անցյալի վերաիմաստավորումը որպես ինքնության կառուցման միջոց

Ժամանակակից պետություններում պատմական հիշողությունը հաճախ օգտագործվում է ոչ միայն անցյալը պահպանելու, այլև ներկան և ապագան իմաստավորելու նպատակով։ Ազգային ինքնության ձևավորման գործընթացում պատմական խոսույթները կարևոր դեր են խաղում՝ նպաստելով հասարակության մեջ ընդհանուր հիշողության և հավաքական պատկանելության զգացողության ձևավորմանը։ Ինչպես նշում է Բենեդիկտ Անդերսոնը, ազգերը «պատկերացվող համայնքներ» են, որոնց գոյությունը պահպանվում է ընդհանուր պատմական հիշողությունների, խորհրդանիշների և նարատիվների միջոցով[10]։

Այս տեսանկյունից “Türkiye Yüzyılı” հայեցակարգը կարելի է դիտարկել որպես պատմական հիշողության քաղաքական օգտագործման օրինակ։ Հայեցակարգի շրջանակում Թուրքիայի անցյալը ներկայացվում է ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև որպես ժամանակակից քաղաքական ինքնության և ապագայի տեսլականի հիմնավորում։ Այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն են ստանում թուրքական պատմության որոշ առանցքային իրադարձություններ, որոնք պետական խոսույթում ներկայացվում են որպես ազգային զարգացման միասնական շղթայի մաս։

Հատկանշական է, որ պաշտոնական հռետորաբանության մեջ հաճախ հիշատակվում են 1071 թ. Մանազկերտի ճակատամարտը, 1453 թ. Կոստանդնուպոլսի գրավումը, 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը և 2023 թ. հարյուրամյակը։ Այս իրադարձությունները ներկայացվում են ոչ թե որպես առանձին պատմական դրվագներ, այլ որպես թուրքական պետականության շարունակականության խորհրդանիշներ, որոնց միջոցով ձևավորվում է ազգային վերելքի և պատմական առաքելության գաղափարը։ Այսպիսով, պատմական անցյալը վերածվում է քաղաքական լեգիտիմության կարևոր աղբյուրի, իսկ պատմական հիշողությունը՝ ինքնության կառուցման գործիքի[11]։

Պատմական հիշողության վերակառուցման գործընթացում կարևոր դեր է վերապահվում նաև Օսմանյան կայսրության ժառանգությանը։ Եթե հանրապետության առաջին տասնամյակներում օսմանյան անցյալը հաճախ դիտարկվում էր որպես հաղթահարված փուլ, ապա վերջին երկու տասնամյակներում այն ավելի ու ավելի հաճախ է ներկայացվում որպես ազգային հպարտության և պետական ուժի աղբյուր։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանանում սուլթան Աբդուլհամիդ II-ի կերպարը, որը ժամանակակից թուրքական քաղաքական և մշակութային դիսկուրսում ներկայացվում է որպես ուժեղ առաջնորդության, արտաքին ճնշումներին դիմակայելու և ազգային շահերի պաշտպանության խորհրդանիշ։

Օսմանյան անցյալի վերաիմաստավորումը իրականացվում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների, այլև մշակութային արգասիքների միջոցով։ Պատմական հեռուստասերիալները, վավերագրական նախագծերը և պետական աջակցությամբ իրականացվող մշակութային նախաձեռնությունները նպաստում են այն խոսույթի տարածմանն, ըստ որի ժամանակակից Թուրքիան հանդիսանում է դարավոր պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակությունը։ Հատկապես վերջին տարիներին պատմական սերիալները վերածվել են պատմական հիշողության հանրայնացման կարևոր գործիքների՝ ձևավորելով հասարակության պատկերացումները անցյալի, պետության և ազգային ինքնության վերաբերյալ[12]։

Այսպիսով, “Türkiye Yüzyılı” հայեցակարգում պատմական հիշողությունը հանդես է գալիս ոչ միայն որպես անցյալի ներկայացման միջոց, այլև որպես քաղաքական ինքնության կառուցման կարևոր գործիք։ Անցյալի խորհրդանիշների, պատմական կերպարների և մշակութային խոսույթների վերաիմաստավորման միջոցով ձևավորվում է ԹՀ երկրորդ հարյուրամյակի ինքնութենական տեսլականը, որը ձգտում է համադրել պատմական ժառանգությունն ու ապագայի քաղաքական հավակնությունները։

“Türkiye Yüzyılı”-ն որպես քաղաքական ինքնության կառուցման և հասարակական մոբիլիզացիայի գործիք

Türkiye Yüzyılı” հայեցակարգը սահմանափակված չէ միայն ռազմավարական ծրագրի կամ քաղաքական հայտարարությունների շրջանակներով։ Այն ներկայացվեց որպես համապարփակ քաղաքական-հաղորդակցական նախագիծ, որի նպատակն էր հասարակության մեջ ձևավորել ազգային համախմբման, ուժեղ պետության և ապագայի նկատմամբ վստահության զգացում։ Այդ պատճառով հայեցակարգի հանրայնացման գործընթացում կարևոր դեր են խաղում ոչ միայն քաղաքական ելույթները, այլև խորհրդանիշները, մշակութային գործիքները և զանգվածային միջոցառումները։

2022 թ. հոկտեմբերի 28-ին Ստամբուլում կայացած “Türkiye Yüzyılı” տեսլականի պաշտոնական ներկայացումը դարձավ Թուրքիայի ներքաղաքական կյանքում լայն արձագանք ստացած իրադարձություն։ Առավել ուշագրավ էր այն հանգամանքը, որ իշխանությունները երկար տարիներ անց միջոցառմանը հրավիրել էին նաև ընդդիմադիր և քննադատական դիրքորոշում ունեցող մի շարք լրագրողների։ Թուրքական մամուլում այս քայլը մեկնաբանվեց որպես ընտրություններից առաջ իրականացվող հանրային կապերի (PR) նախաձեռնություն, որի միջոցով փորձ էր արվում “Türkiye Yüzyılı”-ն ներկայացնել որպես նոր և առավել ներառական քաղաքական փուլի սկիզբ։ Միևնույն ժամանակ, մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հրաժարվեցին մասնակցել միջոցառմանը՝ այն գնահատելով որպես իշխանության քարոզչական նախաձեռնություն[13]։

Միջոցառման կարևոր բաղադրիչներից էին նաև դրա խորհրդանշական տարրերը։ “Türkiye Yüzyılı” նախագծի համար ստեղծված տարբերանշանը, որը ներառում էր ԹՀ 100-ամյակը խորհրդանշող պատկերային տարրեր և 16 աստղեր, սոցիալական մեդիայում ակտիվ քննարկումների առարկա դարձավ։ Օգտատերերի մի մասը մատնանշում էր դրա արտաքին նմանությունը միջազգային որոշ բրենդների տարբերանշանների հետ, ինչի արդյունքում տարբերանշանը վերածվեց հանրային քննարկումների և քննադատությունների թեմայի։ Այս հանգամանքը ցույց տվեց, որ քաղաքական խորհրդանիշները ևս կարևոր դեր են խաղում նոր քաղաքական խոսույթի ձևավորման գործընթացում[14]։

Հայեցակարգի հանրայնացման կարևոր գործիքներից մեկն էր նաև երաժշտությունը։ Միջոցառման համար հատուկ ստեղծված “Türkiye Yüzyılı Marşı”-ն ներկայացվեց Յուջել Արզենի հեղինակությամբ՝ մեծ երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երաժշտական ստեղծագործությունը նպատակ ուներ ձևավորել ազգային հպարտության, միասնականության և ապագայի նկատմամբ վստահության զգացում։

Հատկանշական է, որ ստեղծագործության հեղինակ Յուջել Արզենը հետագայում նշել է, որ “Türkiye Yüzyılı”-ն «ինքներս մեզ համար գրված երգ չէ, այլ ազատության կոչ» (“bir Hürriyet Çağrısıdır”)։ Նրա մեկնաբանությամբ՝ ստեղծագործությունը կոչված էր արտահայտելու Թուրքիայի ապագայի, ազգային կամքի և ինքնավստահության գաղափարը։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ երաժշտությունը նախագծի շրջանակում դիտարկվել է ոչ միայն որպես մշակութային արգասիք, այլև քաղաքական ուղերձների փոխանցման և հասարակական մոբիլիզացիայի միջոց[15]։ Այս առումով երաժշտությունը հանդես եկավ ոչ միայն որպես գեղարվեստական, այլև քաղաքական հաղորդակցության միջոց՝ նպաստելով գաղափարախոսական ուղերձների հուզական ընկալմանը և հանրային տարածմանը։

“Türkiye Yüzyılı”-ի շրջանակում կարևոր տեղ են զբաղեցնում նաև տեխնոլոգիական և ռազմարդյունաբերական հաջողությունների մասին նարատիվները։ TOGG ազգային ավտոմեքենան, Bayraktar անօդաչու թռչող սարքերը, TCG Anadolu նավը և TEKNOFEST տեխնոլոգիական փառատոնը պաշտոնական խոսույթում ներկայացվում են որպես Թուրքիայի ազգային վերելքի, տեխնոլոգիական անկախության և միջազգային հեղինակության խորհրդանիշներ։ Այս նախագծերի միջոցով ձևավորվում է այն պատկերացումը, որ Թուրքիայի երկրորդ հարյուրամյակը պետք է լինի գիտական, տեխնոլոգիական և արդյունաբերական առաջընթացի դարաշրջան, որտեղ պետության հզորությունը կապվում է ազգային արտադրության և նորարարության հետ[16]։

Այնուամենայնիվ, “Türkiye Yüzyılı”-ի շուրջ ձևավորված քաղաքական խոսույթը զերծ չի մնացել քննադատություններից։ Էրդողանի ելույթում կարևոր տեղ էին զբաղեցնում «ազատության դարաշրջանի», ժողովրդավարության և նոր քաղաքացիական սահմանադրության մասին հայտարարությունները, սակայն ընդդիմադիր շրջանակները մատնանշում էին, որ այդ հայտարարությունները հաճախ հակասում են երկրի ներքաղաքական իրականությանը։ Մասնավորապես, քննադատության առարկա դարձավ «Դեզինֆորմացիայի մասին» օրենքի ընդունումը, որը մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից գնահատվեց որպես խոսքի ազատության սահմանափակման գործիք[17]։

Այսպիսով, “Türkiye Yüzyılı”-ն հանդես է գալիս որպես քաղաքական ինքնության կառուցման և հասարակական մոբիլիզացիայի բազմաշերտ գործիք։ Քաղաքական ելույթների, խորհրդանիշների, երաժշտության, տեխնոլոգիական ձեռքբերումների և հանրային միջոցառումների համադրության միջոցով ձևավորվում է ԹՀ երկրորդ հարյուրամյակի նոր տեսլականը, որը միտված է ազգային համախմբման, պետական ինքնավստահության և Թուրքիայի՝ որպես ազդեցիկ տարածաշրջանային ու միջազգային դերակատարի կերպարի ամրապնդմանը։

Եզրակացություն

“Türkiye Yüzyılı” հայեցակարգը ներկայացնում է ոչ միայն զարգացման ռազմավարություն, այլև ժամանակակից Թուրքիայի քաղաքական ինքնության կառուցման նախագիծ։ Այն միավորում է քեմալական պետականության որոշ տարրեր, օսմանյան ժառանգության վերաիմաստավորումը, թուրքական ազգայնականությունը, պահպանողական արժեքները և տեխնոլոգիական առաջընթացի գաղափարը։

Հետազոտությունը ցույց տվեց, որ պատմական հիշողության, մշակութային խորհրդանիշների, երաժշտության, տեխնոլոգիական նախագծերի և քաղաքական հաղորդակցության համադրման միջոցով “Türkiye Yüzyılı”-ն ձևավորում է երկրորդ հարյուրամյակի Թուրքիայի նոր պատկերացումը։ Այսպիսով, այն կարելի է դիտարկել որպես ԹՀ ապագայի վերաբերյալ պետական տեսլականի և քաղաքական ինքնության ձևավորման կարևոր հարթակ։


[1] Արևելագետ, թուրքագետ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ։ Հետազոտում է Թուրքիայի մշակութային քաղաքականությունը, փափուկ ուժի գործիքները և հայ-թուրքական հարաբերությունները։

[2]  Հոդվածը խմբագրություն է հանձնվել 24.06.2026-ին:

[3] Ahmad F. The Making of Modern Turkey. London: Routledge, 1993, pp. 51–78

[4] Yavuz M. H. Islamic Political Identity in Turkey. Oxford: Oxford University Press, 2003, pp. 272–290

[5] Arslan A. Clash of Sultans in Turkish Popular Culture: Conservative Abdulhamid vs. Secular Suleiman. Working Paper, York University, 2019. DOI: 10.13140/RG.2.2.26125.38883

[6] Korucu S. Payitaht: Bir “Cumhurbaşkanı Abdülhamid” Portresi. Toplumsal Tarih, Haziran 2019, ss. 52–57.

[7] White J. B. Muslim Nationalism and the New Turks. Princeton: Princeton University Press, 2013.

[8] Erdoğan R. T. Türkiye Yüzyılı Tanıtım Toplantısı’nda Yapılan Konuşma, 28 Ekim 2022.

[9] Cumhurbaşkanı Erdoğan “Türkiye Yüzyılı” vizyonunu açıkladı, Anadolu Ajansı, 28.10.2022,
https://www.aa.com.tr/tr/info/infografik/30476 (բեռնման օրը՝ 23.06.2026):

[10] Anderson B. Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism. London: Verso, 2006, pp. 6-7.

[11] Hobsbawm E., Ranger T. (eds.). The Invention of Tradition. Cambridge University Press, 1983, pp. 1-14.

[12] Melkonyan R. H., Poghosyan N. H., Hakobyan T. V. Politics in TV Series and TV Series in Politics: Case Study of Turkish Historical TV Shows. Вестник СПбГУ. Востоковедение и африканистика, 2024, Vol. 16, No. 4, pp. 797–809.

[13] Deutsche Welle Türkçe. 28 Ekim’e davetli gazeteciler: Seçim hamlesi mi? 28 Ekim 2022, https://www.dw.com/tr/28-ekime-davetli-gazeteciler-se%C3%A7im-hamlesi/a-63553350 (բեռնման օրը՝ 20.06.2026).

[14] Türkiye Yüzyılı. Kurumsal Kimlik Rehberi. Ankara, 2022. https://turkiyeyuzyili.com/kurumsal-kimlik (բեռնման օրը՝ 20.06.2026).

[15] Arzen Y. Müzisyen ve besteci Yücel Arzen: “Türkiye Yüzyılı kendi kendimize söylenmiş bir şarkı değil, bir Hürriyet Çağrısıdır”. Anadolu Ajansı, 5 Kasım 2022, https://www.aa.com.tr/tr/kultur/muzisyen-ve-besteci-yucel-arzen-turkiye-yuzyili-kendi-kendimize-soylenmis-bir-sarki-degil-bir-hurriyet-cagrisidir/2730423 (բեռնման օրը՝ 21.06.2026).

[16] T.C. Cumhurbaşkanlığı Savunma Sanayii Başkanlığı. (2024). 2024 Yılı Faaliyet Raporu. Savunma Sanayii Başkanlığı Yayınları. https://www.ssb.gov.tr/storage/img/2024-yili-faaliyet-raporu.pdf (բեռնման օրը՝ 21.06.2026)։

[17] Human Rights Watch. Turkey: Dangerous, Dystopian New Legal Amendments. New York: Human Rights Watch, 14 October 2022, https://www.hrw.org/news/2022/10/14/turkey-dangerous-dystopian-new-legal-amendments?utm_source (բեռնման օրը՝ 22.06.2026)։

Օգտագործված գրականության ցանկ

  1. Ahmad, F. The Making of Modern Turkey. London: Routledge, 1993.
  2. Anderson, B. Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism. London: Verso, 2006.
  3. Cumhurbaşkanı Erdoğan “Türkiye Yüzyılı” vizyonunu açıkladı.
    Anadolu Ajansı, 28 October 2022,
    https://www.aa.com.tr/tr/info/infografik/30476
  4. Arslan, A. Clash of Sultans in Turkish Popular Culture: Conservative Abdulhamid vs. Secular Suleiman. Working Paper. York University, DOI: 10.13140/RG.2.2.26125.38883.
  5. Arzen, Y. Müzisyen ve besteci Yücel Arzen: “Türkiye Yüzyılı kendi kendimize söylenmiş bir şarkı değil, bir Hürriyet Çağrısıdır”.
    Anadolu Ajansı, 5 November 2022,
    https://www.aa.com.tr/tr/kultur/muzisyen-ve-besteci-yucel-arzen-turkiye-yuzyili-kendi-kendimize-soylenmis-bir-sarki-degil-bir-hurriyet-cagrisidir/2730423
  6. 28 Ekim’e davetli gazeteciler: Seçim hamlesi mi?
    Deutsche Welle Türkçe, 28 October 2022,
    https://www.dw.com/tr/28-ekime-davetli-gazeteciler-se%C3%A7im-hamlesi/a-63553350
  7. Erdoğan, R. T. Türkiye Yüzyılı Tanıtım Toplantısı’nda Yapılan Konuşma.
    İstanbul, 28 October 2022.
  8. Hobsbawm, E., Ranger, T. (eds.). The Invention of Tradition.
    Cambridge University Press,
  9. Turkey: Dangerous, Dystopian New Legal Amendments. New York:
    Human Rights Watch, 14 October 2022,
    https://www.hrw.org/news/2022/10/14/turkey-dangerous-dystopian-new-legal-amendments
  10. Korucu, S. Payitaht: Bir “Cumhurbaşkanı Abdülhamid” Portresi.
    Toplumsal Tarih, June 2019, pp. 52–57.
  11. Melkonyan, R. H., Poghosyan, N. H., Hakobyan, T. V. Politics in TV Series and TV Series in Politics: Case Study of Turkish Historical TV Shows.
    Вестник СПбГУ. Востоковедение и африканистика, 2024, Vol. 16, No. 4, pp. 797–809.
  12. C. Cumhurbaşkanlığı Savunma Sanayii Başkanlığı. 2024 Yılı Faaliyet Raporu. Ankara: Savunma Sanayii Başkanlığı Yayınları, 2024,
    https://www.ssb.gov.tr/storage/img/2024-yili-faaliyet-raporu.pdf
  13. Türkiye Yüzyılı.
    Kurumsal Kimlik Rehberi, Ankara, 2022.
    https://turkiyeyuzyili.com/kurumsal-kimlik
  14. White, J. B. Muslim Nationalism and the New Turks. Princeton University Press, 2013.
  15. Yavuz, M. H. Islamic Political Identity in Turkey. Oxford University Press, 2003.