Մեկնաբանություններ

Իսրայելի դիվանագիտական դեմարշը. հակազդեցություն F-35 նախագիծ Թուրքիայի վերադարձին

1 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 20.07.2026[1]

Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն դիմել է Սպիտակ տան ղեկավար Դ. Թրամփին՝ կոչ անելով հրաժարվել Անկարայի՝ որպես նորագույն սերնդի F-35 Lightning II կործանիչների արտադրության և սպասարկման ծրագրի լիիրավ մասնակցի, վերականգնման ծրագրերից: Դեմարշի համար առիթ են հանդիսացել Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ առաջնորդի հերթական հայտարարությունները, որտեղ նա հաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ վերակենդանացնելու թուրքական կողմի հետ ռազմատեխնիկական համագործակցության նախկին ձևաչափը:

Իր դեմարշի շրջանակներում Բ. Նեթանյահուն ուշադրությունը կենտրոնացրել է այն բանի վրա, որ F-35 նախագծին Անկարայի վերադարձն անխուսափելիորեն «Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության խախտման» կհանգեցնի՝ ուղղակիորեն մատնանշելով թուրքական ղեկավարության մոտ «ագրեսիվ ձգտումների» և նեոօսմանյան հավակնությունների առկայությունը: Իսրայելի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Թուրքիան տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստող սուբյեկտ չէ: Նրա համոզմամբ՝ նման հզոր ավիացիոն ներուժի փոխանցումն արմատական մի ռեժիմին, որը «Վաշինգտոնին բարեհաճություն է ցուցաբերում միայն պրագմատիկ շահի պահերին», ԱՄՆ-ի համար տարածաշրջանային ծավալման նոր ալիքի կվերածվի։ Այս խոսքում ակնհայտ քննադատություն է նկատվում Դ. Թրամփի հասցեին, որի հաճոյախոսական արտահայտությունները Ռ. Թ. Էրդողանի՝ որպես «լավ ընկերոջ» մասին, Թել Ավիվում լուրջ թերահավատություն են առաջացնում։ Նեթանյահուն, փաստորեն, Սպիտակ տանը նախազգուշացրել Է թուրքական երաշխիքներին չափից դուրս վստահելու առնչությամբ՝ դրանք համարելով միայն մարտավարական խուսավարում Անկարայի աշխարհաքաղաքական մեծ խաղում:

Օտարման պատմություն. С-400-ի գործարքից մինչև պատժամիջոցներ

F-35 նախագծից Անկարայի օտարման գործընթացն սկիզբ է առել 2017-ին, երբ թուրքական ղեկավարությունը, անտեսելով Վաշինգտոնի և Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերների կոշտ նախազգուշացումները, Մոսկվայի հետ համաձայնագիր ստորագրեց բարձր տեխնոլոգիական C-400 «Триумф» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման վերաբերյալ։ Այս քայլը Թուրքիայի յուրօրինակ արձագանքն էր ՆԱՏՕ-ի ներսում ձգձգվող բյուրոկրատական և ֆինանսական խոչընդոտներին, որոնք արգելափակում էին հակահրթիռային պաշտպանության ազգային ուրվագծի թարմացումը։ Որպես ռուս-թուրքական գործարքի դեմ արմատական  փաստարկ՝ Սպիտակ տունն առաջ է քաշել ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում ամերիկյան ավիացիոն հարթակների և ռուսական զենիթային համալիրների տեխնիկական անհամատեղելիության մասին թեզը: Բացի այդ, Վաշինգտոնը լուրջ մտահոգություններ է հայտնել Մոսկվայի տրամադրության տակ նորագույն կործանիչների գաղտնի կոդավորումների և մարտավարատեխնիկական չափանիշների հնարավոր արտահոսքի վերաբերյալ: Իսկ գլոբալ առումով Վաշինգտոնը տվյալ պայմանագիրը մեկնաբանել է որպես Անկարայի բաց քաղաքական դեմարշ, որը վնասում է Ատլանտյան համերաշխությանը Սիրիայում տարածաշրջանային դիմակայության սրման և ուկրաինական ճգնաժամի շուրջ լարվածության աճի համապատկերում:

Կողմերի հարաբերություններում անդառնալիության կետ դարձավ 2019 թվականը, երբ ռուսական C-400 «Триумф» դիվիզիոնների մատակարարման սկիզբը Վաշինգտոնին ստիպեց Անկարային վերջնականապես հեռացնել F-35 նախագծի մասնակիցների թվից։ 2020 թ. այս սահմանափակող միջոցը ձեռք է բերել պարտադիր բնույթ՝ ամրագրված լինելով պաշտպանության ազգային ծախսերի մասին օրենքում (NDAA)։ Նշված ակտի 1245-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Պենտագոնի վրա խիստ արգելք է դրվել F-35 ավիացիոն հարթակների տեղափոխման վրա, քանի դեռ ԱՄՆ գործադիր իշխանությունը չի հավաստել, որ Թուրքիան այլևս ռուսական C-400 համալիրներ չունի: Արդյունքում թուրքական կողմը բախվել է ոչ միայն ինքնաթիռների մատակարարման, այլև նախկինում կատարված մոտ $1,4 մլրդ կանխավճարների վերադարձի արգելափակման հետ։

Մի քանի տարի շարունակ ամերիկացի օրենսդիրները նաև զսպում էին F-16 կործանիչների մատակարարման և արդեն գոյություն ունեցող թուրքական ավիահավաքակայանի արդիականացման նոր պայմանագրերի կնքումը։ Այս միջոցառումները ժամանակավորապես սահմանափակեցին Թուրքիայի ՌՕՈՒ-ի թարմացման տեմպերը՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային մյուս գործընկերների զանգվածային վերազինման համապատկերում։ Մասնավորապես, Իսրայելին և Հունաստանին 5-րդ սերնդի F-35 կործանիչների զուգահեռ մատակարարումները երկար ժամանակ Անկարայի սուր արձագանքն էին առաջացրել, որը վախենում էր Արևելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռության փոփոխությունից։

Թուրքական KAAN ավիացիոն հարթակի ստեղծման ծրագրի իրականացման շուրջ տեղեկատվական համապատկերն առանձնանում է գնահատականների էական բևեռականությամբ։ Չնայած 5-րդ սերնդի այս կործանիչի՝ ոչ միայն համաշխարհային շուկայում գերիշխող դիրք գրավելու, այլև իր չափանիշներով ամերիկյան F-35-ները գերազանցելու ունակության մասին Թուրքիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռ. Թ. Էրդողանի պարբերաբար կատարած լավատեսական հայտարարություններին, մասնագիտացված փորձագիտական հանրությունն արձանագրում է, որ առկա են համակարգային տեխնոլոգիական խոչընդոտներ: Մասնավորապես, մասնագետները կենտրոնանում են ծանր համաձուլվածքների, ժամանակակից ավիոնիկայի և ուժային կայանքների մշակման ոլորտում կրիտիկական դժվարությունների վրա, որոնց թուրքական ռազմարդյունաբերական համալիրի՝ սեփական ուժերով արդյունավետ յուրացումը չափազանց խնդրահարույց է թվում։ Վաշինգտոնի կողմից գործող սահմանափակման ռեժիմը, փաստորեն, արգելափակում է Անկարայի համար դաշինքի ներսում բարձր տեխնոլոգիական իրավասություննների փոխանակման հնարավորությունները և անհնար  դարձնում առանցքային հանգույցների ու բաղադրիչների ձեռքբերումը: Բացի այդ, էական խոչընդոտ է մնում KAAN նախագծի հաջող իրագործման սահմանափակ պետական ֆինանսավորումը, ինչն այդքան ընդգրկուն ու պաշարատար ծրագրի իրագործման պայմաններում անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության ցուցանիշների վատթարացման։

ԱՄՆ-ի հետ մերձեցման նոր շրջապտույտը

Դրան զուգահեռ՝ սկսած 2020 թվականից, Անկարան հետևողականորեն դիվանագիտական ջանքեր է գործադրել՝ ուղղված սահմանափակման ռեժիմի ապաակտիվացմանը կամ, առնվազն, ամերիկյան պատժամիջոցների մասնակի մեղմացմանը։ Այս համատեքստում թուրքական կողմը խիստ պրագմատիկ կերպով շահագործեց փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը՝ Վաշինգտոնին պարտադրելով բարդ առևտրի ձևաչափ ատլանտյան և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Այս գործընթացում նշանակալի իրադարձություն էր 26.01.2024 թ. տարեթիվը, երբ Թուրքիան վերջնականապես հավանություն տվեց  Շվեդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին,  որից հետո Սպիտակ տան վարչակազմը պաշտոնապես նախաձեռնեց $23 միլիարդ արժողությամբ ծավալուն պայմանագրի ապաշրջափակման ընթացակարգը: Նշված գործարքը նախատեսում էր F-16 40 ժամանակակից ավիացիոն հարթակների մատակարարում, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիական սարքավորումների 80 լրակազմերի փոխանցում՝ արդեն Անկարայի ունեցած կործանիչների հավաքակայանի խորն արդիականացման համար։ Չնայած Ռենդ Փոլի գլխավորությամբ մի խումբ օրենսդիրների փորձին՝ կրկին վեթո դնել զենքի փոխանցման վրա, 01.03.2024 թ. ԱՄՆ Սենատը վերջնականապես օրինականացրեց համաձայնագրի իրականացումը:

Դ. Թրամփի երկրորդ նախագահության օրոք իրադարձությունների զարգացումը նշանավորվեց ռազմատեխնիկական մերձեցման նոր շրջափուլով. 2026 թ. հունիսի կեսերին Սպիտակ տունն օրենսդիրներին պաշտոնապես ծանուցեց Անկարային մոտ $700 միլիոն արժողությամբ General Electric F110 ուժային կայանքների խմբաքանակի մատակարարումն արտոնելու մտադրության մասին։ Թուրքական կողմի համար տվյալ պայմանագրի իրականացումը գոյութենական բնույթ է կրում, քանզի հենց այդ կայանքներն են կոչված ապահովելու KAAN կործանիչի առաջին նմուշների թռիչքային փորձարկումները միջանկյալ փուլում, որը նախորդում է սեփական TF 35000 շարժիչի մշակման հավակնոտ շրջափուլի ավարտին: Հատկանշական է դարձել նաև նախագահական վարչակազմի կոշտ դիրքորոշումը, որը ներկայացվել է Կապիտոլիումի բլրի առանցքային դեմքերի ուշադրությանը. CAATSA-ի սահմանափակման ակտի մեխանիզմների միջոցով փոխանցումն արգելափակելու ցանկացած փորձ Սպիտակ տան կողմից կասեցվելու է՝ խորհրդարանական հաստատման ստանդարտ ընթացակարգերը շրջանցող գործարքի իրականացման միջոցով:

Փորձագիտական հանրությունում գերակշռում է այն համոզմունքը, որ Թրամփի նախաձեռնությունը հնարավոր է դարձել բացառապես ռուսական C-400 «Триумф» ՀՕՊ զենիթային համակարգերի շահագործումից Անկարայի հրաժարվելու հարցի շուրջ վերջնական փոխհամաձայնության հասնելու շնորհիվ: Դեռևս 2025-ի վերջին թուրքական վերնախավի հետ փոխկապակցված տեղեկատվական աղբյուրները հայտնում էին հանրապետության ղեկավարության պատրաստակամության մասին՝ ապաակտիվացնել ռուսական գործոնն իր ՀՕՊ-ում՝ համալիրները ՌԴ հայրենադարձելու կամ դրանք 3-րդ երկրներ վերաարտահանելու միջոցով՝ Մոսկվայի համաձայնության առկայության դեպքում։ Որպես արմատական այլընտրանք դիտարկվել է համակարգերի ամբողջական հեռացման սցենարը, որը կոչված է վերջնականապես վերացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանական ուրվագծի տեխնոլոգիական ռիսկերի վերաբերյալ մտավախությունները: Անկարայի այս քայլը, որը կրում է Վաշինգտոնի հանդեպ պարտքային պարտավորության բնույթ, ճանապարհ է հարթում F-35 նախագծի լիիրավ մասնակիցների թվում Թուրքիայի վերաինտեգրման համար։ ԱՄՆ առաջնորդի հետևողական հայտարարությունները, որոնք հնչել են 2025 թ. դեկտեմբերից և հաստատվել ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովի ընթացքում, վկայում են սահմանափակման ռեժիմն ապամոնտաժելու Սպիտակ տան մտադրության մասին: Դա ենթադրում է ոչ միայն ավիացիոն հարթակների ուղղակի մատակարարումների վերսկսում, այլև բարենպաստ իրավիճակի ստեղծում Թուրքիայի ազգային ավիացիոն արդյունաբերության հարկադիր զարգացման համար։

Աշխարհաքաղաքական ռիսկ. սպառնալիք ուժերի հավասարակշռությանը

Մերձավոր Արևելքում Բ. Նեթանյահուի դեմարշն արտացոլում է Թել Ավիվի մտահոգությունը թուրքական օդուժի որակական ուժեղացման հետևանքով տարածաշրջանային օդային տարածքում տեխնոլոգիական գերիշխանության հնարավոր կորստի կապակցությամբ: Մերձավոր Արևելքում «ուժերի հավասարակշռության անխուսափելի խախտման» մասին Իսրայելի առաջնորդի հիմնարար թեզը պետք է մեկնաբանել ոչ թե որպես հուզական հռետորաբանության տարր, այլ իբրև ստեղծված անվտանգության ճարտարապետությանն իրական սպառնալիքի արձանագրում։ Անկարայի մոտ հրեական պետության մարտավարական միջուկային զինանոցի համարժեքի բացակայության պայմաններում հենց օդաչուավոր ավիացիայի հատվածում գերակայությունն է մնում առանցքային գործոն, որն Իսրայելին ռազմավարական առավելություն է ապահովում Թուրքիայի հետ տարածաշրջանային մրցակցության շրջանակներում:

Կանոնավոր զինված ուժերի, զրահատանկային ներուժի, հրետանային հարթակների և, առաջին հերթին, ռազմածովային բաղադրիչի քանակական հարաբերակցության չափանիշները ցույց են տալիս ակնհայտ անհավասարակշռություն, որը չի զարգանում Թել Ավիվի օգտին: Թուրքական բանակն իր օպերատիվ հնարավորություններով և թվակազմով պահպանում է Հյուսիսատլանտյան դաշինքի նշանակությամբ երկրորդ ուժի կարգավիճակը՝ ԱՄՆ-ից հետո։ Այս ոլորտում Անկարայի էական առավելությունը ներմուծման փոխարինման բարձր աստիճանն է. սպառազինությունների շուրջ 80%-ը վերարտադրվում է ազգային ռազմարդյունաբերական համալիրի հզորությունների միջոցով։

Իսրայելական ռազմաքաղաքական փորձաքննության գնահատականներով՝ վերջին տարիներին Թուրքիան «անհավանական հաջողություններ» է գրանցել զինված ուժերի բոլոր տեսակների խորը վերազինման և բարձր տեխնոլոգիական պատերազմի հոլովույթում դրանց ինտեգրման ոլորտում: Թուրքական կողմը բավական արդյունավետորեն ավելացնում է հարվածային և հետախուզական ԱԹՍ-ների, ժամանակակից տանկերի, ինչպես նաև ռեակտիվ և դաշտային հրետանային համակարգերի լայն անվանացանկի արտադրությունը։ Զգալի առաջընթաց է գրանցվել նույնիսկ ռազմական նավաշինության հատվածում, որտեղ սեփական իրավասությունների ներդրման հաշվին Անկարան գրեթե ամբողջությամբ ապահովում է ռազմածովային ուժերի կարիքները։ Վերլուծաբաններն արձանագրում են, որ չնայած ՑԱԽԱԼ-ի բարձր տեխնոլոգիական հագեցվածությանը, Թել Ավիվը, ի դեմս Թուրքիայի, բախվում է չափազանց վտանգավոր հակառակորդի հետ, որը, ի տարբերություն Իսրայելի, ունի ռազմական գործողությունների անհերքելի առավելություն ցամաքային և ծովային թատերաբեմերում զգալի ռազմավարական խորության տեսքով։

Ելնելով վերոգրյալից՝ օդաչուավոր ավիացիան հանդես է եկել որպես միակ ռազմավարական բաղադրիչ, որն ապահովում է հրեական պետության ռազմատեխնիկական հավասարության պահպանումը թուրքական կողմի հետ գլոբալ դիմակայությունում։ Հենց օդային տարածքում տեխնոլոգիական գերազանցությունն էր որպես ռիսկերի մեղմացման հուսալի գործիք ծառայել Թել Ավիվի համար՝ թույլ տալով երկկողմ հակասությունների սրման պայմաններում զսպել Անկարայի ծավալապաշտական ներուժը և նվազագույնի հասցնել նրա ուղղակի ուժային միջամտությունը տարածաշրջանային գործընթացներին։ Ներկայումս թուրքական ՌՕՈՒ-ն ապրում է համակարգային ճգնաժամի շրջան, որը պայմանավորված է ոչ միայն նոր սերնդի բարձր տեխնոլոգիական ավիացիոն հարթակների ձեռքբերման խոչընդոտներով, այլև առկա ավիահավաքակայանի կրիտիկական մաշվածությամբ: Այս վատթարացումն ազդում է ոչ միայն հարվածային բաղադրիչի, այլև ռազմատրանսպորտային հատվածի վրա, ինչը հստակ հաստատվում է Lockheed Martin C-130 Hercules ինքնաթիռի աղետով, որը տեղի է ունեցել 11.11.2025 թ.։ Հաշվի առնելով, որ վթարի ենթարկված ինքնաթիռը շահագործման մեջ էր 1968 թվականից, մասնագիտացված փորձագիտական համայնքն այս միջադեպը դիտարկում է որպես հնացած սարքավորումների կառուցվածքային պաշարի կրիտիկական սպառման բնական հետևանք: Այս դեպքում ինքնաթիռը պետք է փոխարինվի:

Վերջին տասնամյակի ընթացքում մարդատար ավիացիայի թուրքական հատվածը գտնվում էր ակնհայտ լճացման վիճակում, ինչը հակադրվում էր ուղղաթիռաշինության ոլորտում ունեցած հաջողություններին, որտեղ Turkish Aerospace կոնցեռնի հզորությունները թույլ տվեցին բանակն ապահովել մարտական մեքենաների սեփական շարքով: Այս անհամաչափությունն իսրայելական ՌՕՈՒ-ին երաշխավորել է անհերքելի տեխնոլոգիական գերակայություն Մերձավոր Արևելքի և Արևելյան Միջերկրական ծովի օդային տարածքում։ Հաշվի առնելով ռազմավարական ավիացիայի հիմնարար նշանակությունը ժամանակակից անվտանգության ճարտարապետության մեջ, հենց այս գործոնն է ծառայել որպես արդյունավետ հակակշիռ թուրքական զինված ուժերի զգալի թվային գերազանցությանը ցամաքային և ծովային թատերաբեմերում: Այսպիսով, Թել Ավիվին հաջողվում էր պահպանել ռազմա-ռազմավարական հավասարակշռությունը, որը հուսալի գործիք էր Անկարայի ծավալապաշտական նկրտումները զսպելու համար։

Վաշինգտոնի նախաձեռնած միջոցառումները, որոնք ուղղված են թուրքական ՌՕՈՒ-ում «ավիացիոն պակասի» վերացմանը, Թել Ավիվի կողմից դիտարկվում են որպես գոյութենական մարտահրավեր, որը հղի է տեխնոլոգիական գերիշխանության կորստով և մերձավորարևելյան տարածքում Իսրայելի ռազմաքաղաքական ազդեցության համակարգային վատթարացմամբ: Հենց այս համատեքստում պետք է մեկնաբանել Բ. Նեթանյահուի նախազգուշացումը. F-35 նախագծի վերակենդանացումը Անկարայի համար ոչ այնքան ՆԱՏՕ-ի անդամ երկրի զինված ուժերի արդիականացման գործիք է, որքան տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության ապամոնտաժման հիմնարար ձգան։ Իսրայելի ղեկավարության համոզմամբ, նման սցենարն անխուսափելիորեն կվնասի հենց Սպիտակ տան երկարաժամկետ ռազմավարական շահերին: Ստեղծված իրավիճակում կանխատեսվում է Սենատում, Կոնգրեսում և Թրամփի մերձավոր շրջապատում իսրայելական լոբբիստական կառույցների կտրուկ ակտիվացում՝ ուղղված գործարքին կոշտ հակազդմանը և F-35 Lightning II-ի մատակարարումների նկատմամբ սահմանափակող ռեժիմի երկարաձգմանը:

Եզրակացություն

Կարելի է ենթադրել, որ Թել Ավիվի հետագա ռազմավարությունը կկենտրոնանա զենքի պայմանագրի զուտ տեխնիկական կողմը լայնածավալ աշխարհաքաղաքական երկընտրանքի վերածելու վրա։ Սպիտակ տան առջև դրված է երկու առանցքային տարածաշրջանային դաշնակիցների միջև ընտրության հարցը, որոնց հետ Վաշինգտոնը պատրաստ է կիսել Մերձավոր Արևելքում անվտանգության ճարտարապետության համար պատասխանատվության բեռը: Իսրայելի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հավասարության և հավասարակշիռ փոխգործակցության պահպանման սցենարը վերջնականապես մերժվեց Իսրայելի ղեկավարության կողմից՝ որպես անընդունելի։


[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 11.07.2026 թ.: