Մեկնաբանություններ

ՇՀԿ-ն 2026 թ. Բիշքեկյան գագաթնաժողովից հետո

ШОС после Бишкекского саммита 2026 года
8 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 14.09.2026 թ.[1]

1. Բիշքեկի գագաթնաժողով. բազմաբևեռության հռչակագիր և ինտեգրման նոր ուղեգծեր

31.08.2026 թ. Բիշքեկում մեկնարկել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 26-րդ գագաթնաժողովը։ Միջոցառմանը ներկա էին եվրասիական ավելի քան 20 երկրներ՝ կազմակերպության անդամների, “երկխոսության գործընկերների” և “դիտորդների” քաղաքական առաջնորդների ու պատվիրակությունների մակարդակով: Գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել են շուրջ 3 տասնյակ ամփոփիչ փաստաթղթեր, այդ թվում՝ առանցքային “Բիշքեկյան հռչակագիրը կազմակերպության 25-ամյակի կապակցությամբ”, որում “արձանագրվել են երկրների դիրքորոշումները բազմաբևեռ աշխարհի ձևավորման հարցում” և հռչակվել է ՇՀԿ-ի՝ որպես գլոբալ աշխարհակարգի ամենաազդեցիկ քաղաքական և տնտեսական կենտրոններից մեկի, կարևոր դերը:

Փաստաթուղթը ներառել է 4 հիմնական ուղերձ.

  1. Ստորագրողները հանդես են եկել միակողմանի հարկադրանքի միջոցների դեմ, որոնք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի այլ նորմերին, ինչպես նաև ԱՀԿ կանոններին և սկզբունքին:
  2. Դիրքորոշում են հայտնել գլոբալ տնտեսական կառավարման համակարգի հետագա բարեփոխման և կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ։
  3. Դատապարտել են Իրանի դեմ ռազմական հարվածները, հաստատել աջակցությունը նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
  4. Հաստատել են նախկինում հայտարարված սկզբունքներն առ այն, որ ՇՀԿ-ն ռազմաքաղաքական դաշինք չէ։

Գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված մյուս փաստաթղթերը վերաբերել են էներգետիկայի, լոգիստիկայի և ծովային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցությանը, տվյալների մշակման տարածաշրջանային կենտրոնների ստեղծմանը, ԱԻ անվտանգ օգտագործման պայմանների համաձայնեցմանը, ինչպես նաև ահաբեկչության, ծայրահեղականության, նարկոթրաֆիկի և կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուժեղացմանը:

2. Հաստատութենական փակուղիներ. Զարգացման բանկը և ՇՀԿ ընդլայնման ճգնաժամը

Ընդհանուր առմամբ, ՇՀԿ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և հետագա փոխգործակցության համաձայնեցված ժամանակացույցերի ծավալը բավականին տպավորիչ է: Միևնույն ժամանակ, փորձագետները, առավելապես ռուս, ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Բիշքեկի գագաթնաժողովի արդյունքները հստակություն չեն մտցրել առանցքային հայեցակարգային հարցերում, որոնք որոշում են կազմակերպության բովանդակային հեռանկարը: Մասնավորապես, չլուծված է մնում զարգացման բանկի և ՇՀԿ անկախ վճարային համակարգի ձևավորման խնդիրը, որոնց ստեղծման մասին որոշումը ամրագրված է անցյալ տարվա Տյանցզինի գագաթնաժողովի հռչակագրում: Բիշքեկում այս թեմայի առարկայական քննարկման բացակայությունը վկայում է այդ ուղղությամբ շոշափելի առաջընթացի բացակայության մասին, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Եվրասիական տարածաշրջանում ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցային ռեժիմի հետ կապված ռիսկերով: Վերլուծաբանները զուգահեռներ են անցկացնում BRICS-ի Զարգացման նոր բանկի հետընթաց փորձի հետ, որը ստեղծվել է ԱՄՆ-ի ֆինանսական գերիշխանության համահարթեցման համար, սակայն այժմ սահմանափակված է Ռուսաստանում և Իրանում նախագծերը ֆինանսավորելու հնարավորությամբ՝ Արևմուտքի երկրորդական պատժամիջոցների կիրառման սպառնալիքի պատճառով:

Մեկ այլ կարևոր խնդիր դարձավ ՇՀԿ-ի ընդլայնման գործընթացի դադարեցման փաստը՝ նախորդ տարիներին այս ոլորտում արձանագրված բարձր ակտիվությունից հետո։ Ենթադրվում էր, որ ՇՀԿ-ում նոր անդամներ ընդունելու պարզեցված ընթացակարգից հետո, ինչը հաստատվել էր 2025 թվականի սեպտեմբերին՝ Տյանցզինի գագաթնաժողովում, “գործընկեր երկրները” և “դիտորդ երկրները” կազմակերպությանը լիարժեք մասնակցության հայտեր կներկայացնեն անմիջապես, սակայն անցած տարվա ընթացքում ոչ մի նման նախաձեռնություն չի գրանցվել։ Վերլուծաբանների կարծիքով, ՇՀԿ-ի հիմնական կազմում նոր պետությունների ընդունումը, ամենայն հավանականությամբ, գործնականում կմնա “սառեցված վիճակում”՝ կապված կազմակերպությունում ներքին վերափոխումների հետ: Միևնույն ժամանակ, նրանք մատնանշում են այն հանգամանքը, որ անդամակցության ներունակ թեկնածու որոշ երկրներ սկսել են մեծ զգուշությամբ վերաբերվել անդամակցության գաղափարին՝ թշնամաբար տրամադրված պետությունների հետ միասնական համակարգում աշխատելու ցանկության բացակայության պատճառով։ Մասնավորապես, բերվում է Պարսից ծոցի 5 արաբական միապետությունների օրինակը, որոնք ՇՀԿ-ի գործընկերների կարգավիճակ ունեն, սակայն առայժմ հրաժարվում են կազմակերպությանն անդամակցել Իրանի պատճառով, որը նրա լիիրավ անդամ է դարձել տակավին 2023 թվականին։

3. «Խանդը» և առաջնահերթությունները. իրանական թղթապանակը և ուկրաինական հարցը

Միևնույն ժամանակ, ռուսական փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում այն հանգամանքի կապակցությամբ, որ Ուկրաինայի հարցը Բիշքեկում չի դարձել հանրային քննարկումների կենտրոնական թեմաներից մեկը և չի արձանագրվել ամփոփիչ հռչակագրում, ինչի համար նրանք կշտամբում են Չինաստանին, որի ղեկավարությունը, ըստ երևույթին, տաբուացրել է այս օրակարգը և այն հանել կանոնակարգից: Հնարավոր է, որ Ռուսաստանում դրան ավելի ըմբռնումով վերաբերվեին, եթե իրանական հարցը չբարձրացվեր գագաթնաժողովի գրեթե գլխավոր խնդրի աստիճանի։ Մոսկվայի համար Եվրասիայում արևմտյան ռազմաքաղաքական ճնշման երկու ուղղությունների՝ Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի նշանակությունն առնվազն համարժեք է, և այդ պատճառով ռուս վերլուծաբանները գագաթնաժողովի զուտ իրանական օրակարգին որոշ չափով խանդով են վերաբերվել։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վ. Պուտինն ուկրաինական թեմայի ակտիվ քննարկում է նախաձեռնել գագաթնաժողովի շրջանակներում՝ ՇՀԿ միավորման առավել նշանակալից անդամ երկրների և թեկնածու պետությունների ղեկավարների հետ կայացած երկկողմ հանդիպումների ընթացքում:

Ամերիկյան վերլուծաբանները նաև ուշադրություն են դարձրել այս գործոնին՝ եզրակացնելով, թե Պեկինը, որը, փաստորեն, առաջատար դիրքեր է զբաղեցնում ՇՀԿ-ում, ցույց է տվել իրանական խնդիրների և Պարսից ծոցի տարածաշրջանում ապասրացման առաջնահերթությունը, որի կայունությունից ուղղակիորեն կախված է չինական տնտեսության կայունությունը: ԱՄՆ-ի փորձագիտական հանրությունում նշվում է, որ Ուկրաինայում ձգձգվող հակամարտությունը որոշ չափով համապատասխանում Է ՉԺՀ-ի շահերին, քանի որ հանգեցնում է Արևմուտքի պաշտպանական պաշարների սպառմանն ու, միաժամանակ, ուժեղացնում է Ռուսաստանի կախվածությունը չինական բարձր տեխնոլոգիական ռազմաարդյունաբերական համալիրից, ապրանքների լայն շրջանակի ներմուծումից և ֆինանսական վարկավորումից: Միևնույն ժամանակ, Իրանի շուրջ սրացումն էապես ոտնահարում է Պեկինի ռազմավարական շահերը՝ հրահրելով Իրանից և Սաուդյան Արաբիայից էներգապաշարների ներմուծման համակարգված խափանումներ, ինչպես նաև ֆյուչերսային շուկաներում գնանշումների կտրուկ տատանումներ: Այս համապատկերում ՉԺՀ ղեկավարությունն ուշադրությունը կենտրոնացրել է իրանական ճգնաժամի վրա՝ այն դարձնելով Բիշքեկի գագաթնաժողովի առանցքային հարցերից մեկը, քննարկումների մեխանիզմների և ՇՀԿ ամփոփիչ հռչակագրի միջոցով ԱՄՆ-ի վրա դիվանագիտական ճնշման լրացուցիչ լծակ ձևավորելու նպատակով:

4. Վաշինգտոնյան հաշվարկ. զսպման ռազմավարություն կառուցվածքի անհավասարակշռեցման միջոցով

Ընդհանուր առմամբ, ՇՀԿ-ի անցած գագաթաժողովին Վաշինգտոնի արձագանքն առանձնանում է զսպվածությամբ. չնայած Բիշքեկում Իրանի նկատմամբ ամերիկյան ուղեգծի քննադատությանը, ԱՄՆ-ը լուրջ մտահոգություն չի հայտնում: Ամերիկայում կարծում են, որ կազմակերպությունը նախկինի պես մի միավորում է, որը կապված է մասնակիցների կոնյունկտուրային և իրավիճակային շահերի հետ և միատարր բլոկ դառնալու ներուժ չունի։

2000-ական թթ. սկզբին “Շանհայի ակումբի” ձևավորումը Միացյալ Նահանգների կողմից ի սկզբանե դիտարկվում էր որպես մի ուղեգիծ, որն ունակ է դոլարի գերակայությունը և մայրցամաքում ԱՄՆ դիրքը խաթարող անվտանգության և աշխարհատնտեսական զարգացման այլընտրանքային համակարգ առաջարկել Եվրասիային: Այս մտահոգությունները նկատելիորեն աճել են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ ռազմարշավի, ինչպես նաև հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների շարքի համապատկերում: Այս իրադարձությունները Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի պետություններին դրդեցին ակտիվորեն մերձենալ ՇՀԿ-ին: Քանի որ Բալկաններից մինչև Հարավարևելյան Ասիա աղեղում Վաշինգտոնի գործունեությունն ավելի էր խստանում, կազմակերպության աշխարհագրական ընդգրկումն ու կազմն արագորեն աճում էին: ԱՄՆ-ի համար առանցքային խնդիր էր թույլ չտալ ՇՀԿ-ի քանակական աճի վերափոխումը որակապես նոր աշխարհատնտեսական կառուցվածքի և ուժի գլոբալ կենտրոնի, որը կարող է վիճարկել ամերիկյան գերակայությունն արևելյան կիսագնդում:

Այս առումով գոյություն ունի տեսակետ, թե Միացյալ Նահանգներին ձեռնտու էր ոչ թե Չինաստանի և Ռուսաստանի կողմից ՇՀԿ-ի համակարգված ամրապնդումը մասնակիցների մանրակրկիտ ընտրությամբ, այլ դրա սրընթաց ընդլայնումը: Սա “Շանհայի ակումբը” վերածեց մի անհավասարակշիռ և ծանրաշարժ միավորման, որն ակնհայտորեն ի վիճակի չէր ներքին միասնություն զարգացնել և դատապարտված էր հաղթահարելու ներքին խորը հակասությունները։ Իր եվրասիական ռազմավարության շրջանակներում Վաշինգտոնը հմտորեն գործի է դրել այդ գործոնը՝ ստեղծելով նախադրյալներ, իսկ երբեմն էլ ավանդական գործընկերներին (ներառյալ Հնդկաստանին ու Պակիստանին) դրդելով անդամակցել ՇՀԿ-ին։ Նման մոտեցումը ծանրացրեց կառուցվածքը, լղոզեց Պեկինի ու Մոսկվայի առաջատար դիրքերը և հիմք դրեց կենտրոնախույս միտումների համար։

Մինչև վերջին ժամանակներս ԱՄՆ-ը հանդուրժողականության քաղաքականություն էր որդեգրել իր հիմնական մրցակիցների կողմից ձևավորվող առանցքի ընդլայնման նկատմամբ։ Դրանով է բացատրվում ՇՀԿ-ին Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և մերձավորարևելյան այլ դաշնակիցների անդամակցության ընթացակարգերը սկսվելու վերաբերյալ Վաշինգտոնի չեզոք դիրքորոշումը։ Ընդլայնելով կազմակերպության աշխարհագրությունը մինչև Առաջավոր Ասիայում իր ռազմավարական շահերի գոտին՝ ԱՄՆ-ը հույս ուներ լրացուցիչ լծակներ ձեռք բերել ՇՀԿ-ում ներքին գործընթացների վրա ազդելու համար, ընդհուպ մինչև անհրաժեշտության դեպքում կառույցի քայքայումը հրահրելու հնարավորությունը։

Զուգահեռաբար, հատուկ հետաքրքրություն է առաջացնում ՇՀԿ տարածքի հենց կենտրոնում բազմակողմանի դաշինքների հայտնվելը, ինչպիսիք են թյուրքական պետությունների կազմակերպությունը (OTG) և, այսպես կոչված, “սունի ՆԱՏՕ”-ն (Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա): Հնարավոր է, որ այս գործընթացներում նաև ամերիկյան միջամտություն է տեղի ունեցել։ Ըստ ամենայնի, նման ռազմավարությունը դիտվում է որպես ամենաարդյունավետ գործիքը՝ կանխելու ՇՀԿ-ի վերափոխումը աշխարհատնտեսական ինտեգրացիոն նախագծից ռազմաքաղաքական հարթակի։ Վաշինգտոնում մտավախություն ունեն, որ կազմակերպությունն իր իսկ դիրքավորմանը համապատասխան կարող է հավակնել գերիշխող դերակատարման նոր աշխարհակարգում։

5. Ներքին շփում. հնդկական բոյկոտ և պաշտպանական համախմբման փակուղի

Ամերիկացի վերլուծաբաններն ուղղակիորեն շեշտում են, որ Պակիստանի և Հնդկաստանի, Հնդկաստանի և Չինաստանի, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի միջև հիմնարար տարաձայնություններն էապես խաթարում են ՇՀԿ-ի գործունեության կենտրոնացումը, կայունությունը և արդյունավետությունը: Իրավիճակը բարդացնում է նաև մշտական անդամի կարգավիճակ ստանալու Թուրքիայի ձգտումը. Անկարան հետապնդում է սեփական աշխարհաքաղաքական օրակարգը և շփումներ ունի կազմակերպության բազմաթիվ մասնակիցների ու դիտորդների հետ: Այսպես, օրինակ, կազմակերպությանը Թեհրանի անդամակցության հետ մեկտեղ ՇՀԿ տարածք է անցել իրանա-արաբական առճակատման խնդիրը։

«Շանհայի ակումբի» 25-ամյա պատմությունը հստակ ցույց է տալիս, որ ՇՀԿ-ն գլոբալ տարաձայնությունների լուծման արդյունավետ հարթակի չի վերածվել, թեև դա հայտարարվում էր դրա ստեղծման ժամանակ։ Ընդհակառակը, քանի որ կազմակերպությունն ընդլայնվում է, առկա խնդիրներն ու հակասությունները միայն կուտակվում և համակարգվում են: Միավորման աշխատանքի ընթացքում չի հաջողվել կառուցողականորեն կարգավորել ոչ մի հիմնարար հակամարտություն, ներառյալ Պեկինի համար առավել կրիտիկական հարցերը, որոնց լուծումը կենսականորեն անհրաժեշտ է Եվրասիական տարածաշրջանում չինական ազդեցության առաջմղման համար:

Այս միտման վառ ապացույցն է “Մեկ գոտի, մեկ ճանապարհ” չինական հայեցակարգի վերաբերյալ Նյու Դելիի համակարգված դեմարշը. Հնդկաստանը բոյկոտում է այս նախաձեռնությունը և հրաժարվում է դրա վրա համատեղ աշխատել ՇՀԿ-ի շրջանակներում: Հնդկական կողմն իր դիրքորոշումը բացահայտորեն հիմնավորում է ազգային ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքով, քանի որ չին-պակիստանյան առանցքային երթուղին անցնում է Քաշմիրի վիճելի Գիլգիտ–Բալթիստան շրջանով: Վերլուծաբանները նաև նշում են, որ Նյու Դելին նպատակաուղղված հակազդում է Պեկինի առևտրատնտեսական նախագծին՝ առաջնահերթություն տալով այլընտրանքային անդրմայրցամաքային մայրուղիներին՝ “Հյուսիս–Հարավ” միջանցքին և IMEC երթուղուն: Քանի որ “Մեկ գոտի, մեկ ճանապարհ” նախաձեռնությունը ետնաբեմերում դիտարկվում է որպես ՇՀԿ-ի հիմք և հիմնական առանցք, Հնդկաստանի անհաշտ դիրքորոշումը հիմնարար մարտահրավեր է ստեղծում ամբողջ կառույցի կայունության համար:

ՇՀԿ-ի ներսում ներքին հակասությունների կուտակված համալիրը նկատելիորեն նվազեցրել է Վաշինգտոնում մտահոգության մակարդակը։ Մի կողմից, չինական յուանին դեռևս չի հաջողվել ասիական շուկաներում դուրս մղել ամերիկյան դոլարը՝ հակառակ նախկինում հնչեցրած կանխատեսումների։ Մյուս կողմից, կառույցի ընդլայնման խառնաշփոթ գործընթացը հանգեցրել է նրան, որ Հյուսիսային Կորեան՝ կորպորատիվ աշխարհաքաղաքականության ոլորտի զգուշավոր մասնակիցը, կորցրել է հետաքրքրությունը դրա նկատմամբ, ինչը դրական ազդանշան է դարձել ԱՄՆ-ի համար։ Ի սկզբանե Վաշինգտոնում մտավախություն ունեին, որ ՇՀԿ-ն կարող է վերածվել “3+1” ձևաչափի կոշտ հակաարևմտյան միջուկային բլոկի, որը բաղկացած է ՌԴ-ից, ՉԺՀ-ից, ԿԺԴՀ-ից և միջուկային զենքի ստեղծմանը տեխնոլոգիապես մոտ ԻԻՀ-ից: Նման դաշինքը կձևավորեր վճռորոշ գերակայություն, որը թույլ կտար արմատապես վերանայել անվտանգության ճարտարապետությունն ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հնդկական Օվկիանոսի արևմուտքում: Այնուամենայնիվ, ամերիկացի վերլուծաբանների հրատապ ռազմավարական գնահատականներն առայժմ քիչ հավանական են դիտարկում նման հեռանկարը։

6. “Շանհայի ոգու” վրա Պեկինի երկարաժամկետ դրույքն ամերիկյան ճնշման պայմաններում

Իր հերթին Չինաստանն իրեն բնորոշ հանգիստ ձևով շարունակում է վստահություն ցուցաբերել երկրների “Շանհայի ակումբի” հեռանկարների վերաբերյալ։ Չինացի փորձագետները ՇՀԿ-ի 25-րդ գագաթնաժողովը համարում են նշանակալից հանգրվան կազմակերպության կենսագրության մեջ, քանզի, նրանց տեսանկյունից, այդ ձևաչափը վերստին ապացուցեց, որ հիմնված է փոխադարձ շահի և վստահության, իրավահավասարության, երկխոսության, մշակույթների բազմազանության և բոլոր անդամ երկրների շահերի հարգանքի վրա՝ անկախ դրանց չափից ու հզորությունից: Այս ամենը թույլ է տալիս ՇՀԿ-ին վստահաբար առաջ շարժվել նույնիսկ “համաշխարհային ուժերի աննախադեպ ագրեսիվացման պայմաններում, որոնք հանդես են գալիս համաշխարհային կարգի միաբևեռ համակարգի պահպանման օգտին”։ Նման եզրահանգումները համապատասխանում են Պեկինի գաղափարախոսական-քարոզչական խոսույթին ու հենվում են Ղրղզստանում կայացած գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի թեզիսներին, որտեղ նա վերստին շեշտադրել է “Շանհայի ոգու” հաղթական դրսևորումը։ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հասկացնում է, որ իրավիճակային ու դրվագային խնդիրներն սկզբունքորեն չեն կարող կանգնեցնել “հետգաղութային դարաշրջանի ասիական ժառանգության ժողովման” գործընթացը, որը ծրագրավորված է երկարաժամկետ հեռանկարի համար ու լիցքավորված ռազմավարական համբերատարությամբ:

Չինաստանը, ինչպես աշխարհի ոչ մի այլ երկիր, փորձագետների կարծիքով, ունի այդ “համբերությունը” և, համենայն դեպս, արտաքուստ բացարձակ վստահություն է ցուցաբերում ՇՀԿ հարթակում առաջ քաշված նախաձեռնությունների հաջողության հարցում: Հարցն այն է, թե, արդյոք, ԱՄՆ-ը կհամաձայնի՞ այսուհետ ևս հանդուրժել ՇՀԿ ձևավորման անշտապ ռիթմն ու շարժընթացը, ինչպես դա անում էին վերջին տարիներին՝ անտեսելով “Շանհայի նախաձեռնության” վտանգը, թե՞, այնուամենայնիվ, հենց այդ անշտապության մեջ կտեսնի իր դիրքերի համար ամենամեծ սպառնալիքն Ասիայում և ամբողջ աշխարհում։


[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 11.09.2026 թ.: