Հրապարակում
ՆԱՏՕ-ի Սևծովյան թևը. անվտանգության ճարտարապետության վերափոխման միտումները (2014–2026 թթ.)

NATO’s Black Sea Wing: trends in security architecture transformation (2014–2026)
Simavoryan A. S.
Summary
The article analyzes the trends in the strategic transformation of NATO’s Black Sea Wing in 2014–2026 in the context of geopolitical developments and the Alliance’s summit in Ankara in July. Special attention is paid to the factor of Turkey as an “irreplaceable player” for Washington and NATO, which allows Ankara, under its own authoritarian regime, to successfully advance the “regional responsibility” agenda and maintain the exclusivity of the Montreux Convention. Russia’s geopolitical concerns regarding NATO’s “restrictive contours” and Moscow’s possible asymmetric countermeasures are also considered.
ՆԱՏՕ-ի Սևծովյան թևը. անվտանգության ճարտարապետության վերափոխման միտումները (2014–2026 թթ.)[1]
Արեստակես Ս. Սիմավորյան[2]
Ներածություն
Ինչպես հայտնի է, Սևծովյան տարածաշրջանը պատմականորեն եղել է եվրոպական մայրցամաքի աշխարհաքաղաքական մրցակցության ամենաբարդ հանգույցներից մեկը: Կատարելով Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև ռազմավարական կամրջի դերը՝ Սև ծովի ավազանը տևական ժամանակ է հանդիսանում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) և Ռուսաստանի Դաշնության շահերի բախման ու հատման առանցքային գոտի: Մինչև 2014 թվականը, ավելի հստակ՝ Ղրիմում կայացած հանրաքվեից հետո, Դաշինքը Սև ծովը հիմնականում տարածաշրջանային գործընկերության և «մեղմ անվտանգային» տեսանկյունից էր դիտարկում։ Մինչդեռ հաջորդ տարիների իրադարձությունները, որոնք գագաթնակետին հասան 2022 թ. ռուս-ուկրաինական լայնածավալ ռազմական բախմամբ, արմատապես փոխեցին այս տեսանկյունը: 2026 թ. դրությամբ ՆԱՏՕ-ի Սևծովյան թևը ծայրամասային ուղղությունից, կարելի է ասել, վերածվել է ռազմավարական զսպման առաջնագծի, որի ուղղությամբ անվտանգության հիմնական մարտահրավերները պահանջում են դաշնակիցների աննախադեպ մակարդակի համակարգում և երկարաժամկետ պաշտպանական պլանավորման աշխատանքներ:
Դաշինքի դոկտրինի ռազմավարական տեղաշարժը. «հարմարվողական ռազմավարությունից» դեպի «առաջադեմ պաշտպանություն»
Սևծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անվտանգային մոտեցումների աստիճանական զարգացումը վկայում է Բրյուսելի ռազմավարական մտածողության ընդհանուր տեղաշարժի մասին, այն է՝ ճգնաժամային արձագանքման մարտավարությունից անցում դեպի համապարփակ զսպման հայեցակարգի։ Վերափոխումների մեկնարկային կետը տրվեց 2016 թ. Վարշավայի գագաթնաժողովում, որտեղ հաստատվեց, այսպես կոչված, «Հարմարեցված առաջադեմ ներկայություն» (tailored Forward Presence (tFP) հայեցակարգը[3],:
Հայեցակարգով ենթադրվում էր ուժերի ռոտացիոն տեղակայում, որի շրջանակներում Ռումինիայում ձևավորվեց բազմազգ շրջանակային բրիգադ, ինչպես նաև ակտիվացան ցամաքային և ծովային զորավարժությունները։ Բացի այդ, 2016 թ. վերջին Ռումինիայի Դևեսելու բնակավայրում ՆԱՏՕ հրամանատարության նեքո տեղակայվեց «Aegis Ashore» հակահռթիռային պաշտպանության համակարգը[4], ինչը թույլ տվեց համակարգին գործել Իսպանիայի Ռոտա նավահանգստում տեղակայված ԱՄՆ Aegis BMD նավերի և Թուրքիայում տեղակայված TPY-2 ռադարի հետ համատեղ[5]։ 2017 թ. հունվարին Ռումինիայի ափերի մոտ տեղի ունեցավ Դաշինքի «Ծովային վահան» անվանումով վարժանքները, որոնց մասնակցեցին ՆԱՏՕ-ի երկրներ՝ Բուլղարիան, Կանադան, Հունաստանը, Ռումինիան, Իսպանիան, ԱՄՆ-ն և Թուրքիան։
Դաշինքն ընդհանուր առմամբ չէր նպատակադրել գերռազմականացնել տարածաշրջանը, փոխարենը նման գործողություններով ի ցույց էր դնում անդամ երկրների միջև եղած համերաշխությունը, և սա, թերևս, նույնիսկ պատասխան էր տարբեր մակարդակներում հնչող այն պնդումներին, թե ՆԱՏՕ-ն հնացած և ռազմավարական առումով իրեն սպառած կառույց է։ Ինչ-որ տեղ, Դաշինքն այսպիսով վերահաստատեց իր ներկայությունն ու հանձնառությունը տարածաշրջանում, որն անշուշտ ազդակ էր նախ և առաջ ՌԴ-ին։ Չնայած ԱՄՆ-ը բազմիցս պնդել է, որ հակահրթիռային համակարգերի տեղակայումը Եվրոպայում (ներառյալ՝ Լեհաստանում) նախատեսված է Մերձավոր Արևելքից կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սպառնալիքներին հակազդելու համար, Ռուսաստանը դեմ է եղել շերտավորված հրթիռային պաշտպանության ցանցին՝ ասելով, որ այն խաթարում է իր ռազմավարական զսպման հուսալիությունը[6]։
2022 թ. բռնկված ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության պատճառով տարածաշրջանը հայտնվեց անվտանգային խորը ճգնաժամում, որն էլ ի ցույց դրեց Դաշինքի կողմից նախապես պլանավորված քայլերի անբավարարությունը։ Ուստի, նույն տարեթվի հունիսի 29-30-ին Մադրիդի կազմակերպված ՆԱՏՕ գագաթնաժողովում, դաշնակիցները որոշեցին հնարավորության դեպքում, կախված օպերատիվ իրավիճակից, մեծացնել Եվրոպայում տեղակայված մարտավարական խմբերի չափը՝ գումարտակից հասցնելով մինչև բրիգադի մակարդակի: Սա ենթադրում էր կանխարգելիչ քայլերի ձեռնարկում, մասնավորապես՝ ռազմական տեխնիկայի կանխավ տեղակայում, օդային ու հրթիռային պաշտպանության ինտեգրված համակարգերի գործարկում, հրամանատարության օպտիմալացում և տարածաշրջանային պաշտպանական պլանների վերանայում։ Այս ամենն, ամրագրվեց ՆԱՏՕ-ի 2022 թ. Մադրիդի «Ռազմավարական հայեցակարգում»։ Սև ծովը (ինչպես նաև՝ Բալթիկն ու Միջերկրականը), պաշտոնապես հռչակվեցին ռազմավարական նշանակության տարածաշրջան հետևյալ մտահոգությունների համատեքստում. «Մոսկվայի ռազմական հզորության աճը, այդ թվում՝ Բալթիկ, Սև և Միջերկրական ծովերի տարածաշրջաններում, ինչպես նաև Բելառուսի հետ նրա ռազմական ինտեգրումը, մարտահրավեր է մեր անվտանգությանն ու հետաքրքրություններին»[7]։
2024–2026 թթ. ընթացքում տեղի ունեցավ վերջնական անցում դեպի «Առաջադեմ պաշտպանություն» (Forward Defense)[8] դոկտրինային: Այս փոփոխության գործնական մարմնացումը Ֆրանսիայի և Իտալիայի գլխավորությամբ Ռումինիայում և Բուլղարիայում մշտական բրիգադային մակարդակի բազմազգ մարտական խմբերի տեղակայումն էր։ 2025 թ. ՆԱՏՕ-ն հաջողությամբ ավարտեց «Dacian Fall 2025» խոշորամասշտաբ զորավարժությունների առաջին փուլը, որի նպատակն էր փորձարկել Եվրոպայում բրիգադի չափով ուժերի արագ տեղակայումը: 2025 թ. հոկտեմբերին Ռումինիայում և Բուլղարիայում ընթացող զորավարժությունների երկրորդ փուլում մասնակցեց ավելի քան 5000 զինվորական և 1200 միավոր տեխնիկա՝ դաշնակից 10 երկրներից: Նեապոլի Միացյալ ուժերի հրամանատարության և Ֆրանսիայի առաջնորդությամբ իրականացված այս բարդ լոգիստիկ գործողությունը պահանջել է համակարգված աշխատանք երկաթուղային, ծովային և ցամաքային ուղիներով:
Զորավարժություններով ազդարարվեց Ռումինիայում և Բուլղարիայում ՆԱՏՕ-ի մարտական խմբերի պաշտոնական անցումը լիարժեք բրիգադային մակարդակի: Այս գործողությամբ, ըստ էության, Դաշինքն արդիականացրեց իր պաշտպանական հայեցակարգը և ցուցադրեց Արևելյան Եվրոպայում ցանկացած սպառնալիքի արագ արձագանքելու պատրաստակամությունը[9]: Հավելենք, որ 2026 թ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռումինիայում փորձարկեցին նաև անօդաչու թռչող սարքերի դեմ շերտավոր պաշտպանություն՝ օդային և հրթիռային պաշտպանության ինտեգրումն արագացնելու և զարգացող տեխնոլոգիաներն իրական պայմաններում փոխգործունակ կարողությունների վերածելու համար[10]։
Նոր երկարաժամկետ ռազմավարության խորհրդանիշը դարձավ նաև Ռումինիայի «Միհայիլ Կոգըլնիչեանու» ավիաբազայի լայնածավալ արդիականացումը[11], որն Արևելյան Եվրոպայի ռազմական քարտեզի վրա մինչև 2026 թ. վերածվեց Դաշինքի ամենամեծ ռազմական կենտրոնի։ Այն կարող է ապահովել ամբողջ ավազանի օդային տարածքի շարունակական մշտադիտարկումն ու պաշտպանությունը:
Ի դեպ, հավելենք, որ 2025 թ. մայիսին Եվրոպական հանձնաժողովն, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի հետ համատեղ հայտարարեցին Սևծովյան տարածաշրջանի համար ԵՄ նոր ռազմավարական ծրագրի մասին: Համաձայն ռազմավարության՝ «ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Սևծովյան տարածաշրջանի երկրների հետ։ Սա արվում է անվտանգային երկխոսության, կարողությունների հզորացման, ականազերծման, Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP)[12] առաքելությունների և Եվրոպական խաղաղության հիմնադրամի աջակցության միջոցով։ Տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նոր հնարավորություններ են ստեղծում նաև մի շարք նոր նախաձեռնությունների համար, ինչպիսիք են ԵՄ ծովային անվտանգության վերանայված ռազմավարությունը, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը և կարևորագույն ծովային ենթակառուցվածքների պաշտպանությունը։ Բացի այդ, այս նպատակներին կարող է նպաստել ՆԱՏՕ-ի հետ ռազմավարական գործընկերության և շտաբային մակարդակով հաստատված համագործակցության հետագա կիրառումը»[13]։
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Սևծովյան տարածաշրջանում ԵՄ-ի ակտիվացումը և ՆԱՏՕ-ի ռազմավարական գործողությունները ոչ թե կրկնում են մինյանց, այլ փոխլրացնում՝ ստեղծելով անվտանգության երկշերտ համակարգ։ Մինչ, օրինակ, ՆԱՏՕ-ն կենտրոնանում է «կոշտ ուժի»՝ մարտական պատրաստվածության և կոլեկտիվ պաշտպանության վրա (բրիգադային մակարդակի խոշոր տեղակայումներ, զորավարժություններ, սպառազինության կուտակում), ԵՄ-ն փաստորեն իր վրա է վերցնում ոչ ռազմական կամ կիսառազմական բարդ խնդիրների լուծումը (հիբրիդային սպառնալիքներ, կրիտիկական ծովային ենթակառուցվածքների պաշտպանություն, ականազերծում և այլն)։ Դրա հետ միասին, շտաբային մակարդակով հաստատված համագործակցության ըդգծումը և ԵՄ ծովային անվտանգության վերանայված ռազմավարությունն ուղղակիորեն կապակցվում են ՆԱՏՕ-ի Արևելյան թևի ամրապնդման հայեցակարգի հետ: Դա հնարավորություն է ընձեռում խուսափել ռեսուրսների կրկնորդումից և ապահովում է, որ ԵՄ «քաղաքացիական-անվտանգային» գործիքակազմերը սպասարկեն նույն աշխարհաքաղաքական նպատակները, ինչ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները:
Ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետնապատկերում՝ 2025 թ. դեկտեմբերի 16-ին, Հելսինկիում տեղի ունեցավ նաև ՆԱՏՕ-ի Արևելյան թևի երկրների առաջին գագաթնաժողովը։ Լեհաստանի վարչապետ Դ. Տուսկի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին 8 պետությունների՝ Ֆինլանդիայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ղեկավարները։ Միջոցառման առանցքում Եվրոպայի անվտանգությանն սպառնացող մարտահրավերներն էին, հատկապես՝ Ռուսաստանի հետ սահմանակից գոտում։ Մասնակիցները քննարկեցին Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական գործողությունների հետևանքները, հիբրիդային մարտահրավերները, սահմանների ու օդային տարածքի պաշտպանությունը, ինչպես նաև ԱԹՍ-ներից պաշտպանվելու մոտեցումները։ Արևելյան սահմանների պաշտպանական ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու նպատակով կողմերը շեշտեցին Եվրոպական համայնքի և ԵՄ կառույցների ներգրավման անհրաժեշտությունը։
Իր ելույթում Բուլղարիայի վարչապետն հատուկ ընդգծեց, որ ԵՄ արևելյան թևի երկրներն այսպիսով, այս վճռորոշ պահին խորացնում են համագործակցությունը եվրոպական անվտանգության համար՝ ցուցադրելով միասնականություն և պատրաստակամություն։ Նա աջակցություն հայտնեց «Եվրոպական պաշտպանական պատրաստվածության 2030 թ. ճանապարհային քարտեզին»[14], որն ուղղված է պաշտպանական կարողությունների բարելավմանը՝ գործողությունների համակարգման, տեխնոլոգիական նորացման և ռեսուրսների զարգացման ասպարեզներում։ Գագաթնաժողովի արդյունքում ընդունված համատեղ հռչակագրում ընդգծվեց, որ ստեղծված իրավիճակը պահանջում է անհապաղ առաջնահերթություն տալ ԵՄ արևելյան թևին՝ միասնական օպերատիվ մոտեցման միջոցով[15]։
Կողմերը փաստեցին, որ ԵՄ առաջատար նախագծերից մեկը՝ Արևելյան թևի հսկողությունը, պետք է հիմնվի արդեն իսկ գոյություն ունեցող տարածաշրջանային նախաձեռնությունների վրա։ Միևնույն ժամանակ, Արևելյան թևի երկրները Հելսինկիում ընդունեցին համատեղ հռչակագիր, որում հստակորեն նշեցին, որ. «Ռուսաստանը մեր անվտանգությանը և Եվրատլանտյան տարածքում խաղաղությանն ու կայունությանը սպառնացող ամենակարևոր, ուղղակի և երկարաժամկետ սպառնալիքն է։ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը Ուկրաինայի դեմ և դրա հետևանքները խորը և երկարատև սպառնալիք են Եվրոպայի անվտանգությանն ու կայունությանը։ Ռուսաստանի ռազմավարական նպատակները մնում են անփոփոխ՝ ստեղծել բուֆերային գոտի, որը ձգվում է Արկտիկական տարածաշրջանից մինչև Բալթիկ և Սև ծովեր մինչև Միջերկրական ծով։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի Արևելյան թևը գտնվում է այս սպառնալիքի առաջնագծում, սակայն սպառնալիքը ազդում է ամբողջ եվրոպական մայրցամաքի վրա, ինչը պահանջում է անհապաղ և համակարգված գործողություններ»[16]։
ՆԱՏՕ-ի ափամերձ պետությունների ներքին դինամիկան և Մոնտրյոյի կոնվենցիայի գործոնը
Սև ծովում ՆԱՏՕ-ի միասնական ռազմավարության իրականացումը ավանդաբար բախվում է Դաշինքի 3 ափամերձ անդամների՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի բարդ ներքին ու արտաքին քաղաքական և տնտեսական միտումներին, որոնց պետական շահերն ու աշխարհաքաղաքական առաջնահերթությունները միշտ չէ, որ լիովին համընկնում են։
Ռումինիան հանդես է գալով որպես տարածաշրջանում տրանսատլանտյան ինտեգրման հիմնական շարժիչ ուժ՝ հետևողականերոն ավելացրել է իր պաշտպանական բյուջեն՝ հասցնելով $9.84 մլրդ-ի[17]։ Երկիրն արդիականացնում է հակաօդային պաշտպանական համակարգերը և հետևողականորեն լոբբինգ է անում ԱՄՆ ցամաքային ուժերի և արևմտաեվրոպական դաշնակիցների՝ իր տարածքում մշտական ներկայության համար[18]:
Բուլղարիան՝ ՌԴ-ի հետ իր ունեցած պատմական կապերի պատճառով նախկինում ավելի չափավոր և պրագմատիկ դիրքորոշում էր զբաղեցնում, սակայն Ղրիմի՝ ՌԴ կազմում ընդգրկվելուց և ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմից հետո անցավ Դաշինքի պաշտպանական կառույցներին ինտեգրվելու ուղիով՝ տեղակայելով միջազգային զորակազմեր իր սուվերեն տարածքում։ Այժմ Բուլղարիայում կա մոտ 1200–1300 հոգուց բաղկացած մեկ գումարտակային խումբ, որի շրջանակային երկիրն է[19] Իտալիան։ Գումարտակը բաղկացած է ԱՄՆ-ը տրամադրած Stryker զրահապատ մարտական մեքենաներով սպառազինված մեկ վաշտից և Բրիտանական բանակի Թագավորական Իռլանդական մեկ գնդից։ Հունաստանը ևս միացել է իր հակատանկային դասակով, իսկ Բուլղարիան՝ ցամաքային զորքերի 42-րդ մեխանիզացված գումարտակով, որը մասնակցել է Աֆղանստանում իրականացվող առաքելություններին։ Իտալիան ինքնին ունի ամենամեծ մասնակցությունը՝ ավելի քան 700 զինծառայող՝ ավելի քան 50 միավոր տեխնիկայով։ Խմբում ներառված են նաև զինվորականներ Թուրքիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Չեռնոգորիայից և Ալբանիայից։ 2025 թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Բուլղարիան և Իտալիան համաձայնագիր են ստորագրել Կաբիլեի և Բեզմերի մոտակայքում ՆԱՏՕ-ի զորքերի համար շատ մեծ բազայի կառուցման վերաբերյալ[20]։
Լինելով սևծովյան ավազանի երկիր՝ այս ճարտարապետության մեջ իր հատուկ դերն ունի նաև Թուրքիան։ Անկարան ավանդաբար հավատարիմ է մնում «Տարածաշրջանային պատասխանատվության» նատօական հայեցակարգին՝ ձգտելով նվազագույնի հասցնել Սևծովյան տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների (ներառյալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի) ռազմանավերի մշտական ներկայությունը ծովում՝ տարածաշրջանը միջուկային տերությունների ուղղակի բախման գոտու վերածելուց խուսափելու համար: Ինչպես նախորդ մեր հեղինակային հրապարակումներում[21] էինք նշել, այստեղ վճռորոշ գործոնը մնում է 1936 թ. Մոնտրյոյի կոնվենցիան, որը խստորեն կարգավորում է ռազմական նավերի անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Իր ինքնիշխան իրավունքից ելնելով՝ միջպետական հակամարտության համատեքստում Անկարան 2022 թ. երկու նեղուցներն էլ փակեց օտարերկրյա ռազմանավերի համար, ինչը խոչընդոտեց ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի խոշոր ստորաբաժանումների օպերատիվ տեղակայման հնարավորությունը:
Ռազմական փորձագետների կարծիքով, այս վերջին խոչընդոտից խուսափելու միջոց կարող է լինել ՆԱՏՕ-ի կողմից Դանուբ–Սև ծով արհեստական ջրանցքի օգտագործումը[22]: Այս ջրանցքը Դանուբը կապում է Սև ծովի հետ Ռումինիայի միջոցով։ Ջրանցքը (ունի 90 մ լայնություն, 5,5 և 7 մ խորություն) հնարավորություն կտա Սև ծովի ափամերձ պետություններին չպատկանող նավերին խուսափել Մոնտրյոյի կոնվենցիայով նախատեսված ռազմանավերի քանակական և ժամանակային սահմանափակումներից՝ տեղակայվելով ջրանցքում և իրենց համար երաշխավորելով մշտական մուտք Սև ծով։ Սակայն, որպեսզի այն կարողանա ընդունել և սպասարկել ռազմական նավեր, անհրաժեշտ կլինի ոչ միայն դրա ենթակառուցվածքների վերանորոգում: Կա նաև իրավական խոչընդոտներ. համաձայն 1948 թ. «Դանուբի վրա նավարկության ռեժիմի մասին կոնվենցիայի» 30-րդ հոդվածի՝ միայն Դանուբի երկրները կարող են ռազմածովային նավեր շահագործել գետում։ Սակայն, եթե Դանուբի որևէ երկիր ցանկանում է մտնել գետի այն հատվածը, որը գտնվում է իր տարածքային իրավասության սահմաններից դուրս, ապա անպայման պետք է ստանա Կոնվենցիայի տակ ստորագրած պետությունների թույլտվությունը[23]։
Չնայած, որ այլընտրանքային ջրային ուղիների տակտիկական և ռազմավարական տեսանկյուններից օգտագործման վերաբերյալ փորձագիտական մակարդակով ծավալվում են քննարկումներ, այնուամենայնիվ, ընդգծենք, որ Մոնտրյոյի կոնվենցիան դեռևս մնում է Սև ծովի անվտանգության և հավասարակշռության հիմնական իրավական երաշխավորը, և դրա շրջանցումը գետային ուղիներով գոնե այս պահի դրությամբ գործնականում անհնար է։
Ինչ վերաբերում է առկա գետային նավատորմին, ապա ռումինական Դանուբի նավատորմը Եվրոպայի ամենամեծ գետային ռազմածովային ուժն է, որն եզակի կարողություն է ՆԱՏՕ-ի հարավ-արևելյան թևում։ Սակայն, ըստ մասնագիտական գնահատականների՝ Դանուբի նավատորմի հիմնական թերությունը նավերի տարիքն է, որոնք նախագծվել և կառուցվել են 1980-ականների վերջից մինչև 1990-ականների վերջը: Չնայած կրակային հզորությանը, դրանք չունեն բարդ կրակի կառավարման համակարգեր, իսկ զենքի համակարգերը ոչ ՆԱՏՕ-ի ստանդարտների տրամաչափի են: Ավելին՝ Ռումինիայի ռազմածովային ուժերի համար այս պահի գլխավոր մարտահրավերը Դանուբի նավատորմի արդիականությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում պահպանելն է։ Ի տարբերություն Ռումինիայի, նրա անմիջական հարևաններ Հունգարիան, Սերբիան, Ուկրաինան և Բուլղարիան չունեն Դանուբի նավատորմի նման որևէ հնարավորություն, չնայած Կիևն ու Բելգրադը շահագործում են փոքր, զինված գետային պարեկային նավեր[24]։
Ծովային հավասարակշռության վերափոխումը և հիբրիդային մարտահրավերները Սև ծովում
2022–2026 թ. ընթացքում Սև ծովում ռազմական գործողություններ վարելու բնույթն հիմնովին փոփոխվեց՝ անմիջականորեն ազդելով ուժերի հավասարակշռության վրա: Ուկրաինայի ռազմավարական առումով առաջին խոշոր հաջողությունը և ռուսական ծովային հզորության խորհրդանշական անկումը սկսվեց «Սլավա» դասի «Մոսկվա» հրթիռային հածանավի խոցմամբ[25], ինչը զրկեց ռուսական խմբավորմանը ծովում հուսալի հակաօդային պաշտպանության հովանոցից։ Դրան հաջորդեցին արևմտյան արտադրության հեռահար թևավոր հրթիռների և ծովային դրոնների զանգվածային ու կետային հարվածները, որոնց թիրախում հայտնվեցին ռուսական խոշոր դեսանտային նավերն ու պարեկային կատերները։ Այս ռազմական արշավի գագաթնակետերից մեկը դարձավ Սևաստոպոլի դոկում գտնվող «Ռոստով–նա–Դոնու» սուզանավի խոցումը, որը Երկրորդ աշխարհամարտից ի վեր հակառակորդի հարվածով շարքից դուրս բերված առաջին ռուսական սուզանավն էր[26]։
Միջազգային և անկախ փորձագիտական շրջանակների գնահատմամբ՝ նշված հարվածների արդյունքում Սևծովյան նավատորմի նախապատերազմյան մարտական ներուժի մոտ 25%-ը ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել Հավանաբար այս իրադրաձությունների պատճառով Ռուսաստանի հրամանատարությունը դիմեց ռազմավարական նահանջի և նավերի աշխարհագրական վերաբաշխման։ Ռուսական առաջնագծի խոշոր նավերն ու սուզանավերի մեծ մասը էվակուացվեցին Սևաստոպոլից դեպի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ նավահանգիստ[27]։
Չնայած ակնհայտ նահանջին և ծովային գերիշխանության մասնակի կորստին, ռուսական կողմը տարածաշրջանում դեռևս պահպանում է ահռելի կրակային ու պաշտպանական ներուժ, ինչը սահմանափակում է հակառակորդին ամբողջական վերահսկողություն հաստատել ակվատորիայի նկատմամբ։ Այնպես որ, Սևծովյան տարածաշրջանում ռուս-ուկրաինական ռազմական բախման վերաբերյալ վերջին տարիներին հրապարակված պաշտոնական և ոչ պաշտոնական բազմաքանակ տեղեկատվական նյութերն աչքի անցկացնելով, կարող ենք փաստել, որ Սև ծովում ձևավորվել է ուժերի մի նոր հավասարակշռություն` ավանդական–ռուսական վերահսկողությունը փոխարինվել է փոխադարձ սպառնալիքների և մշտական վտանգի գոտիների բարդ միջավայրով։
Առավել սուր հարցերից է ականների վտանգը։ Հարյուրավոր ծովային ականներ լողում են առևտրային ուղիներով՝ ստեղծելով ուղղակի սպառնալիք առևտրային նավագնացությանը և ափամերձ պետությունների ենթակառուցվածքներին։ Այս մարտահրավերին ի պատասխան՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև ամիսներ տևած բանակցություններից հետո, Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան 2024 թ. ստորագրեցին համաձայնագիր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Սև ծովում «թափառող» ականները վնասազերծելու համատեղ ծրագրի շրջանակներում «Սև ծովի ականազերծման աշխատանքային խումբ» ստեղծելու վերաբերյալ[28]: Նույն տարվա օգոստոսին խումբը ստանձնել է իր լիազորությունները անցկացնելով ականազերծման աշխատանքներ։
Բացի այդ, ռադիոէլեկտրոնային պատերազմի և հատկապես GPS կեղծման ու խլացման ազդեցությունը նավագնացության և ավիացիայի վրա Սև ծովի ու Դանուբի դելտայի շրջանում վերջին տարիներին (հատկապես մինչև 2026 թ.) հասել է աննախադեպ մակարդակի։ Լրագրողական և փորձագիտական հետաքննությունների խմբի կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ պատճառը ռուսական ՌԷՊ համակարգերն են, որոնք Ղրիմից կամ Սև ծովում գտնվող նավերից ակտիվորեն խեղաթյուրում են GNSS (Global Navigation Satellite System) ազդանշանները[29]։ Սա նշանակում է, որ Դաշինքից պահանջվելու է ներդնել ավելի կայուն կապի և մոնիթորինգի համակարգեր:
Անվտանգության տնտեսական չափում և կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն
ՆԱՏՕ-ի սևծովյան թևի անվտանգության արդի հայեցակարգը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանի աշխարհատնտեսական և լոգիստիկ նշանակության։ Հարավարևելյան Եվրոպայի աշխարհագրական այս հանգույցը մայրցամաքի կարևորագույն տրանսպորտային և էներգետիկ միջանցքներից է, որտեղ ցանկացած ռազմական տեղաշարժ կամ գործողություն ուղղակի և բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային շուկաների վրա։ Այս գոտում ծովային հաղորդակցության ուղիների կայունությունն ու անվտանգությունը ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ Սևծովյան ավազանը, մասնավորապես՝ Բոլշոյ Օդեսսայի (Մեծ Օդեսսայի) և Դանուբի գետային համակարգի նավահանգիստները, հանդիսանալով համաշխարհային պարենային անվտանգության հիմնասյուները՝ ապահովում են հացահատիկային և յուղատու մշակաբույսերի հսկայական ծավալների արտահանումը մերձավոր և արտատարածաշրջանային երկրներ[30]։ Այդ պատճառով դրանց խոցելիությունը ՆԱՏՕ-ի պլանավորողների գլխավոր մտահոգություններից մեկն է, քանի որ հակամարտության սահմանների ընդարձակմամբ, դաշինքի անդամ երկրների անմիջական հարևանությամբ գտնվող նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների մշտական ռիսկերը ստեղծում են չնախատեսված, պատահական ռազմական սրման մշտական վտանգ։ Հատկապես Դանուբի ավազանում ուկրաինական նավահանգիստների (Իզմայիլ, Ռենի) պարբերական ռմբակոծությունները, որոնք տեղի են ունենում ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի սահմանից ընդամենը հարյուրավոր մետրերի հեռավորության վրա, արդեն իսկ ռումինական տարածքում ԱԹՍ-ների բեկորների անկման բազմաթիվ միջադեպերի պատճառ են դարձել։ Նման իրավիճակը Բուխարեստից և նրա արևմտյան դաշնակիցներից պահանջել է անհապաղ և կտրուկ գործողություններ։ Մասնավորապես, նրանք ստիպված էին գետային սահմանների և Դանուբի հունի երկայնքով տեղակայել կարճ հեռահարության տակտիկական հակաօդային պաշտպանության (VSHORAD/SHORAD) և հակադրոնային ժամանակակից համակարգեր (ներառյալ՝ Կոնստանտայի և Չեռնավոդա նավահանգիստների պաշտպանության համար[31]), ինչպես նաև հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով խստացրել են օդային տարածքի մոնիթորինգը։
Հաղորդակցային ուղիների ճգնաժամային իրադրությանը զուգահեռ՝ Սևծովյան տարածաշրջանի անվտանգության երկրորդ, բայց ոչ պակաս կարևոր ուղղություն է մնում ածխաջրածինների արտադրության էներգետիկ ուղիների, ստորջրյա խողովակաշարերի և ծովային հորատման հարթակների ֆիզիկական պաշտպանությունը։ Ինչպես հայտնի է, երբ Եվրոպական երկրները հրաժարվեցին ռուսական գազից, Սև ծովի խորջրյա ծանծաղուտում բնական գազի արդյունահանման իրականացվող ռումինական «Neptun Deep» նախագիծը ձեռք բերեց կրիտիկական նշանակություն։ Ինչպես նշում է OMV Petrom ընկերությունն իր պաշտոնական կայքէջում, Սև ծովում արդեն մեկնարկել են խորջրյա խողովակաշարերի տեղադրման ակտիվ աշխատանքներ, ինչը նպատակ ունի էապես նվազեցնել տարածաշրջանի էներգետիկ կախվածությունը արտաքին մատակարարներից և Ռումինիան վերածել գազի արտահանողի[32]։
Էներգետիկ նշանակության ենթակառուցվածքները ինքնաբերաբար կարող են վերածվել հակառակորդի համար բարձր ռիսկայնության առաջնային թիրախների։ Ուստի դրանց անվտանգությունը հիբրիդային սպառնալիքներից՝ սկսած ջրային դիվերսիաներից և ավարտված կիբեռհարձակումներով, հիմնովին փոխում է ՆԱՏՕ-ի ռազմավարական պլանավորման տրամաբանությունն նաև այս տեսանկյունից։ Ենթադրում ենք, որ մինչև 2030 թ. ընկած ժամանակահատվածի համար ՆԱՏՕ-ի ձևավորվող պաշտպանական նոր օրակարգում Սև ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը կունենա առաջնահերթ նշանակություն։ Ի վերջո, դրանց պաշտպանությունը Սև ծովում միայն մեկ պետության ներքին խնդիր չէ, այլ Դաշինքի ընդհանուր տնտեսական դիմակայության փորձաքարը։ Այս ամենից ելնելով՝ կարծում ենք, որ անխուսափելի է լինելու նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմածովային ուժերի, առափնյա պահպանության ծառայությունների, արբանյակային հետախուզական ցանցերի և մասնավոր էներգետիկ կոնսորցիումների միջև տեղեկատվության փոխանակման ու համատեղ օպերատիվ գործողությունների աննախադեպ սերտ ինտեգրումը։
ՆԱՏՕ առաջիկա գագաթնաժողովը և Թուրքիայի հնարավոր ակնկալիքները
2026 թ. հուլիսի 7-8-ին Անկարայում նախատեսված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը, որի ընթացքում Դաշինքին վերաբերող ընդհանուր հարցերի շրջանակներում Սևծովյան վեկտորն, անկասկած, նույնպես քննարկման արժանի թեմա է լինելու, եթե ոչ գլխավորը։ Գագաթնաժողովի օրակարգը, ինչպես սպասվում է, կներառի հետևյալ հարցերը․ պաշտպանական և զսպման պլանավորում, պաշտպանական ծախսերի նպատակներն ու ֆինանսական բեռի բաշխում, Ուկրաինային օգնություն տրամադրելու հետագա քայլեր՝ ներառյալ սարքավորումների մատակարարում, ֆինանսավորման մեխանիզմներ և երկարաժամկետ դիմակայունություն, ինչպես նաև Դաշինքի ապագա ուղղությունը[33]։
Այն փաստը, որ Դաշինքի ղեկավարների հանդիպումն ընթանալու է Թուրքիայում, Անկարային տեսականորեն եզակի հնարավորություն է ընձեռում գոնե իր մասով քննարկումն ուղղորդել «Տարածաշրջանային պատասխանատվության» հայեցակարգի ուղղությամբ։ Այսինքն, Թուրքիան մի կողմից կցուցադրի իր հավատարմությունը ՆԱՏՕ-ին, որի հետ հարաբերությունները վերջին տարիներին եղել են խդրահարույց, մյուս կողմից՝ կփորձի պաշտպանել սեփական ինքնիշխանությունը, երբ հարցը վերաբերվի Դարդանել և Բոսֆոր նեղուցների կառավարման հարցին։ Թե արդյոք այս համատեքստում Սև ծովի ջրերում ռազմական ներկայության համար կմշակվի որևէ փոխզիջումային բանաձև, որը կբավարարի այնտեղ մուտք չունեցող դաշնակիցներին (առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային), բայց միաժամանակ կպահպանի Անկարայի ունեցած հատուկ կարգավիճակը Մոնտրյոյի կոնվենցիայի շրջանակներում, դեռ հստակ չէ։ Անկախ նրանից՝ կդառնա այն քննարկման առարկա, թե ոչ, ըստ երևույթին Դաշինքը դեռևս առաջնորդվում է ցանցակենտրոն պաշտպանության հայեցակարգով և Ռումինիայի ու Բուլղարիայի ազգային կարողությունների ամրապնդմամբ՝ այն համալիր գործողությունների շրջանակներում, որոնց մասին վերը նշվեց։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ի Սևծովյան ոչ անդամ երկրների խոշոր ռազմական նավերի ֆիզիկական բացակայությունը փոխհատուցվում է ցամաքային տարածքներում ռազմական ամրապնդմամբ և սպառազինությունների կուտակմամբ։
Քանի որ գագաթնաժողովի օրակարգային հարցերից է նաև Դաշինքի «Պաշտպանության և զսպման պլանավորումը», ուկրաինական հակամարտությունով պայմանավորված օդային սպառնալիքների բարձր ինտենսիվությունն ու ծովային գոտում ԱԹՍ-ների օգտագործման հետ կապված ռիսկերի առկայությունը՝ չի բացառվում, որ համաժողովի ընթացքում քննարկվի նաև դաշինքի անդամ հանդիսացող սևծովյան պետությունների միջև հակաօդային պաշտպանական «գմբեթ» ստեղծելու հարցը: Ճիշտ է, ներկա պահին այս մասով որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, սակայն շատ հնարավոր է, որ Ռումինիայում տեղակայված ամերիկյան Patriot և ֆրանս-իտալական MAMBA[34] հակաօդային համակարգերը, Բուլղարիայում և Թուրքիայում տեղակայված նատոյական հակաօդային համակարգերի հետ ինտեգրվեն մեկ «հովանոցի» տակ: Ի դեպ, նշենք, որ 18.06.2026 Թուրքիայի կենտրոնական Կոնյա քաղաքում ավարտվել է Իտալիայի և Ֆրանսիայի կողմից համատեղ մշակված նոր սերնդի միջին և մեծ հեռահարության օդային և հրթիռային պաշտպանության SAMP-T (Sol-Air Moyenne Portée/Terrestre) համակարգի տեղակայման աշխատանքները[35]։
Անկարայի գագաթնաժողովում ընդունվելիք որոշումներից հետո միայն հնարավոր կլինի դատել, թե Դաշինքն անվտանգության և զսպման ինչպիսի ճարտարապետություն է պատրաստ առաջարկել իր դաշնակիցներին Սև ծովի տարածաշրջանում։ Կանխատեսվում է, որ եթե ականազերծման միջոցառումների, հակաօդային պաշտպանության միասնական «գմբեթի» ստեղծման և հիբրիդային սպառնալիքների դիմակայման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկվեն, ապա ՆԱՏՕ-ի սևծովյան թևը որակապես նոր դիմադրողականության մակարդակ կապահովի: Հակառակ դեպքում՝ տարածաշրջանը կարող է մնալ Դաշինքի անվտանգության մասնատված գոտի։
Եզրափակիչ դիտարկումներ
Ամփոփելով արձանագրենք, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների սրմանը զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն արմատապես փոխեց իր մոտեցումները Սևծովյան տարածաշրջանի նկատմամբ։ Եթե մինչ այդ Դաշինքն այստեղ վարում էր համեմատաբար «փափուկ» քաղաքականություն, ապա 2016 թ. սկսած՝ Սևծովյան թևի իր դաշնակիցների հետ մեկտեղ այն անցավ գործնական քայլերի, որոնք գլխավորապես միտված են Ռուսաստանի Դաշնությանը զսպելուն և տարածաշրջանում սեփական ռազմական կարողությունների արդիականացմանն ու ներկայության ընդարձակմանը։ Անգամ Մոնտրյոյի կոնվենցիայով Սևծովյան ոչ պետությունների ներկայության վերաբերյալ սահմանված խիստ սահմանափակումների պայմաններում, ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ն ռումինական և բուլղարական ուղղություններում ձգտում է կառուցել ճկուն և խորը էշելոնացված զսպման համակարգ։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա աշխարհաքաղաքական իրողություններն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության հարցերը Վաշինգտոնի համար Անկարային վերածել են անփոխարինելի դերակատարի։ Այս կարգավիճակը յուրատեսակ «վահան» է վերջինիս համար։ Պետք է խոստովանել նաև, որ երբ որևէ պետության արժեքը մեծ տերությունների համար դառնում է կենսական անհրաժեշտություն, նրա ներքին քաղաքականության վերաբերյալ քննադատությունը հակված է նվազելու կամ իսպառ դադարելու։ Ուստի Թուրքիայի ներքաղաքական կառավարման ներկայիս ավտորիտար բնույթն ամենևին չի խաթարում դաշնակից պետությունների հետ նրա ռազմաքաղաքական կապերը։ Բացառություն են կազմում միայն Անկարա–Աթենք հարաբերությունները, որոնք առավել ցայտուն են արտահայտվում Էգեյան և Միջերկրական ծովերում կողմերի հակադիր հավակնությունների պատճառով։ Դրանք մեծ գլխացավանք են ՆԱՏՕ-ի համար, բայց, կարծես թե, դեռևս կառավարելի փուլում են։ Ի դեպ, սա լուրջ խնդիր է, և չի բացառվում, որ դրա շուրջ քննարկումներ ծավալվեն սպասվող գագաթնաժողովում՝ այդ թվում փակ ձևաչափով։
Ընդհանուր առմամբ Դաշինքը Սևծովյան ավազանում, Բալթյան ուղղության հետ մեկտեղ, կառուցում է հակաեվրասիական–հակառուսական նոր առաջնագիծ։ Հետևաբար, Սևծովյան ավազանում Կրեմլի գլխավոր խնդիրը ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի զսպումն է։ Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ իր համար Ռումինիան ՆԱՏՕ-ի ամենամեծ լոգիստիկ կենտրոնի վերածելը և Բուլղարիայի կրիտիկական ենթակառուցվածքների (ներառյալ՝ ռազմական նշանակության) արդիականացումը նշանակում է մշտական սպառնալիք ստեղծել իր սահմանների երկայնքով։ Նման մարտահրավերներին հակազդելու համար Մոսկվան անկասկած կիրառելու է ասիմետրիկ գործողություններ, ներառյալ էլեկտրոնային պատերազմի միջոցների գործադրում։ Այդ կերպ Ռուսաստանը, գոնե նվազագույն ծախսերով, տնտեսական ու լոգիստիկ վնաս կհասցնի հակառակորդին՝ խուսափելով ուղիղ ռազմական բախումից։
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարքագծին, ապա Մոսկվան հասկանում է, որ Անկարայի հավատարմությունը պահպանելու համար ԱՄՆ-ը պատրաստ է ժամանակավորապես անտեսել Ռուսաստանի հետ նրա տնտեսական և սահմանափակ քաղաքական համագործակցությունը։ Հետևաբար, ՌԴ-ն կշարունակի Թուրքիային կապակցել իր տնտեսական և էներգետիկ նախագծերով՝ Մոսկվայի հետ լիակատար խզման գինը Անկարայի համար չափազանց բարձր դարձնելու համար։
Այսպիսով՝ Սև ծովում «փափուկ քաղաքականության» դարաշրջանը կարելի է ասել այլևս անցյալ է, և կարծես թե տարածաշրջանը հետզհետե մտնում է երկարատև ու հյուծիչ դիմակայության փուլ։ Այս համատեքստում որոշիչ գործոն է լինելու, թե կողմերը տնտեսապես և տեխնոլոգիապես որքանով են պատրաստ և դիմացկունակ։ Քանի դեռ Արևմուտքը միլիարդավոր դոլարներ է վատնում տարածաշրջանի ռազմական ենթակառուցվածքների «խոցելի անցքերը կարկատելու» վրա, իսկ Մոսկվան, ըստ արևմտյան վերլուծական և հետախուզական շրջանակների, զուգահեռաբար շարունակում է կիրառել նվազագույն ծախսատարությամբ առավելագույն վնաս հասցնող հիբրիդային գործիքակազմը, ապա մեծ է հավանականությունը, որ Սևծովյան տարածաշրջանը կվերածվի աշխարհի ամենաանկանխատեսելի և պայթյունավտանգ թատերաբեմերից մեկի։
Աղբյուրներ և գրականություն
- PMC Romania․
Ministry of National Defence Republic of Poland.
https://www.gov.pl/web/national-defence/pmc-romania - Léo-Paul Jacob․ Heading Towards a New NATO-Russia Stand-Off in the Black Sea Region? NATO Association of Canada (NAOC), 19․03․2017,
https://natoassociation.ca/heading-towards-a-new-nato-russia-stand-off-in-the-black-sea-region/ - Aegis Ashore․ Missile Defense Advocacy.
https://www.missiledefenseadvocacy.org/defense-systems/aegis-ashore/ - Regional Ballistic Missile Defense in the Context of Strategic Stability․
National Academies of Sciences, Engineering, and Medicine, 2021, https://www.nationalacademies.org/read/24964/chapter/5 - Стратегическая концепция НАТО 2022 года․ https://www.nato.int/content/dam/nato/webready/documents/publications-and-reports/strategic-concepts/2022/290622-strategic-concept-ru.pdf
- NATO Tests Rapid Brigade Expansion in Eastern Europe During Exercise Dacian Fall 2025․ Joint Force Command Naples, 22․10․2025,
https://jfcnaples.nato.int/newsroom/news/news-archive/2025/nato-tests-rapid-brigade-expansion-in-eastern-europe-during-exercise-dacian-fall-2025
- NATO Allies test layered counter-drone defences in Romania in support of Eastern Sentry․
HQ Allied Air Command, 04․05․2026,
https://ac.nato.int/archive/2026/nato-allies-test-layered-counterdrone-defences-in-romania-in-support-of-eastern-sentry- - Nick Thorpe. Romanian village set to become Nato’s biggest airbase in Europe.
BBC news, 23.06.2024,
https://www.bbc.com/news/articles/c977wggg4pgo - Joint Communication to the European Parliament and the Council․ The European Union’s strategic approach to the Black Sea region․ Brussels,
5.2025, JOIN (2025) 135 final, https://enlargement.ec.europa.eu/document/download/170d9b3a-d45f-4169-80fa-9adb753c0921_en?filename=EU%20Strategic%20Approach%20Black%20Sea%20Strategy.pdf - PM Zhelyazkov Attends Eastern Flank Summit in Helsinki.
Bulgarian news agency, 12.2025,
https://www.bta.bg/en/news/world/1029262-pm-zhelyazkov-attends-eastern-flank-summit-in-helsinki - Joint declaration in connection with Eastern Flank Summit in Helsinki, 16 December․ Government Offices of Sweden,16․12․2025,
https://www.government.se/swedish-treaty-series/2025/12/joint-declaration-in-connection-with-eastern-flank-summit-in-helsinki-16-december/ - Bogdan Cozma․ How Can Romania Revitalize Its Defense Industry?
German Marshall Fund․ 18․07․2025,
https://www.gmfus.org/news/how-can-romania-revitalize-its-defense-industry - National Defense Industry Strategy 2024 – 2030.
Official Website of the United States government,02.2026,
https://www.trade.gov/country-commercial-guides/romania-defense-industry - Commission and High Representative present new Defence Roadmap to strengthen European defence capabilities․
European commission, 11.2025,
https://defence-industry-space.ec.europa.eu/commission-and-high-representative-present-new-defence-roadmap-strengthen-european-defence-2025-10-16_en - Пътят за голяма база за НАТО край Кабиле и Безмер е открит․
Segabg, 25․12․2025,
https://www.segabg.com/hot/category-bulgaria/putyat-za-golyama-baza-za-nato-kray-kabile-i-bezmer-e-otkrit - Simavoryan, A. (2026). The Istanbul Canal in domestic and geopolitical dimensions.
ARVAK Armenian Analytical Center.
https://arvak.am/en/the-istanbul-canal-in-domestic-and-geopolitical-dimensions/ - Danube key to Europe and NATO’s efforts to keep Black Sea free and open․
Euractiv, 12․06․2024,
https://www.euractiv.com/opinion/danube-key-to-europe-and-natos-efforts-to-keep-black-sea-free-and-open/ - Luke Coffey. To Boost NATO’s Presence in the Black Sea, Get Creative.
Defense Օne,05.2020,
https://www.defenseone.com/ideas/2020/05/increasing-natos-presence-black-sea-time-get-creative/165760/ - George Vișan․ Romania’s Danube Flotilla: An Unparalleled Capability on NATO’s Southeastern Flank․
Jamestown, 04.06.2020,
https://jamestown.org/romanias-danube-flotilla-an-unparalleled-capability-on-natos-southeastern-flank-part-two/ - Sutton H․ I․ ․ Russia’s massive Black Sea problem is worse than it looks․ Naval News. 09.04.2026, https://www.navalnews.com/naval-news/2026/04/russias-massive-black-sea-problem-is-worse-than-it-looks/
- Виктория Веселова․ “Остался практически пепел”: некрологи погибших с корабля “Минск” и подлодки “Ростов-на-Дону”․
Радио Свобода, 09․06․2024,
https://www.svoboda.org/a/ostalsya-prakticheski-pepel-nekrologi-pogbishih-s-korablya-minsk-i-podlodki-rostov-na-donu-/32985171.html - Ministers Of Defence of Türkiye, Romania and Bulgaria Has Signed the “Black Sea Mine Countermeasure Task Group” in İstanbul․ Türkiye Cumhuriyeti Millî Savunma Bakanlığı․11.01.2024, https://www.msb.gov.tr/SlaytHaber/b7810cfbf7ea40edb0423cd8cc0b1597
- Travis Turgeon, Tjaša Pele, Antoine Cayphas․ GNSS interference report: Russia – Part 4 of 4: Black Sea & Romanian airspace․ Spire company. 24.09.2025,
https://spire.com/blog/space-reconnaissance/gnss-interference-report-black-sea-romanian-airspace/ - Российские атаки могут сократить экспорт зерна из Украины на треть․ ProFinance․ 18.06.2026, https://www.profinance.ru/news2/2026/06/18/cjjh-rossijskie-ataki-mogut-sokratit-eksport-zerna-iz-ukrainy-na-tret.html
- Romania’s Fleet and the Autonomous Naval Revolution: Toward NATO’s First Hybrid Fleet in the Black Sea․ Forumul Securității Maritime․ 18․05․2026,
https://www.forumulsecuritatiimaritime.ro/romanias-fleet-and-the-autonomous-naval-revolution-toward-natos-first-hybrid-fleet-in-the-black-sea/
- Neptun Deep progress: pipelaying kicks off in the Black Sea. OMV Petrom. 05.2026, https://www.omv.com/en/investors/news-and-events/news/2026/04052026-neptun-deep-progress
- Countdown to the NATO Summit in Ankara: Challenges, expectations, goals․ EPC․ https://www.epc.eu/projects/countdown-to-the-nato-summit-in-ankara-challenges-expectations-goals/
- France deploys MAMBA missile defence system to bolster NATO defensive posture on eastern flank․ The SHAPE Officers’ Association․ 22․06․2022,
https://shape.nato.int/news-archive/2022/france-deploys-mamba-missile-defence-system-to-bolster-nato-defensive-posture-on-eastern-flank
- Türkiye bolsters NATO defenses with SAMP/T, own arsenal․ Daily Sabah․ 18․06․2026, https://www.dailysabah.com/politics/turkiye-bolsters-nato-defenses-with-sampt-own-arsenal/news
[1] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 06.05.2026 թ.-ին:
[2] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[3] PMC Romania․ Ministry of National Defence Republic of Poland. https://www.gov.pl/web/national-defence/pmc-romania (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[4] Léo-Paul Jacob․ Heading Towards a New NATO-Russia Stand-Off in the Black Sea Region? NATO Association of Canada (NAOC), 19․03․2017, https://natoassociation.ca/heading-towards-a-new-nato-russia-stand-off-in-the-black-sea-region/ (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[5] Aegis Ashore․ Missile Defense Advocacy. https://www.missiledefenseadvocacy.org/defense-systems/aegis-ashore/ (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[6] Regional Ballistic Missile Defense in the Context of Strategic Stability․ (2021)․ National Academies of Sciences, Engineering, and Medicine. The National Academies Press. https://www.nationalacademies.org/read/ 24964/chapter/5 (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[7] Стратегическая концепция НАТО 2022 года․ https://www.nato.int/content/dam/nato/webready/ documents/publications-and-reports/strategic-concepts/2022/290622-strategic-concept-ru.pdf (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[8] Սա ոչ պաշտոնական անվանումն է, որ կիրառվում է փորձագետների և պաշտոնյանների կողմից։
[9] NATO Tests Rapid Brigade Expansion in Eastern Europe During Exercise Dacian Fall 2025․ Joint Force Command Naples, 22․10․2025, https://jfcnaples.nato.int/newsroom/news/news-archive/2025/nato-tests-rapid-brigade-expansion-in-eastern-europe-during-exercise-dacian-fall-2025 (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[10] NATO Allies test layered counter-drone defences in Romania in support of Eastern Sentry․ HQ Allied Air Command, 04․05․2026, https://ac.nato.int/archive/2026/nato-allies-test-layered-counterdrone-defences-in-romania-in-support-of-eastern-sentry- (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[11] Nick Thorpe. Romanian village set to become Nato’s biggest airbase in Europe. BBC News, 23.06.2024, https://www.bbc.com/news/articles/c977wggg4pgo (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[12] նախկինում հայտնի էր որպես Եվրոպական անվտանգության և պաշտպանության քաղաքականություն անվանումով։
[13] Joint Communication to the European Parliament and the Council․ The European Union’s strategic approach to the Black Sea region․ Brussels, 28.5.2025, JOIN (2025) 135 final, https://enlargement.ec.europa.eu/ document/download/170d9b3a-d45f-4169-80fa-9adb753c0921_en?filename=EU%20Strategic%20Approach% 20Black%20Sea%20Strategy.pdf (բեռնման օրը՝ 19․06․2026)․
[14] Ճանապարհային քարտեզի հիմնական տարրերից մեկը ԵՄ պաշտպանական արդյունաբերական բազայի ամրապնդումն է: Սա ներառում է նորարարության, այդ թվում՝ ուկրաինական լուծումների օգտագործումը, և պաշտպանական մատակարարման շղթաների դիմադրողականության ապահովումը՝ կարևորագույն հումքից կախվածությունը նվազեցնելու միջոցով: Նպատակն է մինչև 2030 թ․ ստեղծել լիարժեք համաեվրոպական շուկա՝ ներդաշնակեցված կանոններով, որոնք կնպաստեն արագ և լայնածավալ արտադրությանը: Հանձնաժողովը կհետևի արդյունաբերական հզորություններին, սկզբում կենտրոնանալով օդային և հրթիռային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի և տիեզերական համակարգերի վրա: Ավելին, «ճանապարհային քարտեզը» նպատակ ունի մինչև 2027 թվականը ստեղծել համաեվրոպական ռազմական շարժունակության գոտի՝ ներդաշնակեցված կանոններով և տրանսպորտային ուղիների ցանցով: Ավելի մանրամասն տես, Commission and High Representative present new Defence Roadmap to strengthen European defence capabilities․ European commission, 16.11.2025, https://defence-industry-space.ec.europa.eu/commission-and-high-representative-present-new-defence-roadmap-strengthen-european-defence-2025-10-16_en (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[15] PM Zhelyazkov Attends Eastern Flank Summit in Helsinki. Bulgarian news agency, 16.12.2025, https://www.bta.bg/en/news/world/1029262-pm-zhelyazkov-attends-eastern-flank-summit-in-helsinki (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[16] Joint declaration in connection with Eastern Flank Summit in Helsinki, 16 December․ Government Offices of Sweden,16․12․2025, https://www.government.se/swedish-treaty-series/2025/12/joint-declaration-in-connection-with-eastern-flank-summit-in-helsinki-16-december/ (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[17] Bogdan Cozma․ How Can Romania Revitalize Its Defense Industry? German Marshall Fund, 18․07․2025, https://www.gmfus.org/news/how-can-romania-revitalize-its-defense-industry (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[18] National Defense Industry Strategy 2024–2030. Official Website of the United States government, 06.02.2026, https://www.trade.gov/country-commercial-guides/romania-defense-industry (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[19] Ռազմական և միջազգային անվտանգության համատեքստում (հատկապես ՆԱՏՕ-ի ձևաչափերում) «շրջանակային» տերմինը կիրառվում է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է բազմազգ ռազմական ստորաբաժանումներին։ Իսկ «շրջանակային երկիր» կոչվում է այն պետությունը, որն իր վրա է վերցնում տվյալ զորախմբի ստեղծման, կառավարման և թիկունքային ապահովման հիմնական պատասխանատվությունը։
[20] Пътят за голяма база за НАТО край Кабиле и Безмер е открит․ Segabg, 25․12․2025, https://www.segabg.com/hot/category-bulgaria/putyat-za-golyama-baza-za-nato-kray-kabile-i-bezmer-e-otkrit (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[21] Simavoryan, A. (2026). The Istanbul Canal in domestic and geopolitical dimensions. ARVAK Armenian Analytical Center, https://arvak.am/en/the-istanbul-canal-in-domestic-and-geopolitical-dimensions/ (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[22] Danube key to Europe and NATO’s efforts to keep Black Sea free and open․ Euractiv, 12․06․2024, https://www.euractiv.com/opinion/danube-key-to-europe-and-natos-efforts-to-keep-black-sea-free-and-open/ (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[23] Luke Coffey. To Boost NATO’s Presence in the Black Sea, Get Creative. Defense Օne, 30.05.2020, https://www.defenseone.com/ideas/2020/05/increasing-natos-presence-black-sea-time-get-creative/165760/ (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[24] George Vișan․ Romania’s Danube Flotilla: An Unparalleled Capability on NATO’s Southeastern Flank․ Jamestown, 04.06.2020, https://jamestown.org/romanias-danube-flotilla-an-unparalleled-capability-on-natos-southeastern-flank-part-two/ (բեռնման օրը՝ 20․06․2026)․
[25] H․ I․ Sutton․ Russia’s massive Black Sea problem is worse than it looks․ Naval News, 09.04.2026, https://www.navalnews.com/naval-news/2026/04/russias-massive-black-sea-problem-is-worse-than-it-looks/ (բեռնման օրը՝ 21․06․2026)․
[26] Виктория Веселова․ Остался практически пепел”: некрологи погибших с корабля “Минск” и подлодки “Ростов-на-Дону․ Радио Свобода, 09․06․2024, https://www.svoboda.org/a/ostalsya-prakticheski-pepel-nekrologi-pogbishih-s-korablya-minsk-i-podlodki-rostov-na-donu-/32985171.html (բեռնման օրը՝ 21․06․2026)․
[27] H․ I․ Sutton․ Russia’s massive Black Sea problem is worse than it looks․ Naval News, 09.04.2026, https://www.navalnews.com/naval-news/2026/04/russias-massive-black-sea-problem-is-worse-than-it-looks/ (բեռնման օրը՝ 21․06․2026)․
[28] Ministers Of Defence of Türkiye, Romania and Bulgaria Has Signed the “Black Sea Mine Countermeasure Task Group” in İstanbul․ Türkiye Cumhuriyeti Millî Savunma Bakanlığı, 11.01.2024, https://www.msb.gov.tr/SlaytHaber/b7810cfbf7ea40edb0423cd8cc0b1597 (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[29] Travis Turgeon, Tjaša Pele, Antoine Cayphas․ GNSS interference report: Russia – Part 4 of 4: Black Sea & Romanian airspace․ Spire company, 24.09.2025, https://spire.com/blog/space-reconnaissance/gnss-interference-report-black-sea-romanian-airspace/ (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[30] Российские атаки могут сократить экспорт зерна из Украины на треть․ ProFinance, 18.06.2026, https://www.profinance.ru/news2/2026/06/18/cjjh-rossijskie-ataki-mogut-sokratit-eksport-zerna-iz-ukrainy-na-tret.html (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[31] Romania’s Fleet and the Autonomous Naval Revolution: Toward NATO’s First Hybrid Fleet in the Black Sea․ Forumul Securității Maritime, 18․05․2026, https://www.forumulsecuritatiimaritime.ro/romanias-fleet-and-the-autonomous-naval-revolution-toward-natos-first-hybrid-fleet-in-the-black-sea/ (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[32] Neptun Deep progress: pipelaying kicks off in the Black Sea. OMV Petrom, 04.05.2026, https://www.omv.com/en/investors/news-and-events/news/2026/04052026-neptun-deep-progress (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[33] Countdown to the NATO Summit in Ankara: Challenges, expectations, goals․ EPC․ https://www.epc.eu/ projects/countdown-to-the-nato-summit-in-ankara-challenges-expectations-goals/ բեռնման օրը՝ 22․06․2026)․
[34] France deploys MAMBA missile defence system to bolster NATO defensive posture on eastern flank․ The SHAPE Officers’ Association, 22․06․2022, https://shape.nato.int/news-archive/2022/france-deploys-mamba-missile-defence-system-to-bolster-nato-defensive-posture-on-eastern-flank (բեռնման օրը՝ 22․06․2026)․
[35] Türkiye bolsters NATO defenses with SAMP/T, own arsenal․ Daily Sabah, 18․06․2026, https://www.dailysabah.com/politics/turkiye-bolsters-nato-defenses-with-sampt-own-arsenal/news (բեռնման օրը՝ 22․06․2026)․