Հրապարակում
Անկարայի վտանգավոր խաղը գլոբալ վերադասավորումների խաչմերուկում

Փորձագետի մեկնաբանություն, 14.10.2026 թ[1]
Արեստակես Ս. Սիմավորյան[2]
Վերջին տասնամյակում Մերձավոր Արևելքից մինչև Սև ծով ընկած տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք անվտանգային ապագայի հետ կապված լուրջ մարտահրավերներ և անորոշություններ են ստեղծում։ Թուրքիան, օգտագործելով իր աշխարհագրական դիրքն ու աճող ռազմաքաղաքական հավակնությունները, դարձել է Մերձավոր Արևելքից մինչև Սև ծով ձգվող աշխարհաքաղաքական վերաձևումների առանցքային շարժիչ ուժերից մեկը։ Անկարան, համադրելով դասական ուժային քաղաքականությունն ու նորօրյա հիբրիդային տեխնոլոգիաները, փորձում է իր շուրջը ձևավորել ազդեցության նոր բևեռ, որը մարտահրավեր է նետում ինչպես Արևմտյան անվտանգային համակարգերին, այնպես էլ հիշատակված աշխարհաքաղաքական տիրույթում Ռուսաստանի ավանդական գերիշխանությանը։ Այս մոտեցումը խորացնում է առկա հակասությունները և ամբողջ տարածաշրջանում ստեղծում անվտանգային նոր, անկանխատեսելի միջավայր։
Հիշյալ տարածաշրջաններում ավանդական միջազգային իրավունքն ու դիվանագիտական զսպման մեխանիզմները կարծես թե հետզհետե զիջում են իրենց տեղը «կատարված փաստի» քաղաքականությանը։ Տարածաշրջանային դերակատարները, տեսնելով գլոբալ կառույցների անկարողությունը, իրենց ռազմավարական նպատակներին հասնում են ուղղակի ռազմական ուժի կիրառման կամ դրա անմիջական սպառնալիքի միջոցով։ Թվային տեխնոլոգիաների, կիբեռհարձակումների և տեղեկատվական մանիպուլյացիաների զուգորդումը ցամաքային ու օդային ռազմական դասական գործողությունների հետ ձևավորում է հիբրիդային պատերազմների նոր տրամաբանություն, որտեղ թիրախավորվում են ոչ միայն հակառակորդի զինված ուժերը, այլև նրա պետության կենսական ենթակառուցվածքները, էներգետիկ համակարգերն ու հաղորդակցության ուղիները։
Միևնույն ժամանակ, գլոբալ անվտանգային ճարտարապետության փլուզմանը զուգահեռ ընթանում է տրանսպորտային և էներգետիկ միջանցքների վերահսկողության դաժան պայքար։ Մերձավոր Արևելքը, Հարավային Կովկասն ու Սևծովյան ավազանը հանդիսանում են համաշխարհային առևտրի զարկերակներ, և այդ ուղիների վրա ազդեցություն ունենալը նշանակում է տիրապետել լուրջ քաղաքական ու տնտեսական լծակների։ Այստեղ բախվում են միջազգային խոշոր նախագծերն ու տարածաշրջանային ամբիցիաները, իսկ ցանկացած էսկալացիա անմիջականորեն հարվածում է համաշխարհային մատակարարման շղթաներին՝ առաջացնելով շղթայական տնտեսական ճգնաժամեր։ Այս համատեքստում առանձնահատուկ բարդությամբ են աչքի ընկնում հատկապես Սևծովյան ավազանի անվտանգային դինամիկան և «Մեքքայի դաշինքի» ձևավորմամբ ի հայտ եկած աշխարհաքաղաքական նոր իրողությունները։
Թուրքական զորքը Սաուդյան Արաբիայու՞մ. «Մեքքայի դաշինքի» իրական նպատակները
Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի աստիճանական նահանջն ու ուժային վակուումը ստիպում են ԱՄՆ-ին տարածաշրջանային անվտանգության «ժանդարմի» դերը փոխանցել տեղական դաշնակիցներին։ Այս համատեքստում ուշագրավ է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ձևավորված «Մեքքայի պակտը»:
Տարածաշրջանում ազդեցիկ ռազմաքաղաքական բլոկի ստեղծումը Դաշինքի առանցքային նպատակներից մեկն է, որն առաջնորդվելու է հավաքական պաշտպանության մեխանիզմներով (մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա): Սա հնարավորություններ է ստեղծում երեք առաջատար սունիական պետություններին համախմբել իրենց ռեսուրսները՝ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը, Սաուդյան Արաբիայի ֆինանսական հզորությունը և Պակիստանի միջուկային ու մարդկային ներուժը[3]:
Սկզբնապես թղթի վրա որպես քաղաքական հռչակագիր գոյություն ունեցող այս համաձայնագիրը վերջին մի քանի ամիսներին կարծես թե վերածվում է իրական մեխանիզմների։ Նախ՝ 2026 թ. օգոստոսի 31-ին Ստամբուլում տեղի ունեցավ Համաձայնագրի անդամ երկրների Ռազմավարական, քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը, ապա՝ սեպտեմբերին ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում և Գլխավոր շտաբի պետերի բանակցությունները Էր Ռիադում, և, ի վերջո՝ հոկտեմբերի 5-ին Էր Ռիադում տեղի ունեցած Արտահերթ գագաթնաժողովում կայացվեց որոշում՝ Սաուդյան Արաբիայի դեմ սպառնալիքների դեպքում ռազմական կարողություններ տեղակայելու վերաբերյալ:
Չնայած նրան, որ թուրքական կառավարամետ լրատվամիջոցները շրջանառում են հակաօդային պաշտպանության, ԱԹՍ-ների և էլեկտրոնային պայքարի միջոցներով Սաուդյան Արաբիային աջակցելու լուրերը, այստեղ կա ուշագրավ նրբություն. «Մեքքայի դաշինքը» դեռևս չի վավերացվել Թուրքիայի խորհրդարանում, հետևաբար՝ գործնական քայլերը, եթե առաջանա դրանց խիստ անհրաժեշտությունը, կիրականացվեն երկկողմ պաշտպանական հին համաձայնագրերի հիման վրա:
Այնուամենայնիվ, քաղաքական ուղերձն ակնհայտ է՝ Անկարան ձգտում է լրացնել ԱՄՆ-ի թողած վակուումը։ Նկատենք, որ F-16 և F-35 կործանիչների շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունները, ՆԱՏՕ-ում Թուրքիայի դիրքերի ամրապնդման փորձերն ու Էրդողան–Թրամփ փոխադարձ գովեստները վկայում են, որ Անկարան արագորեն «վերադառնում է «Ատլանտյան ճամբար»:
Սև ծովի «փակման» վտանգը. Կկրկնվի՞ արդյոք Հորմուզի սցենարը
Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում Թուրքիան փորձում էր պահպանել չեզոք միջնորդի դերը (ինչի վառ ապացույցն էր «Հացահատիկային գործարքը»)[4],[5]: Սակայն պատերազմի արդեն իսկ երրորդ տարում այդ հավասարակշռությունը ակնհայտ խախտվել է։ Թուրքիա–Ուկրաինա ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես Սև ծովում ԱԹՍ-ները սկսեցին հարվածել թուրքական կապեր ունեցող առևտրային նավերին: Ռումինիայի ափերի մոտ թուրքական սեփականություն հանդիսացող «Royad Mammadov» նավի խորտակումը և հաջորդող հարվածները ցույց են տալիս, որ Սև ծովն այլևս ռուս-ուկրաինական ճակատ չէ, այլ ափամերձ երկրների և ընդհանրապես Եվրոպայի էներգետիկ և առևտրային անվտանգության անմիջական սպառնալիք: Կարող ենք փաստել, որ Սև ծովի արևմտյան ու հյուսիսարևմտյան հատվածները վերածվել են բարձր ռիսկայնության գոտու:
Ինչպես ԱՄՆ–Իսրայել–Իրան 2026 թ. բախման հետևանքով փակվեց Հորմուզի նեղուցը՝ կաթվածահար անելով համաշխարհային էներգամատակարարումը, այնպես էլ այժմ Սև ծովում առկա է լիակատար նավարկության դադարեցման իրական վտանգ: Հատկապես Անկարայի համար «Վաշինգտոնի ճամբարային» կերպարից դուրս գալը և Մոսկվայի հետ ուղիղ երկխոսության վերադառնալը անխուսափելի է․ նավատերերի համար պատերազմական ռիսկով պայմանավորված ապահովագրական վճարների կտրուկ բարձրացումը կաթվածահար է անում փոքր ու միջին բեռնափոխադրողներին՝ բարձրացնելով հացահատիկի, պարարտանյութերի և հումքի համաշխարհային գները։ Մյուս կողմից՝ բեռնափոխադրումների վերաուղղորդումը դեպի դանուբյան նավահանգիստներ կամ Ռումինիայի (Կոնստանցա) տարածքով առաջացնում է լոգիստիկ խցանումներ և բարձրացնում ինքնարժեքը։
Թուրքիայի կողմից «Sakarya» գազային հանքավայրի հետագա զարգացումը նույնպես պահանջելու է լրացուցիչ ռազմածովային պաշտպանություն:
Հնարավոր զարգացումներ
Այս գործընթացների հետնապատկերում կարելի է ասել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գլոբալ աշխարհաքաղաքական վերադասավորումների ներկայիս փուլում հիշեցնում է արևմտյան և արևելյան ուժային կենտրոնների միջև օրըստօրե խորացող ճեղքվածքներից մեկը՝ Անկարայի կողմից առավելագույն օգուտներ քաղելու վտանգավոր հավասարակշռման փորձ։ Մի կողմից՝ մնալով ՆԱՏՕ-ի առանցքային անդամ և պահպանելով ռազմավարական կապերը Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ, մյուս կողմից՝ Արևմուտքին զուգահեռ խորացնելով գործընկերությունը Մոսկվայի, Պեկինի և «Գլոբալ Հարավի» դերակատարների հետ, Անկարան ձգտում է ձևավորել ինքնուրույն աշխարհաքաղաքական բևեռ։
Բնականաբար, Սևծովյան ավազանում Թուրքիայի ստանձնած «դարպասապահի» դերը, որն հիմնված է Մոնտրյոյի կոնվենցիայի վրա, Անկարային տալիս է բացառիկ լծակներ՝ միաժամանակ մանիպուլյացնելու թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի ռազմավարական շահերը։ Սակայն Արևմուտքի և Արևելքի միջև մանևրելու տարածությունը գնալով նեղանում է, իսկ հակամարտող կողմերի ակնկալիքները Թուրքիայից դառնալու են ավելի կոշտ ու պահանջկոտ։ Գլոբալ ուժերի միջև հակասությունների խորացման պայմաններում երկակի խաղը կարող է հանգեցնել մեկուսացման․ Արևմուտքը կարող է դադարել հանդուրժել Անկարայի ռազմավարական շեղումները, իսկ ոչ արևմտյան գործընկերները՝ ընկալել նրան որպես անհուսալի և տատանվող գործընկեր։
Ի վերջո, Անկարայի արտաքին քաղաքական նկրտումները խիստ կախվածության մեջ են գտնվում նաև ներքին տնտեսական խոցելիությունից և ներքաղաքական զարգացումներից։ Ռազմական և աշխարհաքաղաքական ներկայության ընդլայնումը պահանջում է հսկայական ռեսուրսների ներգրավում, մինչդեռ տնտեսական ճգնաժամը և արտաքին ֆինանսական աղբյուրներից կախվածությունը, որը Թուրքիայի «Աքիլեսյան գարշապարն» է, սահմանափակում են նրա իրական հնարավորությունները։
Այս ամենի հետ մեկտեղ, արևմտյան և թուրքական ԶԼՄ-ների ու «ուղեղային կենտրոնների» կողմից ամենամեծ շահարկումը թուրքական արտաքին քաղաքականության «հզորության» մասին միֆն է։ Այն փորձ է արվում հիմնավորել Անկարայի ռազմարդյունաբերության աճով, «թյուրքական աշխարհի» և «Միջին միջանցքի» նախագծերով։ Իրականում՝ սպառազինության արտահանումն ու տարածաշրջանային էքսպանսիոնիզմը ոչ այլ ինչ են, քան ներքին համակարգային ճգնաժամերից ու աղետալի տնտեսական վիճակից հասարակության ուշադրությունը շեղելու քարոզչական գործիքներ, որոնց մշտապես դիմում են Էրդողանն ու նրա քաղաքական ուղեգծի համախոհները պաշտոնական ճեպազրույցներում։ Մինչդեռ թուրքական տնտեսությունը, որը տառապում է ազգային արժույթի անկառավարելի արժեզրկումից, հայտնվել է կրիտիկական կախվածության մեջ արտաքին «ստվերային» ֆինանսական հոսքերից։ Հատկապես Պարսից ծոցի երկրների կապիտալի նկատմամբ կախվածությունը Թուրքիայի «ինքնիշխանությունը» վերածում է դատարկ փուչիկի։
Գլոբալ վերադասավորումների այս փուլում Անկարայի ուռճացված ամբիցիաներն ու բոլոր ճակատներում միաժամանակ հակամարտության մեջ մտնելու մոլուցքը և կամ որդեգրված բարձր ռիսկայնությամբ մարտավարությունը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ առաջին իսկ լուրջ արտաքին անվտագային ցնցում կամ արտաքին ֆինանսական ճնշում ակնթարթորեն կարող են փլուզել թուրքական «աշխարհակալական» հաշվարկները՝ հանգեցնելով ոչ միայն արտաքին քաղաքական ոլորտում ձախողման, այլև երկրի ներսում խորը համակարգային ու տնտեսական ճգնաժամի։
[1] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 11.10.2026 թ.-ին:
[2] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[3] «Մեքքայի համաձայնագիրը». նոր դաշինքի աշխարհաքաղաքական շարժընթացը և ռազմավարական մարտահրավերները․ ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 12․08․2026․
https://arvak.am/մեքքայի-համաձայնագիրը-նոր-դաշինքի/
[4] Атоян, В., Симаворян, А., Симаворян, С. (2022). Конфликт вокруг Украины в оценках «мозговых центров» Турции. Проблемы национальной стратегии, (5).
[5] Սիմավորյան, Ա. (2024). Անկարա-Կիև ռազմատեխնիկական համագործակցությունն ուկրաինական ճգնաժամի համատեքստում. ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 15․09․2024,
https://arvak.am/անկարա-կիև-ռազմական-գործակցություն/