Մեկնաբանություններ

Silk Way-ի ռազմական լոգիստիկայի աշխարհաքաղաքական ենթատեքստը

0 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 09.10.2026 թ.[1]

1. Ադրբեջանի ակտիվացման լոգիստիկ չափորոշիչները

Ըստ Flightradar24 առցանց ծառայության տվյալների՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները միայն օգոստոս ամսվա ընթացքում առնվազն 15 չվերթ են իրականացրել դեպի Չինաստան: Հանդիսանալով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության և ուժային մյուս կառույցների հիմնական լոգիստիկ օպերատորը՝ սույն ընկերությունը մասնագիտացված է ռազմական նշանակության բեռների ու սպառազինության տեղափոխման գործում:

Նախկինում Silk Way ընկերության ռազմական բեռնափոխադրումների հիմնական աշխարհագրությունը ընդգրկում էր Թուրքիան և Իսրայելը՝ դեպի Ադրբեջան ուղղությամբ: Թուրքական ուղղությամբ թռիչքներն իրականացվում էին մի քանի օդանավակայանների միջոցով, իսկ Իսրայելում ռազմական արտադրանքի արտահանման և ներմուծման գործողությունների գլխավոր հանգույցը Օվդա ավիաբազան էր:

Հաշվի առնելով Իսրայելի և Թուրքիայի ավանդական ուղղություններում Silk Way-ի ակտիվության վերջին նվազումը՝ դեպի Չինաստան հաճախակի դարձած չվերթները մատնանշում են ադրբեջանական ռազմական պատվերների հավանական վերակողմնորոշումը դեպի չինական շուկա: Այս թռիչքների ռազմական բնույթն անուղղակիորեն հաստատվում է նաև նրանով, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության և Գլխավոր շտաբի ղեկավարության արտասահմանյան այցերի համար օգտագործվող կառավարական օդանավի առնվազն մեկ չվերթ դեպի ՉԺՀ և հակառակ ուղղությամբ: Silk Way-ի ինքնաթիռների հիմնական նպատակակետն ու բեռնման հանգույցը Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի վարչական կենտրոն Ուրումչին է: Այնտեղ «ույղուրական անջատողականությանը» հակազդելու Պեկինի խիստ քաղաքականության պատճառով սահմանված է ուժեղացված անվտանգության և ուղղակի ռազմական կառավարման ռեժիմ: Ըստ առկա տվյալների՝ հենց այս խիստ վերահսկվող տարածքն է Չինաստանի համար ծառայում որպես լավագույն հարթակ՝ հրապարակման ոչ ենթակա զենքի գործարքների իրականացման համար: Բացի այդ, տարածաշրջանն առավելագույնս փակ է օտարերկրյա հետախուզական ծառայությունների համար, ինչն այնտեղից առաքվող ռազմական բեռների նկատմամբ սպառիչ վերահսկողությունը դարձնում է գրեթե անհնարին:

Առկա տվյալների վերլուծությունը հիմք է տալիս պնդելու, որ նշված չվերթները հիմնականում հետապնդում են ռազմական նպատակներ: Չնայած դրան, ադրբեջանական մեդիադաշտը լիովին շրջանցում է այս թեման: Միջազգային բաց աղբյուրներում տեղեկատվության համանման բացակայությունը լրացուցիչ ընդգծում է Բաքվի և Պեկինի միտումնավոր դիրքորոշումը՝ խստորեն գաղտնի պահել թե՛ Silk Way-ի թռիչքների բարձր հաճախականությունը, թե՛ փոխադրվող ռազմական բեռների կոնկրետ բաղադրությունը:

2. Գնումների անվանացանկը

Բաց աղբյուրների համաձայն՝ ՉԺՀ-ից Ադրբեջան ռազմական առաքումների նախկին ծավալներն ու տեսականին բավականին համեստ բնույթ են կրել։ Պեկինի հետ Բաքվի ամենանշանակալի գործարքը մինչ օրս հանդիսանում էր HQ-9BE տեսակի հեռահար զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը, որոնք առաջին անգամ հանրությանը ցուցադրվեցին 2025 թ. նոյեմբերին ադրբեջանական զորահանդեսի ընթացքում։ Սույն համակարգերն ունակ են խոցելու օդային թիրախներ, թևավոր ու բալիստիկ հրթիռներ մինչև 250 կմ հեռավորության և մինչև 50 կմ բարձրության վրա՝ զարգացնելով հրթիռի ավելի քան 4 Մախ արագություն։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ HQ-9BE-երի գնումն նպատակ ուներ ամբողջացնելու երկրի էշելոնացված ՀՕՊ համակարգը՝ չինական ԶՀՀ-ները համադրելով արդեն իսկ սպառազինության մեջ առկա ռուսական С-300, Бук-МБ, Тор-М2КМ, ինչպես նաև իսրայելական Barak MX համալիրների հետ:

Բացի HQ-9BE համակարգերից, երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում տրամադրվել են նաև ոչ մահաբեր և հատուկ նշանակության միջոցներ, մասնավորապես՝ «մարդասիրական ականազերծման» համար նախատեսված արդիական սարքավորումներ: Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ դիտարկվել է նաև չինական նախագծմամբ JF-17C Thunder (Block III) բազմամարտավարական ինքնաթիռների գնումը: Այդուհանդերձ, տվյալ գործարքն իրավական և գործնական առումով առնչվում է Պակիստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, որտեղ իրականացվում է դրանց հավաքումը, իսկ Պեկինի մասնակցությունը սահմանափակվում է պայմանագրի պաշտոնական հաստատմամբ:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից չինական սպառազինության նկատմամբ գործնական հետաքրքրությունն առաջին անգամ նկատվել է դեռևս 2019 թվականին։ Այդ շրջանում երկրի ՊՆ և Գլխավոր շտաբի ներկայացուցչությունները դիտարկում էին ՀՕՊ համակարգերի, ռադիոտեղորոշիչ կայանների, ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ու կապի միջոցների, ինչպես նաև հակատանկային և դյուրակիր զենիթահրթիռային համալիրների (ԴԶՀՀ) ձեռքբերման հնարավորությունները։ Այդուհանդերձ, բացառությամբ HQ-9BE զենիթահրթիռային համալիրների գործարքի, ծրագրված մյուս նախագծերի կենսագործման վերաբերյալ որևէ տեղեկատվություն հետագայում չի հանրայնացվել։

3. Բաքվի վերակողմնորոշման աշխարհաքաղաքական պատճառները

Տեսականորեն չինական սպառազինության նկատմամբ Բաքվի հետաքրքրության վերսկսումը, որի արդյունքը կարող էին լինել Ուրումչիից բեռնափոխադրումները, միանգամայն տրամաբանական է թվում։ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում իրադարձությունների շարժընթաց զարգացման պատճառով Ադրբեջանը, հավանաբար, դժվարությունների է առնչվել եվրոպական երկրներից և Իսրայելից մի շարք սպառազինություններ ներկրելու խնդրում: Եվրոպական ռազմաարդյունաբերական համալիրը ներկայումս կենտրոնացած է Կիևին աջակցելու և ՆԱՏՕ-ին ՌԴ-ի հետ հնարավոր դիմակայությանը նախապատրաստելու վրա: Իր հերթին, Թել Ավիվը փաստորեն մարտական գործողություններ է իրականացնում միանգամից 3 ռազմաճակատում (պաղեստինյան, լիբանանյան և իրանական), ինչը վերջին 2 տարիների ընթացքում զինանոցների զգալի պարպման պատճառով դրանց մշտական համալրում է պահանջում։ Դաշնակից Թուրքիան նույնպես ի վիճակի չէ ամբողջությամբ ծածկել Ադրբեջանի պահանջները պաշտպանության ոլորտում, հատկապես առաջադեմ տեխնոլոգիաների հատվածում։ Ստեղծված պայմաններում Բաքուն ստիպված է անդրադառնալ ՉԺՀ-ից ներկայացված առաջարկներին։

Միաժամանակ, Բաքվի պաշտպանական գնումների վրա էականորեն ազդում է թուրք-իսրայելական հարաբերությունների լարվածության աճը: Բարձր է հավանականությունը, որ ստեղծված իրադրությունում Անկարան հորդորել է Ադրբեջանին հնարավորինս սահմանափակել իսրայելական սպառազինության ձեռքբերումը կամ գոնե փոխարինել դրանք այնպիսի համակարգերով, որոնց համար առկա են այլընտրանքային մատակարարներ: Թուրքիայի և Իսրայելի միջև խորացող քաղաքական-դիվանագիտական ճգնաժամի ֆոնին, որը, փորձագետների գնահատմամբ, կարող է հանգեցնել ուղղակի ռազմական բախման, ռազմատեխնիկական փոխգործակցության խնդիրները ստանում են առանձնահատուկ նշանակություն: Հետևաբար, չի բացառվում, որ Անկարայի հետ ռազմավարական դաշինքի պահպանման ու ամրապնդման նպատակով Բաքուն ստիպված է եղել նպատակաուղղված կերպով կրճատել Թել Ավիվի հետ ռազմական համագործակցության ծավալները:

Ադրբեջանը, իր արտաքին քաղաքականության տրամաբանության համատեքստում և տարածաշրջանային իրողությունների հաշվառմամբ, ստիպված է պահպանել սպառազինությունների տեխնոլոգիական վերազինման ընթացքն ու պարբերաբար համալրել սեփական զինանոցները։ Մասնավորապես, Իրանի շուրջ լարվածության խորացումը կարող է ինքնաբերաբար ապակայունացնել իրավիճակը Կասպից ծովի ավազանում։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանային խորացող հակասությունների պատճառով չի բացառվում Թեհրանի և Բաքվի միջև ուղղակի ռազմական բախման հավանականությունը։ Բացի այդ, չնայած երկուստեք ցուցադրվող դրական քայլերին, Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները շարունակում են բարդ մնալ։ Վերջապես, Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բացակայության պայմաններում Բաքուն շարունակում է ՀՀ-ի նկատմամբ ռազմաքաղաքական ճնշման և սպառնալից հռետորաբանության քաղաքականությունը։ Աշխարհաքաղաքական նման բարդ իրադրությունում, սեփական ռազմականացումը մեծացնելու նպատակով, Ադրբեջանը փորձում է գործընկերային վեկտորը ուղղել դեպի Պեկին, որը կարող է դառնալ նախկին մատակարարների արդյունավետ փոխարինողն ու բավարարել երկրի պաշտպանական պահանջմունքները։

Այս բոլոր գործոնների համադրությունը հիմք է տալիս հավանական համարելու այն վարկածը, որ Չինաստանից իրականացվող գաղտնի առաքումներն անմիջականորեն ուղղված են Ադրբեջանի զինված ուժերի կարիքների բավարարմանը:

4. «Թուրքական» վարկած

Թեև ՉԺՀ-ից իրականացվող գաղտնի մատակարարումները կարող են ուղղված լինել Ադրբեջանի զինված ուժերի կարիքների բավարարմանը, առավել հավանական է, որ Բաքուն հանդես է գալիս որպես տարանցիկ օղակ՝ երրորդ երկրի մասնակցությամբ խոշոր պաշտպանական գործարքում: Այդ սպառազինությունների հիմնական ստացողը, թերևս, Թուրքիան է, որի համար սեփական պաշտպանունակության օպերատիվ հզորացումը, հատկապես ՀՕՊ ոլորտում, ներկայումս ունի առաջնահերթ նշանակություն:

Չնայած տեղական ռազմարդյունաբերության գրանցած հաջողություններին՝ Անկարան շարունակում է զգալ բարձր տեխնոլոգիական զինատեսակների էական պակաս, որոնք վճռորոշ են տարածաշրջանում ռազմավարական առավելություն ապահովելու համար: Էական բացթողումներ են արձանագրվում արդիական օդաչուավոր ավիացիայի, ՀՕՊ առաջատար համակարգերի, ՌԷՊ միջոցների և կապի ուղիների ճնշման համալիրների սեգմենտներում:

Այս տեխնիկական պակասուրդն անմիջականորեն բխում է 2017 թ. սեպտեմբերի 12-ի պայմանագրով ՌԴ-ից С-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգեր գնելու որոշումից: Նշված քայլի հետևանքով Թուրքիան դուրս մնաց 5-րդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից, իսկ 2020 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի կիրառած CAATSA պատժամիջոցների պատճառով արգելափակվեց նաև ամերիկյան սպառազինության լայն տեսականու հասանելիությունը:

5. Թուրքիայի պատժամիջոցների փակուղին

Այնուհետև Անկարան մի քանի անգամ փորձեց հասնել գործող սահմանափակումների չեղարկմանը և բավական մոտ էր այդ նպատակին։ Այդուհանդերձ, Իսրայելի ու հրեական լոբբիստական շրջանակների ազդեցության պատճառով Վաշինգտոնը շարունակում է ուժի մեջ պահել պատժամիջոցային ռեժիմը։ Ստեղծված իրավիճակում Թուրքիան հայտնվել է որոշակի փակուղում. Միացյալ Նահանգները պարբերաբար վստահեցնում է, թե շուտով կվերացնի արգելքները՝ առանց գործնական քայլեր կատարելու, սակայն միաժամանակ նախազգուշացնում է Չինաստանից կամ Ռուսաստանից այլընտրանքային սպառազինություն ձեռք բերելու դեմ։ Մինչդեռ տարածաշրջանում Անկարայի մրցակիցները, մասնավորապես՝ Հունաստանն ու Իսրայելը, հետևողականորեն ընդլայնում ու արդիականացնում են սեփական զինանոցները առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներով։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն առ այն, որ թուրքական ռազմարդյունաբերության ոլորտում ներմուծման փոխարինումը հասել է 80%-ի (15.10.2021 թ.), անուղղակիորեն բացահայտեց խորքային համակարգային խնդիրների առկայությունը։ Այս ցուցանիշից դուրս են մնում ռազմավարական նշանակության այնպիսի բաղադրիչներ, որոնք տեղական արտադրությունն ի վիճակի չէ ինքնուրույն թողարկել։ Խոսքը վերաբերում է 5-րդ սերնդի կործանիչներին (թուրքական KAAN-ի մշակման գործընթացը դեռևս ավարտված չէ և էապես կախված է ամերիկյան մատակարարումներից) ու ՀՕՊ արդիական համակարգերին։ Ըստ փորձագիտական գնահատականների՝ հենց այդ 20% մեջ են ամփոփված արդի պատերազմներում ռազմավարական զսպման և ռազմական գերազանցության հասնելու առանցքային տարրերը։

6. Սիրիական գործոնը

Անկարայի դիրքերը թուլանում են բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող հետընթացի պատճառով, ինչը խաթարում է տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը։ Կործանիչների հավաքակայանի բարոյական ծերացումը և ՀՕՊ ինքնավար էշելոնավորված համակարգի ձևավորման համար ռեսուրսների պակասը Թուրքիային զրկում են օդային գերիշխանությունից։ Առկա հեռահար համալիրները ինտեգրված են ՆԱՏՕ-ի համակարգին, ինչը սահմանափակում է Անկարայի գործողությունների ազատությունը Մերձավոր Արևելքում։Միևնույն ժամանակ, Սիրիայի և Հյուսիսային Կիպրոսի օդային տարածքի պաշտպանությունը դուրս է մնում ՆԱՏՕ-ի հավաքական զսպման համակարգից։ Չնայած դրան, Անկարան պարտավորվել է ապահովել Դամասկոսի երկնքի անվտանգությունը, որտեղ հաստատվել է իր նկատմամբ բարեհաճ վարչախումբը՝ Ահմեդ աշ-Շարաայի (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի) գլխավորությամբ։ Քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի ռեսուրսների օգտագործումն այս տարածքների պաշտպանության համար իրավական հիմքեր չունի, Թուրքիան ստիպված է այլընտրանքային ուղիներ փնտրել՝ տեղակայված սեփական զորամիավորումների և դաշնակից կառույցների անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ իսրայելական աղբյուրների՝ Սիրիայում էշելոնացված ՀՕՊ համակարգ ձևավորելու Թուրքիայի ջանքերը բախվում են լուրջ խոչընդոտների՝ սեփական ռազմատեխնոլոգիական բազայի սահմանափակ լինելու և Վաշինգտոնի կոշտ հակազդեցության պատճառով: Անկարան փորձում էր ԱՄՆ-ի հետ համաձայնեցնել ռուսական С-400 «Триумф» համալիրների փոխանցումը Աշ-Շարաայի կառավարությանը։ Այս քայլով թուրքական կողմը ձգտում էր լուծել երկու առանցքային խնդիր. նախ՝ զենիթահրթիռային համակարգերը դե-յուրե հանձնել Դամասկոսին, սակայն դե-ֆակտո պահպանել դրանց նկատմամբ վերահսկողությունը Սիրիայի օդային տարածքում օպերատիվ գերիշխանություն ապահովելու համար, և երկրորդ՝ վերացնել CAATSA օրենքով ամերիկյան պատժամիջոցների կիրառման հիմնական պատրվակը։

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի դիրքորոշումը մնաց անհողդողդ. Սպիտակ տունն արգելափակեց առաջարկված ծրագիրը՝ հստակ ընդգծելով, որ դրա իրագործումը վերջնականապես է փակելու Թուրքիայի վերադարձը F-35 կործանիչների ծրագիր և բացառելու է ռազմատեխնիկական գործընկերության լիարժեք վերականգնումը։

Այնուամենայնիվ, 2025 թ. սկզբից ի վեր Անկարան ջանքեր է գործադրել Սիրիայի հակաօդային պաշտպանությունը սեփական ռազմարդյունաբերության արտադրության կարճ և միջին հեռահարության Hisar ՀՕՊ համալիրներով համալրելու ուղղությամբ: Սակայն անգամ սահմանափակ հեռահարության թիրախների խոցման և հետևման այս համակարգերի տեղակայումն Իսրայելում դիտարկվել է որպես Սիրիայի օդային տարածքի ստատուս քվոյի խախտում:

Ի պատասխան Սիրիայի «Т-4» և Պալմիրա ավիաբազաներում կործանիչներ, ՌՏԿ-ներ, ԱԹՍ-ներ ու Hisar ԶՀՀ-ներ տեղակայելու Անկարայի ծրագրերին՝ Իսրայելի ՌՕՈւ-ն 2025 թ. մարտին և ապրիլին հարվածներ հասցրեց այդ օբյեկտներին: Սրացումը շարունակվեց նույն թվականի սեպտեմբերի 9-ի գիշերը, երբ իսրայելական ավիացիան Հոմս նահանգում ոչնչացրեց Թուրքիայից ներկրված ռադիոտեղորոշիչ սարքավորումների ու Hisar համալիրների բեռնարկղերը: Հաջորդ խոշոր գործողությունն իրականացվեց 2026 թ. օգոստոսին. ՑԱԽԱԼ-ը զանգվածային հարված հասցրեց Աբու էդ Դուհուր ավիաբազայի պահեստներին ու ենթակառուցվածքներին՝ դա հիմնավորելով Դամասկոսի կողմից ստատուս քվոյի խախտմամբ և թուրքական ՀՕՊ միջոցների տեղակայմանը աջակցելով:

Անկախ Իսրայելի դիմադրությունից՝ Թուրքիան հաստատակամորեն շարունակում է Սիրիայում սեփական ռադարային համակարգերն ու ԶՀՀ-ները տեղակայելու գործընթացը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս ծրագրերի ամբողջական կենսագործման պարագայում, թուրք-սիրիական միացյալ կարողությունները բավարար չեն լինի սիրիական օդային տիրույթում ռազմավարական լիակատար վերահսկողություն հաստատելու համար։ Նրանց առկա զինանոցը չի ապահովում անտեսանելի (Stealth) ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ ու հիպերձայնային հրթիռների արդյունավետ հայտնաբերումն ու որսումը։

Անկարայի զինանոցում օդային սպառնալիքների հայտնաբերման, ազդարարման ու ոչնչացման արդիական բարձրտեխնոլոգիական միջոցների սահմանափակության, ինչպես նաև Վաշինգտոնի հետ ռազմատեխնիկական ոլորտում առկա քաղաքական խոչընդոտների պայմաններում, առավել հավանական է դառնում Չինաստանից դեպի Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխումը՝ ի շահ թուրքական կողմի։ Ըստ ամենայնի, խոսքը HQ-9BE հեռահար ռազմավարական ԶՀՀ համալիրների (կամ դրանց արտահանման FD-200B տարբերակի) մասին է, որոնք արդեն իսկ ներառված են Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ և հաջողությամբ փորձարկվել են զորավարժությունների ընթացքում։ Նշված համակարգերի ներգրավումն Անկարային հնարավորություն է տալիս լրացնել Սիրիայի տարածքում բազմաշերտ հակաօդային պաշտպանության ձևավորման առանցքային բացթողումը։ Սա անհրաժեշտ է սեփական ռազմավարական հենակետի ամրապնդման, տարածաշրջանային գլխավոր մրցակից Իսրայելի արդյունավետ զսպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում սեփական ազդեցության համակարգված տարածման համար։

7. Անկարայի հետ Բաքվի նոր պայմանագրերը

Թուրք-չինական հարաբերություններում Բաքվի միջնորդական առանցքային դերը հաստատվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական փոխգործակցության ծավալուն ընդլայնմամբ: Սեպտեմբերի սկզբին Բաքվում կայացած ADEX ցուցահանդեսի շրջանակներում կողմերը կնքեցին ավելի քան $500 մլն պայմանագրերի փաթեթ: Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գերգյունի փոխանցմամբ՝ համաձայնագրերով նախատեսվում է սպառազինության լայն տեսականու մատակարարում, այդ թվում՝ Hürkuş թեթև գրոհային ինքնաթիռներ, ALP-100 ռադիոտեղորոշիչ կայաններ, Mizrak կամիկաձե ԱԹՍ-ներ, Antidot ՌԷՊ համակարգեր և Barbaros առափնյա բազավորման հականավային հրթիռային համալիրներ: Բացի այդ, համագործակցությունը նախատեսում է Ադրբեջանում զինամթերքի արտադրության թուրքական գործարանի հիմնում:

Չի բացառվում, որ հիշյալ պայմանագրերը ձևական-իրավական հիմք են ապահովում դեպի Թուրքիա չինական ռազմական մատակարարումների «օրինականացման» համար: Ձևակերպելով սպառազինության գնումները Պեկինից իբրև սեփական պաշտպանական կարիքներ՝ Բաքուն հետագայում դրանք փոխանցում է Անկարային՝ թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի ձեռքբերման արտոնյալ պայմանների դիմաց: Նման փոխշահավետ մեխանիզմը տեսականորեն հնարավորություն է տալիս Անկարային շրջանցել Պեկինի հետ ուղղակի ռազմատեխնիկական գործարքների վերաբերյալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների սահմանափակումներն ու պահանջները:

ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները, Վաշինգտոնի հետ հարաբերությունների լարվածությունը, ինչպես նաև ռուսական С-400 «Триумф» ԶՀՀ-ների գնման հետևանքով առաջացած բարդությունները ստիպում են Անկարային խուսափել Պեկինի հետ ռազմատեխնիկական բնույթի ուղղակի և հրապարակային համաձայնագրեր կնքելուց: Համանման սահմանափակումները վերաբերում են նաև այն սպառազինություններին, որոնք նախատեսված են Թուրքիայի տարածքից դուրս կիրառման համար (օրինակ՝ Սիրիայում, Հյուսիսային Կիպրոսում կամ Սոմալիում), որտեղ թուրքական ռազմական ներկայությունը գտնվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի մշտական վերահսկողության տակ: Այդ իսկ պատճառով, չինական պաշտպանական համակարգերը գաղտնի ձեռք բերելու նպատակով թուրքական կողմն ապավինում է Ադրբեջանի միջնորդությամբ իրականացվող բազմաստիճան մեխանիզմներին։

Առկա փաստերի համադրման և բաց աղբյուրների վերլուծության վրա հիմնված սույն եզրահանգումը կրում է վարկածային բնույթ: Այդուհանդերձ, առաջադրված տրամաբանական մոդելն աչքի է ընկնում բարձր հիմնավորվածությամբ ու համոզչականությամբ:


[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 08.10.2026 թ.: