Սահմանակից երկրներ

ԱդրՀ-ի նկատմամբ ԻԻՀ արտաքին քաղաքականության հետազոտություն. կառուցողական վերլուծություն

An examination of the foreign policy of the Islamic Republic of Iran towards the Republic of Azerbaijan
35 դիտում

ԱդրՀ-ի նկատմամբ ԻԻՀ արտաքին քաղաքականության հետազոտություն. կառուցողական վերլուծություն[1]

Դոկտոր Էհսան Մովահեդիան[2]

1. Ներածություն

Հարավկովկասյան տարածաշրջանը վաղուց իր ուրույն տեղն Է գրավել Իրանի արտաքին քաղաքականության մեջ՝ պատմական, մշակութային և քաղաքակրթական խորը կապերի շնորհիվ: 1991 թ. Խորհրդային Միության փլուզմամբ և Ադրբեջանի Հանրապետության (ԱդրՀ) անկախացմամբ նոր գլուխ սկսվեց Իրանի և տարածաշրջանի հարաբերություններում: Հաշվի առնելով նրանց կրոնական, մշակութային և պատմական մերձությունը՝ կարելի էր երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակ ակնկալել: Սակայն վերջին երեք տասնամյակի ընթացքում նրանց հարաբերությունները բնորոշվել են զգալի տատանումներով, և Ադրբեջանը բազմիցս սպառնալից վարքագիծ է դրսևորել Իրանի նկատմամբ: Այն ներառում է անվտանգության և հետախուզության ոլորտում Իսրայելի հետ լայն համագործակցությունը, իր տարածքում Մոսադի՝ Իրանի դեմ ուղղված հետախուզական կայանների ստեղծումը, մեղսակցությունն Իրանի միջուկային փաստաթղթերի գողությանը, հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքները Նաթանզի միջուկային օբյեկտների ուղղությամբ (Athaari & Rahmani, 2022, էջ. 66–75), Իսրայելի հետ համագործակցությունն Իրանի տարածքի վրա վերջին հարձակումների ժամանակ։

Չնայած այս թշնամական գործողություններին՝ Իրանի ընդհանուր արձագանքն զգուշավոր էր, երբեմն՝ պասիվ։ Այս կապակցությամբ առաջանում է հետազոտության գլխավոր հարցը. ինչո՞ւ Թեհրանը հաշտվողական մոտեցում որդեգրեց Ադրբեջանի կողմից հնչող հարաճուն սպառնալիքների նկատմամբ և ձեռնպահ մնաց վճռական զսպիչ պատասխանից:

Այս հարցին պատասխանելու համար տվյալ ուսումնասիրությունն օգտագործում է կառուցողականության տեսական դրույթները: Կովկասի հարցերով տասը փորձագետ-մասնագետների հետ խորացված հարցազրույցների արդյունքների հիման վրա վերլուծվում են Ադրբեջանի նկատմամբ Իրանի արտաքին քաղաքականությունը որոշող պատճառներն ու գործոնները: Հարցազրույցի մասնակից փորձագետները համակարծիք են, որ Կովկասյան տարածաշրջանը ներքին և ռազմավարական առաջնահերթություն ունի Իրանի համար, և Թեհրանն ձգտում է ակտիվ ու ինքնուրույն դերակատարություն ունենալ այդ տարածաշրջանում՝ թույլ չտալով, որ Կովկասը մանրադրամի վերածվի այնպիսի մրցակից տերությունների հետ քաղաքական գործարքներում, ինչպիսիք են ՌԴ-ն, Թուրքիան և ԱՄՆ-ը: Իրանի և Կովկասի միջև մշակութային, պատմական և քաղաքակրթական խորը կապերն այս տարածաշրջանը բնութագրում են որպես «Մշակութային Իրանի» մաս, ինչը պայմանավորում է Կովկասյան հավասարման մեջ Իրանի ակտիվ և անկախ ներկայության պահպանման անհրաժեշտությունը:

2. Տեսական շրջանակներ. կառուցողականություն և արտաքին քաղաքականություն

Միջազգային հարաբերությունների կառուցողականության տեսությունը շեշտում է իմաստային կառույցների, ինքնությունների, գաղափարների և մտածելակերպերի դերը, որոնք ձևավորվում են դերակատարների միջև ու որոշում նրանց արտաքին քաղաքական շահերն ու վարքագիծը: Ի տարբերություն իրատեսական տեսությունների, որոնք շահերը համարում են առարկայական, նյութական և կանխորոշված, կառուցողականությունը բխում է այն փաստից, որ շահերն ու ինքնությունները դերակատարների միջև սոցիալական և միջենթակայական փոխազդեցության արդյունք են և կառուցված են այս գործընթացի ընթացքում: Ալեքսանդր Վենդտը՝ կառուցողականության առաջատար տեսաբաններից մեկը, պնդում է, որ միջազգային հարաբերություններում «սոցիալական իրողություններն» այն նշանակությունների արդյունք են, որոնք դերակատարները յուրացնում են, իսկ դրանք՝ նույն այդ նշանակություններն առաջանում են փոխազդեցությունների և ինքնության կառուցվածքների համատեքստում (Danesh Nia, 2015, էջ. 68–74).

Կառուցողականության տեսակետից՝ մյուս դերակատարների նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը հիմնված է գաղափարների, ընկալումների և մտածելակերպի վրա, որոնք կողմերը ձևավորում են միմյանց վերաբերյալ: Այս պատկերացումները, որոնք փոխազդեցության, փոխըմբռնման և ինքնության կառուցվածքների պատմական փորձի արդյունք են, որոշում են, թե՞, արդյոք, մյուս դերակատարը ընկալվում է որպես «ընկեր», «մրցակից» կամ «թշնամի» և, համապատասխանաբար, ազդում են համապատասխան վարքի մոդելի ընտրության վրա: Այլ կերպ ասած, «սպառնալիքն» առարկայական հասկացություն չէ, որը գոյություն ունի՝ անկախ դերակատարների գիտակցությունից, այլ կառուցված երևույթ է, որը ձևավորվում է սոցիալական փոխազդեցությունների ընթացքում և հիմնված է դերակատարների կողմից արտաքին իրողությունների մեկնաբանման վրա (Danesh Nia, 2015, էջ. 64–68)։

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ կառուցողական տեսության կիրառումը թույլ է տալիս դուրս գալ զուտ նյութական ու աշխարհաքաղաքական վերլուծության շրջանակից և ուսումնասիրել երկու երկրների վարքագիծը ձևավորող իմաստաբանական, նույնականացման և մտածելակերպային չափումները։ ԱդրՀ-ի վերաբերյալ իրանցի պաշտոնատար անձանց պատկերացումները պատմական (ընդհանուր քաղաքակրթական հիշողություն), նույնականացման (կրոնական և մշակութային ընդհանրություն), աշխարհաքաղաքական (ընդհանուր սահման և փոխկախվածություն) ու ռազմավարական (Իսրայելի և Թուրքիայի դերը Բաքվում) գործոնների համադրության արդյունք են (Afzali, Seyedi Asl, Mahmoudi, 2014, էջ. 253–254)։ Սույն հետազոտության վարկածն այն է, որ այդ գործոնների շարքում ԱդրՀ-ի՝ որպես «լուրջ, ուժեղ և անխուսափելի սպառնալիքի» ընկալումը դեռևս լիովին չի ձևավորվել ԻԻՀ-ում որոշումների կայացման հիմնական հաստատությունների պատկերացումներում, ինչն էլ բացատրում է Իրանի հաշտվողական մոտեցումը Բաքվի սպառնալից վարքագծի նկատմամբ:

Մեկ այլ կարևոր ասպեկտ, որը կարելի է վերլուծել կառուցողականության շրջանակներում, ազգային և էթնիկական ինքնության դերն է արտաքին քաղաքական վարքագծի ձևավորման գործում: Կառուցողականությունը շեշտում է, որ ազգային ինքնությունները սոցիալական և պատմական գործընթացների արդյունք են, և պետություններն իրենց ռազմավարական պատկերացումներն ու վարքի օրինաչափությունները կարող են ձևավորել ինքնության ձևավորման գործընթացների կառավարման միջոցով (Moshirzadeh, 2009, էջ 252): Իրանի կողմից Ադրբեջանում տեղի ունեցող այդ գործընթացի անտեսումը հիմնովին փոխել է Կովկասում ինքնության փոխդասավորությունը՝ ոչ հօգուտ Թեհրանի։ Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո ԱդրՀ-ում ինքնության ձևավորման գործընթացներին Իրանի սահմանափակ մասնակցության պայմաններում այդ ասպարեզում ակտիվորեն գործել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իսրայելը և Թուրքիան:

3. Հետազոտության մեթոդաբանությունը

Տվյալ հետազոտության մեջ կիրառվում է որակյալ մեթոդ, որը հիմնված է Կովկասի և տարածաշրջանի պետությունների հետ Իրանի հարաբերությունների վերաբերյալ տասը նշանավոր փորձագետների և մասնագետների հետ խորացված հարցազրույցների անցկացման վրա: Հարցազրույցների մասնակից փորձագետների թվում են նախկին դիվանագետներ, գիտական հետազոտողներ, ռազմավարական վերլուծաբաններ և այս ոլորտում աշխատանքի և հետազոտությունների մեծ փորձ ունեցող մասնագետներ: Հարցազրույցների ընթացքում ստացված տվյալները քաղվել և համակարգվել են որակյալ բովանդակային վերլուծության մեթոդի միջոցով: Գիտական գրականության նյութերի և վավերագրական աղբյուրների հետ միասին դրանք կազմում են այս ուսումնասիրության վերլուծական հիմքը:

4. Իրանի արտաքին քաղաքականության մեջ Կովկասի նշանակությունը՝ որպես անկախ փոփոխական

Հարցազրույց տված փորձագետների կոնսենսուսի համաձայն՝ Կովկասյան տարածաշրջանը հիմնարար ռազմավարական նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այս կարևորությունն արմատավորված է պատմական, մշակութային և քաղաքակրթական խորը կապերի մեջ, որոնք Կովկասը դարձրել են «Մշակութային Իրանի» անբաժանելի մասը: Հարավային Կովկասի պետությունները մտածելակերպով և պատմականորեն մերձ են իրանական ինքնությանը, այն աստիճան, որ նույնիսկ պատմական ժառանգության վերաբերյալ այդ երկրներում սպորադիկ, այսինքն՝ ցաքուցրիվ շրջանառվող մեքենայությունները չեն կարող փոխել արմատացած իրողությունները: Իրանցի վերլուծաբաններն ուղղակիորեն հայտարարում են, որ Հարավային Կովկասն Իրանի աշխարհաքաղաքական շարունակությունն է և նրա տարածքային ամբողջականության երաշխավորը: Տարածաշրջանում Իրանի դիրքերի թուլացումը կարող է այն վերածել «դարպասների»՝ Իրանի ապակայունացման և նույնիսկ փլուզման համար։

Այսպիսով, Կովկասը հանդես է գալիս որպես Իրանի ազգային անվտանգության պահպանման հենասյուներից մեկը, և այդ տարածաշրջանում իր ազգային շահերը պաշտպանելու ցանկացած անվճռականություն ուղղակի սպառնալիք է նրա համար:

Մինչև 2023 թ. իրադարձությունները, որոնք հանգեցրին ԱդրՀ-ի կողմից Արցախի ամբողջական բռնազավթմանը, Իրանը բավարար ուշադրություն չէր դարձնում ինքնության և քաղաքակրթության այդ մեքենայություններին և թերագնահատում էր Կովկասի հնարավորություններն ու կարևորությունը: Նման պասիվությունը հիմնականում բացատրվում էր Իրանի և տարածաշրջանի միջև իրական պատմական կապերի մասին երկրի պաշտոնատար անձանց զգալի մասի անտեղյակությամբ։ Մեկ այլ կարևոր գործոն էր Թեհրանի ուշադրության կենտրոնացումը մերձավորարևելյան ուղղությամբ, առաջին հերթին՝ Իսրայելի և շիա աշխարհի ճակատագրի հետ կապված հարցերի վրա։ Սակայն, երբ այդ մտավախությունները տարածվեցին Կովկասում՝ Իսրայելին, թաքֆիրիստական հոսանքներին աջակցության ցուցաբերման և Իրանի դաշնակից դիմադրողական խմբերին, հատկապես Սիրիայում, հակազդմանն ուղղված ԱդրՀ-ի քաղաքականության պատճառով, Իրանը կտրուկ վերանայեց իր առաջնահերթությունները: Թեհրանը գիտակցեց, որ չի կարող Կովկասում իր դիրքերը պահել հին, ավանդական մեթոդներով և պետք է լրջորեն ականջալուր լինի փորձագետների նախազգուշացումներին, որոնք նրան զգուշացրել էին դեռևս 2020 թ. պատերազմից առաջ:

Հօգուտ ԱՄՆ-ի, Իսրայելի ու Թուրքիայի, և ի վնաս Իրանի ու Ռուսաստանի շահերի տարածաշրջանային ուժերի հավասարակշռության մեջ տեղի ունեցած տեղաշարժը հանգեցրեց մի շարք քայլերի, որոնք ուղղված էին Իրանի ազգային շահերի դեմ, ինչը նրան ստիպեց վերանայել իր ավանդական չեզոք տեսակետը Կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ: Այդ կերպափոխման դրսևորում դարձան դոկտոր Ալի Աքբար Վելայաթիի՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականի, հայտարարությունները։ Եթե ավելի վաղ նա կարծում էր, որ Իրանը պետք է Կովկասի իրադարձություններին նայի «Ռուսաստանի աչքերով», ապա վերջին երկու տարում ուղղակի հայտարարում էր, որ Իրանը, ինչպես Ռուսաստանի հետ գործընկերությամբ, այնպես էլ առանց նրա, թույլ չի տա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը (entekhab.ir, 18 օգոստոսի 2025 թ.)՝ ավելի ուշ ավելացնելով, որ ա. կ. «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում ա. կ. «Զանգեզուրի միջանցքից» (tabnak.ir, 24 դեկտեմբերի, 2025 թ.): Հարցազրույց տված փորձագետների կարծիքով՝ ԻԻՀ-ի ներսում մոտեցումների այս համակարգային փոփոխությունը կպահպանվի նաև ապագայում:

Այսպիսով, ներկայումս Իրանն ձգտում է ակտիվ և անկախ դերակատարի դեր խաղալ Հարավային Կովկասում, այլ ոչ թե տարածաշրջանը որպես մանրադրամ դիտարկել այնպիսի մրցակից տերությունների հետ քաղաքական գործարքներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Թուրքիան և ԱՄՆ-ը: Այս ձգտումը չպետք է նույնականացնել վերը նշվածն իրագործելու Իրանի անկարողության հետ։ Այլ կերպ ասած, Թեհրանը փորձել է ազդեցություն գործել և ավելի նշանակալի դեր խաղալ Կովկասում, սակայն ստորև դիտարկվող մի շարք պատճառներով չի հաջողել դրանում:

5. Բաքվի սպառնալիքներին Իրանի հաշտվողական մոտեցման պատճառներն ու գործոնները

Չնայած Իրանի համար Կովկասի ռազմավարական կարևորությանը և փորձագետների կողմից այդ կարևորության ճանաչմանը, Թեհրանի արտաքին քաղաքականության արդյունավետությունն այդ տարածաշրջանում սպասումներից ցածր էր, իսկ ԱդրՀ-ի կողմից հնչող սպառնալիքների պատասխանները, ընդհանուր առմամբ, զգուշավոր և պասիվ բնույթ էին կրում: Ստորև, հիմնվելով փորձագետների հետ խորը հարցազրույցների արդյունքների վրա, մենք մանրամասնորեն ուսումնասիրում ենք այս մոտեցման հիմքում ընկած հիմնական գործոնները: Այս գործոնները հանգեցրին նրան, որ իրանցի քաղաքական գործիչները չկարողացան Բաքվի վտանգավոր պահվածքը համարժեք ըմբռնել որպես սպառնալիքի աղբյուր, հօգուտ Բաքվի աղավաղեցին այդ երկրի ընկալումները, պատկերացումներն ու գնահատականներն իրանցի պաշտոնատար անձանց գիտակցության մեջ, բաց թողեցին առկա հնարավորությունները և դրանով իսկ նպաստեցին Կովկասում Իրանի համար ներկայիս անբարենպաստ իրավիճակի ձևավորմանը: Այս գործոնները կարող են դասակարգվել վերը նշված հետևողականությամբ, սակայն հեղինակը դրանք մեջբերում է փորձագետների հայտարարություններում հիշատակման հաճախականության կարգով.

Ա) ներքին գործոններ.

– հստակ ռազմավարության բացակայություն և հաստատութենական մրցակցություն Իրանի ներսում;

– փորձագետների պակաս և կովկասյան տարածաշրջանի ոչ բավարար ըմբռնում կառավարող մարմիններում;

– Իրանում բաքվամետ լոբբիի ազդեցություն;

– ԱդրՀ-ում արհեստական ազգայնականության սաստկացման և դրա հետևանքների անտեսում:

Բ) տարածաշրջանային և արտատարածաշրջանային գործոններ.

– Բաքվում իսրայելական և բրիտանական ազդեցության ընդլայնման թերագնահատում;

– դատողություններ Իրանի և Թուրքիայի հարաբերությունների վերաբերյալ;

– Իրանի հյուսիս-արևմուտքում հակամարտության նոր ճակատի բացումից խուսափելու ձգտում;

– դատողություններ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների վերաբերյալ:

Գ) տնտեսական և աշխարհաքաղաքական գործոններ.

– տարանցիկ երթուղիների կախվածություն Բաքվից;

– Բաքվի օպորտունիստական քաղաքականություն՝ պայմանավորված Իրանի կողմից Հայաստանի ռազմավարական շահերի անտեսմամբ;

– բաց թողնված հնարավորությունները հանրային դիվանագիտության անտեսման և բացառապես Ի. Ալիևի կառավարության հետ փոխգործակցության վրա կենտրոնանալու հետևանքով:

Դ) հոգեբանական և ընկալման գործոններ.

– Բաքվի հետ առճակատման ներքին ռիսկերի ուռճացում;

– Բաքվի ոչ թափանցիկ և բարդ հակաիրանական գործողություններ;

– Բաքվի կողմից լարվածության խելամիտ կառավարում;

– Բաքվի կողմից հնչող սպառնալիքի թերագնահատում՝ նրա աշխարհաքաղաքական խոցելիության պատճառով;

– Իսրայելի և ԱՄՆ-ի հետ առճակատման առաջնահերթություն;

– սխալ վարքագիծ, որն առաջացել է Կովկասում հետ մնալը փոխհատուցելու փորձերում ցուցաբերված հապճեպությամբ:

Այս գործոնները մանրամասն քննարկվում են ստորև՝ հարցազրույց տված 10 փորձագետների հայտարարություններում դրանց հիշատակման հաճախականության կարգով.

5-1. Հստակ ռազմավարության բացակայություն և հաստատութենական մրցակցություն Իրանի ներսում

Կովկասում Իրանի արտաքին քաղաքականության անարդյունավետության ամենանշանակալի գործոններից մեկը տվյալ տարածաշրջանի նկատմամբ հստակ, համաձայնեցված և երկարաժամկետ ռազմավարության բացակայությունն է: Հարցման ենթարկված բոլոր փորձագետներն ընդգծել են, որ Իրանը Կովկասյան տարածաշրջանի երեք պետությունների հետ կապված է քաղաքակրթական, մշակութային և կրոնական կարևոր կապերով, որոնք իրենց գագաթնակետին են հասնում առավելապես շիա ԱդրՀ-ի և նրա ադրբեջանական բնակչության հետ հարաբերություններում: Այդ կապերը հանգեցրել են նրան, որ Իրանը միշտ ցանկացել է տեսնել անվտանգ, կայուն Կովկաս՝ զերծ ռազմական սպառնալիքներից և անվտանգության մարտահրավերներից։ Սակայն այդ նպատակի իրագործմանը խանգարեց այն, որ, ի տարբերություն Արևմտյան Ասիայի և արաբական Մերձավոր Արևելքի, որտեղ ԻԻՀ-ն ունի համեմատաբար ձևավորված դոկտրիններ և ռազմավարություններ, Կովկասի նկատմամբ նման ծածկագրված ռազմավարություն չկա: Այս ռազմավարական դատարկությունը հանգեցրել է նրան, որ իրանական տարբեր հաստատություններ գործում են տարածաշրջանում միաժամանակ, բայց առանց համակարգման՝ միմյանց ջանքերը չեզոքացնելով մրցակցության, կրկնօրինակման և զուգահեռ գործունեության պատճառով: Նման մրցակցություն գոյություն ունի ոչ միայն տնտեսական, քաղաքական և ուժային տարբեր կառույցների միջև, այլև, առանձին դեպքերում, նույնիսկ մեկ կառույցի ներսում, որտեղ մրցակցում են երկու տարբեր հայացքների կողմնակիցները: Կովկասում հստակ ռազմավարության բացակայությունը նաև նշանակում էր, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Իրանի ուշադրությունը և պաշարները տարբեր ժամանակներում ամբողջովին ուղղված էին այլ ճգնաժամային գոտիների, ինչպիսիք են Աֆղանստանը, Մերձավոր Արևելքը կամ ԱՄՆ-ի հետ առճակատումը, այն դեպքում, երբ Կովկասը մնում էր ԻԻՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ծայրամասում: Ինչպես նշել է հարցման ենթարկված փորձագետներից մեկը. «Իրանի արտաքին քաղաքականության խնդիրներից մեկն այն է, որ այն միաժամանակ չի ակտիվանում մի քանի ուղղություններով, երբ դա պահանջում է իրավիճակը։ Երբ առաջնահերթությունը տրվում է ավելի բարձր հնչեղ հատվածներին, Կովկասը, բնականաբար, հայտնվում է ուշադրության ծայրամասում»։

ԻԻՀ-ում Կովկասի գործերով հստակ ռազմավարության բացակայության բացասական հետևանքը տարածաշրջանի երեք պետությունների նկատմամբ գործողությունների անհատականացումն է: Այլ կերպ ասած, եթե Իրանում Կովկասի նկատմամբ քաղաքականություն սահմանող կառույցների ղեկավարությունն իրականացնում են այդ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման խորը ըմբռնումով և ճշգրիտ, ճշտված վերլուծությամբ իրավասու մարդիկ, ապա ընդունվում են համապատասխան արդյունավետ որոշումներ։ Հակառակ դեպքում՝ Կովկասի նկատմամբ Իրանի գերիշխող մոտեցումը հանգում է գործողությունների անհամապատասխանության ու ցածր արդյունավետության։

5-2. Փորձագետների պակասը և կովկասյան տարածաշրջանի ոչ բավարար ընկալումը ղեկավար մարմիններում

Արևմտյան Ասիայի և արաբական Մերձավոր Արևելքի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետների և մասնագիտացված հաստատությունների առատության համեմատ շատ սահմանափակ է Իրանում Կովկասին նվիրված մասնագետների և հաստատությունների թիվը: Փորձագիտական գիտելիքների այս բացը, որը նույնպես ընդգծված է ոլորտի վերլուծաբանների կողմից, արմատավորված է տասնամյակների հաստատութենական անտեսման և ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանի ուսումնասիրման համակարգված մոտեցման բացակայության մեջ: Փորձագետների կարծիքով, բավարար փորձի պակասը նպաստել է Հարավային Կովկասում Իրանի սպառնալիքների ընկալման պարզեցմանը ղեկավար մարմիններում, տարբեր հաստատությունների միջև տարաձայնություններին և տարածաշրջանային իրադարձությունները խորությամբ հասկանալու անկարողությանը, ինչը հանգեցրել է պատմականորեն բաց թողնված հնարավորությունների: Այդ թուլությունը մի շարք դեպքերում հանգեցրել է միակողմանի զիջումների Բաքվին։

Փորձագիտական գիտելիքների պակասը նաև պայմանավորել է այն, որ իրանցի շատ պաշտոնատար անձինք հեղափոխությունից ի վեր չեն ունեցել բավարար պատմական գիտելիքներ, հատկապես ԻԻՀ-ի և Կովկասյան տարածաշրջանի դարավոր կապերի վերաբերյալ, ինչի հետևանքով նրանք անտեսել են «Մշակութային Իրան» հայեցակարգի ներուժն այդ տարածաշրջանում:

Կովկասն Իրանի պատմության և մշակութային ինքնության զգալի մասն է կազմում, սակայն այդ կապերի նկատմամբ ուշադրությունը և այդ տարածաշրջանում պարսկերեն լեզվի ու մշակութային ներկայության ամրապնդմանն ուղղված ջանքերը շատ ուշ են սկսվել՝ փորձի պակասի և ղեկավար մարմինների անտեղյակության պատճառով: Երկրների միջև խորը պատմական, կրոնական և նույնականացման կապերի նկատմամբ ուշադրությունը կարող էր հարթակ դառնալ Իրանի մշակութային ազդեցության և հանրային դիվանագիտության համար, սակայն այդ ընդհանուր ժառանգության պատմական անտեսումը մշակութային, քաղաքական և տնտեսական ներկայության տարածությունը զիջեց մրցակիցներին: Փորձագիտական և հաստատութենական անտեսումը թույլ տվեց ինտենսիվորեն շարունակել այս տարածաշրջանից իրանական ինքնությունը ջնջելու համակարգված քաղաքականությունը, ինչպիսին է պարսկերեն լեզվի և պարսկալեզու էթնիկ խմբերի, նկատմամբ քաղաքականությունը, օրինակ՝ թաթերի դեմ պայքարն ԱդրՀ-ում: Նույնիսկ հակաիրանական աշխարհաքաղաքական նախագծերի առաջխաղացումը, օրինակ, ա. կ. «Զանգեզուրի միջանցքը», ուղղակի հետևանք է այդ թուլության և Կովկասում Իրանի խորը մշակութային ազդեցության անտեսման:

Տարածաշրջանի այս ոչ բավարար և մակերեսային ընկալումը հանգեցնում է նրան, որ Բաքվի սպառնալիքները դասակարգվում են որպես մեկանգամյա, անցողիկ և համեմատաբար աննշան գործողություններ, այլ ոչ թե հաստատութենական և ռազմավարական: Արդյունքում, Իրանը Հարավային Կովկասում հայտնվում է «աշխարհաքաղաքական թակարդում», սակայն փորձագիտական բազայի թուլության և միասնական ռազմավարական վերլուծության բացակայության պատճառով նրան պակասում է բավարար տեղեկացվածությունը հակառակորդի մտահղացումների խորության և ծավալի մասին: Բաքվի երկարաժամկետ ծրագրերը, ինչպիսիք են կրոնական ինքնության ձևավորումը, ապաշիականացումը և ժողովրդագրական կառուցվածքի փոփոխությունը, մեկնաբանվում են ոչ թե որպես «սիստեմատիկ միտում», այլ որպես երկրորդական և ժամանակավոր հարցեր: Դա թույլ է տալիս ԱդրՀ-ին անարգել առաջ տանել իր հակաիրանական հոգեբանական գործողությունները, ձևավորել իրեն անհրաժեշտ ինքնությունները և լայնածավալ հիբրիդային պատերազմ վարել տարածաշրջանում ԻԻՀ շահերի դեմ:

Տվյալները ցույց են տալիս, որ մասնագիտական առումով Կովկասում Իրանի քաղաքական, մշակութային և ռազմական կադրերը համապատասխան փորձի և ծառայողական ձեռքբերումների մակարդակով զգալիորեն զիջում են եվրոպական երկրների, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից նշանակված մասնագետներին: Դիվանագետների և այլ անհրաժեշտ կադրերի պատրաստման խնդրում առկա նման անհավասարակշռությունն Իրանին անհավասար մրցակցության պայմաններում է դրել այն գերտերությունների հետ, որոնք տասնամյակներ շարունակ նպատակաուղղված ներդրումներ են կատարել Կովկասի գծով որակյալ դիվանագետների և փորձագետների սերունդների դաստիարակության գործում: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական պարտությունն առաջին հերթին պայմանավորված էր տարածաշրջանի դաշտային շարժընթացը որսալու և մրցակից պետությունների փորձառու դիվանագետների հետ մրցակցելու իրանցի մասնագետների անկարողությամբ:

 5-3. Բաքվում իսրայելական և բրիտանական ազդեցության ընդլայնման անտեսումը

Խորացված հարցազրույցների ընթացքում փորձագետների բացարձակ մեծամասնության կարծիքով՝ ԱդրՀ-ն վերջին երկու տասնամյակի ընթացքում հենակայան է դարձել Իրանի դեմ Իսրայելի հետախուզության և անվտանգության ծառայությունների գործունեության համար: Մասնավորապես, Մոսադը ԱդրՀ-ում ենթակառուցվածք է ստեղծել Իրանի դեմ լրտեսությանը նպաստելու համար։ Իսրայելական հետախուզական ցանցերը գործում են իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով գյուղատնտեսական, տեխնոլոգիական և տնտեսական գործունեության քողածածկույթի տակ: Այս խորը ներթափանցումը, որն ուղեկցվում է Բաքվի անվտանգության և հետախուզության կառույցներում Միացյալ Թագավորության հարաճուն ներկայությամբ, լուրջ և ահագնացող սպառնալիք է ստեղծել Իրանի ազգային անվտանգության համար: Այնուամենայնիվ, սխալ մտացածին կառուցվածքների և որոշում կայացնողների կարծրատիպերի պատճառով այս սպառնալիքին Թեհրանի արձագանքը հիմնականում մնացել է դիվանագիտական նախազգուշացումների և մտահոգությունների արտահայտման մակարդակում:

Կովկասյան փորձագետների հայտարարությունների և վերլուծությունների վերանայումը վկայում է, որ այդ սպառնալիքը ենթակա է դիտարկման երեք ինքնուրույն, բայց փոխկապակցված հարթություններում. դա հետախուզական ուժային ազդեցության աստիճանն ու ընդգրկումն է, դրա կապվածությունը տնտեսական և ռազմական ենթակառուցվածքի հետ, ինչպես նաև Իրանի վերլուծական և ռեակտիվ մեխանիզմների խոցելիությունը:

Ազդեցության մակարդակի և ծավալի առումով այս ներթափանցումը գերազանցում է ստանդարտ համագործակցությունը և ներառում է «հետախուզական-լրտեսական», «կիբերնետիկ, հաղորդակցական ու լրատվական» և «քաղաքական-դիվանագիտական» չափումներ: Բաքվում Մոսադի գործունեությունը չի սահմանափակվում Իրանի դեմ գործողություններով. ավելի շուտ այն ստեղծել է ազդեցության բարդ ցանց ԱդրՀ պետական կառավարման և հասարակության բոլոր մակարդակներում: Որպես հետևանք, իսրայելցի պաշտոնյաները ԱդրՀ-ն անվանում են ոչ թե պարզապես դաշնակից, այլ «իսրայելական ռազմավարական ակտիվ»: Այս սպառնալիքի անտեսումը ժամանակի ընթացքում հանգեցրեց Իսրայելի անօդաչու թռչող սարքերի ներթափանցմանը ԱդրՀ տարածքից և նրա սահմաններից Իրանի օդային տարածք վերջերս տեղի ունեցած երկու տարածաշրջանային հակամարտությունների («12-օրյա» և «40-օրյա» պատերազմներ) ժամանակ: Սա բացահայտեց նշված սպառնալիքի աննախադեպ նոր չափումները, որոնք այլևս չեն սահմանափակվում ավանդական հետախուզական գործունեությամբ, այլ ներառում են Բաքվի ուղղակի մեղսակցությունը Իրանի դեմ իսրայելական ագրեսիային:

Ինչ վերաբերում է հետախուզական ներթափանցման և ԱդրՀ-ում Իսրայելին տնտեսական և ռազմական ենթակառուցվածքների տրամադրման միջև կապին, ապա այստեղ փորձագետներն ավելի մանրամասն վերլուծություն են ներկայացնում: Օրինակ, Բաքու–Թբիլիսի–Ջեյհան 1770 կմ երկարությամբ խողովակաշարը, որն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների 40-60%-ը, գործնականում պաշտպանվում է իսրայելական Heron և Hermes անօդաչու թռչող սարքերով, և այդ ներկայությունն ապահովում է անհրաժեշտ անվտանգության ծածկույթ Մոսադի հետախուզական գործունեության համար: Իսրայելն ԱԹՍ-ների հենակայաններ ունի ԱդրՀ առնվազն 4 վայրում, իսկ դեպի ԻԻՀ հետախուզական ԱԹՍ թռիչքների համար նրա տարածքի օգտագործումն ապացուցված փաստ է: Հատկանշական է, որ ԱդրՀ-ի հետ Իսրայելի առաջին ռազմական պայմանագիրը նախատեսում էր «ափ–ծով» դասի հրթիռների մատակարարում, այսինքն՝ ԱդրՀ-ը զինել Իրանին դիմակայելու համար։

Ընդհակառակը, իրանցի պաշտոնատար անձանց սխալ գիտակցական վերաբերմունքը հանգեցրել է «չափազանց զսպվածության» քաղաքականության, և այդ մոտեցումը «Բաքվի պաշտոնյաների մոտ ամենաթողության պատրանք է ստեղծել»։ Չնայած Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հարևանների հետ ռազմական հակամարտության չի ձգտում, չափազանց զսպվածությունը Բաքվին կեղծ ազդանշան է ուղարկել Թեհրանի թուլության և անվճռականության մասին, ինչը դրդել է ադրբեջանցի պաշտոնատար անձանց ուժեղացնել իրենց դիմակայությունը և առաջ շարժվել Իսրայելի հետ հետախուզական ուժային համագործակցության ոլորտում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Իրանի դեմ վերջին երկու պատերազմներին հաջորդած իրադարձություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Իրանի անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության հիմնարար վերանայման, հատկապես Կովկասում:

5-4. ԱդրՀ-ում կեղծ ազգայնականության ուժեղացման անտեսումը և դրա հետևանքները

ԻԻՀ–ԱդրՀ հարաբերություններում առկա իրավիճակը ձևավորող ամենահիմնական, բայց միևնույն ժամանակ առավել անտեսված գործոններից մեկն ԱդրՀ-ում ինքնության և ազգայնականության ձևավորման գործընթացների ռազմավարական թերագնահատումն է ԻԻՀ կողմից: Այս թերագնահատումը խորը և երկարաժամկետ հետևանքներ ունեցավ երկու երկրների մտածելակերպի և տարածաշրջանային հավասարման վրա:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը գտնվում էր անկախ ինքնության փնտրտուքի մեջ։ Երկիրը կանգնած էր երկընտրանքի առաջ. մի կողմից՝ Իրանի հետ խորը մշակութային, պատմական, կրոնական և քաղաքակրթական կապերը կարող էին հիմք հանդիսանալ նրա ազգային ինքնության համար և նրան ամուր կապել «Մշակութային Իրանի» հետ, մյուս կողմից՝ պանթուրքիզմի և թյուրքակենտրոն ազգայնականության խոսույթը, որն աշխուժորեն աջակցվում էր Թուրքիայի կողմից, Բաքվի վերնախավերին այլ ճանապարհ էր առաջարկում։ ԱդրՀ-ում իրանական ինքնության ամրապնդումը՝ հենվելով այս ընդհանրական կապերի վրա, կարող է երաշխավորել երկրի վերադարձն իրանական ինքնության ուղեծիր և կանխել հակաիրանական ազգայնամոլության ձևավորումն այնտեղ: Սակայն Իրանն անտեսեց այդ կարևորագույն պահը։

Ադրբեջանական ազգայնականության մասին առկա գրականությունը հստակ ցույց է տալիս, որ ԱդրՀ հետխորհրդային ազգային ինքնությունը կրում է վառ արտահայտված հակաիրանական և առավելապես թյուրքակենտրոն բնույթ: Այս ինքնությունը կառուցվել է այնպես, որ Իրանը՝ որպես մշակույթ և պատմական էություն, ներկայացվի «օտարի», այսինքն՝ գլխավոր հակառակորդի և թշնամու դերում։ Այսօր ադրբեջանցի լինել նշանակում է մերժել Իրանի հետ ցանկացած քաղաքակրթական կապ։ Այն համոզմունքը, որ ադրբեջանցիները եղել և մնում են իրանցիների զոհերը, երեխաների մեջ սերմանվում է պետական քարոզչության և դպրոցական ծրագրերի միջոցով: Նույնիսկ տեղի բնակիչներն այդ երկրում ձերբակալությունների և բանտարկության են ենթարկվում՝ իրանամետության կամ երրորդ շիա իմամին (իմամ Հուսեյնի հիշատակին) նվիրված սգո արարողություններ անցկացնելու մեղադրանքով, իսկ երկրի լրատվամիջոցները հագեցած են Իրանի մասին բացասական լուրերով (hawzahnews.com, 11 մայիսի 2024 թ.): Կորոնավիրուսային համաճարակի պատրվակով 6 տարի առաջ ցամաքային սահմանի փակումը նույնպես նվազեցրեց երկու երկրների միջև մշակութային և տնտեսական փոխանակումներն ու նպաստեց ԱդրՀ բնակչության շրջանում հակաիրանական քարոզչության տարածմանն ու ընդունմանը:

ԱդրՀ-ն ի վերջո իր ինքնության հիմքերը փոխառեց Թուրքիայից և Իսրայելից, հանուն ինչի կեղծ պատմություն ստեղծվեց հանրապետության համար։ Այս կեղծ պատմությունը պարբերաբար հերքում է այդ տարածքի պատմական կապերն Իրանի հետ և ուռճացնում թյուրքակենտրոն հակաիրանական պատումը։ Հիմք ընդունելով առկա վերլուծությունները՝ «ադրբեջանական կառավարությունը հավակնում է տիրանալ Իրանի մասերին», և այդ ծավալապաշտական նկրտումներն առաջ են մղվում «Մեծ Ադրբեջան» անվան ներքո: Ադրբեջանական ազգայնականությունը բնորոշվում է այնպիսի հասկացություններով, ինչպիսիք են իրրեդենտիզմը և էքսպանսիոնիզմը, իսկ ԱդրՀ կառավարությունն իր ԶԼՄ-ներում տարածքային ծավալապաշտական նկրտումներ է առաջ քաշում միջազգայնորեն ճանաչված տարածքների, այդ թվում՝ Իրանի տարածաշրջանների նկատմամբ (tabnak.ir, 23 հունվարի 2024 թ.):

Հարցազրույցի մասնակից փորձագետների խոսքով՝ հակաիրանական տրամադրությունների հիմքերն ԱդրՀ-ում սկզբնավորվել են 1918 թվականից, երբ Արաքս գետից հյուսիս գտնվող ադրբեջանական ազգի հայեցակարգն առաջին անգամ կեղծվեց պանթուրքիզմի գաղափարախոսության ազդեցության ներքո: Այս տարածաշրջանում պանթուրքիստական հայացքներ ունեցող քաղաքական վերնախավերը հիմնվել են Էթնիկ ազգայնականության հայեցակարգի վրա՝ «իրանցի ադրբեջանցիների շրջանում հակաիրանական ինքնության զգացում սերմանելու համար»։

Եթե Իրանն ԱդրՀ-ի անկախության առաջին տարիներին ակտիվորեն մասնակցեր այնտեղ տեղի ունեցած ազգային ինքնության ձևավորման գործընթացին և մշակութային, լրատվական և կրթական ներդրումների միջոցով ամրապնդեր ինքնության ընդհանուր կապերը, ներկայիս հավասարման արդյունքը կարող էր բոլորովին այլ լինել: Ռազմավարական այս հարցի անտեսումն ստեղծեց դատարկություն, որը լցրեցին մրցակից և թշնամական խոսույթները՝ Թուրքիայի պանթուրքիզմը և Իսրայելի սիոնիզմը։

Ինչպես արտահայտվել է հարցազրույցի մասնակից փորձագետներից մեկը, Իրանը ոչ միայն տանուլ է տվել Ադրբեջանում ինքնության համար մղվող մրցակցությունը, այլև ընդհուպ մինչև ղարաբաղյան երկրորդ պատերազմն սկզբունքորեն չէր գիտակցում այդ մրցակցության կարևորությունը և չէր մասնակցում դրան: Թեհրանում չէին կարող ենթադրել, որ նման մարտահրավերի ու սպառնալիքի կբախվեն առավելապես շիա երկրի կողմից, որի ադրբեջանական բնակչությունը խորը կապեր ունի Իրանի միլիոնավոր քաղաքացիների հետ: Այս բացթողումը կարելի է համարել Կովկասում Իրանի ամենահիմնարար ռազմավարական սխալներից մեկը, որի հետևանքները զգացվում են մինչ օրս: Փորձագետների կարծիքով, եթե ԱդրՀ-ում ժամանակին առաջ մղվեր իրական ազգայնականությունը, այսօր մենք ականատես կլինեինք Իրանի պատմության հետ այդ երկրի կապին և վերադարձին իրանական ինքնության: Հարկ է նշել նաև, որ Իրանում ադրբեջանական արմատներ ունեցող որոշ պաշտոնատար անձինք ԱդրՀ բնակիչների հետ զգացմունքային և էթնիկ կապերի պատճառով դեռևս լիովին չեն կարողանում ընդունել այդ իրողությունը:

5-5. Իրանում բաքվամետ լոբբիի ազդեցությունը

Բաքվի նկատմամբ Իրանի հաշտվողական մոտեցումը ձևավորող կարևոր և ազդեցիկ գործոններից մեկն Իրանի քաղաքական և տնտեսական կառույցի ներսում ԱդրՀ-ին աջակցող ազդեցիկ լոբբիի առկայությունն է: Այս երևույթը, որը միջազգային գրականության մեջ հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», ընդգրկում է այն անձանց և խմբերի ցանցը, որոնք ձգտում են տարբեր ձևերով ազդել երկրների արտաքին քաղաքականության վրա՝ ի շահ ԱդրՀ-ի։

Գերմանիայում առավել հնչեղ դեպքը կապված է տխրահռչակ «ադրբեջանական լվացքատուն» աղմկահարույց իրադարձության հետ, որը հանգեցրել է Բունդեսթագի մի քանի բարձրաստիճան քաղաքական գործիչների դատապարտման։ Այդ գործի մասնակիցներից մեկը Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության անդամ Աքսել Ֆիշերն էր։ 2026 թ. հունվարին նրան մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական ազդեցության ցանցից տասնյակ հազարավոր եվրո ստանալու համար՝ Բաքվին գաղտնի խորհրդարանական փաստաթղթեր տրամադրելու և նրա օգտին քվեարկելու դիմաց։ Հետագայում դատարանը նրան դատապարտեց 14 ամսվա պայմանական ազատազրկման, պետական պաշտոններ զբաղեցնելու երկամյա արգելքի և €12,000 չափով տուգանքի (Dowsett, occrp.org, 2026):

Գործի մյուս մասնակիցը դարձավ Էդուարդ Լինտները Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից։ Նա նաև խոստովանել է, որ 2008-2016 թթ. Ալիևի կառավարությունից մի քանի միլիոն եվրո է ստացել՝ այդ գումարի մի մասը ծախսելով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ԱդրՀ օգտին կաշառքով ձայներ հավաքագրելու վրա: Դատական քննության արդյունքում նա դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման և տուգանքի (OCCRP, occrp.org, 2025):

ԱՄՆ-ում նման բնույթի ուշագրավ օրինակներից մեկն էլ Տեխաս նահանգից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հենրի Կուելյարի դեպքն էր։ Նրան և նրա կնոջը՝ Իմելդա Կուելյարին 2024 թ. մայիսին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Հանրապետության կառավարության հետ փոխկապակցված ընկերություններից առնվազն $360,000 կաշառք ստանալու համար։ Մեղադրանքները ներառում էին փողերի լվացում, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) խախտելու դավադրություն և պաշտոնյային կաշառելը: Այս գործը համարվում է վերջին տարիների խոշորագույն աղմկահարույց դեպքերից մեկը՝ կապված ԱՄՆ Կոնգրեսում օտարերկրյա ազդեցության հետ (mirrorspectator.com, 2024):

Իրանում նույնպես գոյություն ունեն նման ազդեցության մեխանիզմներ։ Ներգրավված անձանցից ոմանք Բաքվին աջակցում են էթնիկ պատկանելության, մշակութային և լեզվական ընդհանրությունների պատճառով, իսկ մյուսները նման աջակցության համար ունեն կոնկրետ նյութական և տնտեսական շահեր: Օգտագործելով իր ազդեցությունը տնտեսական, քաղաքական և լրատվական կառույցներում, տվյալ խումբը խոչընդոտում է Բաքվի՝ որպես Իրանի շահերի նկատմամբ սպառնալիքների աղբյուրի և թշնամական դերակատարի մասին պատկերացումների ձևավորմանը։ Ազդեցության այս ցանցը դժվարացնում է Բաքվի հետ պատշաճ փոխգործակցության համար կոնսենսուսի հասնելը, ինչպես նաև խոչընդոտում է Կովկասում Իրանի ազգային շահերի ապահովման համար կոնկրետ ռազմավարության մշակմանը: Առաջ մղելով սեփական շահերն ու նախասիրությունները՝ տվյալ ցանցի ներկայացուցիչները ձգտում են դրանք որպես համազգային ներկայացնել Կովկասի վերաբերյալ որոշումներ կայացնող տարբեր քաղաքական, ռազմական, մշակութային և ուժային գերատեսչությունների առջև։

Բաքվի լոբբիի ազդեցությունը դրսևորվում է 4 կառուցվածքային մակարդակներում՝ ռազմաքաղաքական (ներկայացված է կրոնական կերպարանքով անձանց կողմից, որոնք, բարեհաճություն ցուցաբերելով Իսլամական Հանրապետության նկատմամբ, գործնականում պաշտպանում են Թուրքիայի և ԱդրՀ շահերը), լրատվամիջոցների (ներառում է թերթերում և պարբերականներում Բաքվի և Թուրքիայի համար բարենպաստ հոդվածներ հրապարակող փորձագետների), վերնախավային (ընդգրկում է քաղաքական որոշումների կայացմանը մասնակցող անձանց) և ինտերնետ-թրոլներ (ներկայացված է համացանցային դերակատարների կողմից, որոնք վարկաբեկում են Իրանի ազգային շահերին աջակից ազգային ակտիվիստներին։

Հարցման մասնակից փորձագետների գնահատանքով՝ Բաքվի լոբբին օգտագործում է այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են կովկասյան դաշտում բարեմիտ փորձագետների և ուժերի համար ծախսերի և խնդիրների ստեղծումը, տեղեկատվության տարածումը և արտահոսքը, իրողությունների կարևորության նվազեցումը և գրաքննությունը՝ Թեհրանի վճռական քայլերը կանխելու և ցանկացած անակնկալից խուսափելու համար, իրողությունների խեղաթյուրումը, հոգեբանական գործողությունները և այլն: Այս գործողությունների վերջնական արդյունքը Բաքվի նկատմամբ Թեհրանում որոշումների ընդունման ուղիների արգելափակումն է:

Այդ լոբբիի հիմնական գործողությունը կեղծ պատումների հորինումն է: 2020-ին նրանք հայտարարում էին, թե Ղարաբաղն իսլամական հող է, և որ Իրանը պետք է ուրախանա ԱդրՀ կողմից այն գրավելու համար։ Իսկ իրականությունն այն էր, որ հայերին պատկանող տարածքն Ի. Ալիևի կառավարության կողմից տրվել է Իսրայելին՝ Իրանի շահերին սպառնացող «միջանցք» ստեղծելու համար։ Ավելի ուշ՝ Բաքվի լոբբին կեղծորեն պնդում էր, թե ոչ մի միջանցք էլ գոյություն չունի, իսկ տեղի ունեցողը սոսկ վեճ է երկու երկրների (ՀՀ-ի և ԱդրՀ-ի) միջև, որն արդեն լուծված է: Այնուհետև առաջ էր մղվում այն թեզը, թե այդ «միջանցքը» զուտ ռուսական է և ոչ մի կապ չունի Միացյալ Նահանգների հետ։ Իսկ երբ փորձագետները նախազգուշացրին, որ ա. կ. «Զանգեզուրի միջանցքն», ըստ էության, ՆԱՏՕ-ի «թուրանական միջանցքն» է, այդ հայտարարությունները կրկին սկսեցին հերքվել։ Հիմա, երբ Դ. Թրամփն անձամբ է մտել Կովկաս՝ Իրանի դեմ «Թրամփի ուղին» առաջ մղելու համար, այդ լոբբիստական կառույցները լռել են։ Նրանց նպատակն է այնպես անել, որ Իրանն արձագանքելու բավարար ժամանակ չունենա և անակնկալի գա՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիմակայության, տնտեսական ճնշումների և երկրի տարբեր սահմաններին անջատողական շարժումների հետ:

Թեհրանում Բաքվի լոբբիի ևս մեկ կարևոր հոգեբանական գործողություն է պաշտոնատար անձանց նախազգուշացումը «պատերազմի ծուղակի» մասին: Դրա ներկայացուցիչները պնդում են, թե Իրանը, բողոքելով Ի. Ալիևի կառավարության հակաիրանական գործողությունների դեմ, չպետք է երկիրը դնի ԱդրՀ հետ լարվածության և պատերազմի ուղու վրա ու նոր խնդիրներ ստեղծի: Նպատակն է պասիվ վիճակում պահել Իրանի ռազմական հաստատություններն ու անվտանգության կառույցները՝ Ի. Ալիևի կառավարությանը թույլ տալով Կովկասում հասնել իր նպատակներին՝ առանց չնչին ջանքերի կամ առանց Թեհրանի կողմից ուժեղ և կոշտ արձագանքի վերաբերյալ մտահոգության: Իսրայելն ու Թուրքիան անմիջական դեր են խաղում Իրանում Բաքվի լոբբիի գաղափարական սնուցման գործում։

Փորձագետների կարծիքով, պանթուրքիստական լոբբին այլևս ի զորու չէ նվազեցնել Իրանի գործողությունների ինտենսիվությունն ԱդրՀ-ում իսրայելական վարչակարգի դեմ. Թեհրանը չի հանդուրժի Բաքվի համագործակցությունն Իսրայելի հետ և այդ առումով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: Սակայն Բաքվի լոբբին ձգտում է, որպեսզի երկրի հյուսիս-արևմուտքում Իրանի բոլոր միջանցքներն ու տարանցիկ ուղիները կախված լինեն իրենից՝ ապրանքներ և էներգիա փոխանցելու ժամանակ, և փորձում է առավելագույնս բարդացնել դեպի Ռուսաստան Բաքվից անկախ ուղիների ստեղծումը՝ Կասպից ծովով, ինչպես նաև Հայաստանով և Վրաստանով։ Այս լոբբիի ազդեցության գործիքներն են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են իրանական Էնզելի նավահանգստի վրա հարձակումը վերջին պատերազմում, Ռուսաստան-Իրան գազատարն ԱդրՀ տարածքով անցկացնելու համառ ձգտումը, Արաքս գետի վրայով Իրանի և Հայաստանի միջև երկրորդ սահմանային կամրջի կառուցմանը հակազդումը, Իրան–Հայաստան սահմանային պահեստարանի զարգացմանը խոչընդոտումը և ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» և «Թրամփի ուղու» ստեղծման և համախմբման ջանքերը՝ Իրանից դեպի Կովկասի երկրներ «Հյուսիս–Հարավ» միջանցքը թուլացնելու համար։

Բաքվի լոբբին իրանցի ադրբեջանցիների շրջանում առաջ է մղում նաև այն գաղափարը, թե ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիմակայությունում թուլացել են Իրանը և «Դիմադրության առանցքը»: Այս համապատկերում առաջ է քաշվում իրանական ադրբեջանցիների՝ «թյուրքական աշխարհին» ինտեգրվելու անհրաժեշտության մասին թեզը։ Դա արվում է Իրանի ադրբեջանական տարածաշրջաններ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի աստիճանական ներթափանցման ճանապարհ հարթելու համար։ Նման հայեցակարգում ա. կ. «Զանգեզուրի միջանցքը» կվերածվի ա. կ. «թյուրքական աշխարհի» ներքին երթուղու՝ հեշտացնելով այդ երկրների մուտքը Կենտրոնական Ասիա՝ Չինաստանի և Ռուսաստանի շահերին սպառնալիքներ ստեղծելու, ինչպես նաև «Աբրահամի համաձայնագրերի» առաջխաղացման և տարածաշրջանում իսրայելական ներկայության ամրապնդման համար։ Այդ նպատակներին հասնելու և «թյուրքական աշխարհ» ձևավորելու համար ադրբեջանական էթնիկ խումբը պետք է մաքրվի իր իրանական պատմական, մշակութային և կրոնական ինքնությունից՝ Իրանից վերջնականապես անջատվելու նպատակով: Միևնույն ժամանակ, վերջին երկու պատերազմների ընթացքում իրանական ադրբեջանական գավառների կողմից իրենց երկրին ցուցաբերված անվերապահ աջակցությունը ցույց տվեց, որ այդ նպատակները դեռևս հասու չեն:

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Իրանում լրատվամիջոցների ակտիվության ուժեղացմամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում Ի. Ալիևի կառավարության և նրա լոբբիի ապակառուցողական դերի՝ լայն հասարակության առջև, հատկապես ադրբեջանական գավառներում, բացահայտման հետ մեկտեղ նույնպես կաճի պետական մարմինների ուշադրությունն այս հարցի նկատմամբ: Նաև անհրաժեշտ է ԶԼՄ-ներում ավելի լայնորեն քննարկել Հարավկովկասյան տարածաշրջանում Իրանի ներկայության ընդլայնման տնտեսական և քաղաքական օգուտները, տարածաշրջան, որը ռազմավարական առումով կարող է իրականացնել այդ գործառույթը, ինչպես որ Հորմուզի ծոցն է անում Իրանի համար։ Իրանի դեմ պատերազմի պայմաններում նման ներկայությունը կվնասեր էներգիայի տարանցման ոլորտում Միացյալ Թագավորության և Իսրայելի շահերին ու կարգելափակեր Իրանի թշնամիների և մրցակիցների կողմից օգտագործվող օդային և ցամաքային միջանցքները:

5-6. Դատողություններ Իրանի և Թուրքիայի հարաբերությունների մասին

Փորձագետները կարծում են, որ ԻԻՀ-ն ձգտում է խուսափել ԱդրՀ պատճառով Թուրքիայի հետ ուղղակի առճակատումից: Լինելով Բաքվի գլխավոր դաշնակիցը և ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան զգալի ազդեցություն է գործում այդ երկրում, և Թեհրանի ու Բաքվի միջև ցանկացած լուրջ առճակատում կարող է հանգեցնել Անկարայի հետ հարաբերությունների կտրուկ սրման, ինչը ծանր խնդիրների տեղիք կտա Իրանի համար։ Այս մտավախություններն ուժեղացել են հատկապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած ռազմական գործողություններից հետո, որոնց ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել արաբական երկրներում Պարսից ծոցի հարավային ափին գտնվող ԱՄՆ օբյեկտներին: Ավելին, Իրանն ու Թուրքիան ընդհանուր շահեր են կիսում այնպիսի կարևոր հարցերում, ինչպիսիք են իրենց սահմանների երկայնքով քրդական ազդեցության թուլացումը, և շահերի այս հարանմանությունն ուժեղացնում Է Իրանի դրդապատճառը՝ խուսափելու Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունից:

Թեև Անկարայի հանդեպ Թեհրանի ռազմավարական վերապահումները բխում են իշխանության անհամաչափության և ուղղակի առճակատման ծանր խնդիրների խորը ըմբռնումից, Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունից խուսափելու Իրանի ձգտումը չի նշանակում անտեսել նրա աշխարհաքաղաքական «կարմիր գծերը»: Իրանը Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն «կարմիր գիծ» է համարում, և այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Այս տեսանկյունից Իրանը վճռականորեն հանդես է գալիս Թուրքիայի կողմից մտահղացված և առանց Թեհրանի հետ համաձայնեցման նախագծված հաղորդակցային միջանցքների, ինչպես, օրինակ, ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» կամ ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցքի» ստեղծման դեմ։ Իրանը դրանց մեջ ուղղակի սպառնալիք է տեսնում իր ազգային անվտանգության համար։ Այլ կերպ ասած, Անկարայի հանդեպ Իրանի ռազմավարական համբերությունը ոչ թե պասիվություն է, այլ կարճաժամկետ հեռանկարում հակամարտությունները կառավարելու հաշվարկված բանաձև՝ պահպանելով երկարաժամկետ հեռանկարում կենսական շահերի պաշտպանությանն ուղղված ճնշման լծակները: Անշուշտ, Անկարան, իրանցի ադրբեջանցիների շրջանում մշակութային-գաղափարական ազդեցություն հաստատելու համար առաջ մղելով պանթուրքիզմ՝ և մեղադրանքներ առաջադրելով, թե «Իրանը խոչընդոտում է կապի գծերի բացմանը», ձգտում է արդարացնել իր աշխարհաքաղաքական նախագծերը և ճնշում գործադրել Թեհրանի վրա։

Այս բարդ հավասարման մեջ ուշագրավ են նաև տարածաշրջանային որոշ այլ դերակատարների, հատկապես Պակիստանի դերն ու ազդեցությունը: Թեև Պակիստանը, Իրանի և Թուրքիայի հետ իր սերտ հարաբերությունների պատճառով, վեճերում միջնորդական դեր խաղալու ներուժ ունի՝ հաշվի առնելով Անկարայի աշխարհաքաղաքական կշիռը և Բաքվի հետ նրա ռազմավարական համագործակցության խորությունը, Իսլամաբադի դերը, թուրքականի հետ համեմատած, շատ ավելի սահմանափակ է և իրավիճակային: Հաշվի առնելով թուրքական հզոր գործոնը՝ Բաքվի նկատմամբ Թեհրանի մոտեցումը իրենից կներկայացնի «խելամիտ զսպման», ռազմավարական համբերության և դիվանագիտական ու տնտեսական հնարավորությունների օգտագործման հավասարակշռություն՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

5-7. Խուսափում հյուսիս-արևմտյան Իրանում հակամարտության նոր ճակատի բացումից

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պարտադրված երկու պատերազմից, ինչպես նաև նրանց կողմից երկրի ներսում քաղաքացիական պատերազմ հրահրելու լայնածավալ փորձերից հետո ԻԻՀ-ն երեք հիմնական ուղղություններով բախվում է անվտանգության մարտահրավերների, ինչը ռազմավարական միջավայրի պատկեր է ստեղծում: Արևմտյան ճակատում Իրաքի հյուսիսային շրջանները, որոնք սահմանակից են Սիրիային, վերածվել են քրդական պրոքսի-խմբերի մրցակցության գոտու, որոնց աջակցում են ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ խոշոր տերություններ, մասնավորապես, Ֆրանսիան: Մտավախությունները՝ կապված այդ ահաբեկչական խմբերի գործունեության և լարվածությունն Իրանի արևմտյան ցամաքային սահման տեղափոխելու նրանց փորձերի հետ, երկիրը պահում են մշտական մարտական պատրաստականության մեջ։

Միաժամանակ հարավային ուղղությամբ Պարսից ծոցի տարածաշրջանը և Հորմուզի նեղուցը դարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղղակի առճակատման կիզակենտրոնը: ԱՄՆ-ի կողմից իրագործվող ռազմածովային շրջափակումը, որն ուղղված է իրանական նավթի արտահանման խափանմանը և Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին տնտեսական ճնշման գործադրմանը, շրջվել է հենց Սպիտակ տան դեմ՝ էներգապաշարների գների կտրուկ աճի պատճառով հարված հասցնելով ամերիկյան տնտեսությանը: Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, պնդելով տարածաշրջանից դուրս բերել ԱՄՆ-ի զորքերը և մշակելով Հորմուզի նեղուցի կառավարման նոր շրջանակներ, հաջողությամբ իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունն ու հետևողականորեն առաջ է մղում առանց օտարերկրյա ռազմական ներկայության Պարսից ծոցի ապագայի հայեցակարգը: Միևնույն ժամանակ, Թրամփը, Իրանի հետ դիմակայությունում հետապնդելով հաղթելու նպատակ, իրանական նավթային արտահանման ծայր աստիճան սահմանափակումը դիտարկում է որպես երկրում ներքին տնտեսական ճգնաժամի և զանգվածային բողոքների հրահրման գործիք: Այս ռազմավարությունը գնահատվում է որպես հերթական ագրեսիայի նախապատրաստում, որի շրջանակներում փորձեր են արվում ապակայունացնել նաև Իրանի հարավային սահմանները։ Այս կապակցությամբ ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Իրանի արևելյան սահմաններին բելուջական մի շարք խմբավորումների ահաբեկչական ակտիվության և Թուրքմենստանում ԱՄՆ Զինված ուժերի ներկայության մասին, երկիր, որի մայրաքաղաքը գտնվում է իրանական սահմաններից մի քանի րոպեի հեռավորության վրա:

Ընթացիկ անկայունության պայմաններում Իրանն ձգտում է թույլ չտալ չորրորդ ճակատի բացումն իր հյուսիս-արևմտյան սահմաններում, չնայած ԱդրՀ-ում թշնամական ռազմական տարրերի և անվտանգության ուժերի կենտրոնացման մասին տվյալներին։ Ուղղակի բախումը Բաքվի հետ, որը պաշտպանված է Թուրքիայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրով, Թեհրանի համար հղի է ծանր հետևանքներով: Այսպիսով, ադրբեջանական ուղղությամբ սրացման ռիսկերի նվազեցումը և այլ սահմաններում սպառնալիքների զսպման համար պաշարների վերաբաշխումը ծայր աստիճան կարևոր պայման են դառնում Իրանի ազգային անվտանգության։ Նշված հանգամանքներում երկրի հյուսիս-արևմուտքում նոր ռազմաճակատի բացումը և ԱդրՀ-ի հետ լուրջ առճակատման մեջ մտնելը կարող են լրացուցիչ ազդեցություն գործել Իրանի ռազմական, պաշտպանական և տնտեսական ներուժի վրա: Փորձագետների կարծիքով՝ այժմ Իրանը նախընտրում է խուսափել նոր ճակատներում լարվածության սրումից՝ իր պաշարները կենտրոնացնելով արդեն գոյություն ունեցող ճգնաժամերի կառավարման վրա:

5-8. Իրանի տարանցիկ երթուղիների կախվածությունը Բաքվից

Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի դեմ արևմտյան կոշտ պատժամիջոցները, փաստորեն, «Հյուսիս-Հարավ» միջանցքը վեր են ածել Իրանի և Ռուսաստանի միջև առաջին անհրաժեշտության ապրանքների ու սպառազինությունների տեղափոխման կենսական զարկերակի, իսկ Կասպից ծովը դարձել է արևմտյան հսկողությունից դուրս գտնվող անվտանգ տարածություն: Այս պայմաններում Ադրբեջանի Հանրապետությունն ձգտում է դառնալ այդ միջանցքի կենտրոնական կապող օղակը՝ ամեն ինչ անելով, որպեսզի Իրանի և Ռուսաստանի միջև լոգիստիկ հոսքերն անցնեն իր տարածքով: Առկա տվյալները վկայում են, որ դեպի Եվրոպա և Ռուսաստան Իրանի տարանցիկ երթուղիները վերջին տարիներին խիստ կախվածության մեջ են հայտնվել Թուրքիայով և Ադրբեջանով անցնելու պատճառով: Դա Թեհրանին խոցելի դրության մեջ է դնում երկու պետությունների քաղաքական ճնշումների առջև։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Իրանից Հայաստան տարանցիկ երթուղին մինչ օրս ամբողջությամբ չի ընդլայնվել ու վերակառուցվել. այդ լեռնային ճանապարհի մեծ մասում հնարավոր չէ բեռնատար տրանսպորտի 40 կմ/ժ-ից բարձր արագություն ապահովել: 2026 թ. մարտին Էնզելի նավահանգստի վրա իսրայելական հարձակումները, որոնց թիրախը հրթիռային կատերներն էին, հրամանատարության կենտրոնակայանները և նավահանգստային ենթակառուցվածքները, Իրանի դեմ պարզապես ռազմական գործողություն չէին: Նրանց ռազմավարական խնդիրն էր հատել Իրանի և Ռուսաստանի միջև Կասպից տարանցիկ ուղիղ միջանցքը՝ Մոսկվային ուղղակի ազդանշան ուղարկելով Թեհրանի հետ համագործակցության բարձր գնի մասին։ Ռուսական կողմն օպերատիվորեն արձագանքել է այդ հարձակումներին՝ Էնզելի նավահանգիստն անվանելով առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրի կենսական և ռազմավարական կենտրոն, որի անվտանգությունն ուղղակիորեն կապված է Մոսկվայի շահերի հետ:

Այս խոցելիությունն էապես սրվում է այլընտրանքային երթուղիները սահմանափակելու նպատակային ջանքերի շնորհիվ: Իրանը և նրա դաշնակիցները դարձել են արևմտյան գերակշռող գերիշխանության դիմադրության հարթակ, իսկ Իսրայելն ու Ուկրաինան Բաքվի հետ համագործակցությամբ Իրանի և Ռուսաստանի միջև առևտրային ուղիներն այնպես են կառավարում, որպեսզի դրանք անցնեն բացառապես Ադրբեջանի Հանրապետության տարածքով: Այդ շրջանակներում են տեղավորվում նաև 2026 թ. մարտին Էնզելի նավահանգստի վրա իրականացված հարձակումները, որոնց նպատակն էր Իրանի և Ռուսաստանի միջև տարանցիկ երթուղին սահմանափակել բացառապես Բաքվի տարածքով անցումով։ Դրան զուգահեռ Բաքուն և Անկարան ակտիվորեն պնդում են ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» իրագործումը։ Այս նախագծի իրականացումը հզոր աշխարհաքաղաքական լծակ կդառնա Թեհրանի դեմ. այն ոչ միայն կխզի Իրանի ուղիղ կապը Հայաստանի հետ, այլև կբացառի Արևելյան Ադրբեջան գավառն Անկարա–Բաքու տարանցիկ երթուղիներից՝ Թուրքիայից և ԱդրՀ-ից Թեհրանի կախվածությունն արդյունավետորեն վերածելով անդառնալի խոցելիության: Նման մոդելը ցուցադրում է հակառակորդի ռազմավարությունը՝ չեզոքացնել պաշարման ցանկացած ճեղքում, այն կապելով նոր փխրուն օղակի հետ։

Ներկա իրավիճակը՝ Կովկասի աշխարհագրության մեկ կամ երկու առանցքային կետերով պատժամիջոցների շրջանցման ուղիների սահմանափակումը, ակնհայտ ռազմավարական խոցելիություն է ներկայացնում Իրանի Իսլամական Հանրապետության համար: Այս իրողություններում այլընտրանքային երթուղիների բազմազանացման անհրաժեշտությունը զուտ տնտեսական ընտրության կարգից վերաճում է ազգային անվտանգության անվիճելի հրամայականի։ Ներկայիս պայմաններում «Հյուսիս-Հարավ» միջանցքը չափազանց փխրուն է, և Բաքվի հետ հարաբերություններում ցանկացած լարվածություն կամ Իրանի և Ռուսաստանի նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են կաթվածահար անել դեպի Իրան առաջին անհրաժեշտության ապրանքների և ռազմական տեխնիկայի մատակարարման շղթաները: Թեհրանի երկարաժամկետ քաղաքականությունը չի կարող փակվել մեկ առանցքի վրա. դրա հիմքը պետք է դառնա փոխլրացնող երթուղիների ճյուղավորված ցանցը։ Իրանը պետք է ակտիվորեն ձգտի այլընտրանքային լոգիստիկ հանգույցների վերածննդին՝ ներգրավելով Արևելյան գործընկերների ներուժը, հարավային նավահանգիստները և նույնիսկ նոր անցումները հյուսիսարևելյան աշխարհագրության մեջ: Պաշտպանական-տնտեսական միջանցքների համալիր բազմազանացումն առանցքային է փոխադարձ ճնշման լծակների չեզոքացման և խաղը ներկայիս խոցելիության վիճակից Կովկասի տարածաշրջանային հավասարումներում կայուն զսպման անցնելու համար:

5-9. Դատողություններ Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունների վերաբերյալ

Ռուսաստանը, չնայած ԱդրՀ նախագահ Ի. Ալիևի հետ իր ոչ ամենաբարենպաստ հարաբերություններին, Հարավային Կովկասում Իրանին մշտապես դիտարկել է ոչ թե որպես հավասար գործընկերոջ, այլ որպես մրցակցի: Այս տեսակետն արմատավորված է բազմամյա պատմական մրցակցության մեջ. երկու երկրներն էլ համոզված են, որ այս զգայուն տարածաշրջանում նրանցից մեկի ազդեցության աճն անխուսափելիորեն հանգեցնում է մյուս կողմի դիրքերի թուլացմանը: Բնականաբար, ռուսական նման մոտեցումը կիրառելի է ոչ միայն Իրանի նկատմամբ։ Մոսկվան նույնքան զգայուն է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, Թուրքիայի և եվրոպական երկրների հարաճուն ներկայության նկատմամբ՝ նրանց դերի ցանկացած ուժեղացում մեկնաբանելով որպես սեփական դերի թուլացում: Ներկա պայմաններում Մոսկվան, չնայած Ալիևի կառավարության՝ ԱՄՆ-ի հետ մերձեցման և տնտեսության ու անվտանգության ոլորտներում Վաշինգտոնի հետ փոխըմբռնման նշանակալի հուշագրերի ստորագրման հետ կապված իր մտահոգությանը, չի ողջունում Բաքվի դեմ Իրանի վճռական միակողմանի գործողությունները:

Կրեմլի տեսանկյունից, Իրանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ցանկացած ուղղակի հակամարտություն անհանգստության լրացուցիչ գործոն կդառնա առանց այն էլ բարդ հավասարման մեջ, ինչը կարող է խաթարել Կովկասում Մոսկվայի բացառիկ ազդեցությունը՝ խորհրդային դարաշրջանից սկիզբ առած ժառանգությունը: Կովկասյան աշխարհաքաղաքականության մեջ Ռուսաստանը ձգտում է պահպանել միակ կարգավորողի և գլխավոր իրավարարի դերը՝ Թեհրանի ցանկացած ռազմական գործողություն կամ քայլեր դիտարկելով որպես այդ տարածաշրջանում լարվածությունը սրելու գործոն, որը նրան երկրորդ պլան կմղի։ Մոսկվան կնախընտրեր, որ Իրանը Կովկասում գործի միայն որպես իր պրոքսի ուժ։ Դրա համար Կրեմլը ձգտում է Իրանին այնպես ներկայացնել իր շահերը, որ Թեհրանը դրանք ընդունի որպես իր սեփական շահեր և գործի բացառապես այդ ուղղությամբ։

Ռուսական այս նուրբ խուսավարումը սահմանափակումներ է դրել Հարավային Կովկասում Թեհրանին հասանելի տարբերակների վրա։ Չնայած Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական և ընդլայնվող հարաբերություններին այլ ոլորտներում, ինչպիսիք են ռազմական համագործակցությունը և գործընկերությունը BRICS-ում և ԵԱՏՄ-ում, երբ խոսքը վերաբերում է Կովկասին, երկու կողմերի միջև շահերի բախումներն ակնհայտ են դառնում: Այս նկատառումներն Իրանին խանգարեցին վճռական գործողություններ ձեռնարկել Բաքվի դեմ՝ առանց հաշվի առնելու Մոսկվայի կողմից կիրառված ներունակ խնդիրները՝ ստիպելով նրան մշտապես իր քայլերը կապել Կրեմլի «կարմիր գծերի» հետ։ Դրա վառ ապացույցն է ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» վտանգի վերաբերյալ կողմերի անհամաձայնությունը։ Իրանն այս նախագիծը դիտարկում է որպես դավադրություն, որի նպատակն է իրեն դուրս մղել կովկասյան հավասարումից և աշխարհագրորեն շրջապատել իրեն՝ ուղղակի հայտարարելով, որ պատրաստ է այն տապալել նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության: Ընդհակառակը, Ռուսաստանը կարծում է, որ Կովկասում իր ազդեցության և ազդեցության լծակների շնորհիվ, նույնիսկ եթե այդ նախագիծն իրականացվի, նա կկարողանա դրանից օգուտ քաղել և հաղթահարել այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք առաջանում են՝ կապված այդ երթուղով Հարավային Կովկաս ներթափանցելու ԱՄՆ փորձերի հետ։

Չնայած այս մարտահրավերներին, տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. ըստ երևույթին, փոփոխության ենթարկվեց Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան գործիչների ավանդական տեսակետը Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ փոխգործակցության բնույթի վերաբերյալ: Վառ օրինակ է Ալի Աքբար Վելայաթիի դիրքորոշումը, որը 1990-ականներին, լինելով արտաքին գործերի նախարար, ընդգծում էր Իրանի համար Կովկասին «Ռուսաստանի աչքերով» նայելու անհրաժեշտությունը, իսկ այսօր եկել է այն եզրակացության, որ ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման և ԱդրՀ-ում Իսրայելի ազդեցության հետ կապված սպառնալիքներն այնքան ուժեղ են հարվածում Իրանի ազգային անվտանգությանը, որ երկիրն այլևս չի կարող կողմնորոշվել ՌԴ-ի կողմից աջակցության առկայությամբ կամ բացակայությամբ։ Իր վերջին հայտարարություններում Վելայաթին ուղղակիորեն նշել է, որ Իրանը՝ Ռուսաստանի օգնությամբ կամ առանց դրա, թույլ չի տա անտեսել իր հյուսիս-արևմտյան սահմանները նոր Մետաքսի ճանապարհի սպառնացող սխեմաներում: Վելայաթիի տեսակետներում տեղի ունեցող այս աստիճանական զարգացումը նշանավորում է խորը հոլովույթային տեղաշարժ. Կովկասն Իրանի համար դադարել է Ռուսաստանի հետ ընդհանուր «հետնաբակ» լինելուց և վերածվել է առաջնագծի: Թեհրանը եկել է այն եզրակացության, որ այս բարդ շախմատային պարտիայում այլևս պարտավոր չէ սեփական շահերը պաշտպանելու համար որևէ մեկի հետ համակարգել իր գործողությունները:

Իհարկե, այդ տեսակետները չեն ենթադրում կովկասյան տարածաշրջանում Իրանի թշնամանք Ռուսաստանի նկատմամբ։ Իրանը շատ լավ հասկանում է, որ Հարավային Կովկասում իր շահերն առաջ տանելու համար պետք է համագործակցի և փոխգործակցի Ռուսաստանի հետ, որն այս տարածաշրջանում առկա է դարեր շարունակ: Սակայն այդ փոխգործակցությունը չի նշանակի Կովկասի երկրների նկատմամբ ռուսական հայացքների բացարձակ ընդունում, և Իրանն այլևս մտադիր չէ այդ հարցում ուղղակի ենթարկվել ռուս դիվանագետների կարծիքներին:

5-10. Բաքվի հետ առճակատման ներքին ռիսկերի չափազանցումը

Մի շարք փորձագետների կարծիքով՝ ի պատասխան Բաքվի հակաիրանական գործողությունների հակազդմանը, Իրանի ադրբեջանաբնակ տարածաշրջաններում ներքին բողոքներին դիմակայելու Թեհրանի մտահոգությունը ևս մեկ գործոն է, որը վերջին տարիներին Թեհրանի որոշ շրջանակներում ամրապնդել է ԱդրՀ-ի հետ վճռական առճակատումից զերծ մնալու քաղաքականությունը: Սակայն փորձագետներն ընդգծում են, որ նման մտավախությունները կտրված են տեղերում առկա իրականությունից և արմատավորված են պանթուրքիստական հոսանքների և Բաքվի հետ փոխկապակցված լրատվամիջոցների կողմից սադրանքի մեջ: Լոբբին, որն աջակցում է Ի. Ալիևին, հետևողականորեն այն կարծիքն է տարածում, թե Թեհրանի և Բաքվի միջև ցանկացած ռազմական կամ քաղաքական լարվածություն անմիջապես անկարգությունների կհանգեցնի Թավրիզի, Ուրմիայի և Արդեբիլի փողոցներում՝ լրջորեն մարտահրավեր նետելով Իրանի «ազգային միասնությանը»: Այս պատումն իր գագաթնակետին հասավ 2020 թ.՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետ միաժամանակ, որն ավարտվեց ԱդրՀ-ի հաղթանակով և Հայաստանի նահանջով։ Այդ շրջանում Բաքվին մերձ լրատվամիջոցներն աշխուժորեն փորձում էին պատկերել, թե պատերազմում Ալիևի խորհրդանշական հաջողությունը կարող է էթնիկ համերաշխության ալիք առաջացնել Իրանի հյուսիս-արևմուտքում:

Իրական տվյալները, սակայն, հատկապես վերջին ամիսներին, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի երկու լայնածավալ պատերազմների համապատկերում, հստակ ցույց են տալիս հակառակը: 2020 թ. Թավրիզի նման քաղաքներում Բաքվին սատարող սակավաթիվ ձեռնարկները ոչ միայն չեն ընդլայնվել, այլև գործնականում ճղճիմ են դարձել։ Ընդհակառակը, վերջին երկու պատերազմների ժամանակ Իրանի ադրբեջանախոս բնակչության լայն շերտերն ակտիվորեն մասնակցում էին Իսլամական Հանրապետությանը սատարող համազգային հանրահավաքներին՝ արտահայտելով իրենց զայրույթը Ի. Ալիևի կառավարության թշնամական գործողությունների կապակցությամբ: Սահմանամերձ շրջանների բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են թշնամական ԱԹՍ-ներն ու հրթիռներն ԱդրՀ-ի սահմանի կողմից հատում Իրանի օդային տարածքը՝ թռչելով իրենց քաղաքների ու գյուղերի վրայով: Բացի այդ, ադրբեջանական տարածքում իսրայելական ռազմական օբյեկտների առկայության և հյուսիս-արևմուտքից անդրսահմանային սպառնալիքների մասին հանրային իրազեկվածությունը հյուսիսային հարևանի նկատմամբ նախկին դրական վերաբերմունքը փոխել է հոռետեսության և բացահայտ քննադատության:

Փորձագետների կարծիքով՝ ադրբեջանաբնակ տարածաշրջանները որպես իրանական իշխանությունների վրա ճնշման լծակ օգտագործելու գաղափարի մշակումը հոգեբանական մարտավարություն է և լրատվական ներթափանցման գործողություն, որը կոչված է կաթվածահար անել վճռական գործողությունների դիմելու Իրանի կամքը: Սակայն իրական իրավիճակը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ի ադրբեջանական ժողովրդի ազգային և կրոնական ինքնությունը շատ ավելի ուժեղ է, քան պանթուրքիստական հասարակ տրամադրությունները. նման գաղափարներն աջակցություն չեն գտնում բնակչության շրջանում և առաջ են մղվում միայն էթնիկ հակումներով առաջնորդվող տեղական առանձին պաշտոնյաների կողմից: Արտաքին սպառնալիքների ուղղակի փորձը՝ լինի դա օդային տարածքի խախտումներ, Իսրայելի հետ Բաքվի ռազմական համագործակցություն և թշնամական անօդաչու թռչող սարքերի բացթողում, ամբողջ երկրի քաղաքացիներին հանգեցրել է այն եզրակացության, որ Իսրայելի հետ Ալիևի կառավարության համագործակցությունն իրական սպառնալիք է ամբողջ Իրանի, հատկապես հյուսիս-արևմտյան տարածաշրջանի անվտանգության համար: Այսպիսով, «ներքին արձագանքի» հետ կապված մտահոգությունը ոչ այլ ինչ է, քան պատրվակ և չի կարող զսպող գործոն մնալ Բաքվի նկատմամբ Թեհրանի արտաքին քաղաքականության համար: Իրանի Իսլամական Հանրապետության ադրբեջանական բնակչությունը մշտապես եղել է ագրեսորներին վճռական պատասխան պահանջողների առաջնագծում և դարեր շարունակ եղել է հայրենիքի սահմանների հուսալի պաշտպան:

5-11. Բաքվի ոչ թափանցիկ ու բարդ հակաիրանական գործողությունները

Ի տարբերություն արաբական երկրների, որոնց հակաիրանական գործողությունները սովորաբար թափանցիկ են, ակնհայտ և հեշտ հետագծելի, Իրանի նկատմամբ ԱդրՀ-ի թշնամական պահվածքը հաճախ թաքնված է գաղտնիության քողի տակ, կրում է անուղղակի բնույթ և ուղեկցվում յուրահատուկ բարդություններով: Բաքվի հակաիրանական գործողությունների այս անթափանցիկությունը կապում է Իրանի ձեռքերը և իրանցի քաղաքական գործիչներին խանգարում հստակ ու հաստատուն որոշում կայացնել հակազդեցության միջոցների վերաբերյալ: Պրոքսի տարրերի գործարկումը, գաղտնի հետախուզական գործողությունները և Կովկասի բարդ աշխարհաքաղաքական բնատեսարանի օգտագործումն այն մեթոդների շարքում են, որոնք Բաքուն օգտագործում է իր հակաիրանական նպատակներն առաջ մղելու համար՝ խուսափելով բացահայտ առճակատումից:

Ըստ էության, ԻԻՀ նկատմամբ ԱդրՀ ռազմավարությունը կառուցվում է բազմաշերտ խաղի վրա։ Ձևականորեն հավատարիմ մնալով դիվանագիտական էթիկետին և պահպանելով պաշտոնական երկխոսությունը՝ ադրբեջանական կողմը միաժամանակ խթանում է հակաիրանական նախաձեռնությունները՝ ներգրավելով ոչ պաշտոնական կառույցների և զուգահեռ հաստատությունների: Ուղեգծի նման երկիմաստությունը միտումնավոր կերպով բարդացնում Է Իրանի համար հստակ «կարմիր գծեր» նշելու գործընթացը, քանի որ Բաքվի ցանկացած ոչ բարեկամական քայլ քողարկվում է ժխտողականության և դիվանագիտական աճպարարության բարդ համակարգով։

Բաքուն լավ գիտե, որ ռազմական և տնտեսական հզորության տեսանկյունից շահեկան դիրք ունեցող Իրանի հետ ուղղակի և բացահայտ հակամարտությունը կործանարար կլինի իր աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի համար: Հետևաբար, ադրբեջանական կողմը մշտապես ձգտել է նվազագույն ծախսերի դեպքում առավելագույն օգուտ քաղել չափազանց վտանգավոր չհամարվող տեղայնական սադրանքների միջոցով՝ աստիճանաբար ստուգելով Իրանի «կարմիր գծերը» խախտելու հնարավորությունը:

Այս առումով Բաքվի համար ղեկավարող ուժը Իսրայելն է, որի ազդեցությունը Ի. Ալիևի կառավարությունում զգալի խորության է հասել ռազմական, ինչպես նաև անվտանգության և տնտեսության ոլորտներում, և հենց այս փաստն է Կովկասյան տարածաշրջանում Իրանի ազգային շահերին սպառնացող քողարկված սպառնալիքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ այդ հարաբերություններն ընթանում են տարածաշրջանային հավասարման թաքնված շերտերում, ինչը դժվարացնում Է հակաիրանական որոշ գործողություններում Բաքվի ուղիղ հետքի ապացուցումը: Իրանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը կառավարելու համար Բաքուն երբեմն նույնիսկ ագրեսիվ կեղծ լուրեր է տարածում երկրի դեմ, որպեսզի Թեհրանին ստիպի պասիվություն դրսևորել ու լռել իր ոչ բարեկամական պահվածքի դիմաց:

Օրինակ, Ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում ԱդրՀ-ի քաղաքացիների ձերբակալության մասին՝ Իրանի հետ կապերի, շիաների զորավարժությունների քարոզչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության կամ ահաբեկչության փորձերի համար, ինչպիսիք են Բաքու–Թբիլիսի–Ջեյհան խողովակաշարի վրա հարձակումները, Բաքվում Իսրայելի դեսպանատունը և սինագոգները։ Ի պատասխան՝ Իրանը, ձգտելով պահպանել երկկողմ հարաբերություններում մնացած հնարավորությունները և հաշվի առնելով իր բազմաթիվ մտահոգություններն արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վերաբերյալ, սովորաբար չի կենտրոնանում այդ մեղադրանքների վրա կամ սահմանափակվում է դիվանագիտական պատասխաններով: Իրանի զսպվածությունը հիմնված է նաև այն նկատառման վրա, որ Բաքուն գաղտնի դաշինքի կենտրոն է Իրանի տարածաշրջանային մրցակիցների և արտատարածաշրջանային թշնամիների հետ: Հետևաբար, Թեհրանի կողմից վճռական, համաչափ պատասխանը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ինչի պատճառով Իրանը նախընտրում է ոչ համաչափ գործել։

Այդպիսի մոտեցման մյուս պատճառն այն է, որ Բաքուն, հսկայական միջոցներ ներդնելով պարսկալեզու ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, ձգտում է ստեղծել ցանկալի հոգեբանական մթնոլորտ ու Իրանի թշնամական ինքնություն կառուցել կովկասյան տարածաշրջանում և նույնիսկ Իրանի ներսում՝ ուղղակիորեն իրեն չվերագրելով հակաիրանական գործողությունները: Այս հիբրիդային պատերազմը ծանր վնաս է հասցնում Իրանի ազգային անվտանգությանը՝ առանց դրա հիմնական աղբյուրը Բաքվի հետ հստակ կապելու։

Փորձագետների գնահատականները հաստատում են, որ Բաքվի հակաիրանական նախաձեռնությունների անթափանցիկությունն ու բազմաշերտությունը մտածված և հետևողական ռազմավարության մաս են կազմում: Օգտագործելով ռազմավարական անորոշության մեթոդներ և իր քայլերը քողարկելով դիվանագիտական և ուժային ոլորտներում՝ ԱդրՀ-ն երկկողմ հարաբերությունները սրվելու պարագայում ձեռքից բաց չի թողնում նախաձեռնությունը՝ ռազմավարական անվճռականության և կասկածանքի վիճակ սադրելով իրանական կողմի մոտ: Այս մարտահրավերի հաղթահարումը պահանջում է Բաքվի ազդեցության թաքնված ցանցերի ճշգրիտ նույնականացում ու չեզոքացում և խելացի ոչ համաչափ պատասխանի ռազմավարության մշակում: Հակաիրանական նպատակներին հասնելու և ուղղակի առճակատումից խուսափելու համար Բաքուն օգտագործում է Կովկասի աշխարհաքաղաքականությունը՝ ազդեցության թաքնված մեխանիզմների միջոցով ներգրավելով վահաբական և թաքֆիրական պրոքսի խմբավորումների: Միաժամանակ, պատասխան գործողությունների Թեհրանի կամքը կաթվածահար անելու և ռազմավարական անորոշության մթնոլորտը պահպանելու համար Բաքուն ակտիվորեն առաջ է մղում Իրանի կողմից ԱդրՀ-ի դեմ արմատական պրոքսի ցանցերի հնարավոր օգտագործման մասին պատումը, ինչը միայն ընդգծում է տարածաշրջանում գաղտնի մրցակցության հարաճուն նրբությունը:

5-12. Բաքվի սպառնալիքների թերագնահատումը՝ նրա աշխարհաքաղաքական խոցելիության պատճառով

Մի շարք վերլուծաբաններ մատնանշում են, որ իրանական ղեկավարության շրջանում մինչ այժմ գերիշխում է այն կարծիքը, թե Բաքվից բխող մարտահրավերներն աննշան են, ինչը պայմանավորված է ԱդրՀ-ի աշխարհագրության և աշխարհաքաղաքականության առանձնահատկությամբ։ Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր կիսում են այս տեսակետը, կարծում են, թե Թեհրանը բավարար ներուժ ունի, որպեսզի ցանկացած պահի չեզոքացնի հարևան կողմից բխող ծավալուն սպառնալիքները։ Դեպի բաց ծով անմիջական ելքի բացակայությունը, տնտեսական փխրունությունը, ինչպես նաև Իրանի հետ մշակութային-կրոնական արժեքների ընդհանրությունը ձևավորել են կայուն համոզմունք առ այն, որ Ադրբեջանն ի զորու չէ իսկապես լուրջ ու երկարաժամկետ վտանգի աղբյուր դառնալ։ Նման ընկալելի կողմնորոշումներն էապես թուլացնում են կանխարգելիչ ու խիստ միջոցների ընդունման խթանները՝ ուղղված Բաքվի ապակառուցողական գործունեության զսպմանը։

Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր կիսում են այս մոտեցումը, ելնում են նրանից, որ ԱդրՀ-ն տարածաշրջանային նշանակալի խաղացող չէ և իր տարածքային ու ժողովրդագրական սահմանափակումների պատճառով ի վիճակի չէ հավասարապես մրցակցել խոշոր տերությունների հետ։ Բաքվի ներուժի նման թերագնահատումը փորձագետները դիտարկում են որպես նրանից բխող մարտահրավերները Թեհրանի կողմից անտեսելու հիմնարար նախադրյալներից մեկը: Ի վերջո, դա խոչընդոտում է ապագա սպառնալիքների ծավալի ժամանակին և լուրջ ընկալմանը:

Այնուամենայնիվ, փորձագետների շրջանում ձևավորվել է ամուր կոնսենսուս, որ այն կարծիքը, թե՝ «Ադրբեջանի Հանրապետության նման փոքր երկիրը, որը ելք չունի դեպի բաց ծով, միայն աննշան վտանգ է ներկայացնում Իրանի համար», լուրջ և խորը մոլորություն է: Նման գնահատականը վկայում է իրողությունների պրագմատիկ վերլուծության և իրանական արտաքին քաղաքական ուղեգծի իրականացման իներտ, պասիվ մեթոդների միջև ակնհայտ անհամապատասխանության մասին։ Մասնագետների կարծիքով, ԱղրՀ-ը հանդես է գալիս որպես Իրանի ինքնիշխանությանն ու տարածքային միասնությանը սպառնացող ներունակ վտանգի աղբյուր, ինչն արտահայտվում է էթնոքաղաքական հարթությունում, պանթուրքիզմի քարոզչության մեջ, հիբրիդային ու հետախուզական գործողությունների վարմամբ: Բացի այդ, տարանցիկ նախաձեռնությունների, մասնավորապես ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրագործումն իր մեջ կրում է Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման վերջնական ձևավորման ռիսկը։ Վերլուծաբաններն ընդգծում են, որ ներկայիս ռազմավարական անգործության հետագծի պահպանումն Իրանի համար ոչ միայն պասիվ դեր է ապահովել տարածաշրջանային գործընթացներում, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծել նրա աշխարհաքաղաքական հակառակորդների ազդեցության ուժեղացման և զավթողագործության համար:

5-13. Ռազմավարական առաջնահերթություն. դիմակայություն Իսրայելին և ԱՄՆ-ին

Իրանի ղեկավարության ազդեցիկ շրջանակներն այն համոզմունքին են, որ Թեհրանի հիմնական աշխարհաքաղաքական հակառակորդներն Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են: Սույն տրամաբանությամբ արտաքին քաղաքական ջանքերը պետք է կենտրոնացվեն այս գլոբալ խաղացողների «կարգապահեցման» վրա։ Այս մոտեցման կողմնակիցները դիտարկում են Ադրբեջանը որպես երկրորդական դերակատար («ոչինչ»՝ մեծ տերությունների ֆոնին)՝ ենթադրելով, որ Վաշինգտոնի և Թել-Ավիվի զսպումը ինքնաբերաբար կհանգեցնի Բաքվի վարքագծի շտկմանը և նրա հանդուգն քայլերի դադարեցմանը։ Նման վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ Բաքվի սադրանքներին Թեհրանի արձագանքը հաճախ մնացել է ոչ հրապարակային հարթությունում կամ հանգել է սահմանափակ ռազմական խուսավարումների, անգամ հրապարակային դեմարշները խիստ վերահսկելի բնույթ են կրել։ Սակայն բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում սխալ է թվում այն գաղափարը, թե տարածաշրջանային բոլոր խնդիրների բանալին բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում է։ Այն պատրանքը, թե «գլխավոր կողպեքի» բացումն ինքնաբերաբար կբացի նաև «Բաքվի փոքր կողպեքը», անտեսում է իրականությունը. վերջին տարիներին Բաքուն բարդ համակարգ է կառուցել, որի կառավարման բանալին գտնվում է անմիջականորեն Թեհրանում, այլ ոչ թե արտասահմանյան մայրաքաղաքներում: Դա Իրանից պահանջում է իր հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների իմաստուն և անմիջական կառավարում։

Այսպիսի մոտեցման գլխավոր թերությունը կայանում է նրանում, որ Բաքուն, հենվելով Իսրայելի և Թուրքիայի աջակցության վրա, առանց Թեհրանի կողմից ուղղակի և համաչափ ազդեցության չի փոխի իր քաղաքականությունը։ ԱդրՀ-ից բխող սպառնալիքի անտեսումը, փաստորեն, նրան թույլ է տվել վերածվելու սիոնիզմի տարածաշրջանային զինադաշտի: Այսօր Բաքուն ապահովում է Իսրայելի էներգետիկ կարիքները, նրա հետախուզական գործունեությանն աջակցում կիբերհենակայանի և ռադարների միջոցով, ինչպես նաև առաջ է մղում այնպիսի աշխարհաքաղաքական նախագծեր, ինչպիսիք են «Զանգեզուրի» կամ ՆԱՏՕ-ի «Թուրանական» միջանցքները, որոնք ուղղված են Իրանի տարածքային շրջափակմանը։

Այնուամենայնիվ, տվյալ ռազմավարությունն ունի ծայրահեղ թերություն. ինչպես հաստատում է պրակտիկան, Բաքուն, հենվելով Թուրքիայի և Իսրայելի հովանավորության վրա, առանց Թեհրանի ուղղակի և համարժեք ներազդման չի հրաժարվի իր ուղեգծից։ Առաջնորդվելով նման կռվաններով և, փաստորեն, անտեսելով ԱդրՀ կողմից բխող սպառնալիքը, Իրանը թույլ է տվել, որպեսզի այդ հանրապետությունը վերածվի Իսրայելի տարածաշրջանային առաջնադիրքի։ Դա ԱդրՀ-ին թույլ տվեց ստանձնել Իսրայելի էներգետիկ դոնորի դերը, «Զանգեզուրի» կամ ՆԱՏՕ-ի «Թուրանական» միջանցքների նախագծերի միջոցով նպաստել Իրանի աշխարհաքաղաքական շրջափակմանը, ինչպես նաև իսրայելական կողմին հարթակներ տրամադրել կիբերհարձակման և ռադարային հենակայանների համար, զուգահեռաբար վարելով քայքայիչ հոգեբանական աշխատանք՝ ուղղված իրանական պետության կազմաքանդմանը։

Մի շարք մասնագետներ կարծում են, որ Թեհրանի ծայր աստիճան ռազմավարական սխալ հաշվարկն է, թե՝ «ԱդրՀ ուղեգիծն ինքնաբերաբար կնորմալանա ԱՄՆ-ի հետ Իրանի հարաբերությունները կարգավորվելուց և Իսրայելին զսպելուց հետո»: Այս հոլովույթի շրջանակներում ադրբեջանական իշխանությունները կարողացան անարգել օրինականացնել իսրայելական ռազմական և հետախուզական կառույցների ներկայությունը՝ իրականացնելով առավել ռիսկային հակաիրանական սցենարները՝ առանց համարժեք պատասխան ստանալու մտավախության: Անտեսելով այն փաստը, որ աշխարհակարգի կերպափոխման պայմաններում ԻԻՀ անվտանգությանն ուղղված սպառնալիքներն այժմ բխում են ոչ թե ուղղակիորեն մեծ տերություններից, այլ նրանց տարածաշրջանային գործընկերների միջոցով, Իրանին ստիպել է պաշտպանողական դիրք ընդունել: Դա լրացուցիչ դաշտ ստեղծեց այնպիսի խաղացողների խուսավարումների և ապակառուցողական ակտիվության համար, ինչպիսին Ի. Ալիևի վարչակազմն է։

5-14. Բաքվի կողմից լարվածության խելամիտ կառավարումը

Բաքվի թշնամական քայլերին արդյունավետորեն հակազդելու Թեհրանի անկարողությունը մեծապես պայմանավորված է հենց Ի. Ալիևի վարչակազմի կողմից ընտրված վարքագծի մոդելով: Իրանի հանրային վերնախավի հոգեբանության, նախասիրությունների և խոցելի տեղերի, ինչպես նաև ԻԻՀ-ում հասարակական կարծիքի առանձնահատկությունների խորն ըմբռնումն ադրբեջանական ղեկավարությանը թույլ է տալիս վարպետորեն շահարկել ճգնաժամային իրավիճակները: Բաքուն իր գործողությունները դասավորում է այնպես, որ Թեհրանի՝ իր իսկ սադրած դժգոհությունը հավասարակշռվի մինչև եզր, բայց երբեք չանցնի շեմը, որին հաջորդում են իսկապես կոշտ և վճռական պատասխան միջոցները: Այլ կերպ ասած՝ Բաքուն հետևողականորեն վերահսկում է Թեհրանի հետ հարաբերություններում լարվածության սրման գործընթացը՝ ձգտելով կանխել դրա սրացումն այն մակարդակի չափով, որը կարող է լուրջ վնաս հասցնել հենց ԱդրՀ-ին։ Լարվածության այդպիսի կառավարելի կարգավորումն Իրանի արձագանքն անփոփոխ ցածր էր պահում վճռական ռազմական գործողությունների շեմից։

Համաձայն մասնագետների գնահատանքի՝ Բաքվի արտաքին քաղաքական ուղեգիծը կառուցվում է «խելամիտ հավասարակշռման» սկզբունքի վրա՝ համաշխարհային տերությունների և հարևան պետությունների հետ փոխգործակցությամբ։ Ի. Ալիևը հմտորեն շահարկում է Թել Ավիվի և Թեհրանի հետ հարաբերությունները՝ դրանք օգտագործելով որպես երկու խաղաքարտ: Այն նպատակաուղղված կարգավորում է Իրանի հետ սրացման մակարդակը՝ ձգտելով այդ լարվածությունը վերածել սեփական աշխարհաքաղաքական նախաձեռնությունների իրականացման մեխանիզմների (ներառյալ, ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը) և Իսրայելի հետ գործընկերության ամրապնդման հարթակի։

Չնայած ԱդրՀ ռեսուրսային ներուժն անհամադրելի է Իրանի ներուժի հետ, Իրանի արտաքին քաղաքականությունը Բաքվին թույլ է տվել արդյունավետ օգտագործել «խաղաղեցման» և «ռազմավարական համբերության» դոկտրինները՝ առանց կոշտ հակազդեցության հետ բախվելու մտավախության առաջ մղելով իր հավակնոտ պահանջները։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ վարքագծի տվյալ մոդելը կենսունակ մնա երկարաժամկետ հեռանկարում, եթե Իրանի նկատմամբ Բաքվի ապակառուցողական ակտիվությունը պահպանի իր առկա շարժընթացը:

Օրինակ, չնայած Իրանի ադրբեջանաբնակ գավառներում հակաիրանական ինքնության ձևավորման և էթնիկ ու «պանթուրքիստական» խոսույթների բորբոքման վրա Բաքվի շեշտադրմանը, Ի. Ալիևը միաժամանակ ձգտում է, որպեսզի այդ բանավոր և լրատվական լարվածությունը չհատի Իրանի համբերության շեմն ու ռազմական պատասխան չհարուցի։ Ալիևը փորձում է կետ առ կետ սադրիչ գործողություններով Իրանին պարտադրել այնպիսի արձագանքների, որոնք ինքը կարող է իր օգտին օգտագործել միջազգային ասպարեզում:

Իրանի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության և ԻԻՀ-ի կողմից ա. կ. «մշակութային ճնշումների» մասին թյուրքալեզու երկրների գագաթնաժողովներում Ի. Ալիևի սադրիչ ելույթները կառուցված են այնպես, որպեսզի թույլատրելիից ավելին չդավագրգռեն Իրանին՝ նրան թույլ տալով զերծ պահել ակտիվ հակաքայլերից: Այս քաղաքականությունը, սակայն, ավելին է, քան պարզ մարտավարությունը. Ալիևն այդ թշնամական քայլերից յուրաքանչյուրն օգտագործում է որպես շահող քարտ՝ Արևմուտքի և Իսրայելի հետ բանակցությունների սեղանի շուրջ զիջումներ կորզելու համար:

Փորձագետների կարծիքով, Իրանի նկատմամբ Ի. Ալիևի կառավարության վարքագծի մոդելը կարելի է անվանել «ջրօձի ռազմավարություն». դրանք կրկնվող, ցավոտ խայթոցներ են, որոնք, ի դեպ, երբեք այնքան խորը չեն լինում, որ հակառակորդին դրդեն Բաքվի համար մահացու վտանգավոր արձագանքի:

5-15. Սխալ վարքագիծ՝ պայմանավորված Կովկասում հետ մնալը փոխհատուցելու հապճեպությամբ

Սխալ գործողությունները, որոնք պայմանավորված էին Կովկասում ազդեցության պակասը հապճեպ փոխհատուցելու ձգտմամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանային խնդիրներում Իրանի լիարժեք ներգրավման պատմական ձգձգման հետևանք էին։ Նման երկարատև դադարը բացատրվում էր արևմտաասիական օրակարգի վրա Թեհրանի չափազանց մեծ կենտրոնացմամբ և Վաշինգտոնի հետ գլոբալ դիմակայությամբ։ Կորցրածին փութաջան հասնելու փորձերը, որոնք հատկապես սուր դրսևորվեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ԱդրՀ լիակատար վերահսկողության հաստատումից հետո, Իրանին երբեմն մղում էին տարածաշրջանի առանձին պետությունների նկատմամբ կոշտ ճնշումների և հարկադրանքի միջոցների։ Փոխանակ հավատարիմ մնա համակարգված, հետևողական և հաստատութենական ամրագրված քայլերի ռազմավարությանը, Իրանն սկսեց գործել ներքին մղումով և հապճեպորեն՝ արձագանքելով իր շահերի դեմ հանկարծակի ի հայտ եկած սպառնալիքներին: Սակայն նման շտապողականությունը հաճախ հակառակ արդյունքն էր տալիս՝ սոսկ հեռացնելով տարածաշրջանում խորը և երկարաժամկետ ազդեցության ձևավորման հեռանկարները։

Այս իրավիճակը, որն սկիզբ է առել տասնամյակների կորցրած հնարավորություններից և երկարաժամկետ ռազմավարության բացակայությունից, լուրջ քննադատության է արժանացել վերլուծաբանների կողմից: Որոշ փորձագետներ կարծում են, որ Թեհրանը «վերջին 30 տարվա ընթացքում որևէ ծրագիր կամ ծածկագրված նախագիծ չի ունեցել այդ տարածաշրջանի համար, ինչի պատճառով անցած տարիներին բաց են թողնվել ոսկե հնարավորությունները»: Հենց այդ հապճեպությունը հանգեցրեց նրան, որ Իրանի արտաքին քաղաքականությունը ՀՀ-ի և ԱդրՀ-ի նկատմամբ երբեմն լրիվ հակասական էր և չհամակարգված։ Այդ հապճեպ, իսկ երբեմն էլ՝ հարկադրական գործողությունների արդյունքն այն էր, որ Իրանը Կովկասում «աշխարհաքաղաքական ծուղակ» ընկավ՝ իր ոչ իմաստալի գործողություններով նպաստելով մրցակիցների դիրքերի ամրապնդմանը և իր ազգային շահերի վատնմանը։ Որպես հետևանք՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո Իրանը չկարողացավ ապահովել իր ազգային շահերն ու անվտանգությունը, իսկ արժեքավոր հնարավորությունները, հատկապես ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը հակազդելու համար, բաց թողնվեցին ԻԻՀ-ի ձեռքից։

Ուստի, Թեհրանի մոտեցման փոփոխությունն կենսական անհրաժեշտություն է, որը կարող է կանխել նյարդային, հապճեպ արձագանքների պատճառով Կովկասում պատմական հապաղման արդյունք դարձած ռազմավարական պարտության սաստկացումը: Չէ՞ որ «պասիվություն–շտապողականություն» արատավոր շրջանը ոչ միայն չի պաշտպանում ազգային շահերը, այլև խորացնում է այն ճգնաժամերը, որոնց բախվում է Իրանը Հարավային Կովկասում։

5-16. Բաքվի օպորտունիզմն այն բանից հետո, երբ Իրանն անտեսեց Հայաստանի ռազմավարական կարիքների բավարարումը

Հարավային Կովկասում իր առանցքային դաշնակցի՝ Հայաստանի տնտեսական, առևտրային և պաշտպանական շահերի ապահովման գործում Իրանի հապաղումը խորը ռազմավարական ազդեցություն է ունեցել։ Նման անվճռականությունը, որը բացատրվում է «դանդաղ բյուրոկրատական ընթացակարգով, տարանցիկ ենթակառուցվածքի թուլությամբ և համակարգային ծրագրի բացակայությամբ», Հայաստանին ստիպեց դիմել այլ պետությունների, այդ թվում՝ ԱդրՀ-ին, ինչը զգալիորեն թուլացրեց Իրանի դիրքերը և նրա ազդեցությունը տարածաշրջանում:

Նման անարդյունավետության ամենավառ օրինակներից մեկն առաջընթացի բացակայությունն էր ՀՀ Սյունիքի մարզում իրանական նավթավերամշակման գործարանի կառուցման նախագծում: Ժամանակին գործելու Իրանի անկարողության պատճառով այդ ռազմավարական շանսը բաց էր թողնվել, թեև նավթավերամշակման գործարանը կենսական նշանակություն ուներ Հայաստանի համար՝ հաշվի առնելով նրա լիակատար կախվածությունը նավթամթերքի ներկրումից։ Այժմ այդ նախագիծը կարող է փոխանցվել երրորդ երկրների։ Եթե նավթավերամշակման գործարանը կառուցվեր Իրանի կողմից, Հայաստանում արտադրված բենզինի ավելցուկը կարող էր հետ ուղարկվել ԻԻՀ՝ մասամբ փոխհատուցելով հյուսիսարևմտյան գավառներում էներգետիկ անհավասարակշռությունը:

Ավելին, Երևանին անհրաժեշտ բենզին և այլ ռազմավարական արդյունաբերական ու պարենային ապրանքներ ժամանակին մատակարարելու Թեհրանի անկարողությունը ևս մեկ հարված հասցրեց երկկողմ հարաբերությունների կառուցվածքին և Կովկասում Իրանի ազդեցությանը: Նման հապաղումը տարածություն է բացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ դերակատարների համար (ներառյալ ՌԴ, Թուրքիան և նույնիսկ ԱդրՀ-ն)՝ ներթափանցելու և ՀՀ հիմնական կարիքները բավարարելու համար։ Լրացնելով Իրանի թողած դատարկությունը՝ այդ խաղացողներն աստիճանաբար ամրապնդեցին իրենց դիրքերը Հայաստանի մեջ։ Ընդ որում, հայ-թուրքական սահմանի սպասվող բացումն էլ ավելի կնվազեցնի ՀՀ-ում ԻԻՀ տնտեսական հնարավորությունները։

Արաքս գետի վրայով երկու երկրների միջև երկրորդ սահմանային կամրջի կառուցման ձգձգումը նման անարդյունավետության հերթական օրինակն է: Այն պայմաններում, երբ տարածաշրջանային տնտեսական միջանցքները խոշոր տերությունների միջև մրցակցության թատերաբեմ են դարձել, սահմանային անցումների զարգացման դանդաղությունն Իրանին մղում է տարածաշրջանային կարևորագույն տարանցիկ նախագծերի լուսանցք: «Հյուսիս–Հարավ» միջանցքի արդիականացումն ու շինարարության ավարտը՝ ընդհանուր սահմանին ազատ առևտրի գոտիների ստեղծմանը զուգահեռ, շարունակում է մնալ Իրանի և Հայաստանի համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Գործնականում այդ նախագծերի իրականացման ժամկետների խափանումը հանգեցրել է նրան, որ այնպիսի սխեմաներ, ինչպիսին է ա. կ. «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղված է իրանա-հայկական սահմանի վերացմանը, սկսել են ավելի ագրեսիվորեն առաջ մղվել աշխարհաքաղաքական մրցակիցների կողմից։

Կովկասյան տարածաշրջանի համար երկարաժամկետ ռազմավարության և ծածկագրված ծրագրի բացակայությունը, համապատասխան առևտրային ենթակառուցվածքների պակասը, անորակ տարանցիկ ճանապարհները և հանրային իրազեկման թույլ աշխատանքը Թեհրանի և Երևանի միջև առևտրային հարաբերությունների ընդլայնմանը խոչընդոտող ամենանշանակալի խնդիրներից են: Այս գործոնների հանրագումարը սահմանափակել է Հայաստանում Իրանի ազդեցության տարածությունը՝ ավելի շատ հնարավորություններ ընձեռելով տարածաշրջանային և արտատարածաշրջանային այլ դերակատարներին, ինչպիսին ԱդրՀ-ն է, հանուն նրա, որպեսզի խուսավարեն Հարավային Կովկասում իրենց նպատակներն առաջ մղելու համար: Արդյունքում՝ ավելի սահմանափակ է դարձել Հարավային Կովկասում, այդ թվում՝ Բաքվի հետ հարաբերություններում, Թեհրանի խուսավարման տարածությունը։

5-17. Բաց թողնված հնարավորությունները հանրային դիվանագիտության անտեսման և բացառապես Ալիևի կառավարության հետ փոխգործակցության վրա կենտրոնանալու պատճառով

ԱդրՀ նկատմամբ ԻԻՀ ռազմավարության կարևորագույն թերությունը հանրային դիվանագիտության գործիքների և երկրի բնակչության հետ անմիջական փոխգործակցության ուղիների փաստացի անտեսումն է: Այս ոլորտում համակարգային մոտեցման բացակայությունը դատարկություն ստեղծեց, որն անմիջականորեն լցրեցին Իսրայելն ու արևմտյան տերությունները։ Բաքվի լրատվադաշտում, ակադեմիական միջավայրում և կրթական համակարգում սեփական պատումների համակարգված ներդրման միջոցով ԱդրՀ-ին հաջողվել է հակաիրանական կայուն վերաբերմունք ձևավորել երիտասարդության և նոր վերնախավերի շրջանում: Այս ապակառուցողական տեղեկատվական միջավայրը հանգեցրել է Թեհրանի նկատմամբ ադրբեջանական հասարակության համակրանքի սառեցմանը՝ ԻԻՀ-ին զրկելով անհրաժեշտ սոցիալական հենարանից և հանրապետության ներսում ազդեցության բարեհաճ խմբերից:

Իրավիճակը սրվել է նրանով, որ վերջին 6 տարվա ընթացքում Բաքուն, որպես ձևական առիթ օգտագործելով Կովիդ-19 համավարակը, փակ է պահում ցամաքային սահմանները։ Դա իշխող վարչակարգին թույլ է տվել Միացյալ Թագավորության և Իսրայելի աջակցությամբ առավելագույնս սահմանափակել մարդկանց միջև անդրսահմանային շփումները և անարգել ընդլայնել հակաիրանական քարոզչության ծավալը:

Առաջացած հանգամանքներում Իրանը պետք է դուրս գար խիստ բյուրոկրատական սխեմաների շրջանակներից և ավելի ակտիվորեն գործի դներ մշակութային և լրատվական դիվանագիտության գործիքները։ Այստեղ առանձնահատուկ դեր կարող էր խաղալ տնտեսության մասնավոր հատվածը. ունենալով անհրաժեշտ ճկունություն՝ այն ի վիճակի է ոչ միայն արդյունավետորեն առաջ մղել պետական շահերը, այլև գործերի իրական վիճակի մասին տեղեկացնել Իրանի ղեկավարությանը՝ նրան զգուշացնելով չարդարացված զիջումների քաղաքականությունից՝ ի պատասխան Բաքվի թշնամական ուղեգծի։

Ադրբեջանի Հանրապետության լրատվական և հասարակական ոլորտներում այնպիսին են իսրայելական ազդեցության ծավալներն ու խորությունը, որ փորձագետներն Իսրայելի սողացող բազմաշերտ ներթափանցումը ԶԼՄ-ներ, դպրոցներ, համալսարաններ և ՀԿ-ներ դիտարկում են որպես գործոն, որը երիտասարդ ադրբեջանական սերնդի մտածողությունը կողմնորոշում է Իրանի ընկալմանը ոչ թե որպես խորը քաղաքակրթական կապեր ունեցող հարևանի, այլ որպես «անվտանգության սպառնալիքի»:

Չնայած Բաքվի կողմից իրանական լայնածավալ օգնության ընդունմանը ռազմական, ինչպես նաև անվտանգության և տնտեսության ոլորտներում, հատկապես առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, Ի. Ալիևի լրատվական համակազմը հետագա տարիներին թաքցրել կամ նսեմացրել է այդ օգնությունը՝ այն փոխարինելով իրանաատյացության մասին շինծու պատումով։ Այս պատումնային պատերազմին զուգահեռ, Կովիդ-19-ի պատրվակով ցամաքային սահմանների փակումը նույնպես ջախջախիչ հարված հասցրեց Իրանի հանրային դիվանագիտությանը: Այս սահմանափակումը, որը 6 տարի է, ինչ տևում է, նվազագույնի է հասցրել մարդկանց միջև շփումները, որոնք կարող են հուսալի վահան ծառայել հակաիրանական քարոզչության դեմ:

Փորձագետները հանրային դիվանագիտության ոլորտում Իրանի պասիվության արմատը տեսնում են երկրում արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության հարցերում «ճշգրիտ և գիտականորեն հիմնավորված կառույցի» բացակայության մեջ: Նրանց կարծիքով՝ հաստատությունների միջև տարաձայնությունները և սպառնալիքների թերագնահատումն Իրանին զրկել են Արաքս գետից այն կողմ հասարակական կարծիքի վրա ազդելու պատմական հնարավորություններից՝ դառնալով ԱդրՀ-ում իրանամետ սոցիալական բազայի ձևավորման գլխավոր խոչընդոտը։ Իրանը կենսականորեն պետք է գիտակցի, արտաքին քաղաքական պաշտոնական քայլերին զուգահեռ, հանրային դիվանագիտության գործիքների կիրառման կարևորությունը։ Իրանի կողմից սեփական դիրքորոշումների հստակ ձևակերպված և իրատեսական պատումի բացակայությունն ստեղծեց դատարկություն, որն օպերատիվ կերպով լցվեց Բաքվում և Թել Ավիվում հորինված թշնամական մեկնաբանություններով:

Փորձագիտական հանրությունը համակարծիք է, որ ադրբեջանական ուղղությամբ Թեհրանի ռազմավարության առանցքային սխալ հաշվարկը հանրային դիվանագիտության գործիքների թերզարգացումն է: Երկու երկրների քաղաքացիների միջև ամուր կապերի բացակայությունը, ինչպես նաև ԱդրՀ տեղեկատվական դաշտում արևմտյան և իսրայելական մեկնաբանությունների գերակշռությունը հանգեցրել են նրան, որ ստվերում են հայտնվել Իրանի իրական դերը և ժողովուրդների միջև պատմամշակութային խորը կապերը: Արդյունքում, անկախ միջպետական շփումների պաշտոնական մակարդակից, ադրբեջանական հասարակությունն սկսել է հոգեպես հեռանալ Իրանից։ Այս միտման հաղթահարումը պահանջում է հետ կանգնել ավանդական դիվանագիտական օրինաչափություններից և անցում կատարել դեպի «փափուկ ուժի» գիտակցված կառուցում՝ մշակութային նախագծերում ներդրումների, լրատվական ակտիվության և գործարար շրջանակների ներուժի օգտագործման միջոցով: Ավելին՝ ժողովրդական դիվանագիտության ոլորտում ջանքերի այդ պակասն արձակել է Բաքվի իշխանությունների ձեռքերը՝ խստացնելու համար սեփական երկրի շիա բնակչության նկատմամբ քաղաքականությունը։ ԻԻՀ-ը, որն առաջնային խնդիր է դիտարկում հավատակիցների պաշտպանությունը, հայտնվում է երկընտրանքի առաջ. ԱդրՀ շիա համայնքին աջակցելու անհրաժեշտությունը վճռականություն է պահանջում, սակայն նրանց դեմ բռնաճնշումների ուժեղացում սադրելու ռիսկը Թեհրանին ստիպում է առավելագույնս շրջահայացություն ցուցաբերել իր գործողություններում:

6. Բանավեճ և վերլուծություն. Բաքվի կողմից սպառնալիքի կանխագծման բացակայությունն իրանական որոշում կայացնողների գիտակցության մեջ

Դիտարկելով վերը նշված գործոնները՝ հասկանալի է դառնում, թե ինչու ԱդրՀ-ի սպառնալիքը ԻԻՀ հիմնական կառավարող մարմինների կողմից դեռևս չի նույնականացվել որպես լուրջ, անհետաձգելի և ռազմավարական: Այսպիսով, ներքին գործոնների ամբողջությունը (ռազմավարության բացակայություն, իրավիճակի թույլ ընկալում, լոբբիստական խմբերի ազդեցություն, ինքնության կառուցման գործընթացի թերագնահատում և կեղծ ազգայնականություն), տարածաշրջանային և արտատարածաշրջանային ասպեկտները (հաշվի առնելով Թուրքիայի և ՌԴ գործոնները, անտեսելով Բաքվում իսրայելական և բրիտանական ազդեցության ուժեղացումը), տնտեսական և աշխարհաքաղաքական պայմանները (կախվածությունը տարանցումից և Բաքվի օպորտունիստական քաղաքականությունն ԻԻՀ կողմից ՀՀ ռազմավարական կարիքների անտեսման համապատկերում), ինչպես նաև հոգեբանական և ընկալելի խոչընդոտները (Բաքվի ներուժի թերագնահատումը, լարվածության կառավարման Ալիևի մոդելը, Իսրայելի և ԱՄՆ-ի գերակայությունը) հանգեցրել է նրան, որ իրանական վերնախավերի պատկերացմամբ Բաքուն չի ընկալվում որպես «գոյութենական սպառնալիք» կամ նույնիսկ «առաջին կարգի ռազմավարական սպառնալիք»։ Կառուցողական տեսությունը հստակ բացատրում է նման ընկալման բնույթը: Ըստ այս տեսության՝ «սպառնալիքն» առարկայական իրականություն չէ՝ անկախ դերակատարների գիտակցությունից, այլ սոցիալական փոխազդեցությունների, տեղեկատվության մեկնաբանման և հավաքական ընկալման ձևավորման գործընթացում ձևավորված երևույթ: Իրանա-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում երկու կողմերի միջև ձևավորված իմաստային և նույնականացման կառույցները՝ ներառյալ ընդհանուր մշակութային ժառանգությունը, կրոնական կապերը, Ղարաբաղյան առաջին հակամարտությունում Թեհրանի կողմից Բաքվին աջակցելու պատմությունը և ԱդրՀ՝ որպես փոքր, խոցելի պետության ընկալումը, խանգարեցին, որպեսզի Բաքվի թշնամական գործողությունները մեկնաբանվեն և ընկալվեն «ռազմավարական սպառնալիքի» շրջանակներում: Իրանցի որոշում կայացնող անձինք Բաքվի գործողություններն ընկալում էին ավելի շուտ որպես փոքր հարևանի «պատահական չարաճճիություն», քան ռազմավարական թշնամու «պարբերական սպառնալիք»: Նույնիսկ այդ հանրապետությունում իսրայելական ներկայությունը դեռևս չի հանգեցրել այդ մտավոր կառուցվածքի հիմնարար փոփոխությունների, թեև Իրանի դեմ վերջին երկու պատերազմների ընթացքում Իսրայելի հետ Ի. Ալիևի կառավարության համագործակցությունը, այնուամենայնիվ, որոշակի ճշգրտումներ է մտցրել Թեհրանի դիրքորոշման մեջ։

Միևնույն ժամանակ, այս հետազոտության ամենակարևոր եզրակացություններից մեկը կառուցողական տեսանկյունից հետևյալն է. Թեհրանն աչքաթող է արել, թե ինչպես են թշնամական դերակատարները, առաջին հերթին՝ Իսրայելը, Միացյալ Թագավորությունը և Թուրքիան, նպատակաուղղված կերպով հակաիրանական ինքնություն կառուցել Ադրբեջանում: Արդյունքում, Իրանը կորցրեց վերնախավերի և հասարակության գիտակցության մեջ որպես «բարեկամ» և «բնական դաշնակից» ամրապնդվելու հնարավորությունը։ Ընդհակառակը, այդ երկրում ազգային ինքնության ձևավորման գործընթացում իրենց ակտիվ ներկայության շնորհիվ վերոնշյալ 3 երկրները կարողացան ադրբեջանական ազգային գիտակցության մեջ արմատավորել Իրանի՝ որպես «օտարի» կերպարը: Ինքնության այս փոխակերպումն իր հերթին մտավոր և իմաստային հիմք է ապահովել Թեհրանի նկատմամբ Բաքվի թշնամական վարքագծի համար, վարքագիծ, որը, հաշվի առնելով մշակութային և քաղաքակրթական խորը կապերը, կամ ընդհանրապես չէր ձևավորվի, կամ կկրեր շատ ավելի սահմանափակ բնույթ:

7. Բաքվի լոբբիի դերը տարածաշրջանային իրողության և պետական համակարգում դրա ընկալման միջև առկա ճեղքվածքի կառավարման գործում

Հետազոտության արդյունքներն ընդգծում են բաքվամետ լոբբիի նշանակալի դերը տարածաշրջանում առարկայական իրականության և ԻԻՀ իշխանության կառույցներում դրա մեկնաբանման միջև հեռավորության պահպանման գործում: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ չպետք է չափազանցնել այս խմբի ազդեցության աստիճանը: Պատմականորեն այնպես է ստացվել, որ Իրանի առևտրային փոխգործակցությունը կովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ ՀՀ հետ ավանդաբար իրականացվել է իրանա-ադրբեջանական գործարարների միջնորդությամբ: Դա պայմանավորված է հարևան հանրապետությունների սահմաններին Արդաբիլ, Արևելյան և Արևմտյան Ադրբեջան գավառների աշխարհագրական մերձությամբ։ Դրա հետևանքով տնտեսական աշխուժությունը բնական հիմք ունի տվյալ գոտում և որոշվում է առաջին հերթին բիզնեսի պրագմատիկ շահերով, այլ ոչ թե նպատակաուղղված քաղաքական թելադրանքով։

Չնայած Բաքվի լոբբիի ջանքերին, Իրանի ադրբեջանաբնակ տարածաշրջանների շարքային քաղաքացիների վրա նրա ազդեցությունը նվազագույն է մնում՝ սահմանափակվելով միայն վերնախավերի և առանձին պաշտոնյաների նեղ շրջանակով: Լայն զանգվածներին իրենց տեսակետները պարտադրելու այս խմբի փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Ձախողման հիմնական պատճառը վերջին 20 տարվա ընթացքում Ալիևի վարչակարգի գործունեությունն էր, մասնավորապես՝ 2020 թ. Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո նրա հակաիրանական դիրքորոշումը։ Իրանցի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության մասին Բաքվի հրապարակային կարգախոսները չեն կարողացել համակրանք կամ վստահություն առաջացնել բնակչության շրջանում՝ Իրանի հանդեպ թշնամական ուժերի, առաջին հերթին՝ Իսրայելի հետ ԱդրՀ իշխանությունների սերտ փոխգործակցության պատճառով:

Թեև իրանցի ադրբեջանցիները և ԱդրՀ բնակչությունն էական մշակութային, լեզվական և կրոնական ընդհանրություններ ունեն, սակայն Իրանի ադրբեջանական տարածաշրջանների բնակչությունը ոչ մի պատրաստակամություն չի դրսևորում պաշտպանելու կամ սատարելու Բաքվի քաղաքական կառույցին: Այսպիսով իսկ, Բաքվի լոբբիի պնդումն առ այն, թե գոյություն ունի քաղաքական համերաշխություն Ալիևի վարչակարգի և Իրանի ադրբեջանական բնակչության միջև, ի սկզբանե կեղծ է։

Հետևաբար, պանթուրքիստական հոսանքն Իրանում կրում է փոխառնված և պարտադրված երևույթի բնույթ, որը զուրկ է իրական հիմքից և մերժվում է իրանական հասարակության մեծամասնության կողմից: Նրա գաղափարական կենտրոնը գտնվում է երկրի սահմաններից դուրս՝ ԱդրՀ-ում ու Թուրքիայում, և կառավարվում է արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Միացյալ Թագավորության և Իսրայելի կողմից։ Ընդ որում, իրանցի ադրբեջանցիների մեծ մասը ոչ միայն խոցելիության կամ սպառնալիքի աղբյուր չեն հանդիսանում, այլև հակառակ արձագանք են ցուցաբերում. վերջին երկու տարածաշրջանային հակամարտությունների ընթացքում ԱդրՀ կողմից ԻԻՀ ազգային անվտանգությանը կրկնված սպառնալիքների համապատկերում նրանք հանդես են գալիս Արաքսից հյուսիս գտնվող ադրբեջանաբնակ տարածքներն Իրանի կազմ վերադարձնելու օգտին:

ԻԻՀ ադրբեջանաբնակ շրջանների պետական աջակցության մակարդակը, ինչպես նաև դրանց դեմ ռազմական հարձակումների և սպառնալիքների ինտենսիվությունը ոչնչով չեն տարբերվում Իրանի այլ հատվածներում տիրող իրավիճակից: Պանթյուրքիստական հոսանքների և Բաքվի գործակալների ջանքերը՝ ուղղված Իրանի ադրբեջանական տարածաշրջաններում էթնոցենտրիկ խոսույթի առաջմղմանը, նպատակ ունենալով հող նախապատրաստել անջատողականության և ինքնավարության համար, նույնպես ձախողվեցին՝ բախվելով ժողովրդի և պետական համակարգի լուրջ դիմադրությանը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի (2020 թ.) ընթացքում Իրանի ադրբեջանական տարածաշրջաններում հասարակական կարծիքի կառավարումն անարդյունավետ է կառուցվել, ինչի պատճառով խնդիրը լուծվել է տեղական մակարդակով։ Տարածաշրջանային գործիչները չափազանց մեծ դեր խաղացին պաշտոնական խոսույթ ձևավորման գործում և չափազանց մեծ կշիռ ստացան այդ փուլում Իրանի արտաքին քաղաքական որոշումների կայացման գործում: Այս փորձը ցույց տվեց, որ չպետք է արտաքին քաղաքականության կառավարման գործում չափազանց մեծ նշանակություն տալ ուրբաթօրյա աղոթքների իմամներին և տեղական գործիչներին, քանզի արտաքին քաղաքականությունը պահանջում է ռազմավարական, ազգային և տրանսլոկալ մոտեցում, այլ ոչ թե էթնիկ և տարածաշրջանային զգացմունքներ ու պատկանելություն: Այս կարևորագույն հարցի անտեսումը հղի է որոշումների կայացման ոլորտներ ոչ որակավորված անձանց ներթափանցմամբ, ինչը հանգեցնում է սխալ վերլուծությունների, սխալ որոշումների ներկայացման և, ի վերջո, ազգային շահերին հակասող գործողությունների:

Այնուամենայնիվ, այդ լոբբին, որոշակի կազմակերպություններում և հաստատություններում իր ունեցած ազդեցության շնորհիվ, այն դեպքերում, երբ տեղյակ էր Ի. Ալիևի կառավարության ծրագրերին, համակարգում էր իր գործողությունները։ Ճշգրիտ պլանավորման և իր քաղաքական, ուժային, մշակութային ու մեդիա ցանցի ակտիվացման միջոցով նրան հաջողվում էր ապահովել անակնկալի ազդեցություն, որը հակասում էր Իրանի շահերին: Այս լոբբիի՝ իր կամքը պարտադրելու անկարողության վառ օրինակ էին 2022 թ. հյուսիս-արևմտյան սահմաններին ԻՀՊԿ-ի զորավարժությունները, որոնք, չնայած լրատվական արշավին և Բաքվի լոբբիի կողմից գործած ճնշումներին, անցկացվեցին հաջողությամբ։ Սակայն Կովկասի գծով փորձագետների սահմանափակ թվի և այդ ոլորտում վերլուծական ենթակառուցվածքի թուլության, ինչպես նաև որոշ այլ խնդիրների ազդեցության ներքո Իսլամական Հանրապետության պետական համակարգը չկարողացավ ժամանակին դիմակայել այդ արշավին:

Բաքվի լոբբիի հաջողության վառ օրինակ է դարձել 2023 թ. Թեհրանում ԱդրՀ-ի դեսպանատան վրա հարձակման փաստի շահարկումը։ Օգտագործելով ԻԻՀ պետական համակարգում այս իրադարձության հետևանքով առաջացած ցնցումն ու խառնաշփոթը, Բաքուն կարողացավ հաջողությամբ առաջ տանել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման իր ծրագիրը՝ Թեհրանին ստիպելով պասիվություն ցուցաբերել այս թշնամական գործողության պայմաններում:

2023 թ. իրադարձություններից և Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո, որն ուղեկցվեց այդ տարածաշրջանում Իրանի դեմ թաքֆիրական խմբավորումների և իսրայելական գործակալների ինտենսիվ աշխուժացմամբ, սկիզբ առան ջանքեր՝ ուղղված ԻԻՀ որոշումների ընդունման համակարգում Կովկասի նկատմամբ ծայրամասային և գործիքային տեսակետի փոփոխմանը։ Մոտեցման այդ փոփոխության վառ օրինակ է Գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի տեսակետների բարեշրջությունը: Վելայաթին, որը 1990-ական թթ. կարծում էր, թե Իրանը պետք է «Կովկասին նայիր Ռուսաստանի աչքերով», այժմ բացահայտ հայտարարում է, որ Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց դրա կկանխի ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, քանի որ այդ սխեման սպառնում է Իրանի և ամբողջ տարածաշրջանի ազգային անվտանգությանը: Մոտեցման այդ փոփոխությունը ցույց է տալիս իրանական վերնախավի շրջանում Բաքվի սպառնալիքների ընկալման աճի միտումը, թեև տվյալ միտումը դեռևս գտնվում է վաղ փուլերում։

8. Իրանի «կարմիր գծերը», ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ և աշխարհաքաղաքական զարգացումների հեռանկարները

Վերջին տարիներին իրանա-ադրբեջանական հարաբերությունների առավել սուր հարցերից մեկը ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ծագած վեճն է: Այս միջանցքը, որը նպատակ ունի ԱդրՀ հիմնական տարածքի և Նախիջևանի միջև ՀՀ տարածքով հաղորդակցական ուղի ստեղծել, հիմնարար աշխարհաքաղաքական նշանակություն ունի Թեհրանի համար։ Այս խնդրի վերաբերյալ Իրանի դիրքորոշման վերլուծությունը պահանջում է նրա տնտեսական և անվտանգային չափումների հստակ տարանջատում։

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի վերաբերյալ Իրանի «կարմիր գծերը» չեն փոխվել դրա առաջադրումից ի վեր։ Եթե հարցը բացառապես Նախիջևանի և ԱդրՀ հիմնական տարածքի միջև տարանցիկ հաղորդակցությունների հաստատումն է, ապա Իրանն առարկություններ չունի։ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող տնտեսական նախագծերն Իրանի կողմից ողջունվում են որպես տարածաշրջանային համագործակցության զարգացման գործոն: Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ առարկություններ չունի տարածաշրջանային երկրների ազգային ինքնիշխանության ներքո գործող օրինական տարանցիկ երթուղիների դեմ:

Սակայն եթե այդ հաղորդակցական նախագծերը կոչված են բորբոքել աշխարհաքաղաքական մրցակցությունը և Կովկաս ներգրավել արտատարածաշրջանային տերությունների, որոնք իրենց կոնկրետ նպատակներն են հետապնդում այդ տարածաշրջանում, ապա Իրանը վճռականորեն հանդես կգա դրանց դեմ, քանի որ վտանգի տակ կհայտնվի իր ազգային անվտանգությունը: Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ա. կ. «Զանգեզուրի միջանցքն» ուղղակիորեն բնութագրել է որպես «Իրանի ազգային անվտանգության խաթարմանն ուղղված աշխարհաքաղաքական սխեմա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությամբ» և հայտարարել, որ «Իրանի ազգային անվտանգությունը մեր կարմիր գիծն է»: Նրա խոսքով՝ «Այդ ծրագրերի գլխավոր նպատակն է թուլացնել «Դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և տարածաշրջանի հարավում ցամաքային պաշարում պարտադրել Իրանին ու Ռուսաստանին» (en.interaffairs.ru, 11 օգոստոսի 2025 թ.):

Վերջին իրադարձությունները հաստատում են, որ տարածաշրջանային նախաձեռնությունների տնտեսական ճակատի հետևում այլ նպատակներ են թաքնված։ Մասնավորապես, Հայաստանի տարածքով ա. կ. «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհի շարունակությունն առաջարկվել է TRIPP պլանի կամ «Թրամփի՝ դեպի Միջազգային խաղաղություն և բարգավաճում տանող ճանապարհի» տեսքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ՀՀ-ի և ԱդրՀ-ի միջև նախնական խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Իրանին մտահոգում է տարածաշրջանում ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը՝ այդ երթուղին վերահսկելու համար, և այն հնարավորությունը, որ միջանցքն աշխարհաքաղաքական գործիք կդառնա Կովկասում իրանական և ռուսական ազդեցությունը սահմանափակելու համար: ԻԻՀ-ը հենց սկզբից հայտարարել է, որ չի ընդունի այն տարանցիկ սխեմաները, որոնք մշակվել են «տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը փոխելու և երկրների ազգային ինքնիշխանությունը խարխլելու նպատակով» (en.mehrnews.com, 27 հուլիսի 2025 թ.):

Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ այդ վեճերը դժվար թե հանգեցնեն լայնածավալ ռազմական հակամարտության։ Դրա մի քանի պատճառ կա. նախ, Միացյալ Նահանգները, հատկապես Պարսից ծոցում Իրանի վերջին բախումների փորձից և դրա զսպման ներուժի ապացույցներից հետո, հազիվ թե համարձակվի լայնածավալ ռազմական ներկայություն ունենալ Կովկասում Իրանի սահմանների մոտ: Վաշինգտոնն այլևս պատրաստ չէ նման ռիսկի դիմել և իր ուժերը չի տեղակայելու տարածաշրջանում իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հասանելիության գոտում, ինչն աշխարհաքաղաքական առումով ձեռնտու է Իրանին: Երկրորդ՝ տարածաշրջանային դերակատարներն իրենք՝ ՀՀ-ն ու ԱդրՀ-ը նույնպես նման ռիսկի չեն գնա։ Ունենալով անցյալի բախումների դառը փորձ և հստակ գիտակցելով տարածաշրջանում ռազմական հակամարտության հետևանքները՝ Երևանն ու Բաքուն զգուշություն կցուցաբերեն, որպեսզի չհայտնվեն մի տարածքում, որտեղ իրենց կարող են վնաս հասցնել խոշոր տերությունների միջև հնարավոր հաշվարկների ժամանակ: Նրանց ազգային շահերը թելադրում են իրենց տարածքները խոշոր տերությունների միջև պրոքսի-առճակատման թատերաբեմ չդարձնելու անհրաժեշտությունը։

Ինչ վերաբերում է ԱդրՀ-ին, ապա տվյալները վկայում են այն մասին, որ այդ երկիրը ևս ճշգրտումներ է մտցրել իր դիրքորոշման մեջ: Տարածաշրջանային պետությունները, այդ թվում՝ Թուրքիան և ԱդրՀ-ն, ներկայումս փորձում են տրանսպորտային և հաղորդակցական նախագծերը ներկայացնել որպես թե ուղղված զուտ տնտեսական և կապի ապահովմանը։ Անկարան և Բաքուն այլևս չեն ցանկանում ԱՄՆ-ի ներկայությունն այդ նախագծերում այնպես, ինչպես նախկինում էր։ Մոտեցման այս տեղաշարժի պատճառն այն է, որ Անկարան և Բաքուն գիտակցել են, որ ԱՄՆ-ի ներկայությունը միայն աշխարհաքաղաքական մրցակցություն է հրահրում ու մեծացնում ՌԴ և ԻԻՀ զգայունությունը տարածաշրջանում: Թուրքիան, մասնավորապես Սիրիայում Իսրայելի հետ վերջին հակամարտությունների համապատկերում, ճշգրտել է իր տարածաշրջանային առաջնահերթությունները և սկսել ավելի զգույշ վերաբերվել Կովկասում ԱՄՆ ներկայության հեռանկարին:

Բաքուն նույնպես վարքի և ընկալման փոփոխության նշաններ է ցույց տալիս: Օրինակ, ԱդրՀ իշխանությունները լուրերում չեն լուսաբանել իսրայելական անվտանգության մարմինների հայտարարությունները, որոնք պնդում էին ԱդրՀ-ում Իսրայելի դեմ ուղղված իրանական ինչ-որ գործունեության մասին։ Նման զսպվածության պատճառներից մեկն Իրանի ռազմական և ռազմավարական հաջողություններն են Իսրայելի հետ վերջին երկու զինված դիմակայություններում: Այս հաջողությունները Բաքվին ցույց տվեցին, որ Թեհրանը սպառնալիքներին վճռական պատասխանելու ունակություն ունի՝ ոչ արդիական դարձնելով Իրանի թուլության վերաբերյալ նախկին հաշվարկները: Բաքվի պաշտոնյաներն ավելի զգուշավոր են դարձել Իրանի հետ իրենց հարաբերություններում՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով այն փաստին, որ Թեհրանի դավագրգռումը կարող է իրենց համար ծանր խնդիրներ առաջացնել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ԻԻՀ և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտությունը, Հարավային Կովկասում նրանց ներկայության ապագայի, ինչպես նաև այդ համատեքստում ՀՀ և ԱդրՀ հետագա վարքագծի վերաբերյալ ցանկացած վերջնական եզրակացություն դեռևս վաղաժամ է:

9. Ապագա հեռանկարներ. սպառնալիքի ընկալման աճ և Իրանի մոտեցման ներունակ տեղաշարժ

Հաշվի առնելով իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա միտումները, կարելի է կանխատեսել, որ Բաքվի՝ որպես սպառնալիք ընկալումն Իրանում կշարունակի աճել: ԱդրՀ ուժային, հետախուզական, տնտեսական և մշակութային կառույցներում Իսրայելի և Միացյալ Թագավորության հարաճուն ներկայությունն ունի բազմաթիվ դրսևորումներ՝ ԱդրՀ տարածքում Իրանի դեմ գործողությունների համար Մոսադի հենակայանների ստեղծումից մինչև լայն ռազմական համագործակցություն ու Բաքվին ժամանակակից իսրայելական սպառազինության մատակարարում: Վերջին տասնամյակի ընթացքում Բաքվի հակաիրանական պահվածքը լայն լուսապատկեր է ընդգրկել՝ սկսած Իրանի միջուկային փաստաթղթերի գողությանը մեղսակցելուց և Նաթանզում գտնվող օբյեկտների ուղղությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքից մինչև իրանական տարածքի խորքերում վերջին հարվածներում բաց համագործակցությունն Իսրայելի հետ: Նման գործողությունները, թշնամական քաղաքականության և Կովկասում Իրանի ազդեցությունը սահմանափակելու փորձերի հետ համատեղ, իրանցի որոշում կայացնող պաշտոնատար անձանց պատկերացմամբ, Բաքվի կերպարն «անհանգիստ հարևանից» աստիճանաբար վերածում են «ռազմավարական սպառնալիքի»: Հակաիրանական այս գործողությունների ինտենսիվությունը հասել է ծայրահեղ մակարդակի, որի դեպքում նախկին կառուցվածքներն ու նորմերը, որոնք խոչընդոտում էին Իրանի և Բաքվի առճակատմանը, կզարգանան ի վնաս Ադրբեջանի Հանրապետությանը։

Այս շրջանակներում կարելի է ակնկալել, որ Բաքվի կողմից Թեհրանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը զուգընթաց ավելի կոշտ և վճռական կդառնա Իրանի պատասխան արձագանքն այդ երկրի նկատմամբ: Արտաքին գործերի նախկին նախարար և խորհրդարանի ներկայիս անդամ Մանուչեհր Մոթաքիի վերջին հայտարարությունները, որոնցում նա նախազգուշական և վճռական տոնով դիմում է ԱդրՀ-ին, մոտեցման այս փոփոխության նշան են: ԻԻՀ պետական համակարգը լրջորեն ուսումնասիրում է արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ իր մոտեցումները՝ հատկապես հաշվի առնելով վերջին երկու պատերազմի փորձը: Զուգահեռաբար երկրում ուժեղանում է լոբբիստական խմբերին և ներքին ազդեցության խողովակներին հակազդելու միտումը։

Միանգամայն հնարավոր է, որ Բաքվի հակաիրանական ուղեգծի պահպանման և ապագայում հնարավոր բախման ռիսկի առաջացման դեպքում Իրանը հարևանին ուժով զսպվածություն պարտադրելու վերաբերյալ հաստատուն որոշում կայացնի: Ռազմավարական տրամաբանության տեսանկյունից, եթե Իրանը լրջորեն մտահոգված է հյուսիս-արևմտյան սահմաններին նոր ռազմաճակատի բացմամբ, ապա նա պետք է կանխարգելիչ գործի: ԱՄՆ-ի հետ հաշտեցման նախնական ձևավորումից հետո և մինչև պատերազմի վերջնական ավարտը, քանի դեռ Իսրայելի ռեսուրսները կաշկանդված են, և նա զրկված է Բաքվին աջակցելու հնարավորությունից, դրա համար առավել բարենպաստ հնարավորություն կարող է դառնալ ԱդրՀ շահերին (բացահայտ կամ գաղտնի) ծայր աստիճան վնաս հասցնելը։ Տվյալները վկայում են, որ վերջին շաբաթների ընթացքում Բաքվի կողմից հակաիրանական սադրանքին հակազդելու որոշ գործնական խոչընդոտներ վերացվել են, և նման գործողությունների անհրաժեշտությունը հետզհետե ավելի ակնհայտ է դառնում: Ճիշտ այնպես, ինչպես ԱՄԷ-ի հետ հարաբերությունների գնահատումն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ խորը ռազմավարական համագործակցության պատճառով վերջնական արդյունքում հանգեցրեց այդ երկրի հետ կոշտ առճակատման որոշմանը, տարածաշրջանում լարվածության շարունակումն ու Իսրայելի հետ 3 ոլորտներում՝ էներգետիկա, ապրանքների տարանցում և ենթակառուցվածքների տրամադրում, համագործակցելու Բաքվի վարքագիծը կարող է ի վերջո հանգեցնել նրա ուժային զսպման սցենարի գործարկմանը: Միևնույն ժամանակ, գոյություն ունի հիբրիդային և պրոքսի մեթոդների կիրառման հնարավորություն պատերազմի եզրափակիչ փուլում, որն անմիջապես նախորդում է հրադադարի կնքմանը, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքերը կաշկանդված են, և նրանք չեն կարողանա պատասխան հարված հասցնել ու խախտել համաձայնեցված պայմանները:

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերլուծության առանցքային կետը տարածաշրջանային դիմակայությունների ելքերի ազդեցությունն է Կովկասում Իրանի դիրքերի վրա: Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ ներկայիս պայքարում ԻԻՀ վերջնական հաղթանակի ամրագրումը Հարավային Կովկասում նոր տարածություն կձևավորի հօգուտ Թեհրանի: Իրանի և Իսրայելի միջև 2025 թ. հունիսի 12-օրյա պատերազմը «հարվածային ալիքներ ուղարկեց Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս» և «Հարավային Կովկասը տարածաշրջանային խաչմերուկից հասցրեց գլոբալ ռազմավարական հավասարման առանցքային տարրին»: Իրանի հաջողությունն այս դիմակայությունում կնշանակի նրա զսպման ներուժի ամրապնդում և արկածախնդրության գնի բարձրացում այնպիսի դերակատարների համար, ինչպիսին ԱդրՀ-ն է։ Իրանի հաղթանակը ոչ միայն կբարձրացնի երկրի ընդհանուր պաշտպանական կարողությունները, այլև կընդլայնի Կովկասում Թեհրանի դիվանագիտական ու ռազմավարական խուսավարման տարածությունը և հնարավորություն կընձեռի այդ տարածաշրջանում առավել ակտիվորեն հետամուտ լինել ազգային շահերի պաշտպանությանը:

10. Եզրակացություն

Այս հետազոտությունը, որն իրականացվել է կառուցողական տեսական հիմքի շրջանակներում և Կովկասի հարցով 10 առաջատար իրանցի փորձագետների հետ խորացված հարցազրույցների հիման վրա, վերլուծել է ԻԻՀ արտաքին քաղաքականությունն ԱդրՀ-ի նկատմամբ: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Բաքվի կողմից հարաճուն սպառնալիքների նկատմամբ Իրանի հաշտվողական և պասիվ մոտեցումը պայմանավորված է նրանով, որ Իրանի հիմնական ղեկավար մարմինների գիտակցության մեջ ԱդրՀ-ն դեռևս չի ճանաչվել որպես ռազմավարական և անխուսափելի սպառնալիք: Այս հետազոտության ընթացքում ի հայտ եկած գործոնները՝ հստակ ռազմավարության բացակայությունից, տարածաշրջանի ոչ բավարար ընկալումից և ԱդրՀ-ում ինքնության ձևավորման գործընթացների պատմական անտեսումից սկսած մինչև բաքվամետ լոբբիի ազդեցությունը, Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջնահերթությունը, տնտեսական կախվածությունը և Ալիևի վարչակարգի կողմից լարվածության կառավարման յուրահատուկ մոդելը, կարևոր դեր են խաղացել այդ մտածելակերպի և մոտեցման ձևավորման գործում:

Այս հետազոտության առանցքային եզրակացություններից մեկը հիմնարար ռազմավարական սխալ ճանաչումն էր այն իրողության, որ Իրանը հեռացել էր ԱդրՀ-ում ազգային ինքնության ձևավորման գործընթացներից: Չնայած Կովկասյան տարածաշրջանի հետ խորը մշակութային, նույնականացման, կրոնական և քաղաքակրթական կապերի առկայությանը, Իրանը ոչ միայն պարտվել է ԱդրՀ-ում ինքնության համար մղված մրցակցությանը, այլև, ըստ էության, չի մասնակցել դրան: Որպես հետևանք՝ ԱդրՀ-ն իր ազգային ինքնությունը ձևավորեց հակաիրանական պատումի հիման վրա՝ վերակողմնորոշվելով դեպի Թուրքիա և Իսրայել ու հեռանալով իրանական ինքնության ուղեծրից: Ինքնության այդ փոխակերպումն ապահովել է Թեհրանի դեմ Բաքվի ներկայիս թշնամական պահվածքի լեզվամտածողական և իմաստաբանական հիմքերը:

Ուշադրության է արժանի տարածաշրջանային իրականության և համակարգի ներսում դրա ընկալման միջև ճեղքվածք ձևավորելու գործում բաքվամետ լոբբիի դերը, սակայն այն չպետք է գերագնահատել։ Ազդեցության այդ խմբերը բնակչության շրջանում հեղինակություն չեն վայելում, իսկ ԻԻՀ պետական համակարգի հանդեպ բարեհաճության մակարդակն ադրբեջանաբնակ տարածաշրջաններում մնացել է նույնը, ինչպիսին որ Իրանի մյուս տարածաշրջաններում է: Այդ վայրերում էթնոցենտրիկ խոսույթի առաջմղման փորձը ձախողվեց, իսկ իրանական ադրբեջանցիների և Բաքվի վարչակարգի միջև քաղաքական համերաշխության մասին թեզն արմատապես սխալ է։ Այնուամենայնիվ, նշված լոբբին որոշակի ազդեցություն ունի վերնախավերի և որոշ պաշտոնատար անձանց շրջանում՝ պարբերաբար բարդացնելով որոշումների կայացման գործընթացը՝ խառնաշփոթ առաջացնելով։

Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ Իրանի «կարմիր գծերը» մնում են անսասան։ Թեհրանը ողջունում է զուտ տնտեսական և հաղորդակցական նախագծերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը, սակայն Իրանի ազգային անվտանգությանն սպառնացող ցանկացած գաղտնի աշխարհաքաղաքական սխեմա կհանդիպի Թեհրանի վճռական հակազդեցությանը: Այս հակասությունները դժվար թե հանգեցնեն ռազմական հակամարտության, քանի որ խոշոր տերություններն ու տարածաշրջանային երկրները գիտակցում են նման հակամարտության հետևանքները և նախընտրում են խուսափել լարվածության սրումից։

Այնուամենայնիվ, առկա տվյալները հստակ մատնանշում են իրանական վերնախավի շրջանում Բաքվի կողմից սպառնալիքի ընկալման աճի միտումը։ Ալի Աքբար Վելայաթիի նման պաշտոնյաների դիրքորոշման փոփոխությունը և Մանուչեհր Մոթաքիի նման գործիչների վճռական նախազգուշացումները նշանակում են աստիճանական, բայց իմաստալի կերպափոխում երկրի իշխող շրջանակների ներսում: Հաշվի առնելով Ադրբեջանում Իսրայելի և Միացյալ Թագավորության հարաճուն ազդեցությունը, Բաքվի հակաիրանական ուղեգծի շարունակությունն ու անցյալի դառը փորձը, կարելի է կանխատեսել, որ Բաքվի վարքագծում հիմնարար փոփոխությունների բացակայության պարագայում Իրանի պատասխան գործողություններն ապագայում կդառնան ավելի կոշտ և վճռական: Իրանի Իսլամական Հանրապետության պետական համակարգը ներկայումս լուրջ վերանայման է ենթարկում իր արտաքին քաղաքականությունը: Անցած ճգնաժամերի փորձը ցույց է տվել, որ հենց մարտահրավերները հատում են նրա ռազմավարական հանդուրժողականության շեմը, վարչակարգն անցնում է վճռական պատժիչ միջոցների։ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ լայնածավալ դիմակայությունում Իրանի վերջնական հաղթանակն զգալիորեն կամրապնդի նրա դիրքերը Կովկասում՝ փոխելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարումը հօգուտ Թեհրանի:

[1] Նյութի բնօրինակը (անգլ.) հրապարակվել է մեր կայքէջում 16.05.2026 թ.:

[2] Դոկտոր Էհսան Մովահեդիանը միջազգային հարաբերությունների գծով իրանցի հայտնի մասնագետ է, Թեհրանի Ալամե Թաբաթաբայի համալսարանի (ATU) դասախոս, որտեղ զբաղվում է Հարավային Կովկասի միջազգային քաղաքականության և աշխարհաքաղաքականության հարցերով: Նույն համալսարանում ստանալով միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան՝ նա լայնորեն մեջբերվում է և տարբեր միջազգային ԶԼՄ-ների կողմից հրավիրվում հարցազրույցների՝ տարածաշրջանային շարժընթացի, հատկապես ՀՀ, ԱդրՀ և ԻԻՀ վերաբերյալ խորը վերլուծության համար: Մովահեդիանը հանդես է գալիս հօգուտ տարածաշրջանում խաղաղության, ինքնիշխանության և հավասարակշռված համագործակցության: Նա քննադատում է խաղաղ բանակցություններում ԱդրՀ կողմից վերջնագրերի լեզվի կիրառումը՝ նախազգուշացնելով, որ արտաքին միջամտությունը կարող է Հարավային Կովկասը վերածել «մրցակցության աշխարհաքաղաքական հարթակի»: Բացի այդ, նա կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք Իրանի ազգային անվտանգությանը և մարտահրավեր տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությանը։

Պարսկերեն աղբյուրներ

  1. Afzali, Rasoul, Seyedi Asl, Seyed Mohammad, Mahmoudi, Abolghasem. “Explaining Iran-Azerbaijan Relations with a Constructivist Approach”, Central Eurasian Studies Quarterly, Vol. 7, No. 2, October 2014.
  2. Athaari, Seyed Asadollah, Rahmani, Fatemeh. “An Examination of Iran-Azerbaijan Relations; Challenges and Opportunities”,National Interest Studies Quarterly, Vol. 7, No. 30, Winter 2022.
  3. Danesh Nia, Farhad. “Alexander Wendt’s Constructivism: Refraining from the Theoretical Impases of International Relations and Achieving a Middle Ground”, Contemporary Political Essays, Vol. 6, No. 2, Summer 2015.
  4. Moshirzadeh, Homeira. (2009). “Identity and the Conceptual Domains of International Relations”, Politics Quarterly, Vol. 39, No. 4, pp. 251–269.
  5. Tabnak, “Azerbaijan TV: Tabriz, Urmia, Ardabil, Zanjan, and Khoy are Azerbaijani soil!” <https://www.tabnak.ir/fa/news/1283011>
  6. Hawzah News, “Head of the Islamic Union of African Students: 5,000 men and women imprisoned in the Republic of Azerbaijan for being Shia / Absolute ban on hijab and mourning for the Lord of Martyrs (AS) in Azerbaijan”, <https://www.hawzahnews.com/news/1153647>
  7. Tabnak, “Velayati: The so-called ‘Trump’ plan is no different from the Zangezur Corridor”, <https://www.tabnak.ir/fa/news/1346093>
  8. Entekhab, “Velayati, Advisor to the Leader of the Revolution: Iran, with or without Russia, will prevent the construction of the American corridor in the Caucasus / Is the South Caucasus a no-man’s land for Trump to rent? / We will not allow NATO to approach Iran’s northern borders”, <https://www.entekhab.ir/fa/news/879255>

Անգլերեն աղբյուրներ

  1. Dowsett, James. “Former German MP Gets Suspended Sentence for Azerbaijani Bribes”,https://www.occrp.org/en/news/former-german-mp-gets-suspended-sentence-for-azerbaijani-bribes>, January 23, 2026.
  2. Mehrnews. “Zangezur Corridor US project targeting Iran, Russia”, <https://en.mehrnews.com/news/234775/Zangezur-Corridor-US-project-targeting-Iran-Russia>, July 27, 2025.
  3. Mirror-Spectator. “Charges against a congressman Lay Bare foreign government influence attempt”, <https://mirrorspectator.com/2024/05/06/charges-against-a-congressman-lay-bare-foreign-government-influence-attempts/#single_discover>, May 6, 2024.
  4. OCCRP. “Former German MP Affirms Indictment Accusing Him of Taking Bribes from Azerbaijan”, <https://www.occrp.org/en/news/former-german-mp-affirms-indictment-accusing-him-of-taking-bribes-from-azerbaijan>, May 30, 2025.
  5. The International Affairs. “View from Tehran: Zangezur corridor a U.S. project targeting Iran, Russia”, <https://en.interaffairs.ru/article/view-from-tehran-zangezur-corridor-a-u-s-project-targeting-iran-russia>, August 11, 2025.
  6. Note: The names of the Iranian experts with whom interviews of 40 to 90 minutes were conducted are kept confidential at their request and are not publicly listed in this article.