Մեկնաբանություններ

Իրանի դեմ ռազմական հակամարտության 5 կետերի շուրջ

1 դիտում

Փորձագետի մեկնաբանություն, 14.05.2026 թ.[1]

Արեստակես Ս Սիմավորյան[2]

ԻԻՀ նկատմամբ սանձազերծված պատերազմը պարզապես Իրան–Իսրայել կամ Իրան–ԱՄՆ հերթական ռազմական բախում չէ, ինչպես ենթադրում են բազմաթիվ փորձագետներ։ Իրականում տեղի է ունենում բազմատարր և բազմաբևեռ պատերազմ Թեհրանի դեմ, որը միաժամանակ տարածաշրջանային համակարգի, գաղափարախոսության և աշխարհաքաղաքական հանգույցի մաս է կազմում։ Այս համատեքստում Վաշինգտոնի և Թել Ավիվի նպատակները, կարծես, ամբողջությամբ նույնական չեն. որոշ դեպքերում դրանք համընկնում են, սակայն ունեն տարբեր ռազմավարական խորություններ և հեռանկարներ։ Իսրայելի առաջնային նպատակը սեփական անվտանգության երկարաժամկետ երաշխավորումն ու տարածաշրջանում գերիշխանության հաստատումն է, մինչդեռ ԱՄՆ-ի համար ԻԻՀ-ն այս պատերազմում դիտվում է որպես համաշխարհային ուժային վերաձևավորման նախագծի կարևոր հանգույց։

Այս ռազմական հակամարտության ամենատեսանելի՝ առաջին կետը վերաբերում է նախևառաջ անվտանգության և հեգեմոնիայի հարցերին։ Ինչպես հայտնի է, Իսրայելը տասնամյակներ շարունակ համարել է, որ իր երկիրը «մշտական սպառնալիքի ներքո գտնվող պետություն է», որի անվտանգությունը երկար ժամանակ կախված է եղել արտաքին հովանավորությունից։ Այժմ, սակայն, ինչպես տեսնում ենք, որոշ արտաքին ուժեր, և առաջին հերթին ԱՄՆ-ը, ձգտում են Իսրայելին դարձնել ողջ Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետության առանցքային դերակատար։ Այդ տրամաբանության մեջ են տեղավորվում թե՛ Իսրայելի որակական ռազմական գերազանցությունը, թե՛ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության միասնական համակարգի՝ MEAD-ի կառուցման գաղափարը, ինչպես նաև Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնումն ու Պարսից ծոցի անվտանգության նոր համակարգի ձևավորումը[3]։

Այս հակամարտության ամենախորքային՝ երկրորդ նպատակը ուղղված է Իրանի ներքայքայման փորձերին։ Եթե ուշադիր հետևենք արևմտյան մամուլի հրապարակումներին և պաշտոնական հռետորաբանությանը, ապա նախապատերազմյան շրջանում անընդհատ շեշտադրվում էր ամեն գնով կասեցնել կամ իսպառ վերացնել Իրանի «միջուկային ծրագիրը»։ Տեղեկատվական մանիպուլյացիան կայանում էր նրանում, որ գրեթե երբեք չէր ընդգծվում «խաղաղ միջուկային ծրագիրը», և գլոբալ հանրության մոտ ստեղծվում էր տպավորություն, թե խոսքը վերաբերում է «ռազմական միջուկային ծրագրի» ոչնչացմանը։ Խորքային առումով ԱՄՆ–Իսրայել երկյակը թիրախավորել էր Իրանին՝ նպատակ ունենալով կազմալուծել նրա «իսլամական հեղափոխական ինքնությունը» և «Դիմադրության առանցքի» գաղափարախոսական հիմքերը։ Հետևաբար, այդ հիմքերը խարխլելու համար հարվածի տակ հայտնվեցին ոչ միայն ռազմական-ռազմավարական օբյեկտները, այլև քաղաքական ու կրոնական վերնախավերը, ինչպես նաև իշխանության միջուկը կազմող Հեղափոխության պահապանների կորպուսը, նրա կազմում գործող հետախուզական «Ղոդսի» ուժերը, «Բասիջ» կամավորական աշխարհազորային ջոկատները և Իրանի ազդեցության ցանցերը՝ «Հեզբոլլահից» մինչև շիա զինված խմբավորումներ Իրաքում ու Եմենում։ Փաստացի, Իրանը բոլոր կողմերից ենթարկվում է համակարգային ճնշման։

Սակայն սա կարելի է համարել պատերազմի ամենաանորոշ կողմերից մեկը։ ԱՄՆ–Իսրայել տանդեմը ռազմական գործողություններով նպատակ ուներ ոչ միայն Իրանի ռազմաքաղաքական վերնախավի «գլխատման», այլև իրանական հանրությանը սեփական իշխանությունների դեմ դուրս բերելու։ Հակառակորդ ուժերը, հավանաբար, կարծում էին, որ Իրանում 2025 թ. դեկտեմբերի վերջին և մինչև 2026 թ. հունվարի կեսերին շարունակվող զանգվածային բողոքի ցույցերը հարձակումների ֆոնին կարող էին վերստին բռնկվել։ Սակայն, ինչպես ցույց տվեց փորձը, արտաքին ճնշումը միշտ չէ, որ սպասված արդյունք է տալիս. առնվազն այս պահին նման զարգացումների նշույլ անգամ չի նկատվում։ Զարմանալի է, որ այդ ուժերը հաշվի չէին առել այն հանգամանքը, որ 1979 թվականից ի վեր Իրանի քաղաքական մշակույթում «պաշարված ամրոցի» հոգեբանությունը խոր արմատներ է գցել։ Արդյունքում ռազմական ճնշումը ոչ թե արագացրեց վարչակարգի փլուզումը, այլև ուժեղացրեց դրա դիմադրողականությունը։ Ավելին՝ այն հակառակ ազդեցություն ունեցավ՝ բախվելով հանրային համախմբման և գոյաբանական դիմադրության պատին։ Այս համատեքստում հեղինակիս համար գլխավոր անպատասխան հարցն այն է, թե արդյո՞ք Իրանը ներկայիս քաղաքական կառուցվածքով շարունակում է մնալ անձեռնմխելի համակարգ, թե արդեն մտել է այնպիսի ներքին ճաքերի փուլ, որը մեզ համար դեռևս անտեսանելի է։

Հաջորդ՝ հակամարտության երրորդ կետը վերաբերում է տարածաշրջանի նոր ճարտարապետության ձևավորման փորձերին։ Նկատելի է, որ Մերձավոր Արևելքում կառուցվում է ուժերի հավասարակշռության այնպիսի համակարգ, որտեղ արաբական միապետությունները աստիճանաբար ինտեգրվում են Իսրայելի անվտանգության տրամաբանության մեջ։ Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի Թուրքիայի գործոնը. նրա քաղաքական վերնախավը համոզված է, որ Անկարան տարածաշրջանի միակ խոշոր խաղացողն է, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, միաժամանակ վարում է հավասարակշռված քաղաքականություն Ռուսաստանի հետ, սահմանակցում է Իրանին, ունի տնտեսական խորը հարաբերություններ Պարսից ծոցի երկրների հետ և ներգրավված է չինական տնտեսական նախագծերում։ Ներկայիս պատերազմը փորձ է նաև հասկանալու՝ արդյո՞ք Թուրքիան կկարողանա պահպանել իր «ռազմավարական ինքնավարությունը»։ Իրականում, ինչպես եզրակացնում են բազմաթիվ փորձագետներ, Անկարան կանգնած է չափազանց բարդ ընտրության առջև. քաղաքական իմաստով Իրանի հետ չափազանց մերձենալը կհանգեցնի արևմտյան և արաբական ճնշումների աճին, իսկ «իսրայելակենտրոն» անվտանգության համակարգին ինտեգրվելը կվտանգի նրա՝ ինքնուրույն բևեռ լինելու հավակնությունները։

Մյուս կարևոր՝ հակամարտության չորրորդ կետը, ծովային և էներգետիկ վերահսկողության հարցն է։ Գաղտնիք չէ, որ Հորմուզի նեղուցը և Կարմիր ծովի երթուղիները համաշխարհային էներգետիկ համակարգի հիմնական զարկերակներն են։ Այդ պատճառով Իրանի դեմ կիրառվող ճնշումները անդրադառնում են նաև ՉԺՀ-ի էներգետիկ անվտանգության վրա. Իրանը ոչ միայն վառելիքա-էներգետիկ հումքի աղբյուր է, այլև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի կարևոր հանգույցներից։ Հետևաբար, Թեհրանի շուրջ ցանկացած անկայուն միջավայրի ստեղծումը ակամայից վերածվում է Պեկինի նկատմամբ ռազմավարական ճնշման մեխանիզմի։

Այսպիսով, Իրանի շուրջ հակամարտությունը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի սահմաններից՝ վերածվելով համաշխարհային մրցակցության բաղադրիչի։ Բացի այդ, այս գործողությունները պետք է դիտարկվեն որպես ազդակ Պեկինի և Մոսկվայի համար, քանի որ ԱՄՆ-ը ձգտում է վերահաստատել իր ուժի գլոբալ պրոյեկցիան՝ ցույց տալով, որ դեռևս ունակ է վերահսկելու հիմնական աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական միջանցքները։ Վերջինիս պարագայում՝ հաշվի առնելով էներգակիրների գների կտրուկ տատանումները, ԱՄՆ պայքարի թիրախում են հայտնվել India-Middle East-Europe Economic Corridor (IMEC) և International North-South Transport Corridor (INSTC) նախագծերը։ Կարճ ասած, Ասիան, ինչպես նաև ընդհանրապես Եվրասիական ու Միջերկրածովյան տարածաշրջանները, մեծ տերությունների ապագա գլոբալ մրցակցության առանցքում են, որի հետևանքով հնարավոր է ձևավորվեն միմյանց քաղաքականությանը հակադրվող իրատեսական բևեռներ՝ ռազմաքաղաքական դաշինքների տեսքով։

Վերջապես, անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող հակամարտության վերջին՝ հինգերորդ կետին, ինչպես նշվել էր նախորդ հոդվածում, այն պայմանավորված է նաև ներքաղաքական շարժառիթներով[4]։ Դա վերաբերում է թե՛ Իսրայելին, թե՛ ԱՄՆ-ին։ Միջազգային փորձագիտական հանրությունը ևս կարծում է, որ պատերազմը կապված է Իսրայելի ներքաղաքական ճգնաժամերի կառավարման, Բ. Նեթանյահուի քաղաքական ապագայի և հասարակության համախմբման փորձերի հետ։ ԱՄՆ-ում այն առնչվում է աղմկահարույց «Էփշտեյնի գործից» միջազգային հասարակությանը շեղելուն և ուժային արտաքին քաղաքականություն վարելու շուրջ կոնսենսուսի վերարտադրմանը։ Իհարկե, սա որոշակիորեն ազդեցություն է թողնում նաև Իրանի վրա՝ հատկապես իշխանական խմբավորումների միջև հավասարակշռության տեսանկյունից։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ անկախ նրանից, թե ինչ աշխարհաքաղաքական համակարգ են փորձում պարտադրել գլոբալ ուժային կենտրոնները մյուսներին, առաջիկա տասնամյակում աշխարհը կանգնելու է անվերահսկելի ռիսկերով լի իրականության առաջ։ Հակամարտող ուժերի կողմից ժամանակակից տեխնոլոգիաներով և արհեստական բանականությամբ կառավարվող զինատեսակների պատերազմական իրավիճակներում մասսայական փորձարկումն ու կիրառումը կարծես սպասվող համաշխարհային «Մեծ պատերազմի» նախերգանքն է։

[1] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2026 թ. մայիսի 10-ին:

[2] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[3] COL. (RES) Ryan Gity. Israel secures status as ‘security brain of the Middle East’ amid new defense alliances – opinion․ The Jerusalem Post. https://www.jpost.com/defense-and-tech/article-873440

[4] Ա․ Սիմավորյան, Թուրք-իսրայելական հարաբերությունները տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո, ԱՌՎԱԿ – Հայկական վերլուծական կենտրոն, 14․04․2026,  https://arvak.am/թուրք-իսրայելական-հարաբերություններ/