Հրապարակում
Ընտրություններ առանց ընտրության. ինչո՞ւ 2026-ի քարոզարշավը Հայաստանում կդառնա վախի հանրաքվե

Փորձագետի տեսակետ
Ընտրություններ առանց ընտրության. ինչո՞ւ 2026-ի ընտրարշավը Հայաստանում կդառնա վախի հանրաքվե[1]
Նորայր Ա. Դունամալյան[2]
Ներածություն
Հարաբերական դեպրիվացիայի (զրկանքի) հայեցակարգը, որը մշակել են ամերիկացի հետազոտողներ Թ. Հարրը և Ջ. Դևիսը, քաղաքական վարքագիծը բացատրում է հասարակության սպասումների և նրա իրական հնարավորությունների միջև եղած խզվածքի միջոցով: Որքան ուժեղ է այն զգացողությունը, որ «հարկ եղածը» և «իրականը» տարբերվում են իրարից, այնքան բարձր է կոլեկտիվ հիասթափության մակարդակը: Սակայն հետպատերազմյան հասարակություններում նման հիասթափությունը միշտ չէ, որ հանգեցնում է բողոքի մոբիլիզացման։ Տրավմայի որոշակի շեմն անցնելուց հետո այն կարող է հակառակ ազդեցություն ունենալ՝ փոփոխությունների վախ, քաղաքական ապատիա և նույնիսկ անբավարար ստատուս քվոն պահպանելու ցանկություն։
Սույն մեկնաբանությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դիտարկում է հենց այդ հայեցակարգի շրջանակներում։
Հակավարկանիշներից մինչև զրկանքների քարոզչություն
Հայաստանում 2021 թ. խորհրդարանական ընտրությունները պատմության մեջ մտան որպես հակավարկանիշների մրցավազք։ Հասարակությունը քվեարկում էր ոչ այնքան քաղաքական ապագայի օգտին, որքան անցյալի վերադարձի դեմ։ 2020-ի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի հաղթանակը միայն առաջին հայացքից էր տարօրինակ թվում. ընտրողը տրավմատիկ ներկայի պահպանումը գերադասեց հին համակարգի վերականգնման ռիսկից (ՔՊ-ն՝ 53,9%, «Հայաստան» դաշինք՝ 21,0%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,2%)։ Դա զգացմունքային, բայց միանգամայն հասկանալի տրամաբանություն էր «չարյաց փոքրագույնը» ընտրելու համատեքստում։
2026 թ. ընտրությունների քաղաքական բնույթը որակապես փոխվել է։ Եթե 2021 թ. ընտրազանգվածի հավաքագրման առանցքային մեխանիզմը քաղաքական վերնախավերի փոխադարձ հակավարկանիշն էր, ապա այսօր Հայաստանը նոր ընտրական փուլ է մտնում խորը գոյութենական դեպրիվացիայի՝ անվտանգության բազային ակնկալիքի և իրականության միջև խզվածքի վիճակում, որի մեջ վերջնականապես կորսվել է այդ անվտանգությունը։ Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տարածք չէր, այն ազգային պատումի մաս էր կազմում։ Երբ զրկանքի հռետորաբանությունը դիմում է հավաքական ինքնության հենց այս շերտին, այն պառակտում է հասարակությունը ոչ թե քաղաքական, այլ գոյութենական սահմանագծերով։ Նման պառակտումները չեն բուժվում կառավարության փոփոխությամբ, դրանք վերարտադրվում են սերնդեսերունդ։
Հայկական քաղաքականության գլխավոր պարադոքսն այն է, որ տնտեսական ցուցանիշները դադարել են լինել իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր։ ՀՆԱ-ի աճի և մակրոտնտեսական կայունացման համապատկերում հանրային դժգոհությունը ոչ թե նվազում է, այլ, ընդհակառակը, քրոնիկ բնույթ է ստանում (Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թ.՝ 7,2%, երկրի ընդհանուր քաղաքականությունից դժգոհության մակարդակը՝ ըստ IRI Global-ի, մոտ 50%)։ 2023 թ. իրադարձություններից հետո հայ հասարակությունն անվտանգության ապահովումն ընկալում է ոչ թե որպես պետության վերացական գործառույթ, այլ որպես հավաքական գոյության հիմնարար հիմք։ Երբ այս հիմքը քանդվում է, տնտեսական աճը չի փոխհատուցում կորուստները։ Այն միայն ուժեղացնում է պաշտոնական վիճակագրության և հասարակության ներքին վիճակի միջև անհամամապատասխանելիության զգացումը:
Իշխանությունն իր «խաղաղության օրակարգի» միջոցով փաստացի սեփական հայեցողությամբ է ձևավորում և՛ հանրային սպասումները, և՛ իրականությունը՝ կառուցելով զրկանքի թեզը «եթե մենք չլինենք՝ պատերազմ կլինի» սկզբունքի վրա: Նմանատիպ տրամաբանություն է նկատվում նաև «խաղաղության օրակարգի» մասին հռետորաբանության մեջ, որտեղ «փոխզիջումներին» ցանկացած դիմադրություն ներկայացվում է որպես նոր պատերազմի, միջազգային մեկուսացման կամ տնտեսական կոլապսի սպառնալիք։ Փաստորեն, քաղաքացուն առաջարկվում է ընտրություն ոչ թե ապագայի այլընտրանքային մոդելների, այլ «վատ ներկայի» և «աղետի» միջև։
Այնուամենայնիվ, «զրկանքի քարոզչությունն» օգտագործվում է ոչ միայն իշխանության կողմից։ Ընդդիմադիր ուժերը նույնպես դիմում են կորստի վախին, բայց արդեն այլ ձևով։ Համակարգված կերպով հանրային տարածք են ներմուծվում «պետականության կորստի», «Հայաստանի թրքացման», «ինքնիշխանության հանձնման», «բանակի կազմաքանդման» կամ «Ռուսաստանի հետ վերջնական խզման» մասին թեզերը։ Արդյունքում երկու կողմերն էլ ուժերի մոբիլիզացում են իրականացնում ոչ թե ապագայի դրական պատկերի, այլ անդառնալի կորստի վտանգի շուրջ։
Այսպիսով, հայաստանյան քաղաքական համակարգը ծրագրերի մրցակցությունից անցնում է «զրկանքների ու վախերի մրցակցության». յուրաքանչյուր կողմ փորձում է համոզել հասարակությանը, որ հենց իր պարտվելու դեպքում երկիրը կկրի ամենացավոտ ու անդառնալի կորուստները:
Պատերազմի վտանգը հունիսի 7-ի նախաշեմին հասարակության մեջ բազմապատիկ ուժգնությամբ է արձագանքում, քանի որ սպասումներն և առկա իրականությունը դեռ հեռու են իրարից: Չնայած 2025 թ. օգոստոսի 8-ի վաշինգտոնյան պայմանավորվածություններին, Ադրբեջանի հետ տնտեսական կապերի զարգացմանը և ընդհանուր հաշտվողական հռետորաբանությանը՝ կայուն երաշխիքների վրա հիմնված իրական ու արժանապատիվ խաղաղություն այդպես գոյություն չունի: Եվ հենց անվտանգային երաշխիքների այս վակուումում էլ արմատավորվում է «զրկանքի քարոզչությունը»:
Որպես արդյունք՝ Հայաստանում ձևավորվում է «բացասական կայունության» մոդել։ Դրա էությունն այն է, որ քաղաքացիները կարող են խորապես դժգոհ լինել իշխանությունից, բայց միաժամանակ ցանկացած արմատական փոփոխությունից ավելի ուժեղ վախենալ, քան ներկա քաղաքական ընթացքի շարունակությունից։ Սա այն հիմնական գործոնն է, որով 2026 թվականի իրավիճակը տարբերվում է 2021-ից. այն ժամանակ հասարակության մեջ դեռ կար քաղաքական համակարգի առողջացման ու վերագործարկման հույսի նշույլ: Այսօր արդեն առաջնային պլան է մղվել համատարած հոգնածությունը մշտական լարվածությունից, ճգնաժամերից և պատմական անորոշության զգացումից:
Նախընտրական ուժերի համախմբման երկու տեխնոլոգիա՝ «զրկանքի քարոզչություն» և պառակտում
Խաղաղության, զարգացման կամ կայունության կորստի վրա շեշտադրումը խորացնում է հասարակության ներքին ջրբաժանը՝ ձևավորելով քաղաքական հարաբերությունների յուրահատուկ, տոքսիկ մոդել: Հայաստանում ստեղծվում է մի իրավիճակ, երբ ներկայիս կամ պատմական օրակարգի հիման վրա հասարակության համախմբումը գրեթե անհնար է, իսկ միավորման կոչերն անխուսափելիորեն վերածվում են այլախոհների որոշակի խմբերի «դուրս մղման»։ Եթե իշխանությունը զրկանքը օգտագործում է որպես գործիք, ապա ընդդիմությունը ստանում է իշխանության դեմ այն օգտագործելու հայելային իրավունք։ Հասարակությունն իր խնդիրներն սկսում է բացատրել ոչ թե հանգամանքներով, այլ թշնամիներով՝ արտաքին կամ ներքին։ Դա ցեղայնացման (տրայբալիզմի) դասական մեխանիզմ է, երբ հանրությունը տրոհվում է փակ, միմյանց թշնամաբար վերաբերվող և երկխոսության անընդունակ խմբերի:
Ըստ ամենայնի, ՀՀ գործող վարչապետ Ն. Փաշինյանը փորձում է օգուտ քաղել հասարակության մեջ առկա պառակտումից՝ կենտրոնանալով իրեն կայուն սատարելու պատրաստ ընտրազանգվածի 15-20%-ի վրա: Ընտրություններից առաջ օգտագործվում է նույն տեխնոլոգիան, ինչ 2021 թվականին. քաղաքական դաշտը արհեստականորեն հեղեղվում է նորանոր կեղծ օրակարգերով ու կոնֆլիկտներով, որպեսզի ընդդիմադիր կամ դժգոհ զանգվածի մի զգալի մասը հիասթափվի և պարզապես չգնա ընտրությունների: Քաղաքականության պարզունակացումը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում թիրախավորել ցանկացած լսարան՝ արցախցի փախստականներ, փոքր բիզնեսի ներկայացուցիչներ, երիտասարդներ, Սփյուռքի հայ համայնքներ։ Հատկանշական է Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չպետք է մտնեն խորհրդարան. սա սեփական կամքով թույլատրելի ընդդիմության սահմանները գծելու փորձ է՝ դեռևս մինչև քվեների փաստացի հաշվարկը:
Մյուս կողմից, «զրկանքի քարոզչությունը» դառնում է նոր գործիք՝ ներգրավելու այն խմբերին, որոնք իշխանության կողմնակից չեն, բայց փաստորեն կողմ են արդեն հիշատակված «բացասական կայունությանը»: Հարցումների տվյալներով՝ ընտրողների մոտ 40%-ը պահպանում է «չկողմնորոշվածի» կարգավիճակը. հենց նրանց որոշումից է կախված հունիսի 7-ի վերջնական արդյունքը: Խնդիրը, սակայն, այն է, որ հանրային պառակտման և «զրկանքի քարոզչության» համադրումը հանգեցնում է ընդհանուր ապագայի տեսլականի փլուզմանը։ Մշտական կենտրոնացումը վատթարագույն սցենարները կանխելու վրա ոչ մի զարգացման հեռանկար չի առաջարկում, այլ միայն խոստանում է «թույլ չտալ էլ ավելի վատը»: Նման մթնոլորտում հասարակական կոնսենսուսը դառնում է անհասանելի, քանի որ տարբեր խմբեր չեն կարողանում համաձայնության գալ անգամ այն հարցի շուրջ, թե հատկապես ինչ է կորսված և ով է դրա գլխավոր պատասխանատուն:
Այս համապատկերում խորանում է ընդդիմադիր դաշտի մասնատումը։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար 4%-անոց և դաշինքների համար 8%-անոց ձայների նվազագույն շեմով համամասնական համակարգը խթանում է մրցակցությունը բողոքական ընտրազանգվածի նեղ հատվածների համար։ Նման մոդելում առանձին առաջնորդների համար հաճախ ավելի ձեռնտու է պահպանել սեփական 4-10%-ը և ներկայությունը խորհրդարանում, քան ռիսկի դիմել մեկ ուժի կենտրոնի շուրջ միավորվելու համար։ Արդյունքում հանրային դժգոհությունը փոշիանում է մի քանի բևեռների միջև և չի վերածվում իշխանության միասնական այլընտրանքի։
Այս համապատկերում ուժեղանում է նաև արտաքին ճնշումը։ Տնտեսական կախվածությունը, լոգիստիկ խոցելիությունը և արտաքին քաղաքական խուսավարման սահմանափակությունը ներքաղաքական ճգնաժամը վերածում են աշխարհաքաղաքական ազդեցության գործիքի։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի ցանկացած վատթարացում հանրության շրջանում անմիջապես ծնում է արտաքին «փրկչի» կամ «կայունացնողի» պահանջ: Սակայն հայ հասարակությունը 2022–2023 թթ. հետո միատարր չէ արտաքին խաղացողների ընկալման հարցերում. դրսից եկող ճնշումը մի կողմից առաջացնում է հին դաշնակցային կապերը վերականգնելու ցանկություն, մյուս կողմից՝ էլ ավելի է մեծացնում դրանցից վերջնականապես դիստանցավորվելու ձգտումը:
Եզրակացության փոխարեն
2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները սպառնում են դառնալ ոչ թե ապագայի այլընտրանքային նախագծերի պայքար, այլ հանրային հոգնածության արձանագրման մեխանիզմ։ Եթե 2021-ի ընտրությունները փորձ էին որոշելու, թե ո՞վ կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից, ապա 2026-ի ընտրավազքն առավելապես վախի թույլատրելի մակարդակի հանրաքվե է հիշեցնում։
Նմանատիպ համակարգերում հաղթում է ոչ թե նա, ով հույս է ներշնչում, այլ նա, ով կարողանում է ավելի հմտորեն կառավարել հասարակության ներքին տագնապները: Հայ հասարակությունն այս ընտրական փուլ է մտնում հետխորհրդային ողջ պատմության ընթացքում հավաքական տրավմայի ամենաբարձր մակարդակով։ Զրկանքի ու վախերի հռետորաբանությունը՝ լինի դա պատերազմի, լիակատար մեկուսացման, թե պատմական կորստի սարսափը, դարձել է հայկական քաղաքականության հիմնական հենասյունը:
Այս համապատկերում Հայաստանում Եվրոպական աննախադեպ ներկայությունը՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից մինչև ԵՄ-ի հետ երկխոսության խորացում, դեռևս չի փոխում ներքին քաղաքականության հիմնարար տրամաբանությունը: Եվրոպական ինտեգրումը նույնպես սկսում է ընդգրկվել դեպրիվացիոն մոբիլիզացման համակարգում. հանրությանը մատուցվում է ոչ թե ապագայի հստակ ու դրական հեռանկար, այլ «եվրոպական պատմական շանսը» բաց թողնելու կամ, ընդհակառակը, սեփական ռազմավարական ինքնուրույնությունը վերջնականապես կորցնելու վախը:
Ռուսաստանի վարքագիծն այս համատեքստում նույնպես ակամայից նպաստում է գոյություն ունեցող քաղաքական կառուցվածքի վերարտադրմանը։ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցի կոշտ ձևակերպումն առարկայորեն սաստկացնում է ներհայաստանյան բևեռացումը և լրացուցիչ հող է ստեղծում «արտաքին միջամտության» դեմ ուժերի մոբիլիզացման համար: Հեռանկարում հենց այստեղ կարող է ի հայտ գալ «մոլդովական սցենարը»՝ եվրաինտեգրման ներառումը նոր սահմանադրական շրջանակում՝ որպես պետության քաղաքական ինքնությունը վերասահմանելու լրացուցիչ միջոց։
Հենց դա է Հայաստանում 2026 թ. ընտրությունները դարձնում ոչ թե պարզապես ընտրական փուլ, այլ հետպատերազմական հասարակության՝ քաղաքական տրավմայից դուրս գալու կարողության թեստ։ Գլխավոր հարցն արդեն ոչ միայն այն է, թե ով կհաղթի ընտրություններում, այլ այն, թե արդյո՞ք հայ քաղաքական դասը կկարողանա հասարակության հետ կրկին խոսել ապագայի, այլ ոչ թե վախի լեզվով:
[1] Հեղինակի թարգմանություն: Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 22.05.2026 թ.:
[2] Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ: Հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատությունների և հոդվածների: