ՀՀ, Արցախ, Սփյուռք, Սահմանակից երկրներ

Թուրքական սերիալները որպես փափուկ ուժի գործիք Հայաստանում. ազդեցության մեխանիզմներ և ռիսկեր

0 դիտում

Turkish TV series as a tool of soft power in Armenia: mechanisms of ınfluence and risks

Krtikashyan M. G.

Abstract

This article examines Turkish television series as an important instrument of Turkey’s soft power policy in Armenia. It analyzes the mechanisms of dissemination of Turkish TV series, the social, cultural and historical narratives they promote, and their influence on Armenian audiences. The study explores the popularity of Turkish television series in Armenia and their impact on public perceptions, cultural preferences and historical memory. The research is based on academic literature, media sources and the results of a survey conducted by the author. The findings suggest that Turkish television series function not only as entertainment products but also as instruments of cultural influence, shaping perceptions of Turkey, its culture and its history.

Турецкие сериалы как инструмент мягкой силы в Армении: механизмы влияния и риски

Кртикашян М. Г.

Аннотация

В статье рассматриваются турецкие телесериалы как важный инструмент политики «мягкой силы» Турции в Армении. Анализируются механизмы распространения турецких сериалов, транслируемые ими социальные, культурные и исторические нарративы, а также их влияние на армянскую аудиторию. Исследование посвящено популярности турецких телесериалов в Армении и их воздействию на общественные представления, культурные предпочтения и историческую память. Работа основана на анализе научной литературы, материалов СМИ и результатах опроса, проведенного автором. Результаты исследования показывают, что турецкие телесериалы выступают не только как развлекательный продукт, но и как инструмент культурного влияния, формирующий представления о Турции, её культуре и истории.

Մարգարիտա Գ. Կրտիկաշյան[1]

Թուրքական սերիալները որպես փափուկ ուժի գործիք Հայաստանում. ազդեցության մեխանիզմներ և ռիսկեր[2]

Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստը և թուրքական «փափուկ ուժի» քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունները ժամանակակից տարածաշրջանային քաղաքականության առավել բարդ և զգայուն ուղղություններից են։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանը, պատմական հիշողության խնդիրը և տարածաշրջանային հակասությունները շարունակում են ձևավորել քաղաքական և հասարակական հարաբերությունների ընդհանուր միջավայրը։ Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների առանցքային գործոններից մեկը՝ ազդելով հասարակական ընկալումների և փոխադարձ անվստահության ձևավորման վրա։

1991 թվականին ՀՀ անկախացումից հետո Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն հրաժարվեց հաստատել լիարժեք դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թ. Թուրքիան փակեց ՀՀ հետ սահմանը՝ այն կապելով Ղարաբաղյան հակամարտության հետ։ Այդ պահից սկսած՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորվեցին քաղաքական լարվածության և փոխադարձ անվստահության պայմաններում։ 2008–2009 թթ. «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան արձանագրությունները հարաբերությունների կարգավորման հնարավորություն ստեղծեցին, սակայն գործընթացը հետագայում ձախողվեց։

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային քաղաքական իրավիճակը զգալիորեն փոխվեց։ Թուրքիայի բացահայտ քաղաքական և ռազմական աջակցությունը Ադրբեջանին խորացրեց Հայաստանի հասարակության անվտանգության հետ կապված մտահոգությունները և Անկարայի նկատմամբ անվստահությունը։ Միաժամանակ, հետպատերազմյան շրջանում ակտիվացան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները։ 2021 թ. սկսված հատուկ ներկայացուցիչների ձևաչափով բանակցությունները, սահմանային անցակետերի և հաղորդակցությունների վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական շփումների ակտիվացումը նոր քաղաքական միջավայր ձևավորեցին[3]։

Ըստ թուրքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանի կարելի է խուսափել «հարաբերություններ» բառից, որովհետև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ չեն եղել։ Ավելի ճիշտ է խոսել 35 տարվա երկխոսության մասին, որը կարելի է անվանել նաև նախապայմանների պատմություն[4]։

Սակայն, նույնիսկ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների և քաղաքական շփումների աճի պայմաններում հասարակական մակարդակում շարունակում են պահպանվել զգուշավորությունն ու անվստահությունը։ Այս պայմաններում մշակութային և տեղեկատվական ազդեցության գործիքները ստանում են առանձնահատուկ կարևորություն։

21-րդ դարում միջազգային հարաբերություններում աճել է մշակութային և տեղեկատվական ազդեցության նշանակությունը։ Եթե նախկինում պետությունների ազդեցության հիմնական գործիքները ռազմական և տնտեսական մեխանիզմներն էին, ապա ժամանակակից աշխարհում առավել մեծ դեր են ստանում մեդիան, մշակույթը և տեղեկատվական հարթակները։ Այս համատեքստում կարևոր է «փափուկ ուժի» (“soft power») հայեցակարգը, որը ձևակերպվել է Ջոզեֆ Նայի (Joseph Nye) կողմից։ Ըստ Նայի՝ պետությունները կարող են հասնել ցանկալի արդյունքների ոչ միայն հարկադրանքի, այլ նաև մշակութային գրավչության և արժեքային ազդեցության միջոցով[5]։

Վերջին երկու տասնամյակներում Թուրքիան ակտիվորեն զարգացրել է իր մշակութային ազդեցության գործիքակազմը։ Թուրք հետազոտող և լրագրող Ս. Քորուջուն նշում է 2002 թվականից Թուրքիայում անդադար իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության ընդգծված հետաքրքրությունը սերիալների, հատկապես՝ պատմական նախագծերի նկատմամբ, և փաստում, որ սա բնականաբար հատկապես կարևոր գործոն է քարոզչության տիրույթում[6]։ Հեռուստասերիալները, լայն տարածում են ստացել ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև հետխորհրդային տարածքում։

Թուրքական հեռուստասերիալները վերջին տարիներին դարձել են Թուրքիայի մշակութային ներկայության առավել տեսանելի բաղադրիչներից մեկը։ Հետազոտողները նշում են, որ դրանք նպաստում են երկրի դրական իմիջի ձևավորմանը, ինչպես նաև տարածում են մշակութային և սոցիալական որոշակի մոդելներ[7]։ Թուրքական սերիալների տարածումը զգալիորեն արագացել է թվային հարթակների, հոսքային ծառայությունների և սոցիալական ցանցերի զարգացման պայմաններում։ Եթե նախկինում դրանց հիմնական տարածման միջոցը հեռուստատեսությունն էր, ապա այսօր թուրքական սերիալները լայնորեն դիտվում են YouTube, TikTok, Netflix և այլ առցանց հարթակներում։

Հատկանշական է, որ թուրքական սերիալների ազդեցությունը նկատելի է նաև Ռուսաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում, որտեղ դրանք հասանելի են միաժամանակ և ձևավորում են ընդհանուր մեդիա սպառման որոշակի տարածք։ Այս գործընթացը կարևոր է հատկապես Հարավային Կովկասի տեղեկատվական միջավայրի տեսանկյունից, որտեղ մշակութային արտադրանքն առավելապես տարածաշրջանային ազդեցության գործիքի դեր է ստանում։

ՀՀ դեպքում թուրքական սերիալների տարածումը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն՝ պայմանավորված հայ-թուրքական հարաբերությունների պատմական և քաղաքական համատեքստով։ Մի կողմից՝ հայ հասարակության զգալի հատվածի մոտ պահպանվում է Թուրքիայի նկատմամբ զգուշավոր վերաբերմունք, մյուս կողմից՝ թուրքական սերիալները շարունակում են լայն տարածում ունենալ հայկական լսարանի շրջանում, հատկապես՝ երիտասարդության և սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։

Այս պայմաններում թուրքական հեռուստասերիալները կարելի է դիտարկել ոչ միայն որպես ժամանցային արտադրանք, այլ նաև որպես մշակութային և տեղեկատվական ազդեցության գործիք, որը կարող է նպաստել որոշակի խոսույթների, սոցիալական պատկերացումների և արժեքային մոդելների տարածմանը հայկական մեդիա միջավայրում։

Թուրքական սերիալների տարածման մեխանիզմները տարածաշրջանում և Հայաստան մուտքի ուղիները

Թուրքական հեռուստասերիալների ակտիվ տարածումը հետխորհրդային տեղեկատվական տարածքում սկսվեց հատկապես 2000-ական թվականներից և առավել լայն ծավալ ստացավ 2010-ականներին։ Եթե խորհրդային տարիներին ընդհանուր մշակութային և տեղեկատվական դաշտը հիմնականում ձևավորվում էր ռուսական հեռուստատեսության միջոցով, ապա հետխորհրդային շրջանում այդ միջավայրում սկսեցին աստիճանաբար հայտնվել նաև թուրքական մշակութային արտադրանքները։

ՌԴ-ում թուրքական սերիալների տարածումը սկսվել էր դեռևս խորհրդային շրջանի վերջում։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանում լայն տարածում ստացած առաջին թուրքական սերիալներից էր Çalıkuşu («Չալըքուշու») սերիալը, որը ցուցադրվել էր 1986 թվականին։ Սակայն թուրքական ֆիլմերի իրական բումը ռուսական մեդիա տարածքում սկսվեց արդեն 2010-ական թվականներին։

Հատկապես մեծ հաջողություն ունեցավ Muhteşem Yüzyıl («Փառահեղ դարը») սերիալը, որը Ռուսաստանում ցուցադրվում էր «Великолепный век» անվամբ ռուսական «Домашний» («Դոմաշնի») հեռուստաալիքով։ Սերիալը ռուսական լսարանի շրջանում ձևավորեց մեծ հետաքրքրություն օսմանյան պատմության և թուրքական մշակույթի նկատմամբ։ Դրան հաջորդեցին նաև թուրքական այլ նախագծեր՝ Kurt Seyit ve Şura («Քուրթ Սեյիթ և Շուրա»), Kara Sevda («Սև սեր»), Kara Para Aşk («Սև փող, սեր»), Anne («Մայրիկ»), Meryem («Մերյեմ») և Siyah Beyaz Aşk («Սև ու սպիտակ սեր») սերիալները, որոնք նույնպես ցուցադրվում էին ռուսական հեռուստատեսությամբ և առցանց հարթակներում[8]։

2019 թվականին Kalbimin Sultanı («Իմ սրտի սուլթանը») սերիալը ցուցադրվեց ՌԴ ամենամեծ հեռուստաալիքներից մեկով՝ «Первый канал»-ով («Ռուսաստանի Առաջին ալիք») և դարձավ այդ շրջանի ամենադիտվող սերիալներից մեկը ռուսական հեռուստատեսությունում։ Ռուսական «Домашний» («Դոմաշնի») հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Մարինա Խրիպունովայի խոսքով՝ թուրքական սերիալների ցուցադրության գաղափարը իրենց ալիքում սկսվել էր հենց Muhteşem Yüzyıl («Փառահեղ դարը») սերիալից։ Նրա խոսքերով՝ ալիքի ղեկավարությունը սկզբում ձեռք էր բերել միայն առաջին 12 սերիաները՝ դրանք ցուցադրելով ամանորյա տոների ընթացքում։ Սակայն սերիալը ռուսական լսարանի շրջանում ունեցել էր «շռնդալից հաջողություն» («оглушительный успех»)։ Խրիպունովան նշում էր, որ սերիալի բարձր դիտողականությունից հետո ալիքը սկսեց հետևողականորեն ավելացնել թուրքական նախագծերի քանակը և հետագայում նույնիսկ հանգստյան օրերի երեկոյան եթերը հատկացնել թուրքական սերիալներին[9]։

Այս հանգամանքը ցույց է տալիս, որ թուրքական սերիալները Ռուսաստանում դիտարկվում էին ոչ միայն որպես լրացուցիչ արտասահմանյան կոնտենտ, այլ որպես բարձր պահանջարկ ունեցող մեդիա արտադրանք, որն ունակ էր ապահովել մեծ լսարան և բարձր վարկանիշներ ռուսական հեռուստատեսության համար։ Հատկանշական է նաև, որ թուրք դերասաններն ու թուրքական մեդիա արտադրանքը աստիճանաբար սկսեցին ներթափանցել նաև ռուսական գովազդային և ժամանցային ոլորտ։ Օրինակ՝ թուրք դերասանուհի Թուբա Բույուքյուսթյունը (Tuba Büyüküstün) 2021 թ. դարձավ ռուսական MegafonՄեգաՖոն») բջջային օպերատորի դեմքը[10]։ Սա ցույց էր տալիս, որ թուրքական ժամանցային արդյունաբերությունը սկսել էր ներթափանցել նաև ռուսական գովազդային և զանգվածային մշակույթի ոլորտ:

Կարելի է ասել, որ թուրքական սերիալների հաջողությունը ռուսական շուկայում պայմանավորված էր մի քանի գործոններով։ Նախ՝ դրանք ունեին բարձր արտադրական որակ, դրամատիկ և ընտանեկան սյուժեներ, ինչպես նաև ներկայացնում էին «արևելյան» և «ժամանակակից» մշակույթի համադրություն։ Սերիալներում ներկայացվող Ստամբուլի քաղաքային կերպարը, շքեղ կենսակերպը, ընտանեկան հարաբերությունները և ռոմանտիկ խոսույթները լայն տարածում ստացան ռուսալեզու մեդիա միջավայրում։

Միաժամանակ թուրքական սերիալները Ռուսաստանում սկսեցին դիտարկվել ոչ միայն որպես ժամանցային արտադրանք, այլ նաև որպես Թուրքիայի մշակութային ազդեցության գործիք։ Հատկապես 2015 թ. ռուս-թուրքական հարաբերությունների սրման և ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո, որը ՌԴ նախագահ Վ. Պուտինը բնութագրել էր որպես «մեջքին հասցված հարված», ռուսական մեդիայում և քաղաքական շրջանակներում սկսեցին քննադատաբար անդրադառնալ թուրքական մեդիա արտադրանքին[11]։ 2024–2025 թթ. ռուսական մամուլում և ՌԴ Պետդումայի առանձին պատգամավորների հայտարարություններում կրկին բարձրացվեց թուրքական սերիալների արգելման հարցը։ Քննադատները պնդում էին, որ թուրքական սերիալները ձևավորում են «իդեալականացված» թուրք տղամարդու կերպար և նպաստում ռուսական ավանդական արժեքների թուլացմանը։ Սակայն նույնիսկ այդ փուլում թուրքական սերիալների տարածումը ամբողջությամբ չդադարեց և շարունակվեց հատկապես առցանց հարթակներում[12],[13]։

Հետխորհրդային տարածքում թուրքական սերիալների տարածման կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ դրանք ներթափանցում էին ոչ միայն հեռուստատեսության, այլ նաև ռուսալեզու թվային միջավայրի միջոցով։ Ռուսերեն թարգմանություններով թուրքական սերիալները լայնորեն տարածվում էին YouTube-ում, VKontakte-ում, Telegram ալիքներում և տարբեր հոսքային կայքերում։ Արդյունքում, թուրքական մեդիա արտադրանքը հասանելի դարձավ ոչ միայն ՌԴ-ի, այլ նաև հետխորհրդային այլ երկրների լսարանների համար։

Հարավային Կովկասում թուրքական մեդիա արտադրանքի տարածումն ուներ տարբեր ինտենսիվություն։ Ադրբեջանում թուրքական սերիալները արագ դարձան տեղեկատվական միջավայրի կարևոր բաղադրիչ՝ պայմանավորված լեզվամշակութային և քաղաքական գործոններով։ Վրաստանում դրանց տարածումը պայմանավորված էր Թուրքիայի տնտեսական, զբոսաշրջային և մշակութային ներկայության աճով։ Այս գործընթացների արդյունքում հետխորհրդային տարածքում ձևավորվեց ընդհանուր մեդիա սպառման միջավայր, որտեղ թուրքական սերիալները դարձան լայն տարածում ունեցող մշակութային արտադրանք։

Հայաստանը ևս ներառվեց այս տեղեկատվական և մեդիա տարածության մեջ։ Հայկական լսարանի զգալի հատվածը երկար տարիներ ինտեգրված էր ռուսալեզու տեղեկատվական միջավայրին՝ դիտելով ռուսական հեռուստաալիքներ, ռուսերեն առցանց կոնտենտ և արբանյակային հեռարձակումներ։ Արդյունքում թուրքական սերիալների մի մասը հայկական լսարան հասավ հենց ռուսական մեդիա դաշտի միջոցով՝ նախ կաբելային և արբանյակային հեռուստատեսությամբ, ապա՝ թվային հարթակներով և սոցիալական մեդիայով։

Թուրքական սերիալների ներթափանցման հաջորդ փուլը կապված էր արդեն անմիջական թվային տարածման հետ։ YouTube-ը, TikTok-ը, Netflix-ը և տարբեր հոսքային հարթակներ հնարավորություն տվեցին թուրքական սերիալներին հասանելի դառնալ անմիջապես հայկական լսարանի համար՝ առանց հեռուստատեսային միջնորդության։ Սոցիալական մեդիայի զարգացման պայմաններում լայն տարածում ստացան թուրքական սերիալների reels-երը, TikTok clips-երը, երաժշտությունը, reels-երը, fandom էջերը և կարճ տեսանյութերը։

Այսպիսով, թուրքական սերիալների ներթափանցումը հայկական տեղեկատվական միջավայր իրականացվեց երկու հիմնական ճանապարհով՝ նախ ռուսական մեդիա տարածքի միջոցով և ապա՝ անմիջականորեն թվային և սոցիալական հարթակների միջոցով։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ ժամանակակից մեդիա միջավայրում մշակութային ազդեցությունը հաճախ տարածվում է ոչ միայն ուղիղ քաղաքական կամ մեդիա գործիքներով, այլ նաև միջնորդավորված տեղեկատվական և թվային մեխանիզմների միջոցով։

Հայաստանում տարածված թուրքական սերիալները և դրանց ձևավորած պատկերները

Թուրքական հեռուստասերիալները վաղուց արդեն վերածվել են ոչ միայն ժամանցային արտադրանքի, այլ նաև Թուրքիայի մշակութային ազդեցության կարևորագույն գործիքներից մեկի։ Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հայտարարության համաձայն՝ Թուրքիան հեռուստասերիալների արտահանման ոլորտում աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը ԱՄՆ-ից հետո[14]։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ թուրքական սերիալները դարձել են Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության կարևոր բաղադրիչ։

Թուրքական սերիալների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն բարձր ֆինանսավորմամբ և տեխնիկական որակով, այլ նաև հանդիսատեսի զգացմունքների և հոգեբանական ընկալումների վրա ազդելու կարողությամբ։ Թուրքական ֆիլմարտադրությունը մեծ ուշադրություն է դարձնում դերասանների արտաքինին, երաժշտությանը, հագուստին, ինտերիերին, նկարահանման վայրերին և զգացմունքային պատմություններին։ Արդյունքում հեռուստադիտողը ոչ միայն հետևում է սյուժեին, այլ նաև աստիճանաբար ներգրավվում է ներկայացվող աշխարհում և սկսում իրեն նույնականացնել հերոսների հետ։

Հայաստանում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում մեծ տարածում ստացած թուրքական սերիալներից է Muhteşem Yüzyıl-ը («Փառահեղ դարը» / «Великолепный век»)։ Այն պատմում է Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման Մեծագործի (Suleiman the Magnificent) կառավարման շրջանի մասին՝ կենտրոնանալով պալատական հարաբերությունների, իշխանական պայքարի և հարեմի կյանքի վրա։ Ըստ տարբեր աղբյուրների՝ սերիալը ցուցադրվել է ավելի քան 70 երկրներում և ունեցել ավելի քան 500 մլն հեռուստադիտող[15]։ Հատկանշական է, որ սերիալը ոչ միայն պատմական դրամա էր, այլ նաև Օսմանյան կայսրության գեղեցիկ և գրավիչ ներկայացում։ Սուլթանական պալատները, հարեմի կյանքը, շքեղ զգեստները, ոսկեգույն ինտերիերը և արարողակարգային տեսարանները ձևավորում էին Օսմանյան աշխարհի ռոմանտիկացված պատկեր։ Այս կերպ պատմական բարդ իրականությունը վերածվում էր տեսողականորեն գրավիչ և զգացմունքային առումով ներգրավող աշխարհի։

Հետաքրքրական է մյուս տեսանկյունից, որ «Փառահեղ դարը» սերիալը Թուրքիայում առաջացրել էր ոչ միայն մեծ հետաքրքրություն, այլ նաև հասարակական և քաղաքական լուրջ քննարկումներ։ Սերիալի առաջին իսկ սերիաներից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում կազմակերպվել էին բողոքի ակցիաներ[16]։ Պահպանողական և իսլամամետ խմբերը պնդում էին, որ սերիալը Օսմանյան կայսրությունը ներկայացնում է «անբարոյական» և «հեդոնիստական» կերպով՝ շեշտադրելով հարեմի կյանքը, կանանց և պալատական հաճույքները։ Որոշ բողոքողներ նույնիսկ կարդում էին Ղուրանից հատվածներ, վնասում սերիալի գովազդային պաստառները և պահանջում դադարեցնել սերիալի հեռարձակումը։ Թեման արագորեն դուրս եկավ մշակութային քննարկումների շրջանակից և դարձավ քաղաքական հարց։ Այս առիթով Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել էր, որ «մեր պատմության կարևոր դեմքերին նվաստացնողները պետք է պատասխան տան», իսկ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Օսմանյան պատմությունը «հարեմի վրա կառուցված պատմություն չէր»[17]։ Այս քննարկումները ցույց էին տալիս, որ թուրքական սերիալները Թուրքիայում ընկալվում են ոչ միայն որպես ժամանցային արտադրանք, այլ նաև որպես պատմական հիշողության, ազգային ինքնության և Թուրքիայի կերպարի ձևավորման կարևոր գործիք։

Պատմական սերիալներից բացի, հայկական լսարանի շրջանում լայն տարածում ստացան նաև ժամանակակից սիրային դրամաները՝ Kara Sevda («Սև սեր» / «Черная любовь»), Çilek Kokusu («Ելակի բույրը» / «Запах клубники»), Sen Çal Kapımı («Թակիր իմ դուռը» / «Постучись в мою дверь»), Yalı Çapkını («Ոսկե տղա» / «Зимородок»), Uzak Şehir («Հեռավոր քաղաք» / «Далекий город») և Eşref Rüya («Էշրեֆի երազանքը» / «Мечта Эшрефа») սերիալները։ Այս սերիալների հիմնական թեմաներն են սիրային հարաբերությունները, ընտանեկան հակասությունները, խանդը, սոցիալական անհավասարությունը և դժվար կառուցվող հարաբերությունները։

Թուրքական սերիալներում հարաբերությունները հաճախ ներկայացվում են չափազանց զգացմունքային և լարված, սակայն միաժամանակ ռոմանտիկացված ձևով։ Շատ դեպքերում խանդը, վերահսկող վարքագիծը և հոգեբանական կախվածությունը ներկայացվում են որպես «իրական սիրո» դրսևորումներ։ Հատկապես «ատելությունից՝ սեր» սյուժետային մոդելը մեծ տարածում ունի թուրքական մելոդրամաներում, որտեղ սկզբնական հակասությունները հետագայում վերածվում են ուժեղ սիրային կապի։

Հատուկ կարևորություն ունի տղամարդկային կերպարների ներկայացումը թուրքական սերիալներում։ Տղամարդ հերոսները հիմնականում ներկայացվում են որպես հարուստ, ազդեցիկ, ինքնավստահ և խարիզմատիկ կերպարներ։ Նրանք հաճախ գործարարներ են, ազդեցիկ ընտանիքների ներկայացուցիչներ կամ բարձր սոցիալական դիրք ունեցող տղամարդիկ։ Միաժամանակ նրանք ներկայացվում են որպես խանդոտ, տիրական, բայց նաև հոգատար և ռոմանտիկ տղամարդիկ։

Այս կերպարների շուրջ աստիճանաբար ձևավորվում է «իդեալական տղամարդու» պատկեր, ինչը հատկապես մեծ ազդեցություն ունի երիտասարդ աղջիկների լսարանի վրա։ Սոցիալական ցանցերում լայն տարածում ունեն թուրք դերասանների սիրային տեսարանները, երաժշտությամբ ուղեկցվող կարճ հոլովակները և երկրպագուների էջերը։ Արդյունքում հանդիսատեսի մի մասը սկսում է իդեալականացնել սերիալներում ներկայացված հարաբերությունների ձևերը և տղամարդկային վարքագծի մոդելները։ Որոշ դեպքերում իրական հարաբերությունները սկսում են համեմատվել սերիալային հարաբերությունների հետ, որտեղ չափազանց խանդոտ և վերահսկող վարքագիծը ներկայացվում է որպես սիրո ապացույց։

Կանացի կերպարները թուրքական սերիալներում հիմնականում ներկայացվում են որպես գեղեցիկ, խնամված, նրբագեղ և զգացմունքային կերպարներ։ Միաժամանակ, ժամանակակից սերիալներում ներկայացվում են նաև ինքնուրույն, աշխատող և սոցիալապես ակտիվ կանայք։ Այսպիսով, թուրքական սերիալները համադրում են ավանդական և ժամանակակից կնոջ կերպարները՝ ստեղծելով «ժամանակակից, բայց միևնույն ժամանակ ավանդական կնոջ» մոդելը։

Թուրքական սերիալներում առանձնահատուկ կարևորություն ունի նաև կենսակերպի ներկայացումը։ Ֆիլմերում լայնորեն ցուցադրվում են Բոսֆորի ափին գտնվող առանձնատները, շքեղ ռեստորանները, թանկարժեք հագուստը, ժամանակակից գրասենյակները և հարուստ քաղաքային կյանքը։ Հատկապես Ստամբուլը ներկայացվում է որպես գեղեցիկ, ժամանակակից և զգացմունքային առումով գրավիչ մեգապոլիս։ Այսպիսով, հեռուստադիտողի մոտ ձևավորվում է Թուրքիայի՝ որպես զարգացած և ցանկալի կյանքի տարածքի պատկեր։

Միևնույն ժամանակ թուրքական սերիալներում հատուկ ընդգծվում են թուրքական մշակութային տարրերը՝ ավանդական ուտեստները, ընտանեկան սովորույթները, թուրքական երաժշտությունը և իսլամական մշակութային խորհրդանիշները։ Հետազոտողները նշում են, որ թուրքական սերիալների տարածումը հաճախ ուղեկցվում է նաև թուրքական զբոսաշրջության նկատմամբ հետաքրքրության աճով[18]։ Շատ հեռուստադիտողներ ցանկանում են այցելել այն վայրերը, որոնց ծանոթ են սերիալներից, տեսնել Ստամբուլը կամ փորձել ներկայացված ուտեստները։

Այս երևույթը հատկապես նկատելի է նաև սոցիալական ցանցերում, որտեղ հազարավոր մարդիկ հետևում են թուրք դերասանների անձնական էջերին, այցելում սերիալների նկարահանման վայրերը և լուսանկարներ հրապարակում նույն միջավայրերում, որոնք տեսել են սերիալներում։ Ռուսաստանում թուրքական սերիալների տարածմանը զուգահեռ աճել էր նաև Թուրքիայի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունը։ Ռուսական մեդիայում և հասարակական քննարկումներում պարբերաբար բարձրացվում էր թուրքական սերիալների ազդեցության թեման՝ հատկապես կանանց լսարանի շրջանում թուրք տղամարդու իդեալականացված կերպարի ձևավորման համատեքստում։ Որոշ ռուս քաղաքական գործիչներ և մեդիա փորձագետներ նշում էին, որ թուրքական սերիալները ձևավորում են հարաբերությունների ոչ իրատեսական պատկերացումներ և նպաստում են թուրքական մշակույթի ռոմանտիկացմանը[19]։

Թուրքական սերիալների հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև մշակութային մոտիկության գործոնով։ Ընտանեկան վեճերը, խանդը, տղամարդու գերիշխող դերը, ընտանիքի պատվի գաղափարը և չափազանց զգացմունքային հարաբերությունները հայկական և ընդհանրապես հարավկովկասյան լսարանի համար կենցաղային ու մշակութային առումով «ծանոթ» են։ Այս հանգամանքը զգալիորեն հեշտացնում է սյուժետային գծերի ընկալումն ու հերոսների հետ նույնականացումը հանդիսատեսի կողմից։ Ինչպես իր հետազոտության մեջ փաստում է հասարակագետ Ֆերհան Գյունդյուզը, թուրքական հեռուստանախագծերի հաջողության հիմքում հաճախ ընկած է հենց ավանդականության և արդիականության այնպիսի համադրումը, որն արդեն իսկ մշակութային առումով հարազատ է հարևան տարածաշրջանների հանդիսատեսին[20]։ Հայաստանի պարագայում այս գործընթացը ձեռք է բերում առանձնահատուկ զգայունություն՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների պատմական և քաղաքական համատեքստը։ Թուրքական սերիալները հանդիսատեսին ներկայացնում են Թուրքիան ոչ թե որպես քաղաքական հակասությունների և պատմական բարդությունների տարածք, այլ որպես գեղեցիկ կյանքի, սիրային հարաբերությունների, շքեղ կենսակերպի և զգացմունքային աշխարհի միջավայր։ Արդյունքում ժամանցային բովանդակության միջոցով աստիճանաբար ձևավորվում է Թուրքիայի գեղեցիկ և ռոմանտիկացված պատկեր, որտեղ պատմական հիշողությունը և քաղաքական հակասությունները մղվում են հետին պլան։

Պետք է նշել նաև, որ թուրքական սերիալների հաջողությունը ՀՀ-ում պայմանավորված է նաև տեղական մեդիաարտադրության խնդիրներով։ Հայկական ժամանցային արտադրանքը հաճախ չի կարողանում մրցակցել թուրքական սերիալների նկարահանման որակի, տեսողական միջավայրի և զգացմունքային պատմությունների հետ։ Արդյունքում երիտասարդ լսարանի մի մասը ավելի հաճախ տեղափոխվում է թուրքական և օտար բովանդակության սպառման դաշտ։

Այսպիսով, Հայաստանում տարածված թուրքական սերիալները գործում են ոչ միայն որպես ժամանցային արտադրանք, այլ նաև որպես մշակութային ազդեցության և «փափուկ ուժի» գործիք։ Դրանք ձևավորում են հարաբերությունների, տղամարդու և կնոջ կերպարների, կենսակերպի և Թուրքիայի վերաբերյալ որոշակի պատկերացումներ։

Պետք է նշել, որ սերիալների հասարակական ազդեցության վերաբերյալ մտահոգությունները նոր երևույթ չեն նաև ՀՀ-ում։ Հայ հասարակագետներն ու մեդիա փորձագետները դեռևս տարիներ առաջ ուշադրություն էին հրավիրում հեռուստասերիալների միջոցով տարածվող վարքագծային մոդելների, խոսելաոճի, միջանձնային հարաբերությունների և արժեքային համակարգերի վրա դրանց ազդեցության խնդրի վրա։ Մասնագետներ Սոնա Մանուսյանը և Դիանա Գալստյանը նշում էին, որ սերիալները ոչ միայն արտացոլում, այլ նաև ձևավորում են սոցիալական հարաբերությունների ընկալումները՝ աստիճանաբար ազդելով հասարակության արժեքային համակարգի վրա[21]։

Այս համատեքստում թուրքական սերիալների ազդեցությունը Հայաստանում ևս պետք է դիտարկել ոչ միայն ժամանցային կոնտենտի, այլ նաև մշակութային և հասարակական ազդեցության տեսանկյունից։

Թուրքական սերիալների ազդեցության հասարակական և անվտանգային ռիսկերը ՀՀ-ում  

Թուրքական հեռուստասերիալների տարածվածությունը Հայաստանում վաղուց արդեն դուրս է եկել զուտ ժամանցային ոլորտի շրջանակներից։ Եթե նախորդ գլխում դիտարկվեցին այն պատկերներն ու արժեքային մոդելները, որոնք փոխանցվում են թուրքական մեդիաարտադրանքի միջոցով, ապա այս փուլում անհրաժեշտ է անդրադառնալ այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այդ գործընթացները հայկական հասարակության և տեղեկատվական միջավայրի վրա։

Ըստ մեր հետազոտության շրջանակում իրականացված առցանց հարցման, արդյունքները ցույց են տալիս, որ թուրքական սերիալների հիմնական լսարանը երիտասարդներն են։ Հարցվածների զգալի մասը նշել է, որ թուրքական սերիալներ դիտում է կամ դրանց հատվածների հանդիպում սոցիալական ցանցերում՝ հիմնականում YouTube-ում, TikTok-ում, Instagram-ում և Telegram հարթակներում։ Հատկանշական է, որ շատ դեպքերում սպառվում են ոչ թե ամբողջական սերիալներ, այլ կարճ տեսանյութեր, սիրային տեսարաններ, դերասանների մասնակցությամբ հոլովակներ և երկրպագուների կողմից պատրաստված բովանդակություն։ Այս հանգամանքը ցույց է տալիս, որ թուրքական սերիալների ազդեցությունը ներկայումս իրականացվում է ոչ այնքան հեռուստատեսության, որքան թվային մեդիայի միջոցով։

Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ հայկական լսարանի շրջանում այժմ առավել տարածված են «Սև սեր» (Kara Sevda), «Ելակի բույրը» (Çilek Kokusu), «Թակիր իմ դուռը» (Sen Çal Kapımı), «Փառահեղ դարը» (Muhteşem Yüzyıl), «Ոսկե տղա» (Yalı Çapkını), «Հեռավոր քաղաք» (Uzak Şehir) և «Էշրեֆի երազանքը» (Eşref Rüya) սերիալները։ Հարցվածների մեծ մասը դրանց գրավչությունը կապում է դերասանների, սիրային պատմությունների, երաժշտության, տեսողական գեղեցիկ միջավայրի և Ստամբուլի պատկերների հետ։

Միևնույն ժամանակ, հարցման պատասխաններում նկատվում է հետաքրքիր հակասություն։ Մի շարք մասնակիցներ նշել են, որ թուրքական սերիալներ դիտում են «թշնամուն ճանաչելու» նպատակով, սակայն նույն հարցման շրջանակում արձանագրվել են նաև Թուրքիայի նկատմամբ հետաքրքրության աճի, թուրքական մշակույթի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորման և թուրքական զբոսաշրջային վայրեր այցելելու ցանկության մասին պատասխաններ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ քննադատական կամ զգուշավոր դիտումը կարող է ուղեկցվել մշակութային ներազդեցությամբ։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ թուրքական սերիալների հաջողությունը Հայաստանում հաճախ պայմանավորված է նաև տեղական մեդիաարտադրության խնդիրներով։ Հարցման մասնակիցներից և անհատական զրույցների ընթացքում մի քանի անգամ հնչել է այն տեսակետը, որ հայկական սերիալները հաճախ չեն կարողանում մրցակցել թուրքական արտադրանքի հետ նկարահանման որակի, դերասանական կազմի, երաժշտության և սյուժետային զարգացման տեսանկյունից։ Այս հանգամանքը հանդիսատեսի մի մասին մղում է դեպի թուրքական և այլ օտար արտադրանք։

Թուրքական սերիալների ազդեցությունը նկատելի է նաև հայկական հեռուստաարտադրության վրա։ 2012 թվականին հայտնի դարձավ, որ «Շանթ» հեռուստաընկերությունը միջազգային դիստրիբյուտորի միջոցով ձեռք էր բերել թուրքական «Ezel» («Էզել») սերիալի սցենարային իրավունքները և դրա հիման վրա նկարահանել «Անծանոթը» հեռուստասերիալը[22]։ Սա թուրքական սցենարի պաշտոնական տեղայնացման օրինակ էր, որը ցույց է տալիս, որ թուրքական ազդեցությունը կարող է իրականացվել ոչ միայն սերիալների ուղղակի դիտման, այլև դրանց սյուժետային և դրամատուրգիական մոդելների վերարտադրման միջոցով։

Սակայն ազդեցությունը սահմանափակված չէ միայն լիցենզավորված տարբերակներով։ Հայկական մեդիա դաշտում բազմիցս քննարկվել են թուրքական սերիալների սյուժետային կամ գեղագիտական կրկնօրինակման դեպքեր։ Մասնավորապես, մամուլում հաճախ նշվել են «Կոտրված սրտեր» և թուրքական «Aşk-ı Memnu» («Արգելված սեր») սերիալների միջև առկա նմանությունները։ Նույն կերպ հանրային քննարկումների առարկա է դարձել «Մեղրամիս» սերիալի և թուրքական «Kiralık Aşk» («Վարձու սեր») նախագծի նմանությունը։ Մեդիա դիտորդները նաև ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական մի շարք քրեական սերիալներ կրել են թուրքական «Kurtlar Vadisi» («Գայլերի հովիտ») սերիալի ազդեցությունը՝ կերպարների կառուցվածքի, կրիմինալ միջավայրի ներկայացման և տեսողական լուծումների մակարդակում[23]։

Այս երևույթը կարևոր է ոչ միայն հեղինակային իրավունքի կամ ստեղծագործական ինքնատիպության տեսանկյունից։ Այն ցույց է տալիս, որ թուրքական մեդիաարտադրանքը Հայաստանում ոչ միայն դիտվում է, այլ նաև վերարտադրվում է տեղական մշակութային միջավայրում։ Արդյունքում հայկական հեռուստատեսությունը երբեմն սկսում է վերարտադրել ոչ թե սեփական մշակութային նարատիվները, այլ արտաքին արտադրանքի կողմից ձևավորված պատմողական մոդելները։

Առանձին ուշադրության է արժանի թուրքական պատմական սերիալների ազդեցությունը։ Հայ թուրքագետներ՝ Ռուբեն Մելքոնյանի, Նաիրա Պողոսյանի և Տաթևիկ Հակոբյանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թուրքական պատմական սերիալները հաճախ ծառայում են ժամանակակից թուրքական պետական խոսույթների ամրապնդմանը և նեոօսմանական պատկերացումների տարածմանը։ Այդ սերիալներում պատմական իրադարձությունները հաճախ ներկայացվում են ընտրովի կերպով՝ շեշտադրելով Օսմանյան կայսրության հզորությունն ու փառքը։ Միաժամանակ, գրեթե բացակայում են կայսրության կազմում ապրած քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ հայերի նկատմամբ իրականացված բռնաճնշումների թեմաները[24]։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի «Փառահեղ դարը» (Muhteşem Yüzyıl) սերիալի օրինակը։ Հայկական լսարանի զգալի հատվածը սուլթան Սուլեյմանին ճանաչում է ոչ թե պատմական գրականությունից կամ ակադեմիական աշխատություններից, այլ հենց այդ սերիալից։ Արդյունքում ձևավորվում է պատմության ընկալման մի մոդել, որտեղ օսմանյան անցյալի հակասական և ողբերգական էջերը մնում են ստվերում, իսկ կայսրական իշխանությունը ներկայացվում է հիմնականում ռոմանտիկացված և հերոսական տեսքով։

ՀՀ համար կարևոր ռիսկ է նաև պատմամշակութային տարածքների ընկալման փոփոխությունը։ Թուրքական սերիալներում հաճախ ներկայացվում են Վանը, Դիարբեքիրը (Տիգրանակերտ), Մարդինը, Մերսին (Պատմական Կիլիկիա) և Թուրքիայի արևելյան այլ շրջաններ, որոնք հայկական պատմական հիշողության մեջ կապված են Արևմտյան Հայաստանի հետ։ Սակայն սերիալային միջավայրում այդ վայրերը ներկայացվում են որպես ժամանակակից թուրքական զբոսաշրջային և մշակութային կենտրոններ։ Արդյունքում երիտասարդ հանդիսատեսների մի մասը սկսում է այդ տարածքներն ընկալել առաջին հերթին թուրքական մշակութային միջավայրի, այլ ոչ թե հայկական պատմամշակութային ժառանգության տեսանկյունից։

Այսպիսով, թուրքական սերիալների ազդեցությունը Հայաստանում դրսևորվում է միաժամանակ մի քանի մակարդակներում՝ հասարակական պատկերացումների, պատմական հիշողության, արժեքային համակարգերի, զբոսաշրջային նախասիրությունների, մեդիա սպառման մշակույթի և նույնիսկ տեղական հեռուստաարտադրության վրա։ Խնդիրը ոչ թե արտաքին մշակութային արտադրանքի գոյությունն է, այլ այն, որ հայկական հասարակությունը հաճախ սպառում է այդ բովանդակությունը առանց բավարար մեդիագրագիտության և քննադատական ընկալման գործիքների։

Ուստի թուրքական սերիալների հարցը Հայաստանում պետք է դիտարկել ոչ թե արգելքների, այլ մշակութային անվտանգության, մեդիագրագիտության և սեփական մրցունակ մշակութային արտադրանքի զարգացման տեսանկյունից։ Որքան ուժեղ լինի հայկական մեդիաարտադրությունը և որքան բարձր լինի հասարակության քննադատական ընկալման մակարդակը, այնքան ավելի արդյունավետ կլինի արտաքին մշակութային ազդեցությունների նկատմամբ դիմակայությունը։

Եզրակացություն

Թուրքական սերիալների հաջողությունը Հայաստանում պայմանավորված է ոչ միայն Թուրքիայի մշակութային քաղաքականությամբ, այլև հայկական մեդիա դաշտում առկա պահանջարկով և տեղական արտադրանքի մրցունակության խնդիրներով։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ թուրքական սերիալները հայ հանդիսատեսի համար դարձել են ոչ միայն ժամանցի, այլև մշակութային պատկերացումների, նախասիրությունների և ընկալումների ձևավորման աղբյուր։

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ թուրքական մեդիաարտադրանքի ազդեցությունը ՀՀ-ում արտահայտվում է միաժամանակ մի քանի մակարդակներում՝ հասարակական ընկալումների, պատմական հիշողության, մշակութային նախասիրությունների և նույնիսկ տեղական հեռուստաարտադրության վրա։ Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ այդ ազդեցությունն այսօր հիմնականում իրականացվում է թվային հարթակների միջոցով, որտեղ արտաքին մշակութային կոնտենտը հասանելի է գրեթե առանց սահմանափակումների։

Հայաստանի համար խնդիրը թուրքական սերիալների գոյությունը չէ, այլ այն, թե որքան պատրաստ է հասարակությունը հասկանալու և գնահատելու դրանց փոխանցած ուղերձները։ Հետևաբար, առաջնահերթություն պետք է դառնան մեդիագրագիտության զարգացումը, պատմական գիտակցության ամրապնդումը և մրցունակ հայկական մշակութային արտադրանքի ստեղծումը։

Թուրքական սերիալների երևույթը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ազդեցությունն այլևս չի իրականացվում միայն ռազմական, քաղաքական կամ տնտեսական գործիքներով։ Եթե անցյալում պետությունները փորձում էին ընդլայնել իրենց ազդեցությունը բանակի և «կոշտ ուժի» միջոցով, ապա այսօր նույն նպատակը հաճախ իրականացվում է մշակույթի, մեդիայի և ժամանցային արտադրանքի միջոցով։ Պետությանը պարտադիր չէ հատել մեկ այլ երկրի սահմանը՝ նրա հասարակության վրա ազդեցություն ունենալու համար. երբեմն այդ ազդեցությունն իրականացվում է հեռուստաէկրանի, սոցիալական ցանցերի և մշակութային արտադրանքի միջոցով։

Թուրքական սերիալների օրինակը ցույց է տալիս, որ «փափուկ ուժը» կարող է դառնալ ոչ պակաս ազդեցիկ, քան «կոշտ ուժը»։ Այդ պատճառով մշակութային անվտանգությունը 21-րդ դարում վերածվում է ազգային անվտանգության կարևոր բաղադրիչի, իսկ մեդիա տարածքը՝ պետությունների միջև ազդեցության մրցակցության կարևորագույն հարթակներից մեկի։

Օգտագործված գրականության ցանկ

  1. Armenia–Turkey Relations.
    Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia,
    https://www.mfa.am/en/bilateral-relations/tr
  2. Գասպարյան Ա. «Հայ-թուրքական հարաբերությունները 35 տարվա ընթացքում եղել են նախապայմանների պատմություն»։
    ABC Media,04.2026,
    https://abcmedia.am/norutyunner/256438/
  3. Nye J. S. Soft Power, Foreign Policy. 1990. No. 80. Pp. 153–171.
  4. Korucu S. Payitaht: Bir “Cumhurbaşkanı Abdülhamid” Portresi. Toplumsal Tarih. 2019. Haziran. S. 52.
  5. Kökdere Z. Soft Power in Turkish Foreign Policy: Impacts of Turkish TV Series , Nevşehir Hacı Bektaş Veli University Journal of ISS. 2023.
  6. Турецкие телесериалы: история развития, специфические особенности и уровень популярности в России.
    Московский государственный университет имени М.В. Ломоносова,10.2025.
    https://znakmedia.ru/index.php/znak/article/view/659/564
  7. Генеральный директор телеканала “Домашний” Марина Хрипунова ответила на вопросы зрителей».
    Домашний, 19.11.2025,
    https://domashniy.ru/novosti/generalnyj-direktor-telekanala-domashnij-marina-hripunova-otvetila-na-voprosy-zritelej .
  8. Tuba Büyüküstün Rusya’nın reklam yüzü.
    Hürriyet,08.2021,
    https://www.hurriyet.com.tr/kelebek/magazin/tuba-buyukustun-rusyanin-reklam-yuzu-41865056
  9. Պուտինը ռուսական Су-24-ի խոցումը որակել է որպես «մեջքից հասցված հարված», Armtimes,11.2015,
    https://armtimes.com/hy/article/74528
  10. The State Duma Called for a Ban on Turkish TV Series in Russia.
    OREANDA-NEWS, 10.07.2024,
    https://www.oreanda-news.com/en/kultura_i_dosug/the-state-duma-called-for-a-ban-on-turkish-tv-series-in-russia/article1521222/
  11. Turkish TV Series “Have a Negative Impact” on Russian Women.
    am STYLE, 21.03.2025,
    https://style.news.am/eng/news/106889/turkish-tv-series-have-a-negative-impact-on-russian-women-who-are-losing-interest-in-russian-men.html
  12. Bakan Ersoy: “Sinema ve Dizi Sektörüne İlk Destekleri Vermeye Başlayacağız”. https://basin.ktb.gov.tr/TR-242973/bakan-ersoy-sinema-ve-dizi-sektorune-ilk-destekleri-vermeye-baslayacagiz.html
  13. Turkish TV Series Attract Audience from 146 Countries.
    Anadolu Agency,11.2019,
    https://www.aa.com.tr/en/culture/turkish-tv-series-attract-audience-from-146-countries/1643829
  14. Muhteşem Yüzyıl tartışmaları.
    BBC Türkçe, 26.11.2012, https://www.bbc.com/turkce/haberler/2012/11/121126_magnificient_century
  15. Arslan A. Clash of Sultans in Turkish Popular Culture: Conservative Abdulhamid vs. Secular Suleiman. Working Paper, York University, 2019. DOI: 10.13140/RG.2.2.26125.38883.
  16. Ağırseven N., Örki A. Evaluating Turkish TV Series as Soft Power Instruments.
    OPUS International Journal of Society Researches, 2017, https://dergipark.org.tr/en/download/article-file/385922
  17. Саетов И. Г. «Популярность турецких сериалов у русскоязычных зрителей». 2021. https://cyberleninka.ru/article/n/populyarnost-turetskih-serialov-u-russkoyazychnyh-zriteley/viewer
  18. Gündüz F. «Sociological Foundations of Success of Turkish TV Soap Operas in the Balkans» Propósitos y Representaciones. 2020. Vol. 8. SPE(2).
  19. Մանուսյան Ս., Գալստյան Դ. «Հեռուստասերիալները՝ որպես բովանդակություն և ծավալ»:
    Գլոբուս վերլուծական հանդես, Թիվ 1, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6880
  20. Tension with Armenia Affects Airing of TV Show.
    Hürriyet Daily News, 23.07.2012,
    https://www.hurriyetdailynews.com/tension-with-armenia-affects-airing-of-tv-show-26085
  21. Թուրքական հեռուստասերիալները՝ հայերի ընդօրինակմամբ:
    am, 03.07.2015,
    https://www.slaq.am/news/thvourqakan-hervoustaserialnery-hayeri-yndorinakmamb
  22. Melkonyan R. H., Poghosyan N. H., Hakobyan T. V. «Politics in TV Series and TV Series in Politics: Case Study of Turkish Historical TV Shows» Вестник СПбГУ. Востоковедение и африканистика. 2024. Vol. 16. No. 4. Pp. 797–809.

 

[1] Արևելագետ, թուրքագետ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ։ Հետազոտում է Թուրքիայի մշակութային քաղաքականությունը, «փափուկ ուժի» գործիքները և հայ-թուրքական հարաբերությունները։

[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 06.06.2026-ին:

[3] Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia, “Armenia–Turkey Relations”.
https://www.mfa.am/en/bilateral-relations/tr (բեռնման օրը՝ 10.05.2026)

[4] Արսեն Գասպարյան, «Հայ-թուրքական հարաբերությունները 35 տարվա ընթացքում եղել են նախապայմանների պատմություն». ABC Media, 22.04.2026, https://abcmedia.am/norutyunner/256438/ (բեռնման օրը՝ 10.05.2026).

[5] Joseph S. Nye, “Soft Power,” Foreign Policy, No. 80, 1990, pp. 153–171.

[6] Korucu S. Payitaht: Bir “Cumhurbaşkanı Abdülhamid” Portresi. Toplumsal Tarih, 2019, Haziran, p․ 52. (In Turkish).

[7] Zehra Kökdere, “Soft Power in Turkish Foreign Policy: Impacts of Turkish TV Series”, Nevşehir Hacı Bektaş Veli University Journal of ISS, 2023.

[8] Турецкие Телесериалы: История Развития, Специфические Особенности И Уровень Популярности В России, https://znakmedia.ru/index.php/znak/article/view/659/564 (բեռնման օրը՝ 10.05.2026).

[9] «Генеральный директор телеканала “Домашний” Марина Хрипунова ответила на вопросы зрителей», Домашний. https://domashniy.ru/novosti/generalnyj-direktor-telekanala-domashnij-marina-hripunova-otvetila-na-voprosy-zritelej (բեռնման օրը՝ 10.05.2026).

[10] Tuba Büyüküstün Rusya’nın reklam yüzü, 03.08.2021, https://www.hurriyet.com.tr/kelebek/magazin /tuba-buyukustun-rusyanin-reklam-yuzu-41865056 (բեռնման օրը՝ 12.05.2026).

[11] Պուտինը ռուսական Су-24-ի խոցումը որակել է որպես «մեջքից հասցված հարված»: Armtimes, 24.11.2015, https://armtimes.com/hy/article/74528 (բեռնման օրը՝ 15.05.2026):

[12] “The State Duma called for a ban on Turkish TV series in Russia”. OREANDA-NEWS, 10.07.2024, https://www.oreanda-news.com/en/kultura_i_dosug/the-state-duma-called-for-a-ban-on-turkish-tv-series-in-russia/article1521222/ (բեռնման օրը՝ 17.05.2026).

[13] “Turkish TV series ‘have a negative impact’ on Russian women”. NEWS.am STYLE, March 21, 2025,

https://style.news.am/eng/news/106889/turkish-tv-series-have-a-negative-impact-on-russian-women-who-are-losing-interest-in-russian-men.html (բեռնման օրը՝ 19.05.2026):

[14] Bakan Ersoy: “Sinema ve Dizi Sektörüne İlk Destekleri Vermeye Başlayacağız”, https://basin.ktb.gov.tr/TR-242973/bakan-ersoy-sinema-ve-dizi-sektorune-ilk-destekleri-vermeye-baslaya cagiz.html (բեռնման օրը՝ 18.05.2026).

[15] Turkish TV series attract audience from 146 countries. 13.11.2019, https://www.aa.com.tr/en/ culture/turkish-tv-series-attract-audience-from-146-countries/1643829 (բեռնման օրը՝ 18.05.2026).

[16] Muhteşem Yüzyıl tartışmaları. BBC Türkçe, 26.11.2012, https://www.bbc.com/turkce/haberler/ 2012/11/121 126_magnificient_century (բեռնման օրը՝ 18.05.2026).

[17] Arslan A. Clash of Sultans in Turkish Popular Culture: Conservative Abdulhamid vs. Secular Suleiman. Working Paper, York University, 2019. DOI: 10.13140/RG.2.2.26125.38883.

[18] Nehir Ağırseven, Armağan Örki, “Evaluating Turkish TV Series as Soft Power Instruments”, OPUS International Journal of Society Researches, 2017.

[19] Саетов И.Г. Популярность турецких сериалов у русскоязычных зрителей. 2021.

[20] Gündüz, F. (2020). Sociological Foundations of Success of Turkish Tv Soap Operas in the Balkans. Propósitos y Representaciones. 2020. Vol. 8, SPE(2). Art. e797 (p. 1).

[21] Սոնա Մանուսյան, Դիանա Գալստյան, «Հեռուստասերիալները՝ որպես բովանդակություն և ծավալ», «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2013, https://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID =6880

[22] Tension with Armenia affects airing of TV show. Hürriyet Daily News, 23 July 2012,  https://www.hurriyetdailynews.com/tension-with-armenia-affects-airing-of-tv-show-26085 (բեռնման օրը՝ 18.05.2026).

[23] Թուրքական հեռուստասերիալները՝ հայերի ընդօրինակմամբ: Slaq.am, 03.07.2015, https://www.slaq.am/news/thvourqakan-hervoustaserialnery-hayeri-yndorinakmamb (բեռնման օրը՝ 20.05.2026):

[24] Melkonyan R. H., Poghosyan N. H., Hakobyan T. V., Politics in TV Series and TV Series in Politics: Case Study of Turkish Historical TV Shows, Вестник СПбГУ. Востоковедение и африканистика, 2024, Vol. 16, No. 4, pp. 797–809.