Սահմանակից երկրներ

2016 թ. հեղաշրջման փորձի համակարգային հետևանքները Թուրքիայում

2016 թ. հեղաշրջման փորձի համակարգային հետևանքները Թուրքիայում
3 դիտում

Արեստակես Ս. Սիմավորյան[1]

2016 թ. հեղաշրջման փորձի համակարգային հետևանքները Թուրքիայում 

Փորձագետի տեսակետ, 20.07.2026 թ. [2]

2016 թ. հուլիսյան իրադարձությունները, որոնք Թուրքիայի պատմության մեջ մնացին որպես ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, շրջադարձային պահ էին Անկարայի համար՝ կանխորոշելով ողջ պետական ապարատի ​​և քաղաքական ճարտարապետության արմատական ​​​​վերափոխումը: Հեղաշրջման փորձից հետո՝ վերջին 10 տարիներին երկրում կատարված պաշտոնանկությունների, փոփոխությունների մասշտաբներն այնքան մեծ էին, որ գերազանցեցին բոլոր նախորդ դեպքերը՝ 20-րդ դարում Թուրքիայում հաջողված ռազմական հեղաշրջումների հետևանքների իմաստով:

Եթե այս ամենին նայենք քննադատական լույսի ներքո, ապա ակնհայտ է դառնում, որ Ռ. Թ. Էրդողանի կառավարությունը ձախողված հեղաշրջումն օգտագործեց ոչ այնքան ժողովրդավարությունն ու պետական կառույցներն ամրապնդելու, ինչպես Էրդողանն է պնդում «Հուլիսի 15-ը. Թուրքական դարի անկախության հռչակագիրը» խորագրով 15.07.2026 թ. հրապարակված իր հեղինակային հոդվածում, այլև միանձնյա ղեկավարմանն անցնելու և հասարակության մեջ խորը պառակտում (բևեռացում) ձևավորելու համար:

2016 թ. ճգնաժամի հիմնական և ամենանշանակալի քաղաքական հետևանքը Թուրքիայի անցումն էր խորհրդարանական կառավարման ձևից դեպի գերնախագահականը, որն օրինականորեն ձևակերպվեց 2017 թ. սահմանադրական հանրաքվեի միջոցով և ուժի մեջ մտավ 2018 թվականին: Այս «բարեփոխմամբ» փաստացի վերացվեց վարչապետի պաշտոնը, և նախագահին տրվեցին աննախադեպ լիազորություններ, այդ թվում՝ միանձնյա ձևավորելու կառավարություն, նշանակելու բարձրաստիճան դատավորների, հայտարարելու արտակարգ դրություն, ինչպես նաև օրենքի ուժով հրամանագրեր արձակելու իրավունք՝ շրջանցելով երկրի խորհրդարանը: Վերջինս, որը մի ժամանակ միջկուսակցական բուռն բանավեճերի ասպարեզ էր և օրենսդիր մարմնի հիմնական դերակատարը, վերափոխվեց գործադիր նախաձեռնությունները հաստատող անվանական մարմնի: Որոշումների կայացման այս կենտրոնացումը, որը պայմանավորված էր Էրդողանի հռչակած «պետական ​​կառավարման արդյունավետությունը բարելավելու անհրաժեշտությամբ» արտաքին և ներքին սպառնալիքների պայմաններում, հանգեցրեց քաղաքական բազմակարծության խեղդմանն ու պետական ​​մեքենայի վերածմանն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նեղ շահերը սպասարկող գործիքի:

Սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ երկրում ծավալվեց աննախադեպ բռնաճնշումների արշավ, որն օրինականացվեց երկու տարով երկարաձգված արտակարգ դրությամբ: Դավադրության գլխավոր կազմակերպիչ հռչակված Ֆ․Գյուլենի շարժման դեմ պայքարի պատրվակով ճնշող պետական ապարատը ազդեց հասարակական և քաղաքական կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա: Հարյուր հազարավոր պետական​​ծառայողներ, այդ թվում՝ ուսուցիչներ, համալսարանական դասախոսներ, բարձրաստիճան զինվորականներ, դիվանագետներ և ոստիկաններ, դատապարտվեցին կամ ազատվեցին աշխատանքից՝ առանց բողոքարկման իրավունքի և պետական ​​հատվածում աշխատելու իրավունքի: Հատկապես ծանր հարված կրեց դատական ​​համակարգը: Դատավորների և դատախազների մեկ երրորդից ավելիի ազատումը և նրանց փոխարինումը Ռ. Թ. Էրդողանի հավատարիմ անձնակազմով վերջնականապես զրկեց թուրքական դատական​​համակարգին անկախությունից՝ դատարանները վերածելով գործադիր իշխանության հակառակորդների քաղաքական հետապնդման ճկուն գործիքի:

Հեղաշրջման հետևանքների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ թուրքական լրատվամիջոցների և քաղհասարակության դրությանը, որոնք փաստացի կաթվածահար են եղել: Ահաբեկչության հետ կապերի մեջ մեղադրվող տասնյակ հեռուստաալիքների, ռադիոկայանների, թերթերի և լրատվական գործակալությունների փակմամբ հաստատվել է կառավարամետ խոսույթների վրա հիմնված տեղեկատվական վերահսկելի դաշտ: Լրագրողները, ովքեր համարձակվել էին քննադատել կառավարության գործողությունները կամ անցկացնել անկախ հետաքննություններ, բախվեցին քրեական հետապնդման սպառնալիքի, ինչի հետևանքով Թուրքիան դարձել է աշխարհի առաջատարը՝ բանտարկված լրագրողների թվով: Միևնույն ժամանակ, ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես ենթարկվել են հետապնդումների, մասնավորապես՝ ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական» ​​կուսակցությունը, որի առաջնորդներն ու բազմաթիվ քաղաքային պաշտոնյաներ տարբեր պատրվակներով և շինծու գործերի շրջանակներում բանտարկվել են։ Այդպիսով՝ փաստացիորեն «չեղարկվել» է տեղական ինքնակառավարման սկզբունքները և միլիոնավոր ընտրողների կամքը:

    2016 թվականից ի վեր Անկարայի արտաքին քաղաքականությունը նույնպես կրեց արմատական փոփոխություններ, ինչը դրսևորվեց հակաարևմտյան տրամադրությունների աճով և եվրասիականության աշխարհաքաղաքական շեղմամբ: ԱՄՆ-ի հասցեին Ֆ․ Գյուլենին ապաստան տալու մեղադրանքները և նրա եվրոպացի դաշնակիցների տատանողական դիրքորոշումը հեղաշրջման առաջին ժամերին Անկարան օգտագործեց՝ արդարացնելու ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ իր հարաբերություններում վստահության խորը ճգնաժամը: Այս «պառակտումը» Թուրքիային ստիպեց մարտավարական դաշինք փնտրել ՌԴ-ի հետ, ինչը դրսևորվեց ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնմամբ և Սիրիայի հյուսիսում սահմանային ռազմական գործողությունների ակտիվացմամբ:

Արտաքին քաղաքականությունն, ըստ երևույթի, ձեռք է բերել ագրեսիվ, ռազմականացված և գործարքային բնույթ։ Եվրոպական ինտեգրման գաղափարախոսական ուղեցույցները կարծես թե վերջնականապես մերժվել են՝ հօգուտ պրագմատիկ գործարքների և ազգայնամոլական-պանթյուրքական հռետորաբանության, որոնք նախատեսված են «թշնամական միջավայրին» դիմակայող «ուժեղ առաջնորդի»՝ Էրդողանի կերպարի շուրջ տեղական ընտրողներին մոբիլիզացնելու համար:

Արդյունքում, 2016 թ. հեղաշրջման փորձը ծնեց ոչ թե նոր, ավելի կայուն ժողովրդավարություն, ինչպես փորձում է ներկայացնել Անկարան իր պաշտոնական քարոզչությունում, այլ ընդհակառակը, արագացրեց Թուրքիայի սահքը դեպի ավտորիտարիզմ: Մյուս կողմից՝ վերջին տարիներին քաղաքական, ռազմական և գործարար էլիտան ձևավորվել է հիմնականում անձնական հավատարմության վրա, ինչը առաջացրել է պետական ​​​​ապարատի որակական քայքայում և որակյալ կադրերի վերելքի ուղիների սահմանափակում: Իշխանությունը պահպանելու համար ԱԶԿ–ԱՇԿ իշխող դաշինքը ստիպված է անընդհատ շահագործել խորը հասարակական բևեռացման դիսկուրսը՝ արհեստականորեն բաժանելով քաղաքացիներին հավատարիմ մեծամասնության և ներքին թշնամիների: Հասարակության տարանջատումը մի կողմից իշխանությանը հավատարիմ մարդկանց, իսկ մյուս կողմից՝ «դավաճան գյուլենիստների», «լրտեսների», դարձավ Էրդողանի վարչակարգի կողմից կառավարման ղեկը պահելու հիմնական գործիքը, և այս գործելակերպը ցայսօր շարունակվում է։

Կարևոր է նաև ընդգծել, որ 2016 թ. իրադարձություններից հետո, իսլամական գործոնը լիովին ենթարկվեց պետական ​​քարոզչության և ավտորիտար ռեժիմի լեգիտիմացման նպատակներին: Այդ քաղաքականության հիմնական գործիքը դարձավ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը (Դիյանեթ), որի բյուջեն և ազդեցությունը աճեցին մինչև գերատեսչության բյուջեի չափերի, իսկ ռեսուրսների տիրապետման տեսանկյունից գերազանցեցին անգամ քաղաքացիական նշանակության որոշ գործակալությունների: «Դիյանեթը» դարձավ հասարակության նկատմամբ (այդ թվում՝ թուրքական «դիասպորայում») խիստ գաղափարական վերահսկողության մարմին՝ ձևավորելով պահպանողական-կրոնական օրակարգ կրթության, մշակույթի և նույնիսկ ընտանեկան հարաբերությունների ոլորտում:

Կարծում ենք, որ հուլիսյան իրադարձությունները և հետագա զարգացումները ՀՀ համար ևս ծանր հետևանքներ ունեցան։ Հենց 2016 թ. հեղաշրջման փորձից հետո թուրքական բանակում տեղի ունեցած «արմատական վերափոխումներն» ու Արևմուտքից ինքնուրույն գործելու ազատությունը ճանապարհ հարթեցին, որպեսզի 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիան բացահայտ և աննախադեպ ռազմական ներգրավվածություն ունենա՝ ներառյալ՝ սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ։ Էրդողանին, փաստորեն, այլևս չէին կաշկանդում Վաշինգտոնի կամ Բրյուսելի արձագանքները։

Ավելին, ներքին համակարգային խոցելիությունը քողարկելու համար Ռ. Թ. Էրդողանը ստիպված է մշտապես պահպանել ծայրահեղ ազգայնական ուժերի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ դաշինքը։ Ստեղծված իրավիճակում, երբ հայկական ուղղությամբ ցանկացած «կառուցողական քայլ»՝ ներառյալ սահմանների իրական բացումը, դառնում է քննարկման առարկա, անմիջապես ենթարկվում է կոշտ քննադատության կոալիցիոն գործընկերոջ կողմից: Հատկապես, խորացող տնտեսական ճգնաժամի և քաղաքական վարկանիշի անկման պայմաններում կառավարությունը ստիպված է մշտապես հաճոյանալ ծայրահեղական թևին, ինչն անհնար է դարձնում Երևանի հետ «խաղաղության երկարաժամկետ ու անկեղծ» պլանավորումը, որի մասին պարբերաբար հայտարարում է Անկարան։

Կարծում ենք, այս համատեքստում Երևանի հետ հարաբերությունների «կարգավորման» ձգձգվող գործընթացը վերածվել է դիվանագիտական խաղաքարտի, որն Անկարան օգտագործվում է Արևմուտքի հետ սակարկություններում, ինչպես նաև տարածաշրջանում Ադրբեջանի դիրքերն ամրապնդելու և ՀՀ նկատմամբ Բաքվի առավելապաշտական պահանջներին սատարելու նպատակով։ Թուրքիայի ներքին անկայունությունն ու որոշումների կայացման անկանխատեսելիությունը երաշխավորում են, որ հայկական ուղղությամբ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ կտրուկ և ագրեսիվ շրջադարձ։ Հենց այն պահին, երբ ուժերի հավասարակշռությունը կամ գլոբալ խաղացողների հետ երկխոսությունում Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերը փոխվեն, կամ անհրաժեշտություն առաջանա բացարձակ համերաշխություն ցուցաբերել Բաքվին, Անկարան առանց վարանելու կգնա երկխոսության կտրուկ դադարեցման՝ անցնելով Հայաստանի նկատմամբ բացահայտ ռազմաքաղաքական ճնշման։

Այս համատեքստում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ցանկացած փորձ կամ «խաղաղության օրակարգ» Անկարայի համար ընդամենը ժամանակավոր տակտիկական քայլ է, ինչպես, օրինակ, 2009 թ. ՀՀ և Թուրքիայի միջև ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Անկարան հեշտությամբ «զոհաբերեց» հանուն ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի և ադրբեջանա-թուրքական դաշինքի անվերապահ գերակայության։ Այնպես որ Անկարան արտաքին քաղաքականությունում չի առաջնորդվում զգացմունքներով կամ խաղաղասիրությամբ, այլ բացառապես սառը պրագմատիզմով։ Անկարայի հետ խաղաղության դեկլարատիվ հայտարարությունները կամ թղթի վրա ստորագրված պայմանագրերը երբեք չեն եղել և հետայսու էլ չեն կարող լինել անվտանգության երաշխիք։ Եթե ՀՀ չուժեղացնի սեփական դիմադրողականությունն՝ ռազմական բարձր պատրաստվածությամբ և ուժեղ դաշնակիցների միջոցով, ապա Թուրքիայի «խաղաղության ձեռքը» առաջին իսկ աշխարհաքաղաքական փոփոխության ժամանակ կարող է վերածվել հարվածող բռունցքի։

Նույնիսկ Ռ. Թ. Էրդողանի հնարավոր հեռացումից հետո էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն ակնկալելը պատրանք է, քանի որ Անկարայի աշխարհաքաղաքական շահերը շատ ավելի խորն են, քան մեկ առաջնորդի կամքը։ Ադրբեջանի հետ դաշինքը, թուրքական հասարակության մեջ արմատացած ազգայնական կոնսենսուսը և դեպի Կենտրոնական Ասիա ճանապարհ հարթելու նկրտումները մնալու են պետական ռազմավարության հիմքում։ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը կարող է փոխվել միայն մակերեսային մակարդակում՝ դառնալով ավելի մեղմ կամ դիվանագիտական կեղծությամբ քողարկված, սակայն հիմնարար նպատակները կմնան անփոփոխ։ Ուստի Երևանի համար անվտանգային միակ իրատեսական երաշխիքը նախ և առաջ սեփական դիմադրողականության բարձրացումն է, այլ ոչ թե Անկարայում առաջին դեմքերի փոփոխության հույսը։

Ավարտելով քննարկվող թեմայի հետ կապված մեր որոշ դիտարկումները՝ որպես վերջաբան նշենք, որ արդյունքում, 2016 թ. ռազմական հեղաշրջմանը հաջորդած ճգնաժամը չամրապնդեց ժողովրդավարությունը Թուրքիայում, այլ ինստիտուցիոնալացրեց անձնապաշտական ​​ռեժիմը՝ քաղաքական համակարգը դարձնելով ավելի կոշտ։


[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 16.07.2026 թ.-ին: