Սահմանակից երկրներ

Բարեփոխումների դիսկուրսն Իրանում 2025 թ. հունիսյան պատերազմից հետո

5 դիտում

Փորձագետի տեսակետ

Дискурс о  реформах в Иране после июньской войны 2025 г.

Варданян Ж. М.

Aннотация

Дискурс о реформах в Исламской Республике Иран перманентно актуален, а его характер укладывается в логику традиционных противоречий между различными политическими лагерями. Своеобразным стимулом для активизации этого дискурса служат кризисные ситуации, и в этом отношении не стала исключением 12-дневная июньская война 2025 года. В данном исследовании рассматриваются тезисы о необходимости перемен в стране, выдвинутые различными представителями реформистского лагеря после июньской войны, реакция консервативных кругов на них, роль президента Масуда Пезешкиана, а также ситуация, сложившаяся в Иране после протестов и войны 2026 года.

The discourse on reforms in Iran after the June 2025 war

Vardanyan Zh. M.

Summary

The discourse on reform within the Islamic Republic of Iran is perennially relevant, and its nature aligns with the logic of traditional contradictions among various political camps. Crisis situations serve as a unique catalyst for the intensification of this discourse, and the 12-day war of June 2025 was no exception in this regard. This study addresses the discourse put forward by various representatives of the reformist camp regarding the necessity of change in the country after the June war, the reaction of conservative circles to it, the role of President Masoud Pezeshkian, as well as the situation that emerged in Iran following the 2026 protests and war. 

 

Բարեփոխումների դիսկուրսն Իրանում 2025 թ. հունիսյան պատերազմից հետո[1]

Ժաննա Մ. Վարդանյան[2]

ԱՄՆ և Իսրայելի՝ Իրանի դեմ վերջին պատերազմի մեկնարկից հետո երկրի քաղաքական համակարգում տեղի են ունենում փոխակերպումներ: Դրանք ինստիտուցիոնալացված չեն, ամրագրված չեն օրենքներում, բայց բխում են գետնի վրա եղած ազդեցությունից։ Ուժերի նոր հարաբերակցությունն, ամենայն հավանականությամբ, կինստիտուցիոնալացվի միայն այն ժամանակ, երբ երկիրը դուրս գա ճգնաժամային կառավարման փուլից։ Այսինքն՝ երբ իշխող շրջանակները համոզվեն, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգը նվազել է, և պահը հարմար է ներքին վերադիրքավորումներն ամրագրելու համար: Իշխող էլիտայից բացի, փոփոխությունների հավակնում են նաև Իրանի մյուս ճամբարները, և ըստ այդմ՝ փոփոխությունների համար պարարտ հող կա, թեև կողմերի պահանջները ավելի շատ դեպքերում չեն համընկնում։ 2025 թ. Իրանի և Իսրայելի միջև հունիսյան 12-օրյա պատերազմը նոր շարժառիթ դարձավ Իրանի ներսում բարեփոխումների անհրաժեշտության դիսկուրսի ակտիվացման համար։

 Թեև քաղաքական տարբեր ուժեր յուրովի էին ընկալում անհրաժեշտ բարեփոխումների էությունն ու չափը ընդհանուր ընկալումն այն էր, որ հասարակության համախմբվածության պահպանման ու վստահության վերականգնման ուղղությամբ որոշակի վերափոխումների գնալն անխուսափելի է լինելու։ Հունիսյան պատերազմն առանձնհատուկ էր նրանով, որ սա Իրանի և Իսրայելի միջև առաջին ուղիղ և լայնածավալ առճակատումն էր՝ չհաշված մինչ այդ 2024 թ. արձանագրված մեկօրյա հարվածները ։ Ուստի իրանական հասարակությունը, Իրան-իրաքյան 8-ամյա պատերազմից ի վեր, առաջին անգամ էր առերեսվում լայնածավալ պատերազմի անմիջական հետևանքներին։

Պատերազմի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մի քանի անգամ դիմեց իրանցիներին՝ կոչ անելով դուրս գալ փողոց և բողոքի ցույցեր սկսել իշխանությունների դեմ[3]։ Այդ կոչերը, սակայն, մնացին անարձագանք։ Ընդհակառակը, ձևավորվեց մի այնպիսի իրավիճակ, որը գուցե որոշ չափով անսպասելի էր նաև Իրանի իշխանությունների համար. Իսրայելի հարձակումները դատապարտեցին ոչ միայն իշխանամերձ շրջանակներն, այլև մի շարք ընդդիմադիր և իշխանությունների քննադատությամբ հայտնի գործիչներ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։

Պատերազմը դատապարտողների (բուն գործողությունների ընթացքում կամ հետո) շարքերում էին տնային կալանքի տակ գտնվող «Կանաչ շարժման[4]» առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին[5] և նրա կին Զահրա Ռահնավարդը[6], Մեհդի Քարուբին[7],[8], կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչներից՝ Մոստաֆա Թաջզադեն[9], քննադատական ելույթներով հայտնի, Սիստան և Բելուջիստան նահանգի սուննի առաջնորդ Մոլավի Աբդոլհամիդը[10], ինչպես նաև արտերկրում բնակվող որոշ ընդդիմադիր գործիչներ[11],[12]։ Նրանց դիրքորոշումն այն էր, որ չնայած Իրանի Իսլամական Հանրապետության կարգերի դեմ ունեցած քննադատությանը, Թեհրանի դեմ ագրեսիան ընդունելի չէ, ու արտաքին միջամտությունը չի կարող միջոց լինել Իրանի ներսում փոփոխությունների համար։

Այս դրսևորումը Իրանի իշխանությունները որակեցին «ազգային սուրբ միասնություն», և ռազմական գործողություններից հետո Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և պետական այլ պաշտոնյաներ ընդգծում էին, որ պատերազմի ընթացքում հասարակության համախմբվածությունը կարևոր քաղաքական կապիտալ է, որը պետք է պահպանել։ Միաժամանակ, քաղաքական տարբեր ճամբարներում սկսեցին ավելի եռանդագին քննարկվել այն հարցերը, թե ինչպիսի՞ ներքին փոփոխություններ են անհրաժեշտ այդ համախմբվածությունը երկարաժամկետ պահպանելու և ժողովրդին երախտապարտ լինելու համար։

Իրանի ներքաղաքական միջավայրը մինչև 2025 թ. պատերազմը

2025 թ. պատերազմի նախօրեին Իրանի ներքաղաքական զարգացումները հիմնականում ձևավորվել էին երեք առանցքային գործընթացների ազդեցությամբ։

Առաջինը Միջուկային համաձայնագրի ձախողումն ու դրա հետևանքով առաջացած քաղաքական-տնտեսական ճգնաժամն էր։ Գործարքից ԱՄՆ դուրս գալն ու պատժամիջոցների վերականգնումը հանգեցրեց Իրանի ներսում բարեփոխական կառավարության դեմ աննախադեպ արշավների և լայն առումով բարեփոխական հոսանքի մարգինալացմանը։ Այդ գործընթացի գագաթնակետը դարձան 2020 թ. խորհրդարանական և 2021 թ. նախագահական ընտրությունները, երբ Սահմանադրության պահապանների խորհուրդը[13] փաստացի դուրս թողեց բարեփոխական թեկնածուների մեծ մասին։ Արդյունքում ձևավորվեց հիմնականում պահպանողական խորհրդարան, իսկ Էբրահիմ Ռայիսին դարձավ նախագահ[14]։ Այս զարգացումները խորացրեցին հասարակական հիասթափությունը ընտրական գործընթացներից։ Իրանում արձանագրվեցին ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշները (այդ ժամանակվա դրությամբ), քանի որ հասարակության մի զգալի հատված այլևս չէր հավատում ընտրությունների միջոցով փոփոխությունների հնարավորությանը։

Երկրորդ կարևոր գործընթացը 2022 թ. Մահսա Ամինիի մահվան հետևանքով սկսված զանգվածային բողոքի ցույցերն էին։ Դրանք աննախադեպ էին թե՛ տևողությամբ, թե՛ ընդգրկվածությամբ և թե՛ քաղաքական օրակարգով[15] ։ Ցույցերը լուրջ ահազանգ էին, որ հասարակության առնվազն մի զգալի հատվածի ու իշխանությունների միջև անդունդը խորացել է։ Այդ փուլում վերակտիվացան բարեփոխումների վերաբերյալ քննարկումները, այդ թվում՝ շրջանառվեց կառավարման համակարգի վերափոխման և նախագահականից վարչապետականի անցնելու գաղափարը։ Իշխանությունները նաև մեղմեցին հասարակական վերահսկողությունը, մասնավորապես՝ հիջաբ կրելու հարցում։ Ցույցերի ավարտից հետո, սակայն, բարեփոխումների մասին քննարկումները որոշակիորեն նվազեցին, բայց չդադարեցին։

Երրորդ կարևոր հանգամանքը նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահն ու Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելն էր։ Լինելով բարեփոխական քաղաքական հոսանքի ներկայացուցիչ՝ Փեզեշքիանը վայելում էր այդ թևի լայն աջակցությունը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ներկայացվում էր որպես փոփոխությունների և ազգային համերաշխության թեկնածու։ Փեզեշքյանի նախընտրական խոստումներն առնչվում էին հասարակության համար զգայուն թեմաներին՝ ինտերնետի սահմանափակումներ, հիջաբ, բարոյականության ոստիկանության գործունեություն, էթնիկ հանրույթների խնդիրներ և այլն։ Փեզեշքիանի նախագահ ընտրվելը բարեփոխական թևն ընկալեց որպես վերակենդանանալու հնարավորություն, սակայն այդ նա իշխանության եկավ մի համակարգում, որտեղ առանցքային ինստիտուտները գտնվում էին պահպանողականների ենթակայության տակ և «տրամադրված էին» Էբրահիմ Ռայիսիի նախագահությանը։ Այդ պայմաններում խոստացված փոփոխությունները բերելը մարտահրավեր էր դարձել Փեզեշքիանի համար։

Բարեփոխականների առաջարկած փոփոխությունները

2025 թ. պատերազմից հետո բարեփոխական և չափավորական շրջանակները սկսեցին ավելի ակտիվորեն առաջ քաշել խորքային փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը։ Նրանք ընդգծում էին, որ պատերազմի ընթացքում ձևավորված միասնությունը պետք է պահպանել և հանրությանը երախտապարտ լինել՝ կոնկրետ բարեփոխումներով։ Բարեփոխումների կոչերով հանդես եկան «Կանաչ շարժման» առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին, շարժման աջակից Մոստաֆա Թաջզադեն, նախկին նախագահներ, բարեփոխական Մոհամմադ Խաթամին, չափավորական Հասան Ռոհանին, «Բարեփոխումների ճակատը», որտեղ ներկայացված են բարեփոխական տարբեր շարժումներ ու կուսակցություններ, ինչպես նաև բարեփոխական հոսանքի այլ ներկայացուցիչներ։ Անազատության մեջ գտնվող Մուսավին և Թաջզադեն «փրկությունը» պատկերացնում էին ոչ թե պարզապես ներհամակարգային բարեփոխումնների, այլ հենց արմատական համակարգային փոփոխությունների միջոցով։ Մուսավին, մասնավորապես, ընդգծում էր, որ Իրանի ներկայիս համակարգը չի ներկայացնում բոլոր իրանցիների շահերը, և առաջարկում է համազգային հանրաքվեի և Սահմանադիր ժողովի ձևավորման միջոցով փոխել Սահմանադրությունը[16]։

Թաջզադեն ևս հանդես էր գալիս սահմանադրական ու ֆունդամենտալ փոփոխությունների օգտին՝ ժողովրդավարությանն անցում կատարելու, «ինքնիշխանությունը ժողովրդին վերադարձնելու» համար: Ըստ նրա՝ առանց հիմնարար փոփոխությունների, նույնիսկ պատժամիջոցների չեղարկումն ու խաղաղության հաստատումը չեն լուծի երկրի հիմնական խնդիրները, և Իրանին կսպառնա պետականության կորուստը[17]։

Բարեփոխական մյուս գործիչները փոփոխությունները հիմնականում պատկերացնում էին համակարգի ներսում։ Պատերազմից հետո բարեփոխումների անհրաժեշտության մասին խոսույթով հատկապես ակտիվ էր «Բարեփոխումների ճակատը», որն ընդհուպ հանդիպել է նախագահ Փեզեշքիանի հետ, ներկայացրել իր առաջարկները։

Հուլիսին Փեզեշքիանի հետ հանդիպմանը նրանք առաջարկել են՝

  • Վերացնել «Կանաչ շարժման» առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավիի և նրա կնոջ տնային կալանքը, ինչպես նաև ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ Մոսթաֆա Թաջզադեին,
  • Իրականացնել համընդհանուր համաներում՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող իրանցիների համար՝ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս,
  • Վերանայել Սահմանադրության պահապանների խորհրդի վերահսկողության մեխանիզմները, քանի որ այն, ըստ նրանց, վերացրել է իրական քաղաքական մրցակցությունը և պատճառ դարձել ընտրություններին նվազ մասնակցության,
  • Արտաքին քաղաքականությունում «պայքարի ռազմավարությունից» անցում կատարել «զարգացման ռազմավարության», ներառյալ՝ ԱՄՆ-ի հետ ուղիղ և համապարփակ բանակցություններ և աշխարհի հետ «արժանապատիվ երկխոսություն» անցկացնել,
  • Վերացնել ինտերնետի ֆիլտրացիան և սահմանափակումները,
  • Բարեփոխել Իրանի պետական հեռուստատեսությունը, որպեսզի այն դառնա համազգային հարթակ և չծառայի միայն մեկ քաղաքական հոսանքի,
  • Սահմանափակել տնտեսության մեջ ռազմական կառույցների ներգրավվածությունը[18] ։

«Բարեփոխումների ճակատը» պնդում էր, որ պատերազմի ընթացքում հասարակության ցուցաբերած համախմբվածությանը իշխանությունները պետք է պատասխանեն ազգային հաշտեցման քայլերով, հակառակ պարագայում հասարակությունը կարող է գնալ «կույր ռադիկալիզմի» ճանապարհով։ Քանի որ առաջ քաշված խնդիրների լուծումը Իրանում նախագահի սահմանադրական և դե ֆակտո հնարավորություններից վեր է, «Ճակատն» այս փոփոխություններին հասնելու և երկիրը ճգնաժամից հանելու համար առաջարկում էր, որ նախագահը, օգտվելով Գերագույն առաջնորդից աջակցությունից, նրանից ստանա մեկ տարվա հատուկ լիազորություններ։

Արդեն 2025 թ. օգոստոսին հրապարակած իրենց հայտարարությունում «Ճակատը» 11 կետանոց ծրագիր է ներկայացնում՝ առաջարկելով ներառյալ ուրանի հարստացման կամավոր դադարեցում, ԱՄՆ հետ ուղիղ բանակցություններ, կանանց նկատմամբ խտրական օրենքների փոփոխում, զինվորականների վերադարձ զորանոցներ և նրանց դուրսբերում քաղաքականության, տնտեսության ու մշակույթի ոլորտներից, ինչպես նաև զուգահեռ գործող մարմինների լուծարում, նշանակովի ինստիտուտների և դրանց մոտեցումների էական փոփոխություն, կառավարության լիազորությունների ամրապնդում և այլն[19]։ Բարեփոխումների մեկ այլ՝ ավելի «զուսպ» առաջարկներով նրանք հանդես եկան նաև դեկտեմբերին։ Նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամիի ու Հասան Ռոհանիի առաջարկած բարեփոխումները նույնպես հիմնականում եղել են «Ճակատի» առաջարկների տրամաբանության մեջ։

Պատերազմից հետո իր ելույթներից մեկում Խաթամին հայտարարեց[20], որ պատերազմի ընթացքում ժողովրդի ցուցաբերած համախմբվածությունից հետո իրական ակնկալիք կար, որ իշխանությունները կգնան ավելի մեծ «ազատությունների ճանապարհով»։ Սակայն, ըստ նրա, իրականում իրավիճակը որոշ առումներով նույնիսկ վատթարացել է։ Նրա պատկերացմամբ՝ բարեփոխումների առաջին քայլը պետք է լիներ քաղբանտարկյալների ազատ արձակումը, փոխարենը շարունակվել են լրագրողների, մտավորականների և քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումները։ Խաթամին ևս հատուկ ուշադրություն է դարձնում ինտերնետի սահմանափակումների թեմային՝ շեշտադրելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։ Բացի այդ, նա ևս քննադատում էր անվտանգային մարմինների չափազանց մեծ ազդեցությունը պետական կառավարման վրա։ Խաթամիի խոսքով՝ կառավարությունը հաճախ նույնիսկ չի կարողանում նշանակել սեփական կադրերին՝ «ընտրողական» մեխանիզմների պատճառով։

Արտաքին քաղաքականության ոլորտում Խաթամին առաջարկում էր վերանայել որոշ «կարմիր գծեր»՝ ընդգծելով, որ դա չի նշանակում հրաժարում ազգային շահերից, այլ միջազգային հնարավորությունների օգտագործում Իրանի տնտեսական հզորացման համար։ Նա նաև շեշտում էր համալսարանների ազատության հարցը՝ պնդելով, որ գիտական հաստատությունները պետք է դուրս գան «ռազմական-անվտանգային վերահսկողությունից» և վերածվեն որոշումների մշակման իրական կենտրոնների։

Հասան Ռոհանին բարեփոխումների անհրաժեշտությունը ներկայացնում է որպես «ազգային նոր ռազմավարություն»[21]։ Ռոհանիի հիմնական շեշտադրումներից մեկը ուժային կառույցների ապաքաղաքականացումն էր, ինչի մասին նա պարբերաբար հայտարարում էր։ Նա պնդում էր, որ զինվորական և անվտանգային կառույցները պետք է վերադառնան բացառապես պաշտպանական գործառույթներին և դուրս գան քաղաքականությունից ու տնտեսությունից։

Ռոհանին նույնպես քննադատում էր պետական լրատվական մենաշնորհը և առաջարկում թույլատրել մասնավոր հեռուստաալիքների գործունեությունը։ Նրա կարծիքով՝ պետական հեռուստատեսության մենաշնորհը խաթարում է հասարակական վստահությունը և սահմանափակում տեղեկատվական բազմակարծությունը։ Ռոհանին նաև կարևորում էր քաղաքական կուսակցությունների հզորացումը և անկախ դատական համակարգի ձևավորումը։ Ըստ նրա՝ Իրանի անվտանգության իրական երաշխիքը ոչ թե մեկուսացումն է, այլ ժողովրդավարական լեգիտիմությունը, հանրային մասնակցությունը և արտաքին լարվածության նվազեցումը։ «Հիմա, եթե ինչ-որ տեղ մենք նույնիսկ կասկած ու երկմտանք ունենք, թե այն գործը, որ ուզում ենք անել, անհրաժեշտ է, թե ոչ, դա կարելի է խորհրդակցել ժողովրդի հետ, հարցնել ժողովրդին: Այն, ինչ ժողովրդի ցանկությունն է, կարող է հիմք հանդիսանալ մեր ազգային ռազմավարության համար», – նշում է Ռոհանին։ Միաժամանակ նա ընդգծում էր, որ այդ նոր ռազմավարությունը կարող է իրականացվել Ալի Խամենեիի առաջնորդությամբ ու ուղղորդմամբ՝ հնարավոր բարեփոխումները ներկայացնելով գործող քաղաքական կառուցվածքի սահմաններում։ Իր հետագա ելույթներում նախկին նախագահը նույնպես ընդգծում էր, որ փոքր շտկումներն այլևս բավարար չեն, և երկիրը կանգնած է ավելի կարևոր որոշումների անհրաժեշտության առաջ, իսկ որոշ հարցերի շուրջ պետք է նաև հանրաքվե անցկացնել։

Հունիսյան պատերազմից հետո բարեփոխումների անհրաժեշտության թեման ակտիվ է եղել նաև այդ հոսանքի այլ ներկայացուցիչների շրջանում, ԶԼՄ-ներում։ Ռոհանիի կառավարության խոսնակ, իսկ հիմա՝ Փեզեշքիանի օգնական Ալի Ռաբիեին պնդում է[22], որ Իրանում երկար տարիներ հասարակական կազմակերպություններին և միավորումներին նայել են որպես անվտանգության սպառնալիքի։ Նրա կարծիքով՝ պատերազմի օրերին երևաց, որ հասարակության ինքնակազմակերպումը և փոխօգնությունը երկրի կարևորագույն ռեսուրսներից են։ Այս համատեքստում նա առաջարկում է հրաժարվել առկա մոտեցումից և քաղհասարակությունը դիտարկել որպես պետության գործընկեր։ Ռաբիեին նաև կարևորում է մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների հզորացումը՝ որպես սոցիալական կայունության ապահովման միջոց։

Բարեփոխական մամուլում վերը բարձրաձայնված խնդիրներին զուգահեռ, հիշատակվել են նաև պետական աշխատանքի ընդունման հարցում գաղափարական և անվտանգային խիստ զտումները և գործադիր իշխանության կադրային որոշումների նկատմամբ տարբեր ինստիտուտների, այդ թվում՝ պատգամավորների միջամտությունը։ Միաժամանակ շեշտադրվել է մարդկանց կենսակերպի նկատմամբ վերահսկողության թուլացման, հասարակական ազատությունների ընդլայնման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ հատկապես կենսամակարդակի բարելավման համատեքստում[23]։

Պահպանողականների արձագանքը

Պահպանողական և անվտանգային կառույցներին հարող շրջանակները պատերազմից հետո ակտիվացած և վերը հիշատակված բարեփոխումների դիսկուրսին հիմնականում արձագանքեցին կոշտ քննադատությամբ՝ այն ներկայացնելով որպես արտաքին ճնշումների և «թշնամու օրակարգի» շարունակություն[24]։ Նրանց գնահատմամբ՝ նման խոսույթը ճաքեր է առաջացնում պատերազմում ձևավորված ազգային համախմբվածությունում։

Պահպանողական շրջանակների հիմնական քննադատությունը վերաբերում էր նրան, որ բարեփոխականների մի մասը պատերազմից անմիջապես հետո սկսեց խոսել քաղաքական ազատականացման, արտաքին քաղաքական զիջումների և ուժային կառույցների դերի սահմանափակման մասին։ Ըստ նրանց՝ նման առաջարկները ոչ թե նպաստում էին ազգային միասնությանը, այլ հակառակը՝ թուլացնում էին այդ միասնությունն այն պահին, երբ երկիրը գտնվում էր արտաքին սպառնալիքների պայմաններում։ Հատկապես կոշտ արձագանք ստացավ «Բարեփոխումների ճակատի» օգոստոսյան հայտարարությունը և 11-կետանոց առաջարկները[25]։ Պահպանողական լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները դրանք ներկայացնում էին որպես «թշնամական նախագծի» մաս, որի նպատակը Իսլամական Հանրապետության պաշտպանական և գաղափարական հիմքերի թուլացումն էր։ Քննադատության հիմնական թիրախներից էին հատկապես ԻՀՊԿ-ի դերի սահմանափակման, ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների, միջուկային քաղաքականության վերանայման մասին առաջարկները[26]։ Հայտարարությունը որակվեց որպես «պարտվողականության կոչ», «վառելիք՝ F-35 կործանիչների համար»[27]։

Պահպանողական մամուլում պնդումներ էին հնչում, թե բարեփոխականների առաջարկած զիջումները չեն հանգեցնելու տնտեսական խնդիրների լուծման, այլ ընդամենը ճանապարհ են բացելու արտաքին միջամտությունների և երկրի ինքնիշխանության թուլացման համար։ Գերագույն առաջնորդին հարող «Քայհան» օրաթերթն, օրինակ, մեղադրում է, որ Իրանի ներկայիս տնտեսական և քաղաքական խնդիրների զգալի մասը հենց նախկին բարեփոխական կառավարությունների քաղաքականության և «արևմտյան մոդելներն ընդօրինակելու» հետևանք է, ուստի նրանք չէ, որ պետք է կոչերով հանդես գան[28]։

Այս տրամաբանության շրջանակում մի շարք պահպանողական գործիչներ և լրատվամիջոցներ դատական համակարգին նույնիսկ կոչ էին անում զբաղվել այն ուժերով, որոնք «սպասարկում են թշնամու օրակարգը»։ Պահպանողական պատգամավոր Բեհռուզ Նաջմաբադին «Բարեփոխումների ճակատի» հայտարարությունից հետո պահանջում էր, որ հայտարարություն ստորագրողները ենթարկվեն «հեղափոխական դատավարության», քանի որ նրանք «2009 թ խռովությունների ժամանակ երկիրը հասցրել են անդունդի եզրին»։ Ուլտրապահպանողական թևից Ամիրհոսեյն Սաբեթին բնորոշում է, որ այդ հայտարարությունը «բառ առ բառ գրվել է Նեթանյահուի կողմից», և որ նման «լկտիության» պատճառն այն է, որ երկիրն այդ վիճակն հասցնողները ժամանակին չեն դատապարտվել։ Նույն պատգամավորը հետագայում, արձագանքելով երկրում իրավիճակի վերաբերյալ նախկին նախագահ Ռոհանիի քննադատություններին, հայտարարեց, որ Ռոհանիի տեղը բանտում է[29]։

Բարեփոխականների մի մասին մեղադրում էին նաև «հոգեբանական պատերազմի» և հասարակության մեջ դժգոհություն հրահրելու մեջ։ Հնչում էին նաև գնահատականներ, թե բարեփոխական շարժման ներկայիս ղեկավարությունը հեռացել է իսլամական հեղափոխության սկզբունքներից և վերածվել արտաքին ուժերի «նիզակի ծայրի»՝ նպատակ ունենալով ներսից թուլացնել համակարգը[30]։ Այս համատեքստում ԻՀՊԿ-ին հարող Fars լրատավականը փորձում է տարանջատել «համակարգային» և «արմատական» բարեփոխականներին։ Օրինակ՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի, նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի նման գործիչները ներկայացվել են  որպես համակարգի շրջանակներում գործող քաղաքական դեմքեր, մինչդեռ «առավել կոշտ դիրքորոշում» ունեցող բարեփոխականներին մեղադրվում են «ծայրահեղականության» և արտաքին օրակարգերի հետ համահունչ գործելու մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ ցանկացած զիջում կամ բարեփոխում, որն առաջարկում է այս թևը, իրականում Իրանի պաշտպանական կարողությունները թուլացնելու ծրագիր է, ուստի «համակարգի պահպանման միակ ուղին պարզ հավատարմությունն է առաջնորդին, և զգոնությունը՝ թույլ չտալու համար, որ «բարեփոխումների» անվան տակ երկիրը նորից հայտնվի օտարների ազդեցության տակ»:

Պահպանողական քննադատության կարևոր ուղղություններից մեկը վերաբերում էր նաև 2022 թ. ցույցերի և հետագա բողոքների գնահատականներին։ Բարեփոխականներին մեղադրում էին այն բանի համար, որ վերջիններս այդ իրադարձությունները ներկայացնում են իբրև «բողոքներ», այլ ոչ թե «անկարգություններ», և անտեսում են բախումների ընթացքում սպանված անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։ Այս թեման պահպանողականների դիսկուրսում օգտագործվում էր որպես ապացույց, որ բարեփոխականների մի մասը չի կիսում անվտանգության մասին համակարգի պատկերացումները։ Բարեփոխականների հասցեին այս մեղադրանքները ակտիվացել էր նաև 2026 թ․ ցույցերի համատեքստում։

Միաժամանակ, պահպանողական ճամբարը լիովին չմերժելով բարեփոխումների գաղափարը՝ այնուհանդերձ այն տեսնում էր բոլորովին այլ համատեքստում։ Նրանց պատկերացմամբ՝ անհրաժեշտ փոփոխությունները պետք է լինեին ոչ թե քաղաքական տիրույթում, այլ սոցիալ-տնտեսական և վարչական ոլորտներում։

Պահպանողական գործիչներն ու լրատվամիջոցները հիմնականում ընդգծում են տնտեսական ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման, սոցիալական աջակցության ծրագրերի ընդլայնման և ներքին պոտենցիալի և «դիմադրողական տնտեսության» ամրապնդման անհրաժեշտության մասին[31]։ «Բարեփոխում» հասկացությունը նրանց մոտ հաճախ կապված է համակարգի ներսում փոփոխությունների հետ՝ առանց քաղաքական համակարգի հիմնարար սկզբունքների վերանայման[32]։ Օրինակ, եթե բարեփոխականների մոտ հաճախ է հանդիպում Սահմանադրության պահապանների խորհրդի լիազորությունների վերանայման կամ քաղաքական-տնտեսական դաշտում ԶՈւ ներգրավածության բացառման թեզը, ապա պահպանողականների մոտ նման խոսույթ նկատելի չէ։

Պահպանողական դաշտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև կադրային քաղաքականությանը։ Ընդգծվում է, որ պետական կառավարման համակարգում պետք է առաջխաղացվեն այն պաշտոնյաները, որոնք հավատում են «դիմադրողական տնտեսությանը», գաղափարապես հավատարիմ են համակարգին և կախվածություն չունեն արտաքին ուժերից՝ վերջինիս համատեքստում հակադրվելով արտաքին աշխարհի հետ երկխոսության հարցում բարեփոխականների դիրքորոշմանը։

Փեզեշքիանի և Խամենեիի դիրքորոշումները

Մասուդ Փեզեշքիանը նախագահ էր դարձել փոփոխությունների և «ազգային համերաշխության» խոստումներով։ Նրա նախընտրական քարոզարշավի հիմնական ուղերձներից էր այն, որ անհրաժեշտ է նվազեցնել հասարակության և իշխանության միջև առաջացած ճեղքվածքը, մեղմել կամ վերացնել որոշ սահմանափակումներ։ Իշխանության գալուց հետո Փեզեշքիանը հայտնվեց բավական ծանր իրավիճակում։ Նա ղեկավարում էր կառավարությունը, սակայն քաղաքական համակարգի առանցքային ինստիտուտները՝ խորհրդարան, դատական համակարգը և այլն, ղեկավարվում էին պահպանողական շրջանակների կողմից։ Նման կազմաձևն, օրինակ, լուրջ խնդիրներ էր ստեղծել Հասան Ռոհանիի բարեփոխական կառավարության գործունեության համար նրա պաշտոնավարման վերջին տարիներին։ Ուստի Փեզեշքիանը փորձում էր թույլ չտալ, որ նույն սցենարը կրկնվի նաև իր դեպքում։ Ավելին, նա չձևավորեց (կամ չէր կարող ձևավորել) լիովին բարեփոխական կառավարություն, այլ դրա կազմում ներառեց նաև Ռայիսիի կառավարության անդամներին. նա դա մեկնաբանում էր որպես իր խոստացած «ազգային համերաշխության» դրսևորում։ Այս քայլը, սակայն, միանշանակ չընդունվեց բարեփոխական հոսանքի կողմից, այդ պատճառով նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում նրան աջակցած նախկին ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական տվեց նորանշանակ նախագահի տեղակալի պաշտոնից։

Մեկնարկային նման պայմաններում Մ. Փեզեշքիանը փորձում էր հավատարիմ մնալ իր խոստումներին, և դա իրականցնել մյուս ինստիտուտների հետ համագործակցությամբ։ Այդ համատեքստում նա բազմիցս ընդգծել էր, որ Իրանում լայնածավալ փոփոխությունները հնարավոր են միայն համակարգի ներսում համագործակցության և հատկապես՝ Գերագույն առաջնորդի աջակցության պայմաններում։ Թեև որոշ հարցերում Փեզեշքիանը կարողացել էր փոփոխություններ իրականցնել, օրինակ՝ Whatsapp-ի, Google Play-ի ֆիլտրացիայի վերացում, հիջաբ չկրելու համար նոր պատժամիջոցների օրենքի հետկանչ, սակայն անգամ այդ փոփոխությունները տրվել են դժվարությամբ ու հաճախ մյուս ինստիտուտների դիմադրության պայմաններում։ Օրինակ, եթե նույն հիջաբի օրենքի հարցում Փեզեշքիանի կառավարությունն ընդգծում էր, որ այն վերանայումների կարիք ունի և չի արտացոլում հանրության շահերը, խորհրդարանի ու դատական համակարգի ղեկավարները հայտարարում էին, որ այն պետք է իրագործվի։

Մ. Փեզեշքիանը մի քանի անգամ հրապարակայնորեն խոսել է նաև այն սահմանափակումների մասին, որոնց բախվում է իր կառավարությունը։ Օրինակ՝ ինտերնետի ֆիլտրացիայի հարցում քննադատություններին արձագանքելիս նա հայտարարել էր. «Եթե գործը միայն ինձնով լիներ, մինչ այժմ արել էի։ Ինձ համար առաջնայինը միասնությունն ու համախմբվածությունն է, ոչ թե VPN-ը»։ Նա բացատրում էր, որ այդ հարցով որոշումներ կայացնող այլ կառույցներ էլ կան, մասնավորապես խորհրդարանը և Կիբերտարածության ազգային կենտրոնը, որի անդամները նշանակվում են տարբեր ինստիտուտների կողմից[33]։ Նույն համատեքստում Փեզեշքիանը նաև նշել էր, որ ինտերնետի ֆիլտրացիայի հարցով իշխանությունների ներսում տարաձայնություններ կան, սակայն կառավարությունը չի ցանկանում այդ խնդիրը լուծել «կռվով»։ Մեկ այլ ելույթում նա ևս մեկ անգամ ակնարկել էր իր լիազորությունների սահմանափակ լինելու մասին՝ հայտարարելով. «Մի՞թե դա այդքան պարզ է. մի՞թե ես կարող եմ հիմա նստել ու որոշում կայացնել»[34]։ Պատերազմից հետո ևս Փեզեշքիանի խոսույթում առանցքային է եղել ազգային միասնականության պահպանման հարցը։ Այդ համատեքստում նա բազմիցս ընդգծել է, որ «իր վախը ներքին կռիվներն են»։ Այս առումով Փեզեշքիանը գտնվում է «լարախաղացի» կարգավիճակում՝ աշխատելով հավասարակշռություն պահել և համագործակցել բոլոր ինստիտուտների ու քաղաքական հոսանքների հետ։ Հետպատերազմական բարեփոխումների առաջարկներին, մասնավորապես՝ «Բարեփոխումների ճակատի» հետ հանդիպմանը և նրանց առաջ քաշած հարցերին անդրադառնալիս Մ. Փեզեշքիանը հայտարարել է, որ դրանք բարդ և աստիճանական գործընթաց են։ Նրա խոսքով՝ որոշ փոփոխություններ կարող են տևել նույնիսկ տարիներ[35]։

Փեզեշքիանի այս մոտեցումը բարեփոխական շրջանակաների մոտ դժգոհություններ էր առաջացնում։ Եղան գնահատականներ, որ Փեզեշքիանը չափազանց զգուշավոր է և աստիճանաբար դառնում է պահպանողականների թեկնածուն, ոչ թե բարեփոխականների[36]։ Հատկանշական է, որ այդ ֆոնին հենց պահպանողական մամուլում հրապարակվում էին Փեզեշքիանին աջակցող վերլուծություններ։ Իրականում, Փեզեշքիանի վերաբերյալ պահպանողականների մոտեցումը ևս միանշանակ չէ, վերջինս  նաև պահպանողական թևի կողմից է ենթարկվել քննադատությունների, որի դադարեցման հարցում վճռորոշ է եղել Գերագույն առաջնորդի դերակատարումը։ Օրինակ, օգոստոսին, երբ Փեզեշքիանը հայտարարեց ԱՄՆ հետ երկխոսության անհրաժեշտության մասին, պահպանողական ու անվտանգային թևը սկսեցին համատարած քննադատել նրան։ Այն դադարեց, երբ առաջնորդը աջակցություն հայտնեց Փեզեշքիանին[37]։ Նման իրավիճակ եղել է նաև հունվարի ցույցերի համատեքստում։

Ինչ վերաբերում է գերագույն առաջնորդին, ապա նա 12-օրյա պատերազմից հետո հանդես է եկել մի քանի ելույթներով, որտեղ գլխավորապես շեշտել է ազգային միասնության պահպանման անհրաժեշտությունը։ Պատերազմից հետո իր առաջին հանդիպումներից մեկում Ա. Խամենեին ընդգծել է, որ հակառակորդի նպատակը ներքին անկայունություն ու խռովություն հրահրելն էր, ինչը չի հաջողվել իրանցիների համախմբվածության շնորհիվ։ Նա ընդգծել էր, որ «այս կամ այն քաղաքական թևին պատկանելու հարցը» չպետք է վերածվի նոր ներքին լարվածության աղբյուրի։ Խամենեին պաշտոնյաներին, լրագրողներին և հոգևորականներին հատկապես կոչ էր արել խուսափել այնպիսի քննարկումներից, որոնք կարող են բևեռացնել հասարակությունը[38]։

Նա նաև սահմանել էր քննադատության թույլատրելի սահմանները. «Բարեփոխումների ճակատի» հայտարարությունից օրեր անց՝ օգոստոսի 24-ի ելույթում նա հայտարարեց, որ նոր գաղափարներ ներկայացնելը կամ կառավարությանը խորհուրդներ տալը բնական է, սակայն դա չպետք է վերածվի «Իսլամական Հանրապետության հիմքերը քանդելու» փորձի։ Իսլամական հանրապետության հիմքերում է, օրինակ՝ Սահմանադրության պահապանների խորհուրդը, ԻՀՊԿ-ն, և Ա. Խամենեիի խոսքերը կարող էին նշանակել, որ այդ ուղղությամբ բարեփոխականների պատկերացրած փոփոխություններրը չեն կարող տեղի ունենալ։ Չնայած դրան՝ Խամենեիի խոսույթն ուղղված էր նաև ներքաղաքական մրցակցությունը վերահսկողության դաշտում պահելուն, այդ թվում՝ պահպանողական թևի կոշտ մոտեցումների զսպմանը։ Այս համատեքստում Ա. Խամենեիի հետպատերազմական (2025 թ.) ելույթներն առանձնանում են նաև կառավարությանն աջակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանին նա բնութագրում է որպես «աշխատասեր և ջանասեր» ղեկավար։ Նա մի քանի անգամ կոչ է արել տարբեր ինստիտուտներին աջակցել կառավարությանը և չխոչընդոտել նրա գործունեությանը։ Այս կերպ, Ա. Խամենեին փորձում էր համակարգի ներսում համախմբվածություն և կայունություն ապահովել, որը հատկապես անհրաժեշտ էր հետպատերազմական երկրին։

Իրավիճակը դեկտեմբեր-հունվարի ցույցերից հետո

Իրանում իրավիճակն ավելի բարդացավ 2025 թ. դեկտեմբերի վերջի և 2026 թ. հունվարի լայնածավալ ցույցերի ֆոնին։ Ուժգնացող բողոքի այդ ակցիաների պայմաններում հունվարի 2026 թ. 9-ին Իրանի իշխանություններն անջատեցին ինտերնետի հասանելիությունն ու ուժ գործադրելով ճնշեցին ցույցերը։ Ցույցերի զոհերի մասին տվյալներն իրարարամերժ են։ Իշխանությունները հայտնել են 3117 զոհի մասին, ԱՄՆ-ում գործող Human Rights Activists իրավապաշտպան կազմակերպության տվյալներով կա առնվազն 7000 զոհ[39]։ Ընդդիմադիր մամուլում շրջանառվում են նաև 20-40 հազար զոհի մասին պնդումներ։

Այս ակցիաների ճնշումը իրանական հասարակության համար դարձավ հիասթափության հերթական դրսևորումներից մեկը։ Ընդ որում, այդ հիասթափությունն այնքան մեծ էր, որ երբ 2026 թ. փետրվարի 28-ին սկսվեց Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմը, հասարակության մի հատված, հատկապես արտերկրում ապրողները աջակցում էին այդ հարձակմանը՝ այն դիտարկելով որպես «ռեժիմից փրկելու հնարավորություն»[40]։

Ցույցերից հետո Իրանի ներսում նորից ակտիվացել էր փոփոխությունների անհրաժեշտության մասին դիսկուրսը, սակայն դա կրկին ներկայացվում էր երկու տարբեր կողմերից՝ բարեփոխական և պահպանողական։ Միաժամանակ, ցույցերից հետո ավելացավ ճնշումը նաև ընդդիմադիր շրջանակների վրա։ Այսպես, Hammihan բարեփոխական թերթի գործունեությունը կասեցվեց ցույցերի վերաբերյալ ուղղորդված նյութեր հրապարակելու մեղադրանքով[41]։ Ցույցերի ընթացքում իրենց արտահայտած դիրքորոշումների համար ձերբակալվեցին «Բարեփոխական ճակատի» ղեկավար Ազար Մանսուրին և մի քանի անդամներ[42]։ Թեև հետագայում նրանք ազատ են արձակվել, սակայն նրանց ձերբակալությունը արդեն իսկ ցուցիչ էր, թե համակարգն ինչպես է վերաբերում քննադատական կամ տարբերվող խոսույթին։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված նոր պատերազմն ու դրա հետևանքով առաջացած վերադասավորումները և, հատկապես, ԻՀՊԿ դիրքերի էլ ավելի ամրապնդումը ստեղծել են նոր մարտահարվերներ, և երկիրը շարժվում է «անվտանգային տրամաբանությամբ»։ Այժմ դժվար է պատկերացնել, թե որքա՞ն կխորանա այս տրամադրությունը համակարգի ներսում, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը բարձր է, և իշխանությունը գործում է ճգնաժամային տրամաբանությամբ։ Իրավիճակը հնարավոր կլինի գնահատել հետպատերազմական շրջանում Իրանի իշխանական համակարգում նոր ստատուս-քվոյի հաստատումից հետո։

Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ ինտերնետի հասանելիությունը անջատված է շուրջ երեք ամիս։ Իրանի հակառակորդների հետ համագործակցելու կամ արտասահմանից գործող ընդդիմադիր մամուլի հետ համագործակցելու մեղադրանքով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվում։ Իրականցվում են նախորդ ցույցերի ընթացքում ձերբակալվածների մահվան դատավճիռներ։ Այս պայմաններում նկատելի է նախագահ Մ. Փեզեշքիանի դերակատարման սահմանափակումը։ Եթե նախկինում նա կարողանում էր որոշ հարցերի լուծումներ առաջ մղել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի աջակցության շնորհիվ, ապա այս փուլում դեռ նկատելի չէ, որ նա նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիից վայելում է նույն աջակցությունը։

Եզրակացություն

2025 թ. պատերազմը և դրան հաջորդած ներքաղաքական զարգացումները նորից ի ցույց դրեցին Իրանի քաղաքական համակարգի հիմնական հակասությունները։ Մի կողմից, բարեփոխական շրջանակները շարունակում են պնդել, որ համակարգի կայունության համար անհրաժեշտ են քաղաքական ազատականացում, հանրային ներգրավվածության խթանում և հասարակության վստահության վերականգնում։ Մյուս կողմից, իշխանական համակարգի առանցքային ինստիտուտները, պահպանողական թևը շարունակում են առաջնահերթ համարել գործող մեխանիզմների, քաղաքական կայունության ու ներքին վերահսկողության պահպանման տրամաբանությունը։

 Այս ամենի հետ մեկտեղ, 2026 թ. զանգվածային ցույցերը վերստին ակնառու դարձրին, որ իշխանությունները ներքաղաքական դժգոհությունների կառավարման հարցում որդեգրել են զգուշավորության և կոշտ արձագանքման մարտավարություն։ Ավելին՝ ցույցերից հետո ոչ միայն շարունակվեցին, այլև որոշ դեպքերում ուժեղացան սահմանափակումներն ու անվտանգային վերահսկողությունը, ինչը ցույց տվեց, որ համակարգը դեռևս պատրաստ չէ գնալ ազատականցման։ Փոխարենն այն շեշտը դնում է տնտեսական դրության բարելավման վրա։

Իսկ արդեն նոր՝ 2026 թ. պատերազմի և արտաքին ճնշումների հետնապատկերում Իրանում ավելի է ուժեղանում անվտանգային շեշտադրմամբ մոտեցումը։ Երկարատև ինտերնետային սահմանափակումները, շարունակվող ձերբակալությունները, ուժային և անվտանգային կառույցների վերահսկողության ընդլայնումը ցույց են տալիս, որ իշխանությունները ներկա փուլում առաջնահերթ են համարում ներքին կայունության պահպանումն ու հնարավոր դժգոհությունների վերահսկումը։ Այս պայմաններում քաղաքական համակարգի խորքային բարեփոխումների հնարավորությունը զգալիորեն սահմանափակվում է, իսկ իշխանությունների հիմնական ուշադրությունը կենտրոնացած է ճգնաժամերի կառավարման վրա։ Այս առումով հատկանշական է նաև Իրանում նոր գերագույն առաջնորդի ընտրությունը։ Թեև Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի անունը, որպես հաջորդ Գերագույն առաջնորդի թենածու, շրջանառվում էր տարիներ շարունակ, սակայն նրա թեկնածության հիմնական հակափաստարկը հորից որդի ժառանգական անցման խնդիրն էր։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ նա սերտ կապեր ունի ԻՀՊԿ հետ և առաջնորդ է ընտրվել հենց ԻՀՊԿ ճնշմամբ։ Պատերազմական Իրանի մասին փորձագիտական գնահատականներում ևս Խամենեին հաճախ բնորոշվում է որպես ԻՀՊԿ շահերի սպասարկու։ Ինքը՝ նորընտիր առաջնորդը, դեռ չի երևացել հանրությանը և սահմանափակ թվով ուղերձներ է հղել այս ընթացքում, որոնք հիմնականում պատերազմական համատեքստին են առնչվում։ Ուստի պատերազմական ու կիսապատերազմական իրավիճակում մեզ համար դեռ տեսանելի չեն Իրանում որոշումների կայացման հստակ մեխանիզմները։ Այս պայմաններում դժվար է գնահատել, թե Մոջթաբա Խամենեին իրապես ի՞նչ դեր ունի կամ կարող է ունենալ Իրանի ներքաղաքական հակասությունները կառավարելու, քաղաքական բևեռացումը սահմանափակելու  հարցում։

 Ինչևէ, բարեփոխումների թեման շարունակում է մնալ Իրանի քաղաքական խոսույթի առանցքային հարցերից մեկը։ Տնտեսական ճգնաժամը, արտաքին ճնշումները, հասարակական դժգոհությունները և պետություն-հասարակություն հարաբերություններում կուտակված անվստահությունը պարբերաբար աշխուժացնում են փոփոխությունների անհրաժեշտության մասին քննարկումները։ Այնուամենայնիվ, նմանատիպ փոփոխություններ իրականացնելու գործում համակարգի անպատրաստությունը պարարտ հող է ստեղծում դժգոհության նոր ալիքների բարձրացման համար, ինչն էլ ավելի է բարդանում հետպատերազմյան ծանր կորուստների պատճառով:

Աղբյուրներ և գրականություն

  1. Վարդանյան Ժ․, Իրանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին.
    ԱՌՎԱԿ հայկական վերլուծական կենտրոն, 12.06.2024,
    https://arvak.am/իրանում-արտահերթ-ընտրություններ/
  2. Վարդանյան Ժ․, Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում.
    The Analyticon, 19.10.2022,
    https://web.archive.org/web/20221208235755/https:/theanalyticon.com/hoktember-2022/իրանը՝-քրոնիկ-ցույցերի-հորձանուտում/
  1. Echoes of a Short War: Critical Reflections on Israel’s Attack on Iran.
    Jadaliyya.com, 23.09.2025,
    https://www.jadaliyya.com/Details/46907
  1. Iran protests official death toll passes 7,000.
    hra-iran.org, 13.02.2026,
    https://www.hra-iran.org/iran-protests-official-death-toll-passes-7000/
  1. Iranian Political Prisoner Warns of State Collapse in Letter.
    Iranwire.com, 19.08.2025,
    https://iranwire.com/en/prisoners/144145-iranian-political-prisoner-warns-of-state-collapse-in-letter/
  1. Netanyahu to Iranian people: We hope our operation will clear path to your freedom.
    The Times of Israel, 14.06.2025,
    https://www.timesofisrael.com/netanyahu-to-iranian-people-we-hope-our-operation-will-clear-path-to-your-freedom/
  1. ‘This War Is Not Helping Us’.
    The Atlantic. 16.06.2025,
    https://www.theatlantic.com/international/archive/2025/06/iran-opposition-israel-war/683207/
  1. «Ты мне больше не сестра». Как война разделила иранские семьи.
    BBC.com, 04.04.2026,
    https://www.bbc.com/russian/articles/clydrgvg3p6o
  1. بیانیه میرحسین موسوی پس از جنگ ایران و اسرائیل وایرال شد.
    Negaheiraniannews.ir 11.07.2025,
    https://negaheiraniannews.ir/بیانیه-میرحسین-موسوی-پس-از-جنگ-ایران-و-اسرائیل-وایرال-شد
  1. زهرا رهنورد همسر میرحسین موسوی؛ اسرائیل شهره زن‌کشی و کودک‌کشی است.
    net, 17.06.2025,
    https://www.rokna.net/بخش-اخبار-سیاسی-74/1132211-زهرا-رهنورد-همسر-میرحسین-موسوی-اسرائیل-شهره-زن-کشی-کودک-کشی-است
  1. مهدی کروبی تجاوز رژیم صهیونیستی علیه ایران را محکوم کرد.
    Tabnak.ir, 13.06.2025,
    https://www.tabnak.ir/fa/news/1311489/
  1. مولوی عبدالحمید: ما از مرزهایمان دفاع می‌کنیم، ایران خانه ماست.
    Tabnak.ir, 18.06.2025,
    https://www.tabnak.ir/fa/news/1312333/
  1. بیانیه جبهه اصلاحات : تنها راه نجات کشور، بازگشت به مردم است.
    AsrIran, 17.08.2025,
    https://www.asriran.com/fa/news/1086350/
  1. خاتمی: پس از جنگ، انتظار می‌رفت برای قدردانی از مردم، گشایش‌های بیشتری ایجاد شود.
    Entekhab.ir, 13.11.2025,
    https://www.entekhab.ir/fa/news/894732/
  1. حسن روحانی: اسرائیلی‌ها به برخی از کشور‌های اروپایی و شرقی خبر داده بودند که دوشنبه همه چیز تمام است.
    ir, 13.08.2025,
    https://www.entekhab.ir/fa/news/879927/
  1. علی ربیعی: در جنگ ۱۲ روزه، پناهگاه فیزیکی نبود اما تشکل‌ها پناهگاه اجتماعی شدند.
    Khabaronline.ir, 13.08.2025,
    https://www.khabaronline.ir/news/2102141/
  1. ضرورت اصلاحات در پساجنگ.
    Etemad Newspaper, 23.07.2025,
    https://web.archive.org/web/20250722201114/https:/www.etemadnewspaper.ir/fa/main/detail/235910/ضرورت-اصلاحات-در-پساجنگ
  1. اصلاح‌طلبان قصد اصلاح چه چیزی را دارند؟.
    Farsnews.ir, 13.07.2025,
    https://farsnews.ir/user174376760122/1752410162864587305/اصلاح-طلبان-قصد-اصلاح-چه-چیزی-را-دارند
  1. هدف اصلی نگارندگان بیانیه اصلاحات چه بود؟.
    Tasnimnews.ir, 30.08.2025,
    https://www.tasnimnews.ir/fa/news/1404/06/08/3388114/
  1. واکنش ۱۰ نماینده به بیانیه اصلاحات؛ تأکید بر تسلیم‌نامه مقابل دشمن.
    Farsnews.ir, 21.08.2025,
    https://farsnews.ir/NargesJafari/1755785530565514489/
  1. روزنامه کیهان: مسیری که اقتصاد ایران رفته، کار اصلاح‌طلبان است.
    Hammihan, 19.11.2025,
    https://web.archive.org/web/20251121131557/https:/hammihanonline.ir/بخش-سیاست-18/55299-روزنامه-کیهان-مسیری-که-اقتصاد-ایران-رفته-کار-اصلاح-طلبان-است
  1. ثابتی به روحانی: چرا از مقابله با فساد بانک آینده ناراحتی؟.
    Farsnews.ir, 26.10.2026,
    https://farsnews.ir/yasnabavi66/1761468241092174729/
  1. افراطیونی که جبهه اصلاحات را به آغوش براندازان انداختند.
    Tasnimnews.ir, 10.02.2026,
    https://www.tasnimnews.ir/fa/news/1404/11/21/3513529/
  1. تحلیلی درباره تحرکات اخیر اصلاح‌طلبان رادیکال.
    Tabnak.ir, 19.08.2025,
    https://www.tabnak.ir/fa/news/1323589/
  1. انقلاب اسلامی؛ از نقد ناکارآمدی‌ها تا ضرورت اصلاحات درون‌ساختاری.
    Tasnimnews.ir, 10.02.2026,
    https://www.tasnimnews.ir/fa/news/1404/11/21/3512045/
  1. پزشکیان: نمایندگان پلتفرم‌ها به ایران آمده بودند اما جنگ رفع فیلترینگ را عقب انداخت.
    Zoomit.ir, 30.08.2025,
    https://www.zoomit.ir/tech-iran/447038-pezeshkian-on-filtering/
  1. پزشکیان: شکی نیست که باید بنزین را گران کرد؛ ولی این طور نیست که شب تصمیم بگیرم، هر کسی هم حرف زد بزنم تورش.
    Entekhab.ir, 22.10.2025,
    https://www.entekhab.ir/fa/news/891355/
  1. مسیر اصلاحات را با صبوری، عقلانیت و انسجام ملی دنبال کنیم.
    President.ir, 22.07.2025,
    https://president.ir/fa/160486
  1. اهمیت مدیریت اختلافات درون دولت توسط پزشکیان.
    Khabaronline.ir, 23.11.2025,
    https://www.khabaronline.ir/news/2145938/
  1. رهبر انقلاب: باید از رئیس جمهور حمایت شود.
    Isna.ir, 24.08.2025,
    https://www.isna.ir/news/1404060200624/
  1. دیدار رئیس و مسئولان قوه قضائیه با رهبر انقلاب,
    Khamenei.ir, 16.07.2025,
    https://farsi.khamenei.ir/news-content?id=60698
  1. روزنامه هم‌میهن توقیف شد.
    Mehrnews.com, 19.01.2026,
    https://www.mehrnews.com/news/6725207/
  1. آذر منصوری، اصغرزاده و امین‌زاده بازداشت شدند.
    Tabnak.ir, 08.02.2026,
    https://www.tabnak.ir/fa/news/1356421/

[1] Հոդվածը գրվել է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի նոր պատերազմի մեկնարկից հետո՝ Իրանում ինտերնետի սահմանափակման և լրատվական կայքերի ու թերթերի մի մասի անհասանելիության և կամ խափանումներով գործելու պայմաններում։

[2] Իրանագետ, «Օրբելի» հետազոտական կենտրոնի վերլուծաբան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ։ 2013–2019 թթ․ սովորել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում։ 2016–2018 թթ․ աշխատել է Razm.info մասնագիտացված կայքում։ 2016-ից մինչ օրս աշխատում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

[3] Netanyahu to Iranian people: We hope our operation will clear path to your freedom. The Times of Israel, 14.06.2025, https://www.timesofisrael.com/netanyahu-to-iranian-people-we-hope-our-operation-will-clear-path-to-your-freedom/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[4] 2009 թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ ուղղված զանգվածային բողոքի շարժում էր՝ «Ո՞ւր է իմ քվեն» կարգախոսով։

[5] بیانیه میرحسین موسوی پس از جنگ ایران و اسرائیل وایرال شد. Negaheiraniannews.ir, 11.07.2025,

https://negaheiraniannews.ir/بیانیه-میرحسین-موسوی-پس-از-جنگ-ایران-و-اسرائیل-وایرال-شد (բեռնման օրը՝ 20.04.2026).

[6] زهرا رهنورد همسر میرحسین موسوی؛ اسرائیل شهره زن‌کشی و کودک‌کشی است. Rokna.net, 17.06.2025,
https://www.rokna.net/بخش-اخبار-سیاسی-74/1132211-زهرا-رهنورد-همسر-میرحسین-موسوی-اسرائیل-شهره-زن-کشی-کودک-کشی-است (բեռնման օրը՝ 20.04.2026).

[7] مهدی کروبی تجاوز رژیم صهیونیستی علیه ایران را محکوم کرد. Tabnak.ir, 13.06.2025, https://www.tabnak.ir/fa/news/1311489/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[8] 2011թ․-ից նույնպես տնային կալանքի տակ էր։ Կալանքից ազատվել է 2025-ի մարտին։

[9] Պաշտոններ է զբաղեցրել Մոհամմադ Խաթամիի կառավարությունում։ «Կանաչ շարժմանն» աջակցելու համար 7 տարվա ազատազրկման է դատապարտվել։ 2022 թ. կրկին ձերբակալվել է՝ երկրի անվտանգության դեմ գործողությունների և համակարգի դեմ քարոզչության մեղադրանքով։

[10]مولوی عبدالحمید: ما از مرزهایمان دفاع می‌کنیم، ایران خانه ماست, Tabnak.ir, 18.06.2025, https://www.tabnak.ir/fa/news/1312333/ (բեռնման օրը՝ 20.04.2026).

[11] Echoes of a Short War: Critical Reflections on Israel’s Attack on Iran. Jadaliyya.com, 23.09.2025, https://www.jadaliyya.com/Details/46907 (բեռնման օրը՝ 20.04.2026).

[12] ‘This War Is Not Helping Us’. The Atlantic, 16.06.2025, https://www.theatlantic.com/international/archive/2025/06/iran-opposition-israel-war/683207/ (բեռնման օրը՝ 21.04.2026).

[13] Իրանի պետական համակարգի կարևոր ինստիտուտներից է։ Ստուգում և հաստատում է խորհրդարանի ընդունած օրենքների համապատասխանությունը սահմանադրությանն ու շարիաթին, ինչպես նաև հաստատում կամ մերժում է նախագահի, խորհրդարանի, փորձագետների խորհրդի թեկնածուներին։

[14] Վարդանյան Ժ․, Իրանը՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախաշեմին. arvak.am, 12.06.2024, https://arvak.am/իրանում-արտահերթ-ընտրություններ/ (բեռնման օրը՝ 19.05.2026):

[15] Վարդանյան Ժ․ Իրանը՝ քրոնիկ ցույցերի հորձանուտում. The Analyticon, 19.10.2022, հttps://web.archive.org/web/20221208235755/https:/theanalyticon.com/hoktember-2022/իրանը՝-քրոնիկ-ցույցերի-հորձանուտում/ (բեռնման օրը՝ 19.05.2026):

[16]  بیانیه میرحسین موسوی پس از جنگ ایران و اسرائیل وایرال شد. Negaheiraniannews.ir, 11.07.2025,
հttps://negaheiraniannews.ir/بیانیه-میرحسین-موسوی-پس-از-جنگ-ایران-و-اسرائیل-وایرال-شد (բեռնման օրը՝ 20.04.2026).

[17] Iranian Political Prisoner Warns of State Collapse in Letter. Iranwire.com, 19.08.2025, https://iranwire.com/en/prisoners/144145-iranian-political-prisoner-warns-of-state-collapse-in-letter/ (բեռնման օրը՝ 20.04.2026).

[18] بیانیه میرحسین موسوی پس از جنگ ایران و اسرائیل وایرال ش. Jamaran.news, 22.07.2025,
հttps://www.jamaran.news/بخش-بازنشر-59/1675836-اعضای-جبهه-اصلاحات-ایران-در-دیدار-با-رئیس-جمهور-چه-گفتند  (բեռնման օրը՝ 20.04.2026).

[19] بیانیه جبهه اصلاحات : تنها راه نجات کشور، بازگشت به مردم است. AsrIran, 17.08.2025, https://www.asriran.com/fa/news/1086350/ (բեռնման օրը՝ 17.05.2026).

[20] خاتمی: پس از جنگ، انتظار می‌رفت برای قدردانی از مردم، گشایش‌های بیشتری ایجاد شود. Entekhab.ir, 13.11.2025, https://www.entekhab.ir/fa/news/894732/ (բեռնման օրը՝ 17.05.2026).

[21] حسن روحانی: اسرائیلی‌ها به برخی از کشور‌های اروپایی و شرقی خبر داده بودند که دوشنبه همه چیز تمام است. Entekhab.ir, 13.08.2025, https://www.entekhab.ir/fa/news/879927/ (բեռնման օրը՝ 17.05.2026).

[22]علی ربیعی: در جنگ ۱۲ روزه، پناهگاه فیزیکی نبود اما تشکل‌ها پناهگاه اجتماعی شدند. Khabaronline.ir, 13.08.2025, https://www.khabaronline.ir/news/2102141/ (բեռնման օրը՝ 17.05.2026).

[23] ضرورت اصلاحات در پساجنگ, Etemad Newspaper, 23.07.2025,
https://web.archive.org/web/20250722201114/https:/www.etemadnewspaper.ir/fa/main/detail/235910/ضرورت-اصلاحات-در-پساجنگ. (բեռնման օրը՝ 18.05.2026).

[24] اصلاح‌طلبان قصد اصلاح چه چیزی را دارند؟. Farsnews.ir, 13.07.2025, https://farsnews.ir/user174376760122/1752410162864587305/اصلاح-طلبان-قصد-اصلاح-چه-چیزی-را-دارند
(բեռնման օրը՝ 18.05.2026).

[25]  Այս հայտարարությունը քննադատել են նաև որոշ բարեփոխական գործիչներ։

[26] هدف اصلی نگارندگان بیانیه اصلاحات چه بود؟. Tasnimnews.ir, 30.08.2025,
https://www.tasnimnews.ir/fa/news/1404/06/08/3388114/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[27]واکنش  ۱۰ نماینده به بیانیه اصلاحات؛ تأکید بر تسلیم‌نامه مقابل دشمن. Farsnews.ir, 21.08.2025,
https://farsnews.ir/NargesJafari/1755785530565514489/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[28] روزنامه کیهان: مسیری که اقتصاد ایران رفته، کار اصلاح‌طلبان است. Hammihan, 19.11.2025,
https://web.archive.org/web/20251121131557/https:/hammihanonline.ir/بخش-سیاست-18/55299-روزنامه-کیهان-مسیری-که-اقتصاد-ایران-رفته-کار-اصلاح-طلبان-است (բեռնման օրը՝ 18.05.2026).

[29] ثابتی به روحانی: چرا از مقابله با فساد بانک آینده ناراحتی؟. Farsnews.ir, 26.10.2026,
https://farsnews.ir/yasnabavi66/1761468241092174729/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[30] افراطیونی که جبهه اصلاحات را به آغوش براندازان انداختند. Tasnimnews.ir, 10.02.2026,
https://www.tasnimnews.ir/fa/news/1404/11/21/3513529/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[31] تحلیلی درباره تحرکات اخیر اصلاح‌طلبان رادیکال. Tabnak.ir, 19.08.2025,
https://www.tabnak.ir/fa/news/1323589/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[32] انقلاب اسلامی؛ از نقد ناکارآمدی‌ها تا ضرورت اصلاحات درون‌ساختاری. Tasnimnews.ir, 10.02.2026,
https://www.tasnimnews.ir/fa/news/1404/11/21/3512045/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[33] پزشکیان: نمایندگان پلتفرم‌ها به ایران آمده بودند اما جنگ رفع فیلترینگ را عقب انداخت. Zoomit.ir, 30.08.2025,
https://www.zoomit.ir/tech-iran/447038-pezeshkian-on-filtering/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[34] پزشکیان: شکی نیست که باید بنزین را گران کرد؛ ولی این طور نیست که شب تصمیم بگیرم، هر کسی هم حرف زد بزنم تو سرش.  Entekhab.ir, 22.10.2025, https://www.entekhab.ir/fa/news/891355/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[35]مسیر اصلاحات را با صبوری، عقلانیت و انسجام ملی دنبال کنیم. President.ir, 22.07.2025,
https://president.ir/fa/160486 (բեռնման օրը՝ 18.05.2026).

[36] اهمیت مدیریت اختلافات درون دولت توسط پزشکیان. Khabaronline.ir, 23.11.2025,
https://www.khabaronline.ir/news/2145938/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[37] رهبر انقلاب: باید از رئیس جمهور حمایت شود. Isna.ir, 24.08.2025,
https://www.isna.ir/news/1404060200624/ (բեռնման օրը՝ 18.05.2026).

[38]  دیدار رئیس و مسئولان قوه قضائیه با رهبر انقلاب. Khamenei.ir, 16.07.2025,
https://farsi.khamenei.ir/news-content?id=60698 (բեռնման օրը՝ 20.04.2026).

[39] Iran protests official death toll passes 7,000. hra-iran.org, 13.02.2026,
https://www.hra-iran.org/iran-protests-official-death-toll-passes-7000/ (բեռնման օրը՝ 19.05.2026).

[40] «Ты мне больше не сестра». Как война разделила иранские семьи. BBC.com, 04.04.2026,
https://www.bbc.com/russian/articles/clydrgvg3p6o (բեռնման օրը՝ 19.05.2026).

[41] روزنامه هم‌میهن توقیف شد. Mehrnews.com, 19.01.2026,
https://www.mehrnews.com/news/6725207/ (բեռնման օրը՝ 19.05.2026).

[42] آذر منصوری، اصغرزاده و امین‌زاده بازداشت شدند. Tabnak.ir, 08.02.2026,
https://www.tabnak.ir/fa/news/1356421/ (բեռնման օրը՝ 19.05.2026).