Հրապարակում
Թուրք-իսրայելական հարաբերությունները տարածաշրջանային վերջին զարգացումների լույսի ներքո

Փորձագետի մեկնաբանություն, 14.04.2026 թ.[1]
Արեստակես Ս. Սիմավորյան[2]
Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական հարձակման հետևանքով թուրք-իսրայելական սպառնալիքի շուրջ քննարկումները սրվեցին ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Նմանատիպ մտահոգություններ առաջացել էին դեռևս 2024 թ. դեկտեմբերին՝ Ասադի ռեժիմի տապալումից հետո, երբ Թուրքիայի ազդեցության մեծացումը Սիրիայում տեղի ունեցավ ԻԻՀ և ՌԴ դիրքերի թուլացման հաշվին։ Այդ ընթացքում Իսրայելն ավելի հստակ սկսեց ընկալել Թուրքիային իբրև տարածաշրջանային մրցակից, ինչն էլ մեծացրեց լարվածությունը։ Սակայն ԱՄՆ միջնորդությամբ ընթացող երկկողմ բանակցությունները՝ միտված Սիրիայում պատահական բախումների կանխմանը, թույլ տվեցին որպեսզի ժամանակավորապես մարեն «Թուրքիան՝ Իրանից հետո» թեզի շուրջ ծավալվող բանավեճը։
Այս զարգացումները տեղի են ունենում Թուրքիա–Իսրայել հարաբերությունների դինամիկ, բայց հակասական պատմության ֆոնին, որը դրսևորվում է պարբերական ճգնաժամերով և դրան հաջորդող վերականգնումներով։ Եթե պաղեստինյան հիմնախնդիրը մշտապես հանդիսացել է երկկողմ հարաբերությունների հիմնական, այսպես ասած, խարխլող գործոնը, ապա տնտեսությունը, առևտուրը և էներգետիկան ծառայել են իբրև համագործակցության կայուն հիմք։ 2022 թ. Անկարայի՝ «զրո խնդիր հարևանների հետ» պայմանականորեն կոչված քաղաքականության վերադարձը դրականորեն ազդեց նաև Իսրայելի հետ կապերի վրա, ինչի գագաթնակետը 2023 թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի շրջանակներում Էրդողան–Նեթանյահու դեմ առ դեմ հանդիպումն էր։ Սակայն 2023 թ. հոկտեմբերի 7-ի իրադարձությունները և Գազայում Իսրայելի ռազմական գործողությունները կտրուկ շրջեցին այս միտումը. սկզբնական շրջանում դրսևորած զսպվածությունից հետո Անկարան անցավ կոշտ հռետորաբանության, ինչն էլ հանգեցրեց հարաբերությունների արագ վատթարացման։
Ներկա պայմաններում, սակայն, Իսրայելում կրկին թեժացել են թուրքական սպառնալիքի շուրջ քննարկումները։ 2026 թ. փետրվարի վերջին Իսրայելի նախկին վարչապետ Ն. Բենեթը Թուրքիան բնութագրեց որպես «նոր Իրան»՝ պնդելով, որ անհրաժեշտ է միաժամանակ հակազդել և՛ Թեհրանին, և՛ Անկարային[3]։ Նախկին պաշտպանության նախարար Յ. Գալանտը նույնպես զգուշացրեց Թուրքիայի վերելքի մասին՝ նշելով, որ «վերջինս փորձում է լրացնել Իրանի թողած վակուումը Սիրիայում»[4]։
Այս ամենին կարելի է գումարել նաև թուրքական լրատվամիջոցների[5] և փորձագիտական հաստատությունների հրապարակումները[6], որոնցում քննարկվում են Իսրայելի հետ հնարավոր պատերազմի սցենարներն ու զարգացումները։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման հրապարակումները մի փոքր այլ շեշտադրմամբ լույս էին տեսել նախքան վերոհիշյալ պաշտոնատար անձինք կանեին այդպիսի հայտարարություններ։ Ուստի կարելի է ասել, որ հարցը պարզապես տեսական վեճի տիրույթում չէ և չի ի հայտ եկել համեմատաբար վերջերս, այլ փաստացի իրողություն է, որտեղ կողմերը միմյանց դիտարկում են որպես անխուսափելի ռազմավարական ախոյաններ։
Փորձագիտական մի շարք գնահատականների համաձայն՝ այս իրավիճակը մեծապես պայմանավորված է նաև Իսրայելի ներքաղաքական իրողություններով։ 2026 թ. հոկտեմբերին կայանալիք համապետական ընտրությունների նախաշեմին (եթե դրանք, իհարկե, տեղի ունենան) նախկին վարչապետ Ն. Բենեթը համարվում է գործող վարչապետ Բ. Նեթանյահուի լուրջ մրցակից[7]։
Ելնելով դրանից՝ կարծում ենք, որ Թուրքիան որպես նոր սպառնալիք ներկայացնելը ունի հստակ քաղաքական ուղերձ՝ ուղղված ներքին լսարանին։ Անկարայի անվերապահ աջակցությունը Պաղեստինին և նրա հակաիսրայելական կեցվածքը, Սիրիայում ազդեցության ընդլայնումն ու Արաբական աշխարհի հետ մերձեցումը Իսրայելի աջակողմյան շրջանակների համար Անկարային վերածում են ռազմավարական ախոյանի։ Հետևաբար, այն թեզը, որ Թուրքիան լինելու է Իսրայելի հաջորդ թիրախը, անմիջական ռազմական գործողությունների նախերգանք չէ, այլ քաղաքական բանավեճ, որը միահյուսվում է Մերձավոր Արևելքում ուժերի հնարավոր վերադասավորման և ներքաղաքական մոբիլիզացիայի շահերի հետ։ Ինչևէ, չնայած ներքին և արտաքին հարթակներում հնչող մտավախություններին, թե Թուրքիան կարող է դառնալ հաջորդ թիրախը, վերջինս ձգտում է չներքաշվել բացահայտ առճակատման մեջ և, ի պատասխան իսրայելական հայտարարություններին, որդեգրել է «զգուշավոր» մարտավարություն։
Մյուս կողմից նկատենք, որ 20252թ. հունիսին տեղի ունեցած «12-օրյա պատերազմի» ընթացքում Իրանի ՀՕՊ համակարգի կրած զգալի վնասները Թուրքիայի համար ունեցան ցնցող ազդեցություն։ Եթե այդ ընթացքում տեղի ունեցածից ելնելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ակադեմիայի մասնագետների կողմից հրապարակված զեկույցում նշվում էր, որ Անկարան պետք է դասեր քաղի այդ ամենից և շուտափույթ կերպով զարկ տա սեփական ՀՕՊ համակարգերի ստեղծմանն ու զարգացմանը[8], ապա ներկայիս ԱՄՆ/Իսրայել–Իրան հակամարտության ընթացքում սպառնալիքը դարձավ անմիջական։ Մասնավորապես, 2026 թ. մարտ ամսում ենթադրյալ իրանական բալիստիկ հրթիռներ խոցվեցին հենց Թուրքիայի օդային տարածքում։ Ճիշտ է, դրանք չեզոքացվեցին ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից, սակայն այս միջադեպերը Անկարային ստիպում են գնալ սեփական հակաօդային պաշտպանության հզորացման ճանապարհով։ Այս համատեքստում, Անկարան կտրուկ արագացնում է սեփական բազմաշերտ ՀՕՊ համակարգի ստեղծումը։ Էրդողանի վարչակազմի կողմից ներկայացված «Պողպատե գմբեթ» (Çelik Kubbe) հայեցակարգը դարձել է պաշտպանական արդյունաբերության անկյունաքարը։ 2025 թ. նոյեմբերի վերջին Պաշտպանական արդյունաբերության գործակալության (SSB) հովանու ներքո $6.5 մլրդ-ի պայմանագրեր են կնքվել տեղական առաջատար ռազմարդյունաբերական հաստատություններ՝ ASELSAN-ի և ROKETSAN-ի հետ[9]։
Այնուամենայնիվ պետք է նկատել, որ ներքին արտադրության համակարգերը դեռևս հեռու են լիարժեք գործառնական մակարդակի հասնելուց։ Ինչպես նշում է թուրքական կվազիպետական «ուղեղային կենտրոնի» համբավ ունեցող Տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի (թուրքերեն հապավումը՝ EDAM) տնօրեն Ս. Ուլգենը. «Ազգային կարողությունների վրա հիմնված օդային և հրթիռային պաշտպանության ճարտարապետության մշակումը, դրա հաջող ստուգումը և, հետևաբար, դրա՝ որպես հուսալի համակարգի ձևավորումը անխուսափելիորեն ժամանակ կպահանջի»[10]։
Սա նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում դեռևս մեծապես կախված է մնալու ՆԱՏՕ-ի աջակցությունից, ինչի վառ ապացույցը 2026 թ. մարտի 10-ին Մալաթիա քաղաքի շրջակայքում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ բազայի՝ Քյուրեջիքում ամերիկյան լրացուցիչ Patriot համակարգերի տեղակայումն էր։
Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես մեր նախորդ հոդվածում[11] էինք նշել՝ այն մնում է երկբևեռ. մի կողմից՝ դիվանագիտական զսպում և ճգնաժամերի կառավարում, մյուս կողմից՝ սեփական ռազմական կարողությունների սրընթաց արդիականացում և ՆԱՏՕ-ի հետ անվտանգային կապերի սերտացում։
Գալով թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա ընթացքի վերաբերյալ մեր համեստ կանխատեսումներին, կարծում ենք, որ առավել հավանական է, որ մոտ ապագայում ականատես կլինենք ոչ թե ուղղակի պատերազմի, ինչպես ենթադրում են արևմտյան փորձագիտական որոշ շրջանակներ, այլ անուղղակի առճակատման սուր դրսևորումների այն գոտիներում, որտեղ երկու երկրների շահերը բախվում են՝
ա) Սիրիայում՝ դա անվտանգության նոր ճարտարապետության, քրդական գործոնի և ազդեցության գոտիների վերաբաշխման շուրջ սկզբունքային տարակարծություններն են,
բ) Արևելյան Միջերկրականում՝ ծովային սահմանների սահմանազատման և էներգակիրների արդյունահանման ու տարանցման շուրջ շարունակվող մրցակցությունը,
գ) Աֆրիկյան եղջյուրում ազդեցության պայքարն է Սոմալիում և Սոմալիլենդում՝ Կարմիր ծովի նավագնացության ուղիների վրա վերահսկողություն սահմանելու համար։
Այնպես որ առաջիկա տարիներին ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ թե լիարժեք ռազմական բախման հավանականությունը, այլ այն, թե ինչպես վերոգրյալ տարածաշրջաններում ընթացող մրցակցությունը խորացնում է փոխադարձ անվստահությունը, որը կարող է հետզհետե կուտակել պայթյունավտանգ լիցքեր թուրք–իսրայելական հետագա հարաբերությունների համար։
[1] Մեկնաբանությունը խմբագրություն է փոխանցվել 12.04.2026 թ.-ին:
[2] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[3] Gabriel Colodro․ ‘The New Iran’: Bennett Warns of Emerging Axis at Conference of Presidents․ 02․18․2026, https://themedialine.org/headlines/the-new-iran-bennett-warns-of-emerging-axis-at-conference-of-presidents/ (բեռնման օրը՝ 08.04.2026).
[4] Турция создает угрозу на границе Израиля – предупреждение Галанта. Курсор, 27.02.2026, https://cursorinfo.co.il/israel–news/turtsiya–sozdaet–ugrozu–na–granitse–izrailya–preduprezhdenie–galanta/ (բեռնման օրը՝ 08.04.2026).
[5] Suat Kınıklıoğlu․ İsrail’in yeni düşmanı Türkiye mi? Medyascope, 02.03.2026, https://medyascope.tv/2026/03/02/suat-kiniklioglu-yazdi-israilin-yeni-dusmani-turkiye-mi/ (բեռնման օրը՝ 08.04.2026). Said Elhaj․ Türkiye’nin En Tehlikeli Düşmanı: İsrail․ Fokus+, 05.01.2026, https://www.fokusplus.com/odak/turkiyenin-en-tehlikeli-dusmani-israil (բեռնման օրը՝ 08.04.2026).
[6] İsrail’de Türkiye Korkusu Derinleşiyor․ Stratejik Düşüncü Enstitüsü. 17.04.2025, https://www.sde.org.tr/haber/israil-de-turkiye-korkusu-derinlesiyor-haberi-57909 (բեռնման օրը՝ 09.04.2026).
[7] Naftali Bennett vs. Benjamin Netanyahu: 2026 Leadership Analysis and Right-Wing Voter Sentiment․ Jeremy’s Knesset Insider, 01․01․2026, https://knessetjeremy.com/2026/01/01/naftali-bennett-vs-benjamin-netanyahu-2026-leadership-analysis-and-right-wing-voter-sentiment/ (բեռնման օրը՝ 11.04.2026).
[8] 12 gün savaşı ve Türkiye için dersler․ RAPOR / Ağustos 2025, https://mia.edu.tr/uploads/f/12-gn-savasi-ve-trkiye-iin-dersler_1.pdf?v=1754026418 (բեռնման օրը՝ 11.04.2026).
[9] Türkiye’s $6.5B Multi-Layered Steel Dome Expansion Sets New Benchmarks in Regional Air Defence. Defense News Army, 28․11․2025, https://www.armyrecognition.com/news/army-news/2025/tuerkiyes-6-5b-multi-layered-steel-dome-expansion-sets-new-benchmarks-in-regional-air-defence (բեռնման օրը՝ 11.04.2026).
[10] Hilken Doğaç Boran․ ‘Çelik Kubbe’ hava savunma sistemi nasıl çalışacak, neden önemli? BBC Türkçe, 28․08․2025, https://www.bbc.com/turkce/articles/cqjlrd98py5o (բեռնման օրը՝ 11.04.2026).
[11] Արեստակես Սիմավորյան․ Իրանական ճգնաժամը Թուրքիայի դիրքորոշման համատեքստում և հնարավոր զարգացումները․ ԱՌՎԱԿ – Հայկական վերլուծական կենտրոն, 08․04․2026, https://arvak.am/իրանական-ճգնաժամը-թուրքիայի-դիրքորո/ (բեռնման օրը՝ 11.04.2026):