Մեկնաբանություններ

TRIPP նախագիծը. աշխարհաքաղաքական ռիսկեր և տարածաշրջանային նոր իրողություններ

Проект TRIPP геополитические риски и новые региональные реалии
1 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.04.2026 թ.[1]

  1. Նախապատրաստման դինամիկան և փորձագիտական թերահավատությունը

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն արդիականացրել է նոր պայմաններում Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) նախագծի իրագործելիության աստիճանի մասին քննարկումը: Մի շարք փորձագետների գնահատանքով, ովքեր 08.08.2025 թ. վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից ի վեր հետևում են այս խնդրին, նախագիծը հիմնարար նշանակություն ունի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համար, ու, հետևաբար, դրա իրականացումը դիտարկվում է որպես այլընտրանք չունեցող, թեև չի բացառվում գործնական քայլերի ժամանակավոր հետաձգման հնարավորությունը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունների լույսի ներքո: Թերահավատները, իրենց հերթին, պնդում են, որ տարածաշրջանում տեղի կունենա ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխություն, ինչն անխուսափելիորեն կազդի TRIPP-ի հեռանկարների վրա՝ առնվազն իր աշխարհաքաղաքական և ֆինանսատնտեսական շահառուների փոխդասավորության վերանայման առումով: Առավելագույնը՝ նախագիծը կմնա թղթի վրա կամ կլուծարվի ստորագրող կողմերից մեկի կողմից՝ դրա անհեռանկարային լինելու և ստեղծված իրողություններին չհամապատասխանելու պատճառով։

Դատելով բաց աղբյուրներից՝ ներկայումս նախագծի մասնակիցները շարունակում են նախապատրաստական աշխատանքները. Հայաստան պարբերաբար այցելում են ԱՄՆ-ից ժամանած փորձագիտական աշխատանքային խմբեր, կատարվում են շինարարական աշխատանքների գնահատումներ ու նախագծում, ինչպես նաև համաձայնեցվում է իրավական հարցերն ու տեխնիկական մանրամասների լայն շրջանակը:

Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը գործնականում ավարտում է դեպի հայկական սահման ձգվող հաղորդակցությունների համալիր անցկացումը։ Թուրքիան նաև ակտիվորեն շինարարական և վերանորոգման աշխատանքներ է իրականացնում Կարս–Իգդիր–Արալըք–Դիլիջու երկաթուղային երթուղում: Պաշտոնական Անկարան ուղղակի կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն Թուրքիայում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մինչև Նախիջևան երկաթգծի անցկացման զգալի ծախսերը վկայում են, որ Անկարան Վաշինգտոնից որոշակի երաշխիքներ է ստացել «Թրամփի երթուղու» իրականացման ոչ այլընտրանքայնության վերաբերյալ:

Ըստ արտաքին նշանների, նախապատրաստման գործընթացը դեռ ընթանում է սովորական տեմպերով։ Այնուամենայնիվ, կան մի շարք գործոններ, որոնք միասին կարող են հանգեցնել մոտ ապագայում այս նախաձեռնության ձախողմանը:

  1. Իրանական պատերազմի գործոնը. անվտանգության երաշխիքների զրոյացումը

ԻԻՀ-ն պահպանողական թևի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով (ներառյալ այաթոլլա Ալի Խամենեին, ով զոհվել է ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով) բազմիցս հայտարարել է, որ TRIPP նախագիծը սպառնալիք է ներկայացնում Թեհրանի շահերի համար, և իրանական սահմանների մոտ դրա իրագործումն անթույլատրելի կլինի: Իրանի իշխանությունները TRIPP-ը գնահատում են որպես հարթակ անմիջապես իրենց հյուսիսային սահմաններին ամերիկյան ռազմական և հետախուզական ներկայության տեղակայման համար, ինչպես նաև դրանում ներունակ սպառնալիք են տեսնում՝ կապված տարածաշրջանում թյուրքական գործոնի ուժեղացման հետ, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես երկրի վրա արտաքին ճնշման, այնպես էլ ազգային անջատողականության ներքին միտումների համատեքստում:

Ի թիվս այլ խնդիրների, Թեհրանը մտահոգություն է հայտնում Սյունիքում ԱՄՆ-ի կողմից Հայաստան և Վրաստան իրանական մուտքի հնարավոր արգելափակման վերաբերյալ, մի երթուղի, որն ապահովում է ԻԻՀ-ի առևտրա-լոգիստիկ կապը Սևծովյան ավազանի երկրների և Եվրոպայի հետ: Վերջապես, TRIPP-ը չընդունելու ևս մեկ դրդապատճառ է հանդիսանում Բաքվի վրա էական ազդեցության լծակի կորստյան սպառնալիքը, ազդեցություն, որպիսին Իրանի տարածքով Ադրբեջանի կապն է նախիջևանյան արտատարածքի հետ։ Թեհրանը Բաքվին քանիցս առաջարկել է կենտրոնանալ հենց այդ՝ թյուրքական երկրների հաղորդակցության համար առավել լավարկված երթուղու ենթակառուցվածքի ֆինանսավորման և ընդլայնման վրա՝ իր կողմից երաշխավորելով դրա անվտանգությունը։ Թյուրքական պետությունների ինտեգրման միտման լույսի ներքո Իրանը նշված տրանսպորտային-էներգետիկ միջանցքը դիտարկել է որպես Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) նկատմամբ վերահսկողության ներունակ գործիք և տարանցումից ստացվող զգալի եկամուտների աղբյուր:

Այնուամենայնիվ, Սպիտակ տանը TRIPP-ի հռչակագիրը ստորագրելու ժամանակ անտեսվել են Իրանի մտահոգություններն ու նախաձեռնությունները: Վաշինգտոնում, Բաքվում, Անկարայում, ինչպես նաև Երևանում թերահավատորեն են ընկալվել Թեհրանի սպառնալիքները՝ ելնելով այն համոզմունքից, որ Իրանի իշխանությունները, չնայած իրենց կոշտ հռետորաբանությանը, չեն համարձակվի արմատական ուժային միջոցներ ձեռնարկել «Թրամփի ճանապարհի» նկատմամբ:

Իրանական իշխանությունների կտրական տոնն իսկապես որոշ չափով հակասում էր նախագծի տապալմանն ուղղված ուժային քայլերի դիմելու նրա իրական պատրաստակամությանը։ 2025 թ. հուլիսյան «12-օրյա պատերազմից» հետո Իրանում վախենում էին ԱՄՆ-ի հետ նոր բախումից, և հազիվ թե TRIPP-ի մասին պայմանագիրն այն ժամանակ իրանական վերնախավերի կողմից դիտարկվեր որպես casus belli, որին պետք է անհապաղ հետևեին ԱՄՆ-ի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի դեմ կտրուկ գործողությունները։ Ավելին, ինչ-որ պահի իրանական քաղաքական վերնախավում չափավոր բարեփոխիչ թևը նույնիսկ սկսեց առաջ տանել այն թեզը, թե «Թրամփի երթուղին» Թեհրանի որոշակի պահանջների կատարման պայմանով սպառնալիք չի ներկայացնի նրա համար։ Այդ մասին է վկայում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի օգոստոսյան հայտարարությունը, որում նա կարծիք է հայտնել, թե TRIPP նախագծի՝ Իրանին սպառնացող վտանգների մասին խոսակցությունները «խիստ չափազանցված են»:

Իրանցի պահպանողականները, ամենայն հավանականությամբ, օգտագործել են բարեփոխիչների փաստարկները, որպեսզի օրակարգից հանեն ամերիկյան նախաձեռնությանը իրենց խոստացած հակազդեցության հարցը և խուսափեն ամերիկա-իրանական առճակատման վերսկսման նոր առիթներից: Առարկայորեն ԱՄՆ-ի հովանու ներքո տարածաշրջանային երթուղու կառուցման գործընթացում Իրանը պատրաստ չէր ուժային միջամտության, որի հետ նա, ընդ որում, ֆորմալ առումով ուղղակի կապ չունի։ Հետևաբար, Թեհրանը նախընտրեց TRIPP-ը թողնել ԱՄՆ-ի առջև գծած «կարմիր գծի» հետևում, որպեսզի իր հեղինակությունը պահպանելով հանդերձ՝ նրա հետ ռազմական հակամարտության նոր հիմքեր չստեղծի։

Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2026 թ. փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական կոալիցիայի սանձազերծած նոր պատերազմն սկսվելուց հետո։ ԻԻՀ ողջ իշխանական համակարգին ուղղված գոյութենական սպառնալիքը և, ընդհանուր առմամբ, պետական ինքնիշխանության կորստի ռիսկը հանգեցրին հարցի հանմանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում խոհեմության և ծայրահեղ զգուշավորության օրակարգից: Դոնալդ Թրամփն առաջին գրոհները վերապրած Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությանն այլ ընտրություն չի թողել, քան բոլոր հասանելի միջոցներով պաշտպանությունը, միաժամանակ ստիպված լինելով բախվել ոչ միայն ռազմական կորուստների հետ: ԱՄՆ-ի դաշնակից Մերձավոր Արևելքի երկրների նավթագազային, լոգիստիկ և տեխնոլոգիական ենթակառուցվածքների վրա Իրանի հարձակումները վկայում են, որ ամերիկյան զինվորականներին, ինչպես նաև տարածաշրջանի ֆինանսատնտեսական շահերին առավելագույնս վնաս հասցնելու իր ձգտման մեջ Թեհրանն անտեսում է ցանկացած «կարմիր գիծ»:

 Փորձագիտական հանրությունը, հետաքրքրություն ցուցաբերելով TRIPP-ի ճակատագրի նկատմամբ, գործնականում միաձայն է իր գնահատանքում. «Թրամփի երթուղու» ենթակառուցվածքն, անկախ իր պատրաստության աստիճանից, ընթացիկ հակամարտության պայմաններում անխուսափելիորեն կենթարկվեր Թեհրանի հարձակմանը։ Իրանը ցուցադրել է իր պատրաստակամությունը փակելու Հորմուզի նեղուցը՝ ածխաջրածինների արտահանման համար առանցքային նշանակություն ունեցող համաշխարհային ծովային զարկերակը, ընդ որում՝ անտեսելով միջազգային հանրության շահերը։ Այդ իսկ պատճառով քիչ հավանական է, որ հայկական Սյունիքով անցնող ցամաքային ճանապարհը կխուսափի նման ճակատագրից։ Հետևաբար, ամերիկա-իսրայելական հակամարտության երկարաձգման կամ դանդաղ ընթացքի պահպանման դեպքում նախագծի իրականացումը կհետաձգվի Թեհրանի կողմից հարվածների մշտական սպառնալիքի հետևանքով:

Հակամարտության ցանկացած ձևի պահպանումը կխոչընդոտի այն մասնավոր ներդրումների հոսքին, որոնց հետ հույսեր էին կապում Վաշինգտոնն ու Երևանը։ Իսկ եթե ամերիկա-իրանական հակամարտությունն ավարտվի ամուր խաղաղությամբ, ինչը ենթադրում Է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում, նրա միջազգային ակտիվների ապասառեցում և առևտրատնտեսական կապերի հաստատում, ապա TRIPP-ի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակությունը կնվազի զգալիորեն։ Այդ դեպքում երթուղին համաշխարհային տնտեսության ծավալով կկորցնի իր շահութաբերությունը, քանի որ Իրանը, լինելով «ռեաբիլիտացված» և համագործակցության համար բաց, կդառնա մայրցամաքային ամենահարմար տարանցիկ հարթակը։ Նման իրավիճակում «Թրամփի երթուղու» նախագծի առաջխաղացումը ձեռնտու կլինի միայն Ադրբեջանին ու Թուրքիային՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» միջոցով աշխարհագրորեն տարանջատված «թյուրքական աշխարհը» միացնելու նրանց ծրագրերի համատեքստում։

Սակայն տեղաբաշխվելու պարագայում, երբ ԱՄՆ-ը կորցնի հետաքրքրությունը TRIPP նախագծի նկատմամբ, թուրք-ադրբեջանական երկյակի նախաձեռնությունն զգալիորեն կկորցնի իր կշիռը։ Այն չի կարող իրականացվել առանց Թեհրանի համաձայնության, որն իր հերթին դժվար թե բարեհաճություն ցուցաբերի ԹՊԿ դաշինքի՝ ինքնիշխան հայկական տարածքով արտատարածքային միջանցքի միջոցով անարգել ցամաքային կապի նախագծի նկատմամբ։ Իրանն, ամենայն հավանականությամբ, ուժի սպառնալիքի ներքո թույլ չի տա նման ձևաչափով երթուղու գործարկումը, ինչում նրան կարող է աջակցել ՌԴ-ն՝ ելնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ներքին անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի վերաբերյալ սեփական մտավախություններից:

Ամփոփելով՝ պետք է եզրակացնել, որ առանց Թեհրանում գործող իշխանությունների հետ համաձայնեցնելու և նրանց կողմից համապատասխան երաշխիքներ ստանալու, TRIPP նախագիծը կմնա անկենսունակ՝ անվտանգության մշտական սպառնալիքով, ինչն անխուսափելիորեն ներդրումների պակասուրդի կհանգեցնի: Իսկ եթե հակաիրանական կոալիցիային հաջողվի Թեհրանում գործող վարչակազմը փոխել Արևմուտքի հանդեպ բարեհաճ վարչակազմով՝ առանց իրանական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման, «Թրամփի միջանցքը», բնականաբար, կկորցնի իր շահութաբերությունը։ Այդ դեպքում նախագծի միակ շահառուներ կմնան Թուրքիան և Ադրբեջանը, սակայն առանց Արևմուտքի աջակցության նրանց համար դժվար կլինի նախագիծը վերաձևակերպել որպես ներթյուրքական ինտեգրման օրակարգի տարր։

  1. Քաղաքական ճգնաժամը և ԱՄՆ-ում իշխանափոխության հեռանկարը

 Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակը բացասաբար է անդրադարձել Դ. Թրամփի վարկանիշի վրա և, ընդհանուր առմամբ, թուլացրել ԱՄՆ հանրապետական կուսակցության դիրքերը: Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ դեմոկրատական կուսակցությունն արդեն իսկ զգալի շանսեր ունի իմպիչմենտի միջոցով Թրամփին իշխանությունից հեռացնելու համար: Սակայն երաշխավորված հաջողություն ապահովելու համար նրանք, ենթադրաբար, կսպասեն 2026 թ. նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին, որից հետո, ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների, հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատներում: Այս փոխդասավորության դեպքում նախագահը կզրկվի Կապիտոլիումի բլրի աջակցությունից, ինչն իմպիչմենտի գործընթացը գրեթե անբեկանելի կդարձնի։

Դեմոկրատները համոզված են, որ նշված պահին Թրամփը չի կարողանա կարգավորել իր արտաքին քաղաքականության իսրայելա-իրանական մասը և, որ ամենակարևորն է, իրանական ձախողումը կանդրադառնա նաև հաջորդ նախագահական ընտրություններում հանրապետականների ամենաուժեղ թեկնածուի՝ Ջեյ Դի Վենսի դիրքերի վրա: Թեհրանի հետ բանակցությունների միջոցով իրավիճակը շտկելու նրա փորձերն այս պահին լավատեսություն չեն ներշնչում։

Ամեն դեպքում, Սպիտակ տան գործող վարչակազմը ռիսկ է անում բախվել վաղաժամ հեռանալու վտանգի հետ, որը կարող է ուղեկցվել ԱՄՆ պատմության մեջ նրա գործունեության աննախադեպ իրավաքաղաքական վերանայմամբ: Անկախ փորձագետների գնահատանքով, այսպես կոչված, «էփշտեյնի գործի» շուրջ աղմկահարույց խոսույթը, իրանական պատերազմը և ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում Դ. Թրամփի վիճահարույց որոշումների զգալի հատվածը հղի է նախագահի պաշտոնում նրա ողջ գործունեության վարկաբեկմամբ և ամերիկյան նոր իշխանությունների կողմից նրա նախաձեռնությունների նպատակահարմարության հիմնովին վերանայման գործընթացով: Չի բացառվում, որ TRIPP նախագիծը, որն անքակտելիորեն կապված է Դ. Թրամփի անվան հետ և համարվում է նրա «անձնական ձեռքբերումը», արագորեն ձեռք կբերի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում որևէ հեռանկարից զուրկ և ԱՄՆ ազգային շահերի համատեքստում էական արժեք չներկայացնող նախաձեռնության համբավ:

  1. ՀՀ ներքաղաքական գործոնը. պարտավորությունների վերանայման ռիսկը

TRIPP նախագծի հեռանկարներն ուղղակիորեն կախված են Հայաստանի ներքաղաքական դասավորությունից։ Այս հանգամանքին պատշաճ ուշադրություն չի դարձվում, սակայն ընտրություններում հայկական ընդդիմության հաղթանակի և գործող իշխանության արտաքին քաղաքական թղթածրարի կանխատեսվող վերարժևորման դեպքում «Թրամփի ուղի» նախագծի իրավական, տնտեսական և տեխնիկական բազան կարող է վերանայման ենթարկվել Երևանի կողմից: Բացի այդ, խոսքը կարող է վերաբերել Վաշինգտոնյան հռչակագրի ամբողջությամբ չեղյալ հայտարարմանը, եթե Հայաստանի Հանրապետության նոր կառավարության պարագայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը ճանաչվի որպես օրենսդրությանը, ինքնիշխանությանը և ազգային շահերին հակասող:

Այսպիսի սցենարը հնարավոր է թվում՝ հաշվի առնելով հակաիրանական ռազմարշավի և Հարավային Կովկասում Ռուսաստանի աշխուժացման հետևանքով տվյալ տարածաշրջանում ԱՄՆ դիրքերը թուլանալու մեծ հավանականությունը։ Նույնիսկ չեղյալ հայտարարելուց հրաժարվելու դեպքում Երևանը, Մոսկվայի և Թեհրանի ծածուկ աջակցությամբ, կարող է համակարգված կերպով ձգձգել նախագծի դետալների ու տարրերի համաձայնեցման գործընթացը, ինչպես նաև հնարավոր է հասնել TRIPP-ի շահառուների ողջ փոխդասավորության վերանայմանը՝ գործելով նախ հանուն սեփական, ինչպես նաև Իրանի ու ՌԴ-ի շահերի։ Տվյալ դեպքում TRIPP-ի վերաբերյալ նախկին պայմանավորվածությունների հարկադիր կատարմանը Երևանին իրավական մեթոդներով պարտադրելու Վաշինգտոնի, Անկարայի և Բաքվի շանսերը ծայրահեղ ցածր են գնահատվում, քանզի «Թրամփի միջանցքի» նախագիծն իրականացման ենթակա է բացառապես կապված լինելով հայ-ադրբեջանական համապարփակ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ։ Առանց տվյալ փաստաթղթի TRIPP-ը մնում է միայն հռչակագիր, որն այլընտրանք չունեցող կատարում չի նախատեսում։ Հետևաբար, առանցքային հարցն այն է, թե արդյո՞ք Բաքուն՝ Երևանի իշխանափոխության դեպքում, պատրաստ կլինի ընդունել հայկական կողմի նոր պայմանները՝ համապարփակ խաղաղության պայմանագրի շրջանակում TRIPP նախագծի պահպանման համար: Նման հարցադրումն արմատապես փոխում է «Թրամփի միջանցքի» ողջ օրակարգի գնահատականը՝ այն ուղղակի կախվածության մեջ դնելով Երևանի դիրքորոշումից և, որպես հետևանք, Հայաստանի նոր ղեկավարության վրա ՌԴ-ի և ԻԻՀ-ի ազդեցության աստիճանից։

  1. Ամփոփում

Հաշվի առնելով թվարկված բոլոր գործոնները՝ TRIPP նախագծի իրականացման հեռանկարները, գոնե այն տեսքով, որով այն ներկայացվել է լայն հանրությանը, անորոշ են թվում։ Ստորագրող կողմերը շարունակում են հայտարարել, թե նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, սակայն տարածաշրջանում սրընթաց փոփոխվող իրավիճակը և ԱՄՆ-ում խորացող իշխանական ճգնաժամը հակառակի մասին են վկայում: Մի շարք ամերիկացի վերլուծաբաններ արդեն վստահորեն արձանագրում են, որ TRIPP-ն անկենսունակ նախագիծ է, այն բխում է Թրամփի հավակնություններից և «զուրկ է ինքնուրույն տնտեսական հիմնավորումից»։ Հետևաբար, այդ նախագիծը ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական խաղաղ օրակարգի ամրապնդմանը, այլև կարող է դառնալ դրա ձախողման և, որպես հետևանք, Հարավային Կովկասում նոր սրացման պատճառներից մեկը։

Այսպիսով, իր աղմկոտ ներկայացմամբ և հետագա՝ իրականության հետ առնչվելիս հեռանկարների մշուշոտության ցուցադրությամբ, TRIPP-ը կրկնում է բազմաթիվ աշխարհաքաղաքական նախագծերի ճակատագիրը, որոնք ևս սկզբում հորջորջվում էին որպես տնտեսական առումով նպատակահարմար և շահութաբեր ծրագրեր:

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 18.04.2026 թ.: