ՀՀ, Արցախ, Սփյուռք

BRICS+. նոր աշխարհաքաղաքական կողմնորոշո՞ւմ Թուրքիայի համար

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

2024 թ. սեպտեմբերի 3-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը հայտարարեց, որ Թուրքիան դիմել է BRICS+-ին անդամակցելու հայտով։ Քանի որ Ռուսաստանը ներկայումս BRICS+-ի ռոտացիոն նախագահն է, հայտարությունից հետո ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հաստատեց, որ Թուրքիան դիմել է BRICS-ին լիիրավ անդամակցելու համար։

Ինչպես հայտնի է, այս միջազգային կազմակերպությունը հիմնադրվեց 2006 թ.՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից «BRIC» հապավումով, որն իր անունը ստացել էր այս երկրների անգլերեն անունների սկզբնատառերից։ 2011 թ. Հարավաֆրիկյան Հանրապետության համալրմամբ կազմակերպության անվանումը դարձավ «BRICS»: 2024 թ․ հունվարի 1-ին BRICS-ին միացան նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և ԱՄԷ-ն։ Դեռևս առկախված վիճակում է Սաուդյան Արաբիայի անդամակցության հարցը, թեև աշխարհի բազմաթիվ լրատվականներ շտապել են նրան ներկայացնել որպես կազմակերպության անդամ։ Սաուդյան Արաբիան չմիացավ BRICS-ին 2024 թ. սկզբին, ինչպես որ նախատեսված էր, և այս տարվա ապրիլի դրությամբ հարցը դեռ քննարկման փուլում էր(3)։ Կազմակերպությանը միանալու հրավիրված մեկ այլ երկիր՝ Արգենտինան, հետ վերցրեց իր դիմումը Խավիեր Միլեյի նախագահ ընտրվելուց հետո։

Ինչպես տեսնում ենք, BRICS+-ի երկրները ներառում են խոշոր համաշխարհային տերություններ, ինչպիսիք են Չինաստանն ու ՌԴ-ն, կամ իրենց մայրցամաքներում կարևոր նշանակություն ունեցող պետությունները՝ Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և մյուսները։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ BRICS+-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում գնողունակության համարժեքությամբ՝ 2023 թ․ կազմել է 35,7%, մինչդեռ G7 երկրների մասնաբաժինը նվազել է՝ հասնելով 29%-ի: Հավելենք նաև, որ BRICS+-ի անդամ–երկրների բնակիչների թիվը կազմում է երկրագնդի բնակչության 42%-ը՝ 3 մլրդ-ից ավելի մարդ(4)։

Թեև այս պահին կազմակերպության լիիրավ անդամ են 9 պետություն, սակայն 2023 թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ BRICS+-ին միանալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան 40 երկիր, որոնց թվում՝ Ալժիրը, Բոլիվիան, Ինդոնեզիան, Կուբան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Գաբոնը, Նիգերիան, Ղազախստանը և այլն(5)։

2024 թ. անդամակցելու հայտ են ներկայացրել Մալայզիան, Թաիլանդը և ԱդրՀ-ը, որից հետո, ի վերջո՝ Թուրքիան։ Հետևաբար, այս ամենը նշանակում է, որ BRICS+-ն առաջիկա ամիսներին և նաև հետագա տարիներին ընդլայնվելու զգալի ներուժ ունի: Այլ պետությունների անդամակցության հարցը, անշուշտ, կքննարկվի 2024 թ. հոկտեմբերի 22–24-ին Կազանում սպասվող BRICS+-ի հերթական գագաթնաժողովին, որի նախագահությունն այս տարի ստանձնել է ՌԴ-ն:

ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԻԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՄԻԱՆԱԼ BRICS+-ԻՆ

Փաստացի, BRICS+-ը, որի կազմում ներկայացված են աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններ ունեցող մի քանի պետություներ, ձևավորել է իբրև այլընտրանքային հարթակ ի հակակշիռ Արևմուտքի այնպիսի ավանդական հաստատությունների, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն և ԱՄՀ-ն (Արժույթի միջազգային հիմնադրամ), Համաշխարհային բանկը: Հաշվի առնելով վերն ասվածը՝ այս ձևավորվող «բլոկի» հետ համահունչ քաղաքականություն իրականացնելու պարագայում Անկարայի համար կարող են թե հնարավորությունների նոր պատուհաններ բացվել և թե ի հայտ գալ նոր մարտահրավերներ:

Ուստի, մինչ Անկարան պաշտոնական մակարդակով չի մեկնաբանում, թե BRICS+-ին միանալը ինչ նոր հնարավորություններ և ռիսկեր է պարունակում իր մեջ, այդ երկրի փորձագիտական շրջանակներում լայնորեն քննարկվում է այս հարցը։ Ընդ որում, միանալ-չմիանալու հարցով պայմանավորված փորձագիտական դաշտը հայտնվել է երկփեղկված վիճակում, որի արդյունքում ձևավորվել են հարցի հետ կապված «դեմ» և «կողմ» խմբեր։ Ըստ միանալուն կողմնակիցների՝ «խորը ճգնաժամի մեջ գտնվող Թուրքիայի տնտեսությունն այդպիսով կարող է նոր շունչ ստանալ», մինչդեռ հակառակ ճամբարի կարծիքով «արտաքին աշխարհի հետ և, մասնավորապես, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում առաջանալու են նոր ճգնաժամեր»։ Քննարկումները շարունակվում են առ այսօր։

Անկարայի անդամակցության հիմնական պատճառն, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, տնտեսական է։ Նկատենք, որ Անկարան BRICS+-ի երկրների հետ բանակցություններ էր սկսել դեռևս 2024 թ․ հունիսին։ Դիտարկելով այս կազմակերպությունը որպես տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված այլընտրանքային հարթակ՝ Haberturk հեռուստաալիքի եթերում ԹՀ ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը մասնավորապես հայտարարել էր. «Մեր բանակցությունները BRICS-ի անդամ-երկրների հետ շարունակվում են: Մենք փնտրում ենք մեր շահերը, ուշադիր հետևում ենք այլընտրանքային տնտեսական հարթակներին: BRICS-ի առանձնահատկությունն այն է, որ կազմակերպության անդամներն են Ռուսաստանը և Չինաստանը: Ի տարբերություն G7-ի, որտեղ երկրները հավաքվում են քաղաքական նկատառումներով, BRICS-ը, առաջին հերթին, տնտեսական հարթակ է, մենք փորձում ենք լավ հարաբերություններ պահպանել BRICS-ի անդամ-երկրների հետ։ BRICS-ը՝ ԵՄ-ի համեմատ ներառում է բոլոր քաղաքակրթություններն ու ռասաները: Եթե ​​այն կարողանա մի քիչ ավելի ինստիտուցիոնալ դառնալ, լուրջ օգուտներ կբերի»(6): Ֆիդանը նաև նշել էր, որ ՆԱՏՕ-ի հետ իրենք ունեն ռազմական դաշինք, սակայն ԵՄ-ի հետ տնտեսական դաշինք չունեն, ուստի շարունակելու են իրենց որոնումները՝ դիտարկելով այդ և մյուս տնտեսական նշանակության հարթակները որպես միմյանց փոխլրացնող, այլ ոչ թե այլընտրանք:

Տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ-ին միանալու հարցում եղած առաջընթացի բացակայութունն է Անկարային դրդում անդամակցել BRICS+-ին։ Սա հաշվի առնելով՝ փորձագետները կարծում են, որ դեռ պետք է պարզել «Արդյո՞ք Թուրքիայի շահն իրատեսական է, թե՞, պարզապես, սակարկության առարկա է, որն օգտագործվում է ԵՄ-ին՝ նրա անդամակցության շուրջ բանակցությունները վերսկսելու համար»(7)։

Մյուս կողմից՝ մինչ ՌԴ-ն հավանություն է տալիս Թուրքիայի անդամակցությանը, ԱՄՆ-ը և մյուս դաշնակիցները մտահոգություն են հայտնել արտաքին քաղաքականության մեջ Անկարայի հնարավոր փոփոխության վերաբերյալ: Մասնավորապես, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆ Ֆլեյքն ասել է, թե հույս ունի, որ Թուրքիան չի միանա BRICS+-ին․ «Կարծում եմ, որ նրանք գիտակցում են, որ Ռուսաստանի տնտեսությունը վերածվում է պատերազմի ժամանակաշրջանի տնտեսության: Այնտեղ ապագա չկա, հատկապես Արևմուտքի կողմից կիրառված պատժամիջոցների հետ կապված»։ Վերջինս նաև նշել էր, որ Վաշինգտոնն աշխատում է Անկարայի հետ՝ մեղմելու իր էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից(8)։

Փորձագետները նշում են, որ Թուրքիայի ռազմավարական դիրքը՝  Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի կրիտիկական խաչմերուկում գտնվելը, կավելացնի BRICS+-ի աշխարհաքաղաքական նշանակությունը և կամրապնդի դրա ազդեցությունն այս տարածաշրջաններում։ Ինչպես նշեցինք, BRICS+-ին միանալու Անկարայի առաջնային դրդապատճառներից մեկը տնտեսության դիվերսիֆիկացումն է: Ըստ այդմ, ակնկալվում է, որ Թուրքիայի հնարավոր անդամակցությամբ միության շուկայի չափն ու առևտրի ծավալը կընդլայնվի և նոր հնարավորություններ կստեղծի անդամ–երկրների միջև ներդրումների, առևտրային և տնտեսական համագործակցության համար(9):

Անկախ այս կանխատեսումներից, դեռ վաղ է ասել, որ Անկարայի անդամակցությունը դրական ազդեցություն կարող է թողնել Թուրքիայի տնտեսության վրա։ Այն պարզ պատճառով, որ կազմակերպությունը դեռևս չի մշակել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ ընդհանուր արժույթը, մաքսային միությունը և ազատ առևտրի համաձայնագրերը։ Թեև կազմակերպությունը գտնվում է «էվոլյուցիոն» փուլում, այն, այնուամենայնիվ, դեռ ունի թերի կողմեր, որոնք առաջին հայացքից էլ տեսանելի են և կարճաժամկետ հեռանկարում դժվար լուծելի։ Կարծում ենք, Անկարայի՝ կազմակերպության հետ հարաբերությունների կիզակետում առկա է առանցքային երկու կետ։

Առաջինը՝ Շանհայում BRICS-ի հովանու ներքո գործում է կառույցի ամենակարևոր հաստատությունը՝ Նոր Զարգացման Բանկը, որի միջոցով կազմակերպությունը վարկեր է տրամադրում անդամ-երկրներում իրականացվող նախագծերին։ Անկարայում հավանաբար կարծում են, որ անդամակցության դեպքում կարող են օգուտներ քաղել՝ օգտվելով բանկի միջոցով իրականացվող այլընտրանքային ֆինանսավորումից: Բանկը կարող է ֆինանսավորում հատկացնել Թուրքիայի տնտեսության համար նշանակություն ունեցող այնպիսի ոլորտների, ինչպիսիք են՝ էներգետիկան (այդ թվում՝ վերականգնվող էներգետիկան), տրանսպորտային լոգիստիկան (ինչպես օրինակ՝ «Ստամբուլի ջրանցք» բազմամիլիարդանոց հավակնոտ նախագիծը) և այլն։ Չմոռանանք, որ BRICS+-ի անդամ Չինաստանը հայտնի է նաև իր զգալի ներդրումներով, որոնք կյանքի են կոչվում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գլոբալ ռազմավարության՝ «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» (BRI) շրջանակներում:

Երկրորդը՝ BRICS-ը նպատակ ունի նվազեցնել դոլարի գերակայությունը՝ օգտագործելով տեղական արժույթները միջպետական առևտրի համար։ Ինչպես հայտնի է, վերջին տարիներին Թուրքիան ձգտում է առևտուր անել տեղական արժույթներով, հատկապես այն երկրների հետ, որոնց հետ ունի լայն առևտրային հարաբերություններ, ինչպիսիք են ՌԴ-ն, ԻԻՀ-ն և ՉԺՀ-ն: Հենց այս փաստն է նաև, որն, ըստ Հաքան Ֆիդանի, գրավել է նրանց ուշադրությունը։

BRICS-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Չնայած Անկարայի՝ BRICS+-ին անդամակցելու ձգտմանը, այնուամենայնիվ, նախքան մուտքն այս ձևավորվող դաշինք ԹՀ-ն կարող է բախվել որոշակի խոչընդոտների։ Ամենակարևոր աշխարհաքաղաքական խոչընդոտը՝ Թուրքիայի անդամակցությունն է ՆԱՏՕ-ին: Ուստի վերջինիս վաղեմի դաշնակից և արևմտյան դաշինքի առանցքային ռազմական խաղացող Թուրքիայի ընդգրկումը BRICS+-ում խնդրահարույց է ինչպես Թուրքիայի, այնպես էլ BRICS+-ի գործող անդամների՝ հատկապես ՌԴ և Չինաստանի համար։ Գլխավոր հարցն այն է, թե ինչ չափով են ՌԴ-ն և Չինաստանը կամ, նույնիսկ, Հնդկաստանը աջակցում Թուրքիայի անդամակցելուն։ Դատելով ռուսական և չինական(10) տրամադրություններից, մասնավորապես, տնտեսական տեսանկյունից կարծես թե դեմ չեն Անկարայի անդամակցությանը։ Մինչդեռ աշխարհաքաղաքական առումով, հատկապես ՆԱՏՕ-ի գործոնով պայմանավորված, BRICS+-ում որոշում կայացնող գլխավոր խաղացողների՝ ՌԴ-ի ու Չինաստանի, ինչպես նաև դաշինքի մյուս անդամների միջև, ամենայն հավանականությամբ, կարող են առաջանալ տարաձայնություններ։

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հավանաբար կդիտարկեն Թուրքիայի ընդգրկումը BRICS+-ում որպես «ռազմավարական տեղաշարժ», որը կարող է այդ երկիրը հեռացնել Արևմուտքից: Ինչպես հայտնի է, ռուսական S-400 հրթիռային համակարգերի ձեռքբերումից հետո Անկարան ԱՄՆ-ի կողմից ենթարկվեց պատժամիջոցների, լարվեցին հարաբերությունները նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: BRICS+-ին ուղղված Անկարայի այս քայլը կարող է էլ ավելի խորացնել լարվածությունը։ Մասնավորապես, արևմտյան երկրները հնարավոր է դիվանագիտական ​​ճնշում բանեցնեն Անկարայի վրա, ներառյալ՝ գործի դնեն տնտեսական նոր պատժամիջոցներ կամ համագործակցության որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ պաշտպանական գնումների և ռազմական համագործակցության ոլորտներում), հատկապես, եթե այդ քայլով Թուրքիան ավելի սերտ համագործակցություն ձևավորի Ռուսաստանի կամ Չինաստանի հետ՝ ի հեճուկս Արևմուտքի շահերին: Միաժամանակ, դա նաև կդրդի արևմտյան երկրներին ամբողջական խզումից խուսափելու համար ուղիներ որոնել Անկարայի հետ հարաբերությունները պահպանելու համար:

Մյուս կողմից՝ Անկարայի կապերն Արևմուտքի հետ խորապես արմատավորված են, հատկապես՝ պաշտպանական-ռազմական, ֆինանսատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում: Հետևաբար, BRICS+-ի ուղղությամբ շրջադարձը կպահանջի նաև հարաբերությունների վերանայում, ինչը կարող է դժվար լինել՝ հաշվի առնելով առևտրաշրջանառությունը ԵՄ-ի հետ, ինչպես նաև ֆինանսական և տեխնոլոգիական տեսանկյունից գործընկերային հարաբերությունների խիստ անհրաժեշտությունը: Այնպես որ, Թուրքիայի պոտենցիալ ընդգրկումը, ինչպես նաև դրա բացասական և դրական հետևանքները՝ դեռևս հեռու են ավելի պարզ լինելուց ինչպես թուրքական, այնպես էլ մյուս կողմերի համար:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

  1. Saudi MBS on BRICS leaders calling him to abandon U.S. dollar in oil transactions. (26.04.2024), https://www.tacticalreport.com/daily/62696-saudi-mbs-on-brics-leaders-calling-him-to-abandon-us-dollar-in-oil-transactions
  2. Доля БРИКС в мировом ВВП достигла рекордных 35,7. (07.2024), https://rg.ru/2024/07/03/dolia-briks-v-mirovom-vvp-dostigla-rekordnyh-357.html
  3. What is BRICS, which countries want to join and why? (22.08.2023), https://www.reuters.com/world/what-is-brics-who-are-its-members-2023-08-21/.
  4. Dışişleri Bakanı Hakan Fidan’dan Habertürk’e açıklamalar. (24.06.2024), https://www.haberturk.com/disisleri-bakani-hakan-fidan-dan-haberturk-e-aciklamalar-3697539
  5. Monica Johnson. Why Nations Are Rushing to Join BRICS+? (12.09.2024), https://infobrics.org/post/42200/
  6. US envoy believes Türkiye’s place is ‘in the West’ amid BRICS move. (12.06.2024), https://www.dailysabah.com/politics/diplomacy/us-envoy-believes-turkiyes-place-is-in-the-west-amid-brics-move
  7. Murat Yeşiltaş. Türkiye’nin BRICS Üyeliği: Fırsat mı Risk mi? (07.09.2024), https://www.setav.org/turkiyenin-brics-uyeligi-firsat-mi-risk-mi

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014 – 2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019 – 2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել՝ 28.09.2024 թ.։

(3) Saudi MBS on BRICS leaders calling him to abandon U.S. dollar in oil transactions. (26.04.2024), https://www.tacticalreport.com/daily/62696-saudi-mbs-on-brics-leaders-calling-him-to-abandon-us-dollar-in-oil-transactions (բեռնման օրը՝ 10.09.2024).

(4) Доля БРИКС в мировом ВВП достигла рекордных 35,7%. (03.07.2024). https://rg.ru/2024/07/03/dolia-briks-v-mirovom-vvp-dostigla-rekordnyh-357.html (բեռնման օրը՝ 10.09.2024).

(5) What is BRICS, which countries want to join and why? (22.08.2023). https://www.reuters.com/ world/what-is-brics-who-are-its-members-2023-08-21/ (բեռնման օրը՝ 10.09.2024).

(6) Dışişleri Bakanı Hakan Fidan’dan Habertürk’e açıklamalar (24.06.2024). https://www.haberturk.com/disisleri-bakani-hakan-fidan-dan-haberturk-e-aciklamalar-3697539 (բեռնման օրը՝ 10.09.2024).

(7) Monica Johnson. Why Nations Are Rushing to Join BRICS+? (12.09.2024), https://infobrics.org/post/42200/ (բեռնման օրը՝ 14.09.2024).

(8) US envoy believes Türkiye’s place is ‘in the West’ amid BRICS move. (12.06.2024), https://www.dailysabah.com/politics/diplomacy/us-envoy-believes-turkiyes-place-is-in-the-west-amid-brics-move (բեռնման օրը՝ 14.09.2024).

(9) Murat Yeşiltaş. Türkiye’nin BRICS Üyeliği: Fırsat mı Risk mi? (07.09.2024), https://www.setav.org/turkiyenin-brics-uyeligi-firsat-mi-risk-mi (բեռնման օրը՝ 14.09.2024).

(10) Ընդհանրապես, Չինաստանը, որպես որ BRICS+-ի ամենամեծ տնտեսական և քաղաքական կշիռ ունեցող երկիր, միշտ զգուշավոր է վերաբերվել կազմակերպության ընդլայնմանը։