Մեկնաբանություններ

Եվրախորհրդարանը հրաժարվում է դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում՝ փետրվարյան ընտրություններում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 20.01.2024 թ.

2024 թ. հունվարի 16-ին ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով եվրոպացի պատգամավորների հայտարարությանը, հայտնել է, որ «Եվրախորհրդարանը մշտադիտարկման չի ենթարկի ընտրությունների ընթացքը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ դրա արդյունքները»: Եվրախորհրդարանը պարզաբանել է, որ պատգամավորներից ոչ ոք լիազորված չի եղել դիտարկել կամ մեկնաբանել փետրվարին Ադրբեջանում տեղի ունենալիք արտահերթ ընտրությունները։

Հայտարարությունից հետևում է, որ Եվրախորհրդարանը պաշտոնական մակարդակով արգելում է իր անդամներին ադրբեջանական ընտրություններում մշտադիտարկում իրականացնել և դրա կապակցությամբ միջազգային այս կառույցի անունից որևէ հայտարարություն կամ գնահատական տալ։ Թերևս այս հայտարարությունն արվել է ելնելով նախկին բազմամյա փորձից, երբ Բաքուն մասնավոր կերպով հրապուրում էր տարբեր եվրոպական կառույցների պատգամավորներին կամ գործիչներին Ադրբեջանի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այնուհետև օգտագործում ընտրությունների արդյունքների վերաբերյալ նրանց՝ նվերներով և առատաձեռն նվիրատվություններով օժանդակված դրական արձագանքները՝ որպես իրենց ներկայացրած կազմակերպությունների պաշտոնական դիրքորոշում։

Ակնհայտ է, որ սեփական հասարակության և միջազգային հանրության աչքում իր հերթական վերընտրությանը անհերքելի լեգիտիմություն տալու համար Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից հիմա էլ կկիրառվի գործողությունների նմանատիպ անբարեխիղճ սխեմա։

Եվրախորհրդարանն, իր հերթին, իրեն ապահովագրում է քաղաքական բամբասանքներից խուսափելու համար և խորհուրդ է տալիս իր անդամներին՝ չշահագործել կազմակերպության հեղինակությունն իրենց անձնական նպատակների համար։ Մյուս կողմից, եվրոպացի պատգամավորների հայտարարությունը վկայում է Ադրբեջանում նախագահական ընտրությունների մշտադիտարկման փաստացի բոյկոտի մասին, ինչը հետագայում կարող է Եվրախորհրդարանի համար Բաքվի ռեժիմի վրա ճնշում գործադրելու լրացուցիչ գործիք դառնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։