Հրապարակում
Հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձերը Ադրբեջանի կողմից. «աղվանացման» քաղաքականությունն ու դրա դիմակայումը

Попытки Азербайджана присвоить армянское культурное наследие: политика «албанизации» и сопротивление ей
Симаворян A. C.
Аннотация
В статье рассматриваются проявления политики «албанизации» армянского культурного наследия, проводимой Азербайджаном на территории оккупированной Республики Арцах. В этом контексте представлены ряд предложений по противодействию данной политике в научно-исследовательской, межцерковной и правовой сферах. Обосновывается необходимость консолидации усилий Армянской Апостольской, Армянской Католической и Армянской Евангелической церквей, а также развития сотрудничества с Грузией и Ираном.
Attempts of Azerbaijan to appropriate Armenian cultural heritage. “Albanization” policy and its resistance
Simavoryan A. S.
Summary
This article examines the manifestations of Azerbaijan’s policy of “Albanization” of Armenian cultural heritage in the territory of the occupied Republic of Artsakh. In this context, a number of recommendations are proposed to counter these practices in the academic, interchurch, and legal domains. The study substantiates the need for coordinated efforts among the Armenian Apostolic, Armenian Catholic, and Armenian Evangelical Churches, as well as for enhanced cooperation with Georgia and Iran.
Արեստակես Ս. Սիմավորյան[1]
Հայկական մշակութային ժառանգության յուրացման փորձերը Ադրբեջանի կողմից. «աղվանացման» քաղաքականությունն ու դրա դիմակայումը[2]
Առաջաբան
Մշակութային ժառանգության պաշտպանությունն ու դրա հավաստի ներկայացումը հիմնարար նշանակություն ունեն պատմական ճշմարտության, տարածաշրջանային պատմական հիշողության և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս տեսանկյունից, Արցախի հայկական ճարտարապետական ու կոթողային ժառանգությունն ու մշակութային պատմությունը Ադրբեջանի կողմից վերածվել է տարածքային հավակնությունների գործիքի։ Այս գործընթացի առանցքում ընկած է, այսպես կոչված, «աղվանացման» հայեցակարգը՝ պետական հովանավորությամբ իրականացվող պատմագրական-հակագիտական մի համակարգված մոտեցում, որը ձևավորվել է դեռևս խորհրդային շրջանում ադրբեջանական ակադեմիական շրջանակների, իսկ այժմ էլ՝ ակտիվորեն քարոզվում է նույն շրջանակների, ինչպես նաև քաղաքական ինստիտուտների և թվային մեդիա կողմից։ Կեղծ պատումներով փորձ է արվում հայապատկան կրոնական և մշակութային հուշարձանները՝ միջնադարյան վանքերը, եկեղեցիները, խաչքարերն ու վիմագրական արձանագրությունները վերագրել կովկասյան աղվաններին (Աղվանքին)։
Պատմական հուշարձանները հայկական պատկանելությունից զրկելու և «աղվանական» հռչակելու պետական քարոզչությունը հետապնդում է տարածաշրջանում հայկական ներկայությունը ջնջելու և հորինված պատմական հենքի վրա քաղաքական նկրտումներն արդարացնելու նպատակով։
Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության բռնազավթումից և հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի էթնիկ զտումներից հետո, «աղվանացմանն» ուղղված քաղաքականությունը ադրբեջանական պետական քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է նաև ՀՀ-ի ինքնիշխան տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ու եկեղեցական համալիրների վրա։ Ընդ որում, հայկական ճարտարապետական կթողների նկատմամբ ադրբեջանական արշավը գլխավորապես ծավալվում է միմյանց հետ փոխկապակցված 3 հարթությունում՝
Պատմագիտական կեղծարարություն։ Մերժելով Աղվանքի վերաբերյալ միջազգային գիտական հանրության կողմից արդեն հերքված կեղծ հայեցակարգերի շրջանառումը[3],[4],[5],[6], ադրբեջանական կողմը փորձ է անում արհեստականորեն հիմնավորել «անխզելի էթնոմշակութային կապ կովկասյան աղվանների և ժամանակակից ադրբեջանցիների միջև»։ Անհրաժեշտ է արձանագրել, որ այս մոտեցումը զուրկ է որևէ աղբյուրագիտական, լեզվաբանական կամ հնագիտական հիմքից և բացառապես ծառայում է քաղաքական նպատակների համար[7]։
Քաղաքական-քարոզչական դրդապատճառները։ Ադրբեջանական իշխանությունների պետպատվերով և հովանավորչությամբ գործող պատմաբան-կեղծարարները, «վերլուծաբան» հորջորջվող տարբեր գործիչներն ու այդ երկրի տեղեկատվական ողջ քարոզչամեքենան փորձում են լուծել Այսրկովկասում իրենց բնիկության (ավտոխտոնության) խնդիրը։ Հաշվի առնելով, որ թյուրքալեզու տարրի հաստատումը տարածաշրջանում համեմատաբար ուշ շրջանի պատմական իրողություն է՝ «աղվանական տեսության» արհեստական շրջանառմամբ փորձ է արվում ստեղծել նաև պատմական ժառանգորդության կեղծ պատրանք։ Մյուս կողմից՝ այս հայեցակարգը կոչված է քաղաքականապես հիմնավորելու թուրք-ադրբեջանական այն կեղծ թեզը, թե հայերի բազմադարյա ներկայությունը տարածաշրջանում ուշ շրջանի երևույթ է։
Մշակութային ժառանգության յուրացման վտանգը։ Այս քաղաքականության ամենավտանգավոր դրսևորումը հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ինքնության խեղաթյուրումն է։ «Աղվանականացման» քողի ներքո Բաքուն ձգտում է տարածաշրջանի հազարամյա հայկական վանքերը, խաչքարերն ու վիմագրերը հռչակել «աղվանական»՝ օտարելով դրանք իրենց իրական ստեղծողներից։ Դա իրականացվում է հիմնականում հայերեն արձանագրությունների վերացմամբ կամ «վերականգնման» պատրվակով, դրանց միտումնավոր աղավաղմամբ, ինչը մատուցվում է իբրև «նախնական տեսքի վերադարձ»։ Հետևաբար, այս գործելաոճը հետապնդում է երկակի նպատակ. մի կողմից՝ ֆիզիկապես կամ խորհրդանշական մակարդակում ջնջել հայկական քաղաքակրթական հետքը, մյուս կողմից՝ սեփական պատմամշակութային դատարկությունը լրացնել ուրիշի ժառանգության հաշվին։
Այսպիսով, մշակութային յուրացումը դառնում է ոչ թե պարզապես պատմագիտական վեճի առարկա, այլ պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանի էթնոմշակութային դիմագծի արմատական վերափոխմանը։ Ըստ էության, Ադրբեջանի վարչակարգի հովանավորչությամբ և նրանց անմիջական պատվերով գործող «մասնագետները», խեղաթյուրելով հայկական և, միևնույն ժամանակ, համաշխարհային մշակույթի մաս կազմող մշակութային ժառանգության իրական պատկերը, բացահայտ մարտահրավեր են նետում գիտական էթիկայի հիմնարար սկզբունքներին և այդ արժեքների պաշտպանության համար ընդունված միջազգային իրավական նորմերին ու կոնվենցիաներին։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ մշակութային ժառանգության յուրացման ադրբեջանական փորձերը այլևս դուրս են գալիս «պատմագիտական կամ մշակութային վեճի» շրջանակներից և ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված ուղղակի սպառնալիք են։ Ընդ որում, ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից այս երևույթը կարելի է տեսնել մի քանի առանցքային հարթություններում.
Տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված սպառնալիք։ Պատմության կեղծումը նախորդում է տարածքային նկրտումներին և ծառայում դրանց «իրավաքաղաքական հիմնավորմանը»։ Երբ Բաքուն ՀՀ ինքնիշխան տարածքը հռչակում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայկական հուշարձանները՝ «աղվանական» կամ «հին ադրբեջանական», ապա դրանով ստեղծվում է գաղափարական հող՝ ապագա հնարավոր ռազմական ագրեսիան կամ սահմանային ճնշումները որպես «պատմական հողերի վերադարձ» ներկայացնելու համար։
Ինքնության անվտանգություն և քաղաքակրթական հենասյուների խարխլում։ Հայկական մշակութային ժառանգության օտարումը նպատակ ունի կտրելու հայ ժողովրդի պատմական ու հոգևոր-կրոնական կապը սեփական հայրենիքի հետ։ Երբ սերունդների մեջ փորձ է արվում սերմանել այն թեզը, թե իրենք տարածաշրջանում «եկվոր» են, ապա դա կարող է թուլացնել պետականության հանդեպ պատասխանատվության զգացումը և խարխլել ազգային դիմադրողականությունը։
Տեղեկատվական և հիբրիդային պատերազմի գործիքակազմ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից բանեցվող կեղծ թեզերը հիբրիդային պատերազմի մաս են՝ թիրախավորելով ինչպես միջազգային հանրությանն, այնպես էլ հայ հասարակությանը, փորձելով՝ ա. Միջազգային հարթակներում Հայաստանին ներկայացնել որպես «ագրեսոր» և «ուրիշի մշակույթը յուրացնող» պետություն՝ նվազեցնելով ՀՀ դիվանագիտական կշիռը, բ. Հայաստանի ներսում առաջացնել հոգեբանական ճնշում, անորոշություն և սեփական պատմության նկատմամբ թերահավատություն։
Հակամարտության վերարտադրության և խաղաղության խաթարման գործոն։ Իրական և երկարատև խաղաղությունը հնարավոր չէ կառուցել կեղծիքի և հարևան ժողովրդի պատմական գոյության ժխտման հիմքի վրա։ Պատմության նմանօրինակ խեղաթյուրումը ադրբեջանական հասարակության մեջ էլ ավելի է ամրապնդում հայատյացությունը՝ դարձնելով այն պետական գաղափարախոսության մաս։ ՀՀ անվտանգության տեսանկյունից սա նշանակում է, որ հարևան պետությունում շարունակաբար վերարտադրվում է թշնամանք, հիմքեր կերտելով ապագայում ռազմական նոր բախումների մշտական ռիսկի համար։ Ըստ էության, այս իրողությունները նաև լրջորեն հարցականի տակ են դնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջ քաշած «խաղաղության օրակարգի» և «Իրական Հայաստանի» հայեցակարգերի կենսունակությունը։ Երբ Ադրբեջանում պետական մակարդակով խորացվում է հայատյացությունը և առաջ են քաշվում տարածքային ու պատմական նկրտումներ (ներառյալ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը), ապա նման պայմաններում խաղաղության մասին հայտարարությունները դառնում են քաղաքականապես սնանկ՝ անունակ ապահովելու երկրի իրական անվտանգությունը։
Անցած ավելի քան մեկ դարի պատմությունը վկայում է, որ Թուրքիայում և Ադրբեջանում իշխանությունների փոփոխությունները երբեք չեն հանգեցրել հայերի հանդեպ վերաբերմունքի բարելավմանը։ Օսմանյան սուլթաններին հաջորդած երիտթուրքերը, նրանց փոխարինած քեմալականներն ու ներկայիս էրդողանական վարչակարգը, ինչպես նաև Ադրբեջանում իշխած բոլոր ուժերը՝ 1918 թ. մուսավաթականներից մինչև Ա. Էլչիբեյ ու Ալիևներ, տարբերվել են միայն իրենց կարգախոսներով։ Մինչդեռ գործնականում բոլոր այս ռեժիմները առաջնորդվել են հայկական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղելու, շարունակաբար պատմությունը կեղծելու և Հայաստանի վրա մշտական ճնշում գործադրելու նույն անփոփոխ օրակարգով։ Հստակ կարելի է ասել, որ հայկական գործոնի նկատմամբ նրանց պետական ռազմավարական գիծը մնացել է անփոփոխ։
Վերադառնալով մեր հոդվածի բուն թեմային, ընդգծենք, որ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի կողմից իրականացվող «աղվանականացման» և հայոց պատմության համակարգված խեղաթյուրման քաղաքականությանը հակազդելը պահանջում է անցում իրավիճակային արձագանքներից դեպի պետական մակարդակով մշակված, համակարգված ու բազմաշերտ ռազմավարության։ Առկա վտանգավոր գործընթացները չեզոքացնելու համար անհրաժեշտ է գործել միաժամանակ մի քանի առանցքային ուղղություններով։
Ակադեմիական և գիտական հակազդեցության համակարգում
Պատմական ժառանգության կեղծ գիտական յուրացման փորձերին պետական և ոչ պետական մակարդակներում համակարգված հակազդելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է հրաժարվի բացառապես պաշտպանողական դիրքորոշումից և անցնի նախաձեռնողական ու ինստիտուցիոնալացված ակադեմիական հակագործողությունների։ Ի վերջո, ադրբեջանական պետական քարոզչությանը արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ են այնպիսի գործիքներ, որոնք հեղինակություն և կշիռ ունեն միջազգային գիտական հանրության շրջանակներում, որտեղ քաղաքական նարատիվները չեզոքացվում են էմպիրիկ տվյալների, սկզբնաղբյուրների քննության և մեթոդաբանական խստապահանջության միջոցով։
Վերոգրյալից ելնելով՝ ստորև ներկայացվում են ակադեմիական և գիտական հակազդեցության ձևավորման հնարավոր և գործնական մեխանիզմները։
Ստեղծել հատուկ նպատակային, պետական աջակցությամբ գործող Միջգիտակարգային հետազոտությունների հիմնադրամ (գիտական հիմնադրամների օրինակով) կամ Աղվանական ուսումնասիրությունների բաժին՝ նախատեսված բացառապես հայագիտության, կովկասագիտության և աղվանագիտության համար։ Ընդ որում, Հիմնադրամը պետք է պաշտպանված լինի կարճաժամկետ քաղաքական շրջափուլերի ազդեցությունից՝ երաշխավորելու հետազոտությունների երկարաժամկետ և անխափան ընթացքը։ Կառույցը կարող է գործել թե՛ որպես անկախ հաստատություն, թե՛ Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատության կազմում։
Հայ և օտարազգի հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ անհրաժեշտ է հրատարակել միջազգային գիտական շրջանառության մեջ մտնող օտարալեզու մենագրություններ, վիմագիր արձանագրությունների ժողովածուներ և հնագիտական քարտեզներ, որոնք փաստական հիմքերով կմերկացնեն Բաքվի կեղծ տեսությունները։
Անհրաժեշտ է սահմանել պահանջ, ըստ որի պետական և ակադեմիական դրամաշնորհների շրջանակում ֆինանսավորվող հետազոտական ծրագրերը պետք է խրախուսեն կամ նախատեսեն դրանց արդյունքների հրապարակումը միջազգային հեղինակավոր համալսարանական հրատարակչություններում և գրախոսվող գիտական հարթակներում (օրինակ՝ Brill, Routledge, Cambridge University Press, Oxford University Press և այլն)՝ գիտական անկախ գրախոսության մեխանիզմներ չունեցող հրատարակչությունների կամ ամսագրերի փոխարեն։ Նման մոտեցումը կնպաստի հայկական գիտական արտադրանքի միջազգային տեսանելիության, ակադեմիական հեղինակության և ազդեցության բարձրացմանը։ Մասնավորապես, Brill-ի և համանման հրատարակչությունների կողմից լույս տեսած մենագրություններն ու ժողովածուները լայնորեն շրջանառվում են աշխարհի առաջատար ակադեմիական գրադարաններում, ներառվում են մասնագիտական հանրագիտարաններում և հաճախ օգտագործվում միջազգային քաղաքականության, տարածաշրջանային հետազոտությունների ու ռազմավարական վերլուծությունների ոլորտներում։
Միաժամանակ, այս սկզբունքը չպետք է դիտարկվի որպես հայերեն գիտական հրատարակությունների կարևորության նվազեցում։ Ընդհակառակը, հայերենով գիտական արտադրանքի զարգացումն ու տարածումը պետք է պահպանվեն որպես առաջնահերթություն՝ զուգահեռաբար խրախուսելով միջազգային գիտական հաղորդակցությունն ու հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների ներկայացվածությունը համաշխարհային ակադեմիական դաշտում։
Միևնույն ժամանակ, նպատակահարմար է հիմնադրել «Caucasian Albanian Studies» («Կովկասյան Աղվանքի ուսումնասիրություններ») անվանումով միջազգային գիտական հանդես։ Նման պարբերականի ստեղծումը կունենա ոչ միայն գիտական, այլև գիտաքաղաքական կարևոր նշանակություն։ Այն հնարավորություն կտա Կովկասյան Աղվանքի ուսումնասիրությունների ոլորտում նախաձեռնությունը տեղափոխել ակադեմիական հարթություն և ձևավորել փաստահեն ու մասնագիտական քննարկումների նոր միջավայր՝ նվազեցնելով թեմայի քաղաքականացված և գաղափարախոսացված մեկնաբանությունների ազդեցությունը։ Այսպիսով, աղվանագիտությունը կարող է վերադառնալ գիտական բանավեճի բնական դաշտ՝ հիմնված սկզբնաղբյուրների, պատմագիտական մեթոդաբանության և միջազգային ակադեմիական չափանիշների վրա։
Որպեսզի հանդեսը չմնա հերթական տեղական հրատարակության կարգավիճակում և իրականում վերածվի միջազգային ճանաչում ունեցող գիտական հարթակի, անհրաժեշտ է, որ այն լինի անգլիալեզու կամ բազմալեզու (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն)՝ բոլոր հրապարակումների համար պարտադիր անգլերեն սեղմագրերով։ Միաժամանակ, հանդեսը պետք է գործի երկակի կույր գրախոսման խիստ սկզբունքներով և ձգտի ընդգրկվել առաջատար միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ու ինդեքսներում։
Խմբագրական խորհրդում և գիտական խմբագրակազմում անհրաժեշտ է ներգրավել ՀՀ և արտերկրի հեղինակավոր մասնագետների՝ հայագետների, կովկասագետների, բյուզանդագետների, վրացագետների, կրոնագետների, մշակութաբանների, թյուրքագետների, արաբագետների, իրանագետների, լեզվաբանների և հարակից ոլորտների ներկայացուցիչների։ Նրանց մասնակցությունը կապահովի ոչ միայն հրատարակության գիտական բարձր որակը, այլև նրա միջազգային հեղինակությունն ու վստահելիությունը՝ հանդեսը վերածելով Կովկասյան Աղվանքի պատմության, մշակույթի, կրոնի և ժառանգության ուսումնասիրության առաջատար մասնագիտական հարթակներից մեկի։
Այս ձևաչափով, հանդեսը կդառնա օրակարգ թելադրող հարթակ, որին հղում կանեն տարածաշրջանով և սույն հարցով զբաղվող բոլոր միջազգային հետազոտողները։ Ինչ վերաբերում է հանդեսի ինստիտուցիոնալ պատկանելիությանը, այն կարող է կազմակերպվել Պատմության ինստիտուտի կամ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի շրջանակներում։
Այս ամենին զուգահեռ, առանձնակի կարևորություն ունի քննվող թեմային առնչվող միջնադարյան սկզբնաղբյուրների գիտական հրատարակությունների պատրաստումն ու հրապարակումը։ Խոսքը վերաբերում է ինչպես բազմալեզու քննական հրատարակություններին և աղբյուրագիտական թարգմանություններին, այնպես էլ նախկինում լույս տեսած, սակայն այսօր դժվարամատչելի կամ մասնագիտական շրջանառությունից դուրս մնացած հիմնարար աշխատությունների վերահրատարակմանը։ Նման նախաձեռնությունները ոչ միայն կապահովեն աղբյուրագիտական բազայի ընդլայնումը, այլև կնպաստեն միջազգային գիտական հանրության համար համապատասխան նյութերի հասանելիության բարձրացմանը։
Միաժամանակ, առաջնահերթություն պետք է տրվի ոչ միայն արդեն հայտնի աղբյուրների վերահրատարակմանը, այլև նպատակային ֆինանսավորմամբ բուն աղվանագիտական հիմնարար հետազոտությունների իրականացմանը։ Անհրաժեշտ է խրախուսել նոր մենագրությունների, աղբյուրագիտական ուսումնասիրությունների, հնագիտական, լեզվաբանական, կրոնագիտական և մշակութային հետազոտությունների իրականացումը, որոնք կկարողանան լրացնել առկա գիտելիքային բացերը և ձևավորել Կովկասյան Աղվանքի պատմության ու ժառանգության գիտականորեն հիմնավորված, միջազգային ակադեմիական չափանիշներին համապատասխան ուսումնասիրությունների նոր մարմին։ Միայն սկզբնաղբյուրների հրատարակությունը, որքան էլ կարևոր, չի կարող փոխարինել նոր գիտելիքի արտադրությանը, ուստի այս երկու ուղղությունները պետք է զարգացվեն փոխլրացնող և համակարգված ձևով։
Իրավական և դիվանագիտական հակազդեցության մեխանիզմներ
Այն, ինչին ականատես ենք լինում այսօր Արցախում, պարզապես մշակութային ժառանգության շուրջ հերթական վեճ չէ։ Դա հարձակում է միջազգային իրավունքի, տարածաշրջանային կայունության և այն հիմնարար սկզբունքների դեմ, որոնք կոչված են կանխելու, որ ուժի գերակայությունը վերածվի պատմական հիշողության վերահսկողության գործիքի։ Միջնադարյան հայկական եկեղեցիներն ու խաչքարերը «կովկասյան աղվանական» ժառանգությանն վերագրելու միջոցով Բաքուն ձգտում է մշակութային և պատմական հարթությունում ավարտին հասցնել այն գործընթացը, որի ֆիզիկական փուլը նախորդել էր ռազմական ուժի կիրառմամբ։ Խոսքը ոչ միայն առանձին հուշարձանների ինքնության խեղաթյուրման, այլև մի ամբողջ ժողովրդի պատմական ներկայության փաստի վերաիմաստավորման և վերաշարադրման փորձի մասին է։
Չափազանց երկար ժամանակ հայկական կողմի պատասխանն այս համակարգված քաղաքականությանը մնացել է հիմնականում արձագանքողական՝ սահմանափակվելով դրվագային դատապարտումներով և մտահոգության հայտարարություններով։ Սակայն նման մարտահրավերի պայմաններում միայն կոշտ ձևակերպումներով հայտարարություններ տարածելը այլևս բավարար չէ։ Բարոյական վրդովմունքը և քաղաքական գնահատականները, որքան էլ անհրաժեշտ լինեն, ինքնին չեն կարող կանխել մշակութային ժառանգության յուրացման և պատմական նարատիվների վերափոխման նպատակային քաղաքականությունը։
Հետևաբար, Երևանը պետք է հիմնարար կերպով վերանայի իր մոտեցումը՝ ռեակտիվ և իրավիճակային արձագանքներից անցնելով համակարգված, երկարաժամկետ և նախաձեռնողական ռազմավարության։ Այդ ռազմավարությունը պետք է համադրի իրավական, դիվանագիտական, գիտական, տեղեկատվական և մշակութային գործիքակազմերը՝ ոչ միայն արձագանքելու արդեն կատարված քայլերին, այլև կանխելու պատմամշակութային ժառանգության նկատմամբ հետագա ոտնձգությունները և միջազգային հարթակներում հետևողականորեն առաջ մղելու փաստահեն ու գիտականորեն հիմնավորված հայկական դիրքորոշումը։
Նորմատիվ սկզբունքները գործնական և պարտադիր հաշվետվողականության վերածելու համար Հայաստանը պետք է հետևողականորեն օգտագործի միջազգային դատական մեխանիզմների ամբողջ ներուժը, մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) գործիքակազմը։ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի (CERD) շրջանակում ԱՄԴ-ում նախաձեռնված դատավարություններում Երևանն արդեն իսկ ապահովել է կարևոր միջանկյալ միջոցների ընդունումը, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված վանդալիզմի ու ոչնչացման դրսևորումները[8]։
Այժմ անհրաժեշտ է մեծացնել այդ դատական գործընթացների ապացուցողական շրջանակը՝ բացահայտելով մշակութային ժառանգության յուրացման և կեղծման ադրբեջանական քաղաքականության համակարգային ու ինստիտուցիոնալ բնույթը։ Բաքուն հաճախ ձգտում է շրջանցել միջազգային վերահսկողությունը՝ հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները ներկայացնելով որպես «կովկասյան աղվանական» հուշարձանների «վերականգնման» կամ «պահպանության» ծրագրեր։ Ուստի հայկական իրավաբանական թիմերը պետք է հետևողականորեն ներկայացնեն մասնագիտական փորձագիտական եզրակացությունների վրա հիմնված փաստաթղթավորված ապացույցներ, որոնք ցույց կտան, որ պետական մակարդակով իրականացվող կամ սանկցավորվող միջամտությունները ոչ թե պահպանողական, այլ ինքնության ջնջման քաղաքականության դրսևորումներ են, որոնք միտված են հուշարձանների հայկական պատկանելության ժխտմանը կամ դրանց ֆիզիկական ոչնչացմանը։
Միաժամանակ, դիվանագիտական ջանքերը պետք է ուղղվեն այն ինստիտուցիոնալ անգործության հաղթահարմանը, որով խոչընդոտվում է տարածաշրջանում մշակութային ժառանգության նկատմամբ միջազգային վերահսկողության իրականացմանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի» (ICOMOS[9]) և Եվրոպայի խորհրդի հովանու ներքո անկախ և անարգել փաստահավաք առաքելությունների իրականացումը մնում է առանցքային նպատակ։ Սակայն, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը մշտապես խոչընդոտել է տեղում դիտարկումներ կատարելուն՝ ժամանակ շահելու և անդառնալի փոփոխություններ իրականացնելու նպատակով, հայկական դիվանագիտությունը պետք է նախաձեռնի հեռահար զննման տեխնոլոգիաների ներառումը պաշտոնական միջազգային ստուգումների ընթացքում։ Հետևաբար, հայկական դիվանագիտական կորպուսի պատասխանատու մարմինները պետք է համատեղ միջազգային վերահսկողության մեխանիզմներ մշակեն՝ համապատասխանեցնելով իրենց դիվանագիտական ուղերձները առաջատար արևմտյան ակադեմիական հաստատությունների և միջազգային իրավունքի գիտնականների հետ, կիրառելով նաև փորձագիտական արբանյակային մոնիթորինգը (օրինակ՝ Caucasus Heritage Watch[10]) և եռաչափ թվային արխիվացումը պաշտոնական դիվանագիտական և իրավական ապացույցներում։
Այս համատեքստում, ցավոք, ինչպես նշում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն իր վերջերս արած հայտարարությունում, «Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական գործողությունները լրջորեն հարցականի տակ են դնում միջազգային կառույցների՝ իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու կամքն ու գործունեությանը»[11],[12]։
Վերջին հաշվով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Արցախ միջազգային անկախ փաստահավաք առաքելություն գործուղելու բազմամյա ձախողումը վկայում է միջազգային մշակութային պաշտպանության համակարգի արդյունավետության ճգնաժամի մասին։ Այս կաթվածահար իրավիճակը, որը լայնորեն կապվում է Ադրբեջանի հետևողական քաղաքական և ֆինանսական լոբբինգի հետ, փաստացի նվազեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը համաշխարհային ժառանգության ակտիվ պահապանից մինչև պասիվ դիտորդի մակարդակ։ Արդյունքում, էապես տուժել է կազմակերպության հեղինակությունը որպես մշակութային ժառանգության պահպանության ոլորտում գլխավոր միջազգային ատյանի, որը կոչված է գործելու ոչ թե քաղաքական հաշվարկներով, այլ համամարդկային արժեքների պաշտպանության սկզբունքներով։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոկրատական արգելքները շրջանցելու համար անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) և Blue Shield-ի նման մասնագիտական կառույցների հետ, որոնք ավելի քիչ են կաշկանդված միջպետական քաղաքական գործարքներով, թեև որոշակի գործընկերային հարաբերությունների մեջ են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։
Հաշվի առնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման մշակութային պաշտպանության համար ստեղծված միջազգային կառույցների շարունակական անգործությունը՝ Սփյուռքի կառույցները, ներառյալ հայապաշտպան լոբբիստական խմբերը, նույնպես պետք է ներգավվեն այս գործընթացներում՝ աշխատելով առանձին պետությունների խորհրդարանների և գործադիր մարմինների հետ՝ հասնելու նրան, որ Արցախի հուշարձանների աղավաղմանը մասնակցող, «վերականգնող» կազմակերպություններն ու «մասնագետները» հայտնվեն միջազգային պատժամիջոցների տակ։ Մասնավորապես, խոսքը Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման պատասխանատուների նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառման և նրանց միջազգային «սև ցուցակներում» ներառելու մասին է։
Միայն կոնսենսուսի վրա հիմնված միջազգային կազմակերպությունների վրա ապավինելը բավարար չէ։ Աշխարհաքաղաքական շահերն ու ընթացակարգային սահմանափակումները հաճախ Ադրբեջանին պաշտպանում են իրական պատասխանատվությունից։ Հետևաբար, Հայաստանը պետք է անցնի նախաձեռնողական դիվանագիտության՝ անմիջական աշխատանք տանելով հատկապես ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և այլ ազդեցիկ պետությունների քաղաքական կենտրոնների հետ։ Փաստահեն և մանրակրկիտ փաստագրված նյութերը պետք է հասցեագրվեն արտաքին գործերի նախարարություններին և խորհրդարանների համապատասխան հանձնաժողովներին՝ խնդիրը վերածելով ոչ թե միայն միջազգային կազմակերպությունների, այլ նաև առանձին պետությունների քաղաքական օրակարգի մասի։
Ժամանակակից պատժամիջոցային մեխանիզմները (օրինակ՝ ԱՄՆ-ի «Գլոբալ Մագնիտսկու ակտը», Եվրամիության՝ մարդու իրավունքների ոլորտին առնչվող պատժամիջոցների համակարգը և նմանատիպ այլ ազգային օրենսդրական շրջանակներ) նախատեսված են հենց այն անհատների և կազմակերպությունների պատժելու համար։ Միաժամանակ, հայկական ակադեմիական հաստատությունները, սփյուռքի կազմակերպությունների հետ մեկտեղ, պետք է միջնորդեն միջազգային ճարտարապետական ասոցիացիաներին, ժառանգության պահպանման մարմիններին և արտասահմանյան համալսարաններին՝ խզելու կապերը Ադրբեջանի պետականֆինանսավորմամբ գործող այն կազմակերպությունների և իրենց «աղվանագետ» հռչակած մասնագետների հետ, որոնք ներգրավված են Արցախի հուշարձանների փոփոխման և պատմության կեղծման գործում:
Հայ և Վրաց եկեղեցիների համագործակցության հնարավորությունները
Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող «աղվանացման» քաղաքականության զոհ են դառնում ոչ միայն հայկական, այլև վրացական քրիստոնեական ժառանգության հուշարձանները[13]։ Վերջին տարիներին այդ գործընթացի թիրախում են հայտնվել Ադրբեջանի հյուսիսարևմտյան հատվածում՝ պատմական Հերեթիում (Սաինգիլո), գտնվող վրաց ուղղափառ եկեղեցիներըը[14], ինչը ցույց է տալիս, որ Բաքվի որդեգրած քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի քրիստոնեական պատմամշակութային ժառանգության ավելի լայն վերաիմաստավորմանը։
Միջնադարյան վրացական եկեղեցիները (օրինակ՝ Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցին[15], Դավիթ Գարեջի համալիրի մեջ մտնող Ուդաբնո, Չիչխիտուրի և Բերթուբանի եկեղեցիները, որոնք Ադրբեջանը Աղվանքի մշակութային ժառանգությունն է համարում[16]) ենթարկվում են նույնպիսի գաղափարախոսական «պիտակավորման», ինչպիսին կիրառվում է Լեռնային Արցախի հայկական վանական համալիրների նկատմամբ[17],[18],[19]։
Մշակութային ժառանգության այսպիսի յուրացման և ինքնության «օտարման» փորձերը լուրջ մարտահրավեր են նետում Այսրկովկասի բնիկ քրիստոնեական ժառանգությանը՝ ստեղծելով Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների միջև առավել սերտ համագործակցության անհրաժեշտություն։ Ե՛վ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և՛ Վրաց Պատրիարքարանը տնօրինում են միջնադարյան ձեռագրերի, պատմական փաստաթղթերի և ճարտարապետական ուսումնասիրությունների հարուստ հավաքածուներ, որոնք կարող են ծառայել որպես ամուր փաստական հիմք տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության պաշտպանության գործում։
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ), Սուրբ Աթոռի և այլ միջազգային կրոնական կառույցների հետ համակարգված համագործակցության միջոցով հնարավոր կլինի մշակութային յուրացման և պատմական կեղծարարության դեպքերը ներկայացնել ոչ միայն որպես մշակութային ժառանգության, այլև որպես կրոնական ազատության և պատմական ինքնության պահպանության խնդիր։ Միաժամանակ, Արցախի հայկական և Ադրբեջանի հյուսիսարևմտյան շրջանների վրացական սրբավայրերի վերաբերյալ տվյալների, արխիվային նյութերի և արբանյակային պատկերների փոխանակումը հնարավորություն կտա ստեղծել վտանգված, վնասված կամ վերափոխված քրիստոնեական հուշարձանների համատեղ միջազգային տվյալների բազա։
Նման համագործակցությունը ոչ միայն կուժեղացնի հայկական և վրացական կողմերի փաստարկային բազան, այլև խնդիրը դուրս կբերի զուտ երկկողմ վեճի շրջանակներից՝ այն ներկայացնելով որպես Այսրկովկասի ամբողջ բնիկ քրիստոնեական ժառանգության պահպանության հարց։
Հետևաբար, Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հոգևոր ու նյութական ժառանգության ընդհանուր խոցելիությունը պահանջում է գործնական և համակարգված համագործակցություն։ Հակառակ դեպքում, մասնատված և անհամաչափ արձագանքները շարունակելու են հնարավորություն տալ Ադրբեջանին առաջ մղելու իր քաղաքականությունը՝ առանց լուրջ դիմադրության։
Այս պայմաններում գիտական, դիվանագիտական և իրավական շրջանակների, ինչպես նաև երկու Եկեղեցիների ջանքերի համադրումը կարող է դառնալ հայկական և վրացական քրիստոնեական ժառանգության պաշտպանության ամենակենսունակ մեխանիզմը։ Սակայն մնում է բաց հարց, թե որքանով են կողմերը պատրաստ նման համագործակցության և գիտակցում դրա ռազմավարական անհրաժեշտությունը։
Համագործակցության այլ հարթակների ձևավորում
Գաղտնիք չէ, որ Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների համախմբումը համազգային խնդիրների շուրջ հայ իրականության ամենահզոր, սակայն հաճախ թերագնահատված ռեսուրսներից է[20]։
Նկատենք, որ 3 եկեղեցիների համագործակցությունը բացում է գլոբալ քրիստոնեական և արևմտյան քաղաքական շրջանակների դռները, ընդ որում՝ յուրաքանչյուրն ունի իր ուրույն կապերն ու լոբբիստական լծակները և ուղիղ հասանելիություն համաշխարհային քրիստոնեական և քաղաքական տարբեր բևեռներին։ Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ոչնչացման և «աղվանացման» քաղաքականության դեմ նրանք կարող են գործել մեկ միասնական ճակատով։
Հայ Կաթողիկե Պատրիարքությունը նախ հնարավորություն ունի Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության հարցը բարձրացնել Սուրբ Աթոռի (Վատիկանի) պետական քարտուղարության, ինչպես նաև Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Լատինական Ամերիկայի ազդեցիկ կաթոլիկ շրջանակների մակարդակով։ Այնուամենայնիվ, չմոռանանք հիշեցնել, որ 2005 թվականից Ալիևների զույգը պաշտոնական և աշխատանքային ձևաչափերով պարբերաբար այցելել է Վատիկան։ Այդ փոխգործակցության տնտեսական հիմքը Մեհրիբան Ալիևայի ղեկավարած «Հեյդար Ալիևի հիմնադրամի» գործունեությունն է։ Ադրբեջանական կողմը ֆինանսավորել է հռոմեական կատակոմբների, վատիկանյան առանձին սրբավայրերի վերականգնման և Հռոմեական կուրիայի պատմական փաստաթղթերի թվայնացման ծրագրերը: 2025 թ. ապրիլին, Հռոմում անցկացվել էր նաև Կովկասյան Աղվանքի ժառանգությանը նվիրված գիտաժողով, որն ադրբեջանական իշխանությունները կազմակերպել էին Պապական Գրիգորյան համալսարանում[21]։
Վերը նշվածը նկատի ունենալով՝ Վատիկանում Ադրբեջանի ծավալած ֆինանսական ու քարոզչական հետագա ակտիվությանը հակազդելու գործում Հայ Կաթողիկե եկեղեցին անկասկած ունի առանցքային առաքելություն։ Գործադրելով Մխիթարյան միաբանության գիտական ժառանգությունը, Սուրբ Աթոռի արխիվներում պահվող անառարկելի վկայությունները և պապական կրթական հաստատություններում իր ներկայությունը՝ Հայ Կաթողիկե եկեղեցին կարող է և պարտավոր է ձեռնարկել հստակ քայլեր՝ կանխելու կաթոլիկ կրոնական շրջանակների ներքաշումը Բաքվի առաջ քաշած կեղծ օրակարգի մեջ։
Ինչ վերաբերում է Ավետարանչական Եկեղեցուն, ապա ամերիկյան քաղաքականությունում՝ ավետարանական (Evangelical) կամ բողոքական համայնքներն ունեն վճռորոշ ձայն կրոնական ազատությունների հարցերում։ Ուստի, Հայ Ավետարանական համաշխարհային խորհուրդը, որի կազմում են Հայ Ավետարանական միությունները, այդ թվում՝ Հայաստանյայց Ավետարանչական եկեղեցին, գործընկերային հարաբերությունների մեջ են ԱՄՆ Կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF), Ամերիկյան Ավետարանական ազգային ասոցիացիայի (NAE) և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ։
Որպեսզի վերոգրյալ կրոնական ինստիտուտները գործեն եռակողմ ձևաչափով առաջարկում ենք համագործակցության կոնկրետ գործուն մեխանիզմներ։ Օրինակ՝ կարելի է հիմնադրել Համահայկական եկեղեցական խորհուրդ կամ հանձնախումբ (կամ է ստեղծվելիք հանձնախումբը կարող է ընդգրկվել արդեն իսկ գոյություն ունեցող Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի կազմում ենթահանձնաժողովի տեսքով), որը կլինի 3 եկեղեցիների ներկայացուցիչներից կազմված մշտական գործող մարմին։ Այն կհամակարգի մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային արշավները, ինչպես նաև հանդես կգա միջազգային ատյաններին ուղղված եռակողմ հայտարարություններով և ուղերձներով, Արցախի և Նախիջևանի ոչնչացված կամ «աղվանացված» հուշարձանների վերաբերյալ լուսանկարչական ցուցահանդեսների, փաստագրական ֆիլմերի ցուցադրությունների և փորձագիտական լսումների կազմակերպմամբ, Հայաստանում և արտերեկրում գիտաժողովների անցկացմամբ և արևմտյան մամուլում վերլուծական հոդվածների հրապարակմամբ։
Հատկանշական է, որ հայկական քրիստոնեական հուշարձանների «աղվանացման» քաղաքականությունը մեթոդաբանական առումով զգալի ընդհանրություններ ունի Ադրբեջանի տարածքում իրանական մշակութային ժառանգության և իրանական ծագմամբ մշակութային ու գրական գործիչների «ադրբեջանականացման» գործընթացների հետ։ Ինչպես հայկական վիմագրական արձանագրություններն են պետական մակարդակով իրականացվող «վերականգնողական» ծրագրերի շրջանակներում ներկայացվում որպես «հետագա շերտավորումներ» կամ ենթարկվում ձևափոխման, այնպես էլ պարսկական վիմագրական, ճարտարապետական և պատմամշակութային ժառանգությունն է վերաիմաստավորվում կամ վնասվում՝ ադրբեջանական պաշտոնական պատմագրության կառուցած նարատիվներին համապատասխանեցնելու նպատակով։ Այս երկու դեպքերում էլ գործ ունենք նույն մեխանիզմի հետ. բնիկ մշակութային շերտերի ինքնության նսեմացում, դրանց պատմական ծագման վերագրում այլ սուբյեկտների և, ի վերջո, անցյալի քաղաքական վերաշարադրում։
Նման գործողություններից մեկն արձանագրվեց 2013 թ. Գանձակում՝ 12-րդ դարի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի դամբարանի վերակառուցման ընթացքում, երբ բնօրինակ պարսկերեն քերթվածքներով սալիկները պարզապես ապամոնտաժվեցին՝ տեղը զիջելով ադրբեջաներեն թարգմանություններին[22], ինչն անխուսափելիորեն արժանացավ Թեհրանի կոշտ դիվանագիտական արձագանքին։
Այսինքն գործ ունենք, «համընդհանուր յուրացման» պետական ռազմավարության հետ։ Նախ խորհրդային շրջանից սկսած յուրացվեց իսլամական-իրանական (նաև թալիշական) մշակույթը՝ որպեսզի ապահովվի միջնադարյան գրական ու ճարտարապետական ժառանգություն, իսկ այնուհետև, երբ անհրաժեշտություն առաջացավ հիմնավորել «հնագույն բնիկության» թեզը և հակադրվել հայկական պատմական ներկայությանը տարածաշրջանում, նույն մեխանիզմը արտապատկերվեց նաև հայկական քրիստոնեական ժառանգության վրա՝ «աղվանացման» կեղծ, հակագիտական տեսության տեսքով։
Այնպես որ, հաշվի առնելով նաև իրանական գործոնը, տարբեր մակարդակներում (դիվանագիտական, ակադեմիական և այլն) ԻԻՀ հետ համագործակցությունը ևս հրամայական է։
Եզրակցություններ
Ամփոփելով վերոնշյալը՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանի «աղվանացման» քաղաքականությունը պարզապես պատմագիտական վեճ չէ, այլ պատմական հիշողության և մշակութային ինքնության վերաձևակերպման պետական ծրագիր։ Այն ուղղված է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների, առաջին հերթին՝ հայերի, քաղաքակրթական ներկայության հետքերի չեզոքացմանը և փոխարինմանը այլընտրանքային քաղաքական նարատիվներով։ Այս քաղաքականության ակունքները կարելի է տեսնել դեռևս խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված այն գործելակերպում, որի շրջանակում իրանական մշակութային ժառանգության «թյուրքացումը» ծառայեցվում էր ներկայի քաղաքական նպատակներին։
Այնուամենայնիվ, նկատենք, որ պատմության համակարգված կեղծարարությունն ու մշակութային արժեքների յուրացումը Բաքվի համար վերածվում են երկսայրի՝ ստեղծելով իր համար իրավական և դիվանագիտական անխուսափելի վտանգներ։ Հատկապես, հուշարձանների պատկանելիության վերաբերյալ նյութերի աղավաղմամբ և ոչնչացմամբ, ըստ էության, միջազգային հարթակներում Բաքուն զրոյացնում է տասնամյակներ ի վեր կառուցած «բազմամշակութայնության և կրոնական հանդուրժողականության»[23] երկիր ներակայանալու սեփական իմիջը։
Տարածաշրջանային մակարդակում վրացական քրիստոնեական ժառանգության «աղվանացումը» և իրանական մշակութային ժառանգության «ադրբեջանականացումը» ոչ միայն պատմական կեղծարարության դրսևորումներ են, այլև միջպետական նոր հակասությունների պոտենցիալ աղբյուրներ։ Նման քաղաքականությունը անխուսափելիորեն բախվում է Վրաստանի և Իրանի պատմամշակութային շահերին՝ պարարտ հող ստեղծելով դիվանագիտական և քաղաքական լարվածության համար։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին ճակատում թյուրքական ինքնության և քրիստոնյա աղվաններից սերելու հակասական պատումների համատեղման ու սակավաթիվ ուդիների միջոցով բնիկության իրավունքի պետական օրինականացման փորձերին, ապա այդպիսով վտանգավոր նախադեպ են ստեղծում երկրի ունիտար կառուցվածքի համար և հնարավոր է ապագայում, հյուսիսում բնակվող կովկասալեզու բնիկ փոքրամասնությունները՝ լեզգիները, ավարները և ցախուրները ինքնավարության ու լեզվական իրավունքների պահանջներ առաջ քաշեն։
Մեր կողմից իրավական, գիտական և միջեկեղեցական հարթություններում առաջարկվող ճանապարհային քարտեզը, անշուշտ, չի կարող դիտարկվել որպես համապարփակ լուծում և զերծ չէ լուրջ աշխարհաքաղաքական սահմանափակումներից։ Մի միջազգային համակարգում, որը գնալով առաջնորդվում է ոչ այնքան նորմատիվ սկզբունքներով, որքան քաղաքական և գործարքային շահերով, միջազգային դատական ատյանների որոշումներն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի բանաձևերը հաճախ բախվում են կիրառման թույլ մեխանիզմների և երկարատև ընթացակարգերի խնդրին։ Այդ ընթացքում տեղում կարող են իրականացվել այնպիսի փոփոխություններ, որոնք հետագայում անհնար կլինի վերացնել կամ փոխհատուցել։
Նույնքան բարդ է նաև միջեկեղեցական և միջպետական համագործակցության ձևավորումը։ Հայ և վրաց եկեղեցիների միջև կայուն գործընկերության խորացումը, ինչպես նաև Վրաստանի և Իրանի հետ առավել համակարգված արխիվային, գիտական ու դիվանագիտական համագործակցության հաստատումը պահանջում են հաղթահարել ոչ միայն ինստիտուցիոնալ իներցիան և տարբեր գերատեսչությունների մրցակցությունը, այլև արտաքին քաղաքական առաջնահերթությունների անհամապատասխանությունը։
Այնուամենայնիվ, նշված դժվարությունները չեն նվազեցնում նման համագործակցության անհրաժեշտությունը։ Ընդհակառակը, մշակութային ժառանգության նկատմամբ սպառնալիքների աճող պայմաններում իրավական, գիտական, դիվանագիտական և եկեղեցական ջանքերի համադրումը մնում է խնդրի դիմակայման առավել իրատեսական և կենսունակ ուղիներից մեկը։
Այնուամենայնիվ, հենց միջազգային հարկադրանքի մեխանիզմների թուլությունն է, որ առավել հրատապ է դարձնում հետևողական և երկարաժամկետ աշխատանքը։ Թեև նման ջանքերը չեն կարող անմիջապես կասեցնել մշակութային ժառանգության դեմ ուղղված ոտնձգությունները, դրանք կարող են ապագա իրավական պատասխանատվության հիմք ստեղծել և խոչընդոտել Ադրբեջանի փորձերին՝ պատմական կեղծիքները վերածելու միջազգային ընկալումների և քաղաքական օրակարգերի մասի։
[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 23.11.2026 թ.։
[3] Տե՛ս` Албанизация армянского наследия и Албанский миф․ Шнирельман, В. А. (2003). Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. Академкнига. c. 201, 216.
[4] Айвазян, Г. Г. (2024). Искажения истории Армении, Кавказской Албании и Азербайджана в азербайджанской историографии. Ер.: Издательство «Лусакн».
[5] Свазян, Г. С. (2008). История страны Алуанк (с древнейших времен по VIII век). Ереван, Институт истории Национальной академии наук Республики Армения․
[6] Jost Gippert and Jasmine Dum-Tragut. (2023)․ Caucasian Albania. An International Handbook. European Research Council (ERC) and Deutsche Forschungsgemeinschaft. https://Doi.Org/10.1515/9783110794687 (բեռնման օրը՝ 05.11.2026).
[7] Mnatsakanyan, A., & Harutyunyan, L. (2023). Caucasian Albania: an International Handbook, edited by Jost Gippert and Jasmine Dum-Tragut. Berlin, Boston: De Gruyter Mouton, 2023. xi, 735 pp. Journal of Political Science: Bulletin of Yerevan University, 2(2 (5)), 157-166. https://doi.org/10.1515/9783110794687 (բեռնման օրը՝ 05.11.2026).
[8] Yelena Ambartsumian. International Court of Justice Rules Azerbaijan Must Stop Destroying Armenian Cultural Heritage in Artsakh. Hyperallergic, 07.11.2021, https://hyperallergic.com/icj-rules-azerbaijan-must-stop-destroying-armenian-cultural-heritage-in-artsakh/ (բեռնման օրը՝ 18.11.2026).
[9] ICOMOS, ICA, IFLA & ICOM – Statement on Nagorno Karabakh / Déclaration sur le Haut-Karabakh. 20 November, 2020, https://publ.icomos.org/publicomos/jlbSai?html=Bur&base=technica&ref=43202& file=18 82.pdf&path=ICOMOS-IFLA-ICA-ICOM_StatementNagornoKarabakh_20201120.pdf (բեռնման օրը՝ 15.11.2026).
[10] Lori Khatchadourian, Adam T. Smith, Ian Lindsay, and Husik Ghulyan․ (2026). Heritahe Forensics: Culture on the Front Lines of the Armenia-Azerbaijan Conflict․ Caucasus Heritage Watch․ https://indd.adobe.com/view/bb475688-298d-416f-bea1-4557f1dca207 (բեռնման օրը՝ 15.11.2026).
[11] Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային կազմակերպությունների անգործությունը։ Առավոտ օրաթերթ, 26․10․2026, https://www.aravot.am/2026/10/28/1589779/ (բեռնման օրը՝ 20.11.2026):
[12] «Խոր վրդովմունք ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրենի հայտարարության կապակցությամբ, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին»։ Առավոտ օրաթերթ, 27․10․2026, https://www.aravot.am/2026/10/27/1589633/ (բեռնման օրը՝ 20.11.2026):
[13] Վահե Սարգսյան, Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում: Yerkir.am, 09․25․2026, https://yerkir.am/hy/article/2026/09/25/319435 (բեռնման օրը՝ 08.11.2026):
[14] Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ: Radar Armenia, 25.09.2026, https://radar.am/hy/news/world-2780627578/ (բեռնման օրը՝ 08.11.2026):
[15] İradə Sariyeva, Multikulturalizm və azərbaycançılıq ünvanı – Kürmük məbədi…// BAKI-XƏBƏR, 02.12.2016, https://www.baki-xeber.com/medeniyyet/54454.html (բեռնման օրը՝ 08.11.2026).
[16] Դավիթ Գարեջի․ նախընտրական մեղադրանքներ «Վրացական երազանք»-ի հասցեին: «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ, 21․10․2024, https://geghard-saf.am/406/gareji-georgian-dream/ (բեռնման օրը՝ 08.11.2026):
[17] Strategy for the “Albanization” of the Christian heritage of the South Caucasus: Geopolitical objectives and mechanisms․ ARVAK, Armenian Analytical Center, 05․10․2026, https://arvak.am/en/strategy-for-the-albanization-of-the-christian-heritage-of-the-south-caucasus-geopolitical-objectives-and-mechanisms/ (բեռնման օրը՝ 08.11.2026).
[18] Տե՛ս՝, Ադրբեջանի «Հասարակայնության հետ կապերի զարգացման աջակցության ասոցիացիայի» և Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ ստեղված «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգությունը Ղարաբաղում» թվային հարթակը։ https://albanmap.com/about (բեռնման օրը՝ 08.11.2026):
[19] Ադրբեջանի Հանրապետության տարածքում պետական պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների դասակարգումը հաստատելու մասին՝ Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից հրապարակված որոշմանը կից աղյուսակում շուրջ 63 եկեղեցիներ, վանքեր և սրբավայերեր՝ այդ թվում Արցախի Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիները ներակայացված են որպես «աղվանական»։ Տե՛ս՝, Azərbaycan Respublikası ərazisində dövlət mühafizəsinə götürülmüş daşınmaz tarix və mədəniyyət abidələrinin əhəmiyyət dərəcələrinə görə bölgüsünün təsdiq edilməsi haqqında, https://e-qanun.az/framework/2847#_edn25 (բեռնման օրը՝ 08.11.2026), (հասանելի է միայն VPN-ի օգտագործմամբ)։
[20] Simavoryan, Arestakes, and Vahram Hovyan. “The forms and mechanisms of consolidation (cooperation) of the Armeniancy’s confessional segments”. 21st Century, 1 (11) (2012): 38-53.
[21] Բաքվի կողմից «Աղվանական նախագծի» հաստատութենականացումը: ԱՌՎԱԿ վերլուծական կենտրոն, 20․02․2026, https://arvak.am/բաքվի-կողմից-աղվանական-նախագծի-հաս/ (բեռնման օրը՝ 19.11.2026):
[22] Poems in Persian in Nizami Ganjavi’s mausoleum to be replaced by analogues in Azerbaijani language․ Trend news agency, 22.08.2013, https://www.trend.az/azerbaijan/society/2181361.html (բեռնման օրը՝ 21.11.2026).
[23] Բազմամշակութայնություն անվան տակ իրականում Ադրբեջանը տարիներ ի վեր իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ՝ սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, գործարկում կայքեր, հրատարակում գրքեր, կազմակերպում համերգներ և այլն, որոնք ծառայում են ադրբեջանական տեսակետների տարածմանը և հակահայկական քարոզչությանը։ Տե՛ս՝ Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան, Մուլտիկուլտուրալիզմի ընկալումները և մոդելի քարոզչությունն Ադրբեջանում, «Գլոբուս» վերլուծական հանես, թիվ 8, 2018, էջ 27-32։
Աղբյուրներ և գրականություն
1․ Jost Gippert and Jasmine Dum-Tragut. (2023)․ Caucasian Albania. An International Handbook. European Research Council (ERC) and Deutsche Forschungsgemeinschaft.
https://Doi.Org/10.1515/9783110794687
2․ Mnatsakanyan, A., Harutyunyan, L. (2023). Caucasian Albania: an International Handbook, edited by Jost Gippert and Jasmine Dum-Tragut. Berlin, Boston: De Gruyter Mouton, 2023. xi, 735 pp.
Journal of Political Science: Bulletin of Yerevan University, 2(2 (5)), 157-166.
https://doi.org/10.1515/9783110794687
3․ Simavoryan, Arestakes, and Vahram Hovyan. “The forms and mechanisms of consolidation (cooperation) of the Armeniancy’s confessional segments”. 21st Century 1 (11) (2012): 38-53.
4․ Yelena Ambartsumian. International Court of Justice Rules Azerbaijan Must Stop Destroying Armenian Cultural Heritage in Artsakh.
Hyperallergic, 07.11.2021,
4․ Lori Khatchadourian, Adam T. Smith, Ian Lindsay, and Husik Ghulyan․ (2026). Heritahe Forensics: Culture on the Front Lines of the Armenia-Azerbaijan Conflict․
Caucasus Heritage Watch․
https://indd.adobe.com/view/bb475688-298d-416f-bea1-4557f1dca207
5․ Սիմավորյան, Ա., Հովյան, Վ., Ղանալանյան, Տ. (2014). Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում. Երևան․
6․ Սիմավորյան, Ա., Հովյան, Վ. (2015). Հայագիտական կենտրոնների խնդիրները. 21-րդ ԴԱՐ, 2 (60), 62-74.
7․ Tigranyan, A. (2025). Azerbaijan’s policy of destruction and appropriation of the cultural heritage of the Armenians of Artsakh in the context of violation of cultural rights.
History and Culture․
https://doi.org/10.46991/hc.2022.18
8․ Strategy for the “Albanization” of the Christian heritage of the South Caucasus: Geopolitical objectives and mechanisms․
ARVAK, Armenian Analytical Center, 05․10․2026,
https://arvak.am/en/strategy-for-the-albanization-of-the-christian-heritage-of-the-south-caucasus-geopolitical-objectives-and-mechanisms/
9․ Դիանա Գալստյան, Լիլիթ Հակոբյան, Մուլտիկուլտուրալիզմի ընկալումները և մոդելի քարոզչությունն Ադրբեջանում:
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8, 2018, էջ 27-32։
10․ Azərbaycan Respublikası ərazisində dövlət mühafizəsinə götürülmüş daşınmaz tarix və mədəniyyət abidələrinin əhəmiyyət dərəcələrinə görə bölgüsünün təsdiq edilməsi haqqında, https://e-qanun.az/framework/2847#_edn25
11․ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը և միջազգային կազմակերպությունների անգործությունը։
Առավոտ օրաթերթ, 26․10․2026,
https://www.aravot.am/2026/10/28/1589779/
12․ «Խոր վրդովմունք ենք հայտնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրենի հայտարարության կապակցությամբ, թե տեղյակ չէ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերի մասին»։
Առավոտ օրաթերթ, 27․10․2026,
https://www.aravot.am/2026/10/27/1589633/
13․ Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ:
Radar Armenia, 25.09.2026,
https://radar.am/hy/news/world-2780627578/
14․ Դավիթ Գարեջի․ նախընտրական մեղադրանքներ «Վրացական երազանք»-ի հասցեին: Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամ, 21․10․2024,
https://geghard-saf.am/406/gareji-georgian-dream/
15․ Բաքվի կողմից «Աղվանական նախագծի» հաստատութենականացումը․
Առվակ վերլուծական կենտրոն, 20․02․2026,
https://arvak.am/բաքվի-կողմից-աղվանական-նախագծի-հաս/
16․ Poems in Persian in Nizami Ganjavi’s mausoleum to be replaced by analogues in Azerbaijani language․
Trend news agency, 22.08.2013,
https://www.trend.az/azerbaijan/society/2181361.html
17. Шнирельман, В. А. (2003). Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье. Москва․ Издательством «Академкнига».
18. Айвазян, Г. Г. (2024). Искажения истории Армении, Кавказской Албании и Азербайджана в азербайджанской историографии. Ереван․ Издательство «Лусакн».
19. Свазян, Г. С. (2008). История страны Алуанк (с древнейших времен по VIII век). Ереван․ Институт истории Национальной академии наук Республики Армения.
20․ İradə Sariyeva, Multikulturalizm və azərbaycançılıq ünvanı – Kürmük məbədi…//
BAKI-XƏBƏR, 02.12.2016, https://www.baki-xeber.com/medeniyyet/54454.html
21․ Վահե Սարգսյան, Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում:
Yerkir.am, 09․25․2026,
https://yerkir.am/hy/article/2026/09/25/319435 (բեռնման օրը՝ 08.11.2026).