Սահմանակից երկրներ, Տեսակետ

«Քըզըլ էլմա» առասպելը որպես Անկարայի նվաճողական քաղաքականության ուղեցույց

2 դիտում

Արեստակես Ս. Սիմավորյան[1]

«Քըզըլ էլմա» առասպելը որպես Անկարայի նվաճողական քաղաքականության ուղեցույց 

Փորձագետի տեսակետ, 27.07.2026 թ. [2]

Առաջաբան

Միջազգային հարաբերությունների արդի փոխակերպումը փաստում է՝ պետությունների արտաքին քաղաքականությունը չի ձևավորվում բացառապես տնտեսական կամ ռազմական ռեսուրսների չոր հաշվարկներով։ Բազմաբևեռ աշխարհակարգի անցման շրջանում առաջնագիծ են նետվում այնպիսի մետապատումներ (որոշ դեպքերում դրանք սինթեզված են կրոնական պատկերացումներից) ու քաղաքական միֆեր, որոնցով պետությունները փորձում են իրականացնել ներհասարակական համախմբման և արտաքին նվաճումների «օրինականացման» ուղղված քայլեր։ Այդ նպատակով ծավալապաշտական կամ ինքնիշխանության ձգտող քաղաքական ցանկացած համակարգ առաջնորդվում է իր գաղափարական ուղեցույցով՝ տեսլականով, որով իր սահմաններից դուրս ազդեցության տարածումն ուղեկցվում է իբրև «պատմական անխուսափելիությամբ» կամ կեղծ «մեսիականությամբ»։

Այսպիսի գաղափարախոսությունները հանրության հավաքական գիտակցության վրա ազդելու և աշխարհաքաղաքական նոր սահմաններ գծելու հզոր մեխանիզմներ են։ Գլոբալ մակարդակում տարբեր շեշտադրումներով և նպատակադրումներով առկա են բազմաթիվ գաղափարախոսական հայեցակարգեր, որոնք ձևավորում են ժամանակակից միջազգային հարաբերությունները և ուղղորդում տարածաշրջանային խաղացողների ռազմավարական նկրտումները: Իսկ այդ համատեքստում, թուրքական քաղաքական և քաղաքագիտական-ռազմավարական մտածողությունում արմատացած «Kızıl Elma» (թուրք. նշանակում է «կարմիր խնձոր») նման ուռճացված առասպելը ծառայում է հեգեմոնիայի և տարածաշրջանային վերաձևումների գաղափարական հիմք, որի ուղղակի թիրախում հայտնվում են հարևան պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Կարմիր խնձոր» ուտոպիստական գաղափարի հիմքերն ու նշանակությունը. համառոտ ակնարկ

Ըստ որոշ թուրք հետազոտողների՝ այս հասկացության պատմական ակունքները հասնում են մինչև հին ժամանակներ՝ սնուցված լինելով նախաիսլամական համոզմունքներով և Կենտրոնական Ասիայի թյուրքական ցեղերի քոչվորական ավանդույթներով: Թյուրքական ցեղերի կոլեկտիվ ենթագիտակցության մեջ, խնձորի պատկերն, իբրև թե, ձևավորվել է որպես բաղձալի նպատակի, հեռավոր նպատակակետի կամ գերագույն ուժի սակրալ խորհրդանիշ, որին պետք է ձգտեն կառավարիչը և նրա բանակը:

Չնայած այս շրջանառվող տեսակետներին՝ բուն արտահայտությունը թուրքական ակադեմիական հրատարակություններից ոմանցում ներկայացված է իբրև անորոշ ծագումն ունեցող։ Օրինակ՝ Մ. Զ. Փաքալընը, մեջբերելով 16-17 դդ. բոսնիական ծագմամբ օսմանցի պատմաբան և ժամանակագիր Մեհմեթ Փեչևիի հետևյալ խոսքերը՝ «Ժողովրդի մեջ տարածված է, որ մուսուլմանները պետք է նվաճեն մինչև Քըզըլ էլմա: Սակայն այս բառի աղբյուրն ու պատճառն անհայտ են», նշում է, որ «Քըզըլ էլմա»-ն ինչ-որ երևակայական բան չէ, այլ ըստ Փեչևիի՝ «սահմանաքարի նման նշան» [3]:

Ինչևէ, իսլամի ընդունմամբ այս առասպելը փոխակերպվում է՝ միահյուսվելով «İla-yı Kelimetullah» (Աստծո խոսքի փառաբանում) կրոնական և քաղաքական վարդապետությանը` դառնալով նոր ռազմական արշավների և «Nizam-ı Âlem»-ի (համաշխարհային կարգ) հաստատելու գաղափարական շարժիչ ուժը։ Այս գործընթացի վառ օրինակներից էր Սուրբ Սոֆիայի առջև Հուստինիանոսի ձիավոր արձանի մոտ պահվող բրոնզե գնդի ընկալումը՝ որպես «Կարմիր խնձորի» նյութական մարմնացում, որը ոգեշնչել է սուլթան Մեհմեդ II-ի (Ֆաթիհի) զորքերին գրավել Կոստանդնուպոլիսը[4]: Բյուզանդական մայրաքաղաքի անկումից հետո կայսերական մտքի վեկտորը անմիջապես տեղափոխվում է դեպի արևմուտք, և Հռոմը՝ իր Սուրբ Պետրոսի տաճարով, դառնում է օսմանյան կառավարիչների սրբազան ցանկության, նվաճման նոր օբյեկտը, որը փաստորեն ընկալվում էր իբրև «բարձրագույն աստվածային հրամանագրի կատարում»։

17-րդ դարի օսմանյան գրող, ճանապարհորդ Էվլիյա Չելեբին նաև հիշատակել է Վիեննա, Բուդա, Էսթերգոմ, Բելգրադ քաղաքներն ու դրանց ամրոցները՝ «Կարմիր խնձոր» գաղափարի համատեքստում[5]: Այս բոլոր վայրերը դարձան օսմանյան նվաճման իդեալի կարևոր թիրախներ՝ կա՛մ գրավվեցին շատ դժվար պայքարներից հետո, կա՛մ մնացին որպես մեծ նպատակներ, ինչպես Հռոմն և Վիեննան:

1826 թ. Ենիչերիների կորպուսի լուծարումից հետ, երբ թուլացող Օսմանյան կայսրությունը հայտնվեց խորը համակարգային ճգնաժամի մեջ, հասկացությունը երկար ժամանակով դուրս մղվեց քաղաքական օրակարգից։ Սակայն 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սահմանագծին կայսրության փլուզման, թուրքական ազգայնամոլական և ռասիստական տրամադրությունների աճի հետնապատկերում պանթյուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփը վերակենդանացրեց և վերաիմաստավորեց առասպելը՝ այն ներկայացնելով որպես «հայրենիքի՝ Թուրանի հետ վերամիավորման համաթյուրքական ձգտում»։

Տվյալ ժամանակաշրջանում «Կարմիր խնձորի» հայեցակարգի վերածնունդը Արևմուտքում կայսրության կրած պարտությունների փոխհատուցման փորձի դրսևորումն էր՝ Եվրասիայի թյուրքական ժողովուրդների լայնածավալ էթնիկ և մշակութային համախմբման նախագծերով։ Կարճ ասած, «Օսմանյան կայսրության անկման շրջանում և Հանրապետական Թուրքիայի ձևավորմանը զուգընթաց՝ այս հայեցակարգը համալրվեց նաև թուրանականությամբ և թյուրքական համընդհանուր միության գաղափարներով՝ թևակոխելով զարգացման նոր փուլ՝ որպես «Թյուրքական աշխարհակալության վսեմ իդեալ» և «Թյուրք-իսլամական գաղափարախոսություն»[6]։

Համանման գաղափարներ այլ ազգերի մոտ

Մինչ թուրքական «Կարմիր խնձորը» պատմության ընթացքում ստացել է հիմնականում ընդգծված քաղաքական, ռազմական և նվաճողական ուղղվածության իմաստ, աշխարհի այլ մշակույթներում «խնձորի» կամ նմանատիպ առարկաների խորհրդանիշը, իր արտացոլումն է գտել տարբեր ժողովուրդների հեքիաթներում որպես երկարակեցություն և առողջություն պարգևող սիմվոլ, իսկ քրիստոնեությունից՝ «մեղքի համն առնելու» պտուղ։

Սակայն նկատենք, որ միջնադարյան քրիստոնեա Եվրոպայում՝ «Reichsapfel»-ը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Կայսերական խնձոր», ի հայտ է եկել դեռևս 12-րդ դարի Գերմանիայի թագավոր և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I-ի գահակալության ժամանակ, որը հայտնի է նաև որպես Ֆրիդրիխ Բարբարոսա՝ Ֆրիդրիխ Կարմամորուս (շիկամորուս)։ «Ռեյխսափֆելը» գլոբուս է՝ վերևում խաչով, որը խորհրդանշում է ամբողջ Եվրոպայի միավորումը գերմանական տիրապետության ներքո։ Խորհրդանիշն օգտագործվել է համընդհանուր քրիստոնեական կրոնի կամ կայսեր քրիստոնեա հավատքին պատկանելու և կայսրության ուժը ներկայացնելու համար։ Եթե ավելի հեռուն գնանք, ապա դրա պատկերի օգտագործումը թվագրվում է 4-րդ դարի վերջից մինչև 5-րդ դարի սկիզբ Արևելյան Հռոմեական կայսրեր՝ Արկադիոսի և նրա որդու՝ Թեոդոսիոս Բ Կրտսերի հատած դրամների վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, Արևմտյան պատկերագրության մեջ գունդը խորհրդանշում է Քրիստոսի (Խաչի) տիրապետությունը աշխարհի (գլոբուսի) վրա, որը բառացիորեն պահվում է երկրային կառավարչի (կամ երբեմն՝ երկնային էակի, օրինակ՝ հրեշտակի) կողմից։ Երբ այն պահվում է Քրիստոսի կողմից՝ պատկերը կոչվում է «Salvator Mundi» (Աշխարհի Փրկիչ)։ Բայց խորքային և նախնական իմաստով՝ հեթանոսական շրջանում, հատկապես հռոմեական դիցաբանության մեջ, գունդը խորհրդանշում էր տիեզերքը՝ որպես կայսեր տիրապետության խորհրդանիշ, և միայն հետո կերպափոխման արդյունքում ստացավ այն իմաստը՝ որով հայտնի է այսօր[7]։

Համանման առասպել գոյություն ունի նաև հույների մոտ։ Օրինակ՝ հունական բանահյուսության համաձայն՝ «Կարմիր խնձորենին» (Kokkini Milia) մի առասպելական վայր է, որտեղից կվտարվեն թուրքերը, երբ «Մարմարե Արքան» (նկատի է առնվում Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին XI Պալեոլոգոսը, ով զոհվել է Կոստանդնուպոլիսը պաշտպանելու ժամանակ) վերադառնա կյանքի[8]։

Այսպիսով, օսմանյան/թուրքական «Կարմիր խնձորի»՝ համաշխարհային տիրապետության հասնելու միֆի ձևավորման վրա մեծապես ազդել են քրիստոնեական աշխարհի (բյուզանդական, հունական և եվրոպական) վախճանաբանական պատկերացումները՝ կապված էսխատոլոգիական ժամանակների մասին ընկալումների հետ: Կարծում ենք, որ վերածվելով կայսրության, այն ստիպված էր փոխառել այնպիսի գաղափարական տարրեր և սիմվոլներ, որոնք հասկանալի և տպավորիչ պետք է լինեին ոչ միայն իրենց, այլև նվաճված քրիստոնեա բնակչության ու արևմտյան հարևանների համար։

Գուցե տեղի է ունեցել առասպելների փոխանակում կամ նույնիսկ հակադարձ իմաստով յուրացում թուրքերի կողմից. այն ինչ հույների համար ազատագրման կամ կորսված պետականության վերադարձի խորհրդանիշ էր, թուրքերի մոտ նվաճման հերթական հեռավոր հանգրվանը։ Ընդ որում, այն երբեք ամուր կերպով հաստատված չէ որևէ աշխարհագրական կոորդինատի հետ։ Փոխարենը, հենց որ թուրքերը մեկ «խնձորի» էին հասնում, գերագույն նպատակի հորիզոնը անպայմանորեն նահանջում էր աշխարհաքաղաքական մրցակցության հաջորդ խոշոր կենտրոն՝ այն դարձնելով պետության նվաճողական հավակնությունների տևական հետագիծ։

Հայեցակարգի արդի դրսևորումները Թուրքիայում

Ժամանակակից Թուրքիայում «Կարմիր խնձոր» հասկացությունը, վստահորեն կարելի է ասել աննախադեպ վերածնունդ է ապրում։ Իշխող քաղաքական վերնախավն այս խորհրդանիշը նպատակաուղղված կերպով ներարկել է հանրային գիտակցության մեջ՝ դրա համար կիրառելով բազմաշերտ մոտեցումներ։ Արտաքին քաղաքական ճակատում ունեցած հաջողությունների ցուցադրումը, ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական ձեռքբերումներին սակրալ-պատմական երանգավորում տալը (ինչի վառ ապացույցն է «Բայրաքթար Քըզըլ Էլմա» հարվածային ԱԹՍ-ի ցուցադրական անվանակոչումը) և համաշխարհային առաջնորդությանը հավակնող հայեցակարգերի շրջանառումը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ էքսպանսիոնիստական տեսլականը դարձնել հասարակության համար անվերապահ ընդունելի ազգային-պետական ուղենիշ։

Դրա վերածննդի և արդիականացման գլխավոր խթան հանդիսացավ ԽՍՀՄ փլուզումը, որն Անկարայի համար եզակի աշխարհաքաղաքական հնարավորությունների պատուհան բացեց հետխորհրդային տարածքում: Կովկասում և Կենտրոնական Ասիայում անկախ թյուրքալեզու պետությունների ի հայտ գալով՝ թուրք ռազմավարագետները վերանայեցին հին պանթյուրքիստական երազանքները բազմավեկտոր ինտեգրման համատեքստում, որի գագաթնակետը՝ «Թյուրքական պետությունների կազմակերպության» ստեղծումն էր:

«Կարմիր խնձորը» դադարեց ընկալվել սոսկ տարածքների զավթման համատեքստում։ Այն վերածվեց ռազմավարական ներկայության՝ մշակութային և տնտեսական գերիշխանության հաստատման ճանապարհով, ինչպես և տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կապերով: Այս ընթացքում ծայրահեղ ազգայնական և իսլամական գաղափարները սկսեցին միաձուլվել Թուրքիայի ներքաղաքական դաշտում։ Արդյունքում «Կարմիր խնձորը» վերածվեց պետական գերագույն նպատակի, որը խորհրդանշում էր երեք առանցքային ուղղություն՝ Արևմուտքից լիակատար անկախություն, ռազմաարդյունաբերական հզոր առաջընթաց և հավակնություն դառնալու ինքնուրույն ուժային բևեռ բազմաբևեռ աշխարհակարգում։

Այն հատուկ երանգ ստացավ հատկապես Ռ. Թ. Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ) օրոք։ Վերջին տասնամյակում հասկացությունը դադարել է լինել արմատական ​​ընդդիմության կամ ծայրահեղ ազգայնական կուսակցությունների սեփականությունը և իր արտահայտություն է գտնում երկրի բարձրագույն ղեկավարության բառապաշարում՝ դառնալով ակտիվ և երբեմն ագրեսիվ արտաքին քաղաքականության գաղափարախոսական արդարացում: Հատկապես, Թուրքիայի ռազմական միջամտություններն ու գործողությունները Սիրիայում, Լիբիայում և Իրաքում, ինչպես նաև նրա ռազմատեխնիկական աջակցությունն Ադրբեջանին արցախյան հակամարտության ընթացքում, ներքին լսարանին ներկայացվում են հենց նվիրական «Կարմիր խնձորին» մոտենալու հատվածակողմով:

Որպեսզի վերն ասվածը մերկապարանոց չերևա, կարելի է հիշատակել մի քանի օրինակ։ 2018 թ. ԹԶՈՒ կողմից Սիրիայի սուվերեն տարածքներն օկուպացնելու՝ «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ թուրքական հասարակության մեջ և սոցիալական ցանցերում լայնորեն տարածվեց «Դեպի կարմիր խնձոր» գնալու կարգախոսը։ Այն մեծ տարածում գտավ այն բանից հետո, երբ լրագրողի այն հարցին, թե «Ո՞ր ուղղությամբ եք շարժվում», թուրք զինվորը պատասխանել էր՝ «Կարմիր խնձորի»[9]։

Դրվագն, անշուշտ, ակնառու կերպով ցույց է տալիս վերացական միֆի՝ զինվորական առօրյա ներթափանցման մասին։ Փաստորեն, գաղափարախոսությունը դուրս է եկել քաղաքական բառամթերքից՝ անհատական/զինվորի և ինստիտուցիոնալ/բանակի մակարդակներում վերածվել է նվաճողական տրամադրությունների և շարժառիթի բնական բաղադրիչ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ժամանակակից թուրքական պետական ​​մեքենան հաջողությամբ շահագործում է այս «սրբազան միֆը»՝ պահպանելու հանրային համախմբման բարձր մակարդակը, արդարացնելու իր նկրտումները և ձևավորելու այնպիսի հասարակություն, որը պատրաստ է աջակցել պետական սահմաններից դուրս ցանկացած նվաճողական գործողություն:

Ինչ վերաբերում է քաղաքական դեմքերի մակարդակով առասպելի տեսանկյունից հարցերին մոտենալուն, ապա նշենք, որ այս մասով բազմաթիվ հայտարարություններ են արվել։ Օրինակ՝ 2017 թ. երիտասարդներին ուղղված իր ելույթում Էրդողանը հետևյալ ձևակերպումն էր արել. «Մենք ձեզ հետ միասին կկառուցենք 2023 թվականի Թուրքիան»։ Հաջորդ «կարմիր խնձորը» 2053 թվականի Թուրքիան է, որտեղ մենք ձեզ ենք վստահում ամեն ինչ։ Նմանապես, դուք պատասխանատվություն եք կրում 2071 թվականի տեսլականը հաջորդ սերունդներին փոխանցելու համար»[10]։ Սիրիական գործողություններից երկու տարի անց և Արցախյան 2-րդ պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020 թ. օգոստոսի 24-ին, այդ պահին երկրի նախագահին կից հաղորդակցության բաժնի ղեկավարի աթոռը զբաղեցնող Ֆահրեթին Ալթունը (2026 թ. մարտից ԹՀ դեսպանն է Վատիկանում), որին քաղաքական ընդդիմադիր ուժերը համեմատում են նացիստական Գերմանիայի քարոզչության նախարար Յ. Գեբելսի հետ` X-ի էջում կիսվել էր «Կարմիր խնձոր» հիմնով՝ ասելով. «Մեզ համար «Կարմիր խնձորը» նշանակում է մեծ և ուժեղ Թուրքիա: Այն մեր ազգի սրբազան երթն է, որը պատմություն է կերտել Մանազկերտից մինչև հուլիսի 15-ը: «Կարմիր խնձորը» ստվերի տակ է պահում ճնշվածներին՝ թարմանալու համար: «Կարմիր խնձորն» այն է, ինչին ամբողջ մարդկությունը կարոտել է Ջիբրալթարից մինչև Հիջազ և Բալկաններից մինչև Ասիա»[11]:

Սա «Կարմիր խնձոր» հասկացության թուրքական ներկայիս իշխանությունների և, անգամ, հասարակության նկրտումների խտացված արտահայտություն է։ Ընդ որում, նկատենք, որ աշխարհագրական տեղանունների վրա շեշտադրված հայտարարության վերջաբանը բացահայտում է Անկարայի աշխարհաքաղաքական առավելագույն հավակնությունները։

Գալով Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական և նրանց սատարող ահաբեկչական խմբավորումների կողմից 2020 թ. սանձազերծված պատերազմին և արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությանը, նշենք, որ թուրքական լրատվական մի շարք թերթերում և վերլուծական հաստատությունների հրապարակումներում այն ներկայացնում էին ևս մեկ «Կարմիր խնձորին» հասնելու քայլ[12]։ Ահա այսպես է նկարագրում Արցախի բռնազավթումը Թուրքիայում հայտնի լրագրող, գրող, պետական մրցանակների արժանացած Ֆիլիզ Թոքլուն. «Ղարաբաղը դարձել է ամբողջ թյուրքական աշխարհի «Կարմիր խնձորը», և «այս հին թյուրքական հայրենիքն ազատագրվել է օկուպացիայից» (չակերտները հեղինակին է – Ա. Ս.) և վերափոխվել թյուրք-իսլամական հողի։ Եվ իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր պետական գործիչներին և ընկերներին, ովքեր քայլում են Թուրան-իսլամի ճանապարհով։ …հավատում եմ, որ մենք կհասնենք այն օրվան, երբ մեր բոլոր օկուպացված հայրենիքները, ինչպիսիք են Ղրիմը և Արևելյան Թուրքեստանը, կազատագրվեն»[13]։

Հազարամյա հայկական քրիստոնեական քաղաքակրթության մի ամբողջ շերտի բնաջնջումը, ադրենածին հայ բնակչության բռնի տեղահանումն Արցախի Հանրապետությունից և պատմական հիշողության պղծումն ահա այսպիսի միֆական պատումների միջոցով է հանրահռչակվում, և դա իսկապես իր ազդեցությունն է թողնում:

Այդ ազդեցությունն այսպես է նկարագրում թուրք պատմաբան, լրագրող Այշե Հուրը իր հեղինակած «Թուրքերի մյուս պատմությունը» խորագրով գրքի «Ի՞նչ է «Կարմիր խնձորը», որտե՞ղ է այն» ենթագլխում. «2010-ականներին ԱԶԿ-ի գլխավորած ազգայնական-սրբազան կոալիցիայի համար «Կարմիր խնձոր» են դառնում Լիբիան, Էգեյան կղզիները, Սիրիան և առնվազն Իրաքի հյուսիսը, և, անշուշտ, դարձյալ Կիպրոսը։ Իսկ սոցիալական ցանցերի «կարմիր խնձորականներն» ավելի համարձակ են, անուն առ անուն թվարկում են նոր «Կարմիր խնձորները». «Թուրքիայի 82-րդ նահանգը՝ Մոսուլ, 83-րդը՝ Քիրքուկ, 84-րդը՝ Դամասկոս, 85-րդը՝ Մեքքա, 86-րդը՝ Երուսաղեմ…»։ Նույնիսկ կան այնպիսիները, ում ականջները քանի դեռ չեն քաշել, ասում են՝ Մոսկվա, Պեկին։ Իսկ վերջին «Կարմիր խնձորի» մասին լսեցինք հենց Էրդողանի բերանից. «Մեր նպատակը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիարժեք անդամակցությունն է»։ Անշուշտ, ենթատեքստում այն է, որ Ադրբեջանը Հայաստանից պոկի «Զանգեզուրի միջանցքը» և միացնի Թուրքիան՝ թյուրքական աշխարհին»[14]։

Այս վերջին նախադասությունից ելնելով՝ նշենք, որ Արցախի հարցը «լուծված համարելուց» հետո, այժմ թուրքերի «Կարմիր խնձորի» կիզակետը Սյունյաց աշխարհն է, որի վերաբերյալ հոդվածներ են տարածում գտնում թուրքական մեդիա հարթակներով։ Բնավ չցանկանալով մեջբերել դրանցում առաջ քաշված և խորը քննադատությանը չդիմացող թուրք-ադրբեջանական թեզերը[15],[16], նշենք, որ դրանց հիմնական նպատակը պատմական կամ իրավական ճշմարտություն ներկայացնելն չէ, այլ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի՝ որպես «անխուսափելի իրողություն» արմատավորելն է հանրային գիտակցությունում։

Այսպիսով, թուրք-ադրբեջանական տանդեմը, Սյունիքը դիտարկելով աշխարհագրական «խոչընդոտ թյուրքական աշխարհի» միավորման ճանապարհին՝ հոգեբանական, տեղեկատվական և դիվանագիտական ճնշման միջոցով փորձում է պարտադրել իր օրակարգը։ Հատկապես տեղեկատվական գրոհներում շրջանառվում են տարածաշրջանի էթնիկ կազմի ձևափոխման, պատմական փաստերի խեղաթյուրման և «պատմական արդարության վերականգնման» կեղծ թեզերը, որոնք կոչված են քողարկելու իրական նկրտումները։ Բնականաբար, այս գործընթացներն ուղղակիորեն սպառնում են ՀՀ ինքնիշխանությանն ու պետականության հիմքերին՝ «Կարմիր խնձորի» հերթական հանգրվանը դարձնելով հայոց ռազմավարական ամենախոցելի, բայց, միևնույն ժամանակ, ամենաառանցքային տարածքը։ Իսկ սրանից հետևում է նաև այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է միջազգային հանրության աչքում հող նախապատրաստել ապագա պահանջների համար և Հայաստանի հասարակությունում սերմանել անօգնականության և հանձնվողականության տրամադրություններ։ Այնպես, որ Արցախի կորուստը «վերջնակետ» չէր, այլ հաջորդ փուլի սկիզբ։

Եզրակացություններ

Եզրափակելով թեմայի հետ կապված մեր համեստ վերլուծությունը, ընդգծենք, որ «Կարմիր խնձոր» հորջորջվող, նվաճողական ենթատեքստ պարունակող այս հայեցակարգը՝ քարացած «ուսմունք» չէ։ Այն, ինչպես տեսնում ենք, անընդհատ զարգացող և, միևնույն ժամանակ, հարմարվողական քաղաքական առասպել է, որը տարբեր դարերում, փոփոխվող անվտանգային միջավայրով պայմանավորված, ստացել է նոր բովանդակություն: Դրա հետ միասին, կախված պատմական պահի թելադրանքից՝ այն մե’րթ քողարկվում է անդրազգային էթնո-մշակութային ինտեգրացիոն (հիմնականում՝ պանթյուրքական) նախագծերի, մե՛րթ՝ բարենպաստ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում՝ ուղղակի տարածքային կամ ազդեցության սահմանների ընդլայնման նպատակների ներքո։ Հետևաբար, «Քըզըլ էլմայի» տրամաբանությունը ենթադրում է նվաճման ենթակա կամ այդպիսի նպատակադրություն ունեցող նոր թիրախների մշտական ձևավորում, որտեղ յուրաքանչյուր նվաճված կամ յուրացված հանգրվան պարզապես ճանապարհ է հարթում հաջորդ, ավելի հավակնոտ նպատակի համար։ Ըստ էության, գործ ունենք չափազանց ագրեսիվ, ռազմատենչ, հարևան ժողովուրդների ինքնիշխանության տարածքների հանդեպ նկրտումներ ունեցող մի գաղափարի հետ, որն անքակտելի է պաշտոնական Անկարայի քաղաքականությունից։


[1] Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014–2021 թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

[2] Հոդվածը խմբագրություն է փոխանցվել 25.07.2026 թ.-ին:

[3] Տես նաև, Pakalın, M. Z. (1983). Osmanlı Tarih Deyimleri ve Terimleri Sözlüğü. Cilt 2. İstanbul: MEB Devlet Kitapları. s. 278, https://ru.scribd.com/document/98653543/OSMANLI-TARİH-DEYİMLERİ-VE-TERİMLERİ-SOZLUĞU-2-Cilt-1-kısım-Mehmet-Zeki-Pakalın-Milli-Eğitim-Basımevi-İstanbul-1971-II-Baskı (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[4] Beytullah Çakır․ Ütopya’dan Kızıl Elma’ya․ Lacivert Dergi․ SAYI:29, Kasım 2016, https://www.lacivertdergi.com/dosya/2016/11/02/utopyadan-kizil-elmaya (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[5] Alp, A. (2023). Ziya Gökalp’a Göre Kızılelma ve Ceditçilik Hareketi. Gazi Akademik Bakış, 17(33), 45-59. https://doi.org/10.19060/gav.1405839 (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[6] Armağan, B. (2022). Kolektif Bilinç Ürünü Olarak Kızılelma’nın Edebî Metinlerdeki Algılanma Görüntüsü: Ziya Gökalp’inve Cengiz Aytmatov’un Kızıl Elma Anlatıları. Korkut Ata Türkiyat Araştırmaları Dergisi, 8, 642.

[7] Pyrgies, Joanna (2021). Globus cruciger’ in the Hands of Monarchs. Archaotravel.eu, https://archaeotravel.eu/globus-cruciger-in-the-hands-of-monarchs/ (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[8] Greek Legend: The “Marbled King”, Hagia Sophia and the Red Apple Tree. Keep Talking Greece, 24.07.2020, https://www.keeptalkinggreece.com/2020/07/24/hagia-sophia-marbled-king-red-apple-tree-legend-byzantine/ (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[9] Kahraman Mehmetçik Afrin’de: “Hedef Kızıl Elma”, 18.05.2028, https://www.youtube.com/watch?v=tmvzzyegchg (բեռնման օրը՝ 15․07․2026)․

[10] Stuart Williams․ Turkey’s Chase for the ‘Red Apple’․ New Lines Magazine, 15.01.2021, https://newlinesmag.com/essays/turkeys-chase-for-the-red-apple/ (բեռնման օրը՝ 18․07․2026)․

[11] İletişim Başkanlığı Malazgirt Zaferi’nin 949. yıl dönümü dolayısıyla “Kızıl Elma” marşı hazırladı. İletişim Başkanlığı, 24.08.2020, https://www.iletisim.gov.tr/turkce/haberler/detay/iletisim-baskanligi-malazgirt-zaferinin-949-yildonumu- dolayisiyla-kizil-elma-marsi-hazirladi (բեռնման օրը՝ 18․07․2026)․

[12] Տե՛ս, օրինակ, Bugün Türk’ün Kızılelması Karabağ’dır․ Çorum hakimiyet, 05.10.2020, https://www.corumhakimiyet.net/bugun-turkun-kizilelmasi-karabagdir (բեռնման օրը՝ 18․07․2026)․ Şevval Beste Gökçelik․
“Kızıl Elma” yı nasıl anlamalıyız? Avrasya incemeleri merkezi, 17.09.2021, https://avim.org.tr/tr/Yorum/KIZIL-ELMA-YI-NASIL-ANLAMALIYIZ (բեռնման օրը՝ 18․07․2026)․

[13] Filiz Toklu. Kızılelma Durağı: Karabağ ve Karabağ çekik gözlü bir Türkmen kızı gibi. Fısıltı haberleri, 03.10.2023, https://www.fisiltihaberleri.com/yazi/kizilelma-duragi-karabag-ve-karabag-cekik-gozlu-bir-turkmen-kizi-gibi-hazarin-yakininda-mahzun-guzelligiyle-dedem-haci-muratin-destan-sehridir-cagrilsam-yollarina-dusebilirim-topragina-bayraklarla-girebilirim-karasevdalilar-g-1382.html (բեռնման օրը՝ 18․07․2026)․

[14] Kuru Ağaç, Sidret’ül Münteha ve Kızıl Elma․ Kısa dalga, 21.09.2022, https://kisadalga.net/yazar/kuru-agac-sidretul-munteha-kizil-elma_41938 (բեռնման օրը՝ 18․07․2026)․

[15] Cemal Akkuş․ Zengezur koridoru üzerindeki hegemonya mücadelesi ve Türkiye ve için stratejik çıkış yolları․ Alternatif Araştırmalar Merkezi (ALARM), 15․08․2025, https://www.alternatifarastirmalar.org/kizil-elma-da-abd-dis-izi (բեռնման օրը՝ 23․07․2026)․

[16] Mehmet Ali Çelebi. Kalkınma Yolu, Zap, Zengezur. Yeni yaşam, 16.01.2024, https://yeniyasamgazetesi9.com/kalkinma-yolu-zap-zengezur/ (բեռնման օրը՝ 23․07․2026)․