Մեկնաբանություններ

Իրավաքաղաքական վերջին զարգացումները Վրաստանում

Փորձագետի մեկնաբանություն, 15.10.2025թ.

Հասմիկ Մ. Մելիքսեթյան[1]

Քաղաքական բևեռացում և խիստ սահմանափակումներ. Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է անկայուն մնալ

Վերջին տարիներին Վրաստանում քաղաքական իրավիճակը ոչ մի կերպ չի կայունանում, իսկ քաղաքական բևեռացումը շարունակում է ավելի խորանալ։ 2024թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի և Արևմուտքի հարաբերությունները պատմական նվազագույնի են հասել՝ զուգորդվելով փոխադարձ մեղադրանքներով, կոշտ հռետորաբանությամբ և չեղարկված համագործակցություններով։

Գրեթե 1 տարի չդադարող ցույցեր Թբիլիսիում

2024 թ. խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարան անցած ընդդիմությունը և միջազգային կառույցները չընդունեցին ընտրության արդյունքները, իսկ ընդդիմադիր պատգամավորները չմտան խորհրդարան։ Դրանցից միայն «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունն է 2025 թ. հոկտեմբերին դադարեցրել բոյկոտը և սկսել աշխատանքը խորհրդարանում:

Հավաքական ընդդիմությունն ընտրություններից հետո կարողացել էր մի քանի խոշոր հանրահավաք կազմակերպել մի քանի օրվա ընդմիջումներով, սակայն փողոց դուրս եկած քաղաքացիների թիվը գնալով նվազում էր։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 2024 թ. նոյեմբերի 28-ին, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, թե երկիրը մինչև 2028 թ․ իր օրակարգում չի ունենալու ԵՄ-ի հետ բանակցությունների հարցը։

«Մենք նաև հրաժարվում ենք Եվրամիության կողմից տրամադրվող որևէ բյուջետային դրամաշնորհից մինչև 2028 թվականի վերջը։ 2028 թ. վերջն այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսապես պատշաճ կերպով պատրաստ կլինի 2030 թ. Եվրամիությանը միանալու դուռը բացելուն», – հայտարարել էր Կոբախիձեն։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները հատկացված դրամաշնորհներն ու վարկերն օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու համար։

Վրաստանում ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացը ժամանակավորապես դադարեցնելու հայտարարությունը խիստ դիմադրության արժանացավ՝ հազարավոր մարդիկ սկսեցին ինքնաբուխ դուրս գալ փողոց՝ քննադատելով այդ որոշումը։ Հանրային հայտարարություններ էին անում, ստորագրահավաքներ իրականացնում ու փողոց էին դուրս գալիս նաև պետական համակարգի, տարբեր գերատեսչություններում աշխատող քաղաքացիներ։ Հրաժարականներ եղան նաև օտարերկրյա պետություններում հավատարմագրված դեսպանների շրջանում։ Հրաժարական էին ներկայացրել Նիդերլանդներում, Իտալիայում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Լիտվայում և Չեխիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները։

Կոբախիձեի հայտարարությունից 2 օր անց՝ նոյեմբերի 30-ին, ԱՄՆ ՊԵտդեպը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կասեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության մեխանիզմը։ ««Վրացական երազանքի» հակադեմոկրատական տարբեր գործողությունները խախտել են մեր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն դադարեցրել է այդ մեխանիզմը», – ասված է հայտարարության մեջ[2]։

Մի քանի օր անց էլ Պետդեպը հավելյալ անհատական պատժամիջոցներ սահմանեց Վրաստանի կառավարության և խորհրդարանի որոշ ներկայացուցիչների, իրավապահ մարմինների, անվտանգության աշխատակիցների և մասնավոր քաղաքացիների նկատմամբ։ Վիզաների սահմանափակման քաղաքականության շրջանակներում արգելվեց վիզա տրամադրել մոտ 20 հոգու, ովքեր «պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար»։ «ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է «Վրացական երազանք» կուսակցության շարունակական, դաժան և չարդարացված բռնությունները Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Վրացական երազանքը» շեղվել է Վրաստանի եվրաատլանտյան ապագայից, որը վրաց ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է, և որը նախատեսում է Վրաստանի սահմանադրությունը», – ասված է հաղորդագրությունում[3]։

ԱՄՆ-ից բացի վրացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանել նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ ՄԹ-ն ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմին էլ հայտարարել էր[4], թե ՄԲ-ն անմիջապես դադարեցնում է ծրագրային աջակցությունը Վրաստանի կառավարությանը, սահմանափակում պաշտպանական համագործակցությունը և սահմանափակում «Վրացական երազանքի» հետ հարաբերությունները, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը։

Դեկտեմբերի 16-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում պաշտոնյաները պայմանավորվել էին[5] ժամանակավորապես դադարեցնել առանց վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնյաների համար։ 2025 թ. հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ դիվանագիտական անձնագրեր ունեցող վրացի պաշտոնյաները զրկվել են առանց վիզայի ԵՄ գնալու հնարավորությունից[6]։

Միջազգային պատժամիջոցների և ճնշումների ֆոնին 2025-ի փետրվարից Վրաստանի խորհրդարանում սկսեց գործել հետաքննող հանձնաժողով, որը հետաքննելու էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման շրջանը՝ 2003–2012 թթ։ Հետաքննության օրակարգում էին՝

  • համակարգված խոշտանգումներ քրեակատարողական հիմնարկներում,
  • սպանություններ, բռնություններ, անձնական կյանք ներխուժելու դեպքեր,
  • կոռուպցիա և ձեռնարկությունների վրա ճնշումներ՝ ակտիվները բռնագրավելու և փող շորթելու նպատակով,
  • ԶԼՄ-ների առգրավում դրանց օրինական սեփականատերերից,
  • 2008 թ. պատերազմը

Ընդդիմության՝ հանձնաժողովի հետ չհամագործակցելու հայտարարությունից հետո հանձնաժողովի նախագահ, նախկին արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել էր, թե հանձնաժողովի հետ չհամագործակցելու, չներկայանալու, փաստաթղթեր չներկայացնելու համար քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Աշխատանքի 7 ամսվա ընթացքում քննչական հանձնաժողովը ոչ միայն սկսեց հետաքննել Սաակաշվիլիի կառավարման շրջանը, այլ նաև մյուս ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ՆԳ նախարար եղած ժամանակահատվածը։

Ընդդիմադիր գործիչները, բացի Գիորգի Գախարիայից, բոյկոտեցին և չներկայացան իշխանության ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստերին։ Գախարիան ներկայացավ ինչպես անձամբ, այնպես էլ Եվրոպայից տեսակապի միջոցով։ Այդ ամիսների ընթացքում 2025 թ. հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններից առաջ ազատազրկման դատապարտվեցին գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի առաջնորդները, այդ թվում՝ «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն[7] «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիվի Թարգամաձեն[8], «Լելո–Ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն, «Փոփոխությունների համար» կոալիցիայի ղեկավարներից Նիկա Գվարամիան[9] և Նիկա Մելիան, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին և այլք։ Ընդդիմադիր գործիչների կալանավորման, ազատազրկման ֆոնին Գիորգի Գախարիան այդպես էլ չվերադարձավ Գերմանիայից՝ այնտեղ բնակվելու և աշխատելու թույլտվություն ստանալով[10]։

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների նախօրեին ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դարձավ վրացական ընդդիմության հերթական պառակտման պատճառը։ Ընդդիմադիր ուժերից շատերը բոյկոտեցին ընտրություններն ու հայտարարեցին, որ չեն մասնակցելու դրանց, մյուսներն էլ պնդեցին, թե չեն կարող չմասնակցել և ընտրողներին այլընտրանք չառաջարկել[11]։

Այդպիսով՝ «Ուժեղ Վրաստան–Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունները մասնակցեցին ընտրություններին՝ Թբիլիսիի քաղաքապետի համար ներկայացնելով միասնական թեկնածու Իրակլի Կուպրաձեին[12]։ Հատկանշական է, որ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների ֆոնին Վրաստանի նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին հայտարարել էր, որ ներում կշնորհի այն գործիչներին, ովքեր կմասնակցեն ՏԻՄ ընտրություններին։ Սեպտեմբերի 5-ին Մ. Կղավելաշվիլին ներում շնորհեց[13] Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։ Այդ ժամանակ Վրաստանի նախագահը հայտնել էր, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրեն ներման համար չեն դիմել։

ՏԻՄ ընտրություններն ու  չստացված իշխանափոխությունը

2025 թ. հոկտեմբերի 4-ին Վրաստանում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որոնց զուգահեռ մայրաքաղաք Թբիլիսիում ընթանում էր ընդդիմության բողոքի ցույց ու հանրահավաք։ Ռուսթավելի պողոտայում կառավարության դեմ բազմահազարանոց բողոքի ցույցը գագաթնակետին հասավ նախագահական նստավայրը գրոհելու փորձով[14] և ոստիկանության միջամտությամբ։ Բողոքի ցույցն ավարտվեց ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի կիրառմամբ։ Ձերբակալվեցին հանրահավաքի կազմակերպիչներն ու այլ մասնակիցներ։ Ձերբակալված անձինք մեղադրվում են սահմանադրական կարգը և պետական իշխանությունը տապալելու, ինչպես նաև խմբակային բռնության կազմակերպման համար։

ՏԻՄ ընտրության արդյունքները

2025 թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 1.438.116 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 40,93%-ը: Թբիլիսիում, որտեղ գրեթե մեկ տարի շարունակվում են կառավարության դեմ բողոքի ցույցերը, մասնակցությունն ավելի ցածր էր՝ 31%: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ սա անկախությունից ի վեր Վրաստանում ընտրողների մասնակցության ամենացածր ցուցանիշն էր։ Իշխող «Վրացական երազանքը» ստացել է[15] ձայների 81,68%-ը ամբողջ երկրում՝ ապահովելով առաջատարություն երկրի բոլոր քաղաքային համայնքներում։

Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում «Վրացական երազանքի» թեկնածու և Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն զբաղեցրել է առաջին տեղը՝ ձայների 71,5%-ով։ Նա ստացել է ընդհանուր առմամբ 214.872 ձայն։ Կալաձեն 3-րդ անգամ է դառնում Թբիլիսիի քաղաքապետ։

Ընտրություններին մասնակցել է նաև եվրոպամետ ընդդիմադիր 3 կուսակցություն հետևյալ արդյունքներով՝

  • «Լելո» — 6,71% (9,93% Թբիլիսիում)
  • «Գախարիան Վրաստանի համար» — 3,68% (3,1% Թբիլիսիում)
  • «Գիրչի» — 2,96% (7,69% Թբիլիսիում)

ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Թբիլիսիում ընտրողների թիվը կազմում է 1.043.482: Հոկտեմբերի 4-ի ընտրություններին մասնակցել է 324.281 մարդ (կամ 31,08%): Նրանցից Կալաձեի համար քվեարկել է 214.575 հոգի։ Սա նշանակում է, որ Կալաձեին աջակցել է Թբիլիսիի ընտրողների միայն 20,56%-ը: Թբիլիսիի ընտրազանգվածի մեծ մասը կամ չի կողմնորոշվել կամ չի ցանկացել մասնակցել ընտրությանը՝ ցույց տալով իր դիմադրությունն իշխող կուսակցությանը։

Ձերբակալություններ հանրահավաքից հետո

Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացրել է[16], որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունների վերաբերյալ ՔՕ 317-րդ, 222-րդ, 225-րդ և 187-րդ հոդվածներով հետաքննություն է իրականացնում, որի շրջանակներում դատարանի որոշմամբ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել։ Ձերբակալվածներից 5-ը հանրահավաքի հայտարարված կազմակերպիչներն են։ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել[17] օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեին, քաղաքական գործիչ Մուրթազ Զոդելավային, Իրակլի Նադիրաձեին, Պաատա Մանջգալաձեին և Լաշա Բերիձեին՝ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու, ռազմավարական և հատուկ նշանակության օբյեկտ գրավելու փորձի, Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչ անելու համար։ Նրանց սպառնում է մինչը 9 տարվա ազատազրկում։

Քաղաքական և միջազգային արձագանք

ՏԻՄ ընտրություններում հաղթանակից հետո իշխող կուսակցությունն ավելի կոշտ հայտարարություններ է անում ինչպես ընդդիմության, այնպես էլ արևմտյան կառույցների ներկայացուցիչների վերաբերյալ։ Կալաձեն լրագրողների հետ զրույցում արհամարհական էր արտահայտվել ԵՄ-ի և այդ կառույցի ղեկավար անձանց վերաբերյալ՝ շեշտելով[18], որ «ԵՄ-ն ընդհանրապես հետաքրքիր չէ»։

Միջազգային կառույցները, այդ թվում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը համատեղ հայտարարությամբ[19] հանգստության և զսպվածության կոչ էին արել հետընտրական շրջանում՝ հորդորելով իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատության իրավունքները։ Եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին և Վրաստանում աշխատող դեսպաններին չթիրախավորելու կոչերին զուգահեռ Վրաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են հայտարարել, թե երկրում հավատարմագրված եվրոպացի շատ դեսպաններ անմիջականորեն խառնվում են երկրի ներքին գործերին։ Վերջին տարվա ընթացքում իշխող թիմի քննադատությունների թիրախում են Գերմանիայի, ՄԹ և ԵՄ դեսպանները։

Վրաստանում ՏԻՄ ընտրություններից հետո երկրում արագացված կարգով նոր օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք ավելի են խստացնում հանրահավաքներ իրականացնելու գործընթացը։

Երկրի խորհրդարանը հոկտեմբերի 16-ին արագացված կարգով փոփոխություններ է իրականացրել  Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախագահ Կղավելաշվիլին արդեն ստորագրել է փոփոխություններ կատարելու մասին օրենքը։

Միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներից բաղկացած խորհրդարանը միաձայն ընդունել է[20] «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Ըստ դրանց, եթե Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելվում է որոշակի կուսակցություն, ապա այդ քաղաքական կուսակցության հետ կապված անձին արգելվում է հիմնադրել քաղաքական կուսակցություն, ղեկավարել քաղաքական կուսակցություն, դառնալ անդամ, զբաղեցնել կուսակցական պաշտոն, պետական-քաղաքական, քաղաքական պաշտոն և զբաղեցնել Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված մարմնի ղեկավարի պաշտոն։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանի որոշմանը քաղաքական կուսակցությունների կողմից չենթարկվելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։

Ըստ Վրաստանի Սահմանադրական դատարանի մասին օրենքի 23-րդ հոդվածում[21] տեղ գտած փոփոխությունների, նախատեսում է կուսակցության գրանցումը չեղյալ համարել, եթե դրա ստեղծումը կամ գործունեությունը դատարանի կողմից ճանաչվում է հակասահմանադրական: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում[22] և Վրաստանի ընտրական օրենսգրքում[23]։ Այս փոփոխությունները թույլ են տալիս իշխանություններին մերժել այն կուսակցությունների գրանցումը, որոնցում նման անձինք ընդգրկված են որպես ղեկավարներ կամ անդամներ, արգելել այդ անձանց մասնակցել տեղական կամ խորհրդարանական ընտրություններին և որակազրկել կուսակցություններին կամ չեղյալ համարել դրանց կուսակցական ցուցակները համապատասխան ընտրությունների ժամանակ: «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նման անձանց արգելում է նաև նվիրատվություններ կատարել քաղաքական կուսակցություններին։

Նշենք, որ սույն թվականի մայիսին ընդունվել էր[24] նաև մեկ այլ օրենսդրական փաթեթ, որը Սահմանադրական դատարանին լիազորում էր արգելել այն ընդդիմադիր խմբերին, որոնց ղեկավարությունը, նպատակները կամ գործունեությունը համարվում են նույնական արդեն արգելված կուսակցության ղեկավարության, նպատակների կամ գործունեության հետ: Փոփոխությունները դատարանին լիազորում են արգելել այն քաղաքական խմբերին, որոնց նպատակն է «ուժով տապալել կամ փոխել Վրաստանի սահմանադրական կարգը, խաթարել երկրի անկախությունը, խախտել դրա տարածքային ամբողջականությունը, մասնակցել պատերազմի կամ բռնության քարոզչությանը, հրահրել ազգային, տարածաշրջանային, կրոնական կամ սոցիալական բախումներ»:

Հարկ է նշել, որ դեռ 2024 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխող «Վրացական երազանքը» բազմիցս հայտարարել էր, որ Սահմանադրական դատարան հայց է ներկայացնելու, որով հակասահմանադրական կճանաչվի Վրաստանում ամենախոշոր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։  Թեև մի քանի անգամ նշվել է, որ հայցն ուղղված է լինելու ՄԱՇ-ի դեմ, սակայն այն ազդելու է նաև ընդդիմադիր մյուս ուժերի վրա էլ։

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 15-ին Հանրային հեռարձակողի հետ զրույցում ասել է[25], որ Սահմանադրական դատարան ուղարկվելիք հայցը կվերաբերի մինչև 10 կուսակցության։ Հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ իշխող «Վրացական երազանքը» սահմանադրական հայց է ներկայացրել քաղաքական 3 կուսակցություն արգելելու համար։ Կուսակցությունը պահանջում է հակասահմանադրական ճանաչել և արգելել հետևյալ կուսակցությունները՝ «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների համար կոալիցիա» և «Հզոր Վրաստան–Լելո»[26]։

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, թե մյուս ընդդիմադիր կուսակցություններն այժմ բավարար ազդեցություն չունեն քաղաքական գործընթացների վրա, հետևաբար, դրանց հակասահմանադրականության հարցը օրակարգում կարող է հայտնվել ավելի ուշ, եթե վերջիններս զգալի ազդեցություն ձեռք բերեն[27]։ Ըստ Վրաստանի վարչապետի՝ Գիորգի Գախարիայի կուսակցությանն այց հայցը չի վերաբերել, քանի որ այդ կուսակցությունը վերադարձել է խորհրդարանական աշխատաքներին։

Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հիմնական կազմակերպություններից մեկը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» հայտարարել է[28], որ նոր փոփոխությունները կարող են «ժողովրդավարական քայքայման» վտանգ ներկայացնել՝ նշելով, որ ժողովրդավարության պաշտպանության և քաղաքական բազմակարծության ճնշման միջև գիծը չափազանց փխրուն է։ Ընդդիմադիր գործիչները մտահոգված են այս փոփոխություններով, նույնիսկ նրանք, ովքեր ամենակոշտ հակասություններն ունեն ՄԱՇ-ի հետ։ «Հայրենասերների դաշինք» կուսակցության ներկայացուցիչ Իրմա Ինաշվիլին կարծում է, որ «ՄԱՇ-ի դեմ պայքարելու ենթադրյալ մոտիվով նրանք վերջում կհարձակվեն բոլորիս վրա»[29]։

Վրաստանի խորհրդարանն ընդունել է նաև հավաքների և ցույցերի կանոնակարգը խստացնող օրենքների փաթեթ[30]։ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսված փոփոխություններով հավաքի կամ ցույցի ժամանակ արցունքաբեր գազի և/կամ թունավոր նյութերի առկայության դեպքում մասնակցի կողմից դեմքը դիմակով ծածկելու, ճանապարհ փակելու կամ ժամանակավոր կառույց կառուցելու դեպքում անձն առաջին անգամ կպատժվի վարչական կալանքով՝ մինչև 15 օր ժամկետով, իսկ եթե խախտողը կազմակերպիչ է, ապա՝ մինչև 20 օր վարչական կալանքով։

ՆԳՆ-ի պահանջով հավաքը դադարեցնելու մասին իմանալուց հետո ցույցին կամ հավաքին մասնակցությունը կպատժվի 60 օր կալանքով։ Մինչև 60 օր վարչական կալանք կկիրառվի նաև յուրաքանչյուրի նկատմամբ, ով հավաքի ժամանակ կունենա զենք, պիրոտեխնիկա կամ առարկաներ, որոնք կարող են վնաս հասցնել ուրիշների կյանքին և առողջությանը։ Այս արգելված գործողությունների կրկնակի խախտումները կհանգեցնեն մինչև մեկ տարի քրեական պատասխանատվության, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նմանատիպ հանցագործության դեպքում՝ մինչև 2 տարի քրեական պատասխանատվության։ ՔՕ է ներմուծվում նաև մի նոր հոդված, որը քրեական պատասխանատվություն է սահմանում իրավապահ մարմինների աշխատակցին 3-րդ անգամ վիրավորելու կամ օրինական կարգադրությունը չկատարելու համար։

Ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունն օրենսդրական փոփոխություններով վերջին մեկ տարում էականորեն վերահսկելի է դարձրել երկրում քաղաքական գործընթացներն ու հավաքները՝ ընդդիմության և քաղհասարակության համար թողնելով ավելի քիչ հնարավորություններ բողոքի ակցիաների համար։ Մի կողմից, ընդդիմադիր առաջնորդների ազատազրկումը, ընդդիմության հիմնական հատվածի հնարավոր արգելումը, ինչպես նաև Արևմուտքի հետ չկարգավորվող հարաբերությունները կարող են երկրում հրաբխի էֆեկտ ունենալ։ Չի բացառվում նաև, որ չստանալով միջազգային և տեղական լուրջ աջակցություն ներկայիս ընդդիմադիր խմբերը այլևս չկարողանան հանրությանը մեկ գաղափարի շուրջ համախմբել։ Կարևոր է նշել նաև, որ ընդդիմադիր հիմնական գործիչների՝ քաղաքական գործընթացները չհամակարգելը լուրջ հնարավորություն է ստեղծում նոր, սերնդափոխված ընդդիմության ձևավորման համար՝ նոր ընդդիմություն, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ։

Աղբյուրներ և գրականություն

  1. Statement on Georgia’s Suspension of European Union Accession, 30․11․2024, https://ge. usembassy.gov/statement-on-georgias-suspension-of-european-union-accession/
  2. Pursuing Visa Restrictions for Individuals Involved in Undermining Democracy in Georgia. 12․12․2024, https://ge.usembassy.gov/pursuing-visa-restrictions-for-individuals-involved-in-under mining-democracy-in-georgia/#:~:text=U.S.%20Embassy%20in%20Georgia,-Language&text=The %20Department%20of%20State%20is,in%2C%20undermining%20 democracy%20in%20Georgia
  3. Foreign Secretary Statement: Situation in Georgia, 09․12․2024, https://www.gov.uk/ government/news/foreign-secretary-statement-situation-in-georgia
  4. EU moves towards suspending visa-free travel for Georgian diplomats, 16.12.2024, https://www.reuters.com/world/europe/eu-moves-towards-suspending-visa-free-travel-georgian-diplomats-2024-12-16/
  5. Georgia: Council suspends visa-free travel for diplomats and officials, 27․01․2025, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2025/01/27/georgia-council-suspends-visa-free-travel-for-diplomats-and-officials/
  6. გიორგი ვაშაძე რუსთავის მე-12 პენიტენციურ დაწესებულებაში შეასახლეს, 24․06․2025, https://www.interpressnews.ge/ka/article/842087-giorgi-vashaze-rustavis-me-12-peniten ciur-dacesebulebashi-sheasaxles
  7. გივი თარგამაძე დააკავეს, 27.06.2025, https://www.interpressnews.ge/ka/article/842384-givi-targamaze-daakaves
  8. ნიკა გვარამია, რომელსაც პატიმრობა შეეფარდა, რუსთავის მე-12 საპატიმროსთან თავად მივიდა, 13․06․2025, ნიკა გვარამია, რომელსაც პატიმრობა შეეფარდა, რუსთავის მე-12 საპატიმროსთან თავად მივიდა | საინფორმაციო სააგენტოინტერპრესნიუსი
  9. გიორგი გახარია ადასტურებს, რომ გერმანიაში ბინადრობის უფლება მიიღო, 01․09․2025, https://shorturl.at/90DKp
  10. რაზე შეთანხმდნენ „ლელო“ და გახარია, 14.07.2025, https://netgazeti.ge/life/779943/
  11. „ლელო – ძლიერმა საქართველომ” და პარტიამ “გახარია-საქართველოსთვის” თბილისის საკრებულოს მაჟორიტარი დეპუტატობის კანდიდატები წარადგინეს, 25․08․2025, https://tvpirveli.ge/ka/siaxleebi/politika/108370-lelo-dzlierma-saqartvelom-da-partiam-gakharia-saqartvelostvis-tbilisis-sakrebulos
  12. განცხადება, 05.09.2025, https://www.facebook.com/story.php?story_fbid=115170988344 1006 &id=100058060149946&rdid=l3KlWfYYr0MIBJOt#
  13. უწყვეტი ეთერი ტვ პირველზე, 04․10․2025, https://www.youtube.com/watch?v=p5OK RkaDF60
  14. October 4, 2025 Municipal Elections, 04.10.2025, https://results.cec.gov.ge/#/en-us/election_ 58/tr/dashboard
  15. შინაგან საქმეთა სამინისტროს განცხადება, 07.10.2025, https://shorturl.at/036VC
  16. პროკურატურამ პაატა ბურჭულაძეს, მურთაზ ზოდელავას, ირაკლი ნადირაძეს, პაატა მანჯგალაძესა და ლაშა ბერიძეს ბრალდება ოფიციალურად წარუდგინა, 06․10․2025, https://1tv.ge/news/prokuraturam-paata-burchuladzes-murtaz-zodelavas-irakli-nadiradzes-paata-manjgaladzesa-da-lasha-beridzes-braldeba-oficialurad-warudgina/
  17. კახა კალაძე – ევროკავშირი საერთოდ არ არის საინტერესო, ვერც კალასი და ვერც კოსი ვერ გიშველით, რადგან ხალხი არ გიჭერთ მხარს – ქვეყნის ბატონ-პატრონი არიან რიგითი მოქალაქეები და არა კალასები, მალასები და ვიღაცები გარედან, 06.10.2025, https://www.interpressnews.ge/ka/article/851050-kaxa-kalaze-evrokavshiri-saertod-ar-aris-saintereso-verc-kalasi-da-verc-kosi-ver-gishvelit-radgan-xalxi-ar-gichert-mxars-kveqnis-baton-patroni-arian-rigiti-mokalakeebi-da-ara-kalasebi-malasebi-da-vigacebi-garedan
  18. Statement by High Representative/Vice President Kallas and Commissioner for Enlargement Kos on Georgia, 05․10․2025, https://www.eeas.europa.eu/eeas/statement-high-representativevice-president-kallas-and-commissioner-enlargement-kos-georgia_en
  19. პარლამენტმა „საქართველოს საკონსტიტუციო სასამართლოს შესახებ“ კანონში ცვლილება მესამე მოსმენით მიიღო, 16.10.2025, https://parliament.ge/media/news/parlament ma-sakartvelos-sakonstitutsio-sasamartlos-shesakheb-kanonshi-tsvlileba-mesame-mosmenit-miigho
  20. საქართველოს ორგანული კანონი „საქართველოს საკონსტიტუციო სასამართლოს შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე, https://info. parliament.ge/file/1/BillReviewContent/400863
  21. საქართველოს ორგანული კანონი „მოქალაქეთა პოლიტიკური გაერთიანებების შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე, https://info. parliament.ge/file/1/BillReviewContent/400548
  22. საქართველოს ორგანული კანონი საქართველოს ორგანულ კანონში „საქართველოს საარჩევნო კოდექსი“ ცვლილების შეტანის შესახებ, https://info.parliament.ge/file/1/BillReview Content/400551
  23. „მოქალაქეთა პოლიტიკური გაერთიანებების შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე“, 26.03.2025, https://parliament.ge/legislation/30503,
  24. დღის თემა, ირაკლი კობახიძეს ინტერვიუ, 15.10.2025, https://www.facebook.com/ KobakhidzeOfficial/videos/824568646714195
  25. „ქართული ოცნების“ საკონსტიტუციო სარჩელი, 31․10․2025, https://1tv.ge/video/ qartuli-ocnebis-sakonstitucio-sarcheli-10/
  26. განცხადება, 28.10.2025, https://www.facebook.com/shpapuashvili/posts/ pfbid07aufFsUBjS CHeqPWD2dwvbkLuu3cp63ToKebXksnA8kPSQTCSsQMvXAxg15kv9b6l
  27. ,,ქართული ოცნების“ ინიციატივა – ინდივიდების პოლიტიკური საქმიანობის აკრძალვის შესახებ საქართველოს კონსტიტუციასთან შეუსაბამოა, 15․10․2025, https://gyla.ge/post/GYLA-politikuri-saqmianobis-akrdzalvis-shesaxeb?fbclid=IwZXh0bgNhZW 0CMTAAYnJpZBExaUVXMDNKRERVQ0NFRHhjbAEe9uxCievcVPMnQnzfMMQZQ8Y4dzTIfKIk0OGjzCz7qi-uiRZ8ebCZG471mak_aem_PPVdgo9H95TAReGKvsiDVw
  28. ირმა ინაშვილის განცხადება, 15.10.2025, https://www.facebook.com/irma.inashvili. 144644/posts/pfbid02PEKyymD8L11PAb9ACG6z8hdaTj6 couFxi9A2t5yfqacJU6wWoLdmbpjxoZFNJthjl
  29. პარლამენტმა შეკრების ან მანიფესტაციის ჩატარების წესის დარღვევისთვის პასუხისმგებლობის გამკაცრებას მხარი დაუჭირა, 16․10․2025, https://parliament.ge/ media/news/parlamentma-shekrebis-an-manifestatsiis-chatarebis-tsesis-darghvevistvis-pasukhismge blobis-gamkatsrebas-mkhari-dauchira

[1] Լրագրող, կովկասագետ, Վրաստանի հարցերով փորձագետ: 2010–2014 թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, 2014–2016 թթ․ սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի «Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագրում, 2016–2018 թթ․ կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» անգլալեզու մագիստրոսական ծրագրում՝ «Տարածաշրջանային հետազոտություններ», «Եվրասիական և Կովկասյան ուսումնասիրություններ» մասնագիտացմամբ։ 2013 թ.-ից աշխատել է www.razm.info մասնագիտացված կայքում՝ որպես լրագրող-վերլուծաբան, այնուհետև՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրացիայի, ադրբեջանական քարոզչության վերաբերյալ գիտական հոդվածների հեղինակ է։

[2] Statement on Georgia’s Suspension of European Union Accession, 30․11․2024, https://ge.usembassy.gov/ statement-on-georgias-suspension-of-european-union-accession/ (բեռնման օրը՝ 31․10․2025).

[3] Pursuing Visa Restrictions for Individuals Involved in Undermining Democracy in Georgia, 12․12․2024, https://ge.usembassy.gov/pursuing-visa-restrictions-for-individuals-involved-in-undermining-democracy-in-georgia/#:~: text=U.S.%20Embassy%20in%20Georgia,-Language&text=The%20Department%20of%20State%20is,in%2C%20 undermining%20democracy%20in%20Georgia  (բեռնման օրը՝ 31․10․2025).

[4] Foreign Secretary Statement: Situation in Georgia, 09․12․2024, https://www.gov.uk/government/news/foreign-secretary-statement-situation-in-georgia (բեռնման օրը՝ 31․10․2025).

[5] EU moves towards suspending visa-free travel for Georgian diplomats, 16.12.2024, https://www.reuters.com/world/europe/eu-moves-towards-suspending-visa-free-travel-georgian-diplomats-2024-12-16/  (բեռնման օրը՝ 31․10․2025).

[6] Georgia: Council suspends visa-free travel for diplomats and officials. 27․01․2025, https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2025/01/27/georgia-council-suspends-visa-free-travel-for-diplomats-and-officials/ (բեռնման օրը՝ 31.10.2025).

[7] გიორგი ვაშაძე რუსთავის მე-12 პენიტენციურ დაწესებულებაში შეასახლეს, 24․06․2025, https://www.interpressnews.ge/ka/article/842087-giorgi-vashaze-rustavis-me-12-penitenciur-dacesebulebashi-sheasaxles (բեռնման օրը՝ 31․10․2025).

[8] გივი თარგამაძე დააკავეს, 27.06.2025, https://www.interpressnews.ge/ka/article/842384-givi-targamaze-daakaves (բեռնման օրը՝ 31․10․2025).

[9] ნიკა გვარამია, რომელსაც პატიმრობა შეეფარდა, რუსთავის მე-12 საპატიმროსთან თავად მივიდა, 13․06․2025, ნიკა გვარამია, რომელსაც პატიმრობა შეეფარდა, რუსთავის მე-12 საპატიმროსთან თავად მივიდა | საინფორმაციო სააგენტოინტერპრესნიუსი (բեռնման օրը՝ 31․10․2025).

[10]  გიორგი გახარია ადასტურებს, რომ გერმანიაში ბინადრობის უფლება მიიღო, 01․09․2025, https://shorturl.at/90DKp (բեռնման օրը՝ 31․10․2025).

[11] რაზე შეთანხმდნენ „ლელო“ და გახარია, 14.07.2025, https://netgazeti.ge/life/779943/ (բեռնման օրը՝ 31․10․2025).

[12] „ლელო – ძლიერმა საქართველომ” და პარტიამ “გახარია-საქართველოსთვის” თბილისის საკრებულოს მაჟორიტარი დეპუტატობის კანდიდატები წარადგინეს, 25․08․2025, https://tvpirveli.ge/ka/siaxleebi/politika/108370-lelo-dzlierma-saqartvelom-da-partiam-gakharia-saqartvelostvis-tbilisis-sakrebulos (բեռնման օրը՝ 31․10․2025).

[13] განცხადება, 05.09.2025, https://www.facebook.com/story.php?story_fbid=1151709883441006&id= 100058060149946&rdid=l3KlWfYYr0MIBJOt#  (բեռնման օրը՝ 31․10․2025).

[14] უწყვეტი ეთერი ტვ პირველზე, 04․10․2025, https://www.youtube.com/watch?v=p5OKRkaDF60, (բեռնման օրը՝ 31․10․2025).

[15] October 4, 2025 Municipal Elections, 04.10.2025, https://results.cec.gov.ge/#/en-us/ election_58/tr/ dashboard, (բեռնման օրը՝ 31․10․2025).

[16] შინაგან საქმეთა სამინისტროს განცხადება, 07.10.2025, https://shorturl.at/036VC (բեռնման օրը՝ 31․10․2025).

[17] პროკურატურამ პაატა ბურჭულაძეს, მურთაზ ზოდელავას, ირაკლი ნადირაძეს, პაატა მანჯგალაძესა და ლაშა ბერიძეს ბრალდება ოფიციალურად წარუდგინა, 06․10․2025, https://1tv.ge/ news/prokuraturam-paata-burchuladzes-murtaz-zodelavas-irakli-nadiradzes-paata-manjgaladzesa-da-lasha-beridzes-braldeba-oficialurad-warudgina/ (բեռնման օրը՝ 31․10․2025)

[18] კახა კალაძე – ევროკავშირი საერთოდ არ არის საინტერესო, ვერც კალასი და ვერც კოსი ვერ გიშველით, რადგან ხალხი არ გიჭერთ მხარს – ქვეყნის ბატონ-პატრონი არიან რიგითი მოქალაქეები და არა კალასები, მალასები და ვიღაცები გარედან, 06.10.2025, https://www.interpressnews.ge/ka/ article/851050-kaxa-kalaze-evrokavshiri-saertod-ar-aris-saintereso-verc-kalasi-da-verc-kosi-ver-gishvelit-radgan-xalxi-ar-gichert-mxars-kveqnis-baton-patroni-arian-rigiti-mokalakeebi-da-ara-kalasebi-malasebi-da-vigacebi-garedan (բեռնման օրը՝ 31․10․2025)

[19] Statement by High Representative/Vice President Kallas and Commissioner for Enlargement Kos on Georgia, 05․10․2025, https://www.eeas.europa.eu/eeas/statement-high-representativevice-president-kallas-and-commissioner-enlargement-kos-georgia_en (բեռնման օրը՝ 31․10․2025).

[20] პარლამენტმა „საქართველოს საკონსტიტუციო სასამართლოს შესახებ“ კანონში ცვლილება მესამე მოსმენით მიიღო, 16.10.2025, https://parliament.ge/media/news/parlamentma-sakartvelos-sakon stitutsio-sasamartlos-shesakheb-kanonshi-tsvlileba-mesame-mosmenit-miigho (բեռնման օրը՝ 31․10․2025).

[21] საქართველოს ორგანული კანონი „საქართველოს საკონსტიტუციო სასამართლოს შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე, https://info.parliament.ge/file/ 1/BillReviewContent/400863 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[22] საქართველოს ორგანული კანონი „მოქალაქეთა პოლიტიკური გაერთიანებების შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე, https://info.parliament.ge/file/1/ BillReviewContent/400548 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[23] საქართველოს ორგანული კანონი საქართველოს ორგანულ კანონში „საქართველოს საარჩევნო კოდექსი“ ცვლილების შეტანის შესახებ, https://info.parliament.ge/file/1/BillReview Content/400551 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[24] „მოქალაქეთა პოლიტიკური გაერთიანებების შესახებ“ საქართველოს ორგანულ კანონში ცვლილების შეტანის თაობაზე“, 26.03.2025, https://parliament.ge/legislation/30503 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[25] დღის თემა, ირაკლი კობახიძეს ინტერვიუ, 15.10.2025, https://www.facebook.com/Kobakhidze Official/videos/824568646714195 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[26] „ქართული ოცნების“ საკონსტიტუციო სარჩელი, 31․10․2025, https://1tv.ge/video/qartuli-ocnebis-sakonstitucio-sarcheli-10/ (բեռնման օրը` 31.10.2025).

[27] განცხადება, 28.10.2025, https://www.facebook.com/shpapuashvili/posts/pfbid07aufFsUBjSCHeq PWD2dwvbkLuu3cp63ToKebXksnA8kPSQTCSsQMvXAxg15kv9b6l (բեռնման օրը՝ 31․10․2025).

[28] ,,ქართული ოცნების“ ინიციატივა – ინდივიდების პოლიტიკური საქმიანობის აკრძალვის შესახებ საქართველოს კონსტიტუციასთან შეუსაბამოა, 15․10․2025, https://bit.ly/4nGZxR9 (բեռնման օրը՝ 31․10․2025).

[29] ირმა ინაშვილის განცხადება, 15.10.2025, https://www.facebook.com/irma.inashvili.144644/posts/ pfbid02PEKyymD8L11PAb9ACG6z8hdaTj6couFxi9A2t5yfqacJU6wWoLdmbpjxoZFNJthjl (բեռնման օրը՝ 31․10․2025).

[30] პარლამენტმა შეკრების ან მანიფესტაციის ჩატარების წესის დარღვევისთვის პასუხისმგებლობის გამკაცრებას მხარი დაუჭირა, 16․10․2025, https://parliament.ge/media/news/ parlamentma-shekrebis-an-manifestatsiis-chatarebis-tsesis-darghvevistvis-pasukhismgeblobis-gamkatsrebas-mkhari-dauchira (բեռնման օրը՝ 31․10․2025).