Մեկնաբանություններ

Ավանդական քրիստոնեությունն Իսրայելի կրոնական արմատականության թիրախում

ԱՌՎԱԿ Կենտրոնի մեկնաբանությունը, 15.09.2025 թ.[1]

Օգոստոսի վերջին կրկին հայտնի դարձավ Հին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի այգու» տեղամասի հնչեղ պատմությունը։ Երուսաղեմի հայ համայնքը, «Թաղամասի փրկության շարժումը» և մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանին մեղադրում են Xana Gardens ընկերության հետ գաղտնի կերպով երկրորդ գործարքը կնքելու մեջ` նշված հողամասն այդ ընկերությանը 99 տարի ժամկետով վարձակալության հանձնելու մասին[2]:

Առաջին պայմանագիրն ստորագրվել էր դեռևս 2021 թ.-ի հուլիսին, սակայն տեղի հայ համայնքի բողոքի ցույցերը, որոնց աջակցում էին Պաղեստինի վարչակազմը և Հորդանանի կառավարությունը, թույլ չտվեցին գործարքը կայանա[3]։ Նախաձեռնվել է վարչաիրավական հետաքննության գործընթաց, որին զուգահեռ հասարակական նախաձեռնություններ են ծավալվել՝ պաշտպանելու տեղանքը, կազմակերպելու շուրջօրյա կամավոր պարեկություն և այս հարցում հայկական կազմակերպությունների դիրքորոշման քարոզչություն։

Լարվածությունն իր գագաթնակետին հասավ 2023 թվականին, երբ «Կովերի այգու» հայ պաշտպանները ստիպված էին դիմադրել Xana Gardens ավստրալիական ընկերության ու նրա հրեա սեփականատեր Դենիս Ռուբինշտեյնի շահերին ծառայող տեղի հրեա ծայրահեղ արմատականների և ոստիկանության հարձակումներին։

Ի պաշտպանություն «Կովերի այգու» հասարակական շարժումը ճնշում է գործադրել Երուսաղեմի պատրիարքարանի վրա՝ Սբ. Էջմիածնին կոչ անելով ազդել պատրիարք Նուրհան Մանուկյանի վրա: Արդյունքում, 2023 թվականի մայիսին Երուսաղեմի Սբ. Յակոբեանց Եղբայրության Սինոդը[4] ստիպված էր ապօրինի ճանաչել գործարքը։ Դրա պատասխանատվությունը դրվեց Պատրիարքարանի անշարժ գույքի կառավարման պատասխանատու Բարեթ վարդապետ Երեցյանի վրա, ով, ըստ Պատրիարքարանի, գործել է իր հայեցողությամբ և մոլորության մեջ գցել Նուրհան պատրիարքին։ Երեցյանը կարգալույծ է արվել[5], որից հետո որոշ ժամանակով համայնքի և Պատրիարքարանի հարաբերություններում կրքերը հանդարտվել են։

Մինչդեռ, «Թաղամասի փրկության շարժման» կողմից օրերս արտահայտված մտահոգությունները վկայում են, որ, այնուամենայնիվ, որոշ բանակցություններ են տեղի ունենում Իսրայելի կառավարության և Xana Gardens ընկերության ներկայացուցիչների հետ: Երուսաղեմի պատրիարքարանը, ըստ էության, հաստատել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե ինքը ոչ մի «գաղտնիք» էլ չի թաքցնում և թե «գործընթացն ընթանում է խստիվ օրենքի շրջանակներում»[6]: Ակնհայտ է, որ Xana Gardens-ը, վայելելով Իսրայելի կառավարության լիակատար աջակցությունը, հետևողականորեն առաջ է տանում գործարքը, հավանաբար համաձայնելով իր կողմից սոսկ որոշ զուտ ձևական զիջումների կամ առաջարկելով առավել բարենպաստ ֆինանսական պայմաններ Երուսաղեմի պատրիարքարանի համար:

Իսրայելի իշխանությունների ճնշմանը հետագայում ևս դիմակայելու Երուսաղեմի հայ համայնքի ակտիվիստների հնարավորությունը սահմանափակ է։ Տեղի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների և Պատրիարքարանի միջև առկա հակասություններից բացի, «Կովերի այգին» պաշտպանելու համայնքի կարողության վրա նույնպես բացասաբար է ազդում ՀԱԵ-ի կենսագործունեության մեջ տիրող ճգնաժամային շրջանը՝ կապված ՀՀ քաղաքական իշխանությունների հետ հակամարտության հետ, և, ի մասնավորի, պաշտոնական Երևանի պասիվ դիրքորոշումն այս հարցում, որը, ըստ երևույթին, չի ցանկանում «սադրել» Թել Ավիվին: Հարկ է նշել նաև, որ Պաղեստինի վարչակազմը կորցրել է իր դերն Արևելյան Երուսաղեմում, որը Գազայում և Արևմտյան Երուսաղեմում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համապատկերում գործնական առումով զրկվել է Բ. Նեթանյահուի կառավարության հետ կառուցողականորեն հաղորդակցվելու մեխանիզմներից: «Կովերի այգին» Երուսաղեմում գտնվում է Պաղեստինի վարչակազմի պատասխանատվության գոտում, սակայն Նեթանյահուի ուլտրաաջ կաբինետը, որպես պատրվակ բերելով պաղեստինյան բոլոր ազգային կառույցների ահաբեկչական բնույթի մասին պատումը, հակված չէ նրանց հետ երկխոսության, առավել ևս՝ փոխզիջման որևէ հարցում։

Կարող է թվալ, թե հայ համայնքի անշարժ գույքի շուրջ վեճերը հատկապես հայկական դավանանքի նկատմամբ Իսրայելի իշխանությունների բացասական վերաբերմունքի հետևանք են, դավանանք, որը Երուսաղեմի քրիստոնեական ժառանգության պահապաններից մեկն է միայն։ Կարելի է նաև ենթադրել, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքության վրա Թել Ավիվի ապօրինի ճնշումը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է ՀԱԵ-ի համեմատաբար թույլ միջազգային քաղաքական պաշտպանությամբ, ի տարբերություն Սուրբ Երկրի մյուս նշանակալից դավանանքների, որոնք վայելում են Վատիկանի և հունական ուղղափառ աշխարհի աջակցությունը, ինչը բացառում է արշավանքը դրանց սեփականության դեմ։ Թերևս այս պատումներն անհիմն չէին ոչ վաղ անցյալում, սակայն Թել Ավիվի վերջին քայլերը, այժմ արդեն Երուսաղեմի հունական ուղղափառ դավանանքի ուղղությամբ, ցույց են տալիս, որ Թել Ավիվի ճնշումը հայերի վրա պետք է դիտարկել նրա քաղաքականության ավելի լայն համատեքստում:

Այսպիսով, 06.08.2025թ. Իսրայելը սառեցրել է Երուսաղեմի հունական ուղղափառ պատրիարքության բոլոր հաշիվները՝ ստիպելով Պատրիարք Թեոփիլոս III-ին հարկեր վճարել եկեղեցական այն գույքի համար, որը «չի օգտագործվում կրոնական նպատակներով»: Այնուամենայնիվ, օգոստոսի վերջին, մի շարք երկրների գլխավոր հյուպատոսների ուժեղ դիվանագիտական ​​ճնշման ներքո, Երուսաղեմի քաղաքապետարանը հետ կանգնեց այս արմատական ​​միջոցից՝ Պատրիարքարանին թույլ տալով աշխատավարձ վճարել եկեղեցու աշխատակիցներին, ուսուցիչներին և ուղղափառ միաբանության սպասարկող անձնակազմին[7]։ Սակայն խնդիրն այդպես էլ չսպառվեց։

Երուսաղեմում քրիստոնեական ունեցվածքի առևտրային շահագործումից ֆինանսական պահումների շուրջ վեճերն ու լարված բանակցությունները շարունակվում են 2018 թվականից, երբ քաղաքում ընդունվեց վարչական ակտ, որով վերացվում է քրիստոնեական վայրերի հատուկ կարգավիճակը։ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներն ու համայնքները, մի կողմից, և քաղաքապետարանը, մյուս կողմից, ավելի քան 6 տարի է, ինչ չեն կարողանում փոխհամաձայնության հասնել այս հարցում, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հակամարտությունը կշարունակվի նաև տեսանելի ապագայում։ Այդ է վկայում Իսրայելի իշխանությունների՝ քրիստոնեական համայնքների կենսունակությունն ապահովելու պատրաստակամությունը հաստատութենական մակարդակում՝ համաձայն իր կազմավորման առաջին տարիներին հրեական պետության ստանձնած պարտավորությունների։

Իսրայելի և Պաղեստինի քրիստոնեական համայնքները վաղուց ահազանգել են, որ եկեղեցական գույքի վերաբերյալ տեղական մարմիններ մակարդակում տարաձայնությունները վարչական և իրավական հակամարտությունների հետևանք չեն, այլ Թել Ավիվի հետևողական քաղաքական ուղեգծի դրսևորումներից մեկն են, որն ուղղված է երկրում քրիստոնեական ազդեցությունը նվազագույնի հասցնելուն: Իսրայելի քրիստոնյաներն ավանդաբար ենթարկվում են հրեական հասարակության ծայրահեղ արմատական ​​շրջանակների ճնշմանը՝ հրեական միջավայրում շովինիստական ​​տրամադրություններ ու կրոնական անհանդուրժողականություն պարունակող պետության պասիվ դիրքորոշման համապատկերում: Այնուամենայնիվ, Բ. Նեթանյահուի վարչապետության վերջին՝ երրորդ ժամկետից ի վեր (2022թ.), որը հնարավոր դարձավ «Լիկուդ» կուսակցության և Կնեսետում ծայրահեղ արմատական ​​խմբակցությունների միջև կոալիցիայի ձևավորման շնորհիվ, Թել Ավիվի հակաքրիստոնեական քաղաքականությունն էլ ավելի ընդգծուն դարձավ։

Մինչեւ 2023 թվականը քրիստոնյաների հալածանքները դարձել էին համակարգային, ինչը բացահայտեց իշխանությունների ցանկությունը՝ հաստատութենականացնել այս գործընթացը ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական-վարչական մակարդակներում։ Երուսաղեմի քրիստոնեական դավանանքների ներկայացուցիչները բացահայտորեն խոսում էին այն մասին, որ Բ. Նեթանյահուն անձամբ է նպաստում քրիստոնյաների քաղաքական հալածանքներին և ներում է ծայրահեղ արմատականներին՝ հոգևորականների վրա ֆիզիկական հարձակումների և քրիստոնեական սրբավայրերի պղծման հարցում։ Այս ամենը հիմք է տվել, որ Վատիկանի կողմից նշանակված Երուսաղեմի լատին պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան հայտարարի, թե «Իսրայելում կրոնական ազատության վերաբերյալ քաղաքական թեզը լրջորեն վտանգված է»[8]:

Հավանաբար, Իսրայելի կառավարությունը կարող էր իր յուրահատուկ ոճով խստորեն դատապարտել Երուսաղեմի պատրիարքին և մյուս քրիստոնյա առաջնորդներին զրպարտության և նույնիսկ հակասեմականության համար, եթե Associates Press-ին Պիցաբալլայի տված հարցազրույցից մեկ ամիս առաջ Բ. Նեթանյահուի համախոհները հակաքրիստոնեական հիստերիան չհասցնեին իր գագաթնակետին` պաշտոնապես հայտարարելով, թե անհրաժեշտ է արգելել Հիսուս Քրիստոսի անվան օգտագործումը երկրում: Լիկուդի հետ կոալիցիայի մեջ գտնվող ուլտրաուղղափառ «Միացյալ Թորայի հուդայականություն» կուսակցության անդամներ Մոշե Գաֆնին և Յակով Աշերը 2023 թվականի գարնանը Կնեսետ են ներկայացրել օրինագիծ՝ «Իսրայելում Քրիստոսի անունը որպես Աստծո հիշատակումը», «քրիստոնեական գաղափարախոսության տարածումը» և «քրիստոնեական հավատքի մասին խոսակցություններն» արգելելու մասին[9]: Օրենքի խախտման համար նախատեսվում էր պատիժ մինչև երեք տարվա ազատազրկմամբ։ Այս համապատկերում Բ. Նեթանյահուի ցանկացած փորձ՝ Իսրայելի քրիստոնյա առաջնորդներին մեղադրելու կողմնակալության և «Ժողովրդավարական հրեական պետության» նկատմամբ անշնորհակալ վերաբերմունքի մեջ` անհեթեթ տեսք կունենար: Եվ, այնուամենայնիվ, նույնիսկ քաղաքական համախոհների այս աղմկահարույց նախաձեռնությունն Իսրայելի վարչապետին չստիպեց որևէ քայլ անել լարված իրավիճակը թուլացնելու ուղղությամբ։ Վերոնշյալ օրինագծի ճակատագրի համատեքստում նա սահմանափակվեց միայն այն հայտարարությամբ, թե քրիստոնեական համայնքի դեմ ուղղված ոչ մի օրենք չի մտցնի։

Մինչդեռ Իսրայելի քրիստոնյաները հետզհետե ավելի քիչ պատճառ ունեն հավատալու, որ Բ. Նեթանյահուի օրոք երկրում կնվազի անհանդուրժողականության և այլատյացության քաղաքականությունը։ Համայնքային և հոգևոր առաջնորդները գիտակցում են, որ իրենց հողերի ասպատակիչ զավթումները, հարկային ճնշումը և հրեա ծայրահեղ արմատականների կանոնավոր հարձակումները քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա կարող են ճանապարհ հարթել ապագայում լայնածավալ ջարդերի համար: Իսրայելի քրիստոնյաներն այլևս պատրանքներ չունեն՝ հստակ գիտակցելով, որ հրեական պետության ավանդական պրագմատիկ քաղաքականությունը ներկայումս զգալիորեն փոխակերպվում է միստիկ թալմուդական ուսմունքներով, որոնք կտրականապես մերժում են երկրում կրոնական համակեցության և հանդուրժողականության ցանկացած մոդել: Սա չի ընդունվում ավանդական հուդայականություն դավանող իսրայելցի շատ քաղաքացիների կողմից, ովքեր կարծում են, որ Բ. Նեթանյահուն և նրա շրջապատն ընկել են ուժային կառույցներ ներթափանցած ծայրահեղ օրթոդոքս հրեական աղանդերի գաղափարական ազդեցության տակ, և պետական ​​քաղաքականության մեջ այժմ առաջնորդվում են ոչ թե իրատեսությամբ, այլ աշխարհի հրեականության բացառիկության գաղափարի վրա հիմնված դոկտրիններով։ Իսրայելի չափավոր քաղաքական խմբակցությունների և նրանց աջակցող ընտրազանգվածի կարծիքով՝ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է, որն արտացոլում է գաղութատիրական տերությունների ազգային շովինիզմը, բայց առավել հրեշավոր ձևերով[10]։ Որպես ապացույց բերվում է Գազայում տիրող իրավիճակը, որտեղ հայտարարված հակաահաբեկչական գործողությունն ստացել է մի ամբողջ ժողովրդի կոտորածի բնույթ, երբ միակ նշաձողը պաղեստինցիների էթնիկ ինքնությունն ու իսլամական հավատքն են։

Ենթադրվում էր, որ 10.07.2023 թ.-ի՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունից հետո Թել Ավիվի համար, որը նախապատրաստվում էր պաղեստինյան ծայրահեղականության դեմ կատաղի պայքարին, օգտակար կլիներ քրիստոնեական դավանանքների և համայնքների հետ վերջին տարիների լարված հարաբերությունների թուլացումը, հատկապես այն հանգամանքի համապատկերում, թե ինչպես են Արևմուտքի քրիստոնեական երկրները լիովին արտահայտել իրենց աջակցությունն Իսրայելի «արդար զայրույթին» ու նրան օգնության ձեռք մեկնել։ Սակայն «հակաահաբեկչական արշավն» իր էությամբ գերազանցել է քրիստոնեական ավանդույթի մեջ թույլատրելի դաժանության բոլոր սահմանները, ինչն աներևակայելի էր նույնիսկ մուսուլմանների դեմ միջնադարյան խաչակրաց արշավանքների մութ դարաշրջանում:

Քրիստոնեական աշխարհը չհասկացավ Գազայում ավելի քան 60.000 խաղաղ բնակիչների մահը և մոտ 1000 մզկիթի միտումնավոր ավերումը: Արևմուտքն ավելի զայրացած էր Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքում[11] ու Լիբանանում քրիստոնեական եկեղեցիների ոչնչացմամբ, ինչը ներկայացվել է որպես անհրաժեշտ ռազմական միջոց կամ տեխնիկական սխալ։ Ոչ պակաս չափով քրիստոնեական աշխարհի վրա ազդել են նաև այն հանգամանքի դրսևորումները, որ Թել Ավիվը, դիտարկվող ժամանակահատվածում, գործնական առումով չի շեղվել Երուսաղեմի դավանական միությունների ունեցվածքը վերաբաշխելու և հրեական ուլտրաարմատականների շարունակվող հարձակումները խրախուսելու իր քաղաքականությունից։ Այսպիսով իսկ, «իսլամական ծայրահեղականության» դեմ Գազայում տարվող պատերազմը Իսրայելին ոչ միայն չեն մղել դեպի մեկ այլ «աբրահամյան կրոնի»` քրիստոնեության հետ համերաշխության հոլովույթի, այլև նպաստել է, ոչ առանց իշխանությունների մասնակցության, երկրում հակաքրիստոնեական ծայրահեղականության վերարտադրմանը, որը փորձում է իր ձեռնարկումները հիմնավորել միստիկ նախապաշարմունքներով:

Հատկանշական է, որ Իսրայելում կրոնական անհանդուրժողականությունը դրսևորվում է հենց Սուրբ Երկրում լայնորեն ներկայացված ավանդական քրիստոնեական դավանանքների՝ կաթոլիկության, ուղղափառության, ՀԱԵ և մի շարք Արևելյան Եկեղեցիների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, Ավետարանական եկեղեցիները, որոնք չունեն նմանատիպ ներկայացվածություն տարածաշրջանում և միայն փոքր չափով են հատվում արմատական ​​հրեական վարդապետությունների շահերի հետ, համեմատաբար հանդուրժողական վերաբերմունք են վայելում: Իրենց հերթին, ավետարանականները, որոնք հիմնականում կենտրոնացած են Հյուսիսային Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, մինչև վերջերս ընդգծված բարեհաճություն էին ցուցաբերում Իսրայելին և նրա վարած քաղաքականությանը:

Հենց ավետարանական աստվածաբանության հիման վրա, որից առաջացել են տասնյակ ամերիկյան եկեղեցիներ, 1970-ական թթ.-ին ԱՄՆ-ում ձևավորվեց, այսպես կոչված, «քրիստոնեական սիոնիզմ» դոկտրինը, որն ի վերջո վերածվեց քաղաքական շարժման։ Համաձայն «քրիստոնեական սիոնիզմի» աշխարհայացքի` ԱՄՆ-ն պետք է իր գործողություններով մոտեցնի «Արմագեդոնի» մարգարեության իրականացումը, որին կհաջորդի Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Այս համատեքստում Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը ոչ միայն քաղաքական ընտրություն է, այլև աստվածաշնչյան մարգարեություններով կանխորոշված ​​կրոնական պարտք։

Իսրայելի ագրեսիվ գործողություններին աջակցությունը՝ ընդհուպ մինչև նրա կողմում պատերազմին մասնակցությունը, «քրիստոնեական սիոնիստների» հասկացությամբ բարիքներ են, որոնք ավելի են մոտեցնում ժամանակների վերջի մասին աստվածաշնչյան մարգարեությունների իրականացումը[12]: ԱՄՆ քաղաքական վերնախավի վրա «քրիստոնեական սիոնիստների» ազդեցությունը, ում, բնականաբար, ամենայն կերպ աջակցում էին հրեական լոբբիստները, տարիների ընթացքում միայն աճում էր: Նրանց դիրքերը հատկապես ուժեղ էին հանրապետականների շրջանում, և Դոնալդ Թրամփի նախագահության առաջին և երկրորդ փուլերում նրանք արդեն առանցքային դիրքեր էին զբաղեցնում Սպիտակ տան վարչակազմում։ Ինքը՝ ԱՄՆ-ի գործող նախագահը, ով իր հռետորաբանության մեջ հիմք չի տալիս իրեն կրոնական համոզմունքների կրող համարելու համար և հաճախ քննադատում է Իսրայելին[13], այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իսրայելական քաղաքականությունը գործնականում կառուցում է «քրիստոնեական սիոնիստների» ագրեսիվ դոկտրինին լիովին համապատասխան: Սա, իր հերթին, լիովին ներդաշնակեցնում և համալրում է տարածաշրջանում իսրայելական արմատականությունը, որի զոհը, սակայն, պարադոքսալ կերպ ոչ միայն իսլամական գործոնն է, այլև ավանդական քրիստոնեական եկեղեցիների շահերը։ Այս հարցում «քրիստոնեական սիոնիստները» հակված չեն իրենց վարդապետության հրամայական նպատակները զոհաբերել հանուն ավանդական եկեղեցիների դիրքերի պահպանման, համաքրիստոնեական համերաշխության և փոխօգնության։

Իրերի այս դրության վրա ազդում է նաև ավետարանական ուսմունքների պատմական մրցակցությունը, որի խորքերից ծնվել է «քրիստոնեական սիոնիզմը»` կաթոլիկ, հունական ուղղափառ, հայկական և այլ ավանդական դավանանքների հետ միասին: Սուրբ Երկրում ներկա գտնվելու իրենց պատմական իրավունքի, ինչպես նաև դարավոր ժառանգության` ներառյալ՝ սրբավայրերի, դպրոցների և հողերի պահպանման համար Երուսաղեմում ներկայացված դավանանքների պայքարն ավետարանականների համար ոչ այլ ինչ է, քան գույքի, նյութական բարիքների և ֆինանսական մուտքերի պաշտպանություն: Միաժամանակ, Իսրայելի գործողությունները նրանք դիտարկում են որպես բարձրագույն, «աստվածային» կարգի առաքելություն և, հետևաբար, դրան կարող են զոհաբերվել «մասնավոր շահերն» ու ավանդական եկեղեցիների «մանրախնդրությունը», եկեղեցիներ, որոնք «անտեսում են աստվածաշնչյան մարգարեությունների հայտնությունները»:

Դրանով իսկ, Սուրբ Երկրում վերջին տարիների իրադարձությունների համատեքստում «քրիստոնեական սիոնիստները» հայտնվեցին նույն այն ճամբարում, որտեղ գտնվում էին շովինիստները և արմատական ​​հրեական աղանդների հետևորդները: Ստեղծված քաղաքական-գաղափարական համակեցությունը նոր իրականություն է ձևավորում տարածաշրջանում՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացները կախվածության մեջ դնելով սրբազան տեքստերի կանխակալ մեկնաբանություններից։

Միևնույն ժամանակ, վերջերս միտումներ են նկատվում նման նախաձեռնություններն առաջ մղողների ընտրական բազայի թուլացման ուղղությամբ` ինչպես Իսրայելում, այնպես էլ՝ ԱՄՆ-ում: Հրեական պետությունում չափավոր հուդայականության կողմնակիցներն ավելի ու ավելի են հանդես գալիս հօգուտ կրոնական բազմակարծության ու Պաղեստինի և ամբողջ իսլամական աշխարհի հետ խաղաղության հաստատման: Մասնավորապես, նրանք ընդգծում են իրենց բարեհաճությունը քրիստոնեական գործոնի հանդեպ, որը պատմականորեն բազմակողմ ներկայություն է վաստակել Սուրբ Երկրում։ Իր հերթին, ԱՄՆ-ում «քրիստոնեական սիոնիստների» քաղաքականությունը` հաջակցություն Բ. Նեթանյահուի աջ արմատական ​​կառավարության, սկսում է վստահության պակաս զգալ խորքային և ավանդական Ավետարանական Ամերիկայից: Ամերիկացի քրիստոնյաները, որոնք հիմնականում ներկայացված են տասնյակ Ավետարանական եկեղեցիներով, իշխանությունների գործողություններում ավելի հաճախ են տեսնում հակասություններ քրիստոնեական բարոյականության համընդհանուր արժեքների հետ:

Gallup գործակալության կողմից 2018 թվականի գարնանը ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումը ցույց տվեց, որ Իսրայելին Վաշինգտոնի աջակցությունը վայելում է շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնության անվերապահ հավանությունը[14]: Սակայն արդեն 2024 թվականի մայիսին Langer Research Associates և Ipsos ընկերությունների կողմից անցկացված հարցումները բացահայտեցին հրեական պետությանը ամերիկյան աջակցության կողմնակիցների թվի նկատելի նվազման դինամիկան[15]: Ի վերջո, 2025 թվականի ամռանը միևնույն Gallup-ը գրանցել է Իսրայելին համակրող հարցվածների թվի ռեկորդային անկում՝ համապատասխանաբար ցույց տալով Թել Ավիվին Վաշինգտոնի օգնությունը դատապարտող հարցվածների թվի կրկնակի աճ[16]։

Այսպիսով, քրիստոնեական Ամերիկան, հետևելով Եվրոպային, ցույց է տալիս «հեռանալու» նշաններ «Քրիստոնեական սիոնիզմից» և գերբնական ​​դոկտրիններից, որոնք իշխանություն են ներթափանցել ԱՄՆ-ում և Իսրայելում ու հանդես են գալիս հանուն աստվածաշնչյան մարգարեությունների ժամկետների «ձեռակերտ արագացման»: Այս առումով հարց է ծագում՝ Սուրբ Երկրում առկա քաոսը կհանգեցնի՞ քրիստոնեական աշխարհի ակտիվ համախմբմանը հիմնաքարային արժեքների և աստվածաշնչյան խաղաղության ուխտերի շուրջ, թե՞ եկեղեցիները կգերադասեն հետ կանգնել՝ հնարավորություն տալով ֆանատիկներին շարունակել շահարկելու ժամանակների վերջի մասին մարգարեությունները։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 12.09.2025 թ.:

[2] «Коровий сад» не продается: армянские организации Иерусалима предупреждают Патриархат». Голос Армении, 27.08.2025, https://bit.ly/4mUpc9k (բեռնման օրը՝ 05.09.2025).

[3] «Армянский патриархат сдал иерусалимскую землю в аренду». Вестник Кавказа, 29.09.2021, https://vestikavkaza.ru/analytics/armanskij-patriarhat-sdal-ierusalimskuu-zemlu-v-arendu.html (բեռնման օրը՝ 05.09.2025).

[4] Սուրբ Յակոբեանց (Հակոբեանց) Եղբայրության Սինոդը (կամ Սուրբ Հակոբեանց Եղբայրությունը) Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կառավարման բարձրագույն մարմինն է:

[5] «Священнослужителя, сдавшего в аренду земли армянского квартала в Иерусалиме, лишили сана». Армянский музей Москвы и культуры наций, https://www.armmuseum.ru/news-blog/2023/5/10/the-priest-who-leased-the-land-of-the-armenian-quarter-in-jerusalem-was-put-to-death (բեռնման օրը՝ 05.09.2025).

[6] «Иерусалимский патриархат ААЦ опровергает сообщение о тайной сделке вокруг «Коровьего сада». Голос Армении, 21.09.2025, https://bit.ly/4gblghS (բեռնման օրը՝ 05.09.2025).

[7] «Greek Orthodox Patriarchate bank accounts in Jerusalem reportedly unfrozen». Orthodox Christianity, 29.08.2025, https://orthochristian.com/172211.html (բեռնման օրը՝ 06.09. 2025).

[8] «Радикальное правительство Нетаньяху притесняет христиан в Израиле – The Associated Press». Октагон Медиа, 13.04. 2025, https://octagon.media/novosti/radikalnoe_pravitelstvo_netanyaxu_pritesnyaet_ xristian_v_izraile_the_associated_press.html (բեռնման օրը՝ 06.09.2025).

[9] «В Израиле разработали законопроект, запрещающий упоминать имя Иисуса Христа». СПЖ, 26.03.2023, https://spzh.eu/ru/news/72652-v-izrale-razrabotali-zakonoproekt-zapreshchajushchij-upominat-imja-iisusa-khrista (բեռնման օրը՝ 06.09.2025).

[10] «Почему так много евреев осуждают войну Израиля в Газе?». Россия в глобальной политике, 23.11.2023, https://globalaffairs.ru/articles/pochemu-evreei-osuzhdayut/ (բեռնման օրը՝ 06.09.2025).

[11] «В Палестине заявили об уничтожении более тысячи мечетей в секторе Газа». РИА НОВОСТИ, 21.08.2025, https://ria.ru/20250821/izrail-2036639432.html (բեռնման օրը՝ 06.09.2025).

[12] «Христианский сионизм, Армагеддон, антихрист как основы ближневосточной политики Трампа». Фонд стратегической культуры, 16.03.2025, https://www.fondsk.ru/news/2025/03/16/khristianskiy- sionizm-armageddon-antikhrist-kak-osnovy-blizhnevostochnoy-politiki (բեռնման օրը՝ 07.09.2025).

[13] Бард M., «Сионист ли Трамп?». STMEGI, 17.11.2024, https://stmegi.com/opinions/posts/ 122482/sionist-li-tramp/ (բեռնման օրը՝ 07.09.2025).

[14] «Опрос: общественная поддержка Израиля в США на рекордно высоком уровне». 15.03.2018, https://lechaim.ru/news/opros-obshhestvennaya-podderzhka-izrailya-v-ssha-na-rekordno-vysokom-urovne/ (բեռնման օրը՝ 07.09.2025).

[15] «Опрос показал, что американцы думают о помощи Израилю». РИА НОВОСТИ, 03.05.2024, https://ria.ru/20240503/opros-1943716231.html (բեռնման օրը՝ 07.09.2025).

[16] «Новый опрос показывает падение общественной поддержки войны Израиля в секторе Газа в США». EDNEWS, 30.07.2025, https://ednews.net/ru/news/world/689607-noviy-opros-pokazivaet-padenie-obshestvennoy (բեռնման օրը՝ 07.09.2025).