Թաքնված «Գազային պատերազմներ» Իսրայելի և Թուրքիայի միջև
ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.01.2025 թ.
Սիրիայում 2024 թ. վերջերին տեղի ունեցած իրադարձությունները միջազգային օրակարգում վերակենդանացրին Պարսից ծոց–Եվրոպա միջտարածաշրջանային էներգետիկ երթուղու թեման։ Այս նախագծի վերաբերյալ առաջին բովանդակային քննարկումներն ի հայտ են եկել 2009 թ., երբ Վ. Պուտինի՝ միաբևեռ աշխարհը վերակազմավորելու անհրաժեշտության մասին հայտնի մյունխենյան ելույթից (2007 թ.) հետո Արևմուտքն սկսեց ուղիներ որոնել Եվրոպայում ՌԴ «գազային գերիշխանությունից» խուսափելու համար։ Սա էր, որ ՌԴ-ին թույլ տվեց ԵՄ-ում, ԱՄՆ-ի շահերին հակառակ, առաջ մղել իր շահերը, մեծացնել բյուջեն, աշխուժացնել ռազմաարդյունաբերական համալիրը և արդյունքում իր ձայնն ավելի զգալի դարձնել միջազգային բեմահարթակում։
Վերոնշյալ նպատակի շրջանակներում մշակված նախագիծը նախատեսում էր գազատարի կառուցում Կատար–Սաուդյան Արաբիա–Հորդանան–Սիրիա–Թուրքիա–Բուլղարիա երթուղու երկայնքով։ Ակնկալվում էր, որ Դոհայի 25 տրլն մ3փորձված գազի պաշարները տասնամյակների ընթացքում ամբողջությամբ կբավարարեն եվրոպական երկրների կարիքները:
Սակայն նախագծի իրականացմանը խոչընդոտեց տարածաշրջանի քաղաքական իրավիճակը, և հիմնական խոչընդոտներից մեկը Բ. Ասադի գլխավորած Սիրիան էր, որը հրաժարվեց մասնակցել այս միջազգային կոնսորցիումին և փակեց իր տարածքը գազային երթուղու համար։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ դա էր արտաքին խաղացողների կողմից Մերձավոր Արևելքում և Մաղրիբի երկրներում իրավիճակը գլոբալ փոփոխելու պատճառներից մեկը, որը հայտնի դարձավ որպես «արաբական գարուն»։ Դրա նպատակն էր վերացնել «ոչ համակարգային» արաբական վարչակարգերը, ինչպիսիք են՝ Լիբիան, Սիրիան և Եգիպտոսը, որոնք, ի թիվս այլոց, դեմ էին հսկայական տարածաշրջանում առևտրի և էներգետիկ սխեմաների վերափոխմանը: Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին բացահայտ խոսում էր այս մասին և կանխատեսում, որ Լիբիայից հետո Արևմուտքի հաջորդ թիրախը լինելու է Սիրիան։ Բ. Ասադը, Մոսկվայի և Թեհրանի աջակցությամբ, շատ ավելի երկար մնաց իշխանության ղեկին, քան ինքը՝ Մ. Քադաֆին, սակայն Ուկրաինայում ՌԴ 24.02.2022 թ. սկսված Հատուկ ռազմական գործողությունը (ՀՌԳ) նրան զրկեց ռուսական ռազմական և դիվանագիտական աջակցությունից բավականաչափ օգտվելու հնարավորությունից։ Փորձագետները կարծում են, որ ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելու, ինչպես նաև Իրանում տնտեսական ճգնաժամը խորանալու և 19.05.2024 թ. օդային աղետի արդյունքում Ի. Ռաիսի–Հ. Աբդոլլահիան երկյակի զոհվելուց հետո անխուսափելի էր դարձել «Ասադի վարչակարգի» տապալումը։ Եվ արդեն այս ժամանակահատվածում Դամասկոսում իշխանափոխության գլխավոր շահառուն ոչ թե հավաքական Արևմուտքն էր, այլ՝ Թուրքիան։ Կարծիք կա, որ սիրիական ներքին վերափոխման պարտադրումը մեծապես անհրաժեշտ էր Անկարային՝ արագ վերակենդանացնելու Կատար–Եվրոպա գազային միջտարածաշրջանային երթուղու նախագիծը, որն արդեն մոռացվել է Արևմուտքի կողմից և կարող է Թուրքիան վերածել մայրցամաքային գլխավոր գազային հանգույցի։
Ըստ արաբական աղբյուրների՝ Դամասկոսում անցումային կառավարություն ստեղծելու մասին հայտարարությունից անմիջապես հետո Անկարան Սիրիայի վարչապետի պաշտոնակատար Մուհամմեդ ալ-Բաշիրին հրահանգել է իրավական և տեխնիկական հիմք նախապատրաստել գազի ապագա երթուղու սիրիական հատվածի շուրջ բանակցությունների համար։ Արդեն 09.01.2025 թ. հայտնի դարձավ, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարն ինտենսիվ բանակցություններ են վարում Հորդանանի և Սիրիայի տարածքով դեպի Թուրքիա խողովակաշարերի կառուցման, Կատարի գազի և սաուդյան նավթի Եվրոպա հետագա փոխադրման հարցի շուրջ։ 12.01.2025 թ. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն Էր Ռիադում Սիրիայի հարցով բանակցություններ է վարել արաբական մոտ մեկ տասնյակ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ, և ենթադրաբար, գազի հարցը եղել է օրակարգի առանցքային թեմաներից մեկը։
Ինչպես կարելի է դատել Թուրքիայի պահվածքից, Անկարան փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ նախագիծը կենսունակ է և, չնայած դրա իրականացման բարձր արժեքին և աշխարհաքաղաքական բարդություններին, Պարսից ծոցի էներգապաշարները եվրոպական շուկա հասցնելու ամենահուսալի միջոցն է։ Սա չափազանց կարևոր խնդիր է Թուրքիայի համար, քանի որ վերջին երկու տասնամյակի ընթացքում Ռ. Էրդողանը նպատակասլաց շարժվում է երկիրը գազային հանգույցի վերածելու գաղափարի իրականացման ուղղությամբ, ընդ որում՝ հանգույց, որն իր մեջ կներառի ռուսական, իրանական և Կատարի գազային հոսքերը։ Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով պետք էր հրաժարվել «իրանական տարբերակից»։ Ռուսական գազի շուրջ բանակցությունները ձգձգվեցին նույն այդ արևմտյան պատժամիջոցների և կողմերի՝ ինքնուրույն և առանց միջազգային ներդրումների անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման համար սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Բացի այդ, կողմերը տարաձայնություններ ունեին գնագոյացման և Թուրքիայում, այսպես կոչված, «գազային բորսայի» կառուցման հարցերի շուրջ։
Երկրի տարածքով ռուսական գազի հետագա տարանցման ցանկացած հնարավորությունից Ուկրաինայի հրաժարվելու մասին Վ. Զելենսկու հայտարարությունից հետո Մոսկվան սկսել է առաջ մղել այն նախագծերը, որոնք դեռևս չեն քննարկվել Թուրքիայի հետ։ Այսպես, 01.09.2025 թ. ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով The Moscow Times իրազեկ պարբերականի հրապարակումը, հայտնել են, որ ռուսական «Գազպրոմը» Եվրոպայում շտապ փակում է իր գրասենյակները և դրանց աշխատակիցներին տեղափոխում Թուրքիա՝ նրանց համար բնակարաններ վարձելով և կազմակերպելով թուրքերեն լեզվի դասեր։ Անկարայի համար գազային հավակնությունների համատեքստում ռուսական կոնցեռնի այս քայլը կարող էր նշանակալի համարվել, սակայն, ինչպես հայտնի դարձավ, այս հարցում լավատեսությունը վաղաժամ է։ 11.01.2025 թ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են հարվածել Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի մերձակայքում գտնվող «Ռուսկայա» գազային կոմպրեսորային կայանին, որով գազը մերձափնյա ծանծաղուտով մղվում է դեպի «Թուրքական հոսք» սևծովյան խողովակաշար։ Սա ուկրաինական ուժերի կողմից «Թուրքական հոսք» ենթակառուցվածքի վրա առաջին հարձակումն է և, հնարավոր է, ոչ վերջինը։ Կրեմլի ներկայացուցիչ Դ. Պեսկովն արդեն հայտարարել է, որ Ուկրաինան` ինքը չէր համարձակվի նման հարձակում նախաձեռնել. «Այս ամենի շահառուն ԱՄՆ-ն է, որն զգալիորեն ավելացնում, հետևողականորեն ավելացնում է հեղուկ գազի մատակարարումները եվրոպական շուկաներ։ Ընդ որում՝ սա գազ է, որը վաճառվում է միանգամայն ու միանգամայն ուռճացված գներով»։
Դ. Պեսկովի հայտարարությունը որոշակիորեն կարելի է ոչ անհիմն համարել, քանի որ դժվար թե Կիևը, հաշվի առնելով Անկարայի հետ սերտ հարաբերությունները, անկախ որոշում կայացներ խարխլելու համար թուրքական տնտեսական շահերը։ Կոմպրեսորային կայանի վրա հարձակումը կարող է ցույց տալ, որ դրա նախաձեռնողները կարող են փորձել պայթեցնել մերձափնյա ծանծաղուտով անցնող խողովակաշարը, ինչպես դա եղավ «Հյուսիսային հոսքի» հետ 2022 թ. սեպտեմբերին: Համենայնդեպս, վտանգի տակ է նաև ռուսաստանյան խողովակով գազը Եվրոպա առաքելու միակ գործող երթուղին։ Հաշվի առնելով դա՝ Թուրքիան բոլոր հիմքերն ունի կարծելու, որ «ոչ Ուկրաինայի կողմից» արտոնված հարձակումները միտումնավոր ուղղված են ոչ միայն Մոսկվայի, այլ նաև, ըստ էության, հենց Անկարայի և դրա պլանների դեմ. այն է՝ դառնալ ԵՄ մուտք գործող երկնագույն վառելիքի գլխավոր օպերատորն ու բաշխողը։
Հնարավոր է, որ Անկարայում հակաթուրքական էներգետիկ քաղաքականության մեջ Վաշինգտոնին կասկածելու հիմքեր չունենային, եթե Թուրքիան այժմ բարդությունների չբախվեր՝ նաև Կատարի գազային նախագծի հետ կապված: Եվ դրանք միանշանակ կան, և հիմնականում կապված են Սիրիայի ու քրդական խնդրի հետ, որի վերաբերյալ Վաշինգտոնի և Մերձավոր Արևելքում դրա մերձավոր դաշնակցի՝ Թել Ավիվի ծրագրերն արմատապես տարբերվում են Թուրքիայի ծրագրերից։ Խոսքը Սիրիան որպես միասնական պետություն պահպանելու Անկարայի ցանկության մասին է, մինչդեռ ԱՄՆ-ն ու Իսրայելն առարկայորեն խոչընդոտում են այդ ծրագրերին, ինչի մասին ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն գրել է նախորդ հրապարակումներում։ Իսկ դեպի ԵՄ Կատարի գազի երթուղու անդրտարածաշրջանային ծրագրի վերակենդանացման թուրքական նախաձեռնության հաջողությունն ուղղակիորեն կապված է Սիրիայում և, մասնավորապես, «քրդական ուղու» հետ առնչվող իրավիճակի հետ։
Վերլուծաբանները համակարծիք են այն հարցի շուրջ, որ Անկարան ստիպված կլինի հրաժարվել Կատարի խողովակաշարի անցկացման գաղափարից, եթե չկարողանա պահպանել Սիրիայի միասնությունը՝ ուժեղ կենտրոնացված կառավարության ներքո և վերջ չդնի «անջատողական քրդական շարժմանն» ինչպես Սիրիայում, այնպես էլ, ըստ էության, հենց Թուրքիայում։ Միջազգային ներդրողները ներդրումներ չեն կատարի մի նախագծում, որը հղի է հիմնախնդիրներով՝ անընդհատ ապակայունացող գոտու պատճառով, որը ձգվում է մոտ 1000 կմ՝ Հորդանանից մինչև Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջանները։
Անկարայում լավատեղյակ են ներդրողների տրամադրություններին և վերջին իրադարձություններից շատ առաջ Պարսից ծոցի տարածաշրջանից գազի լոգիստիկայի այլընտրանքային ծրագիր էին պատրաստել: Վերջին մի քանի տարվա ընթացքում Ռ. Էրդողանի թիմը մշակել է հայեցակարգ՝ գազի նշված երթուղին անհրաժեշտության դեպքում «իրաքյան տարբերակով» փոխարինելու համար։ Ընդ որում, այս նախագիծը ենթադրում է ոչ միայն գազատարի, այլև նավթամուղի անցկացում, ինչպես նաև երկաթուղի և մայրուղի Ծոցից Իրաքի ողջ տարածքով մինչև թուրքական սահման։ Նման լայնածավալ ծրագիր իրականացնելու համար Անկարան նույնիսկ որոշեց Բաղդադին զիջել «ջրի հարցում» և ավելացնել Եփրատ և Տիգրիս գետերից ջրի հոսքը դեպի այդ արաբական հանրապետություն, ինչից կտրականապես հրաժարվել էր նախորդ տարիներին։ Էրդողանը 22.04.2024 թ․, 12 տարվա մեջ առաջին անգամ, ժամանել է Բաղդադ, որտեղ, բացի ջրի քվոտաների և համատեղ անվտանգության փաստաթղթերի համաձայնագրերից, նրա թիմը նաև հուշագրեր է ստորագրել իրաքցիների հետ Գրան Ֆաու (նավահանգիստ հարավային Իրաքում)–Մերսին (նավահանգիստը Թուրքիայում) առևտրա-էներգետիկ երթուղու մշակման վերաբերյալ։ Նախագիծը ստացել է «Զարգացման ուղի» կամ ոչ պաշտոնական՝ «Չոր ջրանցք» անվանումը՝ ակնարկելով, որ դրա ենթակառուցվածքն ի զորու կլինի ցամաքային ճանապարհով ամբողջությամբ Եվրոպա տեղափոխել ջրային ճանապարհով Պարսից ծոց հասնող ողջ բեռնահոսքը։ Rail Freight պարբերականի տվյալներով՝ միայն երկաթուղու կառուցման համար կպահանջվի մոտ $18 մլրդ, մինչդեռ այլ հաղորդակցությունների արժեքի մասին հանրությանը հասանելի տվյալներ չկան։
Կարող է թվալ, թե բավականին խոստումնալից է բեռնափոխադրումների և էներգապաշարների Թուրքիա առաքման իրաքյան համատեղ երթուղին։ Հատկապես հաշվի առնելով, որ դրան աջակցել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ)։ Ըստ Logist.Today պարբերականի վերլուծաբանների, այն նաև տեղավորվում է ԵՄ «Global Gateway» նոր նախաձեռնության մեջ՝ ուղղված «մայրցամաքի ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության և էներգամատակարարման ամրապնդմանը»: Սակայն, ինչպես սիրիական գազի երթուղու պարագայում է, այն նույնպես ունի իր «ստորջրյա սահանքները»։ Նախ, լիովին պարզ չէ սաուդցիների դիրքորոշումը, ովքեր Կատարից դեպի իրաքյան Բասրա գազատար խողովակների անցկացման համար պետք է տրամադրեն իրենց տարածքը։ Երկրորդ, Թուրքիայի համար հարցերն այստեղ նույնպես կապված են նույն «քրդական հիմնախնդրի» հետ, քանի որ Մոսուլի հյուսիսում նախատեսված հաղորդակցությունները կրկին պետք է անցնեն Իրաքի քրդաբնակ տարածքներով։ Ի տարբերություն Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավարության, որ գլխավորում է Թուրքիայի նկատմամբ բարեհաճ Բարզանի կլանը, գրեթե ողջ իրաքա-թուրքական սահմանային գոտին գտնվում է Անկարայի նկատմամբ թշնամաբար տրամադրված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վերահսկողության տակ, որն իր քայլերը գրեթե ամբողջությամբ ներդաշնակեցրել է Սիրիայում քրդական Ռոժավայի ոչ պաշտոնական վարչակազմի և դրա մարտական ուժերի հետ: Թուրքիան գործնականում, նույնիսկ իրաքյան բանակի հետ համագործակցությամբ, չի կարողանում ապահովել այս երթուղու անվտանգությունը՝ չնայած Ռ. Էրդողանի և իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի և այդ արաբական հանրապետության վարչապետ Շիա ալ-Սուդանիի հետ 2024 թ․ ապրիլին Բաղդադում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածություններին։
Հնարավոր է դա լուծելի խնդիր լիներ Թուրքիայի համար, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը չմիջամտեին այդ հարցում՝ հետևողականորեն առաջ տանելով տարածաշրջանի ու դրա տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցության սեփական ծրագրերը։ Սիրիայում և Իրաքում իրենց բնակության վայրերում պետականություն ստեղծելու քրդերի իրավունքներին աջակցելու համատեքստում Վաշինգտոնի և Թել Ավիվի վերջին հայտարարություններն ու գործողությունները վկայում են, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը գրեթե բացահայտորեն խոչընդոտում են Պարսից ծոցի պաշարներին վերաբերող թուրքական ծրագրերին: Այս հանգամանքը լույս է սփռում Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի, ինչպես նաև Իրաքի ապագայի շուրջ տարաձայնությունների պատճառների վրա։
Ակնհայտ է թվում, որ ամերիկա-իսրայելական երկյակը չի ցանկանում «կայունության գոտի» ստեղծել Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով ու Սև ծովի ավազանում՝ դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով նրա տնտեսական շահերի համար։ Հենց այդ նպատակով Թել Ավիվը պնդում է նոր Սիրիայի դաշնայնացման նախագիծը, մինչդեռ ԱՄՆ-ն իր հերթին տրամաբանական ավարտին չի հասցնում ԴԱԻՇ-ի պարտությունը սիրիա-իրաքյան սահմանին։ Երկու դեպքում էլ քրդական գործոնը կարևոր տարր է Վաշինգտոնի և Թել Ավիվի զինանոցում՝ Անկարայի հավակնությունները ճնշելու և Արևմտյան Ասիայի ու Մաղրիբի ողջ տարածքում գերիշխանություն հաստատելու նրա ծրագրերը խափանելու համար։
Տարածաշրջանում առաջնայնության և հանքային պաշարների նկատմամբ վերահսկողության ու դրանց փոխադրման համար Իսրայելի և Թուրքիայի միջև առճակատումը սկսվել է նկարագրված իրադարձություններից շատ առաջ: Թուրքիան առաջինն էր, որ լուրջ հարված ստացավ իր դիրքերին, երբ 2010 թ․ Լևանտական ծովի (Արևելյան Միջերկրական ծով) մերձափնյա ծանծաղուտում հայտնաբերվեց հարուստ «Լևիաֆան» հանքավայրը՝ այն ժամանակվա ավելի քան 600 մլրդ մ3 հաստատված գազի պաշարներով։ Իսրայելը դարձավ հանքավայրի գլխավոր սեփականատերերից մեկն ու գազի որոնման և արդյունահանման միջազգային կոնսորցիումի հիմնադիրը։ Իսրայելի ճնշման ներքո ԱՄՆ-ը, Հունաստանը և Կիպրոսը թույլ չտվեցին Թուրքիային մտնել «Լևիաֆանի» գազային գործարքն օգտագործող երկրների շրջանակը՝ չնայած, Անկարայի կողմից, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» (ՀԿԹՀ) գործոնի միջոցով գազի պաշարների անուղղակի իրավունքներ ստանալու փորձերին: Սակայն աշխարհում չճանաչված այս խամաճիկ վարչախումբը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ և, հետևաբար, չէր կարող հավակնել Կիպրոսի մերձափնյա ծանծաղուտի մի մասին, ինչպես պահանջում էր Անկարան։
Թուրքիայի համար առանձնահատուկ նշանակություն ունի այն փաստը, որ «Լևիաֆան» հանքավայրը հայտնաբերվել է 2010 թ. մայիսին Գազայի ափերի մոտ Իսրայելի ռազմածովային ուժերի՝ «Մավի Մարմարա» նավի հետ տեղի ունեցած միջադեպից ամիսներ անց: Այնուհետև Անկարան աղմկահարույց սկանդալ էր նախաձեռնել և խզել դիվանագիտական հարաբերությունները Թել Ավիվի հետ։ Իսրայելը չէր կարող չօգտվել այս իրավիճակից, որպեսզի ԱՄՆ-ի աջակցությամբ և կոնսորցիումի մյուս անդամների հետ միասին Թուրքիային չզրկի շահաբաժիններ ստանալու հնարավորությունից՝ կապված «Լևիաֆանի» առնչությամբ 2020 թ. մեկնարկած էներգետիկ նախագծերի հետ։
Սակայն առևտրի, տնտեսական և էներգետիկ շահերի ոլորտում հաջորդ ուժեղ հարվածն արդեն բաժին հասավ Իսրայելին։ 09.09.2023 թ. ԱՄՆ-ի նախագահ Դ. Բայդենը Նյու Դելիում G20 հանդիպման ժամանակ ներկայացրեց «Հնդկաստան–Եվրոպա» համաշխարհային առևտրի և էներգետիկայի նախագիծը։ Ծրագրի կենտրոնական երթուղին, որը մշակվել է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին հակառակ, ԱՄԷ–Սաուդյան Արաբիա–Հորդանան–Իսրայել միջանցքն էր: Ծրագրի համաձայն՝ երթուղին ներառում էր համակցված երկաթուղային գծեր, մայրուղիներ, գազատարներ, նավթատարներ, էլեկտրոնային կապի մալուխներ և «կանաչ էներգիայի» մալուխներ։ Ըստ էության, նախագիծը պետք է Իսրայելը վերածեր Արևելք–Արևմուտք առանցքի երկայնքով մայրցամաքային առևտրի կենտրոնական հարթակի՝ հրեական պետությունում հանգուցելով ապրանքների հոսքը Եվրոպայից և Ասիայից, ներառյալ էներգետիկ պաշարները Պարսից ծոցից: Իսրայելը պետք է դառնար այն գազային հանգույցը, որը երազում է դառնալ Թուրքիան՝ ստանձնելով Հարավային Պարս և Հյուսիսային Պարս հանքավայրերից Կատարի գազի փոխադրման մենաշնորհը։ Սակայն վերոնշյալ նախագիծը ներկայացնելուց մեկ ամիս չանցած՝ ՀԱՄԱՍ-ը լայնածավալ հարձակում իրականացրեց Իսրայելի վրա՝ նոր դաժան պատերազմ սկսելով Գազայում։ Դրա հետևանքներից մեկն ամերիկա-իսրայելական վիթխարի ծրագրի դադարեցումն էր կամ անժամկետ հետաձգումը։
Չկան բաց հասանելի փաստեր, որոնք կապացուցեին, թե Թուրքիան կարող էր ներգրավված լինել ՀԱՄԱՍ-ի լայնածավալ ռազմագործողության մեջ, բայց, միևնույն ժամանակ, կասկած չկա, որ Անկարան դարձել է պաղեստինա-իսրայելական նոր ավերիչ պատերազմի ոչ պաշտոնական գլխավոր շահառուն: Արդյունքում Իսրայելը կորցրեց համակցված երթուղի կառուցելու և Պարսից ծոցից գազի հոսքերը ներառելու հեռանկարները, ևս մեկ անգամ բարդացրեց հարաբերություններն արաբական աշխարհի հետ, կորցրեց առևտրաշրջանառությունը Կարմիր ծովով (Սուեզի ջրանցքով) և, ի վերջո, զգալի կախվածության մեջ ընկավ թուրքական ապրանքներից և մատակարարման ուղիներից։
Հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական ռեսուրսային բազայի և լոգիստիկ ուղիների մրցակցության վերը նշված փաստերը՝ կարելի է ենթադրել, որ Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները նույնպես տեղավորվում են թուրք-իսրայելական տնտեսական առճակատման համատեքստում։ Այժմ հերթը հասել է ամերիկա-իսրայելական երկյակին՝ Սիրիայի դաշնայնացման և քրդական հարցի վերակենդանացման ծրագրերի միջոցով փլուզելու Թուրքիայի սիրիական և իրաքյան նախագծերը՝ ուղղված Պարսից ծոց դրա մուտքի ապահովմանը: Նրանք միանշանակ ցանկանում են Անկարային զրկել էներգակիրների մատակարարման բոլոր տարբերակներից (ռուսական, իրանական, արաբական, միջերկրածովյան գազի երթուղիներ), հասկանալով, որ էժան ածխաջրածնայինների հասանելիությունը և դրանց լոգիստիկ վերահսկողությունը Թուրքիայի համար անհրաժեշտ տնտեսական հիմք կապահովի Արևմտյան Ասիայում և Եվրոպայում գերիշխելու համար։ Միևնույն ժամանակ, Իսրայելը և ԱՄՆ-ն ունեն այս հսկայական տարածաշրջանի ապագայի իրենց տեսլականը, որն արտացոլված է «Նոր Մերձավոր Արևելք» ռազմավարական հայեցակարգում։ Եվ այս հայեցակարգը հիշատակվող տարածաշրջանի նկատմամբ տնտեսական և էներգետիկ գերակայությունը դնում է հենց «իսրայելական գերիշխանության» առաջնագծում։