Մեկնաբանություններ

Աշխարհաքաղաքական շահերի վերադասավորումը Վրաստանում. ԱՄՆ-ի, ՄԹ-ի և ՌԴ-ի ռազմավարությունների բախումը

Реконфигурация геополитических интересов в Грузии столкновение стратегий США, СК и РФ
4 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 13.04.2026 թ.[1]

  1. Վրաստանը՝ որպես «Միջին ուղու» կրիտիկական հանգույց իրանական ճգնաժամի պայմաններում

2026 թ. մարտի 23-ի իր մեկնաբանության մեջ ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի հետ հարաբերությունների վերաբեռնման և տվյալ երկրում կորցրած դիրքերը վերականգնելու ուղիներ գտնելու ծրագրի շտապ մշակման թեմային։ Վաշինգտոնի արտաքին քաղաքական օրակարգում որպես վրացական ուղղության ակտիվացման առանցքային շարժառիթ նշվել է իրանական հակամարտության համապատկերում հարավկովկասյան այդ հանրապետության հարաճուն ռազմավարական դերը «Միջին ուղու» առևտրա-էներգետիկ հաղորդակցությունների համակարգում:

Անկախ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների ելքից, Թեհրանը տարիներ առաջ հայտնվել է բարձր լարվածության և ռիսկի գոտում՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև «վերջնական» խաղաղ բանակցությունների վերաբերյալ մի շարք փորձագետների լավատեսական գնահատականներին: Այսպիսով, «Մեկ գոտի, մեկ ուղի» չինական նախաձեռնության առանցքային հանգույց հանդիսացող Իրանի վերափոխման հեռանկարները հարցականի տակ են հայտնվել՝ հաշվի առնելով երկրում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում իրավիճակի կանխատեսման բարդությունը, որտեղ, ամերիկա-իսրայելական կոալիցիայի նախաձեռնած հակաիրանական ռազմարշավի հետևանքով, պահպանվում են ապակայունացման սպառնալիքները:

Բացի այլ հանգամանքներից, Պարսից ծոցում նախկին հավասարակշռության և անվտանգության համակարգի խախտումն ածխաջրածինների պակաս է առաջացրել միջազգային շուկայում և ֆյուչերսների աճ, ինչը հղի է աշխարհում առաջարկի ու պահանջարկի ներկայիս համակարգի վերաձևակերպմամբ և Աֆրիկայից, Լատինական և Հյուսիսային Ամերիկաներից, Հյուսիսային Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից այլընտրանքային նավթի ու գազի մատակարարների դիրքերի ամրապնդմամբ: Այս հանգամանքների լույսի ներքո Վրաստանի վրա ԱՄՆ-ի ուշադրությունը տրամաբանական է թվում, քանի որ այդ հանրապետությունը Եվրոպայի հետ Չինաստանի առևտրային հաղորդակցությունների միակ հուսալի միջանցքի կարգավիճակ է ձեռք բերում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև կարող է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարներին կայուն հասանելիություն ապահովել։

  1. Վրացական հարցի շուրջ Վաշինգտոնի և Լոնդոնի մոտեցումների ճյուղավորումը

Լրացուցիչ ապացույցն այն բանի, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները կտրուկ բարձրացրել են Վրաստանի աշխարհառազմավարական արժեքը, Միացյալ Թագավորությունից ստացված ազդանշանն էր։ Վրացական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակության ԱՄՆ կատարած այցից մեկ ամիս չանցած, որի նպատակն էր քննարկել Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև ռազմավարական գործընկերության վերականգնման և ամրապնդման ուղիները, Լոնդոնը նախանշեց Վրաստանի նկատմամբ իր դիրքորոշումը: Մասնավորապես, ազդանշան տրվեց, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է այդ հանրապետությունում իր շահերն առաջ տանել, ինչպես նախկինում, արմատական մեթոդներով։

2026 թ. մարտի 29-ին Միացյալ Թագավորության Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հանդես եկավ Վրաստանը ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող «բռնապետական պետության» վերածվելու ռիսկի մասին խիստ նախազգուշացմամբ։ Տարածաշրջանային իրավիճակի վերլուծության արդյունքներով հրապարակված պաշտոնական զեկույցում Համայնքների պալատի կոմիտեն «երկրորդ Բելառուս» դառնալու հեռանկար է կանխատեսում Վրաստանի համար, որն ամուր ինտեգրված է Մոսկվայի ռազմավարական ազդեցության ոլորտում: Դրանով իսկ բրիտանացի խորհրդարանականները ցույց տվեցին, որ Միացյալ Թագավորությունը, ինչպես և Ամերիկայի Միացյալ Նահանգները, ճանաչում է Վրաստանի հարաճուն նշանակությունը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների և Ուկրաինայում շարունակվող հակամարտության համատեքստում: Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիան չի տեսնում Թբիլիսիում գործող կառավարության հետ վստահելի և գործընկերային հարաբերությունների հաստատման հեռանկարներ, մի կառավարություն, որը գնահատվում է որպես «Կրեմլի շահերն առաջ մղող»: Բրիտանացի քաղաքական գործիչների կարծիքով՝ Վրաստանի հետ հավաքական Արևմուտքի գործընկերությունը հնարավոր է միայն Թբիլիսիում «վարչակարգի փոփոխության» անփոխարինելի պայմանով, սակայն Վաշինգտոնը, ինչպես երևում է, անտեսում է այդ դիրքորոշումը։

  1. Ռուսական ուղեգիծը և հարաբերությունների կարգավորման ռազմավարությունը

Վերջապես, Վրաստանի շուրջ սրընթաց զարգացող քաղաքական-դիվանագիտական քննարկումներին միացավ նաև Մոսկվան։ 2026 թ. ապրիլի 1-ին՝ բրիտանացի խորհրդարանականների զեկույցից երեք օր անց, «Վալդայ» ակումբի ռուս-ուզբեկական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարեց, որ Մոսկվան, ընդհանուր առմամբ, բավարար է գնահատում Թբիլիսիի հետ հարաբերությունների վերականգնման դինամիկան։ ՌԴ ԱԳՆ Հարավկովկասյան ուղղությունը վերահսկող պաշտոնյայի խոսքով՝ չնայած հայտնի բարդությունների առկայությանը, Մոսկվան պատրաստ է «հարաբերությունների կարգավորման ճանապարհով այնքան հեռու գնալ, որքան որ պատրաստ է գնալ Թբիլիսին»: Գալուզինի հայտարարությունը կարելի է մեկնաբանել որպես դեմարշ բրիտանական կողմի նկատմամբ, որը ցուցադրում է Լոնդոնի դիրքորոշման հնավանդությունն (անախրոնիզմն) ու անհեռանկարայնությունը՝ հատկապես վրացական օրինական իշխանությունների հավասարակշռված քաղաքականության լույսի ներքո: Վերջիններս, չնայած առկա տարաձայնություններին և հակասություններին, ինչպես հարևանների, այնպես էլ գլոբալ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ, իրականացնում են հավասարակշռման ռազմավարություն և ուղիներ են փնտրում բոլոր շահագրգիռ կողմերի հետ կառուցողական փոխգործակցություն հաստատելու համար։

Այսպիսով, Վրացական ուղղությունը կրկին հայտնվել է Հարավային Կովկասում առանցքային աշխարհաքաղաքական դերակատարների սևեռուն ուշադրության կենտրոնում։ Վաշինգտոնի և Մոսկվայի հռետորաբանության վերլուծությունը թույլ է տալիս փաստել, որ երկու մայրաքաղաքներն էլ Թբիլիսիի հետ ոչ միայն հարաբերությունների վերագործարկման պատրաստակամություն են ցուցաբերում, այլև կիրառական մակարդակով որոնում և ամրագրում են Վրաստանի հետ բազմակողմ շահերի շփման կետեր նոր աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում: Եվ ԱՄՆ-ը, և Ռուսաստանը ձգտում են հնարավորինս վերակենդանացնել Թբիլիսիի հետ տարբեր ժամանակահատվածներում կորցրած կառուցողական կապերը, Մոսկվան՝ Հարավային Օսիայում 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո, Վաշինգտոնը՝ «Վրացական երազանք» կուսակցության կողմից 2023 թ. «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» (օրենք «Օտարերկրյա գործակալների մասին») աղմկահարույց օրինագծի նախաձեռնումից հետո։

  1. Ռուս-ամերիկյան համաձայնության հավանականությունը և բրիտանական ազդեցության քայքայումը

Այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունը տարիներ շարունակ ջանքեր է գործադրում, որպեսզի ամբողջությամբ կառուցողական հուն տեղափոխի Վրաստանի հետ իր հարաբերությունները, Միացյալ Նահանգները միայն վերջին ամիսներին է նմանատիպ ուղեգիծ սահմանել, ինչը, ինչպես վերը նշվեց, պայմանավորված է Մերձավոր Արևելքում ապակայունացմամբ։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնում, ժամանակի սղության պատճառով, ընդունել են Վրաստանում օրինականորեն ընտրված իշխանության փոփոխության անհեռանկարայնության և արմատական ընդդիմության մասնակցությամբ հեղափոխական սցենարի վրա խաղադրույքի անարդյունավետության գաղափարը։ Վրաստանի արմատական-ազատական ուժերի նկատմամբ եվրոպական դաշնակիցների հետ համագործակցության հարցում ԱՄՆ-ի աջակցությունը միայն նպաստեց դեպի Պեկին և, որոշ չափով, դեպի Մոսկվա Թբիլիսիի դանդաղ, բայց ակնհայտ տեղաշարժին։ Հետևաբար, ԱՄՆ-ում հանրապետականները, հաշվի առնելով վրացական հասարակության հոգնածությունը հեղափոխական ցնցումներից, ինչպես նաև տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունը, հրաժարվեցին պաշտոնական Թբիլիսիի վրա կոշտ ճնշման՝ Ջ. Բայդենի վարչակազմին բնորոշ ռազմավարությունից՝ հօգուտ փոխզիջումային մոտեցման։ Կարելի է նաև ենթադրել, որ Վաշինգտոնի նոր ռազմավարությունը համաձայնեցված էր Մոսկվայի հետ, և կողմերը գաղտնի փոխհամաձայնության են հասել վրացական ուղղությամբ փոխադարձ շահերի հաշվառման վերաբերյալ, ինչը կանխորոշում է նշված հարավկովկասյան հանրապետության վրա թույլատրելի ազդեցության հաշվեկշիռը պահպանելու անհրաժեշտությունը:

Եթե տվյալ վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա դա վկայում է Վրաստանի վրա ՉԺՀ-ի հարաճուն ազդեցությունը հավասարակշռելու և այդ երկրից ԵՄ-ն փաստացի դուրս մղելու ՌԴ-ի և ԱՄՆ-ի ձգտման մասին, ԵՄ, որի արմատական քաղաքականությանը միանում, իսկ, հնարավոր է, ուղղորդում է Միացյալ Թագավորությունը: Վրաստանում ազդեցության ոլորտների հավասարակշռված բաշխման վերաբերյալ Սպիտակ տան և Կրեմլի միջև փոխհամաձայնությունն ի վիճակի է վերջնականապես չեզոքացնել Հարավային Կովկասը ՌԴ-ի հետ հակամարտության մեջ ներգրավելու հաշվին («Երկրորդ» կամ «Հարավային ճակատ») ուկրաինական դիմակայությունը սրելու բրիտանական մտադրությունները՝ ինչպես նաև սահմանափակել բրիտանա-եվրոպական կապիտալի շահերը Կասպյան տարածաշրջանում և Կենտրոնական Ասիայում: Ակնհայտ է, որ հենց դա է պատճառը, որ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի հանձնաժողովի զեկույցը կազմվել է կոշտ ձևակերպումներով, և այն նախատեսված էր ոչ այնքան Թբիլիսիին զգուշացնելու, որքան Վաշինգտոնի հասցեին կշտամբանք արտահայտելու համար։ Ըստ էության, Լոնդոնը հասկացրել է, որ ԱՄՆ-ը հետ է կանգնում Թբիլիսիում իշխանափոխության համար համատեղ պայքարի գաղափարից կամ Արևմուտքի ընդունած դրույթներից՝ ուղղված Մոսկվայի հետ որևիցե հարաբերության խզմանը։ Լոնդոնը խիստ վրդովված է Թբիլիսիին մեկուսացումից փաստացի դուրս բերելուց, որը ներկայումս իրականացնում է Վաշինգտոնը՝ շտապ կերպով Վրաստանի հետ հարաբերությունների վերագործարկման ծրագիր մշակելով:

Այսպիսով, վրացական օրակարգը ցույց է տալիս ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության հարաբերությունների խզման ևս մեկ կետ, որին ԱՌՎԱԿ կենտրոնն անդրադարձել է 2026 թ. մարտի 27-ի նյութում։ Նշված մեկնաբանության մեջ դիտարկված հակասությունների հիմնական դրդապատճառներին համապատասխան՝ Վրաստանի հարցում տարաձայնությունները ոչ թե հանրապետության վրա ազդեցության համար տեղական մրցակցության խնդիր են, այլ նոր աշխարհակարգում ՌԴ-ի և ՉԺՀ-ի դերի վերաբերյալ ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության արմատապես տարբեր հայացքների հետևանք։ Կորցնելով Թբիլիսիին հակառուսական ճակատ ներգրավելու հնարավորությունը՝ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ում նրա դաշնակիցները ստիպված կլինեն արձանագրել Ուկրաինայում իրենց պարտության և Բալթիկայից մինչև Կենտրոնական Ասիա ռուսական սահմաններն ապակայունացնելու պլանների փլուզման փաստը։

Փաստորեն, այս ծրագիրը ձախողելու խնդրում գլխավոր դերակատարը հենց ԱՄՆ-ն է, որը շատ առումներով կանգնած էր այսպես կոչված «Անակոնդայի ծրագրի» ստեղծման ակունքներում։ Այժմ Վաշինգտոնը գիտակցաբար ոչնչացնում է «Ռուսաստանին զսպելու» իր իսկ դոկտրինը՝ հարձակվելով Իրանի վրա, Եվրոպան կանգնեցնելով էներգա-տնտեսական ճգնաժամի առջև, կասկածի տակ դնելով ՆԱՏՕ-ի նշանակությունը և հայտարարելով, որ հրաժարվում է Ուկրաինային ցուցաբերվող ֆինանսական և ռազմական աջակցությունից։

  1. «Անակոնդայի ծրագրի» փլուզումը և Լոնդոնի ֆինանսատնտեսական ռիսկերը

Վրացական քաղաքականության վերանայումն ընդամենը մեկ տարր է ԱՄՆ-ի գլոբալ դոկտրինի վերակառուցման մեջ, սակայն այնքան էական է Մեծ Բրիտանիայի համար, որ Լոնդոնը չի զլացել դրան անդրադառնալ հատկապես ընդգծված բացասական արձագանքով։

Լոնդոնում ակնհայտ է դարձել, որ բոլոր հիմքերը կան երկյուղելու, որ Թբիլիսիում գործող իշխանությունների՝ ԱՄՆ-ի կողմից օրինականացման առնչությամբ Միացյալ Թագավորությունն ստիպված կլինի հաշտվել ոչ միայն «Անակոնդայի ծրագրի» ձախողման հետ, այլև կրիտիկական սպառնալիք զգալ Կասպյան տարածաշրջանում և, առաջին հերթին, Ադրբեջանում ու Ղազախստանում իր ֆինանսատնտեսական շահերի համար: Ոչ Դաունինգ սթրիթը, ոչ էլ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը չեն կարող իրենց թույլ տալ բացահայտ բարձրաձայնել ԱՄՆ-ի գործողություններից հիասթափվելու իրական պատճառները և մտավախությունները «վրացական խաղի» տապալումից հետո տարածաշրջանում իրենց ակտիվների ճակատագրի համար։ Ուստի, փաստորեն, Վրաստանում ստեղծված իրավիճակից դժգոհության միակ դրդապատճառը բրիտանացի խորհրդարանականներն իրենց աղմկահարույց զեկույցում կրկին անվանել են այդ երկրի հեռացումը ժողովրդավարության արժեքներից և ներգրավումը «բռնապետական ուղեգծի» մեջ։

 Հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական հարևանությունը Ադրբեջանի նման ակնհայտ բռնապետական պետության հետ, Թբիլիսիի հասցեին հնչեցված մեղադրանքները մշտապես կասկածներ են առաջացրել նույնիսկ բրիտանական փորձագիտական հանրության և բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում: Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանը պաշտոնական Լոնդոնի կողմից երբեք չի ընկալվել որպես ազատականության, ժողովրդավարական արժեքների և քաղաքացիական ու անձնական ազատությունների պահպանման չափանիշներին չհամապատասխանող երկիր:

Հարավկովկասյան հիմնախնդրի նկատմամբ Միացյալ Թագավորության մոտեցումներում տարբեր չափանիշների կիրառման պատճառն Ադրբեջանի էներգետիկ ոլորտում լայնածավալ կապիտալ ներդրումներն են, ինչը Լոնդոնի աչքում շահեկանորեն առանձնացնում էր ադրբեջանական իշխանությունների «լեգիտիմությունը» վրացական և հայկական իշխանությունների համեմատ: Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու քաղաքականության հիմքում դրված հռետորաբանությունը՝ իշխանության մեջ Մ. Սահակաշվիլու թիմին փոխարինած Բ. Իվանիշվիլու «վարչակարգի» հակաժողովրդավարության և բռնապետականության մասին, անկախ փորձագետների կողմից միշտ թերահավատությամբ է ընկալվել և գնահատվել որպես վրացական գործերին միջամտելու ձևական պատրվակ։

  1. Ժողովրդավարական գործիքակազմի արժեզրկումը և եկեղեցական տարանցման գործոնը

Սակայն եթե մինչև 2025 թ. ձմեռը «պաշտոնական պատրվակն» ապահովում էր Թբիլիսիի վրա քաղաքական ճնշման օրինականության գոնե տեսանելիությունը, ապա, վերլուծաբանների գնահատմամբ, ԱՄՆ-ում Դ. Թրամփի իշխանության գալուց հետո ժողովրդավարության և ազատական արժեքների մասին հռետորաբանությունը կորցրել է իր արդիականությունն ու նշանակությունը միջազգային օրակարգում։ «Ժողովրդավարական ճամբարի» առաջնորդի՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական ոճը Դ. Թրամփի օրոք արմատապես արժեզրկեց գլոբալ աշխարհաքաղաքականության վրա Արևմուտքի ազդեցության և սեփական օրակարգի օրինականացման՝ նախկինում արդյունավետ գործիքը։ Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խորացրել են միջազգային իրավունքի և Ժողովրդավարական հռետորաբանության արժեզրկման գործընթացը: Այս համապատկերում բրիտանացի քաղաքական գործիչների հայտարարություններն առ այն, թե Վրաստանն իբր հեռացել է «ժողովրդավարական արժեքներից», խստիվ հակասում են առարկայական իրականությանը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ, այս սիմպտոմատիկան միանգամայն ցուցադրական է և վկայում է Միացյալ Թագավորությունում քաղաքական մտածողության ճգնաժամի մասին: Նրանց կարծիքով՝ բրիտանական քաղաքականությունը հարմարվողականության կորստի նշաններ է ցույց տալիս արագ փոփոխվող համաշխարհային իրողությունների պայմաններում և նախկինի պես գործում է նորմատիվներով, որոնք արդեն պատմական-քաղաքական հնադավանություն են դարձել։

Ի լրումն վերոշարադրյալի, հարկ է հատուկ նշել, որ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և ՌԴ-ի արտաքին քաղաքական օրակարգերում վրացական հարցի զուգահեռ ակտիվացման շրջանում կյանքի 94-րդ տարում Թբիլիսիում վախճանվել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը: Ներկայումս վաղաժամ է դատել, թե որքանով է այդ իրադարձությունն ազդել Թբիլիսիի նկատմամբ նշված երկրների գործողությունների ակտիվացման դինամիկայի վրա։ Սակայն, հաշվի առնելով պատրիարքի անվիճելի հեղինակությունը և Վրաց Ուղղափառ եկեղեցու ավանդաբար ուժեղ ազդեցությունը երկրի հասարակական-քաղաքական տրամադրությունների վրա, կարելի է եզրակացնել, որ նրա մահը քաղաքական գործոն էր, որն այս կամ այն չափով ազդում էր ներքաղաքական իրավիճակի վրա: Մյուս, և, ակնհայտորեն, ավելի նշանակալից քաղաքական գործոն են լինելու նոր կաթողիկոս-պատրիարքի ընտրությունները։ Հավանական է, որ ինչպես Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը, այնպես էլ նրանց արտաքին քաղաքական գործընկերներն ու դաշնակիցները կփորձեն իրենց հնարավորությունների սահմաններում օգտագործել այդ գործընթացը սեփական օրակարգը կառուցելու կամ ընդդիմախոսների դիրքերը խարխլելու համար։

[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 09.04.2026 թ.: