Մեկնաբանություններ

«Ադրբեջանական ճոպանը» իրանա-իսրայելական հակամարտությունում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 24.10.2024 թ.(1)

14.10.2024 թ. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի պատվիրակությանը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։ Բանակցությունների բովանդակության վերաբերյալ կողմերի պաշտոնական հաղորդագրությունները տարբերվում են։

Տեղական ԶԼՄ-ներին տրամադրված Բաքվի պաշտոնական տեղեկատվության մեջ միայն հիշատակվում է գյուղատնտեսության, էներգետիկ և ճանապարհային ոլորտներում համագործակցության շուրջ զրույցը։ Հաղորդվում է նաև, որ Շ. Մուստաֆաևն ԻԻՀ նախագահին հանձնել է Բաքվում կայանալիք COP29 խորհրդաժողովին մասնակցության  պաշտոնական հրավեր։

Մինչդեռ իրանական հաղորդագրությունը շեշտադրում է Մ. Փեզեշքիանի խոսքերն Իրանի, Ադրբեջանի և մյուս հարևանների տարածաշրջանային խնդիրներին արտաքին խաղացողների միջամտության անթույլատրելիության մասին։ Մասնավորապես, Իրանի նախագահը «զգուշացրել է, որ տարածաշրջանում արտատարածաշրջանային պետությունների ռազմահենադաշտի ստեղծումը չի համապատասխանի տարածաշրջանի երկրների շահերին»։ Նաև, համաձայն իրանական ամփոփագրի, Փեզեշքիանը հաստատել է Իրանի հարգանքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ և կարծիք հայտնել, որ կարելի է անվտանգությունն ապահովել և բոլոր հիմնախնդիրները լուծել համագործակցության ճանապարհով։

Դժվար չէ կռահել, որ Մ. Փեզեշքիանը նկատի ուներ Ադրբեջանում Իսրայելի աճող ռազմաքաղաքական ներկայությունը և Բաքվի բարձրաստիճան պաշտոնյային հասկացրել է, որ Թեհրանը հյուսիսային հարևանին առաջվա պես դիտարկում է որպես ռազմահենադաշտ, որը թշնամական գործողությունների է պատրաստվում Իսլամական Հանրապետության հանդեպ։ Եվ Իրանի նախագահը, փաստորեն, բաց տեքստով հասկացրել է, որ քանի դեռ Բաքուն չի դադարեցրել սերտ ռազմաքաղաքական փոխգործակցությունը Թել Ավիվի հետ, Ադրբեջանը միշտ էլ ենթակա կլինի իրանական հարվածի սպառնալիքին։

Հարկ է ենթադրել, որ Բաքուն կնախընտրեր Լիբանանում վերջին իրադարձությունների և իրանա-իսրայելական հակամարտության խնդիրների ընդհանուր իրավիճակի  համապատկերում մի ավելորդ անգամ ևս գրգռվածության ու կասկածների առիթ չտալ Իրանին։ Հատկապես հիմա, երբ  իսրայելական պատասխան հարձակմանն իր սպասման մեջ Իրանը ծայր աստիճան վտանգավոր է, և դժվար է կանխատեսել նրա հետագա քայլերը: Վտանգավոր զարգացումների նախաշեմին Ի. Ալիևի վարչախումբը պետք է որ «պահ մտնի», հույս ունենալով, որ իրանա-իսրայելական «փոթորիկը» կանցնի Ադրբեջանի կողքով։

Սակայն այժմ դա արդեն հազիվ թե հնարավոր է։

14.10.2024 թ. Շ. Մուստաֆաևի հետ Մ. Փեզեշքիանի հանդիպումից անմիջապես հետո Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Էլի Կոենը Թել Ավիվում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Մուխթար Մամեդովի հետ։ Ուշագրավ է, որ սոցցանցերում հանդիպման մասին իր գրառման մեջ Է. Կոենն անդրադարձել է ոչ թե երկրների էներգետիկ համագործակցության հարցերին, որոնց, իբր թե, նվիրված էր հանդիպումը, այլ զուտ քաղաքական օրակարգին։ Նա, մասնավորապես, գրել է. «Լինելով արտաքին գործերի նախարար, ես բացել եմ Ադրբեջանի դեսպանությունն Իսրայելում՝ շիական երկրի առաջին դեսպանությունը։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են, և ես մտադիր եմ շարունակել աշխատանքը մեր երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների ամրապնդման վրա»։

Ի սկզբանե՝ առաջնային նշանակության իրադարձություն չէ տնտեսական բլոկի իսրայելցի նախարարի և Ադրբեջանի դեսպանի հանդիպումը, բայց այն փաստը, որ դա, փաստորեն, կազմակերպվել է Թեհրանում իրանա-ադրբեջանական բանակցությունների հետ միաժամանակ ու լայնորեն լուսաբանվել իսրայելական ԶԼՄ-ներում (ի տարբերություն ադրբեջանականի), վկայում է այն կոնկրետ հղումների մասին, որոնք Թել Ավիվն ուղղում է Թեհրանին ու, գլխավորապես, Բաքվին։

Ակնհայտ է՝ Իսրայելը դրանով իսկ նախազգուշացնում է, որ մտադիր չէ հրաժարվել Ադրբեջանին իրեն կապակցելու հետևողական քաղաքականությունից, նույնիսկ եթե դա կարող է տանել Բաքվի համար իրանական սպառնալիքի ուժեղացման։ Վերջնական արդյունքում, ինչպես կարծում են շատ վերլուծաբաններ, հրեական պետությունը վերջին տարիներին հենց դրան էր ձգտում, երբ ԱդրՀ-ին աջակցում էր ԼՂՀ-ի զավթման խնդրում, Բաքվին զենք և տեխնոլոգիաներ մատակարարում, ադրբեջանական նավթ գնում և, ի վերջո, Ալիևների ընտանիքի ներդրումները շահեկանորեն տեղադրում իսրայելական անշարժ գույքի ոլորտում։ Այս նախապատվություններն էլ հենց դարձան Իսրայելի նկատմամբ Ադրբեջանի բարեհաճ վերաբերմունքի և Բաքվի հետ Իրանի հարաբերությունների անխուսափելի  վատթարացման գինը։

Դրանով իսկ Ադրբեջանի համար օրեցօր ավելի ու ավելի դժվար է դառնում հավասարակշռություն պահպանել վերը նշված երկու պատերազմող պետությունների հետ իր հարաբերություններում և խուսափել նրանց արանքում «ճզմվելու» վտանգից, եթե դրանք բախվեն  լայնածավալ պատերազմում։

(1) Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 17.10.2024 թ.: