Մեկնաբանություններ

Հնդկաստանը Իրանին կապում է իր հետ՝ առանց հաշվի առնելու Միացյալ Նահանգներին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 18.05.2024 թ.

13.05.2024 թ. Իրանը և Հնդկաստանը 10 տարվա պայմանագիր են ստորագրել Նյու Դելիի կողմից իրանական Չաբահար նավահանգիստը կառավարելու վերաբերյալ: Ստորագրող կողմերն էին Indian Port Global Ltd. & Ports ընկերությունը և ԻԻՀ-ի պետական ծովային կազմակերպությունը: The Economic Timesի հնդկական հրատարակությունը համարում է, որ սա «էական աշխարհաքաղաքական քայլ է Իրանի նկատմամբ, որը նշանակալի ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա»: Հրապարակման համաձայն՝ այս համագործակցությունը զարգացման խթան կհանդիսանա Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ Հնդկաստանի կապերի համար՝ շրջանցելով Պակիստանը։ Ըստ The Economic Times-ի՝ «սա առաջին դեպքն է, երբ Հնդկաստանը կստանձնի արտասահմանյան նավահանգստի կառավարումը»: Նյու Դելին ակնկալում է նաև, որ նախագիծը կբարելավի երկրի կապը Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ համատեղ։

Իրանական կողմն, իր հերթին, 10 տարվա պայմանագիրը նույնպես որակել է որպես երկրի համար մեծ հաջողություն և բարձր գնահատել Նյու Դելիի հետ համալիր փոխհարաբերությունները։ Այս առիթով Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել էր, որ Իրանը համարում է, որ «Հնդկաստանը վստահելի գործընկեր է»։

Այսպիսով, Չաբահարի զարգացման համատեղ նախագիծը, որի մեկնարկը տրվել էր դեռևս 2015-2016 թթ., թևակոխում է նավահանգստի օբյեկտների համապարփակ գործարկման և դրա բոլոր ենթակառուցվածքների շահագործման փուլ, որոնցում հնդկական կողմը կատարել է բազմամիլիարդանոց ներդրումներ։ Գործընթացն սկսվեց՝ չնայած ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին՝ ԻԻՀ-ի նկատմամբ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների տրամաբանությանը հակասող Իրանի հետ տնտեսական համագործակցության անթույլատրելիության մասին։ Հնդկաստանը նախընտրեց չշեղվել իր ընտրած ուղուց՝ Իրանին ներառելով ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ առևտրային և էներգետիկ հաղորդակցության մեգանախագծում, որը դարձել է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ ծրագրի հիմնական մրցակիցը: Պետք է ենթադրել, որ հենց այս մրցակցության գործոնը վստահություն է ներշնչում Նյու Դելիին այն բանում, որ Չինաստանի քաղաքական և տնտեսական թուլացմամբ գոյութենական իմաստով շահագրգռված Միացյալ Նահանգները Իրանի հետ սերտ փոխգործակցության պատճառով, գործնական առումով, չի դիմի Հնդկաստանի վրա ճնշում գործադրելուն։

Մայրցամաքային առևտրի առաջատարի համար մրցակցության մեջ Վաշինգտոնի համար, իրոք, շահեկան է չինացիների նկատմամբ հնդկական երթուղու առավելությունը, սակայն ԱՄՆ-ը մի փոքր այլ կերպ էին պատկերացնում Նյու Դելիի առաջնային դերը: Ժամանակին Հնդկաստանին առաջարկվել էր իր հիմնական լոգիստիկ հաղորդակցությունը դեպի Եվրոպա ոչ թե Իրանի, այլ արաբական երկրների և Մերձավոր Արևելքի միջով անցկացնելու այլընտրանքային տարբերակ։ Դեռևս 2023 թ. հոկտեմբերին, Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, Միացյալ Նահանգները համաձայնություն ձեռք բերեցին Հնդկաստանի հետ խորհրդակցություններ սկսել Հնդկաստան–Մերձավոր Արևելք–Եվրոպա՝ ներառյալ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և իր աշխարհագրության մեջ գտնվող, տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներից այլ երկրներ, նոր տրանսպորտային և էներգետիկ երթուղու մշակման վերաբերյալ։ Այս այլընտրանքային ծրագրի անվտանգությունն ու շահութաբերությունը երաշխավորելու համար Վաշինգտոնը խոստացել է Նյու Դելիին լուծել տարածաշրջանում առկա հակասություններն ու հակամարտությունները։ Խոսվել է, նախ, Էր Ռիադի՝ Իսրայելի անկախության ճանաչման հնարավորության մասին, որը մեկնարկային կետ կդառնա պաղեստինա–իսրայելական հակամարտության և տարածաշրջանում ուղեկցվող հակասությունների լուծման համար։

Հնդկաստանը չի մերժել ամերիկյան առաջարկները, սակայն ստորագրված հուշագրից բացի դեռևս ոչինչ չի արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում նոր արյունալի պատերազմն էր, որը բռնկվեց հենց այն օրերին, երբ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին համոզեց Իրանը շրջանցող երթուղու հեռանկարների շուրջ։

Ըստ ամենայնի, Նյու Դելին պատրաստ է շարունակելու ամերիկյան առաջարկների իրականացման հնարավորությունների քննարկումը։ Սակայն դա չի նշանակում, որ նա կսպասի այնքան, մինչև ԱՄՆ-ը կարողանա կատարել իր ստանձնած պարտականությունները՝ առաջարկվող այլընտրանքային ճանապարհի աշխարհագրական տարածքում կայունություն և խաղաղություն հաստատելու համար։ Հետևաբար, իրանական ուղղությունը, ըստ երևույթին, մնում է առաջնահերթություն և դեռ ամենաանվտանգը Հնդկաստանի հավակնոտ ծրագրերի համար, և արագ զարգացող այս երկիրը քայլ առ քայլ Իրանին կապում է իր՝ դեպի եվրասիական մայրցամաք տնտեսական ընդարձակման լոգիստիկ ծրագրին: