Հրապարակում
Բաքվի արտաքին քաղաքական ուղեգիծը Առաջավոր Ասիայում սրացման համապատկերում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 03.11.2026 թ.[1]
1. Ադրբեջանի դերը տարածաշրջանային աշխարհաքաղաքական ճգնաժամում
Առաջավոր Ասիայում ծավալվող աշխարհաքաղաքական ճգնաժամը, որը, վերլուծաբանների կարծիքով, կարող է վերաճել մերձավորարևելյան ծավալուն պատերազմի, բացահայտել է Ադրբեջանի հարաճուն տարածաշրջանային նշանակությունը։ Բաքվի դիրքորոշումը սրացման վճռական փուլի նախօրեին առանցքային նշանակություն է ձեռք բերում ուժերի դասավորվածության համար, քանի որ Իլհամ Ալիևի վարչակարգը հետզհետե ավելի է ներքաշվում համաշխարհային և տարածաշրջանային խոշորագույն խաղացողների շահերի բախման մեջ։
Նախագահ Ալիևը լիովին գիտակցում է Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը տարածաշրջանային հակասությունների համակարգում՝ այդ իրավիճակը գնահատելով որպես պետության և գործող վարչակարգի ամրապնդման նպատակով առավելագույն քաղաքական առավելություններ կորզելու հնարավորություն: Միևնույն ժամանակ, փորձագիտական հանրությունն ընդգծում է, որ առանցքային տերությունների միջև մրցակցության սրման գործում անմիջական ներգրավվածությունը գոյութենական ռիսկեր է պարունակում հանրապետության համար: Տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների հավանական վերանայման համատեքստում ադրբեջանական պետության խոցելիության աստիճանն զգալիորեն մեծանում է արտաքին սպառնալիքներին հակազդելու գործուն հաստատութենական մեխանիզմների բացակայության, ինչպես նաև առանձին տարածաշրջանային դերակատարների կողմից դրա պատմական սուբյեկտայնությունը վիճարկելու պատճառով: Մի շարք վերլուծաբանների կարծիքով՝ 2020 թվականից ի վեր ձեռք բերված հաջողությունների շարքը նպաստել է պետության ղեկավարի կողմից քաղաքական մոլուցքի և սեփական հնարավորությունների գերագնահատման դրսևորմանը, մինչդեռ իշխանական լիազորությունների առավելագույն կենտրոնացումը պետական համակարգին զրկել է ներքաղաքական զսպման մեխանիզմներից։
Ուժային ճանապարհով ղարաբաղյան հակամարտության լուծումն ամրապնդեց Բաքվի վստահությունը՝ ադրբեջանական իշխանություններին դրդելով վերանայել Թեհրանի և Մոսկվայի հետ փոխգործակցության ձևաչափը: Տեղի վերլուծաբանների գնահատանքի համաձայն՝ Իլհամ Ալիևը հետևողական քայլեր է ձեռնարկել ՌԴ-ի հետ երկխոսությունն «ուղղահայաց ենթակայության» մոդելից «իրավահավասար գործընկերության» տեղափոխելու համար: Իսկ իրանական ուղղությամբ Բաքուն, ընդհակառակը, գնացել է սրացման՝ ցույց տալով ուղիղ դիմակայության պատրաստակամություն այն դեպքում, եթե Իրանը շարունակի հավատարիմ մնալ Հարավային Կովկասում պատմական «վերանայողականության (ռևիզիոնիզմի – խմբ.) ուղեգծին»։
Նման վճռական քաղաքականություն վարելու հիմքը Թուրքիան էր, քանի որ Ալիևի ռազմավարությունը լիովին համապատասխանում էր Սևծովյան-Կասպից տարածաշրջանում նրա շահերին։ Ադրբեջանին զգալի աջակցություն է ցուցաբերել նաև Թել Ավիվը, հատկապես Իրանի հետ դիմակայությունում։ Հմտորեն համադրելով թուրքական և իսրայելական աջակցությունը՝ Բաքուն ամրապնդում է սեփական դիրքերը և հետևողականորեն թուլացնում Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունը հանրապետությունում։
2. Բաքվի և Անկարայի հարաբերությունների փոխակերպումը. վարկածներ և դիվանագիտական ենթատեքստ
Դրա հետ մեկտեղ, վերջին շրջանում նկատվում է թուրքական ազդեցությունից Բաքվի որոշակի վերացարկման միտում։ Այս եզրակացությունն արդարացի է այն պայմանով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները նախապես ծրագրված լարվածության նմանակման արդյունք չեն։ Նման սցենարի իրականացման հավանականությունը բացառել չի կարելի. Մերձավոր Արևելքում կանխատեսվող լայնածավալ սրացման և աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի 15.06.2021 թ. հռչակագիրը կարող է ծանր պարտավորություն դառնալ երկու կողմերի համար: Դրա շրջանակներում ստանձնած պարտավորությունները կարող են նրանց զրկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հայտարարված լայնածավալ զինված հակամարտությանը ուղղակի ներգրավումից խուսափելու հնարավորությունից։
Այս վարկածի շրջանակներում հարաբերությունների ցուցադրական սառեցումը Անկարային թույլ է տալիս հիմնավորել Իրանի հետ ռազմական բախման դեպքում Բաքվին լիարժեք ռազմական օգնություն ցուցաբերելու անհնարինությունը: Իսկ Ադրբեջանի համար նման իրավիճակը համոզիչ հիմքեր է ստեղծում հակաիրանական գործողություններին իր մասնակցությունը նվազագույնի հասցնելու համար։
Երկրորդ վարկածի համաձայն՝ ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վատթարացումը թուրքական կողմի համար դարձել է չնախատեսված գործոն։ Ընդ որում, այդ քայլը ոչ այնքան Ադրբեջանի ղեկավարության ինքնուրույն որոշումն էր, որքան հարկադրված արձագանքն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող արտաքին քաղաքական զգալի ճնշմանը։ Հատկանշական է, որ Բաքվի և Անկարայի միջև լարվածության աճը տեղի է ունեցել Ադրբեջանի դիվանագիտական դեմարշից հետո, որն առաջացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և համապատասխան օրինագիծը Քնեսեթի քննարկմանը հանձնելու մասին Բ. Նեթանյահուի կառավարության 28.06.2026 թ. նախաձեռնությամբ։ Ըստ իսրայելական կողմի պաշտոնական հայտարարությունների, հենց Բաքվի սկզբունքային դիրքորոշումն է խոչընդոտել այդ փաստաթղթի առաջխաղացումը խորհրդարանում և Իսրայելի վարչապետին դրդել Թուրքիայի հետ հակասությունների սրման համապատկերում «հայկական խնդիրը» հանել օրակարգից:
Անկարա–Բաքու–Թել Ավիվ փոխդասավորության շրջանակներում նշված դիվանագիտական խուսավարումներից հետո Ադրբեջանը հստակ ցույց տվեց տարածաշրջանային առանցքային գործընկերներից յուրաքանչյուրի հետ կապերի առաջնահերթությունը: Այս հանգամանքն ուղղակի հաստատում է գտել Ադրբեջանի ԱԳՆ 29.05.2026 թ. պաշտոնական հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը Բաքվի համար անվերապահ առաջնահերթություն է, իսկ Իսրայելը պետք է հաշվի առնի այդ դիրքորոշումը։ Դրանով իսկ ևս մեկ անգամ վկայվեց Թուրքիայի դերը՝ որպես առանցքային դաշնակից, որն առավել կայուն դիրքեր ունի Ադրբեջանի քաղաքական համակարգում և վերնախավի շրջանակներում։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց կրկին քննարկման առարկա դարձավ «հայկական խնդիրը» հետ կապված իսրայելական «սադրիչ» նախաձեռնության փորձարկումը հաջողությամբ անցած թուրք-ադրբեջանական միության անխախտելիության մասին թեզը:
3. Թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածության նոր փուլի պատճառներն ու դրսևորումները
Անկարայի և Բաքվի միջև լարվածության վերջին փուլը պայմանավորված էր ոչ այնքան կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ ադրբեջանցի հավատացյալների զանգվածային բողոքներով, ինչպես դա ներկայումս մեկնաբանվում է միջազգային լրատվամիջոցների մեծամասնության կողմից, որքան շատ ավելի վաղ սկսված գործընթացներով: Փոխադարձ անբարյացակամ վարքի նշանները կողմերն արձանագրել են դեռևս ընթացիկ տարվա գարնանից, թեև կուտակվող դժգոհության վկայությունները տևական ժամանակ հանրային դաշտ չեն բերվել: Մասնավորապես, Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներում աճում էր դժգոհությունը հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման շուրջ հայ-թուրքական բանակցությունների ընթացքի նկատմամբ վերահսկողություն պահպանելու Ադրբեջանի ձգտման կապակցությամբ: Այս համապատկերում թուրքական հասարակական-քաղաքական և լրատվական խոսույթում կրկին աշխուժացել է «Ղարաբաղյան հաղթանակի» գործում Թուրքիայի առանցքային ներդրման քննարկումը, գործոն, որի նշանակությունը պաշտոնական Բաքուն այս պահին համակարգված կերպով նվազագույնի է հասցնում կամ թողնում առանց պատշաճ ուշադրության:
Իր հերթին, ադրբեջանական կողմն զգալի դժգոհություն է հայտնել Անկարայի գործողություններից, որոնք, ըստ Բաքվի, վկայում էին Ադրբեջանի՝ որպես իրավահավասար ռազմավարական գործընկերոջ դերի, ինչպես նաև նրա պետականության խորհրդանիշների անտեսման մասին: Մասնավորապես, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ 2026 թ. գարնան վերջին Բաքվի պաշտոնական շրջանակները խիստ մտահոգություն էին հայտնել առ այն, որ մայիսի 28-ին ԱդրՀ անկախության տոնի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումներին թուրքական կողմը ներկայացնում էր տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, այլ ոչ թե երկրի փոխնախագահը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը, ինչպես դա տեղի էր ունենում նախկինում: Լարվածության հավելյալ աղբյուր դարձավ Թուրքիայի իշխանությունների կողմից Ադրբեջանական կողմի դիմումը չբավարարելու որոշումը, որը վերաբերում էր Անկարայի խորհրդանշական օբյեկտների՝ Ադրբեջանի պետական դրոշի գույներով լուսավորության կազմակերպմանը։ Հաշվի առնելով, որ նմանատիպ հարցումները նախկինում պարբերաբար բավարարվել են, տվյալ որոշումը վկայում է երկու դաշնակից պետությունների հարաբերություններում էական տարաձայնությունների առկայության մասին։
Հետևաբար, ադրբեջանական ղեկավարության «հակակրոնական և խտրական» գործողություններին Անկարայի ներգրավված քաղաքական և լրատվական կառույցների կտրուկ արձագանքը ոչ թե կողմերի միջև ծագած հակամարտության բուն պատճառն է, այլ դրա հետագա ակտիվացման հերթական փուլը:
Անկարայի և Բաքվի միջև ծագած տարաձայնության հանգամանքները լայն լուսաբանում են ստացել զանգվածային լրատվամիջոցներում: Քաղաքական-դիվանագիտական այս լարվածության առանցքային դրվագներից էին Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի կոշտ հայտարարությունները՝ հասցեագրված Ադրբեջանի ղեկավարությանը, Միլլի Մեջլիսի՝ Թուրքիայի հետ միջխորհրդարանական կապերի հարցերով աշխատանքային խմբի 13.10.2026 թ. հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից 31 թուրք գործիչների ընդգրկմամբ ցուցակի հրապարակումը, որոնց մուտքը հանրապետության տարածք ճանաչվել է անցանկալի։
Թվում էր, թե Սարալի հրաժարականը, որը կազմակերպվել էր անմիջականորեն Էրդողանի կողմից, կնվազեցնի սրացման մակարդակը։ Վերլուծաբանները կարծում էին, որ Թուրքիայի առաջնորդը զիջեց իր անզիջում սկզբունքները և «հետքայլ արեց»՝ Ի. Ալիևից ակնկալելով համաչափ գործողություններ՝ լարվածությունը թուլացնելու համար։ Սակայն այդ ակնկալիքները չարդարացան. Ադրբեջանի նախագահը նախընտրեց խորացնել հակաթուրքական դեմարշը։ Դրա գլխավոր դրսևորումը դարձավ Ի. Ալիևի ցուցադրական մերժումը մեկնելու Անկարա՝ մասնակցելու համար Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, չնայած Ռ. Թ. Էրդողանի անձնական հեռախոսային խնդրանքին։ Արդյունքում, պետության ղեկավարի փոխարեն, միջոցառմանը ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Դրա հետ մեկտեղ՝ Թուրքիայի ղեկավարի համար դիվանագիտական լարվածության առավել ցայտուն դրսևորում դարձավ գագաթաժողովին մասնակցելուց Ի. Ալիևի հրաժարվելը՝ Բաքվում կայանալիք FIFA U-15 աշխարհի պատանեկան առաջնության փակման ու հաղթողների պարգևատրման արարողությանը ներկա գտնվելու պատրվակով: Միջազգային արարողակարգի տեսանկյունից տվյալ քայլը դաշնակից պետության ղեկավարի և գործընկեր երկրի նկատմամբ ցուցաբերված անտեսման հստակ դրսևորում է, որն, ի հավելումն, նվազեցնում է Անկարայի համար ռազմաքաղաքական կարևորություն ունեցող ԹՊԿ գագաթնաժողովի ներկայացուցչական մակարդակն ու նշանակությունը։ Այս դեմարշը վկայում է ադրբեջանական կողմի հնարավոր պատրաստակամության մասին՝ ոչ միայն վերանայելու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների բնույթը, այլև վերստուգելու իր արտաքին քաղաքական ուղեգծի, զարգացման ռազմավարության և աշխարհաքաղաքական ուղենիշի առանցքային հիմքերը։ Նշված որոշումը հանդես է գալիս որպես հստակ ազդանշան Անկարային և անմիջապես Ռ. Թ. Էրդողանին «Մեծ Թուրանի» թուրքական դոկտրինի իրագործմանը հակազդելու մտադրության մասին։
4. Արտաքին ճնշումը և միջազգային դերակատարների դերը (ԱՄՆ, Իսրայել)
Փորձագետների գնահատանքով՝ Ի. Ալիևի նման վստահ վարքագիծը հազիվ թե հնարավոր լիներ առանց արտաքին դերակատարների մասնակցության։ Հավանական է թվում, որ Ադրբեջանի առաջնորդը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների հետագա բարդացմամբ, սակայն ստիպված է գործել ուժի գլոբալ կենտրոնների ճնշման ներքո: Մեծ է հավանականությունը, որ սեփական շահերից ելնելով Ադրբեջանի իշխող վարչակարգին գործողությունների են դրդում ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնք իրենց ռազմավարության շրջանակներում օգտագործում են ոչ միայն խթանման մեխանիզմներ, այլև ճնշման մեթոդներ, այդ թվում՝ վարկաբեկող նյութեր:
Այս համատեքստում հարկ է նշել, որ Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացումը ժամանակին համընկել է մի շարք աղմկահարույց միջազգային սկանդալների հետ, որոնք ազդել են հանրապետության ղեկավարության վրա: Ավելի վաղ, 19.10.2026 թ. իր մեկնաբանության մեջ («2026 թ. հոկտեմբերյան իրադարձություններն Ադրբեջանում. կրոնական գործոն և արտաքին քաղաքական ճնշում»), ԱՌՎԱԿ կենտրոնը դիտարկել էր պաշտոնական Բաքվի վրա համակարգված ազդեցության մեծ հավանականությունն ինչպես ներքին շրջագծում (նկատի ունենալով կրոնական խորհրդանիշների արգելման հետևանքով ուսումնական հաստատություններում հավատացյալների հոկտեմբերյան բողոքի ձեռնարկները), այնպես էլ արտաքին ասպարեզում։ Արտաքին գործոնների թվում նշվել են ԳԴՀ-ում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հիշատակմամբ տեղի ունեցած հետախուզական միջադեպը, Եվրախորհրդարանի 07.10.2026 թ. կոշտ բանաձևը, ինչպես նաև արտասահմանյան ԶԼՄ-ներում հրապարակումների նոր ալիքը՝ նվիրված Ալիևների ընտանիքի ֆինանսական մեխանիզմների և արտասահմանյան ակտիվների հետաքննությանը։ Նշված փաստերի հիման վրա ենթադրություն է արվել, որ իրադարձությունների այս հաջորդականությունը կարող է արտացոլել սիներգետիկ արշավի սկիզբը, որն ուղղված է Ադրբեջանի իշխանությունների մղմանը՝ գործելու ելնելով ԱՄՆ-ի և Իսրայելի դաշինքի շահերից, առաջին հերթին՝ իրանական ուղեգծի վրա: Հաշվի առնելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետագա էական բարդությունը, ընդունելի է թվում, որ Ի. Ալիևի վարչակազմի վրա համակարգային արտաքին ճնշումը նաև նպատակ էր հետապնդում հարթեցնել Անկարայի ռազմավարական գիծը Հարավային Կովկասում և խոչընդոտել նրա ձգտմանը՝ Բաքվին հետ պահելու Իրանի դեմ լայնածավալ հակամարտության մեջ ներգրավումից։
Ի. Ալիևի վրա ճնշումը շարունակում է աճել։ Այս թեզի հաստատումն է դարձել Նիդեռլանդական ռազմական հետախուզության (MIVD) հրապարակած տեղեկատվությունը բազմամիլիարդանոց բանկային հաշիվների մասին, որոնցից միջոցները Դոնալդ Թրամփի փեսա և ԱՄՆ վարչակազմի հատուկ բանագնաց հանդիսացող Ջարեդ Քուշների կողմից այնուհետև օգտագործվել են Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի և Թել Ավիվի արտաքին քաղաքական ուղեգիծն առաջ մղելու նպատակով: Ներկայացված տվյալների համաձայն՝ ֆինանսական միջոցները պարբերաբար փոխանցվել են Պարսից ծոցի մի շարք պետությունների կողմից՝ Ադրբեջանի բանկային համակարգի գործարկմամբ: Չնայած նրան, որ այս հրապարակման գործունեության հիմնական նպատակը հազիվ թե Ադրբեջանի ղեկավարության վարկաբեկումն էր, պաշտոնական Բաքուն կրկին հայտնվեց միջազգային աղմկահարույց սկանդալի կենտրոնում՝ ներգրավվելով այնպիսի ֆինանսա-քաղաքական գործողություններում, որոնք ստվեր են գցում տարածաշրջանում ամերիկա-իսրայելական ռազմավարության վրա: Այսպիսով, այս միջադեպը տարածաշրջանային փոխակերպման գործընթացներում Ի. Ալիևի վարչակարգի մասնակցության հերթական վկայությունն է, գործընթացներ, որոնք հակասում են Թեհրանի շահերին և առաջացնում են Անկարայի զուսպ արձագանքը:
Փորձագետների գնահատանքով ՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման համապատկերում Ջ. Քուշների ֆինանսական սխեմաներում Ադրբեջանի ներգրավվածության մասին շրջանառվող տեղեկությունները ծայր աստիճան անբարենպաստ ազդեցություն են ունենում թուրք-ադրբեջանական փոխգործակցության վրա։ Այս հանգամանքը Ռ. Թ. Էրդողանի համար հերթական հաստատումն էր այն բանի, որ Ի. Ալիևը լուրջ պարտավորություններով է կապված Անկարայի տարածաշրջանային ընդդիմախոսների հետ և, փաստորեն, գտնվում է նրանց արտաքին կառավարման ներքո։
5. Բաքվի արտաքին քաղաքական խուսավարման ռիսկերն ու սահմանները
Կայուն պատկերացում է ձևավորվում այն մասին, որ Ի. Ալիևի արտաքին քաղաքական քայլերը, որոնք հանգեցնում են Իրանի, ՌԴ-ի և ԹՀ-ի հետ լարվածության աճին, իներցիոն բնույթ են ստացել, որը փաստացի դուրս է գալիս Բաքվի ղեկավարության վերահսկողությունից։ Մի շարք փորձագետների գնահատանքով՝ պետության ինքնիշխանության և արտաքին քաղաքական ներուժի մասին Ադրբեջանի ղեկավարի պատկերացումներն սպեկուլյատիվ բնույթ են կրում և լիովին հաշվի չեն առնում Ադրբեջանի պետականության խոցելիությունը: Ելնելով այն համոզմունքից, որ երկրի կայունությունն ապահովվում է բացառապես նրա աշխարհառազմավարական դիրքով, ածխաջրածնային պաշարներով, ռազմական ներուժով և իշխանության կենտրոնացման բարձր աստիճանով, իշխող վարչախումբը հանրապետությունը ներգրավում է ռիսկային աշխարհաքաղաքական համադրությունների մեջ։ Նման ուղեգիծը ձևավորվում է ինչպես սուբյեկտիվ գործոնների ազդեցությամբ, մասնավորապես՝ անձնական հավակնությունների և քաղաքական ամբիցիաների արդյունքում, որոնք նվազեցնում են որոշումների իրատեսությունը, այնպես էլ արտաքին ուժային կենտրոնների աջակցությանը փոխարեն ստանձնած պարտավորությունների կատարման հրամայականով։
Նախագահ Ի. Ալիևը մշտապես դիմում է դիվանագիտական խուսավարման՝ առանցքային ռազմավարական դաշնակիցներին ու գործընկերներին ցույց տալով, որ Ադրբեջանի պաշարային և աշխարհաքաղաքական ներուժը պետությանը թույլ է տալիս անկախ քաղաքականություն վարել ու սրացման գնալ՝ անհրաժեշտության դեպքում անտեսելով «երկկողմ հարաբերությունների բացառիկ բնույթի» սկզբունքը: Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս արդյունավետ օգտագործում է այդ նպատակների համար երկրի շահավետ աշխարհագրական դիրքը, տնտեսական պաշարները, ռազմական ներուժը և իշխանության համախմբման բարձր աստիճանը: Դրա հետ մեկտեղ՝ ստեղծված տեղաբաշխումը կարող է էական վերափոխման ենթարկվել, եթե միջազգային առաջատար դերակատարներն աննպատակահարմար համարեն իշխող դինաստիայի հետագա նույնացումն Ադրբեջանի պետականության հետ։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 02.11.2026 թ.: