Մեկնաբանություններ

Ինչպե՞ս է Վրաստանը կառավարելու իր չեզոքությունը

Ինչպե՞ս է Վրաստանը կառավարելու իր չեզոքությունը

Փորձագետի մեկնաբանություն, 16.05.2024 թ.

Բոգդան Բ. Աթանեսյան(1)

2024 թ. մայիսի 13-ին Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը վերջնականապես երրորդ վերջնընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ժամը 09։00-ին, իսկ քվեարկությունը տևել է երկու րոպեից ոչ ավելի: Ընդ որում, ընդդիմադիր խմբակցությունների մուտքը նիստերի դահլիճ սահմանափակվել էր։

Այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը, չնայած երկրի ներսում ընդդիմադիր ուժերի վիթխարի ճնշմանը և արևմտյան կենտրոնների անմիջական միջամտությանը, իր նախաձեռնությունը հասցրեց տրամաբանական ավարտին։

Վրաստանում անկարգությունները սկսվել են ապրիլի 15-ին, երբ «Վրացական երազանք»-ի կողմից օրենքը ներկայացվել էր խորհրդարանում քննարկման և առաջին ընթերցմամբ ընդունման։ Այն ժամանակ արդեն երկրի ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց իշխանություններին և խոստացավ ժողովրդին պայքարի հանել, եթե մեծամասնության խմբակցությունը չդադարեցնի «ռուսամետ օրենքի» ընդունման ընթացակարգը։ Չնայած սպառնալիքներին, մայիսի 1-ին օրենքը մեծամասնության կողմից ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, և այս հարցի շուրջ պատգամավորների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ հենց խորհրդարանի նիստերի դահլիճում։ Մեկ օր անց՝ 02.05.2024 թ., խորհրդարանի դիմացի հրապարակն արդեն լեփլեցուն էր ցուցարարներով՝ «Վրացական երազանք» նախաձեռնության հետկանչման պահանջով։ Ցուցարարները փակել էին Թբիլիսիի կենտրոնական փողոցները, բարիկադներ կանգնեցրել և նույնիսկ փորձել ներխուժել խորհրդարանի շենքը, սակայն ոստիկանությանը հաջողվել էր մեծ ուժերով կանխել անկարգությունները և մայրաքաղաքում կասեցնել աղետը։ Վրաստանի նախագահի ապարատի նախկին ղեկավար Պյոտր Մամրաձեի կարծիքով, զանգվածային ցույցերի շարժիչ ուժը պետք է համարել Մ. Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և դրան միացած արևմտամետ հասարակական և քաղաքական շրջանակները, որոնց ընդհանուր ակտիվը կազմում է մոտ 10-15 հազար քաղաքացի։ Ըստ Մամրաձեի՝ դա մեծ թիվ չէ, սակայն այդ ուժերն ունեն լրատվամիջոցների լայն շրջանակ, ինչի շնորհիվ հաջողությամբ միջազգային հնչեղություն են տալիս իրենց բողոքի ելույթներին։

Իրենց հերթին, Վրաստանի իրավապահ մարմինները նշում են, որ ընդդիմությունը դիմում է պայքարի ավելի ու ավելի հնարամիտ անօրինական մեթոդների։ Հանրապետության ՆԳՆ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ բողոքի ակցիաների կազմակերպիչները «նույնիսկ ոստիկանական համազգեստ են հագցրել իրենց կողմնակիցներին», որպեսզի մի կողմից նմանակեղծեն ցուցարարներին ցրելու դաժանությունը, իսկ հետո՝ որոշակի ժամանակ անց, կազմակերպեն բեմադրված տեսարաններ՝ ցուցարարների և ոստիկանական ուժերի իբր թե միանալու մասին։

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աղբյուրներին հղում կատարելով՝ Ambebi.GE հարթակի տվյալներով, գրագետ սադրանքներ կազմակերպելու համար ցույցերի մասնակիցները «ուսուցանվել և հրահանգվել են օտարերկրյա մասնագետների կողմից»։ Պետանվտանգության ծառայությունը նաև ապացույցներ ունի, որ «կործանարար և բռնի սցենարների մշակման մեջ» մեծ դեր ունեն Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր մասնակցել են ուկրաինական «Մայդանին», իսկ այնուհետև՝ ՌԴ դեմ ռազմական գործողություններին: Հետաքրքիր է նաև, որ վերջին օրերին կտրուկ աճել է արտաքին դրամական փոխանցումների հոսքը դեպի տեղական ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ։ Հիմնականում այս գումարը գալիս է կրիպտոարժույթի տեսքով՝ այն հատկացրած կազմակերպությունների և հասցեատերերի «հետքերը կորցնելու համար»: Օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխող կուսակցությունը և վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կաբինետը ընթացակարգը վստահորեն տանում են տրամաբանական ավարտին և չեն ենթարկվում ընդդիմադիր ուժերի ճնշումներին, նախաձեռնությունը բոյկոտելու գործընթացին բացահայտ կերպով միացել են ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիաների հետևում ակնհայտորեն կանգնած արևմտյան կենտրոնները։

Դեռևս 01.05.2024 թ. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ վրացական իշխանությունների գործողությունները սխալ են, և հորդորել է նրանց մտածել Եվրամիությանն անդամակցելու իրենց հնարավորությունները բաց թողնելու մասին։ 03.05.2024 թ.-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Ի. Կոբախիձեի հետ, որից հետո X հարթակի (նախկին՝ Twitter) իր էջում գրել է. «Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում քննարկել եմ Վրաստանի վերջին զարգացումները և կրկնել ԵՄ-ի լիակատար աջակցությունը Վրաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական ապագան առաջին տեղում են դնում։ Վրաստանի ապագան պատկանում է ԵՄ-ին, բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը»: Նույն օրը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը բառացի ասել է, որ «Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հիմքում և, հետևաբար. վտանգի տակ են դնում Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհը»:

Այսպիսով, այս հայտարարություններով ներվրացական քաղաքական առճակատման գործընթացը տեղափոխվեց աշխարհաքաղաքական հարթություն՝ արևմտյան կենտրոնների կողմից համակարգային ճնշման հստակ նշաններով և ստիպելով ինքնիշխան հանրապետությանը ընդունել իրենց քիմքին հարիր որոշումներ։ Արևմուտքի միջամտությունը մեծ թափ հաղորդեց բողոքի շարժմանը թե՛ որակապես, թե՛ քանակապես։ Արդեն 2024 թ. մայիսի 11-ին՝ օրինագծի երրորդ ընթերցման նախօրեին, ընդդիմությունը մայրաքաղաքում կազմակերպեց ժամանակակից Վրաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը։ Վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքի տվյալներով՝ Եվրոպայի հրապարակում հավաքվել էր մոտ 200 հազար մարդ և, հաշվի առնելով ակցիաները ամբողջ քաղաքում, այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր 300 հազարի։

Բայց նույնիսկ դա չհանգեցրեց իշխանության և «Վրացական երազանք» կուսակցության տրամադրությունների փոփոխության: Ոստիկանության ուժերը հաջողությամբ կանխեցին ցույցի կազմակերպիչների՝ ցուցարարների զանգվածներին կառավարական շենքերը գրոհելու ուղղորդելու փորձերը: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում անկարգություններ հրահրողները և հանրահավաքի կազմակերպիչներից մի քանիսը ձերբակալվել են։ Ինչպես հաղորդում է Imedi TV հեռուստաընկերությունը, նրանց թվում եղել են ոչ միայն Վրաստանի քաղաքացիներ։ Եվ այս ֆոնին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և իշխանության այլ պաշտոնյաներ պահանջեցին, որ ընդդիմությունը դադարեցնի «անիմաստ դիմադրությունը նախաձեռնությանը», քանի որ իշխանությունները ոչ մի դեպքում չեն չեղարկելու որոշումը։

Իր հերթին, հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով բացահայտորեն աջակցում էր ցուցարարներին, խոստացել էր վետո դնել օրենքի վրա, եթե այն ընդունվի երրորդ ընթերցմամբ։ Վարչապետ Ի. Կոբախիձեն պատասխանել է նրա նախազգուշացմանը՝ մեկնաբանելով, որ Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահի վետոն կսպառվի ընթացակարգի ավարտից չորս շաբաթ անց, և օրենքը ուժի մեջ կմտնի։

Այս կերպ վրացական իշխանությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ համոզելու և սպառնալիքների համադրությունը չի ազդի անցյալ դարի 90-ականների վերջից երկրում հայտնված հարյուրավոր ՀԿ-ների գործունեության վրա վերահսկողություն հաստատելու իրենց կամքի և կարողության վրա։ Այս վճռականության ամենանշանակալի նշանը ԱՄՆ-ի պետքարտուղար Է. Բլինկենի հետ հանդիպման մերժումն էր վարչապետ Կոբախիձեի կողմից, ինչը աննախադեպ է վրաց-ամերիկյան հարաբերությունների 30-ամյա պատմության մեջ։

Իր անզիջում դիրքորոշումն արդարացնելու համար Վրաստանի ղեկավարությունն ընտրեց հանրապետությանը Ռուսաստանի դեմ նոր պատերազմի մեջ ներքաշելու Արևմուտքի ծրագրերին հանրությանը լայնորեն ծանոթացնելու ռազմավարությունը: Իշխող ուժերն օգտագործում են բոլոր հնարավորություններն ու հարթակները՝ քաղաքացիներին փոխանցելու Արևմուտքի և ներքին «ապակառուցողական ուժերի»՝ երկիրը «երկրորդ Ուկրաինայի» վերածելու մտադրությունների էությունը: Ըստ նրանց՝ ամերիկյան ու եվրոպական կառավարությունները և նրանց հովանու ներքո գործող բոլոր տեսակի հիմնադրամները վրացական ՀԿ-ների ստվերային և ոչ թափանցիկ ֆինանսավորման միջոցով նախապատրաստում են հերթական գունավոր հեղափոխությունը, որի արդյունքում Թբիլիսիում պետք է իշխանության գան նոր ուժեր: Նրանք պատրաստ են Արևմուտքի շահերից ելնելով` վերակենդանացնել հանրապետության առճակատման քաղաքականությունը ՌԴ-ի նկատմամբ, ընդհուպ մինչև նրա հետ պատերազմի մեջ մտնելը: Դեռևս 2024 թ. ապրիլի 29-ին կառավարության կազմակերպած հակահանրահավաքին, որին, ըստ լրատվամիջոցների, հավաքվել էր մոտ 100 հազար քաղաքացի, վարչապետ Ի. Կոբախիձեն, խորհրդարանի ղեկավար Շ. Պապուաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կ. Կալաձեն խոսել էին այդ մասին: Իսկ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին այս ակցիայի ժամանակ հայտարարել էր, որ անձամբ կանի ամեն ինչ, որպեսզի նորից իշխանության չգա Մ. Սահակաշվիլին, որի քաղաքականության շնորհիվ Վրաստանն արդեն ունի Ռուսաստանի հետ պատերազմի դառը փորձ, ինչը երկիրը հասցրել էր կործանման եզրին։

Հատկանշական է, որ ո՛չ վրացական ընդդիմությունը, ո՛չ էլ դրան աջակցող Արևմուտքը կոնցեպտուալ կերպով չեն հերքում իշխանությունների՝ «Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու» մասին թեզը, այլ, հիմնականում, կենտրոնացած են օրենքի «ռուսամետության» և Կրեմլի կողմից Հարավային Կովկասի հանրապետության ներքին գործերին միջամտելու մասին խոսույթի վրա:

Տարօրինակն այն է, որ բողոքի մասնակիցները հավատում են այս նարատիվներին, մինչդեռ Վրաստանում որոշակի գործընթացների անընդունելիության մասին արևմտյան առաջնորդների ամենօրյա հայտարարությունների ֆոնին պաշտոնական Մոսկվան մինչև արձագանք առաջացրած օրենքի վերջին քվեարկության օրը բոլոր հնարավոր ճանապարհներով խուսափեց Թբիլիսիի իրադարձություններին անդրադարձից: Միայն մի անգամ «Իզվեստիա» թերթի 03.05.2024 թ.-ին Մարիա Զախարովային ուղղված հարցին վերջինս տվել է չափազանց զգուշավոր և ընդգծված չեզոք մեկնաբանություն. «Ռուսաստանը երբեք չի միջամտել և մտադիր չէ միջամտել երրորդ երկրների ներքին գործերին, նա հետաքրքրված է Հարավային Կովկասի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի, խաղաղ, կայուն, բարգավաճ զարգացմամբ»:

Վրացական վայրիվերումներից Ռուսաստանի բացահայտորեն ցուցադրական կտրվածության կապակցությամբ, «ռուսամետ իշխանությունների» հասցեին արևմուտքի և վրացական ընդդիմության մեղադրանքները օրեցօր ավելի ագրեսիվ բնույթ են կրում, բայց, միևնույն ժամանակ, իռացիոնալ: Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը 13.05.2024-ին Վրաստանի ղեկավարությանը գործնականում մեղադրեց մենիշխանության մեջ՝ համեմատելով գործողությունները «ավտորիտար ռեժիմների» կառավարման մեթոդների հետ։ Իր հերթին, նման հռետորաբանության ակտիվացումը միայն արմատականացրեց իշխանությունների վարքագիծը և բացահայտեց Արևմուտքի հեղինակությունը ակնհայտորեն անտեսելու նրանց կարողությունը: Այսպես, ըստ վրացական լրատվամիջոցների, 2024 թ. մայիսի 14-ին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենին, ով շտապ ժամանել է Թբիլիսի «Թափանցիկության օրենք»-ի երրորդ վերջնական քվեարկության նախօրեին, վարչապետ Կոբախիձեն չի դիմավորել կառավարության շենքի մուտքի մոտ և վերջինս ստիպված է եղել այցելել նրա գրասենյակ՝ ոչ որպես կարևոր հյուր։ Իսկ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բ. Իվանիշվիլին, որին Վաշինգտոնը համարում է երկրի գլխավոր քաղաքական դեմքը, ընդհանրապես հրաժարվել է ընդունել Օ՛Բրայենին։

Այսպիսով, պաշտոնական Թբիլիսիի և Վաշինգտոն-Բրյուսել աշխարհաքաղաքական երկյակի միջև ի հայտ են գալիս հարաբերությունների խզման համար բավականին էական նախադրյալներ։ Եվ, դժվար թե, «Վրացական երազանքի» պատրաստակամությունը նման զարգացումների նկատմամբ պայմանավորված է զուտ Մոսկվայի հետ խաղալու և նրա օգնությամբ իշխանության ղեկին մնալու ցանկությամբ, քանի որ իր հակառակորդները յուրօրինակ կերպով փորձում են ներկայացնել ղեկավարության դրդապատճառները։ Ներկա պայմաններում ՌԴ-ի վրա ապավինելը բացարձակ ժամանակավրեպ է։ Ընդ որում, նման աջակցությունն անհրաժեշտ չէ այն պայմաններում, երբ Վրաստանում իշխող կուսակցությունը դեռևս ունի բավականին կայուն ընտրազանգված։ Սակայն, մյուս կողմից, եթե իշխանությունը պատրաստ է նույնիսկ կորցնել Արևմուտքի աջակցությունը Եվրոպային ինտեգրվելու հարցում, ինչը, վրացի վերլուծաբանների կարծիքով, բացասաբար կանդրադառնա դրան սատարող քաղաքացիների թվի վրա, ուրեմն, իսկապես, դրա համար ծանրակշիռ փաստարկներ ունի: Սա Վրաստանի համար կարող է գոյութենական նշանակության հարց լինել։ Եվ այս տրամաբանությունը հուշում է, որ առաջատար կուսակցության մտավախությունները Վրաստանին նոր հեղափոխության միջոցով Ռուսաստանի դեմ մղելու Արևմուտքի ցանկության վերաբերյալ անհիմն չեն։

Իշխանություններին և իշխող կուսակցությանն աջակցող հասարակական-քաղաքական շրջանակներին համակրող վրացի փորձագետների կարծիքով՝ Արևմուտքն իսկապես նպատակ է դրել իշխանության բերել արմատական ռուսատյաց ուժերին՝ երկիրը մղելու ՌԴ-ի հետ առճակատման և նրա սահմանին ստեղծելու նվազագույնը՝ նոր աշխարհաքաղաքական լարվածության գոտի: Նույն կարծիքին են նաև ռուս վերլուծաբանները, որոնց համոզմամբ՝ Կովկասում իրավիճակի սրումը, տեսականորեն, պետք է գրավի Մոսկվայի ուշադրության զգալի մասը՝ ստիպելով նրան վերաբաշխել ուժերը, միջոցները և ռեսուրսները՝ զսպելու ապակայունացման նոր պայթյունավտանգ աղբյուրը հարավում։ Ընդ որում, Մոսկվայի համար նման խնդիրներ ստեղծելու համար պարտադիր չէ, որ «վրացական նոր իշխանությունները» իրավիճակը հասցնեն ուղիղ պատերազմականի, այլ՝ բավական կլինի ՆԱՏՕ-ի զորքերի նույնիսկ սահմանափակ կոնտինգենտի տեղակայման համար հարթակ ապահովելը՝ ցանկացած քաղաքական և իրավական պատրվակով: Մյուս կողմից, իրադարձությունների նման զարգացմամբ Թբիլիսին կկորցնի իրավիճակի, հանրապետությունում արևմտյան ռազմական մեքենայի առկայության պարամետրերի և իրական ծավալի նկատմամբ վերահսկողությունը։ Ավելին, նա կկորցնի այն՝ առանց մեծ ափսոսանքի։

Վրաստանը, ենթադրաբար, ՆԱՏՕ-ի երկրների համար Ռուսաստանի Դաշնության վրա ռազմաքաղաքական ճնշում գործադրելու ամենահարմար ցատկահարթակն է։ Այսպես. հանրապետությունը սահմանակից է Հյուսիսային Կովկասին իր էթնո-դավանական մասնատվածությամբ և քաղաքական հակասություններով։ Նաև Վրաստանի տարածքից հնարավոր է իրականացնել ոչ միայն ռուսական Կովկասի ռազմական ենթակառուցվածքի, հյուսիսային նախալեռների, այլև՝ ամբողջ հյուսիսարևելյան Սև ծովի ավազանի և ռուսական ուժերի թիկունքի պաշտպանական գծերի տեխնիկական հետախուզում և մշտադիտարկում՝ Ուկրաինայի մարտական գործողությունների թատերաբեմից դեպի արևելք։ Եվ, վերջապես, այստեղ ՆԱՏՕ-ի նավատորմը կարող է շատ ավելի ընդարձակ տարածք ստանալ Սև ծովում զորավարժությունների համար և հուսալի ծածկույթ իր գործողությունների համար Սև ծովի ափի վրացական հատվածից։ Ռուսաստանյան ռազմական փորձագետների կարծիքով, Մ. Սահակաշվիլիի նախագահությունից ի վեր վրացական առափնյա գիծը համալրվել է ՆԱՏՕ-ի հեռահար հականավային համակարգերով, որոնց կրակային հզորությունը կարող է զգալիորեն նվազեցնել ռուսական սևծովյան նավախմբի գործողությունների արդյունավետությունը և, հետևաբար, զգալիորեն թուլացնել Ղրիմի թերակղզու պաշտպանությունը ծովից: Այսպիսով, տեսականորեն, Թբիլիսիի անցումը արևմտյան կոալիցիայի ստվերի տակ կարող է արդեն իսկ ստիպել վերանայել Ռուսաստանում, ինչպես նաև շատ առումներով՝ Արևմուտքում առկա կարծիքը, որ Ղրիմը ՌԴ-ից բռնի ուժով վերցնելը բարդ, անիրատեսական խնդիր է: Եվ, բացի այդ, Վրաստանի աշխարհագրական և աշխարհառազմավարական դիրքը ՆԱՏՕ-ի համար առավելագույնս հարմար է վերոնշյալ առավելությունների լոգիստիկ ապահովման տեսանկյունից, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է տրամադրել երկրի տարածքը։

Այսպիսով, քիչ հավանական է, որ Վրաստանի ներքաղաքական դաշտում Արևմուտքի համար հանգամանքների հաջող համադրմամբ ՆԱՏՕ-ի երկրները չօգտվեն ՌԴ-ՆԱՏՕ առճակատման ներկա՝ Արկտիկայից մինչև Կովկաս, տարածության միակ բացը լրացնելու հնարավորությունից:

Միանգամայն տրամաբանական է, որ նման սցենարը կանխելու համար ՌԴ-ն կդիմի Վրաստանի դեմ գործողությունների կանխարգելիչ մեթոդներին։ Դրա համար այն ունի արդեն իսկ հաստատված առավելությունների լայն շրջանակ, որոնց ժամանակին կիրառումը կարող է արագորեն հանգեցնել Վրաստանի համար գոյութենական խնդիրների առաջացման։ Այսպիսով, Մոսկվան կարող է որպես հակամարտության խթան օգտագործել աբխազական և հարավօսական խնդիրները։ ՌԴ զինված ուժերն, ըստ էության, գտնվում են Թբիլիսիից 30 կմ հեռավորության վրա, ինչպես նաև անմիջական տեսանելիության ներքո վերահսկում են հանրապետության գլխավոր երկաթուղային, մայրուղային, նավթամուղի և գազատարի ենթակառուցվածքները, որոնք ոչ միայն ապահովում են հաղորդակցությունը երկրի արևմտյան և արևելյան մասերի միջև, այլ նաև ներառում է գրեթե ողջ միջազգային տարանցիկ անցուդարձը: Անգամ հաշվի առնելով Ուկրաինայում առկա ռազմական գործողությունները՝ ՌԴ-ն կարողանում է Վրաստանին չեզոքության ստիպելու գործողության համար բավականաչափ պահեստային ուժեր հատկացնել, որոնք, ըստ ամերիկացի փորձագետների, նա ունի։ Դժվար թե վրացական 20000-անոց բանակը, որը դեռ չի վերականգնվել 2008-ի պարտությունից հետո և չունի բավականաչափ ժամանակակից տեխնիկա, կարողանա արդյունավետորեն դիմակայել ռուսաստանյան զանգվածային հարձակմանը: Իսկ արևմտյան դաշնակիցները կկարողանա՞ն համարժեք միջոցներ ձեռնարկել նման սցենարը կանխելու համար։ Հնարավոր է նաև, որ չկարողանալով դառնալ արևմտյան լիարժեք ռազմական ներկայության ֆորպոստ, Վրաստանը ստիպված լինի խայծի դեր ստանձնել՝ խթանելու նոր «ռուսական ագրեսիան Կովկասում», ինչը ձեռնտու կլինի արևմտյան դաշնակիցներին՝ Ռուսաստանի հետ գլոբալ առճակատման համատեքստում: Բայց նման գործառույթը միանշանակ կասկածի տակ կդնի հարավկովկասյան այս հանրապետության գոյությունն ու կենսունակության հեռանկարը։

Ակնհայտ է, որ նման սցենարներից խուսափելու համար Վրաստանի ներկայիս իշխանությունները փորձում են կանխել Վաշինգտոն-Բրյուսել կապի անհարկի միջամտությունը հանրապետության ներքին գործերին։ Լայն իմաստով, Թբիլիսիում ծավալված կատաղի քաղաքական պայքարը վերաբերում է ոչ թե «Թափանցիկության օրենքին» և, առավել ևս, ժողովրդավարության արժեքներին, այլ՝ ուժի համաշխարհային կենտրոնների գլոբալ դիմակայության մեջ երկրի չեզոքությանը, որը վրացիների մի մասը համարում է ինքնիշխանությունը պահպանելու երաշխիք և հնարավորություն, իսկ մյուսները՝ ներուժ, որից կարելի է հրաժարվել հաջողակ երկրների ակումբին անդամակցելու համար։

2024 թ. մայիսի 14-ին, կեսօրն անց, Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ, այնուամենայնիվ, երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Միաժամանակ, երկրի կառավարությունը վերջ դրեց այս հարցին՝ հրաժարվելով շարունակել այդ թեմայի շուրջ զրույցը Թբիլիսի ժամանած ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պատվիրակությունների հետ։ Ընդդիմությունը, սակայն, դեռ փորձում է բազմակետ դնել իր պայքարի արդյունքների վրա և դեռևս հույս ունի Արևմուտքի աջակցության վրա։

(1) Հրապարակախոս, վերլուծաբան, վավերագրական ռեժիսոր։ Հեղինակ է ավելի քան 1000 լրագրողական և քաղաքական-վերլուծական հոդվածների և 400 հեռուստատեսային վավերագրական տեսահոլովակների։ Աշխատել է «N1», «AR», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններում։ Նա համագործակցել և եղել է «Голос Армении», Aysor.am, Voskanapat, «Ազատ Արցախ» և այլ պարբերականների ու լրատվական կայքերի թղթակից։