Սեղմագիր
ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ոչ միայն կապեր հաստատեց նախկին խորհրդային թյուրքախոս հանրապետությունների հետ, այլև տարբեր մակարդակներում զարգացրեց հարաբերությունները ՌԴ-ի թյուրքախոս շրջանների հետ։ Հոդվածում կանդրադառնանք, թե վերջին տարիներին Անկարան ինչպիսի քաղաքականություն է իրականացնում գլխավորապես թյուրքալեզու բնակչություն ունեցող դաշնային այնպիսի սուբյեկտների հետ, ինչպիսիք են՝ Բաշկորտոստանը (Բաշկիրիա), Թաթարստանը, Չուվաշիան, Յակուտիան, Խակասիան, Տուվան։
ТЮРКСКИЙ ФАКТОР
В КОНТЕКСТЕ ПОЛИТИКИ АНКАРЫ
В ОТНОШЕНИИ ТЮРКОЯЗЫЧНЫХ РЕГИОНОВ РОССИИ
Симаворян A. C.
Аннотация
После распада СССР Турция не только установила связи с тюркоязычными республиками бывшего Советского Союза, но и развивала отношения с тюркoязычными регионами Российской Федерации на различных уровнях. В статье мы рассмотрим, какую политику Анкара реализует в последние годы с такими субъектами федерации, как Башкортостан (Башкирия), Татарстан, Чувашия, Якутия, Хакасия, Тува, с преимущественно тюркоязычным населением.
THE TURKIC FACTOR
IN THE CONTEXT OF ANKARA’S POLICY
TOWARD TURKIC-SPEAKING REGIONS OF RUSSIA
Simavoryan A. S.
Summary
After the collapse of the USSR, Turkey not only established ties with the Turkic-speaking republics of the former Soviet Union, but also developed relations with the Turkic-speaking regions of the Russian Federation at various levels. In the article, we will look at what policies Ankara has been implementing in recent years with federal states that have predominantly Turkic-speaking population such as Boshkortostan (Bashkiria), Tatarstan, Chuvashia, Yakutia, Khakassia, and Tuva.
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ
ՌԴ ԹՅՈՒՐՔԱԽՈՍ ԵՐԿՐԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԱՆԿԱՐԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ներածություն
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացներում կարևոր տեղ են զբաղեցնում գաղափարախոսական-քաղաքական ուղղությունները, որոնց շուրջ ստեղծվում են պետությունների արտաքին և ներքին քաղաքականությունները։ Այս տեսանկյունից կարևոր և հետաքրքրական է Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչներից՝ «թյուրքական աշխարհի» հետ համագործակցելու եզրերը: Ինչպես հայտնի է, Թուրքիան, իր արտաքին քաղաքականության ռազմավարության համաձայն, «Թյուրքպա» (Թյուրքախոս երկրների պառլամենտական ասամբլեա), Թյուրքական պետությունների կազմակերպություն և տարբեր հաստատութենական կառույցների միջոցով է գլխավորապես իրականացնում թյուրքալեզու պետություններին իր առանցքի շուրջը համախմբելու քաղաքականությունը. այն ուղղված է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային, գիտակրթական, տեղեկատվական և այլ ոլորտներում ընդհանուր օրակարգ ձևավորելուն(3)։
Նախ պետք է նշել, որ հետաքրքրությունը թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ միշտ առկա է եղել։ Անկարան միշտ իրեն տեսել է որպես «Թյուրքական աշխարհ»-ի անվիճելի առաջնորդ, բայց միշտ չէ, որ հնարավորություն է ունեցել իրականացնելու իր ցանկությունները, թեկուզ միայն այն պատճառով, որ աշխարհի թյուրքալեզու տարածքների մեծ մասը գտնվել է Խորհրդային Միության կազմում, որտեղ նման տեսակետներ, գաղափարներ տարածելը բավականին դժվար էր։
ԽՍՀՄ փլուզումը Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը որակեց որպես պատմական հնարավորություն(4), որը թույլ կտար մերձենալ, այսպես կոչված, «թյուրքական աշխարհի» հետ։ Գրեթե բոլոր հետազոտողները ընդունում են, որ պանթյուրքիստական գաղափարների հիմնական աղբյուրն ու որպես թյուրքալեզու պետությունների հետ տարբեր ձևաչափերով միությունների և խորհուրդների ստեղծման գլխավոր նախաձեռնողը Անկարան է։
Նորանկախ Միջին Ասիայի թյուրքախոս պետությունների հետ տարբեր ձևաչափերով մերձեցման քաղաքականությունից բացի, ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան ձգտում է իր ազդեցությունը տարածել նաև ՌԴ թյուրքալեզու ժողովուրդների շրջանում։ Դրանց մեծ մասը գլխավորապես բնակվում են Թաթարստանում, Բաշկորտոստանում, Չուվաշիայում, Յակուտիայում, Խակասիայում, Տուվայում և այլուր: Տարբեր գնահատականներով, այս կամ այն չափով պանթյուրքիզմի գաղափարները թափանցել են այդ շրջաններ, հնարավոր է, որ այն դրսևորվում է տարբեր մակարդակներում և կարող է ընդգրկել տարբեր ծավալներ։
Մերձվոլգյան դաշնային շրջան.
Բաշկորտոստան, Թաթարստան, Չուվաշիա (որոշ դիտարկումներ)
Մերձվոլգյան դաշնային շրջանը ավանդաբար համարվում է ՌԴ թյուրքական ժողովուրդներով բնակեցված շրջաններից մեկը: Գաղափարախոսական-մշակութային-կրոնական և տնտեսական հարաբերությունների տեսանկյունից Բաշկորտոստանն ու Թաթարստանը մշտապես եղել են Անկարայի հետաքրքրությունների կիզակետում։
Թուրքական կրոնական և մշակութային ազդեցությունը։ Բաշկորտոստանի Ինքնավար Հանրապետություն և Անկարայի փոխգործակցությունը, կարելի է ասել, սկիզբ է առել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո։ Ինչպես նշում է հետազոտող Վ. Իվանովը. «1990-ական թթ. սկզբից բացահայտ ծայրահեղական բնույթի կրոնական շարժումների հարյուրավոր ներկայացուցիչներ «լցվեցին» հետխորհրդային երկրներ։ Դրանց թվում էր նաև թուրքական «Նուրջուլար» աղանդը, որի հետևորդները սովորաբար կոչվում են նուրսիստներ։ Այս աղանդը գործեց նաև ՌԴ-ում (հատկապես՝ Բաշկիրիայում և Թաթարստանում)»(5)։ Սակայն, Բաշկորտոստանում «Նուրջուլար» աղանդը և Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրած «Հիզմեթ» կրոնական շարժումը առանձնահատուկ ժողովրդականություն ձեռք բերեցին ՌԴ-ում 2000-ական թթ. սկզբին, որոնց գործունեությունը շարժման անդամների կողմից ինքնահռչակվում էր՝ որպես կրոնալուսավորչական: Այս կազմակերպությունների հիմնական նպատակն էր տարածել պանթյուրքական և իսլամական արժեքներ աշխարհի տարբեր երկրներում, հատկապես այն վայրերում, որտեղ առկա է զգալի թյուրքական բնակչություն:
Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ «Հիզմեթ»-ի շրջանակներում Բաշկորտոստանում մինչև 2008 թ. գործում էին «մշակութային» լիցեյներ, որոնց նպատակն էր ուսուցանել իսլամական արժեքներ։ Ավելի ուշ, ՌԴ իրավասու մարմինները մանրակրկիտ ստուգման ժամանակ պարզեցին, որ «Հիզմեթի» կողմից օգտագործվող գրականությունը չի համապատասխանում կրթական չափանիշներին, «մասնագետների» մեծամասնությունը որակավորման դիպլոմներ չունի, իսկ լիցեյները աշխատում են հավաքագրել երիտասարդների։
Մյուս կողմից՝ «Նուրջուլար»-ի անդամները իրենց հիմնադրած առևտրային ընկերությունների և հիմնադրամների միջոցով Բաշկորտոստանում, Թաթարստանում և Դաղստանում ծավալում էին հետախուզական գործունեություն։ Այդ գործակալները տեղեկատվություն էին հավաքում Հս. Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասին, «երիտասարդության շրջանում տարածում էին պանթյուրքիստական և պանիսլամական գաղափարներ, թուրքամետ լոբբի ձևավորելու նպատակով ուսումնասիրում էին հավաքագրման համար նախատեսված թեկնածուներ»(6) և այլն:
Այդ պատճառով, 2008 թ. ՌԴ Գերագույն դատարանի որոշման հիման վրա «Հիզմեթ» կազմակերպությունը ճանաչվեց ծայրահեղական և դրա գործունեությունն արգելվեց ՌԴ-ում։ Նույն որոշման շրջանակներում դադարեց գործել նաև «Նուրջուլար»-ը, սակայն ցայսօր այս կազմակերպության գաղափարների ջատագովները վարում են ընդհատակյա գործունեություն։ Վերջերս ՌԴ-ում «Նուրջուլար»-ի վեց անդամներ են դատապարտվել, ովքեր կապեր են ունեցել Թուրքիայի հետ և փորձել են տարածել ծայրահեղ կրոնական գրականություն(7)։
Այս ամենին զուգահեռ Բաշկորտոստանի, Թաթարստանի մահմեդականների և Թուրքիայի կրոնական գործերի գրասենյակի («Դիյանեթ») միջև հաստատվեցին կապեր, ինչի արդյունքում ներդրվեց մի պրակտիկա, երբ երկու հանրապետությունների մահմեդական հոգևորականները կրոնական կրթություն ստանալու նպատակով մեկնում էին Թուրքիա։ Մյուս կողմից՝ «Դիյանեթի» միջոցով Թուրքիայից թաթարերենով հրատարակված մեծ քանակությամբ կրոնական գրականություն էր ներկրվում։ «Դիյանեթ»-ը ջանքեր էր գործադրում իր ազդեցությունը տարածելու Թաթարստանում՝ «միսիոներական» գործունեության քողի տակ։ Մասնավորապես, 2015 թ. հայտնի դարձավ, որ Թուրքիայից երկու հանրապետություններ գործուղված «միսիոներ» թուրք հոգևորականները հավաքագրում էին երիտասարդների, որոնք պետք է մասնակցեին Սիրիայում տեղի ունեցող հակամարտությանը(8)։
Թուրքիան՝ Թաթարստանի և Բաշկորտոստանի մահմեդականների վրա ազդում է ոչ միայն իր պետական մարմնի՝ «Դիյանեթի», այլև «Իսմայիլ Աղա», «Սուլեյմանջիլար», «Էրթողրուլ Ղազի»՝ սուֆիական հոսանքներին հարող տարատեսակ կրոնական կառույցների, թուրք-թաթարական լիցեյների միջոցով(9)։ Չնայած նրանցից շատերի գործունեությունը ՌԴ-ում օրենքով այսօր արգելված է, սակայն, մասնագետների գնահատականներով՝ «Թուրքիան՝ այդ կառույցների միջոցով Ռուսաստանի շրջաններում նախապատրաստել է թուրքամետ էլիտաներ, ինչը ՌԴ երկարաժամկետ նպատակների տեսանկյունից անընդունելի է և սպառնալիք՝ նրա անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը»(10)։ Թաթարստանում և Բաշկորտոստանի Հանրապետությունում Թուրքիայի «փափուկ ուժի» գործիքներից է նաև 1993 թ. Անկարայում հիմնադրված «Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն»-ը («Թուրքսոյ»)։ Կազմակերպության գործունեության շրջանակը բավականին լայն է՝ մշակութայինից մինչև իսկ գիտական։ Այս կազմակերպության օժանդակությամբ 2012 թ. թյուրքական ժողովուրդների մշակութային տարբեր ասպեկտներն ուսումնասիրելու նպատակով Բաշկորտոստանի պետական մանկավարժական համալսարանում նույնիսկ բացվել է «Թուրքսոյ»-ի հետազոտական բաժին(11)։
2015 թ.-ին Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո ռուսական իշխանությունները արգելեցին Ալթայի, Բաշկորտոստանի, Սախայի (Յակուտիա), Թաթարստանի, Տուվայի և Խակասիայի հանրապետություններին շփումներ ունենալ «Թուրքսոյ»-ի հետ(12)։
Ի դեպ, վերը հիշատակած դաշնային սուբյեկտներն այդ պահին «Թուրքսոյ»-ում ունեին դիտորդի կարգավիճակ։ Չնայած նրան, որ, ռուսական տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերի համաձայն, Բաշկորտոստանից ու Թաթարստանից բացի մնացած հանրապետությունները դուրս եկան կազմակերպությունից, այդուհանդերձ, «Թուրքսոյ»-ի պաշտոնական կայքում այդ սուբյեկտները ներկայացված են՝ որպես դիտորդ երկրներ(13)։
1990-ական թթ. կեսերից Չուվաշիայում ակտիվ պանթյուրքական գաղափարներ էին տարածում Թուրքիայի դեսպանատան հովանոցի տակ գործող թուրք հետախույզները։ Այս առիթով Չուվաշիայի անվտանգության նախկին նախարար Վյաչեսլավ Տիխոնովը նշում է, որ. «Մեր հարավային հարևանը տասնյակ լրտեսներ է ուղարկել մեր երկիր։ Նրանք ոչ միայն ակտիվ օգնություն են ցուցաբերել չեչեն զինյալներին, այլև դիվերսիոն աշխատանքներ են իրականացրել թյուրքալեզու շրջաններում։ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գործակալ Էրհան Էզսոյը վերահսկել է թուրքական հետախուզության և դուդաևականների կապերը։ Հենց այս պարոնն էր դիվանագիտական քողի տակ աշխատող թուրքական «իշխանությունների» իր գործընկեր Ումիթ Յարդըմի հետ Չուվաշիա այցելել դեռևս 1993 թ.։ Իմիջիայլոց, Յարդըմը(14) Ռուսաստանում Թուրքիայի ներկայիս դեսպանն է։ Հենց նրանց ակտիվ մասնակցությամբ այստեղ անցկացվեց, այսպես կոչված, Թյուրքական ժողովուրդների ֆորումը։ Պաշտոնապես այս կազմակերպության գործունեությունը հասցվել է շատ վեհ նպատակների՝ համագործակցություն մշակույթի, կրթության, գիտության, սպորտի ոլորտներում։ Իսկ իրականում, գաղտնի, շատ հեռուն գնացող մտադրություններով ռազմավարական ծրագրեր էին իրականացնում»(15)։
Չուվաշիայում, ի տարբերություն Բաշկորտոստանի և Թաթարստանի, Թուրքիայի ազդեցությունը եղել է շատ ավելի նվազ, հատկապես՝ կրոնական տեսանկյունից: Չուվաշիայում գործող թուրքական միակ լիցեյը փակվել է դեռևս 2001 թ., իսկ 2015 թ. Չուվաշիայի մահմեդականների հոգևոր վարչությունը ընդհանրապես արգելեց դաշնային կառույցներին համագործակցել Թուրքիայի պաշտոնական և պետականամերձ իսլամական կրոնական կազմակերպությունների հետ(16):
Ինչպիսի՞ն է իրավիճակն այս առումով ներկայումս, դժվար է ասել։ Ամեն դեպքում, Չուվաշիայի տեղական լրահոսի կողմից ներկայացված հրապարակումների վրա հիմնվելով, կարող ենք հաստատել, որ վերջին տարիներին Թուրքիայի կողմից բացահայտ կրոնական նախաձեռնություններ այստեղ չեն արձանագրել։ Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ ընդհատակում այդպիսի գործունեություն չի ծավալվում ։
ԹՀ «փափուկ ուժի» քաղաքականության իրականացման կարևոր մեխանիզմներից են նաև քաղաքական հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցությունը: Հատկապես, առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված երկկողմ համաձայնագրերը և ՌԴ թյուրքալեզու շրջանների տնտեսությունում թուրքական կապիտալի ներդրումը նպաստել են այդ սուբյեկտների հետ Անկարայի մերձեցմանը և իր ազդեցության ամրապնդմանը այդ շրջաններում։
Այս առումով, Թաթարստանի Հանրապետության առաջատար արտասահմանյան գործընկերներից է Թուրքիան։ Թաթարստանում ներկայումս գործում է շուրջ 300 թուրքական ընկերություն։ Թուրքիան շուրջ 2 մլրդ դոլարի ներդրում է կատարել և այդ ցուցանիշով շարունակում է մնալ երկրամասում ամենամեծ ներդրում կատարած օտարերկրյա պետությունը։ Մյուս կողմից՝ թուրքական կապալառու ընկերությունները երկկողմ պայմանագրերի շրջանակներում Թաթարստանում կատարել են $2 մլրդ արժողությամբ շինարարական ծրագրեր։ Մասնավորապես, թուրքական շինարարական կազմակերպությունները կառուցել են տարբեր նշանակության ձեռնարկություններ, առևտրային և գրասենյակային կենտրոններ, կամուրջներ, էստակադաներ, բազմաֆունկցիոնալ բնակելի, բիզնես, սպորտային համալիրներ, օդանավակայանների տերմինալներ, ավտոճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ:
Դրա հետ մեկտեղ երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցում է $2 մլրդ-ը։ Թուրքիա մատակարարվող հիմնական ապրանքներն են՝ սինթետիկ կաուչուկը, նավթամթերքները, անօրգանական քիմիական արտադրանքը, փայտանյութը և այլն։ Թուրքիայից արտահանվում է տրանսպորտային միջոցներ, մեխանիկական և էլեկտրական սարքավորումներ, կաշի և ապակի, կահույք և այլ ապրանքներ:
Կազանում Թուրքիայի գխավոր հյուպատոս Ուղուր Յըլմազի խոսքերով՝ առաջիկա տարիներին թուրքական բիզնեսի մասնակցությամբ նախատեսվում է Թաթարստանում իրագործել նախագծեր ՏՏ և արհեստական բանականության, ինքնաթիռների արտադրության և նավաշինարարության ոլորտներում։ Հյուպատոսի ղեկավարության ներքո համակարգվում է նաև Բաշկորտոստանի հետ տնտեսական կապերը, որի հետ Թուրքիայի առևտրաշրջանառությունը հասնում է մոտ $300 մլն-ի, իսկ շրջանում գործում են մոտ 100 թուրքական ընկերություններ(17)։
Թուրքական կողմից կա որոշակի հետաքրքրություն զարգացնելու տնտեսական հարաբերությունները Բաշկորտոստանի հետ, նաև ավելի շատ թուրքական կապիտալ ներդնելու շրջանի տնտեսության մեջ։ Այդ նպատակով 2023 թ․ նոյեմբերի 23-ին Ուֆայում տեղի ունեցավ «Ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդման գործոնը Բաշկորտոստանի Հանրապետության օրինակով» գործարար համաժողովը, որին մասնակցում էին ռուս և թուրք գործարարներ, պետական պաշտոնյաներ(18)։
Ինչ վերաբերում է Չուվաշիային, ապա թուրքական տնտեսական ներկայությունը այստեղ համեմատելի չէ Բաշկիրիայի և Թաթարստանի հետ։ Միայն վերջերս են թուրք գործարարները սկսել այցելել Ուֆա՝ ծանոթանալու շրջանի ներդրումային հնարավորություններին։
Ընդհանուր առմամբ, հատկապես թագավարակից և ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցներից հետո է նկատելի դարձել Անկարայի տնտեսական աշխուժությունը այս մարզերում։ Պատճառը եվրոպական ընկերությունների հեռանալն է ՌԴ-ից, որոնց փոխարեն այժմ առավել գործուն տնտեսական քաղաքականություն են իրականացնում թուրքերն ու չինացիները։
Հավելենք նաև, որ ՌԴ թյուրքալեզու շրջանների հետ «առևտրային դիվանագիտություն» հաստատելու գործում Անկարան կիրառում է «փափուկ ուժի» քաղաքականություն՝ օգտագործելով իր ծանր հրետանին, այն է՝ «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհուրդ»-ը (DEIK)։ Այն Թուրքիա-–Եվրասիա բիզնես խորհուրդի շրջանակներում է գլխավորապես կառուցում իր հարաբերությունները ՌԴ դաշնային սուբյեկտների հետ տարբեր գործարար ֆորումների, փոխադարձ այցելությունների ընթացքում(19)։
ՌԴ թյուրքաբնակ այլ շրջաններ. Յակուտիա, Խակասիա, Տուվա
Տնտեսական և քաղաքական կապերը Թուրքիայի հետ
Քանի որ Յակուտիայի, Խակասիայի և Տուվայի թյուրք բնակչության մեծամասնությունը իսլամադավան չէ (հիմնականում լամայականության, թանգրիականության, շամանականության և ուղղափառության հետևորդներ են, Յակուտիա տեղափոխված բաշկիրներից ու թաթարներից քչերն են իսլամ դավանում), ուստի այս շրջաններում Անկարան փորձում է իր ազդեցությունը տարածել տնտեսական և հումանիտար-մշակութային հարաբերություններով։ Հատկապես վերջին տարիներին նկատելի է Թուրքիայի քաղաքական բարձրագույն ղեկավարության և նրանց մերձավոր շրջապատի հետաքրքրություններն այս շրջանների, հատկապես՝ Յակուտիայի նկատմամբ։
Այսպես, 2019 թ. Յակուտիա այցելեց Թուրքիայի պատվիրակությունը՝ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահ Բիլալ Էրդողանի գլխավորությամբ, ով նախագահ Էրդողանի որդին է։ Այցելելով Յակուտսկի միակ մզկիթ և մասնակցելով կրոնական արարողությանը՝ Բ. Էրդողանը պանթյուրքիստական ենթատեքստ պարունակող հայտարարություն արեց, որ «Թուրքերն ու սախաները (յակուտների ինքնանվանումն է – Ա.Ս.) արյունակից եղբայրներ են, ուստի հանրապետությունների միջև հարաբերությունները պետք է զարգացնել»(20):
Այցի շրջանակներում Յակուտիայի գործարարների հետ նա քննարկեց հանրապետության առաջնահերթ ներդրումային ծրագրերը, ինչպես նաև խոշոր ներդրումային ծրագրերում թուրք գործընկերներին ներգրավելու պայմանները(21)։ Բիլալի այցելությունից կարճ ժամանակ անց յակուտական ընկերությունների և ձեռնարկատերերի համար Ստամբուլում կազմակերպվեցին բիզնես այցելություներ, ապա 2020 թ. թուրքական ընկերությունները այցելեցին Յակուտսկ։ Թուրքական ընկերությունները հետաքրքրված են բնական հեղուկ գազի արտադրությամբ, բարձր տեխնոլոգիաներով, զբոսաշրջությամբ և այլ ոլորտներով։ 2021 թ. Յակուտիա այցելեց նաև ՌԴ-ում Թուրքիայի (այժմ՝ նախկին) դեսպան Մեհմեթ Սամսարը, ով, ըստ տեղեկությունների, մեծ ջանքեր է գործադրել Յակուտիայի քաղաքական ղեկավարության և գործարար միջավայրի հետ թուրքական ընկերությունների հետ հարաբերություններ հաստատելու գործում։
Այս այցելություներն ու Անկարայի հետաքրքրությունները տարածաշրջանի նկատմամբ աննկատ չմնացին ռուս քաղաքագետների կողմից: Քաղաքագիտության դոկտոր Իլդուս Յարուլինի կարծիքով, Թուրքիան վաղուց է փորձում մտնել Ռուսաստան «փափուկ ուժի» օգնությամբ. «Նրան հաջողվել է Թաթարստանում բավական շատ բան կառուցել թուրք ներդրողների փողերով։ Եվ, ինչպես գիտենք, որտեղ փող կա, այնտեղ գաղափարախոսություն։ Յակուտիայում ադամանդներ կան, դրանք հետաքրքիր են թուրքերին։ Նրանց հետաքրքրում է նաև «Հյուսիսային Թուրքեստանի» վերածննդի հայեցակարգը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու են Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարներն այցելում Յակուտիա, նույնիսկ Էրդողանի որդին էր եկել։ Նրանք այս շրջանների բնակիչներին անվանում են «հյուսիսային թուրքեր»։ Ամենուր, նրբանկատորեն ներշնչում են՝ «Մենք մեկ ժողովուրդ ենք» գաղափարը»(22)։ Այնպես որ, չնայած 1990-ական թթ. Յակուտիայում պանթյուրքական գաղափարներ տարածող քարոզիչները հաջողություններ չունեցան, «Բայց դա չէր նշանակում, որ Թուրքիան ընդմիշտ մոռացել է Յակուտիայի մասին։ Պարզապես, այն տարիներին դրա համար ո՛չ ժամանակ կար, և ո՛չ էլ բավարար ուժ՝ լիարժեք գործելու համար»(23):
Վերջին տարիներին միջազգային թյուրքական կազմակերպությունները և Թուրքիայի գործարարները փորձում են հարաբերություններ հաստատել նաև Խակասիայի հետ։ Օրինակ, Անկարայի վերահսկողության տակ գտնվող «Թյուրքական աշխարհի քաղաքապետարանների միության» (Türk Dünyası Belediyeler Birliği) ներկայացուցիչները 2023 թ. սեպտեմբերի 23-ին այցելեցին Խակասիա։ Տեղական ինքնակառավարման մարմիների հետ հանդիպման ժամանակ միության անդամները հայտարարեցին, որ նպատակ ունեն քննարկել տեղական ինքնակառավարման հետ կապված խնդիրները, պահպանել պատմամշակութային ժառանգությունը և զարգացնել համագործակցությունը տնտեսության ոլորտում։ Սակայն, ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները՝ «Թյուրքական աշխարհի քաղաքապետարանների միության» միջոցով Անկարան առաջ է մղում իրեն անհրաժեշտ գաղափարներ, միաժամանակ ամրապնդում է սեփական դիրքերը ՌԴ հեռավոր բնակավայրերում։ Թյուրքական աշխարհի մյուս բոլոր ներկայացուցիչները (բացի Թուրքիայից) մնում են երկրորդական կամ էպիզոդիկ դերերում»(24)։
Անկարան փորձում է այս շրջաններ ներթափանցել նաև մասնավոր լրատվական գործակալությունների թղթակիցների միջոցով։ Այսպես, 2021 թ․ Խակասիայում Ռուսաստանի իրավապահները լրտեսության մեղադրանքով ձերբակալեցին թուրքական GZT լրատվականի խմբագիրներ՝ Ղազախստանի քաղաքացի, ռազմական թղթակից, պանթյուրքիստական հայացքներ ունեցող Նազգուլ Քենժեթային և Թուրքիայի քաղաքացի Էմին Քարաչաքին։ Պաշտոնապես նրանք այնտեղ էին եկել զբոսաշրջային նպատակներով։ Սակայն, հանրապետության տարածքում՝ առանց հավատարմագրման, վավերագրական ֆիլմ էին նկարահանում:
Ինչպես նկատում են որոշ վերլուծաբաններ․ «Նրանք ամենևին էլ չէին ժամանել ՌԴ-ի էթնիկ փոքրամասնությունների բանահյուսական ժառանգությունը փնտրելու համար։ Նրանք եկել էին օտար, բազմազգ մի երկիր, որտեղ ապրում են նաև թյուրքական ժողովուրդներ՝ փնտրելով նրանց վրա ճնշումների և կեղեքումների ապացույցներ։ Մյուս կողմից՝ պանթյուրքիստական տրամադրություններ սերմանելու և ՌԴ էթնիկ խմբերի պատմության մեջ վտանգավոր «հակագաղութարարային» նարատիվ մտցնելու համար կապեր էին հաստատել այն բնակիչների հետ, ովքեր վերջերս են ընդունել իսլամ»(25):
Ուշագրավ է, որ 2019 թ․ նրանք նույն մեղադրանքով ձերբակալվել էին Յակուտիայում և Ալթայում համանման գործունեություն իրականացնելու համար։ Սակայն, այն ժամանակ գործը սահմանափակվել էր տուգանքների վճարումով, իսկ այս անգամ դրամական տուգանքից բացի, երկու ձերբակալվածներն էլ վտարվել են Ռուսաստանից(26)։
Անկարան միայն վերջերս է սկսել հետաքրքրվել Խակասիայի հետ տնտեսական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Վերջին տարիներին Խակասիայում իրականացվում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության» զարգացման ազգային ծրագիր, որը նախաձեռնել է ՌԴ նախագահը և վերահսկվում է առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի կողմից։ Այս նախագծի շրջանակներում 2024 թ. փետրվարի 16-ին Խակասիա այցելեց «MK MINGKANG» թուրքական ընկերության նախագահ Էլգեզեն Հաքանը։ Ընկերությունը շահագրգռված է զարգացնել երկկողմ հարաբերությունները Խակասիայի հետ և նպատակ ունի առաջիկա տարիներին ներդրումներ իրականացնել հատկապես զբոսաշրջությանն առնչվող նախագծերում(27)։
Այլ փաստեր չկան, որոնք կվկայեն, որ Թուրքիան Խակասիայի տնտեսությունում ունի գործուն ներկայություն։
Նույնը կարելի է ասել Տուվայի մասին։ Նրա կապերը Թուրքիայի հետ սահմանափակվում է միայն «Թյուրքսոյ»-ի հետ համագործակցությամբ, որի կազմում Տուվայի Հանրապետությունն ունի «դիտորդ երկրի» կարգավիճակ։ Ամեն դեպքում, ավելորդ չէ նշել, որ կազմակերպության շրջանակներում վերջին տարիներին ուսումնասիրվում է շամանականություն ու տուվիերեն, իսկ Անկարայում հիմնադրված «Թյուրքական համագործակցության և համակարգման գործակալություն»-ը ժամանակ առ ժամանակ իր կողմից հովանավորվող երաժշտական տարբեր խմբերի է գործուղում Տուվա՝ տարատեսակ միջոցառումների մասնակցելու համար(28)։
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ամփոփելով նշենք, որ՝
ԽՍՀՄ փլուզումից հետո, օգտվելով ՌԴ-ում տիրող ներքաղաքական անկայունությունից և չեչենական հակամարտությունից՝ Բ․ Ելցինի իշխանության տարիներին Անկարան համաթյուրքական նշանակության և իսլամական տարբեր հոսանքներին հարող պետական և իշխանամերձ կառույցների միջոցով ակտիվ ջանքեր գործադրեց Ռուսաստանի թյուրքաբնակ շրջաններում ազդեցություն ձևավորելու ուղղությամբ։
Իրավիճակն այս առումով փոխվեց նահագահ Վ․ Պուտինի օրոք։ Հաշվի առնելով ծայրահեղ իսլամական հոսանքների վտանգավորությունը, ՌԴ անտանգության ուժերի ջանքերով, սկսած 2002 թ․-ից ընդհուպ մինչև 2016 թ․-ը՝ կասեցվեցին թյուրքաբնակ շրջաններում Անկարայի կողմից ուղղորդվող և ֆինանսանյութական աջակցությամբ գործող բազմաթիվ կրոնական, այդ թվում՝ գյուլենական համարվող լիցեյներն ու հաստատությունները։ Չփակված հաստատությունները գտնվում են ուժայինների խիստ վերահսկողության ներքո, որոշ կազմակերպությունների անդամներն էլ գործում են ընդհատակում։
Չնայած դրան, ռուս մասնագետների կարծիքով, հետխորհրդային շրջանում, վերջին 25 տարիներին ՌԴ-ում Թուրքիայի կրոնական արդյունավետ միջամտության արդյունքում արդեն իսկ ձևավորվել է մահմեդական հավատացյալների մի զգալի խումբ, որն ավելի շատ գնահատում է իր կապերը Անկարայի, քան՝ Ռուսաստանի հետ։ Հետևելով այս եզրակացությանը, կարելի է ասել, որ Անկարան ՌԴ-ում ձևավորել է իր քաղաքական շահերը սպասարկող «հինգերորդ շարասյուն» կամ ազդեցության գործակալներ, որոնք աշխարհաքաղաքական բարենպաստ պայմանների դեպքում էթնիկ հողի վրա հանրության ավելի լայն շերտերի կարող են մղել հնարավոր անջատողական գործողությունների։ Նույնիսկ չի բառացվում, որ ազդեցության գործակալները ներդրված լինեն դաշնային սուբյեկտների քաղաքական ինստիտուտներում ու ուժային կառույցներում, ինչը նկատելի էր ոչ վաղ անցյալում՝ հատկապես 2000-ականների սկզբին։
Ունի արդյո՞ք Անկարան թյուրքալեզու պետությունների և ՌԴ թյուրքալեզու դաշնային սուբյեկտների հետ երկարաժամկետ ռազմավարություն։ Այո՛, այն արտացոլված է «Թյուրքական աշխարհի 2040 թ․ տեսլական»-ում, որը հրապարակվել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» կողմից՝ 2021 թ․ նոյեմբերին։ Իհարկե, փաստաթղթում ՌԴ-ի մասին խոսք չկա, սակայն այն ակնարկում է այնտեղ բնակվող թյուրքերին՝ անուղղակիորեն, հետևյալ ընդհանրական ձևակերպումներով՝ «աշխարհի թյուրքեր», «թյուրքական ժողովուրդներ», «թյուրքական աշխարհ»։ Իսկ ինչ են հասկանում Անկարայում՝ «թյուրքական աշխարհ» ասելով, ավելի պարզ դարձավ, երբ փաստաթղթի հրապարակումից մեկ օր անց Թուրքիայի լրատվականներով ներկայացվեց «թյուրքական աշխարհի քարտեզը», որը որպես նվեր հանձնվեց Էրդողանին «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի կողմից։ Դրանում պատկերված էին նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ՝ Դաղստանից և Օրենբուրգի մարզից մինչև Ալթայ և Յակուտիա(29)։
Քանի որ վերջին տարիներին Թուրքիան ձգտում է Ռուսաստանի հետ պահպանել լավ հարաբերություններ, ապա Մոսկվային չզայրացնելու համար Անկարան մոտ ապագայում «թյուրքական մշակույթի ու ինքնության պահպանման» քողի տակ՝ ՌԴ թյուրքերի հետ կշարունակի հարաբերվել մշակութային համագործակցության և մշակութային փոխանակումների շրջանակներում, կրթական ծրագրերով և, բնականաբար, առևտրատնտեսական կապեր զարգացնելով։ Իսկ այս գործընթացներում, ինչպես այսօր է, Անկարան առաջնագիծ դուրս կբերի իր ողջ զինանոցը՝ համաթյուրքական նշանակության կառույցներն ու Թուրքիայում գործող մի շարք ազգայնական ուղղվածության կվազիպետական ուղեղային կենտրոնները (օրինակ՝ «21 դար» թուրքական ինստիտուտը, Ասիական ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնը), որոնք վերջին տարիներին «թյուրքական աշխարհի» վերաբերյալ գեներացնում են տարբեր գաղափարներ (օրինակ՝ «թյուրքական սուպերէթնոս», «թուրանական նավթ», «թյուրքական սփյուռք» և այլն)։
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Simavoryan A. (2019). Media Cooperation of Turkic Speaking States. https://science/hal-03546073/ (բեռնման օրը՝ 02.02.2024).
- Симаворян А. (2018). Турция и сотрудничество диаспор тюркоязычных стран. «Глобус» аналитический журнал, 3 (92), 10–17.
- Аватков В.А. (2014). Неоосманизм. Базовая идеологема и геостратегия Турции. «Свободная мысль». № 3. с. 76.
- Иванов, В. В. (2014). Движение Фетхуллаха Гюлена в России и странах СНГ. «Мусульманский мир», (3), с.
- ФСБ России пресекла деятельность турецкой религиозной секты “Нурджулар”. (15.12.2002). https://ria.ru/20021215/282282.html (բեռնման օրը՝ 02.02.2024).
- Начитались до экстремизма. Ячейку запрещенной организации собрали в суде, (10.01.2023). https://www.kommersant.ru/doc/5759469 (բեռնման օրը՝ 03.02.2024)․
- Сулейманов Р. Р. (2016). Религиозная экспансия Турции в Татарстан в постсоветский период.«Вестник МГИМО Университета», 2, 47, с. 45.
- В Башкирском педуниверситете открылась кафедра ТЮРКСОЙ. (06.09.2012). https://www.bashinform.ru/news/culture/2012-09-06/v-bashkirskom-peduniversitete-otkrylas-kafedra-tyurksoy-2164509 (բեռնման օրը՝ 02.02.2024).
- Приостановка взаимодействия с ТюрКСОЙ и культ турецкого в Башкирии. (02.12.2015). https://regnum.ru/news/2026210 (բեռնման օրը՝ 05.02.2024).
- Государства-наблюдатели. https://www.turksoy.org/ru-RU (բեռնման օրը՝ 05.02.2024).
- ДУМ Чувашии прекращает сотрудничество с исламскими организациями Турции. (01.12.2015). https://regnum.ru/news/2024660 (բեռնման օրը՝ 05.02.2024).
- Угур Йылмаз: «Товарооборот Татарстана и Турции за девять месяцев превысил $2 млрд»․ (23․11․2023)․ https://realnoevremya.ru/news/299024-vneshnetorgovyy-oborot-tatar stana-i-turcii-uzhe-prevysil-2-mlrd (բեռնման օրը՝ 12․02․2024)․
- Турция все больше заинтересована в Башкортостане как в деловом партнере․ (27.11.2023). https://selnivi.ru/articles/ekonomika/2023-11-27/turtsiya-vse-bolshe-zainteresovana-v-bashkortostane-kak-v-delovom-partnere-3538837 (բեռնման օրը՝ 12․2024).
- Дмитрий Родионов. Великий Туран рвётся в Якутию: Что проповедники «тюркского мира» забыли в русской Сибири. (11.2021), https://life.ru/p/1448929 (բեռնման օրը՝ 05.02.2024).
- Билал Эрдоган: «Я в восторге от Якутии!». (04.07.2019). https://xn--14-9kcqjffxnf3b.xn--p1ai/news/bilal-erdogan-ya-v-vostorge-ot-yakutii/ (բեռնման օրը՝ 02.07.2024).
- «Борьба за национальные регионы России только разворачивается»: эксперт, Доктор политических наук Илдус Ярулин о заявлении Тюркской академии «Якутия – непризнанное мировым сообществом тюркское государство». 11.2021, «Vostok.Today», https://vostok.today/40234-borba-za-nacionalnye-regiony-rossii-tolko-razvorachivaetsja-jekspert.html (բեռնման օրը՝ 05.02.2024).
- Кто и зачем пытается внедрить в Хакасию протурецкие организации. (09.2023). https://vg-news.ru/n/168687 (բեռնման օրը՝ 08.02.2024).
- Аля Каминская․ Турция ищет лазейки для захода в тюркоязычные регионы России.(212.2021). https://anna-news.info/turtsiya-ishhet-lazejki-dlya-zahoda-v-tyurko yazych nye -regiony-rossii/ (բեռնման օրը՝ 10.02.2024)․
- В Хакасии задержаны журналисты, снимавшие для турецких СМИ фильм о тюркских общинах. Их высылают из России. (21.12.2021), https://www.currenttime.tv/a/v-hakassii-zaderzhany-zhurnalisty-snimavshie-dlya-turetskih-smi-film-o-tyurkskih-obschinah-ih-vysylayut-iz-rossii/31619689.html (բեռնման օրը՝ 10.02.2024).
- Андрей Похабов․ В Хакасию приехал инвестор из Турции․ (16․02․2024), https://gazeta19.ru/index.php/v-khakasii/item/96633-v-khakasiyu-priekhal-investor-iz-turtsii (բեռնման օրը՝ 16.02.2024)․
- Mevlevî Müziği ve Semâ Ayini TİKA’nın Desteği ile Tuva’da İlk Kez Sahnelendi․ (09.09.2017), https://tika.gov.tr/detail-evlevi_muzigi_ve_sema_ayini_tika%27nin_destegi_ile_ tuva_da_ilk_kez_sahnelendi/ (բեռնման օրը՝ 10.02.2024)․
- Cumhurbaşkanı Erdoğan ve Bahçeli, Türk Dünyası Haritası ile poz verdi. (17.11.2021), https://www.haber7.com/siyaset/haber/3163248-cumhurbaskani-erdogan-ve-bahceli-turk-du nyasi-haritasi-ile-poz-verdi (բեռնման օրը՝ 12․02․2024)․
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 18.02.2024 թ.։
(3) Տես Simavoryan A. (2019). Media Cooperation of Turkic Speaking States. https://hal.science/hal-03546073/ (բեռնման օրը՝ 17.12.2024), նաև՝ Симаворян А. (2018).Турция и сотрудничество диаспор тюркоязычных стран. «Глобус» аналитический журнал, 3 (92), сс. 10–17.
(4) Аватков В.А. Неоосманизм. Базовая идеологема и геостратегия Турции // «Свободная мысль». 2014, № 3, с. 76.
(5) Иванов В. В., Движение Фетхуллаха Гюлена в России и странах СНГ. «Мусульманский мир», 2014, № 3, с. 49.
(6) ФСБ России пресекла деятельность турецкой религиозной секты “Нурджулар”, (15.12.2002). https://ria.ru/20021215/282282.html (բեռնման օրը՝ 02.02.2024).
(7) Начитались до экстремизма. Ячейку запрещенной организации собрали в суде, (10.01.2023). https://www.kommersant.ru/doc/5759469 (բեռնման օրը՝ 03.02.2024)․
(8) Сулейманов Р. Р. (2016), Религиозная экспансия Турции в Татарстан в постсоветский период. «Вестник МГИМО Университета», 2 (47), с. 45.
(9) Цибенко В. В., (2019), Турецкое религиозное влияние в Республике Башкортостан в контексте этнополитических процессов. «Исламоведение», 10 (1), сс. 27–40.
(10) Նույն տեղում, էջ 46։
(11) В Башкирском педуниверситете открылась кафедра ТЮРКСОЙ. (06.09.2012). https://www.bashinform.ru/news/culture/2012-09-06/v-bashkirskom-peduniversitete-otkrylas-kafedra-tyurksoy-2164509 (բեռնման օրը՝ 02.02.2024).
(12) Приостановка взаимодействия с ТюрКСОЙ и культ турецкого в Башкирии. (02.12.2015). ИА REGNUM, https://regnum.ru/news/2026210 (բեռնման օրը՝ 05.02.2024).
(13) Государства-наблюдатели. https://www.turksoy.org/ru-RU (բեռնման օրը՝ 05.02.2024).
(14) Պաշտոնաթող դիվանագետ։ 2014–2016 թթ․ եղել է Թուրքիայի դեսպանը Ռուսաստանում։ Ահմեթ Դավութօղլուի «Ապագա» կուսակցության համահիմնադիրներից։
(15) Чувашия экспортировала в Турцию туристов и получала «пятую колонну»․ Нынешний посол Турции «крышевал» в Чебоксарах ассамблею тюркских народов․ (25.11.2015). https://pravdapfo.ru/ articles/76780-chuvashiya-eksportirovala-v-turciyu/ (բեռնման օրը՝ 05.02.2024).
(16) ДУМ Чувашии прекращает сотрудничество с исламскими организациями Турции. (01.12.2015). ИА REGNUM, https://regnum.ru/news/2024660 (բեռնման օրը՝ 05.02.2024).
(17) Угур Йылмаз: «Товарооборот Татарстана и Турции за девять месяцев превысил $2 млрд»․ (23․11․2023), Реальное время, https://realnoevremya.ru/news/299024-vneshnetorgovyy-oborot-tatarstana-i-turcii-uzhe-prevysil-2-mlrd (բեռնման օրը՝ 12․02․2024)․
(18) Турция все больше заинтересована в Башкортостане как в деловом партнере․ (27.11.2023). https://selnivi.ru/articles/ekonomika/2023-11-27/turtsiya-vse-bolshe-zainteresovana-v-bashkortostane-kak-v-delovom-partnere-3538837 (բեռնման օրը՝ 12․02․2024).
(19) Türkiye ile Tataristan ilişkileri artarak devam edecek․ (15.12.2016). https://www.deik.org.tr/basin-aciklamalari-turkiye-ile-tataristan-iliskileri-artarak-devam-edecek (բեռնման օրը՝ 05.02.2024).
(20) Дмитрий Родионов. Великий Туран рвётся в Якутию: Что проповедники «тюркского мира» забыли в русской Сибири (10.11.2021). https://life.ru/p/1448929 (բեռնման օրը՝ 05.02.2024).
(21) Билал Эрдоган: Я в восторге от Якутии! (04.07.2019). https://xn--14-9kcqjffxnf3b.xn--p1ai/news/bilal-erdogan-ya-v-vostorge-ot-yakutii/ (բեռնման օրը՝ 02.07.2024).
(22) «Борьба за национальные регионы России только разворачивается»: эксперт, Доктор политических наук Илдус Ярулин о заявлении Тюркской академии «Якутия – непризнанное мировым сообществом тюркское государство», (21.11.2021). Vostok.Today. https://vostok.today/40234 -borba-za-nacionalnye-regiony-rossii-tolko-razvorachivaetsja-jekspert.html (բեռնման օրը՝ 05.02.2024).
(23) Дмитрий Родионов. Ук. Соч., (բեռնման օրը՝ 05.02.2024).
(24) Кто и зачем пытается внедрить в Хакасию протурецкие организации. 26.09.2023, https://vg-news.ru/n/168687 (բեռնման օրը՝ 08.02.2024)
(25) Аля Каминская․ Турция ищет лазейки для захода в тюркоязычные регионы России․ (27.12.2021)․ https://anna-news.info/turtsiya-ishhet-lazejki-dlya-zahoda-v-tyurkoyazychnye-regiony-rossii/ (բեռնման օրը՝ 10.02.2024)․
(26) В Хакасии задержаны журналисты, снимавшие для турецких СМИ фильм о тюркских общинах. Их высылают из России (21.12.2021). https://www.currenttime.tv/a/v-hakassii-zaderzhany-zhurnalisty-snimavshie-dlya-turetskih-smi-film-o-tyurkskih-obschinah-ih-vysylayut-iz-rossii/31619689.html (բեռնման օրը՝ 10.02.2024)․
(27) Андрей Похабов․ В Хакасию приехал инвестор из Турции․ (16․02․2024)․ https://gazeta19.ru/ index.php/v-khakasii/item/96633-v-khakasiyu-priekhal-investor-iz-turtsii (բեռնման օրը՝ 16.02.2024)․
(28) Mevlevî Müziği ve Semâ Ayini TİKA’nın Desteği ile Tuva’da İlk Kez Sahnelendi․ (09.09.2017). https://tika.gov.tr/detail-evlevi_muzigi_ve_sema_ayini_tika%27nin_destegi_ile_tuva_da_ilk_kez_sahnelendi/ (բեռնման օրը՝ 10.02.2024)․