ԱՊՀ, Սահմանակից երկրներ

ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՄ ԱԶԿ-Ի ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

(Գերմանական մամուլի արձագանքները)

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

2024 թ. հունվարին հայտնի դարձավ, որ Գերմանիայում թուրքական համայնքը հիմնում է նոր քաղաքական կազմավորում, որը կոչվում է «Ժողովրդավարական դաշինք հանուն բազմազանության (կամ հավասարության) և զարթոնքի» (հապավումը՝ «DAVA»

Ինչպես հաղորդում է «BILD»-ը, «DAVA»-ի չորս առաջատար թեկնածուներն են՝

  • Համբուրգից` Մուստաֆա Յոլդաշը, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից գրանցված է որպես «ՀԱՄԱՍ» կազմակերպության կողմնակից,
  • Ալի Իհսան Ունլուն՝ Ներքին Սաքսոնիայից, տեղական «DITIB»-ի (Կրոնական հարցերով թուրք-իսլամական միություն)՝ Թուրքիայի կրոնական գործերի գործակալության անմիջական հսկողության տակ գտնվող կազմակերպության անդամ,
  • փաստաբան, Հայոց ցեղասպանությունը ժխտող Ֆաթիհ Զինգալը՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայից, ով նախկինում Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) անդամ էր, և այն թողեց՝ Եվրոպայում Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, և
  • ինքնահռչակ իրավապաշտպան Թեյֆիկ Օզջանը, ով՝ «DAVA»-ի ղեկավարն է(3)։

Վերջիններիս բնորոշմամբ՝ «DAVA»-ի նպատակն է դառնալ «նոր քաղաքական կենտրոն բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր ներկայացված չեն գործող կուսակցություններում և հաստատակամորեն հավատարիմ են քաղաքական մասնակցությանը»: Գաղափարախոսական տեսանկյունից այն համարվում է իսլամական-պահպանողական քաղաքական կազմավորում։ Սակայն, նրանց հիմնական ցանկությունը Եվրախորհրդարանում հայտնվելն է (ընտրությունները տեղի են ունենալու 2024 թ. հունիսի 9-ին

ԳԴՀ քաղաքական տարբեր գործիչներ և փորձագետներ հանդես եկան քննադատությամբ՝ մեղադրելով «DAVA»-ին՝ Թուրքիայի կառավարության և իշխող կուսակցության հետ ունեցած սերտ կապերի համար։ Գերմանիայում արդեն օրեր շարունակ քննարկում են Էրդողանի նոր «կուսակցության» հարցը, և ըստ որոշ կարծիքների՝ ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանը կարող է օգտագործել «DAVA»-ն՝ ուժեղացնելու իր ազդեցությունը Գերմանիայում և Եվրոպայում։

«DAVA»-ի գլխավոր չորս անդամները այս կամ այն կերպ կապված են Էրդողանի հետ և նախկինում բազմիցս մեծ ջանքեր են գործադրել՝ պաշտպանելու վերջինիս քննադատներից(4)։ «BILD»-ի գլխավոր խմբագիր Մարիոն Հորնի բնութագրմամբ
«DAVA»-ի ղեկավար կազմի անդամներից մեկը «ՀԱՄԱՍ»-ի ընկերն է, մյուսները՝ «DITIB»-ի պաշտոնյա և «ԱԶԿ»-ի լոբբիստ, իսկ «DAVA»-ի նախագահը, զարմանալիորեն, Էրդողանի բացահայտ երկրպագու է»(5): Նրա կարծիքով Գերմանիային պետք չեն քաղաքական գործիչներ, որոնք փոքրիկ Էրդողաններ են և, ըստ էության, այլ պետության ավտոկրատ տիրակալի ազդեցության գործակալներ։

Համաձայն Միգրացիայի և անվտանգության հարցերով փորձագետ Քրիստոֆ դե Վրիեսի՝ «DAVA»-ն ունի հստակ ռազմավարություն. «Մահմեդականներին պատկերել որպես ռասիստական ​​մեծամասնության հասարակության զոհեր և հանդես գալ որպես նրանց շահերի պաշտպաններ: Կարծում եմ, որ հրատապ է, որ մեր անվտանգության մարմինները ուշադիր հետևեն այս կուսակցության գործունեությանը և դրա կապերին թուրքական կառավարության հետ և միջամտեն, եթե թուրքական կառավարությունը ուղղակի ազդեցություն գործադրի»(6):

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը նույնիսկ զգուշացրեց Էրդողանին, որ Գերմանիայում ընտրությունների վրա դրսից ազդելու ցանկացած փորձ չի հանդուրժվի։

Ակնհայտ է, որ միգրանտները, որոնք երկար ժամանակ թուրքական պետության համար դիտվում էին միայն իբրև փողի աղբյուր, Էրդողանի օրոք վերածվել են նաև քաղաքական ռեսուրսի՝ թե՛ ներքին, և թե՛ արտաքին ճակատներում։ Թուրքիան միշտ էլ ակնկալիքներ է ունեցել եվրոպական իր համայնքներից՝ կապված ԵՄ անդամակցության գործընթացի, Կիպրոսյան և Քրդական հարցերի, Հայոց ցեղասպանության հետ։ Այդ ուղղությամբ աշխատանքները պետական մակարդակով իրականացնում են թուրքական համայնքի կրոնա-մշակութային, քաղաքական (թուրքական) կուսակցություններն ու, նույնիսկ, գործարար միությունները։ Պատահական չէ, որ իրենց դիրքերն ամրապնդելու, Եվրոպայում քաղաքական հենարան ունենալու նպատակով «ԱԶԿ»-ն դեռևս 2004 թ. էր Գերմանիայում հիմնադրել «Եվրոպայի թուրք դեմոկրատների միություն» (Union of European Turkish Democrats-UETD) կազմակերպությունը, որը թուրքերով բնակեցված եվրոպական երկրներում ունի 10-ից ավելի մասնաճյուղ և հանդիսանում է «ԱԶԿ»-ի աջ ձեռքը Եվրոպայում։ Նրա մասնաճյուղերի կողմից Գերմանիայում անցկացվող միջոցառումները երբևէ չեն անցել առանց «ԱԶԿ» պատգամավորների, անգամ՝ թուրք նախարարների մասնակցության։ Այժմ, ինչպես տեսնում ենք, ի լրումն «DİTIB»-ի և «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության», որոնք ազդեցության գործիքներ են Էրդողանի համար, վերջինս Գերմանիայի թուրքական սփյուռքի՝ իրեն հավատարիմ ներկայացուցիչների մասնակցությամբ և ղեկավարությամբ ստեղծում է նոր քաղաքական միավորում՝ ի դեմս «DAVA»-ի։

Հետևաբար, թե անվտանգության, թե՛ քաղաքականության առումով Գերմանիայի տարբեր քաղաքական շրջանակների կողմից անհանգստությունն ու մտահոգությունները անտեղի չեն։ Օրինակ՝ Քրիստոֆ դե Վրիեսը, ով «DAVA»-ն սահմանում է՝ որպես «թուրք-իսլամական ​​կուսակցություն», առաջարկում է, որ «Գերմանիայի անվտանգության ստորաբաժանումները անպայման վերահսկեն այս կուսակցությունը»(7)։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը՝ տեսակետներ են հնչում, որ «DAVA»-ն կարող է փոխել ոչ միայն Գերմանիայի, այլև՝ Եվրոպայի քաղաքական դաշտը և ի զորու է ուժեղացնել «ԱԶԿ» խմբավորումը Եվրախորհրդարանում՝ դառնալով Էրդողանի խոսափողը Եվրոպայում։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 02.02.2024 թ.։

(2) Jetztkommt die Erdogan-Partei. 28.01.2024, https://www.bild.de/politik/inland/politik-inland/es-geht-ihr-um-mehr-macht-in-deutschland-jetzt-kommt-die-erdogan-partei-86935048.bild.html  (բեռնման օրը՝ 01.02.2024).

(4) Faeserwarnt Erdogan. 30.01.2024, https://www.bild.de/politik/inland/politik-inland/nach-dava-gruendung-nancy-faeser-warnt-erdogan-vor-wahl-einmischung-86971032.bild.html (բեռնման օրը՝ 01.02.2024).

(5) Ich brauche in Deutschland keine Politiker, die kleine Erdogans sind. 27.01.2024, https://www.bild.de/ politik/kolumnen/kolumne/man-braucht-in-deutschland-keine-politiker-die-kleine-erdogans-sind-86934294.bild.html  (բեռնման օրը՝ 01.02.2024).

(6) Jetztkommt die Erdogan-Partei. 28.01.2024, https://www.bild.de/politik/inland/politik-inland/es-geht-ihr-um-mehr-macht-in-deutschland-jetzt-kommt-die-erdogan-partei-86935048.bild.html  (բեռնման օրը՝ 01.02.2024).

(7) Նույն տեղում։