Մերձավոր Արևելք, Սահմանակից երկրներ

Թուրքիա–Իրաք. կավարտվի՞ արդյոք ջրային հակամարտությունը

Արեստակես Ս. Սիմավորյան(1)(2)

Գաղտնիք չէ, որ ջուրը ռազմավարական ռեսուրս է և ինքնին պետությունների անվտանգությանն առնչվող խնդիր։ Դրա խոսուն վկայությունն են պատմության տարբեր ժամանակաշրջաններից առ այսօր երկրագնդի տարբեր հատվածներում տեղի ունեցած 1634 ջրային հակամարտությունները(3)։

Թուրքիայի և Իրաքի միջև ջրի խնդիրը հիմնականում պտտվում է Տիգրիս և Եփրատ գետերի հետ կապված հարցի շուրջ։ Եփրատ և Տիգրիս գետերի ջրի օգտագործումը, որոնք սկիզբ են առնում Թուրքիայից և Իրաքի տարածքով հոսում են Պարսից ծոց, երկու երկրների համար էլ կենսական նշանակություն ունի: Թուրքիայի կողմից այս գետերի վրա ամբարտակների կառուցումը միջպետական հարաբերություններում վիճաբանության առարկա է դարձել, քանի որ դա նվազեցրել է ջրի հոսքը դեպի Իրաք, հատկապես՝ չոր ժամանակահատվածում: Այս խնդիրները սկիզբ են առել 1960-ական թվականներից հետո, երբ Թուրքիան «GAP»-ի նախագծի շրջանակներում սկսեց կառուցել Քեբանի ամբարտակը։ Այս գործընթացի շրջանում Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի միջև բանակցություններ ու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, սակայն, կողմերի միջև կարծիքների հիմնարար տարբերությամբ և այլ պատճառներով պայմանավորված, լիարժեք համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց։

Ավելին, Թուրքիային զուգահեռ Սիրիան սկսեց հիդրոէներգիայի և ոռոգման ներուժի զարգացման իր ծրագիրը, որից անմիջապես հետո լարվածություն առաջացավ երեք երկրների միջև։ 1975 թ.-ին Իրաքը նույնիսկ սպառնաց ռմբակոծել սիրիական Թաբքա ամբարտակը։ Կարելի է ասել, որ գետի հոսքը բաժանելու հարցի շուրջ Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ մինչ օրս։ Ինչ որ մի պահի կողմերը ցանկանում էին, որ երեք երկրները միավորվեն և համաձայնագիր ստորագրեն՝ ջրերի հավասար բաշխումը որոշելուց հետո։ Թուրքիան հայտարարեց, որ Սիրիան և Իրաքը նույնպես իրավունքներ ունեն Եփրատի և Տիգրիսի նկատմամբ, սակայն ավելի կարևոր էր համարում ջրերը ռացիոնալ օգտագործել և խուսափել վատնելուց։ Ուստի, Անկարան տեղեկացրեց, որ չի կարող այդ հարցի վերաբերյալ պարտավորեցնող համաձայնագիր կնքել Սիրիայի և Իրաքի հետ՝ մինչև «GAP» նախագծի լիարժեք իրականացումը, երբ պարզ կլիներ, թե ապագայում որքան ջուր էր պահանջվելու ոռոգման համար։

Սակայն ժամանակի հետ, թուրքական կողմը սկսեց նոր հիդրոէլեկտրակայաններ, ամբարտակներ և ոռոգման համակարգեր կառուցել, ինչը նվազեցրեց հատկապես Իրաքի ջրային ռեսուրսները։ Մասնավորապես, Տիգրիս գետի վրա կառուցվել է Իլիսուի ամբարտակն ու հիդրոէլեկտրակայանը, այս նախագծի շրջանակներում ավելի փոքր չափերի հասնող Ջիզրեի ամբարտակի կառուցումը պետք է ավարտվի 2027թ.-ին։ Ի դեպ, անցյալ տարի Իրաքի մի խումբ գիտնականների կատարած հետազոտության համաձայն՝ կանխատեսվում է, որ այս և մյուս ամբարտակները բացասական ազդեցություն կթողնեն Իրաքի սոցիալ-տնտեսական դրության վրա(4)։

2018 թ. թուրքական իշխանությունները հավաստիացնում էին, որ ջուրը Իրաքի հետ կբաժանվի «հավասար, ողջամիտ և ամենահարմար ձևով», մինչդեռ Իրաքի ջրային տնտեսության այն ժամանակվա նախարար Հասան Ալ-Ջաբանին քննադատեց Անկարային` «ջուրը որպես սակարկության ապրանք օգտագործելու համար»։ Իրաքը, ինչպես նշում է վերջինս, կմնա խոցելի այնքան ժամանակ, քանի դեռ չկա ջրի վերաբերյալ միջազգային իրավունքի ընդհանուր մեկնաբանություն(5): Մյուս կողմից, Իրաքի պաշտոնյաները պնդում են, որ Տիգրիս գետի վրա գտնվող Իլիսու ամբարտակի պատճառով երկրի ջրամատակարարումը նվազել է 34%-ով, և Իրաքում ջրի սակավության պատճառով նույնիսկ առաջացել են ավազի փոթորիկներ։

2022 թ. ջրային ռեսուրսների նախարար Մահդի Ռաշիդը նշեց, որ Տիգրիս գետի մակարդակը 2021 թ. համեմատ նվազել է 60%-ով: Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հաքիմ ալ Զամիլին նույնիսկ սպառնացել էր, թե կխզի տնտեսական հարաբերություններն ու առևտրային փոխանակումները Թուրքիայի հետ՝ Եփրատ և Տիգրիս գետերի ջրի մակարդակի անկման պատճառով(6):

Իրաքի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Իհսան ալ-Շամմարիի մեկնաբանությամբ. «Քանի որ Թուրքիան խուսափում է ջրային համաձայնագիր կնքել միջազգային իրավունքի համաձայն, նա միշտ օգտագործել է ջրի խաղաքարտը Իրաքի դեմ, որպեսզի թույլ չտա Իրաքին վճռական դիրքորոշում ընդունել Թուրքիայի դեմ այլ ոլորտներում։ Իրաքը չունի շատ այլընտրանքներ և չունի ուժեղ ճնշման խաղաքարտ, որը կարող է օգտագործել Թուրքիայի դեմ։ Այս իրավիճակն ինքնին խնդիր է։ Ուստի դա թուլացնում է Իրաքի ձեռքը այն ժամանակ, երբ ջրի խնդիրը, որը մեծ ճնշում է գործադրում նրա վրա, սրվում է»(7)։

2024 թ. ապրիլի 22-ին, 13 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական այցով մեկնեց Իրաք։ Երկու երկրների միջև բանակցությունների օրակարգում ներառված էին հարցերի լայն շրջանակ՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգություն, տնտեսագիտություն, էներգետիկա, առևտուր և այլն։ Այցի մասին «ԱՌՎԱԿ» կենտրոնը նախկինում տվել է իր մեկնաբանությունը(8)։

Այցից հետո հայտնի դարձավ, որ «Իրաքի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև ջրային ոլորտում համագործակցության շրջանակային համաձայնագիր» է ստորագրվել, համաձայն որի՝ կողմերը համատեղ կառուցելու են ամբարտակ, իրականացնելու են կեղտաջրերի մաքրում և ստեղծելու են ոռոգման համակարգեր՝ Իրաքի տարածքում։ Լայն առումով՝ համաձայնագրից բխող ծրագրերի համաձայն երկու երկրների սահմանին գտնվող Տիգրիսի ձախ վտակի՝ Փոքր Զաբ գետի վրա համատեղ կառուցվելու է ամբարտակ, միևնույն ժամանակ, նախատեսվում է հիմնել ոռոգման կայաններ, ՀԷԿ-եր, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով նաև ջրի մաքրման կայաններ(9)։

Պայմանագրի կնքումից հետո, որոշ լավատեսական գնահատականներով, երկու երկրների միջև ջրային հարցը կարող է վերջնականապես լուծված համարվել, որը ժամանակ առ ժամանակ սրում էր երկու երկրների հարաբերությունները։ Սակայն, հաշվի առնելով, որ Անկարան թե՛ Սիրիայի և թե՛ Իրաքի հետ ունեցած պայմանագրի առկայության պարագայում անգամ բազմիցս խախտել է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, հատկապես այդ երկրներ սահմանված քանակի ջուր բաց թողնելու հարցում, ուստի տարբեր պատճառաբանություններով պայմանավորված՝ Անկարան կարող է գործի դնել նույն գործելաոճը։ Ըստ էության, այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու երկրները չունեն պարտավորվածություն, որը կբխի ջրերի բաշխման մասին կողմերի միջև կնքված միջազգային համաձայնագրից, ինչպես որ շատ երկրներ ունեն։ Հետևաբար, Անկարայի և Բաղդադի համար խնդիրների «լուծումը» դեռևս մնում է երկկողմ հարաբերությունների տիրույթում։ Իսկ այս պարագայում, որպես միջոց՝ ինչպես նախկինում էր, մնում են փոխադարձ քննարկումներն ու հանդիպումները, որոնց շրջանակներում հարցը միշտ սահմանափակվել է ավելի շատ ջուր բաց թողնելու Անկարայի խոստումներով: Այնպես որ, քիչ հավանական է, որ երկու երկրների միջև ջրի բաշխման և կառավարման գործելակերպերը սահմանող երկկողմ պայմանագրերի առկայությունն ու դրանց հավատարիմ մնալը, կարող են ապահովել ջրային ռեսուրսների ավելի արդար բաշխում, հատկապես՝ Անկարայի կողմից:

Ինչ վերաբերում է Իրաքի հետ կնքված վերջին միջպետական պայմանագրին, ապա այն չի ենթադրում Թուրքիայի ջրային ռեսուրսների կառավարում, այլ հակառակը՝ ենթադրում է բուն Իրաքի սահմաններում առկա ջրային ռեսուրսների օգտագործմանն ու առկա ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված համատեղ ներդրումներ։ Գուցե այս քայլով Թուրքիան փորձում է լիցքաթափել ջրային հարցերում Իրաքի իշխանությունների մոտ «կուտակված» զայրույթը և ներդրումային քաղաքականությամբ սիրաշահել, որպեսզի հեռու պահի Բաղդադին հարցը միջազգային ատյաններ տեղափոխելուց։ Հիշեցնենք,  որ վերջին տարիներին Իրաքի քաղաքական ղեկավարությունն ակնարկում էր, որ հարցը կարող է տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Water Conflict Chronology․ https://www.worldwater.org/conflict/map/
  2. Haghighi A. T., Akbari M., Noori R., Mehr A. D., Gohari A., Sönmez M. E., Kløve B. (2023). The impact of Turkey’s water resources development on the flow regime of the Tigris River in Iraq. Journal of Hydrology: Regional Studies48, 101454.
  3. Erika Solomon․ Why water is a growing faultline between Turkey and Iraq․ (04.07.2018). https://www.ft.com/content/82ca2e3c-6369-11e8-90c2-9563a0613e56
  4. Irak: Fırat ve Dicle’de su seviyesi düşmeyi sürdürürse Türkiye ve İran ile ilişkiler kesilebilir (09.06.2022). https://tr.euronews.com/2022/06/09/irak-f-rat-ve-dicle-de-su-seviyesi-dusmeyi-surdururse-turkiye-ve-iran-ile-iliskiler-kesile
  5. Irak-Türkiye su ilişkileri ve ertelenen vaatler․ (28.12.2020). https://turkish.aawsat.com/ home/article/2708206/irak-t%C3%BCrkiye-su-ili%C5%9Fkileri-ve-ertelenen-vaatler
  6. Türkiye-Irak arasında su sorunu nasıl çözülecek? (25.04.2024)․ https://anlatilaninotesi.com.tr/20240425/turkiye-irak-arasinda-su-sorunu-nasil-cozulecek-1083148983.html
  7. Эрдоган стремится упорядочить отношения с Ираком․ Комментарий Центра АРВАК, 23.04.2024․ https://tinyurl.com/4j25x2c9

(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021-2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։

(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 30.04.2024 թ.։

(3) Water Conflict Chronology. https://www.worldwater.org/conflict/map/ (բեռնման օրը՝ 28.04.2024).

(4) Haghighi A. T., Akbari M., Noori, R., Mehr A. D., Gohari A., Sönmez M. E., Kløve B. (2023). The impact of Turkey’s water resources development on the flow regime of the Tigris River in Iraq. Journal of Hydrology: Regional Studies48, 101454. (բեռնման օրը՝ 28.04.2024).

(5) Erika Solomon. Why water is a growing faultline between Turkey and Iraq. (04.07.2018). https://www.ft.com/content/82ca2e3c-6369-11e8-90c2-9563a0613e56 (բեռնման օրը՝ 28.04.2024).

(6) Irak: Fırat ve Dicle’de su seviyesi düşmeyi sürdürürse Türkiye ve İran ile ilişkiler kesilebilir (09.06.2022). https://tr.euronews.com/2022/06/09/irak-f-rat-ve-dicle-de-su-seviyesi-dusmeyi-surdururse-turkiye-ve-iran-ile-iliskiler-kesile (բեռնման օրը՝ 28.04.2024).

(7) Irak-Türkiye su ilişkileri ve ertelenen vaatler. (28.12.2020). https://turkish.aawsat.com/home/ article/2708206/irak-t%C3%BCrkiye-su-ili%C5%9Fkileri-ve-ertelenen-vaatler (բեռնման օրը՝ 28.04.2024).

(8) Эрдоган стремится упорядочить отношения с Ираком. Комментарий Центра АРВАК, 23.04.2024. https://tinyurl.com/4j25x2c9 (բեռնման օրը՝ 28.04.2024).

(9) Türkiye-Irak arasında su sorunu nasıl çözülecek? (25.04.2024). https://anlatilaninotesi.com.tr/20240425/turkiye-irak-arasinda-su-sorunu-nasil-cozulecek-1083148983.html (բեռնման օրը՝ 28.04.2024).