Թուրքիայի բալիստիկ հրթիռների ծրագիրը՝ որպես տարածաշրջանային մարտահրավեր
Վերջերս իր ելույթում (07.01.2025) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայըփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան մշակում և ստեղծում է ավելի քան 2000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ։ Նույն ելույթի ընթացքում վերջինս նաև հայտնեց՝ Թուրքիայի օդային անվտանգությունն ուժեղացնելու նպատակով հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգի սերիական թողարկման մասին։ Առաջին անգամ չէ, որ Էրդողանը հանդես է գալիս նման հայտարարություններով։ Ոչ պատահականորեն դրանք տեղի են ունենում նախագահական և պառլամենտական ընտրությունների նախաշեմին կամ երկրում ծայր առած տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ փորձելով այդ կերպ լիցքաթափել սոցիալ-տնտեսական լարվածությունը հանրության շրջանում։
Ամեն դեպքում, պաշտպանական արդյունաբերությունում գրանցված հաջողությունները և անվտանգության քաղաքականության վերաբերյալ խոսույթները շարունակում են մնալ ԱԶԿ-ի և նախագահ Էրդողանի քարոզչական ռազմավարության մաս։ Ավելորդ չէ նշել, որ Թուրքիան ձգտում է նաև միանալ համաշխարհային տիեզերական մրցավազքին, որտեղ սովորաբար գերակշռում են խոշոր տերությունները։ Երկրում հնչում են տեսակետներ, որ օրակարգ բերված «տիեզերական դիսկուրսը» «փախուստ է տիեզերք»՝ երկրում առկա առաջնային խնդիրներից հանրությանը շեղելու համար(3), կամ այն օգտագործվում է ներքին քաղաքականության, այլ ոչ թե տիեզերական նպատակների և ուսումնասիրությունների համար(4):
Ինչևէ, չշեղվելով հոդվածի բուն թեմայից, անդրադառնանք բալիստիկ հրթիռների ոլորտում Թուրքիայի ձեռնարկած քայլերին:
Բալիստիկ հրթիռները, որոնք ամենատարրական իմաստով սահմանվում են որպես հեռահար կառավարվող կամ չկառավարվող հրթիռներ (կարող են կրել մեկ կամ մի քանի սովորական, քիմիական, կենսաբանական կամ միջուկային մարտագլխիկներ), այսօր մեծ դեր են խաղում պետությունների անվտանգության և պաշտպանության համակարգերում: Այս առումով բացառություն չէ նաև Թուրքիան։ Չնայած ֆինանսական հնարավորությունների սղությանը և արտասահմանյան ռազմական նշանակության որոշ կրիտիկական տեխնոլոգիաներից ունեցած կախվածությանը, այնուամենայնիվ, վերջին տարիներին Թուրքիան զգալի առաջընթաց է գրանցել պաշտպանական տեխնոլոգիաների՝ ներառյալ հրթիռային համակարգերի, ԱԹՍ-ների, ռազմական տարատեսակ տեխնիկայի արտադրության ոլորտում, ինչպես նաև սպառազինության արտահանման մասով(5)։
Հրթիռների (այդ թվում՝ բալիստիկ) կարողությունների զարգացմանն ուղղված Անկարայի նկրտումները, նախ և առաջ նպատակաուղղված են սեփական ռազմավարական/ ռազմական ինքնավարության բարձրացմանը, և երկրորդ՝ այս ոլորտում հաջողություններ գրանցած հարևան պետություններից (Իրան, ՌԴ, Սաուդյան Արաբիա, Իսրայել) հետ չմնալուն։ Այնուամենայնիվ, բալիստիկ հրթիռների արտադրությունն ուղեկցվում է որոշ մարտահրավերներով, որոնք տեղավորվում են թե՛ տեխնիկական/տեխնոլոգիական, թե՛ աշխարհաքաղաքական, և թե՛ ֆինանսատնտեսական հարթություններում:
Հրթիռաշինության ոլորտում Թուրքիան առաջին քայլերն իրագործել է դեռևս 1950-ականների վերջին, որի նախաձեռնողը եղել է այդ երկրի քաղաքացի, հայազգի գյուտարար Գիրգոր Դիվարջըն։ Վերջինիս նախագծով ստեղծված և Թուրքիայի բանակի աջակցությամբ արձակված առաջին հրթիռի՝ Marmara I-ի(6) փորձարկումը տեղի է ունեցել 1962 թ., որին հաջորդել են Marmara–II, Marmara-III, Marmara-IV, այնուհետ՝ Hürriyet-I և Hürriyet-II հրթիռների փորձարկումները։ Սակայն, 1962 թ. փորձարկման համար նախատեսված տարածքները փակվել, իսկ ուսումնասիրությունները կտրուկ դադարեցվել են(7)։
Կարելի ասել, որ վերը հիշատակված իրադարձություններից հետո` ընդհուպ մինչև «Սառը պատերազմի» ավարտը, այս ուղղությամբ արմատական փոփոխություններ տեղի չունեցան։ Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո գրեթե երկու տասնամյակների ընթացքում Թուրքիան «կամովին» հրաժարվել էր սպառազինություն արտադրելուց՝ ապավինելով ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից նվիրաբերված և պատրաստի գնված սպառազինության համակարգերին։ Պաշտպանական տեխնոլոգիաների նկատմամբ երկրի վերաբերմունքը փոխվեց 1974 թ.-ին, երբ թուրքական բանակը զավթեց Կիպրոսի Հանրապետության հյուսիսային շրջանները, ինչի հետևանքով ԱՄՆ-ի կողմից ենթարկվեց էմբարգոյի։
Ինչ վերաբերում է Թուրքիայում բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներին, ապա դրանք սկիզբ առան 1990-ականներին։ Ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության, թեև բալիստիկ հրթիռներ մշակելու Թուրքիայի առաջին քայլերն արվել են Պակիստանի հետ համագործակցությամբ 1970 թթ. վերջին, սակայն դրական արդյունքներ են գրանցվել 1997 թ.-ին Չինաստանի հետ ստորագրված լիցենզավորման համաձայնագրի կնքումից հետո, որի շրջանակներում բացառապես չինական տեխնոլոգիաներով ստեղծվեց 150 կմ հեռահարությամբ J-600T Yıldırım բալիստիկ հրթիռը։ 2001 թ., երբ այն հաջողությամբ փորձարկվեց, սկսեցին տեսակետներ հնչել, որ այդպիսով Անկարան նախազգուշական լուրջ ազդակ է ուղարկում իր հարևաններին՝ Իրանին, Սիրիային և Իրաքին, որոնց հրթիռների հեռահարությունը հասնում է հազարավոր կիլոմետրերի(8)։
Ինչևէ, նույն համաձայնագրի շրջանակներում թուրքական ROKETSAN և չինական CPMIEC (China National Precision Machinery Import and Export Corporation) ընկերությունների համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծվեց նաև T-300 Kasirga հրթիռային կայանքը։ Նշենք, որ Չինաստանի հետ համագործակցությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ամերիկյան M-270 MLRS ծանր հրթիռահրետանային համակարգի տեխնոլոգիաների փոխանցման և Թուրքիայում լիցենզիայի ներքո դրա արտադրության վերաբերյալ բանակցությունները ձախողվեցին։
Նույն ժամանակահատվածում Անկարան ձգտում էր հրթիռաշինության ոլորտում համագործակցել նաև Իսրայելի հետ։ Թուրքիայի նախկին վարչապետ Ն. Էրբաքանի օրոք՝ 1996 թ. օգոստոսի 28-ին, Իսրայելի հետ կնքվեց պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցությանը միտված համաձայնագիր։ Փաստաթղթով նախատեսվում էր երկու երկրների ռազմաարդյունաբերական ընկերությունների համագործակցություն՝ տեխնոլոգիաների փոխանցման, թուրքական օդուժի և ցամաքային տեխնիկայի արդիականացման, ինչպես նաև սպառազինության համատեղ արտադրության ոլորտում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր որոշակի թվով իսրայելական Popeye-I և Popeye–II թևավոր հրթիռների վաճառքին և Թուրքիայում Popeye-II հրթիռների համատեղ արտադրություն հիմնելուն։ Սակայն, քանի որ իսրայելական այս հրթիռների արտադրության և լիցենզավորման իրավունքները պատկանում էին ԱՄՆ-ին, վերջինս հավանություն չտվեց, որի արդյունքում էլ մոտ $150 մլն արժողությամբ համատեղ գործարանն այդպես էլ չստեղծվեց(9)։
BORA ԵՎ TAYFUN ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հրթիռաշինության ոլորտում Չինաստանի հետ համագործակցության շրջանակներում բավականաչափ փորձ ձեռք բերած Թուրքիայում իշխանության եկած ԱԶԿ-ն, հատկապես 2010 թ.-ից սկսած, խնդիր դրեց անցնել «հրթիռային զինամթերքի ամբողջովին ներքին և ազգային արտադրության»։ Արդյունքում՝ ներկայումս Անկարայի բալիստիկ հրթիռների զինանոցը ներկայանում է տարբեր հեռահարության BORA և TAYFUN անունները կրող տակտիկական բալիստիկ հրթիռներով։ Երկուսն էլ արտադրվում են ROKETSAN(10) թուրքական պաշտպանական արդյունաբերական ընկերության կողմից։ 2009 թ.-ից չինական B-611 բալիստիկ հրթիռի հիման վրա մշակված BORA բալիստիկ հրթիռն ունի 80-280 կմ հեռահարություն։ Այն փորձարկվել և շահագործման է հանձնվել 2017 թ. մայիսից։ Նշենք, որ BORA-ի արտադրությունում օգտագործվում են նաև որոշ դետալներ, որոնք հիմնականում ներմուծվում են ԱՄՆ-ից։ Հրթիռի KHAN՝ (BORA հրթիռի արտահանման համար ստեղծված) տարբերակը 2022 թ․ նոյեմբերից արտահանվում է Ինդոնեզիա(11)։
Ըստ թուրքական ոչ պաշտոնական աղբյուրների՝ ներկայումս ROKETSAN-ը խիստ գաղտնի պայմաններում աշխատում է BORA-2-ի բարելավված և թարմացված տարբերակի ստեղծման ուղղությամբ, ծրագրելով մեծացնել հրթիռի հեռահարությունը (300 կմ և ավելի)(12)։
Եթե BORA-ի հետ կապված պաշտոնական հայտարարություններ արվում էին նախքան փորձարկումը, իսկ այն առանց ավելորդ աղմուկի գույքագրվեց թուրքական ցամաքային զորքերի սպառազինության հաշվեկշռում, ապա TAYFUN (561 կմ հեռահարությամբ) հրթիռի մասին իրազեկումը տեղի ունեցավ միայն փորձարկումից հետո։ Կարելի է ենթադրել, որ դա արվում էր հնարավոր ձախողման դեպքերը տեղական և միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից հեռու պահելու համար, առավել ևս, որ առջևում 2023 թ.-ի նախագահական և պառլամենտական ընտրություններն էին։ Հայտնի է, որ ռազմատենչ դիրքերից հանդես եկող Ռ. Էրդողանն իր նախընտրական քարոզարշավների ընթացքում սիրում է հանրության առջև պարծենալ «նոր ստեղծված սպառազինություններով», ուստի ոլորտում ցանկացած տիպի ձախողում կարող էր անդրադառնալ նրա վարկանիշի վրա։ Եվ, քանի որ 2022 թ․ հոկտեմբերին TAYFUN հրթիռի փորձարկումը բարեհաջող անցավ, պաշտոնական ԶԼՄ-ները անմիջապես ազդարարեցին նոր հրթիռի վերաբերյալ՝ շեշտելով նաև նախագահ Ռ. Էրդողանի՝ դրա ստեղծման գործում ունեցած «մեծ ներդրման» մասին։ Վերջինս էլ իր հերթին ոգեշնչվելով փորձարկման բարեհաջող արդյունքներով, նշել է, որ եթե Հունաստանը ԱՄՆ-ից ստացված սպառազինությունները տեղակայի Դոդեկանեսի արշիպելագում, ապա Անկարան խիստ պատասխան կտա, այդ թվում՝ TAYFUN բալիստիկ հրթիռով(13)։ Ինչևէ, երկրորդ բարեհաջող փորձարկումից վեց ամիս անց` 2023 թ. հոկտեմբերին թուրքական բանակը համալրվեց նաև այս հրթիռներով։
ԷՐԴՈՂԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Նախագահ Ռ. Էրդողանի՝ «800 կմ հեռահարությամբ հրթիռների մեր պաշարը կավելացնենք, իսկ 2000 կմ և ավելի հեռահարությամբ հրթիռների մշակման ծրագիրը կարագացվի»(14) հայտարարությունը իսկական իրարանցում առաջացրեց տեղական և արտասահմանյան մամուլում, փորձագետների շրջանում։ Թուրքիայի ղեկավարը չհստակեցրեց, թե խոսքը ինչ հրթիռների մասին է, ուստի ոլորտով զբաղվող մասնագետների համար այն վերածվեց իսկական գլուխկոտրուկի։
Որոշ վերլուծաբանների կարծիքով, 800 կմ հեռահարությամբ հրթիռը կարող է լինել TAYFUN SRBM հիպերձայնային արագության հասնող բալիստիկ հրթիռը, որը հիմնված է TAYFUN տարբերակի վրա։ Այս հրթիռի մասին լուրը առաջին անգամ բացահայտվել է 2024 թ. սեպտեմբերի 24-ին «TurkishFacts4u» X օգտահաշվում հրապարակված գրառման միջոցով։ Ինչպես նշում են Global Defence News մասնագիտացված հանդեսի վերլուծաբանները՝ ROKETSAN-ը դեռ չի հրապարակել հրթիռի այնպիսի բնութագրերը, ինչպիսիք են՝ օպերատիվ հեռահարությունը, բեռնվածքի հզորությունն ու առաջադեմ առանձնահատկությունները՝ մանևրելու կարողությունները և հակապաշտպանությունից խուսափելու եղանակները(15):
Ամեն դեպքում, 800 կմ հեռահարության գոտում է գտնվում Հունաստանի ողջ տարածքը, որի հետ հարաբերություններն ավանդաբար լարված են, ինչպես նաև Իսրայելը, որը վերջերս հայտարարել է Թուրքիայի հետ ուղիղ առճակատման հավանականության մասին(16)։ Ինչպես երևում է ստորև բերված պատկերում (տես Նկ. 1), այդ միջակայքը բավական է նաև Իրանի զգալի հատվածին հարվածելու համար։ Այս միջակայքում են նաև Ռումինիան, Վրաստանը, ՀՀ-ն, ՌԴ-ի հարավային շրջանները և եվրոպական մի շարք այլ երկրներ։
Նկար 1. Հիպոթետիկ արձակման վայրերից 800 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռի խոցման գոտին (աղբյուրը՝ Defense Express)
2000 կմ և ավելի հեռահարության հրթիռի մասին հայտարարությունը, հավանաբար, վերաբերում է ROKETSAN-ի կողմից մշակվող CENK բալիստիկ հրթիռին կամ այլ հրթիռային ծրագրի, որի մասին դեռևս չի հայտարարվել: Ինչպես նախկինում էինք նշել, CENK հրթիռի ընթացիկ նախագիծը, որը կդառնա Թուրքիայի առաջին միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, իրականացվում է ծայրահեղ գաղտնիության պայմաններում։ Այն, ինչպես պնդում են, ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն, և բացառված չէ, որ դրա ստեղծման գործում Անկարային աջակցում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռների հարցում ավելի մեծ հաջողություններ գրանցած Իսլամաբադը(17)։ CENK-ն առաջին անգամ ցուցադրվեց հանրությանը 2023 թ․ մայիսին, և, ըստ հաղորդագրությունների, սպասվում էր, որ դրա փորձնական արձակումը տեղի կունենար մոտ ապագայում(18)։ Նույնիսկ կանխատեսվում էր, որ այն փորձարկվելու է մինչև 2024 թ. ավարտը։ Սակայն, նման փաստ ցայսօր պաշտոնապես արձանագրված չէ։ Ավելին, որպես ընթացիկ մշակվող նախագիծ՝ CENK-ն անգամ ներառված չէ Թուրքիայի «2024–2028 թթ. Պաշտպանական արդյունաբերության ոլորտային ռազմավարության» փաստաթղթում(19)։
Նկար 2. Հիպոթետիկ արձակման վայրերից 2000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռի խոցման գոտին (աղբյուրը՝ Defense Express)
Ամեն դեպքում, 2000 կմ հեռահարությունն արդեն տարածաշրջանային գերազանցության հավակնություն է (տես Նկ. 2): Ըստ վերլուծությունների, «Դա [Թուրքիային] թույլ կտա հարվածներ հասցնել Իրանի գրեթե ողջ տարածքին, Եվրոպայի մեծ մասին, Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային, ինչպես նաև ՌԴ արդյունաբերական և տնտեսական բավականին հեռավոր կենտրոնների՝ Կազանին, Ուֆային և Մագնիտոգորսկին»(20):
Ինչպես հայտնի է, 550 կմ-ից պակաս հեռահարությամբ թուրքական հրթիռների փորձարկումները հիմնականում իրականացվում են Սինոպում (նման դեպքերում հրթիռները սովորաբար արձակվում են դեպի ծովը), որտեղ կա, այսպես կոչված, «թեստային տիրույթ»: Սակայն, 800-2000 կմ հեռահարության հրթիռներով պայմանական թիրախներին հարվածներ հասցնելու և ավելի խիտ բնակեցված տարածքներում փորձարկումների հետ կապված վտանգներից խուսափելու համար թուրքական ռազմաարդյունաբերական համալիրին անհրաժեշտ է լինելու նոր տարածք։ Այդ նպատակով, սկսած 2022 թ.-ից Թուրքիան քննարկումներ է անցկացնում (վերջին անգամ՝ 2024 թ. սեպտեմբերին(21)) Սոմալիի կառավարության հետ՝ բալիստիկ հրթիռների փորձարկման կայան կառուցելու համար: Վայրի ընտրությունը պայմանավորված է վերջինիս ռազմավարական դիրքով՝ Աֆրիկայի արևելյան ծայրամաս, որտեղից կարելի է դեպի բաց օվկիանոս իրականացնել հեռահար հրթիռների անվտանգ փորձնական արձակումներ՝ մի բան, որն անհնարին է իրականացնել Թուրքիայի սահմաններում:
Հատկանշական է, որ չնայած Սոմալիի խորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Աբդի Ահմեդ Կոշինը հայտնել է, որ տեղյակ չէ Անկարայի հետ նման պայմանավորվածության մասին, այնուամենայնիվ, թուրք պաշտոնյաները հույս ունեն, որ վերջ ի վերջո բանակցությունները բարեհաջող ավարտ կունենան(22)։ Խորքային առումով, հրթիռների փորձարկման բազա հիմնելու նախագիծը Անկարայի ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ ամրապնդելու իր կապերը Սոմալիի հետ, որտեղ 2017 թ․-ից գործում է թուրքական ամենամեծ արտասահմանյան ռազմակայանը։
Եզրափակելով փաստենք, որ՝
- Անկարան փուլային մոտեցում է որդեգրել` սկզբում կենտրոնանալով կարճ և միջին հեռահարության հրթիռային համակարգերի, իսկ ներկայում՝ դրանց հեռահարության մեծացման և հրթիռային համակարգերի ճշգրտության բարելավման վրա։ Մյուս կողմից՝ բալիստիկ հրթիռների ստեղծումը պահանջում է շարժիչ համակարգերի փորձագիտություն, ուղղորդման տեխնոլոգիաների և մարտագլխիկների մշակում: Թեև այս մասով Թուրքիան առաջընթաց գրանցել է, սակայն, դեռևս որոշակի բաղադրիչների և տեխնոլոգիաների ձեռք բերման հարցում ստիպված է ապավինել միջազգային համագործակցությանը։ Օրինակ՝ համագործակցությունը ՆԱՏՕ-ից դուրս գտնվող երկրների հետ, ինչպիսիք են՝ Պակիստանը, Ուկրաինան և այլն, կարող է ապահովել կարևորագույն տեխնոլոգիաների և փորձաքննության հասանելիություն՝ նպաստելով Անկարայի հրթիռային տարբեր նախագծերի արագ ավարտին։
- Բալիստիկ հրթիռային համակարգերի մշակումն ու պահպանումը նաև բավականին ծախսատար է, որը պահանջում է կայուն ներդրումներ հետազոտությունների, մասնագետների պատրաստման, փորձարկումների և ենթակառուցվածքների զարգացման մեջ: Թուրքիայի ներկայիս տնտեսական ծանր դրությունը կարող է սահմանափակել այդ աշխատանքներին բավարար ֆինանսական ռեսուրսներ հատկացնելու նրա հնարավորությունը։ Պատահական չէ, որ այս և տիեզերական նախաձեռնությունները, որոնց համար միլիարդավոր դոլարներ են հատկացվում՝ Թուրքիայի որոշ շրջանակների կողմից խիստ քննադատության են ենթարկվում։
- Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին աչքի է ընկնում նաև սպառազինությունների նշանակալի արտահանումներով։ Առաջադեմ հրթիռային համակարգերը նույնպես կարող են հետաքրքրություն առաջացնել օտարերկրյա գնորդների շրջանում: Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմի» (MTCR) անդամ երկրներից է։ Այն սահմանափակում է բալիստիկ հրթիռների տարածումը (նաև որոշ տեսակի ԱԹՍ-ների վաճառքն այլ երկրներ), որոնք կարող են օգտագործվել քիմիական, կենսաբանական կամ միջուկային հարձակումների նպատակով: Դրանից ելնելով՝ MTCR-ն իր անդամներին խրախուսում է սահմանափակել հրթիռների և հարակից տեխնոլոգիաների իրենց արտահանումները, որոնք կարող են 500 կգ բեռ տեղափոխել առնվազն 300 կմ: 300 կմ-ից ավելի հեռահարությամբ հրթիռների հնարավոր արտահանումները կարող է պատժամիջոցների առաջ կանգնեցնել Անկարային: Մինչդեռ մինչև 300 կմ հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռների հավանական գնորդներ կարող են լինել Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք սահմանափակ հասանելիություն ունեն արևմտյան ռազմական տեխնոլոգիաներին:
- Մեր դիտարկումներից ելնելով՝ նշենք, որ Անկարայի բալիստիկ հրթիռների կարողությունների զարգացումը անհանգստություն է առաջացնում ոչ միայն Թուրքիայի մերձակա հարևան պետությունների, այլև՝ համաշխարհային տերությունների շրջանում: Կարծում ենք, որ Հունաստանը, Իսրայելը և ԻԻՀ-ն, անգամ ՆԱՏՕ-ի մեջ մտնող որոշ դաշնակից պետություններ՝ բալիստիկ հրթիռների ստեղծման՝ Թուրքիայի կառավարության նախաձեռնությունները կարող են դիտարկել որպես տարածաշրջանն ապակայունացնող գործոն, որն ինչպես կարող է սրել լարվածությունը հարևան երկրների հետ, այնպես էլ՝ հրահրել սպառազինությունների մրցավազք տարածաշրջանի մակարդակով։
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
- İhsan Çaralan. ‘Monoloit’in gizeminin gölgesinde ‘ay’a gitme iddiası’ ne kadar inandırıcıdır? 10.02.2021, https://www.evrensel.net/yazi/88127/monoloitin-gizeminin-golgesinde-aya-gitme-iddiasi-ne-kadar-inandiricidir
- Erdem Sevgi. CHP Türkiye Uzay Ajansı (TUA) ve Milli Uzay Programı konusunda rapor hazırladı.02.2021, https://www.cumhuriyet.com.tr/haber/chp-turkiye-uzay-ajansi-tua-ve-milli-uzay-programi-konusunda-rapor-hazirladi-1814561
- Սիմավորյան, Ա. (2020). Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը. https://hal.science/hal-03545731/
- Bandırma Füze Kulübü’nün hikâyesi.05.2024, https://www.veryansintv.com/bandirma-fuze-kulubunun-hikayesi
- Başarılı olan ilk Türk füzesinin mucidi Kirkor Divarcı kimdir? 17.05.2022, https://www.fikriyat.com/galeri/biyografi/basarili-olan-ilk-turk-fuzesinin-mucidi-kirkor-divarci-kimdir
- Utku Çakırözer. Türkiye’de ilk üretilen füze olan ‘J’ Şile’de yapılan denemede göz doldurdu. 14.01.2002, https://web.archive.org/web/20111004191751/http://gbulten.ssm.gov.tr/arsiv/2002/01/14/2_copy(3).htm
- Türkiye & İsrail Savunma İş Birliği Anlaşması (1996). 03.11.2022, https://mavivatan.net/turkiye-israil-savunma-is-birligi-anlasmasi-1996/
- Kamer Kurunç. Endonezya Ordusu, KHAN (BORA) balistik füzesi atışını izledi. 10.07.2024, https://gdh.digital/endonezya-ordusu-khan-bora-balistik-fuzesi-atisini-izledi-120079
- Erdoğan’dan Atina’ya ‘Tayfun’ göndermesi: Füzelerimiz Yunan’ı ürkütüyor! 15.12.2022, https://www.milliyet.com.tr/gundem/cumhurbaskani-erdogan-genclerle-bir-araya-geldi-6870858
- Türkiye’den 2 Bin km Üstü Füze. 07.01.2025, https://www.sde.org.tr/savunma-sanayii/turkiye-den-2-bin-km-ustu-fuze-haberi-56682
- Breaking News: Türkiye Develops Hypersonic Missile Based on Roketsan’s Tayfun SRBM Variant. 24.09.2024, https://armyrecognition.com/news/army-news/army-news-2024/breaking-news-tuerkiye-develops-hypersonic-missile-based-on-roketsans-tayfun-srbm-variant
- Udi Etzion. Israel must prepare for potential war with Turkey, Nagel Committee warns.01.2025, https://www.jpost.com/israel-news/article-836362
- Սիմավորյան, Ա. (2024). Թուրքիա-Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. https://surl.li/iicxct
- CENK Ballistic Missile was Shown to The Public for the First Time. 12.05.2023, https://www.defenceturkey.com/tr/icerik/cenk-ballistic-missile-was-shown-to-the-public-for-the-first-time-5565
- Проти кого Туреччина розробляє ракети із дальністю 2000 км та збільшує кількість одиниць на 800 км․ 08․01․2025, https://surl.li/pbkrfn
- Adekunle Agbetiloye. La Turquie envisage de construire un site d’essai de missiles et de fusées spatiales dans la Corne de l’Afrique. 10.09.2024, https://qiraatafrican.com/fr/12790/la-turquie-envisage-de-construire-un-site-dessai-de-missiles-et-de-fusees-spatiales-dans-la-corne-de-lafrique/
- Bloomberg: Türkiye, Somali ile balistik füze test sahası kurulumu için görüşmelere başladı. 10.09.2024, https://medyascope.tv/2024/09/10/bloomberg-turkiye-somali-ile-balistik-fuze-test-sahasi-kurulumu-icin-gorusmelere-basladi/
- Bora 2 Füzesi | ROKETSAN.06.2021, https://www.sanalsavunma.com/bora-2-fuzesi-roketsan/
- 2024-2028 Savunma Sanayii Sektörel Strateji Dokümanı. https://www.ssb.gov.tr/Images/ Uploads/MyContents/F_20240917164305314800.pdf
(1) Արևելագետ, թուրքագետ: 2008–2019 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում՝ որպես Հայագիտական կենտրոնի ղեկավար, 2014-2021 թթ.-ին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն»-ի գիտաշխատող։ 2019–2021 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վերլուծական ծառայության» բաժնում՝ որպես ավագ փորձագետ։ 2021–2022 թթ. «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի «Գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի» գլխավոր արխիվագետ։ 100-ից ավելի գիտավերլուծական հոդվածների և 12 կոլեկտիվ մենագրության հեղինակ է։
(2) Հոդվածը խմբագրություն է հանձնվել 26.01.2025 թ.։
(3) İhsan Çaralan. ‘Monoloit’in gizeminin gölgesinde ‘ay’a gitme iddiası’ ne kadar inandırıcıdır? 10.02.2021, https://www.evrensel.net/yazi/88127/monoloitin-gizeminin-golgesinde-aya-gitme-iddiasi-ne-kadar-inandiricidir (բեռնման օրը՝ 12.01.2025).
(4) Erdem Sevgi. CHP Türkiye Uzay Ajansı (TUA) ve Milli Uzay Programı konusunda rapor hazırladı. 18.02.2021, https://www.cumhuriyet.com.tr/haber/chp-turkiye-uzay-ajansi-tua-ve-milli-uzay-programi-konusunda-rapor-hazirladi-1814561 (բեռնման օրը՝ 12.01.2025).
(5) Մանրամասն տես, Սիմավորյան, Ա. (2020). Թուրքիայի սպառազինության արտահանումն ու ներմուծումը. https://hal.science/hal-03545731/ (բեռնման օրը՝ 12.01.2025):
(6) Գիրգոր Դիվարջըի ստեղծած Marmara 1-ին հրթիռը, որն արձակվել է Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ՝ հասել է 920 մետր բարձրության և Թուրքիայի պատմության մեջ մտել է որպես «թուրքական արտադրության առաջին հրթիռը, որն արձակվել է երկինք»։ Սակայն, Գիրգոր Դիվարջըի տանը բռնկված հրդեհի արդյունքում նրա բոլոր նախագծերն ու աշխատանքները վերածվել են մոխրակույտի, որից հետո աշխատանքները հրթիռաշինության ուղղությամբ դադարեցվել են։ Տես, Bandırma Füze Kulübü’nün hikâyesi. 01.05.2024, https://www.veryansintv.com/bandirma-fuze-kulubunun-hikayesi (բեռնման օրը՝ 12.01.2025).
(7) Başarılı olan ilk Türk füzesinin mucidi Kirkor Divarcı kimdir? 17.05.2022), https://www.fikriyat.com/ galeri/biyografi/basarili-olan-ilk-turk-fuzesinin-mucidi-kirkor-divarci-kimdir (բեռնման օրը՝ 12.01.2025).
(8) Utku Çakırözer. Türkiye’de ilk üretilen füze olan ‘J’ Şile’de yapılan denemede göz doldurdu. 14.01.2002, https://web.archive.org/web/20111004191751/http://gbulten.ssm.gov.tr/arsiv/2002/01/14/2_copy(3).htm (բեռնման օրը՝ 12.01.2025).
(9) Türkiye & İsrail Savunma İş Birliği Anlaşması (1996), 03.11.2022, https://mavivatan.net/turkiye-israil-savunma-is-birligi-anlasmasi-1996/ (բեռնման օրը՝ 12.01.2025).
(10) Նշենք, որ ROKETSAN-ը մի քանի տասնամյակ շարունակ եղել է Թուրքիայի հրթիռային տեխնոլոգիաների առաջընթացի հիմնաքարը: 1988 թ. հիմնադրված ընկերությունը արտադրել է հրթիռների լայն տեսականի` օդային, ցամաքային և ծովային կիրառությունների համար և մեծ դեր է խաղում Թուրքիային պաշտպանական տեխնոլոգիաներում ինքնաբավության մղելու գործում:
(11) Kamer Kurunç. Endonezya Ordusu, KHAN (BORA) balistik füzesi atışını izledi. (10.07.2024). https://gdh.digital/endonezya-ordusu-khan-bora-balistik-fuzesi-atisini-izledi-120079 (բեռնման օրը՝ 12.01.2025).
(12) Bora 2 Füzesi | ROKETSAN. 27.06.2021, https://www.sanalsavunma.com/bora-2-fuzesi-roketsan/ (բեռնման օրը՝ 12.01.2025).
(13) Erdoğan’dan Atina’ya ‘Tayfun’ göndermesi: Füzelerimiz Yunan’ı ürkütüyor! (15.12.2022). https://www.milliyet.com.tr/gundem/cumhurbaskani-erdogan-genclerle-bir-araya-geldi-6870858 (բեռնման օրը՝ 15.01.2025).
(14) Türkiye’den 2 Bin km Üstü Füze. (07.01.2025). https://www.sde.org.tr/savunma-sanayii/turkiye-den-2-bin-km-ustu-fuze-haberi-56682 (բեռնման օրը՝ 15.01.2025).
(15) Breaking News: Türkiye Develops Hypersonic Missile Based on Roketsan’s Tayfun SRBM Variant. 24.09.2024, https://armyrecognition.com/news/army-news/army-news-2024/breaking-news-tuerkiye-develops-hypersonic-missile-based-on-roketsans-tayfun-srbm-variant (բեռնման օրը՝ 17.01.2025).
(16) Udi Etzion. Israel must prepare for potential war with Turkey, Nagel Committee warns. 06.01.2025, https://www.jpost.com/israel-news/article-836362 (բեռնման օրը՝ 17.01.2025).
(17) Սիմավորյան, Ա. (2024). Թուրքիա–Պակիստան համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. https://surl.li/iicxct (բեռնման օրը՝ 17.01.2025):
(18) CENK Ballistic Missile was Shown to The Public for the First Time. 12.05.2023, https://www.defenceturkey.com/tr/icerik/cenk-ballistic-missile-was-shown-to-the-public-for-the-first-time-5565 (բեռնման օրը՝ 17.01.2025).
(19) Տես, 2024-2028 Savunma Sanayii Sektörel Strateji Dokümanı. https://www.ssb.gov.tr/Images/Uploads/MyContents/F20240917164305314800.pdf (բեռնման օրը՝ 17.01.2025).
(20) Проти кого Туреччина розробляє ракети із дальністю 2000 км та збільшує кількість одиниць на 800 км. 08.01.2025. https://surl.li/pbkrfn (բեռնման օրը՝ 18.01.2025).
(21) Adekunle Agbetiloye. (10.09.2024). La Turquie envisage de construire un site d’essai de missiles et de fusées spatiales dans la Corne de l’Afrique․ https://qiraatafrican.com/fr/12790/la-turquie-envisage-de-construire-un-site-dessai-de-missiles-et-de-fusees-spatiales-dans-la-corne-de-lafrique/ (բեռնման օրը՝ 21.01.2025).
(22) Bloomberg: Türkiye, Somali ile balistik füze test sahası kurulumu için görüşmelere başladı. (10.09.2024). https://medyascope.tv/2024/09/10/bloomberg-turkiye-somali-ile-balistik-fuze-test-sahasi-kurulumu-icin-gorusmelere-basladi/ (բեռնման օրը՝ 21.01.2025).