Հրապարակում
Թուրքական քաղաքականության լիբանանյան ուղեգիծը. նպատակները, ռազմավարությունն ու ռիսկերը տարածաշրջանային կայունության համար

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 27.11.2026 թ.[1]
1. Բիլալ Էրդողանի պաշտոնական այցը և առաքելության կարգավիճակը
2026 թ. նոյեմբերի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ «Գիտելիքների տարածման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ղեկավար Բիլալ Էրդողանը, պաշտոնական այցով գտնվել է Լիբանանում: Ըստ Անկարայի և Բեյրութի կողմից տարածված պաշտոնական տեղեկատվության՝ այս ուղևորությունն իրականացվել է Լիբանանի կառավարության ղեկավարի տեղակալ Թարեք Միթրիի հրավերով:
Պաշտոնապես այս այցը չէր դասվում բարձր արարողակարգային նշանակություն ունեցող միջոցառումների շարքին։ Բիլալ Էրդողանը չի ներկայացնում Թուրքիայի պետական կառույցները և չի զբաղեցնում որևէ պաշտոն պետական ծառայությունում։ Լիբանանի դիվանագիտական պրակտիկայում առավել բարձր արարողակարգային կարգավիճակ ունեն նախագահի, վարչապետի կամ խորհրդարանի նախագահի նախաձեռնությամբ իրականացվող այցերն ու միջոցառումները, մինչդեռ նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալի անունից ուղարկված հրավերը համեմատաբար ավելի ցածր կարգավիճակ ունի։ Այնուամենայնիվ, Թուրքիայում Էրդողան կրտսերի ոչ պաշտոնական, բայց զգալի ազդեցությունը, ինչպես նաև Թարեք Միթրիի հեղինակությունն ու քաղաքական կշիռը վկայում են, որ այցի կազմակերպումը, ըստ էության, համաձայնեցված էր երկու երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության մակարդակում։ Ամենայն հավանականությամբ, Բեյրութն ու Անկարան նպատակահարմար են համարել այս կարևոր քաղաքական-դիվանագիտական շփմանը տալ երկրորդական նշանակության այցի արտաքին ձևաչափ՝ խուսափելու համար Թել Ավիվի և Թեհրանի հնարավոր բացասական արձագանքի առիթ ստեղծելուց, միաժամանակ նրանց հասցեագրելով հստակ արտաքին քաղաքական ազդակներ։
Իրականում Նեջմեդին Բիլալ Էրդողանը թուրքական փորձագիտական և վերլուծական շրջանակներում հաճախ դիտարկվում է որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնարավոր քաղաքական իրավահաջորդներից մեկը։ Ամենահաճախ հիշատակվող հավանական թեկնածուների թվում են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և «Բայքար» ընկերության համասեփականատեր Սելջուկ Բայրաքթարը։ Դիտորդների ուշադրությունն է գրավում այն հանգամանքը, որ Բիլալ Էրդողանին պարբերաբար ներգրավում են միջազգային նշանակության շփումներում և ոչ պաշտոնական ներկայացուցչական առաքելություններում, ինչը վկայում է նրա աստիճանական ինտեգրման մասին բարձր մակարդակի քաղաքական գործընթացներին։ Այդ համատեքստում նման ակտիվությունը հաճախ մեկնաբանվում է որպես իշխող էլիտայի ներսում հնարավոր իրավահաջորդության սցենարների շրջանակում նրա քաղաքական դերակատարման ամրապնդման դրսևորում։
Ինչ վերաբերում է Թարեք Միթրիին, ապա նա լիբանանյան քաղաքական ընտրանու առավել հեղինակավոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է, որը կայուն կապեր է պահպանում երկրի հիմնական էթնոկրոնական համայնքների և քաղաքական ուժերի հետ։ Լինելով հույն ուղղափառ դավանանքի արաբ և միջազգային ճանաչում ունեցող գիտնական, պատմաբան ու մշակութաբան՝ Միթրին վերջին տարիներին հետևողականորեն ներգրավված է եղել Լիբանանի պետական կառավարման համակարգում՝ ընդգրկվելով երկրի մի շարք կառավարությունների կազմում։ Դա պայմանավորված է ոչ միայն քրիստոնեական համայնքների համար լիբանանյան կոնֆեսիոնալ համակարգով նախատեսված ներկայացուցչական քվոտաներով, այլև նրա բարձր մասնագիտական հեղինակությամբ և միջհամայնքային վստահության մակարդակով։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հանգամանքները, ինչպես նաև Տրիպոլիի, Հյուսիսային Լիբանանի սուննի բնակչության և տեղական թուրքական ու թուրքմենական համայնքների սոցիալ-մշակութային առանձնահատկությունների խորքային իմացությունը նպաստել են նրան, որ երկրի ղեկավարությունը Բիլալ Էրդողանի այցի կազմակերպման պատասխանատվությունը վերապահի հենց Միթրիին։ Այս ընտրությունը հատկապես տրամաբանական էր՝ հաշվի առնելով, որ այցի ծրագրի հիմնական միջոցառումները կենտրոնացած էին Հյուսիսային Լիբանանում, որտեղ վերը նշված գործոններն ունեն առաջնային նշանակություն։
2. Ուղևորության ծրագիրը և բանակցությունների հիմնական ուղղությունները
Լիբանան ժամանելու օրը Բիլալ Էրդողանը, բացի Թարեք Միթրիից, Բեյրութում հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Ժոզեֆ Աունի, վարչապետ Նավաֆ Սալամի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի և դրուզների քաղաքական առաջնորդ Վալիդ Ջումբլաթի հետ։ Այնուհետև նա մեկնել է Լիբանանի հյուսիսային շրջաններ, մասնավորապես՝ Տրիպոլի, որտեղ այցելել է Ալ-Մանսուրի մզկիթ և Մևլևիհանեի պատմական համալիրը, որը վերականգնվել է թուրքական աջակցությամբ։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է անցկացրել նաև տեղի սուննի համայնքի և թուրքական ծագում ունեցող բնակչության ներկայացուցիչների հետ։ Այնուհետև Բիլալ Էրդողանն այցելել է Աքքարի նահանգ, որտեղ բանակցություններ է վարել տարածաշրջանի մուֆթի շեյխ Զեյդ Բաքքար Զաքարիայի և շրջանը ներկայացնող խորհրդարանականների հետ։ Թուրքական և լիբանանյան լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ տեղական վարչական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ռենե Մուավադի անվան (Քլեյաաթ) օդանավակայանի վերագործարկման հեռանկարները, ինչպես նաև Սիրիայի տարածքով Թուրքիան և Լիբանանը կապող ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունների վերականգնման հնարավորությունները։
Բեյրութում Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ Բիլալ Էրդողանի բանակցությունների օրակարգում առանցքային տեղ էին զբաղեցնում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Լիբանանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Իսկ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ բանակցություններն առավելապես կենտրոնացած էին Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև ռազմական բախումների հետևանքով տուժած հարավլիբանանյան շրջանների հետպատերազմյան վերականգնման գործընթացներին Թուրքիայի հնարավոր մասնակցության գործնական ուղղությունների վրա։
Ն. Բըրիի՝ որպես առանցքային զրուցակցի ընտրությունը պայմանավորված է Հարավային Լիբանանի շիա համայնքի ներկայացուցչի կարգավիճակով, որը դավանական քվոտավորման համակարգի շրջանակում զբաղեցնում է օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնը։ Լիբանանի բազմամարդ շիա համայնքի հետ հարաբերություններում Անկարայի դիրքերն ավանդաբար առավել խոցելի են եղել։ Այդ համատեքստում թուրքական ղեկավարությունը մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև Անկարայի և շիաների ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր հակառակորդ Թել Ավիվի միջև խորացող դիմակայության ֆոնին ընդհանուր խոսույթի ձևավորումը դիտարկում է որպես փոխվստահության ամրապնդման առավել արդյունավետ գործիքներ։
Միանշանակ, Բ. Էրդողանի և Ն. Բըրիի բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել «Հըզբոլլահ» շարժման խնդիրներին։ Թուրքական կողմի համար սկզբունքորեն կարևոր է հասկանալ պաշտոնական Բեյրութի ներկայիս դիրքորոշումը նշված ռազմաքաղաքական կառույցի նկատմամբ, ինչպես նաև շիա այլ խմբակցությունների գնահատականները կազմակերպության հեռանկարների վերաբերյալ՝ Սիրիայի և Իրաքի տարածքով Իրանի հետ նրա ուղիղ լոգիստիկ կապերի էական սահմանափակման պայմաններում: Հասկանալի պատճառներով այդ թեմատիկան չէր կարող արտացոլվել հանդիպման արդյունքներով պաշտոնական հաղորդագրությունում։ Նմանապես, չեն հրապարակվել Ն. Բըրիի, Ժ. Աունի և Ն. Սալամի հետ Բ. Էրդողանի խորհրդակցությունների մանրամասները Լիբանանին ռազմական օգնություն տրամադրելու Անկարայի նախաձեռնությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, օրակարգի այս ուղղությամբ կողմերի առաջընթացի առանցքային վկայություն դարձավ Լիբանանի խորհրդարանի կողմից 2026 թ. նոյեմբերի 12-ին՝ թուրք հյուրի այցի մեկնարկի օրը, «Հնգամյա ռազմական համագործակցության մասին» երկկողմ համաձայնագրի վավերացումը։
3. Տարածաշրջանային արձագանքներ և վերլուծական համայնքի գնահատականներ
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած «Ալ-Ահբար» պարբերականի փորձագետները Բ. Էրդողանի այցի հագեցած ծրագիրը կապում են Լիբանանում իր քաղաքական, դավանական և հասարակական ներկայությունն ամրապնդելու Անկարայի փորձերի հետ: Նմանատիպ դիրքորոշում ունեն իսրայելական Maariv պարբերականի վերլուծաբանները, որոնք նշում են Թուրքիայի ձգտումը՝ ընդլայնել ազդեցության գոտին Լիբանանի և հարակից Սիրիայի վրա՝ թուրք առաջնորդի որդու Բեյրութ և Տրիպոլի մասնավոր բնույթի ուղևորության պատրվակով։ Իր հերթին, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի վերլուծական շրջանակներն ու ԶԼՄ-ները նշում են, որ Էր Ռիադը և Աբու Դաբին, որոնք ակտիվորեն զարգացնում են ներդրումային գործունեությունը տարածաշրջանում, մանրամասն հետևել են Էրդողանի հանդիպումների ժամանակացույցին՝ Լիբանանում իրենց տնտեսական և արտաքին քաղաքական շահերի ոտնահարման ռիսկերը գնահատելու նպատակով: Իրանցի մեկնաբանները նաև ընդգծում են լիբանանյան ուղու վրա թուրքական ակտիվության նկատմամբ Թեհրանի մեծ ուշադրության անհրաժեշտությունը, քանի որ Անկարան փորձեր է ձեռնարկում լրացնելու ուժի առաջացած վակուումը տարածաշրջանում իրանական դիրքերի թուլացումից հետո, որը պայմանավորված է Սիրիայում իշխանության փոփոխությամբ և 2026 թ.-ին Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լայնածավալ ռազմական գործողություններով:
Ընդհանուր առմամբ, իսրայելցի, իրանցի և արաբ վերլուծաբանները, ինչպես նաև քաղաքական մեկնաբանները համակարծիք են, որ տարածաշրջանային իրարանցման պայմաններում Լիբանանը հուսալի արտաքին հենարան է փնտրում, որը երաշխավորում է պաշտպանություն արտաքին սպառնալիքներից և կարող է հավասարակշռել ներքաղաքական իրավիճակը: Երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը բարդանում է 1970–1980-ական թթ. առճակատման կրկնության ռիսկով՝ «բոլորի պատերազմները բոլորի դեմ» սկզբունքով։ Իսրայելի կողմից էական ռազմաքաղաքական ճնշում զգալով, մտավախություն հայտնելով Դամասկոսի գործողությունների առնչությամբ և չունենալով բավարար լծակներ «Հըզբոլլահ» շարժումը զսպելու համար, Բեյրութը կրկին կանգնած է ամբողջականության կորստի վտանգի առջև և արտաքին խնամակալության կարիք ունի: Դրա հետ մեկտեղ փորձագիտական հանրությունն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Թուրքիայի նկատմամբ Լիբանանի հաշվարկները կարող են սխալ լինել. խիստ սահմանափակ են նրան փաստացի աշխարհաքաղաքական խնամակալի կարգավիճակ տալուց հետո Անկարայի աճող ազդեցությունը զսպելու Բեյրութի հնարավորությունները:
Իսրայելցի վերլուծաբաններն ընդգծում են, որ Թուրքիայի դիրքերի ամրապնդումը տարածաշրջանային տեկտոնական տեղաշարժերից Լիբանանը ոչ միայն չի պաշտպանի, այլև ընդհակառակը, կհանգեցնի պետության ուղղակի ներգրավմանը տարածաշրջանային տերությունների միջև սրվող հակամարտության մեջ, ինչը կարող է ապակայունացման և լիբանանյան պետականության փլուզման պատճառ դառնալ:
4. Անկարայի ռազմավարական խնդիրները Լիբանանում
Վերլուծելով Բիլալ Էրդողանի այցի ծրագիրը, նրա հանդիպումներն ու տեղաշարժման ուղիները՝ փորձագետները հանգում են այն եզրակացության, որ Անկարան ձգտում է ամենակարճ ժամկետում «իր տրամադրության տակ ունենալ» ողջ Լիբանանը, նրա ռազմական, տնտեսական և պաշարների բազան՝ Թուրքիայի համար միանգամից մի քանի կարևոր խնդիրներ լուծելու համար.
ա. Անկարան ձգտում է ամրապնդել իր ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան ափին՝ նպատակ ունենալով թուլացնել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ռազմաքաղաքական դաշինքի դիրքերը տվյալ տարածաշրջանում:
բ. Թուրքական կողմը փորձում է միջնորդաբար Բեյրութի վրա ճնշում գործադրելու միջոցով ապակայունացնել Արևելյան Միջերկրական ծովում ձևավորված «գազային կոնսենսուսը», որի շրջանակներում 2000-ական թվականներից բացված «Քարշի», «Կանա Սիդոն» և «Աֆրոդիտե» խոշորածավալ հանքավայրերի բաշխումն իրականացվել է Իսրայելի, Լիբանանի և Կիպրոսի միջև:
գ. Անկարայի ռազմավարական նպատակը Լիբանանում շիա խմբավորումների ազդեցության մակարդակի բարձրացումն է և իրանամետ «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմաքաղաքական ներուժի թուլացումը, որը խոչընդոտում է Բեյրութի և Դամասկոսի նոր կառավարության միջև կառուցողական հարաբերությունների հաստատմանը: Դրանով իսկ իրականացվում է Լևանտի տարածքում սուննի դաշինքի ձևավորման նախաձեռնությունը։
դ. Անկարան երկկողմ համաձայնագրերի հիման վրա ձևավորում է քաղաքական-դիվանագիտական բազա՝ Լիբանանում սեփական ռազմական ներկայությունն օրինականացնելու համար: Ավելի վաղ նման ներկայություն թույլատրվում էր բացառապես ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության (UNIFIL) շրջանակներում, որի մանդատի ժամկետը լրանում է 2026 թ. դեկտեմբերին։
ե. Թուրքիան մտադիր է Լիբանանն ինտեգրել սեփական անդրտարածաշրջանային լոգիստիկ նախագծերում, ինչը նախատեսում է վերահսկողություն հաստատել երկրի միջերկրածովյան նավահանգստային ենթակառուցվածքի նկատմամբ և երկաթուղային մայրուղու կառուցում, որը պետք է Լիբանանի միջոցով թուրքական տարածքը միացնի Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հետ:
5. «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը և Իսրայելի զսպումը
Բիլալ Էրդողանի Լիբանան կատարած այցի առանցքային բովանդակային խնդիրների վերլուծությունը մատնանշում է Անկարայի կողմից համապարփակ ռազմավարության ձևավորումը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում և Արևելյան Միջերկրական ծովում Իսրայելի ռազմաքաղաքական ներկայության թուլացմանը, ինչպես նաև դրա հետագա քաղաքական և տնտեսական մեկուսացմանը: Այս ռազմավարության շրջանակներում Թուրքիան ակնկալում է հակաիսրայելական ռազմաքաղաքական պատնեշ ձևավորել հյուսիսային ուղղությամբ, ինչպես նաև էապես նվազեցնել IMEC գլոբալ տրանսպորտային միջանցքի ռազմավարական արժեքը, որում Իսրայելին առանցքային դեր է հատկացվում: Այդ խնդիրների իրականացման համար Անկարան առաջ է քաշում այլընտրանքային ենթակառուցվածքային նախաձեռնություններ՝ «Զարգացման ճանապարհ» նախագիծը (Թուրքիա–Իրաք–Պարսից ծոց) և Հիջազի երկաթուղու վերականգնման ծրագիրը (Թուրքիա–Լիբանան–Սիրիա–Հորդանան–Սաուդյան Արաբիա):
Իսրայելական փորձագիտական հանրությունը միահամուռ ընդգծում է, որ Թուրքիայի լիբանանյան օրակարգը գրեթե ամբողջությամբ կապված է հակաիսրայելական քաղաքականության հետ և կոչված է Լիբանանը ներառել Անկարայի լիակատար ազդեցության տիրույթի մեջ՝ հարևան Սիրիայի օրինակով: Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են, որ Լիբանանում իր գրեթե բոլոր ելույթներում և հանդիպումներում (ներառյալ տնտեսական, կրոնական և մշակութային հարցերի քննարկումները) Բիլալ Էրդողանը մշտապես անդրադարձել է Իսրայելի «ագրեսիվ պահվածքին» և Թել Ավիվից բխող սպառնալիքին համատեղ հակազդելու համար իսլամական աշխարհի համախմբման անհրաժեշտությանը: Բացի այդ, նա պարբերաբար անդրադարձել է հարևան Սիրիայի հետ Լիբանանի ամուր դաշինք հաստատելու անհրաժեշտությանը, որտեղ, նրա կարծիքով, Իսրայելը «նենգ քաղաքականություն» է վարում Ահմեդ աշ-Շարայի նոր կառավարության ղեկավարությամբ երկրի միավորման գործընթացը խափանելու համար: Բիլալ Էրդողանը նաև բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է Լիբանանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմամբ, սակայն այդ նպատակին հասնելու համար լիբանանյան բոլոր քաղաքական խմբակցություններն ու էթնո-կրոնական խմբերը, որոնք սերտորեն կապված են սահմանակից Սիրիայի դաշնակիցների և ազգակցական հատվածների հետ, պետք է դիմակայեն իսրայելական քաղաքականության ազդեցությանը, որն ուղղված է Լևանտի տարածաշրջանում համաիսլամական համերաշխության խաթարմանը:
Իսրայելական CURSORINFO ռուսալեզու պարբերականն այս համատեքստում ուշադրություն է հրավիրել Լիբանանի դրուզական համայնքի առանցքային առաջնորդներից մեկի՝ Վալիդ Ջումբլաթի հետ Բիլալ Էրդողանի հանդիպման վրա: Ի տարբերություն Լիբանանի, Սիրիայի և Իսրայելի դրուզական շրջանակներում մի շարք քաղաքական հակառակորդների, Վ. Ջումբլաթը հետևողականորեն պաշտպանում է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը և դեմ է երկրի հարավում դրուզական շրջանների անջատմանը: Այսպիսով, Վ. Ջումբլաթի հետ բանակցությունները կոչված էին ցուցադրելու Անկարայի դիրքորոշումը սիրիական Էս-Սուվեյդի ցեղակիցների շրջանում տիրող անջատողական տրամադրությունների՝ Իսրայելի և իսրայելական դրուզների կողմից օգտագործման անթույլատրելիության վերաբերյալ՝ որպես Սիրիայի ներքին հակամարտությանը Իսրայելի զինված ուժերի ռազմական միջամտության պատրվակ:
Փորձագիտական հանրության գնահատականքով, Էրդողան կրտսերի միջոցով Անկարայի կողմից Լիբանանի ղեկավարությանը փոխանցված առանցքային ուղերձը Բեյրութի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունների համապարփակ կարգավորում իրականացնելու առաջարկն է: Որպես պատասխան քայլ՝ թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնում հանդես գալ որպես Լիբանանի Հանրապետության անվտանգության երաշխավոր՝ Իսրայելի հետ նրա հարաբերություններում պահպանվող լարվածության պայմաններում: Միաժամանակ Անկարան ընդգծում է «Հըզբոլլահ» շարժմանը քաղաքական գործընթացներից հեռացնելու անհրաժեշտությունը, քանի որ նրա իրանամետ կողմնորոշումը բարդացնում է Բեյրութի երկխոսությունը Սիրիայի նոր իշխանությունների հետ և ձևավորում Լիբանանի հարավային տարածքների իսրայելական զավթման ռիսկերը: Այս նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու ծրագրի հաջող իրականացման պարտադիր պայման է հանդիսանում Լիբանանի բոլոր էթնո-կրոնական և քաղաքական ուժերի՝ ներառյալ քրիստոնեական դավանանքների, դրուզների, ալևիների և շիաների միջև համապարփակ փոխհամաձայնության ձեռքբերումը Սիրիայի միասնությանն աջակցելու և Ահմեդ աշ-Շարայի կառավարության օրինականության ճանաչման վերաբերյալ:
Ըստ էության, Թուրքիան առաջ է քաշում «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը, որը ենթադրում է «Հըզբոլլահ» ռազմաքաղաքական շարժման սպառիչ օտարացում կամ նրա հարկադիր ինտեգրում Բեյրութի նորացված թուրքամետ և սիրիամետ ուղեգծի հարացույցին։ ՌԴ փորձագիտական հանրության գնահատումների համաձայն, այս սցենարը բնութագրվում է իրատեսության բարձր աստիճանով, քանի որ Բեյրութի կենտրոնական պետական հաստատությունները, ինչպես նաև քաղաքական գործընթացի մասնակիցների մեծ մասը, ներառյալ՝ չափավոր շիա միավորումները, սպառել են «Հըզբոլլահ»-ի հանդեպ բարեհաճության սահմանը: Ներքաղաքական ուժերը ձգտում են նվազագույնի հասցնել հետագա ապակայունացման և արտաքին ռազմական միջամտության ռիսկերը, որոնք պայմանավորված են Իսրայելի և Դամասկոսի սուննի վարչակազմի հետ այս շարժման անզիջում դիմակայությամբ: Եթե նախկինում Լիբանանի պաշտոնական իշխանությունները բավարար ներուժ չունեին «Հըզբոլլահ»-ին ուղղակիորեն հակազդելու համար, ապա ներկայումս Անկարան հանդես է գալիս որպես արտաքին քաղաքական երաշխավոր, որը Լիբանանի ղեկավարությանն անհրաժեշտ հենարան է տրամադրում երկրում հզոր իրանամետ խմբավորման «վնասակար ազդեցությունը չեզոքացնելու» համար:
Անկարայի ձևակերպած աշխարհաքաղաքական համակցությունը հավասարապես սպառնալիք է Իրանի և Իսրայելի ռազմավարական շահերին։ Սիրիական հենակետի նկատմամբ վերահսկողության կորստի հետևանքով Թեհրանը կարող է վերջնականապես զրկվել Լիբանանում մնացորդային ազդեցությունից, ինչը կարող է հանգեցնել, այսպես կոչված, «շիական աղեղի» փլուզմանը, որը նախկինում սփռվել էր մինչև Միջերկրական ծովի արևելյան ափ: Թել Ավիվի համար, իր հերթին, էական վտանգ է ներկայացնում «սուննի առանցքի» համախմբումը, որի միջոցով Թուրքիան հետևողականորեն ընդլայնում է իր ազդեցության և անմիջական ներկայության գոտին Իսրայելի հյուսիսային և հյուսիս-արևելյան սահմանների մոտ: Իսրայելցի մի շարք ռազմավարական վերլուծաբանների և պետական գործիչների գնահատանքով, սուննի գործոնի հիման վրա Սիրիայի և Լիբանանի վրա թուրքական խնամակալության ձևավորումն Իսրայելի անվտանգության համար սպառնալիք է ստեղծում, որը համեմատելի է նախկինում իրանամետ «շիական կիսալուսնի» հետ, իսկ առանձին փորձագետների կարծիքով՝ նույնիսկ գերազանցում է այն:
6. Նեոօսմանիզմի գաղափարախոսությունը և էթնո-կրոնական համայնքների արձագանքը
Փորձագետների գնահատանքով՝ թուրքական դիվանագիտության նոր «լիբանանյան նախաձեռնության» հիմքը կառուցված է երկու առանցքային հենասյուների վրա։ Նախ, դա սուննի համայնքի դիրքերի ամրապնդումն է լիբանանյան քաղաքականության կառուցվածքում. հենց այդ դավանաբանական խմբին, որը կենտրոնացած է առավելապես հանրապետության հյուսիսում, Բիլալ Էրդողանը կենտրոնական տեղ է հատկացրել իր այցի ծրագրում: Երկրորդ, փորձ է արվում դիմել օսմանյան ժամանակաշրջանի պատմական հիշողությանը, որը ներկայացվում է որպես Լիբանանի բարդ էթնո-կրոնական ներկապնակի բոլոր տարրերի կայունության, բարգավաճման և ներդաշնակ համակեցության դարաշրջան:
Հատկանշական է, որ Աքքարում (Հյուսիսային Լիբանան) իր եզրափակիչ ելույթի շրջանակներում Բ. Էրդողանը պարբերաբար անդրադարձել է տարածաշրջանի պատմության «բարեկեցիկ ժամանակաշրջանին», որում Լևանտի ժողովուրդները խաղաղ գոյակցել և զարգացել են Ստամբուլի հովանու ներքո՝ շնորհիվ նրա էթնո-կրոնական հանդուրժողականության: Այս առումով սկզբունքորեն կարևոր է թվում նշել 2026 թ. նոյեմբերի 13-ին Տրիպոլի Էրդողան կրտսերի կատարած այցի խորհրդանշական նշանակությունը և այցելությունը օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի ծոռնուհի Սելմա Սիբայիի նստավայր։ Թուրքական դիվանագիտության ավանդույթների համատեքստում, որն էական նշանակություն է տալիս խորհրդանշականին և նվիրականությանը, այս ժեստը դուրս է գալիս մասնավոր այցի շրջանակներից և հանդես է գալիս որպես ուղղակի քաղաքական ազդանշան առ այն, որ Անկարան մտադիր է հավակնել առանցքային ազդեցության և նախկին Օսմանյան կայսրության սահմաններում առաջնորդության շարունակականությանը: Այս ուղերձն ուղղված է առաջին հերթին Իսրայելին և կոչված է ցուցադրելու, որ Ռ. Թ. Էրդողանի կառավարման շրջանում ձևավորված էրդողանյան նեոօսմանիզմի հայեցակարգը ոչ թե վերացական տեսություն է, այլ Օսմանյան սոցիալ-մշակութային և աշխարհաքաղաքական միասնական տարածքի կառավարման հետևողական մոտեցում, որի շրջանակներում Բեյրութն ու Երուսաղեմը դիտարկվում են պատմական անքակտելի փոխկապակցվածության մեջ:
Հրապարակային հայտարարություններում Էրդողան կրտսերի կողմից «Լևանտ» պատմա-աշխարհագրական հասկացության օգտագործումը ևս մեկ ակնհայտ ազդակ էր Իսրայելի հասցեին։ Այս հռետորաբանությունն ամրապնդեց Անկարայի ձգտումը՝ միավորել Լիբանանը, Սիրիան և Իրաքի տարածքի մի մասն իր առաջնային ազդեցության ռազմավարական գոտում։ Նման գործողություններն ուղղակի մարտահրավեր են իսրայելական կողմին և դիմակայության բաց հրավեր այն հարթակում, որտեղ վճռվում է Մերձավոր Արևելքի երկու առանցքային տերությունների միջև առաջնորդության համար սուր պայքարի ելքը:
Բիլալ Էրդողանի այցը Թուրքիային թույլ տվեց հստակ ուրվագծել Լիբանանում իր ռազմավարական առաջնահերթությունները, ինչպես նաև բացահայտ ցուցադրել Բեյրութի նկատմամբ քաղաքականության հիմնական նպատակներն ու ուղեգծերը: Այս պահին հիմնարար է մնում այն հարցը, թե արդյոք լիբանանյան պետությունը կընդունի առաջարկվող կոորդինատային համակարգը։ Բեյրութում շարունակվում է թուրքական նախաձեռնությունների համակողմանի վերլուծությունը, որը ներառում է Էրդողան կրտսերի ելույթներին ուղեկցող դիվանագիտական հղումների մեկնաբանությունը։ Ընդ որում, Լիբանանի համար հիմնական դժվարությունը կայանում է ոչ այնքան պետական իշխանության բարձրագույն հաստատությունների՝ նախագահի վարչակազմի, կառավարության և խորհրդարանի միջև թուրքական առաջարկների շուրջ փոխհամաձայնության հասնելու մեջ, որքան տարածաշրջանային և էթնո-կրոնական ազդեցիկ սուբյեկտների, ինչպես նաև տեղերում հասարակական-քաղաքական շարժումների կողմից հնարավոր փոխզիջման աջակցության ապահովման մեջ:
Լիբանանը տարբեր մշակույթների, հավատալիքների և էթնիկ ավանդույթների համակեցության չափազանց բարդ, հակասական և փխրուն պատմական փորձի արդյունք է, որպեսզի թույլ տա ճակատագրական որոշումներ կայացնել միանձնյա և առանց հաշվի առնելու իր քաղաքական համակարգի բոլոր տարրերի շահերը: Երկրում արդեն իսկ աճում է խմորումը և ուժեղանում են մի շարք էթնո-կրոնական խմբերի (բացառությամբ սուննի հատվածների և էթնիկ թուրքոմանների) մտահոգությունները՝ կապված թուրքական նախաձեռնությունների համատեքստում Բեյրութի քաղաքականության ուղեգծի հետ։ Այս առումով բավական ցուցադրական է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հանդիպումը Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ, որը տեղի է ունեցել Բիլալ Էրդողանի այցի ավարտից մի քանի օր անց: Լիբանանի հայ քրիստոնյա համայնքի ղեկավարն անհրաժեշտ է համարել անձամբ երկրի բարձրագույն ղեկավարությունից պարզաբանումներ ստանալ Թուրքիայի ներկայացուցչի նպատակների վերաբերյալ, ինչպես նաև պաշտոնապես հայտնել հայ հասարակության և եկեղեցու մտահոգությունն Անկարայի աննախադեպ ակտիվացման կապակցությամբ: Լիբանանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում էական դերակատարություն ունեցող հայկական սփյուռքը տագնապի ծանրակշիռ հիմքեր ունի՝ պայմանավորված ինչպես անցյալ դարի պատմական փորձով, այնպես էլ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ թուրքական միջամտությունը հանգեցրեց հայկական երբեմնի ազդեցիկ ներկայության աստիճանական անկմանը և գրեթե լիակատար անհետացմանը:
Իր էթնո-քաղաքական և քաղաքական տարասեռության պատճառով Լիբանանը ներկա փուլում պատրաստ չէ միանշանակ բացել դռները Թուրքիայի առջև: Նրա բազմաբովանդակ հասարակական-քաղաքական կառույցի զգալի մասն ունի պատմական փորձի հիման վրա ձևավորված թուրքական ազդեցության ընդլայնման սեփական տեսլականը։ Այս շրջանակներում Թուրքիան ընկալվում է ոչ թե որպես հուսալի հենարան ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, այլ որպես ապակայունացնող գործոն, որը կարող է արագացնել լիբանանյան պետականության վերջնական փլուզումը։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 25.11.2026 թ.: