Մեկնաբանություններ

Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ

Փորձագետի մեկնաբանություն, 04.08.2024 թ.

Արա Հ. Մարջանյան(1)

Ս․թ․ հուլիսի 22-ին «ԱՌՎԱԿ» կենտրոնի կայքում հրապարակվեց մեր «Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև» հոդվածը(2), որտեղ, ի շարս այլի, համեմատական վերլուծություն էր իրականցվել 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից պատվիրված և նրանց մատակարարված սպառազինությունների ցանկի ու բնութագրերի վերաբերյալ։

Մասնավորապես, հոդվածում նշվում էր (Աղյուսակ 5 և ներքև), որ 2020–2024 թթ․ ժամանակահատվածում Ադրբեջանին մատակարարվել էր 57.15 մլն TIV արժողությամբ զինատեսակներ՝ հիմնականում Թուրքիայից և Իսրայելից, ինչպես նաև՝ Իտալիայից և ԱՄՆ-ից։ Վերջին պարագայում խոսքը իտալական «Leonardo» ընկերության C-27J Spartan ռազմա-տրանսպորտային ինքնաթիռների և այդ ինքնաթիռների ամերիկյան տուրբո-պտուտակային արդի, շատ արդյունավետ շարժիչների մասին է: Ընդ որում, մամուլի հաղորդագրություններից հետևում է, որ իտալական ինքնաթիռները Ադրբեջան կժամանեն արդեն վերջնական տեսքով, այսինքն՝ շարժիչներով։ Այնուհետև հոդվածում բարձրացվում էր հետևյալ հարցը․

«Նշանակո՞ւմ է, արդյոք, ՍՄԽՀԻ-ի (SIPRI) զինատեսակների մատակարարման շտեմարանում Ադրբեջանի համար AE-2100D3 տուրբո-պտուտակային շարժիչների առանձին տողով նշումը, որ Ադրբեջանին մատակարարվելու է նաև դրանց առանձին, անհայտ թվով, խմբաքանակ։ Այն էլ՝ «նոր», և տեխնոլոգիական արտահոսքի կանխման խստագույն ռեժիմի տակ գտնվող։ Ու եթե այո, ապա ի՞նչ նպատակով։ Բացի դա, հայտնի է, որ AE-2100D3 շարժիչները պատկանում են բրիտանական Rolls-Royce ընկերությանը և օգտագործվում են, օրինակ՝ ամերիկյան C-130J ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներում։ Ո՞րն է Ադրբեջանի հետ այս գործարքում Իտալիայի և Բրիտանիայի դերակատարումը»։

2024 թ․ օգոստոսի 1-ին հայկական որոշ ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, որ ըստ «իսրայելական մամուլում տարածվող լուրերի՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համաձայնագիր է կնքվել, որով Թուրքիան Մեծ Բրիտանիայից գնել է 12 հատ «C-130J Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռներ: Ընդ որում ինքնաթիռների ձեռք բերման շուրջ կայացած համաձայնությունը պահվել է գաղտնի»:

Եթե հիշյալ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը(3), ապա՝ ՍՄԽՀԻ-ի շտեմարանում ԱՄՆ-ից՝ (ֆորմալ առումով՝ Իտալիայից) Ադրբեջանին անհայտ քանակով AE-2100D3 տուրբո-պտուտակային շարժիչների մատակարարումը՝ իտալական «Leonardo» ընկերության C-27J ինքնաթիռների գործարքի շրջանակներում, դիտվում է այլ, միանգամայն հասկանալի, լույսի ներքո։

Կարելի է ենթադրել, որ իտալական «Leonardo» ընկերության հետ գործարքը դիտարկվում է՝ որպես մի շարք գործող արգելանքները շրջանցելու միջոց, և ՆԱՏՕ-ի անդամ-երկիր չհանդիսացող Ադրբեջանին մատակարարել է AE-2100D3 շարժիչներ, որոնք կարող են օգտագործվել նաև «C-130J Hercules» նորացված ինքնաթիռներում։ Առավել ևս, եթե դրանք համատեղվեն «Dowty» ընկերության R391 տիպի վեց թիանի կոմպոզիտային պրոպելլերներով (տես գլխագիր նկարում)։ Հաշվի առնելով Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական ռազմական համագործակցության բնույթն ու մակարդակը, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Միացյալ Թագավորությունից գնած թուրքական օդուժի «C-130J»-ները վաղ թե ուշ կհայտնվեն նաև Ադրբեջանում։

Ընդգծենք երեք մտահոգիչ հանգամանք․ նախ, Իտալիան հանդիսանում է Ադրբեջանի թիվ 1 առևտրային գործընկերը, և ադրբեջանական բյուջեն, այդ թվում՝ ռազմական, ամենամեծ չափով «լցնող» երկիրը։ Ուստի, Ադրբեջանին երկակի նշանակության զգայուն տեխնոլոգիաների փոխանցման արգելանքների հաղթահարման գործում այն «բնական» թեկնածու է։

Այնուհետև, ՄԹ–Թուրքիա այս գործարքի մասին տեղեկությունները իսրայելական մամուլում հայտնվեցին միայն այն բանի շնորհիվ, որ վերջերս չափազանց սրվել են Թուրքիա-Իսրայել հարաբերությունները, վերջինիս Գազայի հատվածում և Լիբանանի նկատմամբ ռազմական գործողությունների պատճառով։ Հակառակ դեպքում այս գործարքի մասին տվյալները հայտնի կդառնային տարիներ հետո, եթե, օրինակ, դրանք ֆիքսվեին ՍՄԽՀԻ-ի շտեմարանում։

Եվ, ամենամտահոգիչը. հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ միջուկային զենքի կանոնավոր կերպով իրականացվող «Steadfast Noon» վարժանքներին մասնակցում է ոչ միայն իր F-16D կործանիչներով, որոնք ունակ են կրել B-61 ընտանիքի տակտիկական ջերմամիջուկային ռումբեր, այլև՝ իր C-130J ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով։ Վերջիններս լիցենզավորված են տակտիկական միջուկային զենքի տեղափոխման համար(4):

Հասկանալի է, որ բոլոր այս զարգացումները պետք է դիտարկել Իրանի (հավանաբար նաև՝ ՌԴ) դեմ ուղղված ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի համալիր ջանքերի համատեքստում։

(1) ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա), ԵՄ ազգային փորձագետ (տրանսպորտ), ԵԱՏՄ Փորձագիտական ակումբի անդամ, առաջատար վերլուծաբան, տեխ.գ.դ., ա.գ.ա.:

(2) Մարջանյան Ա. Հ., Գլոբալ «Հարավի» և «Հյուսիսի» միջև: «ԱՌՎԱԿ» կենտրոն (22.07.2024). https://arvak.am/գլոբալ-հարավի-և-հյուսիսի-միջև/ (բեռնման օրը՝ 03.08.2024):

(3) Հավանաբար, առաջինը այն հրապարակեց ermenihaber.am կայքը՝ 2024 թ.. օգոստոսի 1-ին, ժամը 12:15-ին։ Այնուհետև այն հրապարակեց 168.am կայքը՝ 2024 թ. օգոստոսի 1-ին, ժամը 23:29-ին։ Ինչպես և առաջին հրապարակումում, որպես լուրի սկզբնաղբյուր, մատնանշվում էր «իսրայելական մամուլը»՝ առանց որևէ մանրամասների։ Րոպեներ անց՝ 2024 թ. օգոստոսի 1-ին, ժամը 23:53-ին, այն վերահրապարակվեց pastinfo.am կայքում։ Հաջորդ օրը՝ 2024 թ. օգոստոսի 2-ին, ժամը 18:03-ին հարցին անդրադարձավ ադրբեջանական haqqin.az կայքը։ Այս անգամ որպես ՄԹ-Թուրքիա գաղտնի այս գործարքի մասին լուրի սկզբնաղբյուր նշվում էր իսրայելական Israel Defense կայքը։

Սակայն, հիշյալ կայքում ո՛չ օգոստոսի 2-ին, ո՛չ ավելի վաղ, ո՛չ էլ՝ «UK, Turkey, C-130J Hercules» հարցումով նման որևէ հրապարակումը բացակայում է։ Այս հարցումով որոնումը Israel Defense կայքում բերում է միայն Դ. Արկինի 2018 թ. հունիսի 22-ի «Far-Reaching, Stealthy and Surprising» հրապարակումը՝ նվիրված C-130J Hercules ռազմական բեռնատար ինքնաթիռի իսրայելական «Avionics Karnaf» արդիականացված տարբերակին։

Փոխարենը, բրիտանա-թուրքական այս գործարքի առնչությամբ համացանցում կարելի է գտնել բուլղարական bulgarianmilitary.com գործակալության 2024 թ հուլիսի 26-ին Բոյկո Նիկոլովի (Boyko Nikolov) «12 of retired UK’s C-130 Hercules aircraft may go to Turkey» վերնագրով մանրամասն և ուշագրավ հրապարակումը, որտեղ՝ որպես սկզբնաղբյուր, նշվոմ է «various sources, ranging from England to the Balkans», որոնք, սակայն, «has yet to be officially confirmed»։ (Բոլոր բեռնումների օրը՝ 02.08.2024):

(4) Марджанян А. А., Ядерная Турция и регион. (19.11.2015), http://www.kavkazoved.info/news/2015/11/19/jadernaya-turcia-i-region.html (բեռնման օրը՝ 02.08.2024).