Վիվեկ Ռամասվամիի հայանպաստ դիրքորոշումը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 19.01.2024թ.

Հանրապետական Վիվեկ Ռամասվամին կարող է դառնալ ԱՄՆ-ի փոխնախագահ, եթե նախագահ ընտրվի Դոնալդ Թրամփը։ Ծագումով հնդիկ, 38-ամյա գործարարը 16.01.24-ին դուրս է մնացել պայքարից և հայտարարել Թրամփին աջակցելու մասին։ Նյու Հեմփշիրում ելույթի ժամանակ Ռամասվամին բեմից խնդրել է իր կողմնակիցներին քվեարկել միջանկյալ ընտրություններում իր ոչ վաղեմի մրցակցի՝ Թրամփի օգտին:

Newsweek-ը կանխատեսել է, որ Ռամասվամին ինչ-որ փուլում դուրս կգա նախագահի պաշտոնի համար պայքարից, որպեսզի, Թրամփի հաղթանակի դեպքում, մեծացնի ԱՄՆ-ի կառավարությունում երկրորդ կարևորորագույն պաշտոնը ստանձնելու իր հնարավորությունները։ Հրատարակությունը, հղում անելով դիտորդներին, նշում է, որ Ռամասվամին և Թրամփը նախընտրական արշավի ընթացքում միմյանց մասին խոսելիս բազմիցս շողոքորթել են իրար՝ մի բան, որը չի նկատվել հանրապետական մյուս թեկնածուների նկատմամբ։

Կարելի է նշել, որ այս գործիչները համակարծիք են ԱՄՆ-ի և, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական հիմնական խնդիրների վերաբերյալ։ Ռամասվամին, ինչպես և Թրամփը, պաշտպանում է «Մեքսիկական կողպված սահմանի» քաղաքականությունը, դեմ է Ուկրաինայի ռազմաքաղաքական ինտեգրմանը Արևմտյան բլոկին, ինչպես նաև հավատարիմ է «Առաջին հերթին՝ Ամերիկան» հրամայականին։

Թերևս Ռամասվամիին և Թրամփին կապում է նաև փոխադարձ համակրանքը, ինչը կարևոր է ապագա քաղաքական դաշինք ստեղծելու համար։ Երկուսն էլ խոշոր փողային մագնատներ են, որոնք սկսել են իրենց բիզնես կարիերան երիտասարդ տարիքում և հաջողության են հասել անսովոր մտածելակերպի և համարձակ ջանքերի շնորհիվ: Երկուսն էլ աչքի են ընկնում սուր հռետորաբանությամբ և արտասովոր պահվածքով։

ԱՄՆ-ի հայկական սփյուռքի և բուն Հայաստանի Հանրապետության շահերի համատեքստում Ռամասվամիի հնարավոր նշանակումը փոխնախագահի պաշտոնում կարող է որոշակի օգուտներ խոստանալ։ Այս գործիչը հիմնականում հավատարիմ է Ղարաբաղի հարցում հայամետ դիրքորոշմանը և անհրաժեշտ է համարում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ արցախահայության համար հայրենի հողում արժանապատիվ և անվտանգ կյանք ապահովելու համար, ինչի մասին նա բազմիցս հայտարարել է նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Միաժամանակ, պետք է հաշվի առնել նաև, որ Դոնալդ Թրամփն ինքը՝ իր նախընտրական բանավեճերի և ելույթների ժամանակ, փորձում է շրջանցել հայ–ադրբեջանական հակամարտության թեման և խուսափում է կատեգորիկ ձևակերպումներից։