ԹՈՒՐՔԻԱ–ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՄՐՑԱԿՑՈւԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների, հայ-թուրքական հարաբերությունների ապակառուցողական տրամաբանությունից ելնելով Անկարայի դիրքերի ամրապնդումը ցանկացած այլ ուժային կենտրոնի, այդ թվում` արաբական երկրների շահերի հաշվին, թուլացնելու է ՀՀ անվտանգային միջավայրը։ Հայաստանի արտաքին քաղաքականության ճարտարապետությունը կարիք ունի որակապես նոր, բեկումնային ու հավակնոտ նախաձեռնությունների, որոնք թույլ կտան բարձրացնել ՀՀ տարածաշրջանային կշիռը, արաբական ազդեցիկ երկրների հետ երկխոսությունը բերել քաղաքական անհամեմատ բարձր մակարդակի։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային գործոն, որի հետ գործակցությունը կհիմնվի փոխշահավետ հավասարակշռության վրա։ Սա իր հերթին, մեր կարծիքով, կփոխի Երևան–Անկարա հարաբերությունների ներկայիս տրամաբանությունը։