Տեր-Թովմասյան(1)
Այժմ Ռուսաստանում տեղի են ունենում իրադարձություններ(2), որոնք գործող իշխանությունը որակեց՝ որպես ապստամբություն և սահմանադրական կարգը տապալելու անօրինական փորձ, մինչդեռ դրա դեմ դուրս եկած ուժերը խոսում էին «արդարության երթի» մասին։ Ժանրի դասական օրինակ՝ կողմերը միմյանց մեղադրում են պետության դեմ հանցագործությունների մեջ, բայց, ավանդաբար, իրավացի է նա, ով հաղթանակով է դուրս գալիս արյունալի քաղաքացիական առճակատումից։ Այնուամենայնիվ, տվյալ դեպքում ավելի տեղին է շեշտել ոչ թե այն, թե ո՛վ հաղթեց, քանի որ այդպիսիք չկան, այլ այն, որ արդյունքում պարտվեց ռուսաստանյան պետականությունը, ինչն էլ հակառակորդ երկու կողմերի գործողությունների դրդապատճառ էր դարձել։
Ակամայից հիշողության մեջ ի հայտ են գալիս նմանօրինակ իրավիճակներ և, առաջին հերթին, ադրբեջանական բանակի գնդապետ Սուրեթ Հուսեյնովի դեպքը, որը 1993 թ. հունիսին ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին՝ գլխավորելով իրեն վստահված կորպուսը, ապստամբեց կենտրոնական իշխանության դեմ և Գյանջայից Բաքու կատարած ռազմական երթի արդյունքում տապալեց գործող նախագահ Էլչիբեյին։ Հետագայում, ինչպես պարզվեց, Հուսեյնովի ձեռքով Ադրբեջանում իրականացվեց Հեյդար Ալիևի քաղաքական ռեինկարնացիան՝ տասնամյա ընդմիջումից հետո նրան վերադարձնելով իշխանության Ադրբեջանում։ Ապստամբությունից մեկ տարուց քիչ ավելի էր անցել, երբ Ալիևը՝ մինչ այդ Ադրբեջանի վարչապետ նշանակված Հուսեյնովին մեղադրեց 1994 թվականի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ դավադիր կապեր ունենալու մեջ, պաշտոնանկ արեց, ուղարկեց թոշակի, ինչին հետևեց վերջինիս փախուստը Ադրբեջանից։
Թեև լիովին ճիշտ չէ զուգահեռ անցկացնել Հուսեյնովի և Պրիգոժինի ապստամբությունների միջև՝ հաշվի առնելով դրանց առաջացման նախադրյալների և պայմանների տարբերությունը, այնուամենայնիվ, երկու դեպքում էլ առկա է ապստամբների գործողությունների գրեթե նույն ալգորիթմը, ինչպես նաև՝ իշխանությունների առջև ծառացած համանման ծայրահեղ ծանր իրավիճակը։ Չէ՞ որ նրանք բախվել են հայտարարված հակաահաբեկչական գործողությունն իրականացնելու խնդրին թիկունքում անհրաժեշտ ուժերի բացակայության պայմաններում՝ համապատասխանաբար ղարաբաղյան և ուկրաինական ճակատների փլուզման մշտական սպառնալիքի ֆոնին։ Այն ժամանակ Էլչիբեյը վախեցավ որևէ բան անել դեպի մայրաքաղաք արշավող ապստամբների դեմ, իսկ Պուտինն էլ իր հերթին զգուշավորություն դրսևորեց՝ խուսափելով ծավալվող գործողություններին ամենակոշտ ձևով պատասխանելուց։ Ինչևէ, շատ հնարավոր է, որ դա հենց այն էր, ինչն էլ նրանից ակնկալում էին «X մարդիկ», որոնց համար վագներականների աղմուկը ընդամենը առճակատում հրահրելու գործիք էր (է), իսկ նրանք էլ թնդանոթի միս՝ «շատ հեռուն գնացող» նպատակների համար։ Միգուցե Պուտինը չվախեցավ, այլ՝ կանխատեսեց… Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, բայց էականը դա չէ։
Տեղեկատվական ընդհանուր զտման և Ռուսաստանից եկող խղճուկ լուրերի անհամապատասխանության պայմաններում այսօր դեռ վաղ է եզրակացություններ անել, թե ո՞վ է եղել զինված դիմակայությունը անխուսափելի դարձրած սադրիչ քայլերի առաջին նախաձեռնողը՝ ապստամբ Պրիգոժի՞նը, թե՞ ՌԴ ՊՆ-ն ու նրա կողմից մեղադրվող Գլխավոր շտաբը: Առայժմ անհնար է գլուխ հանել փոխադարձ մեղադրանքների կծիկից և հասկանալ, թե, արդյո՞ք, իրականում տեղի է ունեցել հրթիռային ռմբակոծություն «Վագների» թիկունքային բազաների վրա, ինչու՞ Արտյոմովկայում (Բախմուտ) «երաժիշտները» մշտապես «զինամթերքի սով» են ունեցել, կամ ո՞վ օգուտ քաղեց արդյունավետ կռվող Մասնավոր ռազմական ընկերության վարկաբեկումից և, հետևաբար, ինչո՞ւ Պրիգոժինը իրեն վեր դասեց գերագույն գլխավոր հրամանատարից և ինչպե՞ս նա ռիսկի դիմեց «պատժելու» անփույթ ուժայիներին՝ երկրի համար գոյութենական մարտահրավերների ներկա պայմաններում:
Սակայն, ըստ էության, այս ամենը երկրորդական խնդիրներ են։ Անկասկած, անհերքելի է և լրացուցիչ հաստատման կարիք չունի միայն այն, որ, մեծ հաշվով, ամբողջ խնդրի արմատը Ռուսաստանի պետության և բանակի ռազմաքաղաքական համակարգի կառավարման արատավոր մեթոդների մեջ է՝ կոռուպցիայի, անփութության և անկարգության դրսևորումներով: Ի վերջո, վտանգավորը ոչ այնքան ինքնին Վագների ապստամբությունն է, որը կարելի էր և կարելի է ճնշել օրերի ընթացքում, որքան այն «բերրի հողը», որի վրա ժամանակ առ ժամանակ կաճեն խռովություններն ու ապստամբությունները՝ հանդիսանալով որպես ռուսական պետականության, և, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ոչ միայն, հավերժական պատուհասը։ Եվ միշտ կլինեն եվգենի պրիգոժիններ, մատվեև արտամոններ, իվան խովանսկիներ, և նաև, հավանաբար, նրանց հետևում կանգնած ազնվատոհմ և ոչ այնքան բոյարների քսակներով, և, ամենայն հավանականությամբ, նաև օտարերկրյա պարոնայք, որոնք պատրաստ են ուղղորդելու «ստրելեցական եղբայրության» արդար բողոքն ու դժգոհությունը դեպի ինքնակալի գահն ու բռնկելու ռուսական «սմուտայի» հերթական հրդեհը:
(1) Մշակութաբան, հասարակագետ:
(2) Ներկայացված է խմբագրություն 23.06.2023 թ.: