Հրապարակում
Իրանի համապարփակ շրջափակումը. ԱՄՆ-ի «չափավոր» շրջանակների ռազմավարությունն ու ԻԻՀ-ի արձագանքը

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 21.11.2026 թ.[1]
1. ԱՄՆ-ի առևտրատնտեսական գործիքակազմն ընդդեմ ԻԻՀ-ի
Մինչ փորձագիտական հանրության ուշադրությունը կենտրոնացած է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական պատրաստությունների վրա, որոնք վկայում են հերթական սրացման մեծ հավանականության մասին, ընդհանուր վերլուծության շրջանակներից դուրս է մնում Վաշինգտոնի կողմից Իրանի առևտրատնտեսական խեղդման ուղղությամբ զուգահեռ իրականացվող ռազմավարությունը:
Դրա հետ մեկտեղ, հենց առևտրային և տնտեսական հարկադրանքն է ամերիկյան ընտրանու առանձին ազդեցիկ ուժերի կողմից ընկալվում որպես ԱՄՆ պայմանների հետ ԻԻՀ համաձայնության հասնելու ամենակարճ ճանապարհ: Նման մոտեցում է ցուցաբերում Սպիտակ տան չափավոր խմբակցությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ։ Նրա գնահատականքով՝ ուղղակի ռազմական սպառնալիքներն իրանցիներին միայն կմղեն համախմբվելու «կրոնապետական վարչախմբի» շուրջ, այն դեպքում, երբ հրաժարվելու դեպքում կոշտ մեկուսացումը, զենքի ցուցադրական շաչեցումը կհանգեցնեն երկրի ղեկավարության հանդեպ վստահության անկմանը և իշխանությունների համախմբման ներուժի թուլացմանը: Վենսի գծի կողմնակիցները համոզված են, որ ջանքերը կենտրոնացնելով Իրանի համապարփակ առևտրատնտեսական շրջափակման վրա՝ ԱՄՆ-ն ի վիճակի է ոչ միայն ներքին սոցիալ-քաղաքական պայթյուն առաջ բերել, այլև զգալիորեն սահմանափակել ԱՄՆ-ի առանցքային հակառակորդների կողմից Թեհրանին ցուցաբերվող պաշտպանական օգնության ուղիները: Իրանի համապարփակ մեկուսացման վրա ամերիկյան ներուժի կենտրոնացումը պարզապես ավելորդ է դարձնում չափազանց ռիսկային և ավերիչ ռազմական գործողության անցկացումը։
Վաշինգտոնի գործնական քայլերը ցույց են տալիս, որ Դ. Թրամփը որոշել է միավորել երկու հակադիր մոտեցումները՝ իր շրջապատից արմատական «բազեների» ուղեգիծը, որն ուղղված է սրացմանը և ուղղակի ռազմական արշավի նախապատրաստմանը, ու չափավոր խմբի առաջարկը, որը պնդում է Թեհրանի համապարփակ մեկուսացման վրա: Այնուամենայնիվ, այս ռազմավարությունների միաժամանակյա կիրառման տարօրինակ ազդեցությունը նվազագույնի է հասցնում դրանց արդյունավետությունը: Իրանական հասարակության համար ԱՄՆ-ի ցուցադրական սպառնալիքները ծառայում են որպես սեփական ղեկավարության կոշտ արտաքին քաղաքականության արդարացում՝ միաժամանակ վերջինիս վրայից հանելով ներքին սոցիալ-տնտեսական դժվարությունների պատասխանատվությունը։ Դա Թեհրանին լրացուցիչ լծակներ է տալիս՝ հիմնավորելու համար ընթացիկ քաղաքականության անայլընտրանքայնությունը և ցույց տալու «զավթիչների» դիվանագիտական երկխոսության անկարողությունը։
Դրանով իսկ Դ. Թրամփը միաժամանակ Թեհրանի դեմ գործի է դնում ազդեցության միանգամից 2 ուղեգիծ։ Ըստ ամենայնի, փոխնախագահ Վենսի կողմնակիցների մոտեցումը նրան ոչ բավարար արդյունավետ գործիքակազմ է թվում։
ԱՌՎԱԿ կենտրոնը տարածաշրջանում ամերիկյան ռազմական հզորության ավելացման հարցը մանրամասն դիտարկել է 16.11.2026 թ. իր մեկնաբանության մեջ («Մերձավոր Արևելք. ԱՄՆ ռազմական ներուժը և ԻԻՀ ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի և ՉԺՀ-ի հետ»)։ Այս ծավալուն խմբավորման ստեղծումը դարձել էր Բենյամին Նեթանյահուի կառավարության հետ սերտորեն համագործակցող «բազեների» ռազմավարության հետևանքը: Նրանց կարծիքով, հենց ուժի ցուցադրումը և այն կիրառելու բացահայտ պատրաստակամությունն է միակ արդյունավետ լծակը, որը կարող է Թեհրանին ստիպել ընդունելու ամերիկյան «խաղաղության օրակարգի» պայմանները:
Ներկա հետազոտության մեջ վերլուծվում է Իրանի համապարփակ շրջափակման հաստատմանն ուղղված ԱՄՆ-ի միջոցառումների համալիրը: Ամերիկյան ղեկավարության չափավոր շրջանակների տեսանկյունից, որը ներկայացնում է Ջեյ Դի Վենսը, հենց այս ռազմավարությունն է, որ կարող է ապահովել Վաշինգտոնի նպատակների իրագործումն առանց ուժի կիրառման: Այս մոտեցումն արձագանք է գտնում նաև Իսրայելի գործադիր իշխանության նոր ղեկավար Գադի Այզենկոտի մոտ, ով ընդգծել է, թե տնտեսական ճնշումներն ու դիվանագիտությունն Իրանին հակազդելու առավել նախընտրելի և արդյունավետ մեթոդներ են, մինչդեռ ԻԻՀ վարչակարգի ուժային փոփոխությունը նրան անիրագործելի խնդիր է թվում:
Տվյալ վերլուծության մեջ չի մտնում ֆինանսական մեկուսացման մեթոդների և պատժամիջոցների դիտարկումը, որոնք ուղղված են Իրանի և նրա քաղաքացիների շահերից բխող բանկային գործառնությունների և միջազգային գործարքների խոչընդոտմանը: Վերլուծության շրջանակներից դուրս են մնում նաև Իրանի օդային շրջափակման կազմակերպմանն ուղղված միջոցառումները՝ հաշվի առնելով այդ ոլորտի առանձնահատկությունները և տեղեկատվության մեծ զանգվածը։ Խոսքը բացառապես ԻԻՀ ծովային և ցամաքային սահմանների արգելափակման և երկու ուղղություններով բեռնափոխադրումների ֆիզիկական վերահսկողության միջոցառումների վերանայման մասին է, որի միջոցով Վաշինգտոնը ձգտում է առաջին հերթին արգելափակել ռազմական նշանակության մատակարարումները, ինչպես նաև հրահրել երկրում գնաճ, պարենի և իրանական արդյունաբերության համար կարևոր նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիական ապրանքների պակաս: Այս խնդրի լուծման համար Վաշինգտոնն ունի սեփական ուժեր, որոնք ուղղակիորեն իրականացնում են Իրանի (հիմնականում նրա հարավային ծովային սահմանների) շրջափակումը, ինչպես նաև ստիպված է քաղաքական-դիվանագիտական աշխատանքի դիմել տարածաշրջանում իր դաշնակիցների և Իրանի անմիջական հարևանների հետ։
2. Իրանի հարավային ծովային սահմանները
Նախքան Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության սրումը, Իրանի հարավային նավահանգիստներն ապահովում էին նրա արտաքին առևտրի հիմնական մասը (մինչև 85%): Պարսից և Օմանի ծոցերով իրականացվում էր ածխաջրածինների գրեթե ամբողջ արտահանումը՝ երկրի եկամտի հիմնական մասը (նավթային մատակարարումների ավելի քան 90%-ը), ինչպես նաև ներմուծվում էր հացահատիկի, պարարտանյութերի և պարենային անվտանգության համար կարևոր այլ ապրանքների ծավալի կեսը։
Ընթացիկ տարվա ապրիլին հարավային սահմանների շրջափակման սահմանումից հետո Թեհրանը բեռնափոխադրումներն շտապ տեղափոխել է ցամաքային երթուղիներ և Կասպից ծով։ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2026 թ. առաջին կիսամյակում Կասպից նավահանգիստներով ներմուծումն աճել է 76%-ով, իսկ ավտոմոբիլային սահմանային անցումներով՝ 41%-ով։ Այնուամենայնիվ, այդ այլընտրանքային երթուղիները չեն կարողացել ամբողջությամբ վերացնել պարենային պակասի սպառնալիքը և լուծել նավթի արտահանման խնդիրը, քանի որ Պարսից ծոցում տեղակայված Իրանի հիմնական հանքավայրերից հումքի տեղափոխմանը խոչընդոտում են ամերիկյան բանկային պատժամիջոցները և անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայությունը:
Այդ պատճառով Իրանի հարավային ծովային պարագծի ամերիկյան շրջափակումն առավել էական հարված է հասցնում երկրի տնտեսական մոդելին և սոցիալական կայունությանը:
Ըստ առկա բաց տեղեկությունների՝ հարավում իրանական նավահանգիստների արգելափակումն իրականացվում է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) անմիջական ղեկավարության ներքո՝ Արաբական ծովում տեղակայված նավախմբերի ուժերի կողմից: Ջրային տարածքի վերահսկման և պատժամիջոցների ռեժիմը խախտող առևտրային նավերի ու լցանավերի որսման հիմնական գործառույթները վերապահված են USS Abraham Lincoln ավիակիր միավորման կազմի ուղեկցորդ նավերին: Նրանց պարեկության գոտին տարածվում է Իրանի ափից մինչև 125 մղոն (մոտ 200 կմ) հեռավորության վրա, իսկ ամբողջ ծովային խմբավորման գործառնական կառավարումն իրականացվում է USS Rafael Peralta հրթիռային կործանիչի համակարգերի կողմից՝ օժանդակ և դեսանտային ուժերի աջակցությամբ:
Ինչպես նշում են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում Fox News հեռուստաալիքի աղբյուրները, Օմանի և Պարսից ծոցի ջրային տարածքներում նավերին հետևելը, ներառյալ ինքնագործ սարքերն ❪թրեքերներ) անջատող և GPS խանգարումների պայմաններում աշխատող լողամիջոցների նույնականացումն ապահովվում են տիեզերական հետախուզության, տախտակամածային ինքնաթիռների և անօդաչու համալիրների ինտենսիվ կիրառման շնորհիվ:
CENTCOM-ի նյութերի և ռազմական փորձագետների գնահատականների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել գործող շրջափակման սխեմայի հիմնական տարրերը.
- Կասեցման հիմնական գիծը տեղակայված է չեզոք ջրերում՝ Իրանի ծովային սահմանի երկայնքով և Հորմուզի նեղուցի արտաքին մատույցներում։ Սահմանափակող միջոցառումները կիրառվում են ցանկացած դրոշի տակ նավարկող այն ծովային տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք ուղևորվում են դեպի իրանական նավահանգիստներ կամ հեռանում դրանցից, մինչդեռ Պարսից ծոցի մյուս երկրների ուղղությամբ նավագնացությունը պաշտոնապես մնում է անխափան։
- Երբ օրինախախտ նավը հայտնաբերվում է, ամերիկյան զինուժի ներկայացուցիչները նախ առաջինն են կապ հաստատում դրա հետ, զգուշացնում անձնակազմին և պահանջում փոխել ընթացքի ուղղությունը: Եթե նշված պահանջները չեն կատարվում, ԱՄՆ ռազմածովային ուժերը դիմում են նավը հարկադրաբար կանգնեցնելու քայլերին: Գործող շրջափակման միջոցառումների շրջանակում զինվորականները կիրառում են անմիջական արձագանքման ստուգիչ խմբերի դեսանտավորում ձերբակալված լողամիջոցների տախտակամածին:
CENTCOM-ի հատուկ զեկույցի համաձայն՝ Իրանի հարավային ցամաքային-նավահանգստային գոտիների և ծովային հիմնական հաղորդակցությունների արգելափակման հետևանքով Թեհրանի արտաքին առևտրային ծովային գործունեությունը հայտնվել է գրեթե լիակատար կաթվածի մեջ: Դրա արդյունքում ընթացիկ տարվա ապրիլից ի վեր հաջողվել է կասեցնել ավելի քան $25 մլրդ արժողությամբ իրանական նավթի և հումքի արտահանումը: Լոգիստիկ ճգնաժամի այս սուր փուլն ընդունում է նաև Իրանի ղեկավարությունը՝ արձանագրելով հարավային ծովային բեռնափոխադրումների կրիտիկական վիճակը և պետության արտաքին առևտրային ողջ համակարգի ու երթուղիների արմատական վերակառուցման անհրաժեշտությունը:
3. Հյուսիսային (Կասպից) երթուղու շրջափակման ծրագրերը
ԱՌՎԱԿ-ն արդեն անդրադարձել է Իրանի և մերձկասպյան պետությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, միջև ծովային հաղորդակցությունների սահմանափակման և շրջափակման վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրերին։ ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը դրանք հիմնավորում է Թեհրանին ռազմական նշանակության արտադրանքի, սպառազինությունների և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների մատակարարման ուղիները փակելու անհրաժեշտությամբ։ Այդ նպատակով 2026 թ. նոյեմբերի սկզբին ամերիկյան ռազմահետախուզական կառույցները ձևավորել են «Iron Gate» («Երկաթե դարպաս») օպերատիվ խումբը, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում, իսկ կազմը ներառում է շուրջ 20 ռազմական և քաղաքացիական փորձագետ։
Ամերիկյան հրամանատարության մտահոգության առարկան Իրանի հյուսիսային նավահանգիստների և Ռուսաստանի Օլյա ու Աստրախան նավահանգիստների միջև իրականացվող ինտենսիվ նավագնացությունն է, որը նվազեցնում է Իսլամական Հանրապետության մեկուսացման քաղաքականության արդյունավետությունը։ Վաշինգտոնում մտահոգված են ոչ միայն սպառազինությունների մատակարարման այսպես կոչված «կասպիական միջանցքի» գործունեությամբ, այլև այն հանգամանքով, որ տվյալ երթուղին կարող է էականորեն մեղմել պարենային պակասի հետևանքները, որոնք Իրանում առաջացել են երկրի հարավային ծովային սահմանների շրջափակման պայմաններում։
Թեև «Iron Gate» նախաձեռնության ձևաչափի, առանձնահատկությունների և հնարավոր ծավալի խորքային վերլուծությունը առանձին ուսումնասիրության թեմա է, հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի անմիջական շահերը և Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համապատասխան դրույթները (այս հարցին ԱՌՎԱԿ կենտրոնը կանդրադառնա առաջիկայում), արդեն իսկ ակնհայտ է, որ Վաշինգտոնը ձգտում է կիրառել իր տրամադրության տակ եղած ողջ գործիքակազմը՝ Թեհրանի շուրջ հյուսիսային ուղղությամբ մեկուսացման նոր օղակ ձևավորելու համար։ Իր էությամբ այն համարժեք է Իրանի հարավային ծովային սահմանների շրջափակման քաղաքականությանը։
4. Իրանի ցամաքային սահմանների շրջափակումը
Վաշինգտոնի համար Իրանի ցամաքային շրջափակման կազմակերպումը բարդ խնդիր է, քանի որ տվյալ ուղղությամբ ամերիկյան ռազմական ներուժի ուղղակի ներգրավումն անհնար է։ Այս կապակցությամբ ԱՄՆ-ն անցել է քաղաքական-դիվանագիտական մեխանիզմների ակտիվ կիրառմանն՝ ուղղված սահմանակից պետությունների ներգրավմանը համագործակցության մեջ։ Ամերիկյան դիվանագիտության նշանակալի հաջողությունը 2026 թ. հոկտեմբերի կեսերին դարձավ Պակիստանի կողմից առանցքային՝ «Թաֆթան» և «Գաբդ-Ռիմդան» սահմանային անցակետերի փակումը։ Իսլամաբադի պաշտոնական ներկայացուցիչները պնդում էին, որ տվյալ միջոցառումը ձեռնարկվել է Բելուջիստան նահանգի իշխանությունների կողմից՝ «ծայրահեղական սպառնալիքների աճի և մաքսանենգության ակտիվացման պատճառով», մինչդեռ իրանական կողմն անցակետերի փակումը վերագրեց ժամանակավոր տեխնիկական անսարքություններին։
Համաձայն Al Jazeera-ի և առաջատար միջազգային գործակալությունների տվյալների՝ անցակետերի աշխատանքի դադարեցումը առաջացրել է լոգիստիկ ճգնաժամ և հազարավոր բեռնատարների կուտակում սահմանի երկու կողմերում։ Այս որոշումն զգալի հարված հասցրեց նաև հենց Պակիստանի տնտեսությանը, որը պաշարների սուր պակաս է ապրում և զրկվել էր իրանական հեղուկ գազի մատակարարումներից։ Հոկտեմբերի վերջին Պակիստանի իշխանությունները կրկին բացեցին սահմանը, սակայն, ինչպես վկայում են աղբյուրները, հսկիչ-անցագրային կետերում սկսեց գործել տեխնիկական ստուգման և արգելված բեռների բռնագրավման հատուկ ռեժիմ։
Վաշինգտոնի ռազմավարական ծրագրերում պակիստանյան երթուղին դիտվում էր որպես Իրանը Չինաստանին կապող հիմնական ցամաքային օղակը։ Այս համակարգի առանցքային զարկերակը Չին-պակիստանյան տնտեսական միջանցքն է (CPEC), որը ձևավորված է Կարակորումյան մայրուղու (նաև հայտնի որպես «Չին-պակիստանյան բարեկամության մայրուղի») շուրջ՝ սկիզբ առնելով Կաշգարից և ձգվելով մինչև Բելուջիստանի պակիստանյան նավահանգիստներ։ 2026 թ. գարնանային արշավից առաջ, ռազմավարական պաշարներ ստեղծելու նպատակով, Թեհրանը հենց այս ուղիով ներմուծել է պարենամթերքի, մասնավորապես բրնձի և շաքարավազի զգալի ծավալներ։ Ամերիկյան հետախուզության համաձայն՝ Պեկինը Կարակորումյան մայրուղին կիրառել է նաև Իրանին ռազմական նշանակության ապրանքներ մատակարարելու համար՝ դրանով իսկ դիվերսիֆիկացնելով ծովային երթուղիները։ Իրանի ծովային շրջափակումից հետո, ԱՄՆ գնահատականներով, ՉԺՀ-ն հիմնական շեշտը դրել էր հենց այս ցամաքային տարանցիկ ուղու վրա՝ պատժամիջոցային ապրանքների փոխադրման նպատակով։ Ուստի, ԱՄՆ քաղաքական-դիվանագիտական ճնշման ուղղակի հետևանքով Իսլամաբադը որոշում կայացրեց փակել Իրանի հետ սահմանը և խստացնել անցագրային ռեժիմը՝ Պակիստանի տարածքով չինական տարանցումը դեպի ԻԻՀ նվազագույնի հասցնելու համար։
Իրանի ցամաքային մեկուսացմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերում առանցքային տեղ է զբաղեցնում Իրաքի վրա գործադրվող ճնշումը։ Վերջին ամիսներին Բաղդադի նոր իշխանությունների հետ ամերիկյան ղեկավարության շփումներն ակտիվացել են՝ հասնելով աննախադեպ ինտենսիվության։ Այս գործընթացում առանձնահատուկ դերակատարում ունեն Մերձավոր Արևելքի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հանդիպումները։ Նա Իրաքի ղեկավարության առանցքային ներկայացուցիչների հետ ակտիվ բանակցություններ է վարել Բաղդադ և Էրբիլ կատարած անձնական այցելությունների, միջազգային համաժողովների շրջանակներում, ինչպես նաև տարբեր հարթակներում միջնորդավորված շփումների միջոցով։
2026 թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում Բարաքը երկու անգամ այցելել է Բաղդադ։ Վերլուծաբանների գնահատականքով՝ վարչապետ Ալի Ֆալիհ ազ Զեյդիի հետ նրա բանակցությունների կենտրոնական թեման դարձել Է Իրանի հետ սահմանը փակելու ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը: Հատկանշական է, որ արդեն 2026 թ. հոկտեմբերի 21-ին՝ հատուկ բանագնացի մեկնելուց անմիջապես հետո, Իրաքի իշխանությունները հայտարարել են «աշ-Շիբ» (իրանական կողմում գտնվող «Չազաբեհ») սահմանային անցման աշխատանքների դադարեցման մասին։ Իրաքի կառավարությունում, Reuters-ի աղբյուրների համաձայն, այդ քայլը պաշտոնապես բացատրվում էր «անվտանգության վերահսկողությունն ուժեղացնելու և արգելված բեռները հայտնաբերելու համար սարքավորումներ տեղադրելու» անհրաժեշտությամբ: Ուղևորների, մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների անցումն անորոշ ժամանակով արգելափակվել է։
Չնայած սահմանափակումներին, 2026 թ. հոկտեմբերի վերջին «աշ-Շիբ» անցակետով տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնվեց: Տարածաշրջանային ԶԼՄ-ները սա պայմանավորում էին տնտեսական ճգնաժամի խորացման և հասարակական դժգոհությունների ալիքի վերաբերյալ Բաղդադի մտավախություններով, քանի որ Իրանին է բաժին ընկնում Իրաքի ընդհանուր ներմուծման 14%-ը, իսկ Իրաքի ուղղությունը կազմում է իրանական ներմուծման 22%-ը: Հատկանշական է, որ նոյեմբերի սկզբին Թոմ Բարաքի կրկնակի այցը համընկավ անցակետի վերաբացման լուրերի հետ: Ըստ ամենայնի, ամերիկացի դիվանագետի նպատակն էր կա՛մ վերականգնել լիակատար շրջափակումը, կա՛մ հասնել փոխզիջումային տարբերակի, որը ԱՄՆ-ին հնարավորություն կտար հասանելիություն ստանալ սահմանային սկանավորող համակարգերի տվյալներին:
Հարկ է նշել, որ թեև Վաշինգտոնը որոշակի շոշափելի հաջողությունների է հասել Թեհրանին մեկուսացնելու հարցում պակիստանյան և իրաքյան ուղղություններով, մյուս ճակատներում իրավիճակը դեռևս խնդրահարույց է մնում: Միջազգային լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ջանքերը՝ ներգրավելու Անկարային և Բաքվին Իրանի դեմ շրջափակման միջոցառումներում, հանդիպում են այդ երկու գործընկերների կոշտ դիմադրությանը: Թուրքական կողմը կտրուկ մերժում է ամերիկյան պահանջները՝ ընդգծելով սեփական տնտեսական կայունությանն սպառնացող անմիջական ռիսկերը և նշելով, որ նման քայլերը կդիտարկվեն որպես թշնամական ակտ հարևան իսլամական պետության հանդեպ: Ադրբեջանը նույնպես հրաժարվում է միանալ այդ նախաձեռնությանը՝ հիմնավորելով դա սեփական տնտեսության համար հնարավոր բացասական հետևանքներով և Իրանի հետ առճակատման մեջ մտնելու ցանկության բացակայությամբ:
Վաշինգտոնի կողմից Աշխաբադին համանման պահանջների առաջադրման մասին հավաստի տեղեկությունները բաց աղբյուրներում այսօր բացակայում են: Այնուամենայնիվ, Foundation for Defense of Democracies-ի (FDD) փորձագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքմենստանին բաժին է ընկնում Իրանի ցամաքային սահմանային պարագծի շուրջ 20%-ը, ինչն այն դարձնում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների առանցքային տարանցիկ հանգույց: FDD-ի վերլուծաբաններն ԱՄՆ-ին խորհուրդ են տալիս ճնշման լծակներ կիրառել թուրքմենական իշխանությունների վրա՝ սպառնալով ամբողջությամբ չեղարկել Թուրքմենստանի սահմանների կահավորման և ամրապնդման համար գործող ամերիկյան ռազմատեխնիկական օգնության ծրագիրը:
Իրենց հերթին, Al Jazeera-ի մեկնաբանները կարծում են, որ Աշխաբադը հազիվ թե զիջի ԱՄՆ-ի ճնշմանը. երկրի իշխանությունները ձգտում են խուսափել հարևան Իրանի հետ առճակատումից և վախենում են սեփական խոցելի տնտեսության ապակայունացումից: Բացի այդ, մշտական չեզոքության ամրագրված միջազգային կարգավիճակը Թուրքմենստանին դիվանագիտական խուսավարման լրացուցիչ ազատություն է ապահովում տվյալ հարցում։
Ինչ վերաբերում Է Իրանի հետ սահմանի ամենակարճ հատվածն ունեցող Հայաստանին (մոտ 40 կմ), ապա երկրի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս և բացահայտ ընդգծել է Իրանի հետ տրանսպորտային-առևտրային հաղորդակցությունը դադարեցնելու անհնարինությունը: Այս ուղղությունն իրենից ներկայացնում է հայկական պետության ոչ միայն տնտեսական կայունության, այլև ռազմաքաղաքական անվտանգության կարևորագույն տարր: Երևանի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Իրանի հետ ցամաքային միջանցքը շատ ավելի սկզբունքային նշանակություն ունի իր, քան հենց Թեհրանի համար։ Այդ կապակցությամբ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Սպիտակ տան ավելի նվազ ճնշման ներքո՝ համեմատած մյուս սահմանակից պետությունների հետ։ Անցած 10 տարիների փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը զուսպ ըմբռնումով է վերաբերվել արևմտյան պատժամիջոցների ռեժիմը շրջանցելու Երևանի գործողություններին։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Սպիտակ տունը դժվար թե հայկական կողմին ներկայացնի նույնքան կոշտ պայմաններ, որքան տարածաշրջանային մյուս սուբյեկտներին։ Այնուամենայնիվ, պահպանվում է հավանականությունը, որ ԱՄՆ-ը կփորձի Երևանի հետ համաձայնեցնել «Ագարակ» հսկիչ-անցագրային կետի գործունեության ճշգրտված կանոնակարգը՝ Վաշինգտոնի մոտ հատուկ մտահոգություններ առաջացնող բեռների անվանացանկի տարանցումը կանխելու նպատակով։
Աֆղանական վեկտորը իրանական սահմանի միակ ուղղությունն է, որտեղ ամերիկյան ջանքերի հաջողության հավանականությունն ամբողջությամբ բացառված է։ Քաբուլում թալիբների իշխանությունները թշնամական Վաշինգտոնի հետ ոչ մի պայմանով գործարքի չեն գնա հանուն «բարեկամ Իրանին» խեղդելու։ Դա պայմանավորված է նրանով, որ հենց ԻԻՀ-ն է որպես արտաքին աշխարհի առանցքային դարպաս ծառայում դեպի ծով ելք չունեցող Աֆղանստանի համար և հիմնական տարանցիկ հանգույց (ներառյալ Չաբահար նավահանգիստը, որտեղ Թեհրանը Քաբուլին տարածքներ է տրամադրել առևտրային պահեստարանների ստեղծման համար)։ Ընդհակառակը, Թեհրանի վրա առևտրատնտեսական ճնշման ուժեղացման հետ մեկտեղ վերջին ամիսներին իրանա-աֆղանական սահմանային հատվածն զգալիորեն աշխուժացել է՝ վերածվելով երրորդ երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, դեպի Իրան կարևոր փոքրածավալ բեռների տեղափոխման գլխավոր զարկերակներից մեկի։ Ամերիկացի վերլուծաբանները ընդունում են, որ իրանա-աֆղանական սահմանային գոտում նախկինում գործող մաքսանենգ ուղիները ռազմավարական նշանակություն են ձեռք բերել Թեհրանի և Քաբուլի պաշտոնական իշխանությունների համար՝ հնարավորություն տալով Իրան մատակարարել պատժամիջոցների տակ գտնվող արտադրանք՝ շրջանցելով ԱՄՆ-ի վերահսկողության և հետագծման մեխանիզմները։
Իրանի մեկուսացման շուրջ ձևավորվող իրավիճակը դրսևորում է հակասական միտումներ։ Մի կողմից, Իսլամական Հանրապետության հարավային սահմանների ուղղությամբ կիրառվող ծովային սահմանափակումները արդյունավետորեն սպասարկում են Վաշինգտոնի շահերը։ Մյուս կողմից, Թեհրանը ձեռնարկում է հակաքայլեր՝ արագացնելով իր լոգիստիկ շղթաների վերակազմավորումը և ակտիվացնելով համագործակցությունը հարևան պետությունների կառավարությունների հետ՝ ամերիկյան ճնշման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով։
Միաժամանակ, անորոշության հիմնական գործոնները շարունակում են մնալ Կասպիական ավազանի հնարավոր շրջափակման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ավիափոխադրողների նկատմամբ պատժամիջոցային և ֆինանսական ճնշման արդյունավետությունը։ Հենց այդ լծակների միջոցով է Վաշինգտոնը փորձում սահմանափակել Իրանի օդային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։
Այնուամենայնիվ, ցամաքային ուղիների մեկուսացման հետ կապված իրավիճակը շարունակում է ծայրահեղ երկակի մնալ: Անգամ երբ Վաշինգտոնին հաջողվում է ստիպել Իրանի որոշ հարևաններին փակել սահմանային անցակետերը, այդ միջոցառումները երկարատև արդյունք չեն ունենում. տնտեսական դժվարությունների և հասարակական հուզումների ճնշման տակ սահմանային հաղորդակցությունը կարճ ժամանակ անց վերականգնվում է:
Ցանկալի արդյունքի չեն հանգեցնում նաև հատուկ սկանավորող սարքավորումների միջոցով տեխնիկական վերահսկողություն սահմանելու ԱՄՆ փորձերը, որոնք ենթադրում են ամերիկյան կողմին տվյալների բազաների հասանելիության տրամադրում: Ձևականորեն Վաշինգտոնի պահանջներին զիջող և սահմանին դիտորդների ներկայությունը թույլատրող պետությունները միաժամանակ փորձում են պահպանել կապերը Թեհրանի հետ՝ արագորեն յուրացնելով բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհներ:
The New York Times-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դիվանագիտությունը շաբաթներ շարունակ ակտիվորեն աշխատում է Իրանին հարակից պետությունների սահմանային անցակետերը փակելու ուղղությամբ: Այդուհանդերձ, տարածաշրջանի առանցքային դերակատարները, մասնավորապես Պակիստանը, Իրաքը և Թուրքիան, ամեն կերպ փորձում են շրջանցել և սաբոտաժի ենթարկել ամերիկյան պատժամիջոցային սահմանափակումները։
Այսպիսով, Իրանի համապարփակ մեկուսացման ծրագիրը, ունենալով որոշակի տեղային արդյունքներ, դեռևս չի հասել իր ռազմավարական նպատակներին։ Չնայած Թեհրանը կրում է զգալի տնտեսական ու պարենային վնասներ, ինչպես նաև բախվում է 90-միլիոնանոց բնակչության շրջանում աճող սոցիալ-հոգեբանական լարվածությանը, իրանական իշխանություններին հաջողվում է ճկունորեն վերակազմավորել երկրի լոգիստիկ համակարգը։ Թեև ԱՄՆ-ի գործողություններից պատճառված վնասն ամբողջությամբ չեզոքացնելն անհնար է, Իրանը կարողանում է հարթել դրա հիմնական բացասական հետևանքները։
Ըստ ամենայնի, Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնումը զուգորդվում է Ջեյ Դի Վենսի գլխավորած չափավոր թևին որոշակի ժամանակային պատուհան հատկացնելու հետ, որպեսզի գնահատվի նրանց որդեգրած քաղաքականության արդյունավետությունը: Այս ուղեգծի հիմնական նպատակն է ոչ ռազմական կոշտ լծակների միջոցով Իրանին պարտադրել «անարյուն կապիտուլյացիա»: Սակայն ամերիկյան ղեկավարության ուժային սցենարի կողմնակիցների համար այս փուլը նույնպես էական ռազմավարական նշանակություն ունի. եթե անգամ համապարփակ շրջափակումը չապահովի Վենսի ծրագրերի ամբողջական իրականացումը, այն ակնհայտորեն կթուլացնի Թեհրանի ընդհանուր ներուժը՝ ստեղծելով առավել նպաստավոր պայմաններ հետագա հնարավոր ռազմական գործողությունների համար:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 19.11.10.2026 թ.: