Հրապարակում
ԹՊԿ-ի ինտեգրման հայեցակարգի ճգնաժամի մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 16.11.2026 թ. [1]
1. Տարաձայնությունները ԹՊԿ-ի 13-րդ գագաթնաժողովում. տնտեսությունն ընդդեմ ռազմականացման
Հակառակ 2026 թ. հոկտեմբերի 30–ին «Թյուրքական դար. միասնություն լեզվով, մտքով և գործով» նշանաբանով կայացած 13-րդ գագաթնաժողովի արդյունքներով թյուրքական ինտեգրման նոր փուլ դուրս գալու մասին Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ պետությունների կառավարությունների պաշտոնական ամփոփիչ հաղորդագրության, Անկարայում կայացած համաժողովին չի հաջողվել թաքցնել կողմերի միջև առկա տարաձայնությունների խորությունը։ Ստեղծված իրավիճակը կասկածի տակ է դնում տվյալ ձևաչափի ծավալուն քաղաքականացման և ռազմականացման հեռանկարների իրատեսությունը, որին ձգտում է թուրքական կողմը։ Գագաթնաժողովի արդյունքները ցույց տվեցին, որ Կենտրոնական Ասիայի առանցքային պետությունները՝ Ուզբեկստանը և Ղազախստանը, աջակցում են բացառապես ինտեգրման գործընթացների տնտեսական ուղեգծին և մշակութային-մարդասիրական կապերի զարգացմանը՝ միաժամանակ մերժելով միավորումը ռազմաքաղաքական բլոկի վերածելու հայեցակարգը: Այս դիրքորոշումը հստակ ձևակերպվել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի ելույթներում։
Ուզբեկստանի ղեկավարն իր ելույթը նվիրել է հիմնականում ԹՊԿ-ի մասնակից պետությունների առևտրատնտեսական և ֆինանսական ինտեգրման հեռանկարներին։ Դրանով նշվել է ինտեգրված փոխգործակցության ընդլայնման թույլատրելի սահմանը, ինչպես նաև արտահայտվել այն դիրքորոշումը, ըստ որի ազգային-լեզվական և մշակութային ընդհանրությունները դիտարկվում են բացառապես որպես թյուրքական տարածքի շրջանակներում առաջընթացի, զարգացման և բարգավաճման հասնելու արդյունավետ գործիքներ։ Այս համատեքստում Շ. Միրզիյոևը կոնկրետ նախաձեռնություններ է առաջադրել «Թյուրքական ներդրումային հիմնադրամի» և «Թյուրքական զարգացման բանկի» ստեղծման վերաբերյալ, ինչպես նաև կրկին ուշադրությունը կենտրոնացրել է «Թյուրքական պետությունների լոգիստիկ համալիրների ցանցի» և «Թյուրքական թվային միջանցքի» ձևավորման գործընթացների ակտիվացման անհրաժեշտության վրա: Բացի այդ, Ուզբեկստանի ղեկավարն առաջարկել է ընդունել «Թյուրքական աշխարհ–100» ծրագիրը, որը նախատեսում է 100 համատեղ ռազմավարական ներդրումային և արդյունաբերական նախագծերի իրականացում, այդ թվում՝ հազվագյուտ հանքանյութերի վերամշակման և «կանաչ էներգետիկայի» համար սարքավորումների արտադրության տեղայնացման ոլորտում:
2. Ուզբեկստանի նախաձեռնությունները. գործնականություն և «ԹՊԿ+» ձևաչափ
Ընդգծելով Տաշքենդի հավատարմությունը ԹՊԿ-ի կառուցվածքային զարգացման մեջ առևտրատնտեսական գործոնի առաջնահերթության հայեցակարգին, ինչպես նաև ազգային-լեզվական միասնական շրջանակներից դուրս ինտեգրացիոն համագործակցության ընդլայնմանը՝ Շ. Միրզիյոևն առաջարկել է համագործակցություն ծավալել «երրորդ երկրների» հետ «ԹՊԿ+» ձևաչափի շրջանակներում: Նա հանդես է եկել այս գործընթացը նախարարական մակարդակով ճյուղային հանդիպումներով մեկնարկելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ նման երկխոսությունը պետք է կենտրոնանա առևտրի, լոգիստիկայի և ներդրումների ոլորտներում համատեղ ծրագրերի գործնական իրականացման վրա:
Ղազախստանի նախագահի ելույթում արտահայտված դրույթները պարունակում էին ԹՊԿ-ն թյուրքական ռազմաքաղաքական դաշինքի վերածելու նպատակով նրա ներուժի օգտագործման անթույլատրելիության հստակ և սկզբունքային գնահատական: Թեև Կ.–Ժ. Տոկաևը կոնկրետ երկրներ չնշեց, փորձագիտական համայնքը միահամուռ կարծիք է հայտնում, որ նման նախաձեռնությունների հիմնական աղբյուրը Անկարան է: Վերլուծաբանների և ԶԼՄ-ների համոզմամբ՝ Ղազախստանի առաջնորդը «հեռակա բանավեճի մեջ մտավ նրանց հետ, ովքեր փորձում էին քաղաքականացնել կազմակերպության օրակարգը և առաջ մղել ռազմական ծրագրերը»: Ելույթում առանձնակի շեշտվեց, որ ԹՊԿ-ի առանցքային առաքելությունը տնտեսական, գիտական և կրթական համատեղ նախաձեռնությունների զարգացումն է:
3. Ղազախստանի դիրքորոշումը. ռազմաքաղաքական դաշինքի անընդունելիությունը
2026 թ. մայիսի կեսերին Թուրքեստանում (Ղազախստան) կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովում, որտեղ քննարկվում էին ինտեգրացիոն տիրույթում թվայնացման և արհեստական բանականության ներդրման խնդիրները, Կ.–Ժ. Տոկաևի ներկայացրած հայեցակարգային թեզերը մեծապես արտացոլվեցին նաև Անկարայում ունեցած նրա ելույթի առանցքային դրույթներում: «ԹՊԿ գագաթնաժողովը Թուրքիայում. «թվային միջանցքը» և ղազախա-թուրքական մասնաճյուղերի ճգնաժամը» հոդվածում (2026 թ. մայիսի 30) ԱՌՎԱԿ կենտրոնն արդեն վերլուծել էր թուրքմենական ֆորումի ընթացքում Ղազախստանի ղեկավարության կողմից հղված ազդակները: Աստանայի հիշյալ նախաձեռնությունները հստակ ցույց էին տալիս նրա ձգտումը՝ չեզոքացնելու ԹՊԿ-ում սեփական գերիշխանությունն ամրապնդելու Անկարայի ճիգերը և կանխելու կառույցի վերածումը թուրքամետ ռազմաքաղաքական դաշինքի:
Անկարայում տեղի ունեցած 13-րդ գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահի ելույթն ավելի ամրապնդեց իր վաղօրոք հայտնած մոտեցումը։ Ըստ այդ դիրքորոշման՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունը պետք է գործի միայն տնտեսական ու մշակութային ինտեգրման շրջանակներում` նպաստելով եվրասիական տարածաշրջանում խաղաղությանը, բարգավաճմանն ու արդար մրցակցությանը։ Վերլուծաբանները նշում են, որ Կ.–Ժ. Տոկաևն այս տեսակետը ներկայացրեց առավելագույնս հստակ և աներկբա։ Նա անգամ անսպասելի առաջարկ հնչեցրեց մասնակիցների համար՝ «քննարկել «ԹՊԿ+» ձևաչափով կամ դիտորդի կարգավիճակով Ռուսաստանի Դաշնությանը թյուրքական համագործակցությանը ներգրավելու հնարավորությունը»։ Ղազախստանի ղեկավարն հավելեց, որ տվյալ նախաձեռնությունն ամբողջովին բխում է ԹՊԿ նախագծի նպատակներից ու ոգուց, քանի որ ՌԴ տարածքն ընդգրկում է թյուրքական էթնոսի ձևավորման պատմական միջավայրի զգալի մասը, և Ռուսաստանը պատմամշակութային առումով սերտորեն առնչվում է թյուրքական ինքնության հետ։
4. ՌԴ-ին միացնելու առաջարկը և Անկարայի արձագանքը ԹՊԿ-ի հետագա զարգացման սեփական հայեցակարգի առաջմղման համատեքստում
Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից արված հայտարարությունը թուրքական կողմի հետ ընթացող դիվանագիտական վեճում հաշվարկված քայլ էր: Աստանայում մտահոգված են, որ Անկարան ձգտում է թյուրքական համագործակցության հարթակը ծառայեցնել դեռևս ավելի քան մեկ դար առաջ թուրքական որոշ շրջանակներում ձևավորված «Մեծ Թուրանի» հայեցակարգին: Ղազախստանի նախագահի այս առաջարկը Թուրքիայի բարձրագույն ղեկավարության շրջանում առաջացրեց զուսպ դժգոհություն, ուստի նրանք խուսափեցին հրապարակային կտրուկ արձագանքներից: Փոխարենը, քննադատության առաջին գծում հայտնվեցին իշխանամերձ արմատական-ազգայնական շրջանակները: Վերջիններս ղազախական նախաձեռնությունը գնահատեցին որպես ինտեգրացիոն կառույցի մեջ արտաքին դերակատարների ներգրավման փորձ: Ըստ «պանթուրանիզմի» կողմնակիցների՝ այդ սուբյեկտները հանդիսանում են հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցներ և խոչընդոտում են համաթյուրքական միասնության տեսլականին:
Այդուհանդերձ, Թուրքիայի ղեկավար շրջանակների ներկայացուցիչները ևս անհրաժեշտ համարեցին ներգրավվել ընթացող քննարկումներում՝ Ղազախստանի նախագահի առաջարկի վերաբերյալ հայտնելով ավելի զուսպ անհամաձայնություն: Այս տեսանկյունից հատկանշական է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Քյուրշադ Զորլուի պաշտոնական դիրքորոշումը: Ըստ նրա՝ «ԹՊԿ-ում դիտորդի կարգավիճակի կարող են հավակնել բացառապես այն պետությունները, որոնցում թյուրքական կամ դրան հարակից լեզուներից մեկն ունի պետական կամ պաշտոնական լեզվի կարգավիճակ»: Միևնույն ժամանակ, Զորլուն պատրաստակամություն է հայտնել «զարգացնելու ԹՊԿ-ի փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու սուբյեկտների հետ»: Թուրքական կողմն այս մոտեցման մեջ հակասություն չի տեսնում՝ անտեսելով, որ Անկարայի առաջարկած ձևաչափը կարող է բախվել ՌԴ օրենսդրական նորմերին և Մոսկվայի ռազմավարական շահերին:
Ի պատասխան Կասիմ–Ժոմարտ Տոկաևի առաջարկի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անմիջապես արձագանքել է ԹՊԿ-ի շուրջ ծավալված քննարկումներին: Նա նշել է, որ թեև ռուսական կողմը պաշտոնական հրավեր դեռևս չի ստացել, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ ընդգծել է. «Երկրի մասնակցությունը ԹՊԿ-ի աշխատանքներին տրամաբանական և նպատակահարմար կլիներ՝ հաշվի առնելով առկա կապերը»: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով թուրք քաղաքական գործիչների այն գաղափարը, ըստ որի փոխգործակցությունը պետք է ծավալվի ՌԴ առանձին սուբյեկտների հետ, Պեսկովն այդ մոտեցումը որակել է որպես ոչ կառուցողական: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը ցանկացած ինտեգրացիոն գործընթաց դիտարկում է բացառապես որպես միասնական պետություն՝ անընդունելի համարելով մշակութային և մարդասիրական կապերի արհեստական «տարանջատման» ցանկացած փորձ:
5. Աստանայի պատմամշակութային փաստարկները և ուժերի հավասարակշռումը
Առկա պայմաններում Թուրքիայի ապակառուցողական ծայրահեղ-ազգայնական շրջանակները, որոնք լծակներ ունեն նաև պետական ապարատում, Ղազախստանի ղեկավարի քայլը որակել են որպես թյուրքական միավորման ներսում «տրոյական ձիու» տեղադրում։ Պանթուրանիզմի գաղափարախոսների ընկալմամբ՝ այդ նախաձեռնությունը նպատակաուղղված է թյուրքական աշխարհի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցի ներգրավմանը, ինչը խաթարում է միասնական թյուրքական տարածքի ամբողջականությունը՝ հակասելով «պատմական արդարությանը»։
Անկախ նրանից, թե արդյո՞ք Աստանայի առաջարկը կստանա լիարժեք աջակցություն կամ ինչպիսի՞ քայլերով Անկարան կփորձի արգելափակել Ռուսաստանի ներգրավումը ԹՊԿ-ում որպես միասնական դերակատար, Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հակընդդեմ նախաձեռնությունն ինքնին վճռորոշ նշանակություն ունի: Սրանով Ղազախստանի առաջնորդն արտահայտեց Աստանայի հաստատակամ դիրքորոշումը՝ սահմանափակելու Թուրքիայի չափազանցված ազդեցությունը կազմակերպության ներսում և այն համապատասխանեցնելու ղազախական կողմի ռազմավարական շահերին ու հավակնություններին: Հստակ ազդարարելով Կենտրոնական Ասիայում թուրքական ծավալմանը հակակշռող աշխարհաքաղաքական գործոնների որոնման մասին՝ Ղազախստանն ուղղակիորեն մարտահրավեր նետեց Անկարայի ամբիցիաներին՝ ԹՊԿ-ում անհրաժեշտ ուժային հավասարակշռությունն ու ազդեցությունը պահպանելու նպատակով:
Անկարայի գագաթնաժողովում Կ.–Ժ. Տոկաևի ելույթի հատուկ շեշտադրումը ռուս-ղազախական համատեղ գիտական ծրագրերն էին, որոնք Ռուսաստանի Ալթայի շրջանն ու Արևելյան Ղազախստանի լեռնաշղթաները դիտարկում են որպես նախաթյուրքական էթնոսի ձևավորման պատմական օրրան: Աստանայի հետազոտողների այն թեզերի հետ մեկտեղ, ըստ որոնց ղազախական ինքնությունն ձևավորվել է Ասիայի տափաստանային մշակույթի ու (մոնղոլական) Հորդայի քաղաքակրթության ազդեցությամբ, այս պատմագիտական մոտեցումները խաթարում են Անկարայի հավակնությունները: Դրանք հարցականի տակ են դնում Թուրքիայի առաջնորդությունը ԹՊԿ-ում, ինչպես նաև թյուրքական ինքնության մենաշնորհային կենտրոնի և ինտեգրացիոն գործընթացների գլխավոր շարժիչ ուժի նրա դերը:
Այսպիսով, Աստանան բացահայտորեն մերժում է ԹՊԿ-ի ձևափոխման յուրաքանչյուր փորձ, որը դուրս է գալիս զուտ տնտեսական, մշակութային և մարդասիրական փոխգործակցության սահմաններից: Միևնույն ժամանակ, Ղազախստանը հետևողական քայլեր է ձեռնարկում Թուրքիայի առաջնորդող դիրքերը թուլացնելու ուղղությամբ, քանի որ Անկարայի՝ զարգացման ուղիները միանձնյա սահմանելու և ընդհանուր օրակարգ պարտադրելու ձգտումը բախվում է վճռական հակազդեցության:
Ղազախստանի ղեկավարության վարած քաղաքականության հիմքում ընկած է Կենտրոնական Ասիայում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռություն ապահովելու ձգտումը: Այն տարածաշրջանում, որտեղ դեռևս պահպանվում է հետխորհրդային Ռուսաստանի ազդեցությունը, իրենց դիրքերն ակտիվորեն ամրապնդում են ՉԺՀ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Թուրքիան: Նման պայմաններում Աստանան փորձում է գտնել արտաքին առանցքային դերակատարների հետաքրքրությունների օպտիմալ հավասարակշռություն, ինչը բնականաբար ենթադրում է թուրքական ազդեցության սահմանափակում:
Թեև 1990-ական թթ. հիմնադրված Թյուրքական պետությունների համագործակցության խորհրդի հիման վրա ստեղծված Թյուրքական պետությունների կազմակերպությունն ի սկզբանե դիտարկվում էր որպես Մոսկվայի ռևանշիստական ձգտումներին հակակշռող և Աֆղանստանից իսլամական ծայրահեղականության տարածումը խոչընդոտող գործիք, այսօր Ղազախստանի ամրապնդված ընտրանիներն այլևս Անկարայի հովանավորության կարիքը չունեն: Ավելին, Թուրքիայի չափազանցված ներկայությունն սկսում է հակասել Ղազախստանում և ամբողջ տարածաշրջանում Արևմուտքի ու Չինաստանի տնտեսական հետաքրքրություններին:
Բացի այդ, ԹՊԿ շրջանակներում թուրքական նախաձեռնություններն աստիճանաբար խոչընդոտում են ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ՇՀԿ-ում Ղազախստանի ստանձնած պարտավորությունների ու շահերի իրականացմանը: Աստանան նախապատվությունը տալիս է բազմավեկտոր համագործակցության ռեսուրսների համաչափ բաշխմանը՝ փորձելով արտաքին մրցակցությունը ուղղորդել կառուցողական հուն, ինչը լիովին համապատասխանում է ազգային անվտանգության, կայունության և տնտեսական աճի առաջնահերթություններին: Ելնելով սրանից՝ ղազախական կողմն ակնկալում է, որ Անկարան կվերանայի Կենտրոնական Ասիայում իր ունեցած հավակնություններն ու ազդեցության աստիճանը:
Համանման քաղաքականություն է որդեգրել նաև Ուզբեկստանը, որը հանդիսանում է ԹՊԿ մյուս հիմնական դերակատարը։ Սկզբնական շրջանում Տաշքենդը բավականին զգուշավոր վերաբերմունք ուներ ինտեգրացիոն այս նախաձեռնության հանդեպ. հանրապետության նախկին ղեկավար Իսլամ Քարիմովը ջանում էր պահպանել Կենտրոնական Ասիայում երկրի առանցքային ազդեցությունը և հակազդում էր տարածաշրջանում թուրքական ներկայության ընդլայնմանը: Ուզբեկստանը ԹՊԿ-ին լիիրավ անդամակցեց միայն 2019 թվականին։ Մեկնարկած տնտեսական ազատականացման ու արտաքին կապիտալի ակտիվ ներգրավման համատեքստում երկրի նոր նախագահ Շավքաթ Միրզիյոևը կառույցը դիտարկում էր որպես հավասարակշռող մեխանիզմ, որն ունակ է չեզոքացնելու Վաշինգտոնի և Պեկինի քաղաքական ազդեցության անխուսափելի աճը։
6. Բազմավեկտոր քաղաքականությունը և արտաքին մրցակցությունը
2020 թ. ի վեր Ուզբեկստանը հաջողությամբ արագացրեց տնտեսական փոխգործակցությունը ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի հետ՝ ապահովելով համագործակցության ոլորտների համաչափ բաշխում և խուսափելով գերտերությունների միջև առկա հակասություններից։ Չինական կողմն իր ներդրումային ջանքերն ուղղեց առևտրային և տրանսպորտալոգիստիկ ծրագրերին (այդ թվում՝ «Միջին միջանցքին»)։ Իր հերթին, ամերիկյան կողմի հետ համագործակցությունն ընդգրկեց թվայնացման, բարձրտեխնոլոգիական ագրոարդյունաբերական ու արդյունաբերական բնագավառները, ինչպես նաև հազվագյուտ մետաղների հանքավայրերի մշակումը։
Տաշքենդի ձևավորած տնտեսական մրցակցության ու առաջատար տերությունների փոխլրացման ճարտարապետությունը մղում է Ուզբեկստանին վերանայել իր դիրքորոշումը ԹՊԿ-ի և Անկարայի հավակնությունների վերաբերյալ: Սա լիովին բացառում է թյուրքական փոխգործակցությունը ռազմաքաղաքական դաշինքի վերածելու Թուրքիայի ծրագրերի իրագործումը: Աստանայի օրինակով Տաշքենդը նույնպես գտնում է, որ ազգային-լեզվական միասնության վրա հիմնված տնտեսական ինտեգրումից դուրս գալն աննպատակահարմար է, և վերահաստատում է իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ ծավալուն տնտեսական գործընկերություն զարգացնելու՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության:
Անկարայի գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Շ. Միրզիյոևն հստակորեն ընդգծել է այդ մոտեցումը՝ մատնանշելով այն խոստումնալից ոլորտները, որտեղ կազմակերպության մասնակիցները, և հատկապես Թուրքիան, կարող են լիարժեքորեն իրացնել սեփական տնտեսական պոտենցիալը:
Ուզբեկստանի վերլուծական շրջանակների եզրահանգումները, որոնք արտացոլում են ԹՊԿ 13-րդ գագաթնաժողովի արդյունքներն ու Շավքաթ Միրզիյոևի հղած ուղերձները, ուշագրավ դիտարկումներ են պարունակում։ Թեև փորձագիտական համայնքը դրական է գնահատել թուրքական հարթակում կայացած քննարկումները, այդուհանդերձ արվել է էական վերապահում։ Մասնավորապես, Առաջադիմական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Օթաբեկ Աքրոմովը, անդրադառնալով Անկարայի գագաթնաժողովին, ընդգծել է, որ ԹՊԿ-ի ներուժի լիարժեք իրացումը հնարավոր է «միայն այն պարագայում, եթե Թուրքիան՝ որպես կազմակերպության ստվերային առաջնորդ, հրաժարվի մյուսների նկատմամբ «մեծ եղբոր» դեր ստանձնելու ձգտումից և դադարեցնի օրակարգի քաղաքականացումը, ինչպես դա վերջերս դրսևորվում է Կիպրոսի հիմնախնդրի վրա ուշադրություն կենտրոնացնելու միջոցով»։ Ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ՝ ուզբեկական վերլուծական հանրության նմանատիպ դիտարկումները «որոշակիորեն արտահայտում են նաև պաշտոնական Տաշքենդի դիրքորոշումը»։
7. Ադրբեջանի դեմարշը և կազմակերպության հաստատութենական ճգնաժամը
Ակնհայտ է դառնում, որ ԹՊԿ-ի շրջանակներում սեփական ազդեցության ընդլայնմանն ու կազմակերպությունը վերահսկելի ռազմաքաղաքական դաշինքի վերափոխելուն ուղղված Անկարայի նկրտումները բախվում են լուրջ խոչընդոտների։ Ընդ որում, նման հակազդեցությունը չի սահմանափակվում միայն Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետություններով։ Թուրքական նախաձեռնությունների զսպման հստակ միտումներ է ցուցադրում նաև Ադրբեջանը, որը հանդիսանում է ԹՊԿ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական ամբողջականության առանցքային օղակը և Թուրքիայի հիմնական տարածաշրջանային դաշնակիցը, և առանց ում ակտիվ մասնակցության հարթակի գործունեությունն էապես կորցնում է իր իմաստը։
Անկարայում ընթացած ԹՊԿ 13-րդ գագաթնաժողովին նախագահ Իլհամ Ալիևի ցուցադրական չմասնակցելն ավելի ակնառու է ազդարարում հասունացող ճգնաժամի և կառույցի ապագա տեսլականի շուրջ առկա խորքային պառակտման մասին, քան անգամ Շ. Միրզիյոևի ու Կ.–Ժ. Տոկաևի քննադատական դիրքորոշումները: ԱՌՎԱԿ կենտրոնն իր 02.11.2026 թ. «Բաքվի արտաքին քաղաքական ուղեգիծն Առաջավոր Ասիայում սրացման համապատկերում» հետազոտության մեջ, անդրադառնալով Անկարայի և Բաքվի հարաբերությունների ներկայիս սառեցմանը, արդեն նշել էր, որ Ալիևի կողմից Անկարայի գագաթնաժողովի անտեսումը սոսկ անձնական դեմարշ չէ թուրքական ղեկավարության հասցեին: Դա Բաքվի նպատակադրված քայլն է՝ նվազեցնելու ինչպես թյուրքական համերաշխության գաղափարախոսության, այնպես էլ ԹՊԿ-ի՝ որպես կառույցի ռազմավարական նշանակությունը։
Այսպիսով՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի գործողությունների համաժամանակյա բնույթն ու դիրքորոշումների նմանությունն ընդգծում են, որ ԹՊԿ-ի (Թյուրքական պետությունների կազմակերպության) ներսում տարաձայնությունները դուրս են եկել մասնավոր վեճերի շրջանակից։ Միավորման ներսում խորը ինստիտուցիոնալ ճգնաժամ է հասունանում։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվում համագործակցության մասնակիցների շրջանում չճանաչված ՀԿԹՀ-ի («Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության») կարգավիճակի հանդեպ անբարյացակամ վերաբերմունքով, ինչպես նաև Պետեր Մադյարի գլխավորությամբ եվրոպամետ կառավարության իշխանության գալու կապակցությամբ կազմակերպությունից Հունգարիայի դուրս գալու ռիսկով։ Այս բոլոր կուտակված հակասություններն էապես արգելափակում են Անկարայի հավակնությունները՝ խոչընդոտելով ԹՊԿ-ի վերածմանը Թուրքիայի՝ եվրասիական տարածքում ուժի առանցքային կենտրոնի և գլոբալ խաղացողի վերափոխման արդյունավետ մեխանիզմի:
Վերը նշված վարկածը, ըստ որի ԹՊԿ-ի շրջանակներում առկա տարաձայնություններն ու փոխգործակցության կառուցվածքի քայքայումն ունեն ինքնաբուխ ու բացառապես ներքին բնույթ, քիչ համոզիչ է դիտվում։ Հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործընթացներն ուղղորդվում են արտաքին կենտրոններից։ Նման արտաքին համակարգման հիմնական նպատակն է թուրքական քաղաքական խոսույթից պանթուրքիզմի և պանթուրանիզմի ծայրահեղ ազգայնական թեզերի չեզոքացումը՝ Անկարայի ռազմավարական կիզակետը, հավակնություններն ու ներուժն աստիճանաբար տեղափոխելով նեոօսմանյան վերանայումների հուն և ներքաշելով նրան ներիսլամական դիմակայության մեջ։ Այս մոտեցման օգտին է փաստում նաև ընթացիկ տարվա ամռանը կնքված Մեքքայի դաշնագիրը («Սուննի ՆԱՏՕ»-ի ձևավորման մասին), որն Անկարային ներգրավում է Մերձավոր Արևելքի «շիական բլոկի» պետությունների ու խմբավորումների հետ հավանական սրացումների մեջ։
8. Արտաքին քաղաքական համատեքստը և տարածաշրջանային դաշինքների վերաձևավորումը
Արտաքին հիմնական դերակատարների միջև ընթացող ռազմավարական պայքարում Վաշինգտոնի և Թել Ավիվի միասնական դաշինքը ներկայումս ակնհայտ առավելություն է ցուցաբերում բրիտանա-թուրքական տանդեմի նկատմամբ, որը փորձում էր Եվրասիայում ձևավորել ուժերի տարածաշրջանային ազդեցության սեփական մոդելները: Ստեղծված իրողությունների պայմաններում Լոնդոնի աջակցությամբ առաջ մղվող «Մեծ Թուրանի» հայեցակարգը բախվում է լուրջ խոչընդոտների՝ աստիճանաբար կորցնելով իր գործնական կենսունակությունը։ Ռեսուրսներով հարուստ և ռազմավարական առանցքային նշանակություն ունեցող Կենտրոնական Ասիայում ԱՄՆ նախապատվությունը տալիս է ինքնուրույն քաղաքականության վարմանը՝ խուսափելով Անկարայի հետ հավասարազոր գործընկերային հարաբերություններ հաստատելուց։ Փոխարենը, ամերիկյան կողմը ձգտում է թուրքական աշխարհաքաղաքական ակտիվությունը վերաուղղել դեպի Մերձավոր Արևելք՝ ներքաշելով նրան տեղական ներիսլամական հակասությունների ու բախումների հորձանուտ։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 12.11.2026 թ.: