Սահմանակից երկրներ

Էրդողանիզմի մշակութային դիմագիծը

2 դիտում

The cultural profile of Erdoğanism 

Krtikashyan M. G.

Abstract

This article examines the main features of Erdoğanism’s cultural policy in the context of comparison with the ideological legacy of Kemalism. By applying methods of historical-comparative and discourse analysis, it explores the attempts to establish cultural hegemony, the expansion of the public significance of Islamic values, the reinterpretation of historical memory, and the transformations in educational policy. Particular attention is paid to the role of religious symbols in public space, the dissemination of national identity perceptions through historical television series, and the idea of forming a “pious generation”. The study concludes that Erdoğanism does not imply a complete eradication of Kemalist cultural heritage but rather seeks to reinterpret its value priorities, placing greater emphasis on the role of Ottoman and Islamic heritage in the process of shaping modern Turkey’s national identity.

Մարգարիտա Գևորգի Կրտիկաշյան[1]

Էրդողանիզմի մշակութային դիմագիծը[2]

Քեմալական ժառանգությունը և մշակութային իշխանության խնդիրը

1923 թվականին Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնած բարեփոխումներն ընդգրկեցին ոչ միայն պետական կառավարման համակարգը, այլև հասարակության մշակութային կյանքը։ Նոր հանրապետության գաղափարական հիմքերի ամրապնդման գործում առանձնահատուկ նշանակություն ստացան կրթությունը, լեզուն, պատմությունը և մշակութային հաստատությունները։ 1928 թ. իրականացվեց այբուբենի փոփոխությունը, իսկ 1932 թ. հուլիսի 12-ին հիմնադրվեց Թուրքերեն լեզվի հետազոտության ընկերությունը (Türk Dili Tetkik Cemiyeti), որը հետագայում վերանվանվեց Թուրքերեն լեզվի ընկերություն (Türk Dil Kurumu)[3]։

Նույն թվականին ստեղծվեցին նաև ժողովրդական տները (Halkevleri), որոնք կրթական, մշակութային և հրատարակչական գործունեության միջոցով նպաստում էին հանրապետական գաղափարների տարածմանը և ազգային ինքնության նոր պատկերացումների ամրապնդմանը[4]։

Քեմալական բարեփոխումների նպատակն էր ձևավորել հասարակություն, որի ազգային ինքնության հիմքում պետք է ընկած լինեին հանրապետական սկզբունքները, միասնական լեզուն և արդիականացման գաղափարը։ Սակայն այս գործընթացը չէր սահմանափակվում նոր հաստատությունների ստեղծմամբ։ Այն ենթադրում էր նաև պատմական ժառանգության վերագնահատում, հասարակական արժեքների փոփոխություն և նոր քաղաքացու կերպարի ձևավորում։ Այսպիսով, մշակույթը դարձավ պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, որի միջոցով իշխանությունը ձգտում էր ամրապնդել հանրապետության գաղափարական հիմքերը։

Միաժամանակ հարկ է նկատել, որ հանրապետական Թուրքիայի մշակութային արդիականացումը ձևավորվել է նաև նախորդ ժամանակաշրջանից ժառանգված բազմազգ մշակութային միջավայրի ազդեցությամբ։ Այդ գործընթացում նշանակալի է եղել հայ մտավորականների և արվեստագետների ներդրումը։ Մասնավորապես, հայազգի լեզվաբան Հակոբ Մարթայանը (Ագոփ Դիլաչար) մասնակցել է թուրքական լեզվական բարեփոխումներին և երկար տարիներ աշխատել Թուրքերեն լեզվի ընկերությունում[5]։ Հայկական մասնակցության մեկ այլ ուշագրավ օրինակ է կոմպոզիտոր Էդգար Մանասը, որը կատարել է Թուրքիայի պետական օրհներգի բազմաձայն և նվագախմբային մշակումը[6]։ Այս օրինակները ցույց են տալիս, որ հանրապետության ազգային մշակույթի ձևավորման գործընթացն իր պատմական հիմքերով բազմաշերտ էր և չէր սահմանափակվում միայն թուրքական էթնիկական միջավայրով։

Քեմալական մշակութային քաղաքականության ազդեցությունը կարելի է դիտարկել նաև մշակութային հեգեմոնիայի հասկացության միջոցով։ Իտալացի մտածող Անտոնիո Գրամշիի տեսության համաձայն՝ քաղաքական իշխանության կայունությունը պայմանավորված է ոչ միայն պետական հաստատությունների նկատմամբ վերահսկողությամբ, այլև հասարակության մեջ որոշակի արժեքների, պատկերացումների և աշխարհայացքի ընդունելիության ապահովմամբ։ Այս գործընթացում կարևոր դեր ունեն կրթությունը, մշակույթը և հասարակական հաստատությունները, որոնց միջոցով ձևավորվում է գաղափարական համաձայնություն[7]։ Քեմալականության պարագայում մշակութային քաղաքականությունը նույնպես ծառայում էր հանրապետական արժեքների տարածմանը և հասարակության գաղափարական վերափոխմանը։

2002 թ. Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալով՝ մշակութային իշխանության խնդիրը նոր նշանակություն ստացավ։ Կուսակցության քաղաքական վերելքը կապված էր նաև պահպանողական և կրոնական հասարակական շրջանակների աճող ազդեցության հետ, որոնք ձգտում էին ավելի լայն ներկայացվածություն ունենալ հանրային կյանքում։ Սակայն քաղաքական իշխանության ձեռքբերումը դեռ չէր նշանակում մշակութային ոլորտում նույնպիսի ազդեցության հաստատում։ Հենց այս հակասությունն էլ հետագայում դարձավ Էրդողանի քաղաքական խոսույթի կարևոր թեմաներից մեկը։

2017 թ. մայիսի 28-ին Ստամբուլում կայացած Էնսար հիմնադրամի 38-րդ ընդհանուր ժողովի ընթացքում Էրդողանը հայտարարեց. «Մենք արդեն 14 տարի անընդմեջ քաղաքական իշխանության ղեկին ենք, սակայն դեռևս դժվարություններ ունենք հասարակական և մշակութային իշխանության հարցում»[8]։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Էրդողանը հստակ տարբերակում էր քաղաքական իշխանության ձեռքբերումը հասարակության մշակութային կյանքի վրա ազդեցության հաստատումից։ Չնայած ԱԶԿ-ի երկարատև կառավարմանը՝ աշխարհիկ մշակութային պատկերացումները շարունակում էին պահպանել իրենց ազդեցությունը, իսկ պահպանողական և կրոնական արժեքների առաջմղումը մնում էր իշխանության կարևոր նպատակներից մեկը։

Էրդողանի այս հայտարարությունը կարևոր է էրդողանիզմի մշակութային դիմագիծը հասկանալու համար։ Այն ցույց է տալիս, որ քաղաքական հաղթանակը նրա համար դեռևս չէր նշանակում հասարակության արժեքային համակարգի ամբողջական վերափոխում։ Այլ կերպ ասած՝ պետական իշխանություն ունենալը բավարար չէր մշակութային այնպիսի միջավայր ձևավորելու համար, որտեղ պահպանողական և կրոնական արժեքները կունենային նույնքան ազդեցիկ դիրքեր, որքան հանրապետական շրջանում ամրապնդված աշխարհիկ մշակութային պատկերացումները։ Էրդողանի այս մոտեցումը կարելի է դիտարկել նաև yerli ve millî՝ «տեղական և համազգային» մշակութային քաղաքականության համատեքստում։ Հետազոտող Գյոքսել Այմազը, անդրադառնալով ԱԶԿ-ի մշակութային իշխանության խնդրին, նշում է, որ քաղաքական իշխանությունը մշակութային ոլորտում ամրապնդելու ձգտումը կապված էր կրոնական պահպանողականության դիրքերի ընդլայնման հետ։ Միաժամանակ, ըստ հեղինակի, հասարակական առօրյայում պահպանողական արժեքների ազդեցության աճը դեռևս չէր նշանակում համարժեք գերակայություն գրականության, կինոյի, թատրոնի և երաժշտության ոլորտներում[9]։

Այս դիտարկումը թույլ է տալիս ավելի հստակ հասկանալ քեմալականության և էրդողանիզմի միջև մշակութային մրցակցության բնույթը։ Երկու գաղափարական մոտեցումներն էլ մշակույթին վերապահում են հասարակության ձևավորման կարևոր գործառույթ, սակայն տարբեր կերպ են սահմանում դրա արժեքային հիմքերը։ Եթե քեմալականության շրջանակներում պետական մշակութային քաղաքականությունը մեծապես ուղղված էր աշխարհիկ հանրապետական ինքնության ամրապնդմանը, ապա էրդողանիզմի պարագայում առավել ընդգծվեց պահպանողական և կրոնական արժեքների հանրային նշանակության ընդլայնումը։

Այդուհանդերձ, պահպանողական և կրոնական արժեքների հանրային նշանակության ընդլայնումը չի նշանակում մշակութային ոլորտում դրանց անվերապահ գերակայություն։ Թուրքիայի հասարակության աշխարհիկ և պահպանողական շրջանակների միջև առկա տարբերությունները վկայում են, որ մշակութային ազդեցության հաստատումը շարունակում է մնալ գաղափարական մրցակցության առարկա։

Կրոնական արժեքները և հանրային տարածքի վերաիմաստավորումը

Էրդողանիզմի մշակութային քաղաքականության առանձնահատկություններից է իսլամական արժեքների ներկայացումը որպես Թուրքիայի ազգային ինքնության և պատմական ժառանգության կարևոր բաղադրիչ։ Եթե քեմալականության պայմաններում աշխարհիկությունը ենթադրում էր կրոնական կյանքի պետական վերահսկողություն և հանրապետական ինքնության առաջնահերթություն, ապա Էրդողանի իշխանության տարիներին առավել ընդգծվեց իսլամական և օսմանյան ժառանգության հասարակական նշանակությունը։ Այս փոփոխությունն արտահայտվեց ոչ միայն քաղաքական խոսույթում, այլև հանրային տարածքի և պատմական հուշարձանների նկատմամբ պետության վերաբերմունքում։ Կրոնական արժեքների հանրային նշանակության ընդլայնման գործում կարևոր դեր է ունեցել նաև Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı)։ Քեմալական շրջանում ձևավորված այս պետական կառույցը «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին աստիճանաբար ընդլայնել է իր գործունեության շրջանակները՝ կրոնական ծառայություններից բացի առավել ակտիվ ներգրավվելով հասարակական արժեքների և պատկերացումների ձևավորման գործընթացում։ Այսպիսով, Դիյանեթի դերակատարության փոփոխությունը ցույց է տալիս, որ էրդողանիզմի մշակութային քաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն խորհրդանշական որոշումների, այլև պետական հաստատությունների միջոցով կրոնական արժեքների հանրային ազդեցության ամրապնդման ձգտմամբ[10]։

Այս քաղաքականության առավել խորհրդանշական օրինակներից է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի՝ Այա Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը։ 1934 թ. թանգարանի վերածված կառույցը 2020 թ. կրկին բացվեց որպես մզկիթ[11]։ Այս որոշումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես կրոնական նշանակության վերականգնում, այլև պատմական հիշողության վերաիմաստավորում։ Եթե քեմալական շրջանում Այա Սոֆիայի թանգարանային կարգավիճակը խորհրդանշում էր հանրապետության աշխարհիկ մշակութային առաջնահերթությունները, ապա Էրդողանի որոշմամբ առավել ընդգծվեց կառույցի՝ օսմանյան և իսլամական ժառանգության մաս լինելու հանգամանքը։

Նմանատիպ նշանակություն ունեցավ 2021 թ. Ստամբուլի Թաքսիմ հրապարակում նորակառույց մզկիթի բացումը[12]։ Հանրապետության խորհրդանիշներով հայտնի հրապարակում նոր կրոնական կառույցի հայտնվելը ցույց տվեց, թե ինչպես կարող է քաղաքային միջավայրը վերածվել տարբեր գաղափարական պատկերացումների արտահայտման տարածքի։ Այս դեպքում ճարտարապետությունը հանդես է գալիս ոչ միայն որպես մշակութային ժառանգության շարունակություն, այլև ժամանակակից իշխանության արժեքային առաջնահերթությունների արտահայտման միջոց։

Այդուհանդերձ, այս փոփոխությունները չեն նշանակում քեմալական աշխարհիկության ամբողջական վերացում։ Դրանք ավելի շուտ վկայում են ազգային ինքնության խորհրդանիշների վերադասավորման մասին, որի արդյունքում իսլամական և օսմանյան ժառանգությունն առավել տեսանելի ներկայություն է ստանում երկրի հանրային տարածքում։

Պատմական հիշողության վերաիմաստավորումը և հեռուստասերիալների դերը

Էրդողանիզմի մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է պատմական հիշողության վերաիմաստավորումը, որի շրջանակներում առանձնահատուկ նշանակություն է ստանում օսմանյան անցյալի ներկայացման եղանակը։ Եթե քեմալական գաղափարախոսությունը ազգային ինքնության հիմքում առաջնահերթորեն դնում էր հանրապետական շրջանի ձեռքբերումները, ապա էրդողանիզմը ձգտում է առավել ընդգծել Թուրքիայի պատմական շարունակականությունը օսմանյան և իսլամական ժառանգության հետ։  Այս մոտեցման տարածման գործում կարևոր դեր են ստանձնել նաև զանգվածային մշակույթի միջոցները, հատկապես պատմական հեռուստասերիալները։

Այս համատեքստում առանձնանում են պետական TRT հեռուստաընկերությամբ հեռարձակված  «Հարություն. Էրթուղրուլ» (Diriliş: Ertuğrul ) և  «Մայրաքաղաք. Աբդուլ Համիդ» (Payitaht: Abdülhamid) հեռուստասերիալները։ Դրանցում պատմական իրադարձությունները ներկայացվում են ազգային միասնության, ուժեղ առաջնորդության և արտաքին սպառնալիքների դեմ պայքարի գաղափարների շեշտադրմամբ։ Հետազոտող Օզլեմ Ավջըն, անդրադառնալով պատմական սերիալների գաղափարական նշանակությանը, ցույց է տալիս, թե ինչպես են անցյալի իրադարձությունները հեռուստատեսային պատումների միջոցով կապվում ժամանակակից հասարակական և քաղաքական պատկերացումների հետ[13]։

Այս երևույթը կարևոր է էրդողանիզմի մշակութային դիմագիծը հասկանալու տեսանկյունից։ Պատմական հերոսների ընտրությունը, նրանց կերպարների ներկայացումն ու գաղափարական շեշտադրումները կարող են նպաստել ազգային ինքնության որոշակի պատկերացումների ամրապնդմանը։ Լևենթ Բուլութի ուսումնասիրության համաձայն՝ «Հարություն. Էրթուղրուլ» և «Մայրաքաղաք. Աբդուլ Համիդ» սերիալներում պատմական պատումները ծառայում են նաև քաղաքական լեգիտիմության ձևավորմանը՝ անցյալի առաջնորդների և ժամանակակից քաղաքական իշխանության միջև խորհրդանշական զուգահեռներ ստեղծելով[14]։

Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ պատմական հեռուստասերիալները պատմագիտական ուսումնասիրություններ չեն։ Դրանցում պատմական իրադարձությունները ենթարկվում են գեղարվեստական վերամեկնաբանության, իսկ որոշ կերպարներ և իրադարձություններ ներկայացվում են ժամանակակից հասարակական պատկերացումներին համապատասխան։ Այս հանգամանքը հատկապես կարևոր է, երբ պատմական թեմաներին նվիրված հեռուստաարտադրանքը դիտարկվում է որպես ազգային ինքնության և հավաքական հիշողության ձևավորման միջոց[15]։

Թուրքական հեռուստասերիալների միջազգային տարածումը հնարավորություն է տալիս այդ պատմական պատկերացումները ներկայացնելու նաև արտաքին լսարանին։ Սակայն հարկ է տարբերակել պետական աջակցությամբ ստեղծվող պատմաքաղաքական նախագծերը և մասնավոր հեռուստաարտադրության բազմազանությունը։ Թուրքական սերիալների ամբողջ արդյունաբերությունը չի կարելի նույնացնել էրդողանիզմի գաղափարախոսության հետ, թեև դրա որոշ նախագծեր կարող են նպաստել Թուրքիայի մշակութային ազդեցության ընդլայնմանը։

Այսպիսով, պատմական հեռուստասերիալների մի մասը կարելի է դիտարկել որպես էրդողանիզմի մշակութային քաղաքականության դրսևորում, որի միջոցով պատմական հիշողությունը կապվում է ժամանակակից ազգային ինքնության վերաբերյալ պատկերացումների հետ։ Նման նախագծերի նշանակությունը ոչ միայն անցյալի ներկայացումն է, այլև այն արժեքների և գաղափարների տարածումը, որոնց հիման վրա իշխանությունը ձգտում է ձևավորելու ժամանակակից Թուրքիայի մշակութային դիմագիծը։

Կրթական քաղաքականությունը և «կրոնապաշտ սերնդի» գաղափարը

Էրդողանիզմի մշակութային քաղաքականության երկարաժամկետ նպատակները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Եթե պատմական հուշարձանների և հեռուստասերիալների միջոցով իշխանությունը ձգտում է վերաիմաստավորելու ազգային ինքնության խորհրդանիշները, ապա կրթական քաղաքականությունը հնարավորություն է տալիս այդ պատկերացումները փոխանցելու հաջորդ սերունդներին։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի Էրդողանի՝ դեռևս 2012 թ. առաջադրած «կրոնապաշտ սերունդ» (dindar nesil)՝ ձևավորելու գաղափարը[16]։ Այդ մոտեցման գործնական դրսևորումներից էր կրոնական ուղղվածություն ունեցող «İmam Hatip» դպրոցների ընդլայնումը։ 2012 թ.  կրթական բարեփոխումները նպաստեցին դրանց հասանելիության մեծացմանը՝ կրոնական կրթությունը դարձնելով պետական կրթական համակարգի առավել ընդգծված բաղադրիչ[17]։ Միաժամանակ փոփոխություններ կատարվեցին հանրակրթական ծրագրերում։ Մասնավորապես, 2017 թ. ավագ դպրոցի ուսումնական ծրագրից դուրս թողնվեց Դարվինի էվոլյուցիոն տեսության առանձին թեման, ինչը հասարակական քննարկումների առիթ դարձավ գիտական կրթության և պահպանողական արժեքների հարաբերակցության շուրջ[18]։

Այս փոփոխությունների նշանակությունը չի սահմանափակվում կրթական հաստատությունների գործունեությամբ։ Դրանք արտահայտում են ազգային ինքնության վերաբերյալ այն մոտեցումը, որի շրջանակներում կրոնական դաստիարակությունը դիտարկվում է որպես հասարակության արժեքային շարունակականության ապահովման միջոց։ Միաժամանակ կրթական քաղաքականության շուրջ տարաձայնությունները ցույց են տալիս, որ էրդողանիզմի առաջադրած մշակութային պատկերացումները շարունակում են մրցակցել Թուրքիայի հասարակության աշխարհիկ և պահպանողական ընկալումների հետ։

Եզրակացություն

Քեմալականության և էրդողանիզմի մշակութային առաջնահերթությունների համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին երկու տասնամյակներում Թուրքիայում տեղի ունեցած փոփոխությունները չեն սահմանափակվում քաղաքական իշխանության կազմակերպմամբ։ Դրանք առնչվում են նաև ազգային ինքնության, պատմական հիշողության, կրոնի հասարակական դերի և մշակութային արժեքների վերաբերյալ պատկերացումներին։ Էրդողանիզմի շրջանակներում օսմանյան և իսլամական ժառանգությունը ստացել է առավել ընդգծված նշանակություն՝ վերափոխելով Թուրքիայի՝ հանրապետական շրջանում հաստատված մշակութային առաջնահերթությունների հարաբերակցությունը։

Այս գործընթացում առանձնահատուկ նշանակություն են ստացել պատմական և կրոնական խորհրդանիշների վերաիմաստավորումը, զանգվածային մշակույթի օգտագործումը և կրթական քաղաքականության փոփոխությունները։ Դրանց միջոցով իշխանությունը ձգտել է պահպանողական և կրոնական արժեքներն առավել տեսանելի դարձնել հասարակական կյանքում և ամրապնդել ազգային ինքնության վերաբերյալ սեփական պատկերացումները։ Միաժամանակ այս փոփոխությունները վկայում են ոչ այնքան մշակութային նոր համակարգի ամբողջական հաստատման, որքան մշակութային ազդեցության ոլորտում իշխանության դիրքերի ընդլայնման մասին։

Այս համատեքստում առավել հասկանալի է դառնում Էրդողանի՝ քաղաքական իշխանության և մշակութային իշխանության միջև կատարած տարբերակումը։ Չնայած պահպանողական և կրոնական արժեքների հանրային նշանակության ընդլայնմանը՝ Թուրքիայի հասարակության մեջ շարունակում են գոյակցել աշխարհիկ, պահպանողական և կրոնական պատկերացումները, իսկ հանրապետական ժառանգությունը պահպանել է իր քաղաքական և մշակութային նշանակությունը։ Հետևաբար, էրդողանիզմի մշակութային դիմագիծն առավել հիմնավոր է բնութագրել ոչ թե որպես քեմալականության ամբողջական փոխարինում, այլ որպես քեմալական ժառանգության վերաիմաստավորման և դրա հետ շարունակվող գաղափարական մրցակցության արդյունք։


[1] Արևելագետ, թուրքագետ: ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասպիրանտ։ Հետազոտում է Թուրքիայի մշակութային քաղաքականությունը, փափուկ ուժի գործիքները և հայ-թուրքական հարաբերությունները։

[2] Հոդվածը խմբագրություն է հանձնվել 25.10.2026-ին:

[3] Türk Dil Kurumu,Tarihçe. 31.12.2011,
https://tdk.gov.tr/tdk/kurumsal/tarihce-2/ (բեռնման օրը՝ 10.10.2026).

[4] Karataş Esmeray, Türkiye Cumhuriyeti’nin Bilgi Kaynakları Olarak Halkevi Dergileri. Kültür Araştırmaları Dergisi, No. 23, 2024, pp. 177–189.

[5] Մկրյան Աշոտ, «Հակոբ Մարթայան (Դիլաչար) լեզվաբանը», Գիտական Արցախ, № 1 (16), 2023, էջ 232–241:

[6] Türkiye Diyanet Vakfı, «İstiklâl Marşı», TDV İslâm Ansiklopedisi,
https://islamansiklopedisi.org.tr/istiklal-marsi (բեռնման օրը՝ 10.10.2026).

[7] Gramsci Antonio, Selections from the Prison Notebooks, edited and translated by Quintin Hoare and Geoffrey Nowell Smith, International Publishers, New York 1971,
https://ia600506.us.archive.org/19/items/Antonio GramsciSelectionsFromThePrisonNotebooks/Antonio-Gramsci-Selections-from-the-Prison-Notebooks.pdf (բեռնման օրը՝ 11.10.2026).

[8] Cumhurbaşkanı Erdoğan: Sosyal ve kültürel iktidarımız konusunda sıkıntılarımız var. Hürriyet 28.05.2017, https://www.hurriyet.com.tr/gundem/cumhurbaskani-erdogan-sosyal-ve-kulturel-iktidarimiz-konusunda-sikintilarimiz-var-40472482 (բեռնման օրը՝ 11.10.2026).

[9] Aymaz Göksel, Kültürün İktidarı: Dindar Muhafazakârlık ve Kültürel Egemenlik․ İnsan ve İnsan, Vol. 11, No. 38, 2024․

[10] Öztürk, Ahmet Erdi, Turkey’s Diyanet under AKP Rule: From Protector to Imposer of State Ideology?․ Southeast European and Black Sea Studies․ Vol. 16, No. 4, 2016, pp. 619-635.

[11] Statement on Hagia Sophia, Istanbul․ UNESCO World Heritage Centre, 10.07.2020, https://whc.unesco.org/en/news/2156/ (բեռնման օրը՝ 13.10.2026)․

[12] Taksim Square: Erdogan Inaugurates Controversial Mosque․ BBC News, 28.05.2021, https://www.bbc.com/news/world-europe-57290677 (բեռնման օրը՝ 13.10.2026)․

[13] Avcı, Özlem, Geçmişi Tarihselleştirmenin Bir Aracı Olarak Tarih Dizileri: Diriliş, Payitaht, Kûtul’amâre․ Sosyoloji Dergisi․ No. 39, 2019․

[14] Bulut, Levent, Tarih Dizileri ve Ulus-Kimlik İnşası: Diriliş ‘Ertuğrul’ ve Payitaht ‘Abdülhamid’ Üzerinden Siyasal Meşruiyetin Medyatik Üretimi․ Kritik İletişim Çalışmaları Dergisi․ Vol. 8, No. 1, 2026, pp. 1–19․

[15] Murat, Fatma, and Gökgöz, Gökhan, Türk Dizilerinin Tarih Kurgusu: ‘Muhteşem Yüzyıl’, ‘Payitaht Abdülhamid’, ‘Kuruluş Osman’. Kastamonu İletişim Araştırmaları Dergisi. No. 8, 2022.

[16] Re-Educating Turkey: AKP Efforts to Promote Religious Values in Turkish Schools․ Center for American Progress, 2015, https://www.americanprogress.org/wp-content/uploads/sites/2/2015/12/Re-EducatingTurkey.pdf (բեռնման օրը՝ 10.10.2026).

[17] Turkey Passes School Reform Law․ Reuters, 30.03.2012, https://www.arabnews.com/archive/409778 (բեռնման օրը՝ 10.10.2026).

[18] Solaker Gülşen, and Toksabay, Ece, “Turkey Rolls Out New School Curriculum–Without Darwin”․ Reuters, 18.07.2017, https://www.dawn.com/news/1346243 (բեռնման օրը՝ 15.10.2026).


Օգտագործված գրականության ցանկ

  1. Türk Dil Kurumu,Tarihçe, 31.12.2011,
    https://tdk.gov.tr/tdk/kurumsal/tarihce-2/
  2. Karataş Esmeray, Türkiye Cumhuriyeti’nin Bilgi Kaynakları Olarak Halkevi Dergileri. Kültür Araştırmaları Dergisi. No. 23, 2024, pp.177–189,
  3. Մկրյան Աշոտ, «Հակոբ Մարթայան (Դիլաչար) լեզվաբանը», Գիտական Արցախ, № 1 (16), 2023, էջ 232–241:
  4. Türkiye Diyanet Vakfı, «İstiklâl Marşı».
    TDV İslâm Ansiklopedisi.
    https://islamansiklopedisi.org.tr/istiklal-marsi
  5. Gramsci Antonio, Selections from the Prison Notebooks, edited and translated by Quintin Hoare and Geoffrey Nowell Smith, International Publishers, New York, 1971, https://ia600506.us.archive.org/19/items/AntonioGramsciSelectionsFromThePrisonNotebooks/Antonio-Gramsci-Selections-from-the-Prison-Notebooks.pdf
  6. Cumhurbaşkanı Erdoğan: Sosyal ve kültürel iktidarımız konusunda sıkıntılarımız var․
    Hürriyet, 28.05.2017,
    https://www.hurriyet.com.tr/gundem/cumhurbaskani-erdogan-sosyal-ve-kulturel-iktidarimiz-konusunda-sikintilarimiz-var-40472482
  7. Aymaz Göksel, “Kültürün İktidarı: Dindar Muhafazakârlık ve Kültürel Egemenlik”, İnsan ve İnsan, Vol. 11, No. 38, 2024.
  8. Statement on Hagia Sophia, Istanbul․
    UNESCO World Heritage Centre, 10.07.2020,
    https://whc.unesco.org/en/news/2156/
  9. Taksim Square: Erdogan Inaugurates Controversial Mosque.
    BBC News, 28.05.2021,
    https://www.bbc.com/news/world-europe-57290677
  10. Öztürk Ahmet Erdi, Turkey’s Diyanet under AKP Rule: From Protector to Imposer of State Ideology?, Southeast European and Black Sea Studies. Vol. 16, No. 4, 2016, pp. 619-635.
  11. Avcı Özlem, Geçmişi Tarihselleştirmenin Bir Aracı Olarak Tarih Dizileri: Diriliş, Payitaht, Kûtul’amâre. Sosyoloji Dergisi. No. 39, 2019.
  12. Bulut, Levent, “Tarih Dizileri ve Ulus-Kimlik İnşası: Diriliş ‘Ertuğrul’ ve Payitaht ‘Abdülhamid’ Üzerinden Siyasal Meşruiyetin Medyatik Üretimi”. Kritik İletişim Çalışmaları Dergisi. Vol. 8, No. 1, 2026, pp. 1–19.
  13. Murat, Fatma, and Gökgöz, Gökhan, Türk Dizilerinin Tarih Kurgusu: ‘Muhteşem Yüzyıl’, ‘Payitaht Abdülhamid’, ‘Kuruluş Osman’. Kastamonu İletişim Araştırmaları Dergisi. No. 8, 2022.
  14. Re-Educating Turkey: AKP Efforts to Promote Religious Values in Turkish Schools.
    Center for American Progress, 2015.
    https://www.americanprogress.org/wp-content/uploads/sites/2/2015/12/Re-EducatingTurkey.pdf
  15. Turkey Passes School Reform Law.
    Reuters, 30.03.2012,
    https://www.arabnews.com/archive/409778
  16. Solaker Gülşen, and Toksabay Ece, Turkey Rolls Out New School Curriculum – Without Darwin.
    Reuters, 18.07.2017,
    https://www.dawn.com/news/1346243