Հրապարակում
«Աջարական հարցը» տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության փոփոխության պայմաններում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 23.09.2026 թ.[1]
1. Դիվանագիտական միջադեպը Թբիլիսիում և Անկարայի պահանջները
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական մի շարք գործընթացների աշխուժացման համապատկերում Թուրքիան, դատելով մի շարք հատկանիշներից, արդիականացնում է Աջարիայի ավելի խորը ինտեգրման օրակարգը։ 01.09.2026 թ. Թբիլիսի է այցելել Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը: Վրացական կողմի հրավերով կայացած այցի պաշտոնական նպատակներն էին Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ բանակցությունները՝ նվիրված միջազգային կազմակերպված հանցավորության հակազդման հարցերին, ինչպես նաև երկու երկրների իրավապահ ակադեմիաների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը: Թեև սկզբում ոչ մի լարվածություն չէր կանխատեսվում, հանդիպումը վերածվեց սուր բանավեճի՝ վերջնագրային պահանջների առաջադրմամբ։ Ինչպես հաղորդում են վրացական ԶԼՄ-ները, աղմուկի պատճառ է դարձել Մուստաֆա Չիֆթչիի հայտարարությունը, որում նա պահանջել է թուրք ուժայիններին տրամադրել ազատ մուտք Աջարիա՝ ինքնուրույն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար: Թուրքական կողմը դա պատճառաբանել է նրանով, որ տարածաշրջանն արդեն խորապես ինտեգրված է Թուրքիայի տարածքային համակարգում, ինչի շնորհիվ Անկարայի իրավապահները կարող են առանց լրացուցիչ թույլտվությունների և Թբիլիսիի հետ հաշվի նստելու այնտեղ վերահսկել հասարակական անվտանգությունը։ Ի պատասխան՝ վրացական իշխանությունները մերժել են նման հավակնությունները՝ որպես անընդունելի և երկրի ինքնիշխանությունը ոտնահարող պահանջներ։ Թբիլիսին ընդգծել է, որ համատեղ աշխատանքի առկա պատկառելի փորձը և գործող լայն նորմատիվ-իրավական բազան լիովին բավարար են արդյունավետ փոխգործակցության համար: Ընդ որում, հստակ նշվել է, որ Վրաստանը չի հանդուրժի թուրքական ուժայինների կողմից սահմանի չարտոնված հատումները և կտրականապես բացառում է նրանց անկախ օպերատիվ գործունեությունն Աջարիայի տարածքում: Թեև վրացական կողմի համոզիչ փաստարկները կարծես թե սպառել են թեման, Թուրքիայի ՆԳՆ ղեկավարն ուղղակի սադրանքի է դիմել։ Մուսթաֆա Չիֆթչին իր գործընկեր Սուլխան Թամազաշվիլիին հայտնել է, որ նման մոտեցման դեպքում Անկարան հետամուտ կլինի Աջարիայի կարգավիճակի վերանայմանը: Թուրքական կողմի դիրքորոշման և պահանջների պաշտոնական ձևակերպման համար Մ. Չիֆթչին Ս. Թամազաշվիլիին հրավիրել է Թուրքիա՝ բանակցելու:
2. Աջարիայի ինքնավարության պատմաիրավական հիմքերը
Այսպիսով, ըստ երևույթի, Անկարան հասկացնել է տվել, որ հենվում է ինչ-որ իրավունքների վրա, որոնք բխում են 1921 թվականի խորհրդա-թուրքական համաձայնագրերի նորմատիվ-իրավական բազայից։ Խոսքը ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թ. մարտի 16-ին կնքված Մոսկովյան պայմանագրի և դրան հաջորդած 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի մասին է, որը կնքվել Է Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների (Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) հետ։ Կարսի համաձայնագրի VI Հոդվածի, ինչպես նաև Մոսկվայի պայմանագրի նորմերի համաձայն՝ նավահանգստի և Բաթում քաղաքի շրջակայքի (ներկայիս Աջարիայի) նկատմամբ ինքնիշխանությունը փոխանցվել է Վրաստանին։ Այս փոխանցման հիմնական պայմանը տեղի բնակչության յուրաքանչյուր ազգային համայնքի մշակութային և կրոնական իրավունքները պաշտպանող լայն վարչական ինքնավարություն տրամադրելու պարտավորությունն էր, որն էլ իրավական հիմք դարձավ տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի ձևավորման համար: Հետագայում, 1991 թ. անկախացումից հետո, Վրաստանը պաշտոնապես հաստատեց Վրացական ԽՍՀ պայմանավորվածությունների շարունակականությունը և Թուրքիայի հետ հարաբերություններում ճանաչեց պայմանագրային սահմանների անխախտելիությունը, ներառյալ Կարսի պայմանագրով Աջարիայի վերաբերյալ նախատեսված դրույթները:
3. Տեղեկատվական տարասփռություն և լրատվական դիմակայություն
Թբիլիսիի միջադեպի շուրջ միջազգային արձագանքը համաշխարհային լրատվամիջոցներում էապես ուժեղացել է Թուրքիայի նախագահի ելույթի տեսագրության միաժամանակյա հայտնվելու պատճառով: Այդ կադրերում Ռ. Թ. Էրդողանը բացահայտ հայտարարում է Աջարիան միացնելու ձգտման մասին. «Պետական սահմանները միշտ չէ, որ միայն գծեր են քարտեզի վրա։ Մենք պետք է պատասխանատվություն կրենք նույն լեզվով խոսող, պատմական թյուրքական հողերում ապրող և մեկ Աստծու հավատացող մեր եղբայրական ժողովուրդների ճակատագրի համար։ Ես հավատում եմ, որ Թուրքիան կվերադարձնի Աջարիան… և կապահովի բոլոր թյուրքական ժողովուրդների բարեկեցությունը»։
Ի սկզբանե տվյալ տեսանյութը արտասահմանյան մամուլում ներկայացվում էր որպես Էրդողանի կայծակնային արձագանք Վրաստանում տեղի ունեցող դիվանագիտական գզվրտոցին։ Սակայն ընդամենը մի քանի օր անց առաջատար որոնողական հարթակները կասկածի տակ դրեցին ձայնագրության իսկությունը։ Հղում անելով կատարված տեխնիկական փորձաքննություններին՝ հայտարարվել է, որ թուրք ղեկավարի ձայնով ձայնագրությունը կեղծիք է, որն իրականացվել է արհեստական բանականության միջոցով։ Այս կեղծված ձայնը մոնտաժվել է նրա 2026 թ. փետրվարի 26-ի ելույթի արխիվային կադրերով իֆթարում, որտեղ իրականում քննարկվել են բացառապես երկրի պաշտպանունակության, տեխնոլոգիաների զարգացման և երիտասարդական քաղաքականության հարցերը։
Թեև նման պնդումները կարող են համապատասխանել իրականությանը, ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Թբիլիսիում բանակցություններից անցած մի քանի օրերի ընթացքում խոշորագույն գլոբալ որոնողական հարթակները ձեռնամուխ եղան տեղի ունեցած հակամարտության վերաբերյալ տեղեկությունների հերքմանը։ Միաժամանակ տեղեկատվական դաշտից սկսեցին հետևողականորեն հեռացվել միջազգային հրատարակությունների համապատասխան հրապարակումները, իսկ հազվագյուտ պահպանված նյութերում շեշտադրումները տեղափոխվեցին այն հանգամանքի վրա, որ կողմերի բանակցությունները ընթանում էին «կառուցողական ոճով» և «փոխադարձ վստահության մթնոլորտում»։
Առկա տեղեկությունների համեմատական վերլուծությունը բերում է այն եզրահանգման, որ Թբիլիսիում բանակցություններն իրականում ուղեկցվել են բարձր լարվածությամբ։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ հետագայում քայլեր ձեռնարկեցին լրատվական ազդեցությունը տեղայնացնելու համար՝ ի հայտ եկած արտահոսքերը որակելով որպես ապատեղեկատվություն։ Անկարայի նման վարքագիծը՝ թվային լրատվադաշտի տարածքը հերքելու և մաքրելու արշավներով հանդերձ, լիովին կրկնում է նրա մոտեցումը 2025 թ. փետրվարին Աբխազիայում տեղի ունեցած ընտրությունների միջադեպերից հետո։ Այն ժամանակ արձանագրվում էին նաև տեղի թուրք-աբխազական համայնքի միջոցով Թուրքիայի միջամտության և հակահայկական տրամադրություններ հրահրելու փաստերը, իսկ թուրքական կողմը գործի էր դրել հասանելի ողջ գործիքակազմը, ներառյալ Մոսկվայի հետ ոչ հրապարակային գզվրտոցները, տեղեկատվական համապատկերը կարգավորելու համար։
Ելնելով դիտարկված գործոններից՝ այն տպավորությունն է ստեղծվում, թե Աջարիայի խնդրի շուրջ Անկարայի նախաձեռնած սադրանքը կանխամտածված էր, սակայն հանգամանքների որոշակի զարգացման ազդեցության ներքո թուրքական ղեկավարությունը, ըստ երևույթին, իր գործողությունները համարեց ֆալստարտ: Ընդհանուր առմամբ, Թբիլիսիում երկու երկրների ՆԳՆ ղեկավարների միջև կոշտ զրույցի բովանդակության մասին լուրն անակնկալ չէր թուրք-վրացական հարաբերությունների թեմային հետևող փորձագետների համար:
Անկախ վերլուծաբաններն ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս կանխատեսում էին մի փուլի սկիզբ, երբ Անկարան Թբիլիսիին պահանջներ կներկայացնի ի դեմս Աջարիայի և կնախաձեռնի Բաթումի նկատմամբ վրացական ինքնիշխանության վերանայման քաղաքական գործընթաց: Վերլուծական շրջանակներում աղմկահարույց չդարձավ Ռ. Թ. Էրդողանի վերջին ճառը, որը, ըստ հետագայում հրապարակված պնդումների, իբր «աջարական հարցը» շահարկելու նպատակով գեներացված էր «անհայտ ուժերի» կողմից։ Իրականում Թուրքիայի առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ Անկարան Աջարիան դիտարկում է որպես «թուրքական տարածքի մի մաս»: Մասնավորապես, 2016թ. հոկտեմբերին Ռիզեի համալսարանում ելույթի ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուժեղ Թուրքիայի վերածննդի մասին իր մտորումների համատեքստում կատարել է հետևյալ արտահայտությունը. «Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից։ Միթե կարելի է բաժանել Ռեզեն և Բաթումը»։
Այս արտահայտությունը մեծ արձագանք է առաջացրել Վրաստանում, որից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն և Թբիլիսիում թուրքական դեսպանատունը շտապ հրապարակել են մի քանի հայտարարություններ, որոնցում վրացական կողմին հավաստիացրել են, որ նախագահը նկատի է ունեցել ոչ թե սահմանների վերանայումը, այլ թուրք ժողովրդի պատմական և մշակութային կապերն Աջարիայի մահմեդականների հետ: Այն ժամանակ դիվանագետներին մեծ դժվարությամբ հաջողվեց խուսափել քաղաքական աղմուկից, սակայն երկու ամսից քիչ անց՝ 2017 թ. հունվարին, Անկարայում հրապարակային ելույթի ժամանակ նախագահ Էրդողանը կրկին անդրադարձավ Աջարական թեմային՝ հայտարարելով, թե «Թուրքիայի անվտանգությունն սկսվում է ոչ միայն երկրի սահմաններից, այլև Նախիջևանից, Բաթումից, Բալկաններից և Հալեպից»։ Չնայած Թուրքիայի դիվանագիտական կորպուսի և կառավարամետ լրատվամիջոցների ակտիվ փորձերին սրբագրել պետության ղեկավարի արտահայտությունների ընկալումը, Վրաստանի բնակչության և քաղաքական առաջնորդների շրջանում լուրջ մտահոգությունը պահպանվել է։ Այդ առանցքային գաղափարներին Ռ. Թ. Էրդողանի մշտական վերադարձը դիտորդներին համոզում էր, որ այդ հայտարարությունները չեն սահմանափակվում գործնական հիմքից զուրկ պարզունակ ամբոխահաճությամբ։ Ընդհակառակը, դրանցում նշմարվում էր կամ Անկարայի ռազմավարական մտահղացումների ոչ միտումնավոր բացահայտումը, կամ դրանց գիտակցված ու հրապարակային նախազդարարումը։ Ընդ որում, Էրդողանի ազդանշանների հետ կապված մտավախությունները Վրաստանում ժամանակի ընթացքում ոչ թե թուլացել են, այլ ուժեղացել։ Դա մասամբ պայմանավորված էր նաև Անկարայի ռազմաքաղաքական առավելագույն ակտիվացմամբ այն տարածաշրջաններում, որոնք 2017 թվականին Էրդողանը հիշատակել էր Բաթումի հետ միասին։ Խոսքը Հալեպի և Նախիջևան–Սյունիք–Լեռնային Ղարաբաղ գոտու մասին է, որտեղ Թուրքիան աննախադեպ նախաձեռնողականություն ցուցաբերեց և նախանշեց իր փաստացի ռազմական ներկայությունը։
4. Թուրքիայի տնտեսական, ժողովրդագրական և մշակութային ներկայության ծավալները
Աջարիայի ապագայի վերաբերյալ վրացական հասարակության մեջ հարաճուն մտահոգությունը պայմանավորված էր երկրում թուրքական համապարփակ ծավալման ընթացքով։ Վրաստանում նկատվում էին թուրքական կապիտալի ներդրման բարձր տեմպեր, ինչպես նաև երկրում Թուրքիայի հոգևոր-կրթական կառույցների ազդեցության ակտիվ ընդլայնում, որոնք ուղղված էին հետևողական իսլամացմանը: Թուրք-մեսխեթցիների «պատմական հայրենիք» հայրենադարձության հարցում Անկարան պարբերաբար ճնշում է գործադրել Թբիլիսիի վրա՝ բացահայտորեն իրականացնելով Վրաստանի բնակչության դավանաբանական և ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխման ռազմավարություն։ Բացի այդ, Անկարայի ղեկավարության աջակցությամբ թուրքական առաջատար ընկերություններն ակտիվորեն ձգտում էին արտոնյալ պայմաններ ստանալ Վրաստանի կառավարությունից՝ հույս ունենալով վերահսկողության տակ վերցնել երկրի էներգետիկ համակարգի առանցքային օբյեկտներն ու ռազմավարական լոգիստիկ ենթակառուցվածքը։ Նման նկրտումները պարբերաբար հրահրում էին միջպետական գզվրտոցներ և լայն դժգոհության ալիք էին առաջացնում վրացական հանրության շրջանում, որը թուրքական ներդրումային ընդլայնումը գնահատում էր որպես պետության փուլային կլանման փորձ։ Նման բողոքական տրամադրությունների ամենավառ դրսևորումը 2021 թ. ճգնաժամն էր՝ Ռիոնի գետի վրա Նամախվան ՀԷԿ-ի կառուցման շուրջ: Հանրության զանգվածային ճնշման ներքո Թբիլիսիի իշխանություններն ստիպված եղան դիմել տվյալ օբյեկտը թուրքական ներդրողներին փոխանցելու պայմանների վերանայմանը, ինչի արդյունքում ENKA Renewables ընկերությունը վերջնականապես խզեց պայմանագիրը։
Հաշվի առնելով նման տրամադրությունները ողջ Վրաստանում, «աջարական հարցը», ինչպես որ սպասվում էր, պետք է դառնար հանրապետության անվտանգության և ինքնիշխանության համար առավել շոշափելի խնդիրը, որքան էլ որ երկրի կառավարությունը, վերջինիս քննադատների խոսքով, «աչք փակի» թուրքական սպառնալիքի վրա։ Թուրքիայի հանդեպ արմատապես տրամադրված հասարակական-քաղաքական շրջանակները Վրաստանում ուղղակիորեն մատնանշում էին Աջարիայի շրջանը գրավելու Անկարայի ռազմավարական ծրագրի առկայությունը։ Նրանք զգուշացրել էին, որ որոշակի փուլում Թուրքիան պաշտոնապես կհայտարարի Բաթումի նկատմամբ իր իրավունքների մասին և կօրինականացնի իր հավակնությունները՝ վկայակոչելով Սան Ստեֆանոյի 1878 թ. փետրվարի 19-ի (մարտի 3) հաշտության պայմանագրին նախորդած սահմանները, որով Օսմանյան կայսրությունը Ռուսաստանին զիջեց Չըլդըր էյալեթի (ժամանակակից Աջարիա) մի մասը։ Նրանց կարծիքով, դա կլինի Թուրքիայի վերջնական տրամաբանական քայլը, որն արդեն լիովին հող է նախապատրաստել Բաթումն իր միջազգայնորեն ճանաչված տարածքին արագ բռնակցելու և միանալու համար, քանի որ Աջարիան, Վրաստանում հակաթուրքական խմբակցության գնահատմամբ, փաստացի ամբողջությամբ գտնվում է թուրքական խնամակալության ներքո:
Ըստ բաց աղբյուրների՝ Աջարիայում Թուրքիայի տնտեսական, ժողովրդագրական և մշակութային-դավանաբանական ներկայությունը հասել է ծայրահեղ բարձր ցուցանիշների: Թուրք ներդրողներն առաջատար դիրքեր են պահպանում զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում, խաղային բիզնեսում, ինչպես նաև վերահսկում են տեղական տնտեսության առանցքային ոլորտները՝ տեքստիլ արդյունաբերությունը, հիդրոէներգետիկան, արդյունաբերական ձկնորսությունը և Բաթումի ծովային նավահանգիստը: Թուրքիայի ենթակառուցվածքային տիրույթում տարածաշրջանի խորը ինտեգրման հատուկ ցուցիչ է Բաթումի օդանավակայանի ընդգրկումը Թուրքիայի ներքին ավիահաղորդակցության ցանցում:
Վիճակագրությունը վկայում է, որ Անկարայի լայնածավալ փուլային ընդլայնումն ակտիվացել է 2000-ական թթ. կեսերին՝ Աջարիայի «ռուսամետ» ղեկավար Ասլան Աբաշիձեի հեռացումից, Մոսկվա մեկնելուց և վարչակարգի ինքնավարության վերացումից հետո։ Այս ժամանակաշրջանից սկսած՝ մահմեդական բնակչության մասնաբաժինը տարածաշրջանի դավանաբանական կառուցվածքում ավելացել է 10 տոկոսային կետով՝ կազմելով մշտական բնակիչների ընդհանուր թվի մոտ 40%-ը, և այս ցուցանիշը շարունակում է աճել: Այս շարժընթացը պայմանավորված է ինչպես Աջարիայում տասնյակ հազարավոր թուրք քաղաքացիների հպատակագրմամբ և բնակեցմամբ, այնպես էլ աջարացի քրիստոնյաների մի մասի իսլամի դավանափոխմամբ՝ Թուրքիայի մշակութային, կրթական և կրոնական առաջխաղացման պետական ծրագրերի ազդեցության ներքո:
Թբիլիսիում չէին կարող չհասկանալ, որ նման միտումները, որոնք ամրապնդվում են Անկարայի քաղաքական գործիչների հավակնոտ հռետորաբանությամբ և Թուրքիայի տեղեկատվական դաշտում օսմանյան ռևանշիզմի գաղափարների հանրահռչակմամբ, անխուսափելիորեն կհանգեցնեն «աջարական խնդրի» արդիականացմանն Անկարայի տարածաշրջանային վերանայման-վերստուգման ուղեգծի շրջանակներում։ Հենվելով տնտեսական ոլորտի նկատմամբ փաստացի վերահսկողության և տարածաշրջանի ինտեգրման բարձր աստիճանի վրա՝ թուրքական կողմը պետք է անցներ Աջարիայում վրացական ինքնիշխանության վիճարկմանը։ Առանցքային անորոշություն մնաց միայն այդ հավակնությունների իրականացման համար բարենպաստ աշխարհաքաղաքական պահի ընտրությունը։ Այնուամենայնիվ, Վրաստանի գործող ղեկավարությունը նախընտրել է անտեսել այդ գոյութենական սպառնալիքը՝ խուսափելով Անկարայի հետ հարաբերություններում վտանգավոր սրացում հրահրելուց։
5. Անվտանգության ճարտարապետության վերափոխումը և արտաքին քաղաքականության գործոնները
Իր հերթին Անկարան կարող է հանգել այն եզրակացության, որ բարենպաստ պահ է Աջարիայի վերաբերյալ քաղաքական պահանջներ ներկայացնելու և, անհրաժեշտության դեպքում, ուժի գործոնը կիրառելու համար։ Մի կողմից Թբիլիսին ծայրահեղ լարվածություն ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում, իսկ մյուս կողմից՝ պահպանվում է Մոսկվայի հետ երկխոսության անորոշությունը։ Օրենսդրության արմատական ազատականացման վրա խաչ քաշելով, իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ համապարփակ վերահսկողություն հաստատելով և արևմտամետ ընդդիմության բողոքի ակտիվությունը ճնշելով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն, ըստ էության, պաշտոնական Թբիլիսիին զրկեց Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությունից»։ Ավելի վաղ՝ հենց նրանք էին ապահովում Վրաստանի անվտանգության հավասարակշռությունը և զսպում արտաքին ճնշումն ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Անկարայի համար հնարավորությունների հարմար պատուհան է բացվել իրավիճակն ապակայունացնելու և հենց Աջարիայի ներսում հակավրացական տրամադրություններ նախաձեռնելու համար։ Դրան նպաստում է նաև այն, որ Թուրքիայի ավանդական տարածաշրջանային հակառակորդը՝ Ռուսաստանը, կլանված է ուկրաինական ուղղությամբ ընթացող հակամարտությամբ։ Մոսկվան կորցնում է Արևելյան Սևծովյան ջրատարածքի նկատմամբ վերահսկողության լծակները. ուկրաինական ուժերի մշտական հարվածների ներքո նրա ռազմածովային կայաններն այլևս ի վիճակի չեն հանդես գալ որպես թուրքական ընդլայնումն զսպելու լուրջ գործոն։ Բացի այդ, ՌԴ-ն կորցնում է իր առանցքային աշխարհաքաղաքական հենակետը Հարավային Կովկասում՝ ի դեմս «դաշնակից Հայաստանի», Արևմուտքի հետ մերձեցման որի ձգտումն անխուսափելիորեն նրան կներգրավի թուրքական աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտում։ Այսպիսով, տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության ճարտարապետության և զսպումների համակարգի ոչնչացման արդյունքում Վրաստանը հայտնվում է ծայրահեղ խոցելի վիճակում, ինչն Աջարիան դարձնում է օտարման ներունակ օբյեկտ:
Միևնույն ժամանակ, թուրքական ղեկավարությունը հասկանում է, որ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև առաջիկա եռակողմ բանակցությունները կարող են կանգնեցնել սրացումն Արևելյան Եվրոպայում: Անկարան ուշադիր հետևում է նախաբանակցային խորհրդակցություններին՝ հասկանալով, որ իրանական ուղու վրա դիվանագիտական սխալ հաշվարկների պայմաններում ԱՄՆ վարչակազմին և հանրապետականներին աշնանային միջանկյալ ընտրություններից առաջ անհրաժեշտ է լուրջ արտաքին քաղաքական հաջողություն։ Ուկրաինական հակամարտության կարգավորումը վերածվում է Դ. Թրամփի թիմի գլխավոր առաջնահերթության, հանուն որի Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, կփորձի Կիևին դրդել այնպիսի փոխզիջումների, որոնք կհամապատասխանեն Կրեմլի հիմնական պայմաններին։
Սակայն նման սցենարի դեպքում Մոսկվան դժվար թե սահմանափակվի միայն ուկրաինական կարգավորմամբ։ Վաշինգտոնի հետ ուղիղ երկխոսության շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունը, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի Արևմուտքի հետ համակարգային տարաձայնությունների ողջ գունապատկերը, ներառյալ ՆԱՏՕ-ի ակտիվության և Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում Թուրքիայի հարաճուն ազդեցության հարցը: Անկարայում մտավախություն ունեն, որ այդ պայմանավորվածությունների արդյունքները կարող են նրան զրկել քարտ-բլանշից՝ այդ մակրոտարածաշրջաններում հետագա ռազմաքաղաքական առաջխաղացման համար։
Դրա հետ մեկտեղ Ուկրաինայում հակամարտության սրության նվազումը, ամենայն հավանականությամբ, կարող է Թբիլիսիի և Արևմուտքի միջև դժգոհությունների զգալի նվազում առաջացնել։ Փոխադարձ քայլերին ընդառաջ և փոխզիջումային լուծումների որոնման միջոցով գործընկերները կարող են ընդհանուր մոտեցում մշակել Վրաստանի աշխարհաքաղաքական ուղեգծի նկատմամբ։ Դա թույլ կտա ավելի հստակ որոշել նրա ռազմավարական դիրքն ու դերն էներգետիկ համակարգերի, բնական հարստության և Սևծովյան-Կասպից տարածաշրջանից մինչև Կենտրոնական Ասիա տրանսպորտային միջանցքների համար համաշխարհային ազդեցության առանցքային կենտրոնների մրցակցության մեջ:
Այսպիսով, ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունում Աջարիայի կարգավիճակի վերանայման Անկարայի ենթադրյալ ծրագիրն իդեալական պայմաններ է ձեռք բերում գործնական գործողությունների անցնելու համար: «Միջին ուղի» նախագծի շրջանակներում վրաց-չինական տնտեսական գործընկերության զարգացումը, ինչպես նաև Թեհրանի հետ «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացման շուրջ կառուցողական երկխոսությունը լիարժեք հակակշիռ չեն կազմում թուրքական ազդեցությանը: Նախկինում հիմնական զսպող գործառույթներն իրականացնում էին Մոսկվան և արևմտյան մայրաքաղաքները։ Իսկ ներկայիս իրողություններում Թբիլիսիին մնում է միայն ակնկալել տարածաշրջանից հեռու գտնվող Պեկինի և Թեհրանի ենթադրական աջակցությունը, ինչից Անկարան մտադիր է օգտվել «աջարական ուղղությամբ»։
6. Առնչվող տարածքային սյուժեներ և ռազմավարական հետևություններ
Աջարիայի շուրջ դիվանագիտական առճակատման համապատկերում հատուկ ուշադրություն է գրավում ևս մեկ աղմկահարույց իրադարձություն Վրաստանում, որը ծավալվեց Մուստաֆա Չիֆթչիի Թբիլիսի կատարած այցից հետո: Ազգային տեղեկատվական տիրույթում սկսել է արագ թափ հավաքել գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի կողմից իբր 2025 թ. կնքված գաղտնի համաձայնագրի մասին տեղեկատվությունը, որի համաձայն Կախեթիայի Դավիթ Գարեջի վանքի տարածքի մի մասը փոխանցվում է Ադրբեջանին: Պնդումներ են հայտնվել, որ այդ փաստաթղթի տեքստին հասցրել է անձամբ ծանոթանալ իրավապաշտպան Լազարե Ջորբենաձեն, որի կյանքից հեռանալը 2026 թ. ապրիլին պաշտոնապես ինքնասպանություն է ճանաչվել։ Այդ ասեկոսեներին միացել է նաև բանտարկված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով անուղղակիորեն կասկածի տակ է դնում Ջորբենաձեի մահը՝ որպես ինքնասպանության հետևանք։ «Ի պատասխան» այս մեղադրանքների՝ Կոբախիձեն 10.09.2026 թ., ելույթ ունենալով Փարիզում կայացած Միջազգային տիեզերական գագաթնաժողովում, ընդգծել է, որ ապակայունացման հետևում կանգնած են «ինչ-որ մութ ուժեր», որոնք գործում են ի վնաս պետության շահերի, իսկ «այս պատմության քաղաքական բաղադրիչն ակնհայտ է»:
Թեև Դավիթ Գարեջիի շուրջ իբր գաղտնի համաձայնագրի շուրջ տեղեկատվական աղմուկը կարող է և ուղղակի կապ չունենալ «աջարական սյուժեի» հետ, սակայն թյուրքական դաշնակից դուետի կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող երկու դրվագների ժամանակային համընկնումը բավական ուշագրավ է թվում։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Անկարան և Բաքուն գործում են համաձայնեցված՝ ձեռնարկելով պետական սահմանների և ազգային ինքնիշխանության զգայուն ոլորտում Թբիլիսիի վրա ճնշում գործադրելու հերթական քայլը։ Գլխավոր հանելուկը հետևյալն է. ի՞նչ նպատակով Անկարան և Թբիլիսին սկսեցին միահամուռ կերպով մարել լրատվական ալիքը և ջնջել սկանդալի մասին տեղեկատվությունը Մուստաֆա Չիֆթչիի կտրուկ հարձակումից և վանական հողերի հանձնման մասին վարկածի լայն հրապարակայնացումից անմիջապես հետո: Արդյո՞ք, սա միայն ժամանակավոր մարտավարական դադար է, թե՞ թուրքական կողմը, շտկելով իր տեսակետը տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի շարժընթացի վերաբերյալ, ժամանակավրեպ համարեց Չիֆթչիի դեմարշը և որոշեց ժամանակավորապես սառեցնել այդ հարցը:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 17.09.2026 թ.: