Հրապարակում
Եմենի ներքին քաղաքական դինամիկան և հութիների ռազմաքաղաքական էվոլյուցիան

Տեսակետ 21.09.2026 թ.[1]
Հարություն Ա. Բոյաջյան[2]
21-րդ դարի երկրորդ տասնամյակից սկսած Մերձավոր Արևելքը ենթարկվել է խորքային վերափոխումների, որոնց արդյունքում տարածաշրջանում աճեց ոչ պետական զինված խմբավորումների դերը։ Եմենի ներքին քաղաքական ճգնաժամը և դրանից բխող անվտանգային սպառնալիքները ստացել են համաշխարհային նշանակություն: Այս գործընթացին առավել բնորոշ է Եմենի հութիական շարժումը, որը լուրջ խնդիրների պատճառ դարձավ տարածաշրջանում։
2023–2026 թթ. ներառյալ ռազմաքաղաքական իրադարձությունները նոր փուլ բացեցին տարածաշրջանային անվտանգության զարգացման մեջ։ Իսրայելին հասցված հարվածները, Կարմիր ծովի ճգնաժամը և «Դիմադրության առանցքի» հետ գործողությունների համակարգումը վկայում են, որ հութիները կարող են փոխել Մերձավոր Արևելքի իրադարձությունների ընթացքը։ Խմբավորման իրականացրած գործողությունները Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբում էականորեն ազդեցին համաշխարհային տնտեսության վրա։
Սույն աշխատանքի նպատակն է վերլուծել Եմենի ներքին քաղաքական զարգացումները, հութիների ռազմաքաղաքական էվոլյուցիան և նրանց ազդեցությունը Բաբ ալ-Մանդեբի նեղուցի ու Կարմիր ծովի անվտանգային համակարգի վրա: Այս համատեքստում քննարկվում են նաև հութիների և Իրանի գաղափարական փոխադարձ աջակցությունները: Աշխատանքում անդրադարձ է կատարվում տարածաշրջանային հիմնական դերակատարների՝ Սաուդյան Արաբիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների և Իսրայելի ռազմաքաղաքական արձագանքներին ու ռազմավարություններին ուղղված հութիներին:
Եմենի ներքաղաքական դինամիկան
Եմենը առանձնանում է ներքին քաղաքական և կրոնական բազմազանությամբ: 1962 թ. թագավորական իշխանությունը տապալվեց, և հռչակվեց Եմենի Արաբական Հանրապետությունը։ Հարավային Եմենը մնաց բրիտանական տիրապետության տակ մինչև 1967 թ., երբ հռչակվեց Հարավային Եմենի Ժողովրդական Հանրապետությունը, իսկ 1970 թ.՝ Եմենի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը։ 1990 թ. մայիսի 22-ին երկու Եմենները միավորվեցին՝ կազմելով Եմենի Հանրապետությունը[3]: Եմենը «պետություն է պետության մեջ», այսինքն երկրում գործում է ցեղայնականությունը (tribalism): Այն բնութագրվում է ցեղային բաժանումներով, որոնք որոշիչ են երկրի քաղաքական կյանքում, մասնավորապես հյուսիսում՝ Վերին Եմենում: 1994 թ. Եմենի հյուսիսում ի հայտ եկավ «Զաիդի ալ-Հուսի» խմբավորումը` վերածվելով տարածքային զինված կազմավորման։ Հութիների (Ալլահի զինակիցներ, արաբ. أنصار الله) շարժումը սկսվեց 2004 թվականից՝ ընդդիմանալով կենտրոնական պետական իշխանությանը: ժամանակի ընթացքում շարժումը ռազմաքաղաքական ձևաչափ ստացավ Աբդուլ Մալիկ ալ-Հութիի ղեկավարությամբ[4]: Հութիները ներկայացնում են շիական իսլամի ճյուղերից մեկը`զեյդիականությունը: Եմենի բնակչության 35-45 տոկոսը զեյդիներ են, ովքեր հայտնի են որպես «հինգերորդներ»: Զեյդիականությունը տարբերվում է «տասներկուերորդական» շիական հավատքից, որը դավանում են Իրանում, որն ավելի շատ նմանություններ ունի սուննիական, քան շիական իսլամի հետ[5]: Այս երկու կրոնական ուղղությունների տարբերությունները ցույց են տալիս, որ զեյդիները չեն ընկնում Իրանի կրոնական հովանավորության տակ, և ոչ էլ ունեն նույն մշակութային և հոգևոր կապերը:
Եմենի սոցիալ-տնտեսական իրավիճակը կարևոր է. երկրում աղքատության շեմը բարձր է, իսկ հութիները բավականին լուրջ ֆինանսական շրջանառություններ են կարողանում իրականացնել: Եմենը բաժանված է միջազգայնորեն ճանաչված կառավարության, հութիների և Հարավային անցումային խորհրդի (այսուհետ` ՀԱԽ) միջև, վերջինս ստեղծվեց 2017 թվականին՝ Միացյալ Արաբական Էմիրությունների աջակցությամբ: Այս խորհրդի նպատակն էր Հարավային Եմենի անջատումը, իսկ ԱՄԷ-ի աջակցությունը պայմանավորված էր տեղական ուժերի և ռազմավարական տարածքների վրա ազդեցության ընդլայնմամբ[6]: Այս քաղաքական բաժանումը ավելի է խորացնում երկրում առկա քաղաքական և տնտեսական ճգնաժամը: ՄԱԿ-ը իր զեկույցներում բացատրում է հութիների ֆինանսական շրջանառության մասին մի քանի տեղեկություններ: Կազմակերպության փորձագետների խմբի զեկույցի համաձայն՝ 2019 թվականին հութիների կողմից հավաքագրված հարկային և այլ եկամուտների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան $1.8 միլիարդ, որը ենթադրաբար ներառում էր նաև նավթի սև շուկայից ստացված եկամուտները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ հութիները Հոդեյդայում գտնվող Եմենի Կենտրոնական բանկից ապօրինաբար յուրացրել են 50 միլիարդ եմենական ռիալ: Սա 2018 թ. դեկտեմբերի 13-ի Ստոկհոլմի համաձայնագրի ուղղակի խախտում էր, քանի որ դրանով սահմանված կարգով նավահանգիստներից ստացված բոլոր եկամուտները պետք է փոխանցվեին Կենտրոնական բանկ՝ հետագայում քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը ֆինանսավորելու նպատակով[7]:
Հութիների ֆինանսական աղբյուրները ավելի քան ստվերային են: Նրանք օգտագործում են ինչպես օրինական, այնպես էլ անօրինական եկամտի աղբյուրներ՝ իրենց գոյատևումն ապահովելու և խմբի ղեկավարությանը հարստացնելու համար: ՄԱԿ-ի զեկույցները ցույց են տալիս, որ հութիները եկամուտ են ստանում հարկեր և մաքսային տուրքեր հավաքելով, ինչպես նաև անցակետերում կամայականորեն գումար պահանջելով, հողը, գույքը և բանկային ավանդները բռնագրավելով, նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելով: Եմենի ընդհանուր հարկային եկամուտների մոտ 70%-ը, ներառյալ մաքսային տուրքերը, հավաքագրվում է Հութիների կողմից վերահսկվող տարածքում[8]: Հութիները նաև ճնշում են գործադրում ներմուծողների վրա՝ Ադենից էներգակիրների առաքումները վերահասցեագրելու դեպի Հոդեյդա՝ Կարմիր ծովի գլխավոր նավահանգստային քաղաքը, որը խմբավորման վերահսկողության տակ է դեռևս 2014 թվականից, այդպիսով յուրացնելով կառավարության մաքսային եկամուտները: Խմբի հավաքագրված ընդհանուր եկամուտը 2023 թվականին կազմել է $3.7 միլիարդ[9]։
2026 թ. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Միջազգային զարգացման ասոցիացիայի $100 միլիոնի դրամաշնորհ Եմենում «Սննդի և կենսապահովման համար նախատեսված դրամական միջոցներ» նախագծի համար, որը կտևի մինչև 2029 թվականի հունիսը: Ավելի քան 18.3 միլիոն մարդ սուր պարենային անապահովության մեջ է, աղքատությունը հասել է մոտ 74%-ի, և 5 տարեկանից փոքր երեխաների գրեթե կեսը թերզարգացած են[10]:
Երկրում տիրող աղքատության ֆոնին նշանակալից է հութիների ունեցած զենքն ու զինամթերքը: Միավորված ազգերի կազմակերպությունը պնդում է, որ խմբավորումը նաև օգտվում է ներքին զգալի ֆինանսավորման աղբյուրներից, մինչդեռ ԱՄՆ-ը պնդում է, որ իր ֆինանսավորման մի մասը փոխանցվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված նավթի մաքսանենգության և փողերի լվացման ցանցերի միջոցով։
Հութիների ռազմաքաղաքական էվոլուցիան և ինտեգրումը «Դիմադրության առանցքին»
Իրանի և հութիների կապը սկսեց ձևավորվել 2011 թ. «Արաբական գարնան» ժամանակ, իսկ երբ խմբավորումը գրավեց Սանան 2014 թ. սեպտեմբերին, և Սաուդյան Արաբիան միջամտեց քաղաքացիական պատերազմին, այդ ժամանակից ի վեր Իրանը, Հեզբոլլահը[11] և «Դիմադրության առանցքի» մյուս անդամները մեդիա, քաղաքական, դիվանագիտական և մարդասիրական աջակցություններ են ցուցաբերել հութիներին[12]: Խմբավորման հայտնի՝ իրանական ոգեշնչմամբ կոչը մատնանշում է նրանց հավակնությունները Եմենից դուրս. «Աստված մեծ է, մահ Ամերիկային, մահ Իսրայելին, անեծք հրեաներին, հաղթանակ իսլամին»[13]։ «Դիմադրության առանցքին» հութիների ինտերգրումը ձևավորել է կարծիք, որ Իրանը ռազմաֆինանսական օգնություններ է տրամադրում նրանց: Թեև դեռևս որևէ հստակ ապացույց չկա այդ ամենի մասին, բայց այդ պարագայում հարց է առաջանում հութիների զենք ու զինամթերք ձեռք բերելու և իրացնելու հետ կապված: 2025 թվականի փետրվարի 13-ին Եմենի Կարմիր ծովի ափին տեղակայված Ազգային դիմադրության ուժերը՝ Նախագահական առաջնորդության խորհրդի անդամ Թարիք Սալեհի գլխավորությամբ հայտարարեցին ռազմական տեխնիկայի մաքսանենգ խմբաքանակի առգրավման մասին, որը նախատեսված էր հութիների համար: Բեռնափոխադրումը ներառում էր հատուկ սարքավորումներ, ինչր մատնանշում էր, որ հութիները աշխատում են բարելավել իրենց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հնարավորությունները՝ ինտեգրելով նոր և նախկինում չօգտագործված տեխնոլոգիաներ, կամ, առնվազն, լայնորեն չօգտագործված տեխնոլոգիաներ: Հասանելի ապացույցները ցույց են տալիս, որ հութիները նպատակ ունեն մեծ մասշտաբով տեղակայել անօդաչու թռչող սարքեր: Խմբի կողմից այս տեխնոլոգիայի լայնածավալ օգտագործումը ապագա ռազմական գործողություններում կարող է հանգեցնել ուժերի հավասարակշռության աննախադեպ փոփոխության[14]:
Տարիներ շարունակ Իրաքի նախկին նախագահ Բահրամ Ահմեդ Սալեհը մեղադրել է Թեհրանին հութիներին աջակցելու մեջ, սակայն իր պնդումները հիմնավորելու համար երբեք վերջնական ապացույցներ չի ներկայացրել։ Վերլուծաբանների մեծ մասը հայտնում է, որ հութիները իրենց զենքը ձեռք են բերում Եմենի սև շուկայից և նույնիսկ Եմենի Հանրապետության կառավարությունից՝ գնելով այն կոռումպացված հրամանատարներից և զինվորներից: Lրատվամիջոցները նշում են, որ հութիները նաև ցանցեր են ստեղծել Ջիբութիի միջոցով զենքի մաքսանենգության համար[15]։
Ակնհայտ է դառնում, որ Եմենում թույլ իրավական դաշտի, շարունակվող քաղաքացիական պատերազմի և արմատացած ցեղայնականության պատճառով երկիրը չի կայանում որպես միասնական պետություն, ինչն էլ հութիների համար անհատական մակարդակով զինվելու խոչընդոտներ չի ստեղծում: Մաքսանենգային ճանապարհներով իրականացվող ապրանքաշրջանառությունը լայն հնարավորություններ է ընձեռում հութիներին՝ տարածաշրջանում սեփական դիրքերն ավելի ամրապնդելու համար: Միջազգային հանրությունը դեռևս ի վիճակի չի եղել հստակ ու հիմնավորված մեղադրանք ներկայացնել հութիներին՝ ապօրինի զինվելու, կամ այն պետություններին ու խմբավորումներին, որոնք նրանց նմանատիպ աջակցություն են տրամադրում (եթե այդպիսիք առկա են): Թեև այս ամենը թույլ է տալիս ենթադրել ԻԻՀ կողմից հութիներին ցուցաբերվող ռազմական և ֆինանսական աջակցության մասին, նման պնդումները չեն անցնում ենթադրության շեմը, քանի որ մինչ օրս բացակայում են Իրանի ռազմաֆինանսական օգնությունը փաստող միջազգային հստակ ապացույցներն ու հայտարարությունները: ԻԻՀ ու հութիները գաղափարական դաշնակիցներ են, և այդ կապն այսօր հիմնված է հիմնականում հակաամերիկյան ու հակաիսրայելական տրամադրությունների վրա: Խմբավորման ռազմական կարողություններն անմիջականորեն առնչվում են տարածաշրջանային անվտանգության հետ, որտեղ առանցքային է, թե որտեղ և ինչ նպատակներով են դրանք կիրառվում. օրինակ՝ 2023 թ. Գազայի պատերազմի ընթացքում հութիներին հաջողվեց լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար:
Հութիների որպես գործոն Բաբ ալ-Մանդեբը անվտանգության համակարգում
Եմենը, Ջիբութին և Էրիթրեան Բաբ ալ-Մանդեբ նեղուցի առափնյա երկրներն են: Հութիների ռազմավարական նշանակությունը պայմանավորված է Բաբ ալ-Մանդեբի նեղուցով (արաբ.՝ باب المندب, «Լացի կամ ողբի դռներ»), որը կապում է Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսի հետ: Նեղուցը հատկապես ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար, քանի որ Եվրոպական Միության (ԵՄ) ծովային առևտրի մեծ մասը Ասիայի հետ անցնում է այս ծովային անցումով[16]։ Ամեն տարի նեղուցով անցնում է մոտ 20,000 նավ՝ տեղափոխելով մոտ 1.6 միլիարդ տոննա բեռ: Հութիները 2023 թ. նոյեմբերից ի վեր Կարմիր ծովի միջանցքում իրականացրել են նավերի վրա ավելի քան 100 հարձակում։ 2024 թ. վերջին Բաբ ալ-Մանդեբի նավթի հոսքը նվազեց 50%, իսկ հեղուկացված բնական գազի տարանցումը դադարեցվեց[17]։
Ակտիվ երթևեկության պատճառով այն ստացել է «ռազմավարական նեղուց» անվանումը, քանի որ ափամերձ պետություններն ունեն աշխարհագրական ակնհայտ առավելություն ծովային ելքերի և մուտքերի նկատմամբ: Օրինակ՝ Էրիթրեային է պատկանում 126 կղզի, իսկ Ջիբութիի վերահսկողության տակ են գտնվում մի շարք կղզեխմբեր, այդ թվում՝ «Յոթ եղբայրների կղզիները», որոնք տեղակայված են Ադենի ծոցից դեպի արևմուտք՝ անմիջապես Բաբ ալ-Մանդեբի նեղուցի մուտքի մոտ[18]: Այնուամենայնիվ, Հորմուզի և Բաբ ալ-Մանդեբի նեղուցների միջև առկա է կարևոր մի տարբերություն: Հորմուզը գտնվում է անմիջապես ԻԻՀ վերահսկողության տակ, իսկ Բաբ ալ-Մանդեբը ունի երեք առափնյա երկիր և նեղուցի փակվելու հավանականությունը չնչին է: Այս հանգամանքը ավելի քան կարևոր է. պատմության մեջ առաջին անգամ Հորմուզի նեղուցի փակումը, որը տեղի ունեցավ 2026 թ. հունիսի 12-ին, ցույց տվեց, թե ինչպես Իրանը այդ ռազմավարության շնորհիվ կարողացավ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում:
Կարմիր ծովը և Բաբ ալ-Մանդեբի նեղուցը ջրային կարևոր ուղիներ են, ցանկացած խափանում ունակ է բարձրացնելու նավագնացության ծախսերը, նավթի գները` լրացուցիչ ճնշում գործադրելով համաշխարհային տնտեսության վրա։ Միևնույն ժամանակ, Ծոցի տարածաշրջանի կենսականորեն կարևոր տնտեսական ենթակառուցվածքները կարող են ավելի խոցելի դառնալ[19]։ 2023 թվականի նոյեմբերին Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա հութիների հարձակումներից հետո որոշ երկրեր սկսեցին խուսափել Բաբ ալ-Մանդեբի նեղուցից, դրա փոխարեն նրանք ընտրեցին ավելի երկար, սակայն ավելի անվտանգ երթուղի, որն անցնում է Բարեհուսո հրվանդանով՝ Հարավային Աֆրիկային պատկանող աշխարհի ամենահայտնի աշխարհագրական կետերից մեկով։ Նմանատիպ իրադարձությունները թուլացրին Բաբ ալ-Մանդեբի նեղուցի դերը համաշխարհային բեռնափոխադրումներում. անվտանգային պայմանների բացակայությունը բացասաբար ազդեց նեղուցի գործունեության վրա: Բաբ ալ-Մանդեբով հոսող հում նավթի և նավթամթերքի քանակը 2024 թ. առաջին 8 ամիսների ընթացքում նվազել է ավելի քան 50%-ով։ Նեղուցով նավթի հոսքերը մինչև 2024 թ.-ի օգոստոսը կազմել են միջինը 4.0 միլիոն բարել օրական, դրան հակառակ Բարեհուսո հրվանդանի շուրջ հոսող հում նավթի և նավթամթերքի ծավալները 2024 թ. առաջին 8 ամիսներին աճել են մինչև 9.2 միլիոն բարել/օր ցուցանիշի[20]: Այսպիսով, հութիները ունակ են նաև համաշխարհային տնտեսության համար ստեղծել ծանրակշիռ խնդիրներ` հարվածելով Բաբ ալ-Մանդեբով անցնող առևտրային նավերին:
Հութիների ռազմական և քաղաքական գործառույթները տարածաշրջանային զսպման ռազմավարության շրջանակներում
Հութիների ներգրավվածությունը Գազայի 2023 թվականին բռնկված պատերազմին հիմնավորվում է Պաղեստինին համերաշխություն հայտնելու ձգտմամբ։ Թիրախավորելով Բաբ ալ-Մանդեբի նեղուցով նավարկող իսրայելական նավերը՝ խմբավորումը ճգնաժամային իրավիճակ հարուցեց Կարմիր ծովում։ Այսպես, նրանք 2023 թ. նոյեմբերի 19-ին գրավեցին իսրայելական ընկերությանը պատկանող «Galaxy Leader» նավը, որն ուղևորվում էր Թուրքիայից Հնդկաստան։ Այդ պահից ի վեր նրանց կողմից առևտրային նավերը ենթարկվել են ավելի քան 100 հարձակման[21]։ Ընդհանուր առմամբ հութիներն իրենց ծովային արշավանքը բաժանել են 5 փուլի.
- 2023 թ. հոկտեմբեր. հարձակումների թիրախ դարձան Իսրայելն ու Կարմիր ծովում վերջինիս հետ կապված նավագնացությունը,
- 2023 թ. վերջ. հարվածներ հասցվեցին դեպի իսրայելական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերին, ներառյալ հրեական պետության հետ անուղղակի առնչություն ունեցող փոխադրամիջոցներին,
- 2024 թ. հունվար. թիրախավորման շրջանակն ընդլայնվեց՝ ընդգրկելով նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ կապված նավերը:ն ունեցող նավերը,
- 2024 թ. մայիսին թիրախավորեցին նաև այն նավերը, որոնք այցելում են Իսրայելի նավահանգիստներ,
- 2024 թ. հուլիսի 19-ին Թել Ավիվի վրա հութիների «Յաֆա» ԱԹՍ-ի հարձակումից հետո սկսված այս փուլը հիմնված է նախորդ փուլերի վրա[22]։
Հոկտեմբերի 7-ից ի վեր ԱՄՆ-ն ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը՝ նախազգուշացնելով Բաբ ալ-Մանդեբում խափանումների մասին[23]։ 2025 թ. հուլիսին այս միտումը սրվեց, երբ հութիները հարձակվեցին և խորտակեցին «Magic Seas» և «Eternity C» բեռնատար նավերը: Հայտնի է, որ ԱՄՆ-ի դրոշի ներքո նավարկող առևտրային նավերը, որոնք ունեն ավտոմատ նույնականացման համակարգը, ավելի մեծ ռիսկի են ենթարկվում հութիների կողմից թիրախավորվելու համար[24]:
Հութիները խուսափեցին անհապաղ պատասխանատվություն ստանձնելուց, ինչը որոշակի երկիմաստություն ստեղծեց: Եթե ենթադրենք, թե Իրանը ռազմաֆինանսական աջակցություն է տրամադրել հութիներին, ապա Թեհրանին հաջողվեց հերքել իր անմիջական ներգրավվածությունը՝ միաժամանակ քաղելով տնտեսական խափանումների պտուղները: Սա նաև հնարավորություն ընձեռեց հութիներին լեգիտիմացնել սեփական քայլերը՝ դրանք ներկայացնելով որպես Պաղեստինին ցուցաբերվող համերաշխություն: Այս դինամիկային բնորոշ է հավանական ժխտման քաղաքականությունը, որի շնորհիվ թե՛ Իրանը, թե՛ հութիները կարողանում են քողարկել իրենց ուղղակի առնչությունը ռազմական գործողություններին:
Արդեն 2026 թ. մարտի 28-ին հութիները հրթիռային հարձակում կատարեցին Իսրայելի վրա՝ Իրանի հետ պատերազմի սրման ֆոնին, որը նրանց առաջին նմանատիպ հարվածն էր ԱՄՆ–Իսրայել–Իրան պատերազմի սկսվելուց ի վեր։ Հութիների ռազմական խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Սարին «Ալ Մասիրահ» արբանյակային հեռուստատեսությամբ ուղղակիորեն հայտարարել է հարձակման մասին, նշելով, որ իրենց կողմից իրականացված հարվածները կշարունակվեն մինչև դիմադրության բոլոր ճակատների դեմ ագրեսիայի դադարեցումը[25]։ Հարվածից մեկ օր առաջ Սարին առաջին անգամ ներկայացրեց, թե ինչ պայմաններ կհանգեցնեն խմբավորման կողմից ռազմական գործողությունների ձեռնարկմանը. 1) Իրանի ու «Դիմադրության առանցքի» դեմ իրավիճակի շարունակական սրումը, 2) ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պայքարին նոր դաշինքների ներգրավումը (որոնք, ըստ ամենայնի, ենթադրում են Ծոցի երկրները) և 3) Կարմիր ծովի տարածքի օգտագործումը թշնամական գործողություններ ծավալելու նպատակով[26]։
2026 թ. փետրվարի 28-ին սկսվեց ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմը: Հունիսի 8-ին հութիները սպառնացին Կարմիր ծովում Իսրայելի հետ կապված նավերը թիրախավորել: Հաջորդ օրը (հունիսի 9-ին) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Իսմայիլ Քաանին զգուշացրեց, որ տարածաշրջանում շարունակական սրացումը կհանգեցնի «Դիմադրության առանցքի»՝ Համասի[27], Հեզբոլլահի, հութիների և տարբեր իրաքյան աշխարհազորայինների, համակարգված արձագանքին[28]: Սկսված հակամարտության համատեքստում առանքային դեր են ստանձնել հութիները. վերջիններս սպառնացել են ներգրավվել Իրանի դեմ պատերազմին դրա առաջին շաբաթներից՝ ցույց տալով, որ նրանք ի վիճակի են ռեսուրսներ ներդնել հակամարտության մեջ։ Խմբավորումը մարտի 28-ին մտավ մարտական գործողությունների մեջ՝ Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելով[29]։ Այս ամենի հիմքում ընկած են հութիների հակաամերիկյան և հակաիսրայելական գաղափարախոսական դիրքորոշումները, որոնք լիովին համահունչ են Իրանի ու տարածաշրջանային մյուս դերակատարների նպատակներին։
Հութիների ռազմավարական աշխարհագրական դիրքը նրանց հնարավորություն է տալիս զգալի վնաս հասցնել համաշխարհային տնտեսությանը։ Էներգակիրների գների աճը, մատակարարման շղթաների խաթարումը և համաշխարհային գնաճային ճնշումներն արդեն իսկ սրվել էին Ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների թիրախավորման ու Իրանի կողմից Հորմուզի նեղուցի մասնակի շրջափակման պատճառով։ Բաբ ալ-Մանդեբի նեղուցով անցնող առևտրային նավերի հետագա թիրախավորումն է՛լ ավելի է մեծացնելու տնտեսական այս ճնշումը։ Այս համատեքստում միջազգային ասպարեզում առանցքային է դառնում այն հարցը, թե տարածաշրջանային պետություններն ինչպես են ձևավորում իրենց քաղաքականությունն ու փոխհարաբերությունները Եմենի և, մասնավորապես, հութիական շարժման հետ։
ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի «դիվանագիտությունը» Եմենում
Հութիները միշտ լուրջ խոչընդոտ են եղել Սաուդյան Արաբիայի Թագավորության համար: Խմբավորման աճող հզորությունից անհանգստացած Թագավորությունը դեռ 2015 թ. ռազմական միջամտություն սկսեց Եմենում իր կազմած կոալիցիայով, որի մեջ մտնում էին ԱՄԷ-ն, Սուդանը և Եգիպտոսը։ Ռիադի նպատակներն էին հետ մղել հութիներին և «վերականգնել միջազգայնորեն ճանաչված կառավարությունը»։ Նշված հակամարտությունը ձեռնտու էր Իրանին. վերջինիս համար ՍԱԹ-ը տարածաշրջանային լուրջ հակառակորդ էր: Այս իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ Իրանը կարող էր աջակցել հութիներին՝ նպատակ ունենալով տկարացնել Սաուդյան Արաբիայի ազդեցությունը, ինչի արդյունքում էլ առավել ակնհայտ դարձավ հութիների և «Դիմադրության առանցքի» միջև առկա սերտ կապը[30]:
«Նեղուցների դիվանագիտությունը» գտնվում է ԱՄԷ-ի արտաքին քաղաքականության հիմքում, որը կենտրոնանում է 3 ծովային նեղուցների՝ Հորմուզի, Բաբ ալ-Մանդեբի և Սուեզի վրա[31]։ ԱՄԷ-ն 2022 թ-ի դեկտեմբերին համաձայնագիր ստորագրեց Թագավորության կողմից աջակցվող Եմենի կառավարության հետ, ըստ որի ԱՄԷ-ն կարող էր միջամտել երկրի գործերին անմիջական սպառնալիքի դեպքում: Այս ամենին հակառակ Սաուդյան Արաբիան դեմ արտահայտվեց ԱՄԷ–Եմեն համաձայնագրին (2019), որը ստորագրվել էր Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ, քանի որ Բաբ ալ-Մանդեբում ռազմաբազա կառուցելու ԱՄԷ-ի ծրագրերը «հակասում են» Ռիադի հիմնական նպատակին, այն է՝ ապահովել Սաուդյան Արաբիայի և Եմենի միջև 1300 կմ սահմանը և կանխել հութիների հարձակումները՝ ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով[32]։
Իսրայելի նկրտումները Բաբ ալ-Մանդեբում
Հութիները կարևոր դեր ունեն նաև Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում: Նախ պետք է արձանագրել, որ Իսրայելի ծովային առևտրի 99%-ն իրականացվում է Էյլաթի նավահանգստով: 2024 թ. առաջին եռամսյակում Էյլաթում ապրանքների քանակը նվազեց մինչև 25.000 տոննա, 2023 թ. երրորդ եռամսյակից մինչև 2024 թ. առաջին եռամսյակը բեռների քանակը նվազեց 64%-ով[33]: 2025 թ. հութիների 7 հարձակումները նավերի վրա, 2024 թ.-ի 150-ի համեմատ ներկայացնում են ռազմավարական վերակարգավորում, այլ ոչ թե հզորության նվազում: Էյլաթի նավահանգիստը դադարեցրեց գործունեությունը 2025 թ. հուլիսին, որը պայմանավորված էր նրանով, որ հութիների իրական ուժը ոչ թե զինանոցի ծավալն էր, այլ նրանցից սպասվող վտանգը[34]։
Այս համատեքստում ուշագրավ է 2025 թ. դեկտեմբերի 26-ին Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը: Ռազմավարական առումով Բերբերա նավահանգստի և Բաբ ալ-Մանդեբի մոտ գտնվելը ռազմավարությունների հավասարակշռման միջոց է։ Իսրայելի կողմից Սոմալիլենդի ճանաչումը տեղի ունեցավ ծովային անվտանգության շրջանակներում, որին նպաստեց 2023–2026 թթ. Կարմիր ծովի ճգնաժամը: Կարևոր է արձանագրել, թե ինչպես է այս գործընթացը ծառայում որպես միջոց՝ նվազեցնելու Իսրայելի խոցելիությունը տարածաշրջանում[35]: Թել Ավիվի այս քաղաքականությունը հետապնդում է կոնկրետ նպատակ. Սոմալիլենդի ճանաչումը բացում է մուտք դեպի Ադենի ծոցի ափամերձ շրջան և Բերբերա նավահանգիստ, իսկ վերջինիս աշխարհագրապես մոտ լինելը Բաբ ալ-Մանդեբին այն դարձնում է հութիների «սպառնալիքի» չեզոքացման համար ամենակարևոր առանցքը: Տարածաշրջանում լուրջ փոփոխություններ դեռևս չեն գրանցվել, բայց ակնհայտ է, որ Սոմալիլենդի ճանաչումը Իսրայելի առջև լուրջ հնարավորություններ է բացելու իր ազդեցությունը մեծացնելու և հութիների դիրքերը թուլացնելու համար:
Եզրակացություն
Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում որ, Եմենի ներկայիս ճգնաժամը չի կարող բացատրվել բացառապես քաղաքացիական պատերազմի, կրոնական հակասությունների կամ առանձին քաղաքական ուժերի պայքարի շրջանակներում։ Եմենի քաղաքական մասնատվածությունը հնարավոր է դարձել պատմական, սոցիալական, ցեղային, տնտեսական և աշխարհաքաղաքական մի շարք գործոնների փոխազդեցության արդյունքում։ Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հութիական շարժումը. խմբավորման դիրքերի ամրապնդումը պայմանավորված էր ոչ միայն կրոնական կամ գաղափարական գործոններով, այլև Եմենի պետական կառավարման ճգնաժամով, տնտեսական անապահովությամբ, ցեղային հարաբերություններով և քաղաքական պայքարով։ 2014 թ. Սանայի գրավումը դարձավ այն շրջադարձային կետը, որից հետո հութիները ազդեցությունը սկսեց աճել տարածաշրջանում։
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խմբավորումն ունի սեփական տնտեսական և ֆինանսական ռեսուրսներ, որոնք ձևավորվում են հարկերի և մաքսատուրքերի հավաքագրման և վերահսկվող տարածքներում տնտեսական գործունեության միջոցով։ Հութիների և ԻԻՀ հարաբերությունների ուսումնասիրությունը ևս պահանջում է զգուշավոր մոտեցում։ Առկա վերլուծությունը ցույց է տալիս գաղափարական և քաղաքական որոշակի ընդհանրություններ, մասնավորապես հակաիսրայելական և հակաամերիկյան դիրքորոշումների շրջանակում, ինչպես նաև «Դիմադրության առանցքի» հետ հութիների աստիճանական մերձեցումը։ Միաժամանակ, Իրանի կողմից հութիներին լայնածավալ ռազմաֆինանսական աջակցության վերաբերյալ տարածված պնդումներն իրականում չեն կարող դիտարկվել որպես հիմնավոր ապացուցված իրողություն։ Հետևաբար, հութիները պետք է դիտարկել սեփական քաղաքական օրակարգ, ներքին ռեսուրսներ և տարածաշրջանային շահեր ունեցող դերակատարներ, իսկ հութիների և ԻԻՀ միջև առկա փոխադարձ շահերն իբրև գաղափարական նույնականության արդյունք։
Հետազոտության հաջորդ եզրահանգումն այն է, որ Բաբ ալ-Մանդեբը ձեռք է բերել միջազգային ռազմավարական նշանակություն. հութիները հնարավորություն են ստանում ազդեցություն ունենալ նեղուցով տարանցվող համաշխարհային ծովային առևտրի անվտանգության վրա։ Այս հանգամանքը խմբավորմանը տվեց առավելություն 2023 թ. սկսված Գազայի պատերազմում, իսկ աշխարհի համար դարձավ լուրջ խնդիր` բարձրացնելով հութիների դերը տարածաշրջանում: Նավերի վրա հարձակումները վկայում են այն մասին, որ խմբավորումը կարողացել է իր աշխարհագրական դիրքը վերածել քաղաքական և ռազմական ճնշման գործիքի։
Միաժամանակ, հութիների ազդեցության աճը վերափոխել է նաև տարածաշրջանային պետությունների ռազմավարությունները։ Սաուդյան Արաբիայի համար հութիները շարունակում են մնալ անմիջական անվտանգության սպառնալիք՝ հաշվի առնելով Եմենի հետ երկար սահմանը և հրթիռային ու անօդաչու միջոցներով հնարավոր հարձակումների վտանգը։ Եմենի մասնատվածությունը Թագավորության համար կստեղծի լուրջ սպառնալիք, իսկ Հարավային Եմենի անջատմանը աջակցում է ԱՄԷ-ն: Վերջինիս ռազմավարությունն ունի առավել ընդգրկուն բնույթ. այն հիմնված է առանցքային ծովային նեղուցների վրա ազդեցության ապահովման ու ընդլայնման վրա։ Հորմուզի, Բաբ ալ-Մանդեբի և Սուեզի նկատմամբ աճող հետաքրքրությունը ցույց է տալիս, որ Եմենը դիտարկվում է ռազմավարական ծովային կարևոր հանգույց։
Իր հերթին Իսրայելի համար Բաբ ալ-Մանդեբի անվտանգությունն անմիջականորեն կապված է Էյլաթ նավահանգստի գործունեության հետ։ Հութիների գործողությունների հետևանքով Էյլաթի նավահանգստի բեռնափոխադրումների կտրուկ նվազումը ցույց է տալիս, որ նույնիսկ տարածքային առումով Իսրայելից հեռու գործող ոչ պետական դերակատարը կարող է էական ազդեցություն ունենալ Իսրայելի տնտեսական և ռազմավարական շահերի վրա։ Սա այն կարևոր պատճառներից մեկն էր, որը նպաստեց Սոմալիլենդի ճանաչմանը: Այս քայլով Իսրայելի ցանկանում է տարածաշրջանում սեփական ռազմավարական դիրքերը բարելավել և հութիների դիրքերը թուլացնել։
[1] Հոդվածը խմբագրության է փոխանցվել 18.09.2026 թ.-ին:
[2] Արևելագետ, արաբագետ: 2020–2026 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում:
[3] Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հ.3, Երևան, 2006 թ., էջջ 338-340, 354-373
[4] Федорченко А.В., Йеменская Республика – преодолевая сепаратистские тенденции.
Вестник МГИМО, 4(31), 2013, стр. 205-208,
[5] Zaydi Shi’a in Yemen. 2025.
https://minorityrights.org/communities/zaydi-shia/
[6] Nagi A., The Barriers to Southern Yemeni Political Aspirations Are Mainly in the South. 2022.
https://carnegieendowment.org/middle-east/research/2022/03/the-barriers-to-southern-yemeni-political-aspirations-are-mainly-in-the-south
[7] The dilemma of public sector salary payments in Yemen. 2023.
https://mei.edu/publication/dilemma-public-sector-salary-payments-yemen/
[8] Ardemagni E., The Houthis’ Economic War Threatens Lasting Peace in Yemen. 2023.
https://agsi.org/analysis/the-houthis-economic-war-threatens-lasting-peace-in-yemen/
[9] Freifer R., How the Houthis built a parallel economy in Yemen. 2026.
https://en.majalla.com/node/332404/business-economy/how-houthis-built-parallel-economy-yemen
[10] World Bank, Improving Human Capital and Building Livelihoods for Vulnerable families in Yemen. 2026.
https://www.worldbank.org/en/news/press-release/2026/06/30/improving-human-capital-and-building-livelihoods-for-vulnerable-families-in-yemen
[11] Հեզբոլլահը (արաբ․՝ حزب الله , բառացի՝ «Ալլահի կուսակցություն») լիբանանյան շիա քաղաքական և ռազմական կազմակերպություն է, որը ձևավորվել է 1982 թ. Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իսրայելի ներխուժման պայմաններում։
[12] Zimmerman K., Yemen’s Houthis and the Expansion of Iran’s Axis of Resistance. Critical Threats, 2022, P. 7.
[13] Ferragamo M., Iran’s Support of the Houthis: What to Know. 2026.
https://www.cfr.org/articles/irans-support-houthis-what-know
[14] Mukhtar K., New Technologies in Houthi Drones. 2025.
https://sanaacenter.org/the-yemen-review/jan-mar-2025/24604
[15] Juneau T., Unpalatable Options, Confronting the Houthis, Survival Global Politics and Strategy. 66(5), 2024, pp. 193-195.
https://doi.org/10.1080/00396338.2024.2403228
[16] Lott A․, Maritime Security Threats and the Passage Regime in the Bab el-Mandeb. The Norwegian Centre for the Law of the Sea, (NCLOS), 2021, pp. 1-2.
[17] Баева Д., Эксперт: какой еще пролив может перекрыть Иран и чем это грозит. 2026.
https://vfokuse.mail.ru/articles/69611513-ekspert-kakoj-proliv-iran-perekroet-sleduyushim-i-pri-chem-tut-husity/
[18] Labib A., Bab El-Mandeb Strait and its impact on Red Sea security and stability. 2024.
https://en.ncmes.org/3360/
[19] Al-Muslimi F., Analysis: What do Houthi attacks on Israel mean for the Iran war?. 2026.
https://www.chathamhouse.org/2026/03/analysis-what-do-houthi-attacks-israel-mean-iran-war
[20] Barden J, Dunn C, Merolli P, Fewer tankers transit the Red Sea in 2024. 2024.
https://www.eia.gov/todayinenergy/detail.php?id=63446&utm
[21] Калмыков А., Два года блокады. Когда откроется главный морской путь между Европой и Азией?. 2025.
https://www.bbc.com/russian/articles/c3d0d73rr1po
[22] نعوم ريدان، فرزين نديمي،هجمات الحوثيين على السفن: الأنماط والتوقعات لعام 2025،2024.
https://www.washingtoninstitute.org/ar/policy-analysis/hjmat-alhwthyyn-ly-alsfn-alanmat-waltwqat-lam-2025
[23] Al-Qassmi, S. The International Politics of the Red Sea and Beyond: An Analytical Approach.
İstanbul Kent Üniversitesi Siyasal, Sosyal ve Stratejik Araştırmalar Dergisi, 1(1), 2025, pp. 21-22.
[24] 2026-006-Red Sea, Bab el Mandeb Strait, Gulf of Aden, Arabian Sea, and Somali Basin-Houthi Attacks on Commercial Vessels. 2026.
https://www.maritime.dot.gov/msci/2026-006-red-sea-bab-el-mandeb-strait-gulf-aden-arabian-sea-and-somali-basin-houthi-attacks#
[25] Yemen’s Houthis launch missile attack on Israel as war with Iran intensifies, 2026.
https://www.aljazeera.com/news/2026/3/28/yemens-houthis-claim-responsibility-for-a-missile-attack-on-israel-2
[26] Alley A., The Houthis Join the War. 2026.
https://www.washingtoninstitute.org/policy-analysis/houthis-join-war
[27] Համասը (արաբ.`حركة المقاومة الاسلامية) ստեղծվել է 1987 թ.-ի դեկ.-ի 14-ին Գազայում, արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»:
[28] July 2026 Monthly Forecast, 2026.
https://www.securitycouncilreport.org/monthly-forecast/2026-07/the-red-sea.php
[29] Ferragamo M., Iran’s Support of the Houthis: What to Know. 2026.
https://www.cfr.org/articles/irans-support-houthis-what-know
[30] Juneau T., Unpalatable Options, Confronting the Houthis, Survival Global Politics and Strategy, 66(5), 2024, P. 185.
https://doi.org/10.1080/00396338.2024.2403228
[31] Ardemagni E., UAE’s Foreign Policy: From Militias in the Rimland to Straits Diplomacy. 2021.
https://carnegieendowment.org/sada/2021/10/uaes-foreign-policy-from-militias-in-the-rimland-to-straits-diplomacy
[32] ОАЭ намерены построить военную базу на острове в Баб-эль-Мандебском проливе. 2023.
https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17194709
[33] Ece N. J., Özdemir Ü., The Effect of the Israel–Gaza War on Maritime Trade and Transportation.
Mersin University Journal of Maritime Faculty (MEUJMAF), 7(1), 2025, pp. 27-28.
https://doi.org/10.47512/meujmaf.1697490
[34] L. Nevola تغذّي صراعات القوى الإقليمية توتّراتٍ متصاعدة على امتداد البحر الأحمر، 2026.
https://acleddata.com/report/regional-power-struggles-fuel-simmering-tensions-across-red-sea#:~:text
[35] Nurcahyo M. A., Manalu, P. C. R,State Recognition as a Maritime Security Strategy: Israel’s Recognition of Somaliland in the Red Sea Crisis.
Jurnal Nawala Politika, Udayana University, 4 (1), 2026, pp. 64-80.
https://doi.org/10.24843/jnp.v4i1.2581
Օգտագործված գրականության ցանկ
- Հովհաննիսյան Ն., Արաբական երկրների պատմություն, հ.3, Երևան, 2006 թ.:
- 2026-06-Red Sea, Bab el Mandeb Strait, Gulf of Aden, Arabian Sea, and Somali Basin–Houthi Attacks on Commercial Vessels. 2026.
https://www.maritime.dot.gov/msci/2026-006-red-sea-bab-el-mandeb-strait-gulf-aden-arabian-sea-and-somali-basin-houthi-attacks# - Alley A., The Houthis Join the War. 2026.
https://www.washingtoninstitute.org/policy-analysis/houthis-join-war - Al-Muslimi F., Analysis: What do Houthi attacks on Israel mean for the Iran war?. 2026.
https://www.chathamhouse.org/2026/03/analysis-what-do-houthi-attacks-israel-mean-iran-war - Al-Qassmi, S. The International Politics of the Red Sea and Beyond: An Analytical Approach. İstanbul Kent Üniversitesi Siyasal, Sosyal ve Stratejik Araştırmalar Dergisi, 1(1), Turkey, 2025,
- Ardemagni , The Houthis’ Economic War Threatens Lasting Peace in Yemen. 2023.
https://agsi.org/analysis/the-houthis-economic-war-threatens-lasting-peace-in-yemen/ - Ardemagni E., UAE’s Foreign Policy: From Militias in the Rimland to Straits Diplomacy. 202
https://carnegieendowment.org/sada/2021/10/uaes-foreign-policy-from-militias-in-the-rimland-to-straits-diplomacy - Barden J, Dunn C, Merolli P, Fewer tankers transit the Red Sea in 2024. 2024.
https://www.eia.gov/todayinenergy/detail.php?id=63446&utm - Ece N. J., Özdemir Ü., The Effect of the Israel–Gaza War on Maritime Trade and Transportation. Mersin University Journal of Maritime Faculty (MEUJMAF), 7(1), 2025.
https://doi.org/10.47512/meujmaf.1697490 - Ferragamo M., Iran’s Support of the Houthis: What to Know. 2026.
https://www.cfr.org/articles/irans-support-houthis-what-know - Freifer R., How the Houthis built a parallel economy in Yemen. 2026.
https://en.majalla.com/node/332404/business-economy/how-houthis-built-parallel-economy-yemen - July 2026 Monthly Forecast. 2026.
https://www.securitycouncilreport.org/monthly-forecast/2026-07/the-red-sea.php - Juneau T., Unpalatable Options, Confronting the Houthis, Survival Global Politics and Strategy. 66(5), 2024.
https://doi.org/10.1080/00396338.2024.2403228 - Labib A., Bab El-Mandeb Strait and its impact on Red Sea security and stability. 2024.
https://en.ncmes.org/3360/ - Lott A․, Maritime Security Threats and the Passage Regime in the Bab el-Mandeb.
The Norwegian Centre for the Law of the Sea, (NCLOS), 2021. - Mukhtar K., New Technologies in Houthi Drones. 2025.
https://sanaacenter.org/the-yemen-review/jan-mar-2025/24604 - Nagi A., The Barriers to Southern Yemeni Political Aspirations Are Mainly in the South. 2022.
https://carnegieendowment.org/middle-east/research/2022/03/the-barriers-to-southern-yemeni-political-aspirations-are-mainly-in-the-south - Nurcahyo M. A., Manalu, P. C. R,State Recognition as a Maritime Security Strategy: Israel’s Recognition of Somaliland in the Red Sea Crisis.
Jurnal Nawala Politika, Udayana University, 4 (1), 2026.
https://doi.org/10.24843/jnp.v4i1.2581 - The dilemma of public sector salary payments in Yemen. 2023.
https://mei.edu/publication/dilemma-public-sector-salary-payments-yemen/ - World Bank, Improving Human Capital and Building Livelihoods for Vulnerable families in Yemen. 2026.
https://www.worldbank.org/en/news/press-release/2026/06/30/improving-human-capital-and-building-livelihoods-for-vulnerable-families-in-yemen - Yemen’s Houthis launch missile attack on Israel as war with Iran intensifies. 2026.
https://www.aljazeera.com/news/2026/3/28/yemens-houthis-claim-responsibility-for-a-missile-attack-on-israel-2 - Zaydi Shi’a in Yemen, 2025,
https://minorityrights.org/communities/zaydi-shia/ - Zimmerman K., Yemen’s Houthis and the Expansion of Iran’s Axis of Resistance.
Critical Threats, 2022. - Баева Д., Эксперт: какой еще пролив может перекрыть Иран и чем это грозит. 2026.
https://vfokuse.mail.ru/articles/69611513-ekspert-kakoj-proliv-iran-perekroet-sleduyushim-i-pri-chem-tut-husity/ - Калмыков А., Два года блокады. Когда откроется главный морской путь между Европой и Азией?. 2025.
https://www.bbc.com/russian/articles/c3d0d73rr1po - ОАЭ намерены построить военную базу на острове в Баб-эль-Мандебском проливе. 2023.
https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/17194709 - Федорченко А.В., Йеменская Республика – преодолевая сепаратистские тенденции. Вестник МГИМО, 4(31), 2013.
- Nevola ،تغذّي صراعات القوى الإقليمية توتّراتٍ متصاعدة على امتداد البحر الأحمر،2026.
https://acleddata.com/report/regional-power-struggles-fuel-simmering-tensions-across-red-sea#:~:text - نعوم ريدان، فرزين نديمي،هجمات الحوثيين على السفن: الأنماط والتوقعات لعام 2025،2024.
https://www.washingtoninstitute.org/ar/policy-analysis/hjmat-alhwthyyn-ly-alsfn-alanmat-waltwqat-lam-2025