Մեկնաբանություններ

Հայոց ցեղասպանության ճանաչման իսրայելական նախաձեռնությունը. կեղծ մեկնա՞րկ, թե՞ անշրջելի գործընթացի սկիզբ

Израильская инициатива признания Геноцида армян
2 դիտում

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 08.08.2026 թ.[1]

1. Քաղաքական խուսավարման ժամանակագրությունը. միաձայն որոշումից մինչև խորհրդարանական փակուղի

2026 թ. հունիսի 28-ին Իսրայելի նախարարների կաբինետի նիստում կառավարության անդամները միաձայն կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ըստ ընդունված որոշման՝ նախաձեռնությունը պետք է ներկայացվի Քնեսեթի քննարկման և նախաստորագրման՝ դրան օրենքի ուժ հաղորդելու նպատակով։ Խոսքը վերաբերում է Իսրայելի 25-րդ գումարման խորհրդարանի վերջին քառօրյա նիստին, որը նախատեսված է հուլիսի 14-17-ը։ Հայտնի էր, որ եթե Քնեսեթը չհասցնի այդ ժամանակահատվածում քվեարկել 20-րդ դարասկզբի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցի շուրջ, ապա նախաձեռնությունը կամ ինքնաբերաբար կդադարի գործել, կամ լավագույն դեպքում կփոխանցվի 26-րդ գումարման խորհրդարանի քննարկմանը, որը կձևավորվի Իսրայելում աշնանային ընտրությունների արդյունքում։ Այսպիսով, Թուրքիան և Ադրբեջանը, որոնք անմիջականորեն արտահայտեցին իրենց շահագրգիռ դիրքորոշումը, մոտ երկու շաբաթ ժամանակ ունեին՝ խոչընդոտելու Քնեսեթի կողմից ճանաչման ակտի նախաստորագրման ընթացակարգը։

2. Թուրք-ադրբեջանական երկյակ. ճնշման մեթոդներն ու «փափուկ ուժը»

Թուրքիան որդեգրել է կոշտ դիրքորոշում՝ պատրաստակամություն հայտնելով համաչափ պատասխան տալ Թել Ավիվին։ Երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ միայն սաստկացրել է Իսրայելի կառավարության քննադատությունը, այլև Քնեսեթի եզրափակիչ նստաշրջանի սկզբում հայտարարել է միջազգային ասպարեզում գործնական քայլերի մասին։ Մասնավորապես, 2026 թ. հուլիսի 14-ին Ստամբուլի 11-րդ Բարձրագույն քրեական դատարանը միջազգային ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուի նկատմամբ։ Առիթը 2025 թ. հոկտեմբերին իսրայելցի զինվորականների կողմից Global Sumud Flotilla (GSF) մարդասիրական նավատորմի որսալն էր, որն ուղևորվում էր ՑԱԽԱԼ-ի կողմից շրջափակված Գազայի հատված։ Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուին և ևս 35 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրել «ցեղասպանության», «մարդկության դեմ հանցագործությունների», «ազատությունից ապօրինի զրկելու», «խոշտանգումների» և «ավազակության» հոդվածներով։ Ընդհանուր առմամբ նշված մեղադրանքները նախատեսում են ցմահ ազատազրկում և 1102 տարի 9 ամսից մինչև 4596 տարի բանտային ժամկետներ։ Այդ քայլով Անկարան հստակ ցույց տվեց, որ «հայկական հարցի» շուրջ փոխզիջումները բացառված են և շարունակեց մեծացնել ճնշումը Իսրայելի վրա։

Ադրբեջանը, հակառակը, որդեգրեց ավելի չափավոր մոտեցում։ Քնեսեթի նստաշրջանին նախորդող երկու շաբաթվա ընթացքում Բաքուն փորձեց Թել Ավիվին փոխանցել, որ «հայկական հարցի» պատճառով թուրք-իսրայելական հարաբերությունների հետագա սրումը կարող է դառնալ անհաղթահարելի խոչընդոտ դրանց կարգավորման ճանապարհին։ Այսպես, Իսրայելի նախարարների կաբինետի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ արեց իսրայելական կողմին վերանայել իր դիրքորոշումը և հրաժարվել խորհրդարանում օրինագծի քննարկումից։ Բաքվում ընդգծեցին, որ Ցեղասպանության պաշտոնական ճանաչումը բացասաբար կանդրադառնա ադրբեջանա-իսրայելական երկկողմ համագործակցության վրա։ Դրանից հետո՝ 2026 թ. հուլիսի 1-ին, Ադրբեջանի երեք հրեական համայնքների (աշկենազի, սեֆարդական և լեռնային հրեական) ղեկավարները համատեղ բաց նամակով դիմեցին Թել Ավիվին՝ նշելով, որ բանաձևի հաստատումը կվտանգի երկու պետությունների միջև ձևավորված բացառիկ ամուր գործընկերային կապերը։

Մի շարք վերլուծաբանների կարծիքով, Թել Ավիվի հետ երկարամյա սերտ համագործակցության ընթացքում Բաքուն իսրայելական քաղաքականությունում ձևավորել է ազդեցության լուրջ խողովակներ, որոնք բավարար են հակաթուրքական օրինագծերը չեզոքացնելու համար։ Այս մասին բացահայտ հայտարարում էին ադրբեջանական իշխանությունների նկատմամբ բարեհաճ լրատվամիջոցները։ Փորձագետները մատնանշում են Իսրայելում Ադրբեջանի լոբբիստական գործունեության կտրուկ ուժեղացման անուղղակի նշանները, ինչպես նաև միջպետական մակարդակով ոչ պաշտոնական շփումների աշխուժացումը։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքվի հրապարակային պաշտոնական ուղերձները կազմում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը տապալելու նրա իրական և ծավալուն արշավի միայն չնչին մասը։

Ի տարբերություն Թուրքիայի, որը խզեց պաշտոնական շփումները Իսրայելի ներքաղաքական ուժերի հետ և ընտրեց արտաքին կոշտ ճնշման ուղին, Ադրբեջանը կենտրոնացավ «փափուկ ուժի» գործիքների կիրառման վրա՝ Իսրայելի ղեկավարությանը կառուցողական երկխոսության մեջ ներգրավելու նպատակով։ Չի բացառվում, որ նման հակադիր մոտեցումների ընտրությունը նախապես համաձայնեցվել է Բաքվի և Անկարայի կողմից՝ առավելագույն արդյունավետության հասնելու համար։

Քնեսեթի օրակարգից տվյալ հարցի հանման մասին տեղեկությունը առաջինը՝ 2026 թ. հուլիսի 10-ին, տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Պաշտոնական Թել Ավիվը այդ հաղորդագրությունները մեկնաբանության չի արժանացրել, սակայն տեղի քաղաքական վերլուծաբանները դա համարել են ցուցադրական փաստ։ Նստաշրջանի մեկնարկից ընդամենը մի քանի օր առաջ աջ արմատական կուսակցությունները՝ իշխող կոալիցիայում «Լիկուդ»-ի գործընկերները (որոնց նախարարներն ավելի վաղ հավանություն էին տվել կառավարության բանաձևին), արտահերթ օրակարգ են մտցրել մի շարք լրացուցիչ հարցեր, որոնք իրենց նշանակությամբ բոլորովին անհամեմատելի էին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի հետ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ քայլը նպատակ ուներ միտումնավոր խտացնել Քնեսեթի աշխատանքային ժամանակացույցը, ինչի արդյունքում ամառային եզրափակիչ նիստի օրակարգից ինքնաբերաբար բացառվեց «հայկական թեմատիկայով» քննարկումն ու քվեարկությունը։

Այս խուսավարման միջոցով Բ. Նեթանյահուի գործընկերները արհեստականորեն ստեղծեցին ժամանակի սղություն, որպեսզի քվեարկության չեղարկումը դիտվի որպես տեխնիկական վերադրման հետևանք, այլ ոչ թե նպատակաուղղված քաղաքական որոշման արդյունք։ Ի վերջո, օրինագիծը դուրս մղվեց աշխատանքային ծրագրից, իսկ խորհրդարանի ավարտվող նիստի վերջին գործողությունը դարձավ ինքնալուծարման ակտի հաստատումը։

3. Արգելափակման աշխարհաքաղաքական պատճառները. Բաքվի դերը և Երևանի դիրքորոշումը

Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի քվեարկության տապալման իրական դրդապատճառները Իսրայելի փորձագիտական հանրությունում և ԶԼՄ-ներում բաց քննարկման առարկա դարձան միայն այն բանից հետո, երբ Քնեսեթը հայտարարեց ինքնալուծարման մասին։ Մասնավորապես, 2026 թ. հուլիսի 19-ին «Հաարեց» պարբերականը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հաղորդեց, որ Բաքվի ազդեցության տակ խորհրդարանական լսումների չեղարկման գործընթացին անմիջականորեն միջամտել է Իսրայելի վարչապետ Բ. Նեթանյահուն։ Թերթի տեղեկացմամբ, առիթը եղել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հեռախոսազանգը Իսրայելի վարչապետի աշխատակազմ։ Ենթադրվում է, որ Իլհամ Ալիևը իր ներկայացուցչի միջոցով Իսրայելի առաջնորդին նախազգուշացրել է, որ «հայկական հարցում» «կարմիր գծի» հատումը թուրք-իսրայելական հակամարտության սրման դեպքում կստիպի Ադրբեջանին աջակցել Անկարային։

Միաժամանակ, հաշվի առնելով իրանական ուղղությամբ Բաքվի ռազմավարական նշանակությունը Թել Ավիվի համար, Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կարող էր պայմանավորված լինել մի շարք զգայուն հարցերի շուրջ Իսրայելի հետ համագործակցությունը խորացնելու ադրբեջանական կողմի հակընդդեմ խոստումներով։

Փորձագիտական հանրության գերիշխող կարծիքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում «արմատական գծից» Բ. Նեթանյահուն հրաժարվել է՝ ձգտելով խուսափել իսլամական աշխարհի հետ հարաբերությունների համատեքստում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության իր ամենանշանակալի ակտիվներից մեկի արժեզրկումից։

Միևնույն ժամանակ շրջանառվում է տեսակետ, որ ճանաչման օրակարգից Իսրայելի կառավարության հեռանալը պայմանավորված էր նաև պաշտոնական Երևանի խիստ զուսպ արձագանքով։ Քվեարկությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Հայաստանի իշխանությունները նպատակահարմար չեն գտնում որևէ դիրքորոշում որդեգրել Բ. Նեթանյահուի կառավարության որոշման վերաբերյալ և չեն ցանկանում որևէ մեկի շահերից ելնելով քաղաքականացնել այդ հարցը։

Այս ազդակը վկայեց, որ իսրայելական նախաձեռնությունը չի աջակցվի Երևանի կողմից և չի ազդի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանի «հարաբերությունների կարգավորման» գործընթացի վրա։ Թել Ավիվում արձանագրել են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, առնվազն Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք, հնարավոր չէ վերածել աշխարհաքաղաքական ակտիվի, որը կարող է Երևանին ներքաշել Թուրքիայի հետ դիմակայության նոր փուլի մեջ՝ ի շահ հրեական պետության։

«Հայկական հարցի» համատեքստում Ադրբեջանի կողմից Իսրայելին ուղղված ևս մեկ կարևոր ազդակ դարձավ Քնեսեթի նիստի օրերին Բաքվում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի ընդունելությունը։ 2026 թ. հուլիսի 16-ին իր նստավայրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Բաքուն աջակցում է անկախ և ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծմանը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ընդգծված հակաիսրայելական ուղղվածություն ուներ և դժվար թե դիտարկվեր Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ընթացող քաղաքական բանավեճից դուրս։

Այս համատեքստում օրինաչափ է հարցադրումը, թե ինչու Անկարան և Բաքուն չդադարեցրին աննախադեպ ճնշումը Թել Ավիվի վրա, եթե նույնիսկ Քնեսեթի աշխատանքի վերջին չորս օրվա մեկնարկից առաջ արդեն պարզ էր, որ Բ. Նեթանյահուի կոալիցիան արգելափակել է իր իսկ նախաձեռնած օրինագիծը։ Հենց այդ ժամանակահատվածում Ստամբուլի քրեական դատարանը թույլատրեց Իսրայելի վարչապետի միջազգային ձերբակալությունը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտ համերաշխություն հայտնեց Պաղեստինի անկախության գաղափարին՝ Արևելյան Երուսաղեմի վարչական կենտրոնով հանդերձ։

Այս առումով հնարավոր են երկու բացատրություններ․

  1. Անկարան և Բաքուն մինչև Քնեսեթի ինքնալուծարումը սպասում էին, որ Բ. Նեթանյահուն և նրա կոալիցիոն գործընկերները, չնայած Բաքվին տված խոստումներին, կարող են ցանկացած պահի նախաձեռնել քվեարկություն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Այդ պատճառով թեմայի շուրջ ծածուկ «սակարկությունները» շարունակվեցին մինչև խորհրդարանական նիստի գրեթե վերջին ժամերը։
  2. Անկարայի և Բաքվի անհանգստությունը կարող էր պայմանավորված լինել նրանով, որ Բ. Նեթանյահուի կոալիցիան պաշտոնապես չի հրաժարվել նախաձեռնությունից, այլ դրա քննարկումը միայն ձևական-իրավական առումով հետաձգել է ապագայի համար։

4. «Հայկական հարցի» հեռանկարները Իսրայելում կայանալիք ընտրությունների լույսի ներքո

2026 թ. աշնանից պահպանվում է օրինագիծը Քնեսեթի քննարկմանը վերադարձնելու տեսական հնարավորությունը, եթե Բ. Նեթանյահուն և նրա կոալիցիոն գործընկերները նոր ընտրությունների արդյունքում կրկին մեծամասնություն ապահովեն և նպատակահարմար գտնեն շարունակել օգտագործել Ցեղասպանության թեման՝ որպես Թուրքիայի վրա ճնշման գործիք։ Միևնույն ժամանակ, փոխված քաղաքական իրողությունների ազդեցության տակ կամ Անկարայի և Բաքվի հետ առճակատման ուղեգծի վերանայման դեպքում նրանք կարող են ամբողջովին հրաժարվել այդ նախաձեռնությունից։

Չի կարելի բացառել նաև այլ սցենար․ նույնիսկ «Լիկուդ» կուսակցության և աջ արմատական դաշինքի պարտության դեպքում նրանց քաղաքական ընդդիմախոսները, մեծամասնություն ստանալով Քնեսեթում, կարող են շարունակել նախկին կոալիցիայի գիծը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։

Իսրայելցի վերլուծաբանների կանխատեսումներով, հոկտեմբերյան ընտրություններում խոշորագույն ընդդիմադիր «Բեյահադ» («Միասին») դաշինքը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել Բ. Նեթանյահուի կոալիցիայի նկատմամբ։ Դաշինքի կազմում ընդգրկված երկու քաղաքական ուժերն էլ համակարծիք են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ «Յեշ Ատիդ» («Կա ապագա») կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը ավանդաբար հանդես է գալիս որպես Օսմանյան կայսրությունում 1915 թ. ողբերգության պաշտոնական ճանաչման ամենահետևողական կողմնակիցը՝ այդ նախաձեռնությունն առաջ մղելով նույնիսկ ԱԳՆ-ն (2021–2022 թթ.) և Իսրայելի կառավարությունը (2022 թ. հուլիս–դեկտեմբեր) ղեկավարելու շրջանում, երբ Անկարայի հետ հարաբերությունների սրումը դեռ օրակարգում չէր։

Իր հերթին, դաշինքի երկրորդ մասնակիցը՝ «Բենեթ 2026» կուսակցությունը, Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ, ունի ավելի կոշտ դիրքորոշում։ Նրա առաջնորդը հայերի կոտորածը հավասարեցնում է Հոլոքոստի հետ և ժամանակակից Թուրքիան Իսրայելի համար ավելի լուրջ սպառնալիք է համարում, քան Իրանը։ Եվ Յ. Լապիդը, և Ն. Բենեթը համոզված են, որ Անկարայի նկատմամբ Բ. Նեթանյահուի չափազանց մեղմ քաղաքականությունը մեծապես նպաստել է հրեական պետության նկատմամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թշնամական քաղաքականության և անթույլատրելի հռետորաբանության ձևավորմանը։

Վերլուծելով Իսրայելում իրավիճակի զարգացման հեռանկարները՝ փորձագետները հաշվի են առնում հայտնի քաղաքական օրինաչափությունը, համաձայն որի ընդդիմադիր ուժերի կոշտ հռետորաբանությունն ու արմատական դիրքորոշումները հաճախ մեղմվում են նրանց իշխանության գալուց հետո։ Այնուամենայնիվ, ներկա իրողություններում չի կարելի բացառել, որ ընտրազանգվածի հաջողության դեպքում «Բեյահադ» դաշինքը ոչ միայն կպահպանի Բ. Նեթանյահուի աջ արմատական կառավարության որդեգրած ուղեգիծը «հայկական նախաձեռնության» նկատմամբ, այլև այն կհասցնի տրամաբանական ավարտի՝ վերածելով Անկարայի վրա արտաքին քաղաքական ճնշման գործուն գործիքի։

Տարածաշրջանում ռազմաքաղաքական առաջնորդության, ԱՄՆ-ի առանցքային դաշնակցի կարգավիճակի, Մերձավոր Արևելքի էներգապաշարների և կարևորագույն առևտրային ուղիների նկատմամբ վերահսկողության համար Թուրքիայի և Իսրայելի միջև տարաձայնությունները արդեն վերաճել են բաց առճակատման։ Այս հանգամանքը անխուսափելի է դարձնում այնպիսի քաղաքական գործիքների կիրառումը, որոնք նախկինում դիտարկվում էին որպես չբարձրաձայնվող արգելք։

5. Եզրակացություն. մարտավարական դադա՞ր, թե՞ առճակատման ռազմավարական գործիք

Այդ իսկ պատճառով Անկարան և Բաքուն բոլոր հիմքերն ունեն Բինյամին Նեթանյահուի կաբինետի նախաձեռնության մեջ տեսնելու ոչ միայն իրավիճակային քաղաքական խուսավարում, որը հետագայում դադարեցվեց հենց իշխող կոալիցիայի կողմից։ Ըստ ամենայնի, այս քայլը նշանավորում է Իսրայելի երկարաժամկետ պետական ռազմավարության սկզբնական փուլը, որն ուղղված է Թուրքիայի և նրա դաշնակիցների հետ համակարգային դիմակայությանը և, հավանաբար, կպահպանի իր արդիականությունը՝ անկախ հրեական պետությունում իշխանության ապագա փոխդասավորությունից։

Ակնհայտ է, որ չնայած 25-րդ գումարման Քնեսեթի օրակարգից հանվելուն, Օսմանյան կայսրությունում անցյալ դարի ողբերգական իրադարձությունների հարցն արդեն վերջնականապես վերածվել է իսրայելա-թուրքական մրցակցության առանցքային գործիքի։ Այս առումով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը մնում է բացառապես ժամանակի հարց։


[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 21.07.2026 թ.: