Հրապարակում
ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության դինամիկան և առանձնահատկությունները

Տեսակետ, 06.08.2025 թ.
Նարեկ Ա. Դավթյան[1]
ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության դինամիկան և առանձնահատկությունները[2]
Նախաբան և աշխատանքի նպատակը
2020–2026 թթ. ժամանակահատվածը հայ-ամերիկյան հարաբերություններում առանձնանում է իր որակական փոփոխությունների և ինստիտուցիոնալ խորացման փուլերով։ Այս շրջանում համագործակցությունը աստիճանաբար դուրս է գալիս ավանդական քաղաքական և զարգացման աջակցության շրջանակներից՝ վերափոխվելով ռազմավարական գործընկերության բազմաշերտ համակարգի, որը ներառում է անվտանգային, տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ և ռեսուրսային բաղադրիչներ։ ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված հարաբերությունների աստիճանական զարգացումն այս ժամանակահատվածում ամրագրվել է մի շարք երկկողմ փաստաթղթերով, որոնցում արտացոլված են կողմերի ռազմավարական առաջնահերթություններն ու արտաքին քաղաքական տեսլականները։
Աշխատանքի նպատակն է համակողմանիորեն վերլուծել վերջին շրջանում (2025–2026 թթ.) հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ցույց տալով, թե ինչպես են դրա վրա ազդում համաշխարհային և տարածաշրջանային ուժերի դասավորության փոփոխությունները։
Դիվանագիտական շփումների վիճակագրական պատկերը և դիվերսիֆիկացման միտումները
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվեց զգալի աշխուժացում, ինչը պայմանավորված էր տարածաշրջանային զարգացումներում ԱՄՆ-ի աճող ներգրավվածությամբ և միջնորդական ջանքերի ընդլայնմամբ։ 2022 թ. սկսած արձանագրվում է բարձր մակարդակի փոխայցելությունների հաճախականության աճ, ինչը վկայում է երկկողմ հարաբերությունների ինստիտուցիոնալ խորացման միտումների մասին։ Այն կարելի է դիտարկել մի քանի փոխկապակցված գործոնների համատեքստում, ներառյալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ջանքերի, Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման միտումների, ինչպես նաև 2022 թ. բռնկված ռուս-ուկրաինական պատերազմի և դրա հետևանքով կիրառված միջազգային պատժամիջոցների ազդեցության:
ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի տվյալներով՝ 2022–2025 թթ. ընթացքում արձանագրվել է ամերիկյան կողմի շուրջ 20 այց Հայաստան և հայկական պատվիրակությունների 10 այց ԱՄՆ։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է ռուսական կողմի 15 այց ՀՀ և հայկական պատվիրակությունների 23 այց ՌԴ:
ԵՄ-ի պարագայում պատկերը հետևյալն է՝ եվրոպական կողմից 9 այց ՀՀ և հայկական կողմից 26 այց ԵՄ երկրներ։ Այս ընթացքում ԵՄ հետ ձևավորվել են նոր համագործակցության ձևաչափեր, այդ թվում՝ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը (2022 թ.), ամենամյա քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը (2023 թ.), ինչպես նաև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների ինստիտուցիոնալացումը (2025 թ.)։
Հարկ է նաև նկատի ունենալ, որ ՌԴ կատարված հայկական այցերի զգալի մասը պայմանավորված էր ոչ միայն երկկողմ օրակարգով, այլև այնտեղ անցկացվող բազմակողմ միջոցառումներին և աշխատանքային հանդիպումներին մասնակցությամբ։ Բացի այդ, 2022–2023 թթ. այցերի հաճախակիությունը պայմանավորված էր նաև տարածաշրջանում ՌԴ միջնորդական ու խաղաղապահ դերակատարությամբ, ինչի շրջանակներում հայ-ռուսական շփումները կրում էին կանոնավոր բնույթ։ Արտաքին քաղաքականությունում այսպիսի ակտիվացումը արդյունք էր 2020–2023 թթ. Ռուսաստանի կողմից անվտանգային պարտավորությունների չկատարման, որի հետևանքով վերանայվում է Հայաստանի անվտանգային համակարգը։
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության առաջին փուլը և Բայդենի վարչակազմի «իրավական ժառանգությունը». 2025 թ. Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը
2022 թ. տեղի ունեցան մի շարք հայ-ադրբեջանական սահմանային բախումներ, որոնք հանգեցրին Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստների, հայկական բնակավայրերի հրետակոծման, ինչպես նաև 227 զինծառայողի և 5 քաղաքացիական անձի զոհվելու։ ՀՀ-ի դիմումը ՀԱՊԿ-ին չբերեց ակնկալվող արդյունքի։ Միաժամանակ Ադրբեջանի ռազմական ճնշումները նպատակ ունեին ազդելու բանակցային գործընթացի վրա, ինչի արդյունքում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։ ՀՀ-ի համար ծանր հետևանքներ ունեցած 2022 թվականը հանգեցրեց անվտանգային ռիսկերի էական աճի և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայման անհրաժեշտության։ Այս պայմաններում ակտիվացավ ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը, իսկ երկկողմ խորհրդակցությունները թևակոխեցին առավել ինտենսիվ փուլ։ Խորհրդակցությունները ներառում էին քաղաքական աջակցություն, անվտանգային համագործակցություն և փոխգործակցության ընդլայնում բարձր տեխնոլոգիաների ու միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Այս երկխոսության շրջանակներում արդեն տեսնում ենք համագործակցության հիմնական համատեքստը։
2022 թ. սկսված գործընթացների տրամաբանական շարունակության շրջանակներում 2025 թ. հունվարին 14-ին, Բայդենի թիմի պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի օր առաջ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն» փաստաթուղթը, որն իր պաշտոնավարման շրջանում արձանագրված ակտիվ համագործակցության ամրապնդումն էր իրավական դաշտում՝ միտված ապահովելու ժառանգականությունը հաջորդ՝ Թրամփի աշխատակազմի համար։ Փաստաթղթի հիմնական կետերը վերաբերում են տնտեսությանը, պաշտպանությանը, ժողովրդավարությանն ու գիտությանը, որոնք ամրագրված են նախաբանում, «…ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը», իսկ կետ 3-ում կողմերն հստակ ընդգծում են համագործակցման հիմնական ուղղությունները «…դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում»:
Ընդհանուր առմամբ փաստաթուղթը կարելի է դիտարկել երկու փոխկապակցված հարթություններում՝ աշխարհաքաղաքական և գործնական։ Աշխարհաքաղաքական իրավիճակի, ԱՄՆ ռազմավարական այլ փաստաթղթերի և ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել, որ ռազմավարական փաստաթղթի հիմնական քաղաքական նպատակը ՀՀ նկատմամբ ՌԴ ազդեցության նվազեցումն է և ԱՄՆ ազդեցության ընդլայնումը Հայաստանում։ Այս նպատակն իրականացվում է առաջին հերթին տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության խորացման միջոցով։ Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է «Հայաստանի ջանքերին՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ուղղությամբ» ([5], բաժին 2. նախաբան), ինչը ենթադրում է տնտեսական, տեխնիկական և խորհրդատվական աջակցություն։ Այս համատեքստում է, որ հստակ աջակցություն է հայտնվում Հարավային Կովկասի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին։
Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական սահմանափակումները և փակ սահմանների առկայությունը՝ Վաշինգտոնը որպես հաղորդակցությունների զարգացման հիմնական հարթակ դիտարկում է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ ԱՄՆ-ի կողմից ծրագրի հիշատակումը և աջակցությունը վերջինիս հաղորդում են լրացուցիչ քաղաքական լեգիտիմություն և միջազգային կշիռ։ Միաժամանակ փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանում առկա են «համագործակցության համար բացակայող կամ թույլ գործող ուղղություններ», ինչը վկայում է, որ ԱՄՆ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում այն նախաձեռնություններին, որոնք կարող են ապահովել տարածաշրջանային կապերի գործնական զարգացումը։ Հատկանշական է, որ փաստաթղթում ուղղակի հղում չկա Ադրբեջանի կողմից առաջ քաշված ապաշրջափակման ծրագրին կամ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Բայդենի վարչակազմը նախապատվությունը տվել է ՀՀ-ի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին որպես տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման առավել ընդունելի և քաղաքականապես հավասարակշռված շրջանակի։
Գործընկերության հաջորդ առանցքային ուղղությունը էներգետիկ բնագավառն է։ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտին զուգահեռ ԱՄՆ-ը հետաքրքրված է ՀՀ էներգետիկ ոլորտում ավելի ակտիվ ներգրավվածությամբ, այդ թվում՝ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների և փոքր մոդուլային ռեակտորների հնարավոր կիրառմամբ։ Այս ուղղությունը կարող է նպաստել ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցմանը ՌԴ-ից և միաժամանակ ամրապնդել ԱՄՆ տնտեսական և ռազմավարական ներկայությունը երկրում։
Հատկանշական է, որ վերոնշյալ նպատակները փաստաթղթում ներկայացվում են Ջ. Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության համար առանցքային համարվող ժողովրդավարության, իրավունքի գերակայության, արդարադատության և ներառական կառավարման սկզբունքների շրջանակում, որոնք հանդես են գալիս որպես հայ-ամերիկյան համագործակցության գաղափարական հիմք։
Շփումները Թրամփի նոր վարչակազմի հետ
Հայ-ամերիկյան շփումները շարունակվեցին Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի պաշտոնավարման սկզբից ի վեր և ձևավորեցին երկկողմ ռազմավարական համագործակցության նոր փուլ։ 2026 թ. փետրվարին Ն. Փաշինյանը մեկնել է ԱՄՆ (փետրվարի 3-7) [1], որտեղ մասնակցել է 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին (փետրվարի 3-5) [2]։ Գագաթնաժողովը համարվում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ կրոնական ազատությունների և մարդու իրավունքների օրակարգի կարևոր հարթակներից մեկը և հաճախ ընդգրկում է ինչպես պետական, այնպես էլ կրոնական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցություն։ Դ. Թրամփի վարչակարգը վայելում է կրոնական կազմակերպությունների լայն աջակցությունն, իսկ գագաթնաժողովին իր մասնակցությունն է բերել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Կրոնական միջոցառմանը հայկական կողմի մասնակցությունը կարելի է դիտարկել որպես ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատանքային հարաբերությունների հաստատման և քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու փորձ։ Դա հատկապես կարևոր էր՝ հաշվի առնելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հիմնական փուլը ձևավորվել էր Դեմոկրատական կուսակցության վարչակազմի օրոք։
Հայկական կողմի կատարած պաշտոնական այցին հաջորդել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Ջեյքոբ ՄըքԳի այցը Երևան: ԱՄՆ բարձրաստիճան այս պաշտոնյան նույնպես հավատացյալ է. նա աստվածաբանության մագիստրոսի աստիճան է ստացել Հարավային Բապտիստական աստվածաբանական սեմինարիայում։ Ըստ առկա տեղեկությունների՝ այցը, հավանաբար, կրում էր կրոնական ուղղվածություն, ինչը կարելի է ենթադրել պաշտոնյայի գործառույթներից, Թրամփի վարչակազմի քաղաքական առաջնահերթություններից և այցի վերաբերյալ հրապարակված սահմանափակ տեղեկություններից։ Հատկանշական է, որ հետագայում կողմերի միջև կնքված ռազմավարական փաստաթղթում ներառվեց կրոնական ազատությունների խթանմանը վերաբերող հատված։
Օգոստոսյան եռակողմ հանդիպումը և «TRIPP ուղի» հռչակագիրը
ՀՀ-ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հաջոդ կարևոր փուլը դարձավ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հանդիպումը: Այն կազմակերպվել էր Դոնալդ Թրամփի՝ խաղաղության ապահովմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում, որի հեռահար նպատակն էր Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալը: Հանդիպման ընթացքում կողմերը նախաստորագրեցին համատեղ հռչակագիր և ազդարարեցին «TRIPP ուղի» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության») նախագծի մեկնարկը: Բացի այդ, ՀՀ և ԱՀ արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրվեց երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի վերջնական տեքստը: Համաձայնագրի նախաստորագրումը միջազգային պայմանագրային գործընթացի միջանկյալ փուլ է, որը փաստում է կողմերի համաձայնությունը տեքստի հիմնական դրույթների շուրջ, սակայն չունի իրավական պարտավորություն։ Այս առումով պայմանագրի հիմնական դրույթներին հետևելը կախված է կողմերի քաղաքական կամքից և գործնական պատրաստակամությունից։ Մինչդեռ ադրբեջանական կողմը միտումնավոր անտեսում է պայմանագրի որոշ կետեր, օրինակ՝ հոդված 15-ի հետևյալ մասը, որտեղ նշված է, որ. «Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով»։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի հանրային և պաշտոնական խոսքին բնորոշ է թշնամական հռետորաբանությունը, որը նաև ուղեկցվում է ՀՀ ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձերի ու պահանջների հետ։
Տեխնոլոգիական մրցակցությունը և կրիտիկական հանքանյութերի աշխարհաքաղաքականությունը
Հաջորդ կարևոր կողմը ԱՄՆ ներգրավվածության խորացման համատեքստում կապված է Թրամփի երկրորդ վարչակազմի կողմից կրկին ակտիվացված «առևտրային» պատերազմների և տեխնոլոգիական մրցակցության սրացման հետ, որի հիմնական թիրախը շարունակում է մնալ Չինաստանը։ Պաշտոնական Պեկինն իր կողմից ևս կիրառում է պատժամիջոցներ ԱՄՆ նկատմամբ, որից ամենազգալի կետը վերաբերում է հազվագյուտ մետաղներին, որոնք ունեն կարևոր դեր ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրության մեջ՝ սկսած էլեկտրոնիկայից մինչև պաշտպանական արդյունաբերություն։ Սա պայմանավորված է նրանով, որ ՉԺՀ-ն այժմ վերահսկում է աշխարհի հազվագյուտ հողային հանքանյութերի պաշարների մեծ մասը՝ իր համար օգտագործում է այդ հանքանյութերի 60%-ը և մշակում է աշխարհի պաշարների 90%-ը։ Հաշվի առնելով այս կախվածությունը՝ ԱՄՆ հետևողականորեն պայքարում է այլընտրանքային աղբյուրների ձեռքբերման համար՝ փորձելով նվազեցնել կախվածությունը մեկ մատակարարողից։ Այդ համատեքստում 2025 թ. սկզբից ԱՄՆ ստորագրել են շուրջ 10 երկկողմանի պայմանագրեր, որոնք ներառում են հիմնականում հազվագյուտ մետաղների և հանքանյութերի շահագործում և տեղափոխում։ Նման պայմանագրերով ԱՄՆ-ը փորձում է դիվերսիֆիկացնել աղբյուրները, թուլացնել կախվածությունը մեկ ներկրողից, ինչպես նաև վերահսկել տեղափոխման ճանապարհները, ապահովելով դրանց ներմուծման անընդհատությունը։
Այս գործընթացների հետնապատկերում տարածաշրջանային մակարդակով տեղի են ունենում ԱՄՆ ներգրավվածության ընդլայնման փորձեր։ Այս համատեքստում, 2026 թ. փետրվարին կայացավ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու: Այն նպատակ ուներ նախապատրաստել երկկողմ պայմանագրերի կազմման գործընթացը և հաստատել նախկինում համաձայնեցված մոտեցումները: ՀՀ-ում հիմնական խոսույթը կապված էր ատոմակայանների և տեխնոլոգիաների փոխանցման հետ։ Ըստ էության, ամերիկյան «IT» ընկերությունների մուտքը Հայաստան և «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) կառուցումը կարող է կապված լինել համապարփակ պայմանագրի հետ, որով ՀՀ-ը կառուցման համար կընտրի ամերիկյան ատոմակայաններ, դրա դիմաց ԱՄՆ-ն թույլ կտա իր կազմակերպություններին մուտք գործել Հայաստան, իսկ կառուցված ատոմակայանը կապահովի այդ կենտրոնների աշխատանքը։
Մարկո Ռուբիոյի այցը Երևան և 2026 թ. մայիսյան երեք պայմանագրերը
Փետրվարյան այցին հաջորդեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանկարծակի այցը Հայաստան՝ 2026 թ. մայիսի 26-ին։ Այցի ընթացքում նա, առանց լքելու օդանավակայանի տարածքը, ստորագրեց երեք պայմանագիր, հայտնեց իր աջակցությունը իշխող ուժին՝ ընտրություններից առաջ, և մեկնեց Ամերիկա։ Պետքարտուղարի այցը համարվում էր հանկարծակի, քանի որ այն չէր տեղավորվում նախապես հայտնի պաշտոնական երթուղու մեջ և իրականացվել է Հնդկաստանից ԱՄՆ վերադարձի ճանապարհին՝ Երևանում կարճատև կանգառի ձևաչափով։ Այցի հնարավոր շարժառիթներից մեկը կարող էր լինել ամերիկա-չինական անհաջող բանակցությունները Պեկինում և հազվագյուտ մետաղների մատակարարման շուրջ առկա չլուծված հարցերը։ [3]։ Հնդկաստանում կողմերը ստորագրել են ռազմավարական նշանակության հանքանյութերի վերաբերյալ կարևոր փաստաթուղթ։ Ստորև դիտարկենք հենց Երևանում ստորագրված փաստաթղթերը։ Առաջինը՝ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն» է, որի նախաբանը նույնական է 14.01.2025 թ. հաստատված կանոնադրության հետ, բացառությամբ, «…կրոնական ազատությունների խթանման…» մասին հատվածի, որը ներկայիս վարչակարգի ներքին աջակցման կարևոր ուղղություններից մեկն է, սակայն գնահատել դրա ազդեցությունը Հայաստանում ընթացող պետություն–Եկեղեցի հակամարտության վրա դժվար է, չնայած որ վերջին շրջանում հակամարտությունը անցել է սառը փուլի։
Ի տարբերություն 2025 թ. հունվարին հաստատված կանոնադրության, սրա հիմնական շրջանակները՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացումն է, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության ապահովումը և էներգետիկ անվտանգությունը ([6], նախաբան, կետ 5)։ Նոր կանոնադրության մեջ շեշտը դրվում է ոչ թե ՀՀ անվտանգության անմիջական ապահովման, այլ տարածաշրջանային ինտեգրման վրա։ Այս համատեքստում առանձնացվում են Գյումրի-Կարս երկաթգծի վերաբացման հարցը և ՀՀ էներգետիկ համակարգի կապակցումը եվրոպական շուկային։
Համեմատելով երկու փաստաթղթերը կարող ենք փաստել, որ եթե 2025 թ. կանոնադրությունը դնում էր ռազմավարական երկխոսության հիմքերը, ապա 2026 թ. փաստաթուղթն այն դարձնում է ավելի գործնական, ներառելով կոնկրետ տրանսպորտային, էներգետիկ և տեխնոլոգիական ծրագրեր՝ հղում անելով ԱՄՆ նոր վարչակարգի նախաձեռնություններին։ Ըստ էության, 2026 թ. ստորագրված համապարփակ կանոնադրությունը հանդիսանում է հաջորդ երկու փաստաթղթերի հիմքը։ Դրանք են՝
- «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր»-ը
- «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր»-ը։
Կրիտիկական ռեսուրսների մատակարարման հուշագրի վերլուծություն
Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների վերաբերյալ ՀՀ–ԱՄՆ հուշագրի նպատակն է Հայաստանի տարածքում նոր հանքավայրերի հետախուզումն ու առկա պաշարների գնահատումը, ինչպես նաև դրանց արդյունահանման, վերամշակման, առևտրի և մատակարարման շղթաների զարգացումը։ Փաստաթուղթը ՀՀ դերը դիտարկում է նաև ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում՝ որպես Կենտրոնական Ասիա–Հարավային Կովկաս տարանցիկ ուղղության կարևոր մասնակից՝ ԹՐԻՓՓԻ միջոցով ([7], Բաժին 1)։
Հուշագրի հաջորդ կարևոր դրույթը վերաբերում է ակտիվների վաճառքին։ Ըստ այդմ՝ կողմերը մտադիր են ձևավորել կամ ամրապնդել ազգային այնպիսի կարողություններ ու դիվանագիտական գործիքներ, որոնք թույլ կտան վերանայել, արտոնել կամ կանխարգելել ազգային անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող հանքային ակտիվների վաճառքը, փոխանցումը կամ սեփականատիրոջ փոփոխությունը ([7], Բաժին 1, կետ 5)։ Այս դրույթը հիմնականում վերաբերում է ռազմավարական նշանակության ակտիվների նկատմամբ վերահսկողության պահպանմանը և պետության միջամտության հնարավորությանը սեփականության փոփոխության գործընթացներում։ Փաստացի դա նշանակում է, որ ՀՀ-ում առանց ԱՄՆ համաձայնության նման գործարքներ կատարելը դառնում է անհնարին։
Փաստաթղթի մեկ այլ կարևոր բաղադրիչը՝ երրորդ կողմերի հետ համագործակցության դրույթն է, որը նախատեսում է համագործակցություն այլ պետությունների և գործընկերների հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար։ Թեև դրույթը իրավական առումով չի սահմանափակում ՀՀ հնարավորություններն այլ գործընկերների հետ համագործակցելու հարցում, այն փաստում է, որ ԱՄՆ-ը ձգտում է Հայաստանի ներգրավմամբ ձևավորել իր համար վստահելի մատակարարման ցանցեր ([7], Բաժին 1, կետ 7)։
Հատկանշական է նաև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների գնագոյացման մեխանիզմներին վերաբերող դրույթը, որով մասնակիցները հայտարարում են շուկաները «ոչ շուկայական քաղաքականություններից» և «անարդար առևտրային պրակտիկաներից» պաշտպանելու մտադրության մասին։ Փաստաթուղթը նախատեսում է նաև քաղաքականությունների մշակում գնային շրջանակների ձևավորման նպատակով, ինչը փաստացի նշանակում է, որ կողմերը չեն սահմանափակվում միայն ազատ շուկայական մեխանիզմների կիրառմամբ, այլ ձգտում են մասնակցել շուկայի կանոնների և գնագոյացման սկզբունքների ձևավորմանը ([7], Բաժին 2, կետ 4)։ Այս համատեքստում ԱՄՆ-ը փորձում է ոչ միայն ապահովել մուտք դեպի հանքային ռեսուրսներ և մատակարարման ուղիներ, այլև ներգրավվել այնպիսի տնտեսական միջավայրի ձևավորման գործում, որտեղ կրիտիկական հանքանյութերի առևտուրը և իրացումը կկատարվեն Վաշինգտոնի համար ընդունելի պայմաններով։ Արդյունքում՝ խոսքը վերաբերում է ոչ միայն հանքավայրերի հետախուզմանն ու շահագործմանն, այլև ամբողջ մատակարարման շղթայի, առևտրային ուղղությունների և շուկայի կարգավորման գործընթացների վրա ազդեցության ընդլայնմանը։
Ընդհանուր առմամբ, հուշագրի դրույթները ([7], բաժին 1, ենթակետ 1, 4, 8) վկայում են, որ Վաշինգտոնը Երևանին դիտարկում է որպես իր կրիտիկական հանքանյութերի, էներգետիկ և տեխնոլոգիական մատակարարման ավելի լայն համակարգի մաս։
Լոգիստիկ ինտեգրում. ԹՐԻՓՓ (TRIPP) համաձայնագիրը և սահմանային կառավարման մոդելը
Տրանսպորտային հաղորդակցությունների մասով ԹՐԻՓՓ նախաձեռնությունը դուրս է գալիս բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային կամ երկաթուղային կապի վերականգնման շրջանակներից և նախատեսում է տարածաշրջանային ենթակառուցվածքային ավելի լայն համակարգի ձևավորում։ Փաստաթղթում ընդունվում է, որ Նախիջևանի հետ հաղորդակցությունը պետք է իրականացվի ԹՐԻՓՓ-ի շրջանակներում ([8], նախաբան), իսկ կոնկրետ երթուղիների, ենթակառուցվածքների և նախագծերի վերաբերյալ որոշումները նախատեսվում է կայացնել Հայաստանի, Միացյալ Նահանգների և ԹԶԸ-ի («ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն»՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ ձեռնարկություն, որը ՀՀ-ում պետք է հիմնադրվի որպես բաժնետիրական ընկերություն, տե՛ս հավելված 1) միջև խորհրդակցությունների արդյունքում։ Հետևաբար, փաստաթուղթը չի ամրագրում որևէ հստակ երթուղի և տեսականորեն հնարավորություն է տալիս հաղորդակցությունների կազմակերպումը Հայաստանի տարածքի տարբեր հատվածներով։ Միաժամանակ, նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներով։ Փաստաթղթում նշվում է, որ ԹՐԻՓՓ-ը կարող է ներառել նաև նավթատար և գազատար խողովակաշարեր, օպտիկամալուխային կապի գծեր, ինչպես նաև էներգետիկ նախագծեր ([8], հոդված 1, կետ 8)։ Այս դրույթները համահունչ են վերջին տարիներին շրջանառվող առաջարկներին, որոնք վերաբերում են տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրմանը, ՀՀ տարածքով հնարավոր գազատարների անցկացմանը և էներգետիկ հաղորդակցությունների զարգացմանը։ Այդ նախագծերը ուղված են դեպի Եվրոպա, որը ձգտում է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման աղբյուրներն ու երթուղիները, իսկ գլխավոր շահառուները Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք ձգտում են ամրապնդել իրենց դերակատարությունը որպես էներգետիկ մատակարար և տարանցիկ հանգույցի։ Նախաձեռնության իրականացման համար նախատեսվում է նաև երրորդ կողմերի ներգրավում՝ որպես կոնցեսիոներներ, օպերատորներ, հովանավորներ, կապալառուներ կամ նախագծման, գնումների և շինարարության ծառայություններ մատուցող կազմակերպություններ ([8], հոդված 4)։ Թեև Հայաստանը հանդիսանում է կառավարման համակարգի մասնակից, նման դերակատարների ընտրությունը կայացնում է ԹԶԸ-ն ([8], Հոդված 4)։ Սա տեսականորեն հնարավորություն է ստեղծում, որ ծրագրերում ներգրավվեն նաև թուրքական կամ ադրբեջանական ընկերություններ, եթե դրանց մասնակցությունը հաստատվի համապատասխան ընթացակարգերով։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ փաստաթուղթը հատուկ ամրագրում է «ԹԶԸ ԱՄՆ»-ի (չշփոթել ԹԶԸ-ի հետ) նկատմամբ Միացյալ Նահանգների սեփականության և վերահսկողության պահպանումը՝ բացառելով երրորդ կողմերի կողմից դրա նկատմամբ սեփականության իրավունքների ձեռքբերման հնարավորությունը ([8], Հոդված 3)։ Այս դրույթը փաստացի ապահովում է կառավարման համակարգում ամերիկյան կողմի երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներկայությունը։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև սահմանային և մաքսային գործընթացների թվայնացման վերաբերյալ դրույթը։ Փաստաթուղթը նախատեսում է «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» մոդելի կիրառում, ինչպես նաև մասնավոր օպերատորների ներգրավում սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման ծառայությունների իրականացման նպատակով։ Թեև «ֆրոնտ օֆիս» հասկացությունը պարտադիր կերպով չի ենթադրում օտարերկրյա պետական ծառայողների ֆիզիկական ներկայություն, այն նախատեսում է սահմանային որոշ գործառույթների իրականացում մասնավոր օպերատորների միջոցով ([8], Հոդված 8)։ Տվյալ իրողությունը թույլ է տալիս արձանագրել տարածաշրջանային հաղորդակցությունների կառավարման յուրահատուկ մոդելի ձևավորման միտումը, որը համահունչ է Ադրբեջանի կողմից առաջ քաշված խոսույթին, որի համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացիների և բեռների տեղաշարժը պետք է իրականացվի առանց հայկական կողմի հետ անմիջական շփման կամ վարչական ընթացակարգերի։ Այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախընտրելի ձևաչափ [4]։ Միաժամանակ, փաստաթղթում ամերիկյան կողմի պարտավորությունները ձևակերպված են հիմնականում քաղաքական մտադրությունների մակարդակով։ Մասնավորապես, նշվում է, որ ԹԶԸ-ն չի համարվելու կոնցեսիոներ և չի կրելու կոնցեսիոն պայմանագրերից բխող պարտավորություններ ([8], Հոդված 6, 4 կետի բ ենթակետ)։ Նույն կերպ ֆինանսավորման հարցում Միացյալ Նահանգները միայն հայտարարում է ֆինանսավորում տրամադրելու և (կամ) դրա ներգրավմանն աջակցելու մտադրության մասին՝ ֆինանսական միջոցների առկայության և համապատասխան պահանջների պահպանման պայմաններում ([8], Հոդված 5, կետ 6)։ Հետևաբար, փաստաթուղթը ստեղծում է ամերիկյան ներգրավվածության քաղաքական և ինստիտուցիոնալ շրջանակ, սակայն չի ամրագրում ֆինանսավորման կամ ներդրումների վերաբերյալ խիստ և իրավական տեսանկյունից պարտադիր պարտավորություններ։
Եզրակացություն
2025–2026 թթ. հայ-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական երկխոսության փուլից անցել են գործնական համագործակցության ավելի բարձր մակարդակի։ Ստորագրված փաստաթղթերը ձևավորում են ԱՄՆ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներկայության հիմքեր ՀՀ-ում և Հարավային Կովկասում՝ միաժամանակ Հայաստանին ներառելով ամերիկյան տնտեսական, տեխնոլոգիական և լոգիստիկ նախաձեռնություններում։
Միաժամանակ, փաստաթղթերի մեծ մասը կառուցված է շրջանակային համաձայնագրերի, հուշագրերի և քաղաքական հայտարարությունների տրամաբանությամբ, որոնք սահմանում են համագործակցության ուղղությունները, սակայն կողմերի համար չեն սահմանում հստակ և խիստ իրավական պարտավորություններ։ Սա թույլ է տալիս ինչպես Հայաստանին, այնպես էլ Միացյալ Նահանգներին պահպանել քաղաքական ու դիվանագիտական մանևրների անհրաժեշտ ազատությունը՝ հետագա քայլերը պայմանավորելով տարածաշրջանային և միջազգային միջավայրի փոփոխություններով։
Սակայն, չնայած պարտավորությունների սահմանափակ բնույթին, փաստաթղթերի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները ձեռք է բերում Հայաստանի տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և հանքարդյունաբերական ոլորտների վրա ազդեցություն գործադրելու լրացուցիչ մեխանիզմներ։ Հատկապես կրիտիկական հանքանյութերի, մատակարարման շղթաների և տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ դրույթները վկայում են, որ ԱՄՆ-ը ձգտում է ոչ միայն ընդլայնել իր ներկայությունը տարածաշրջանում, այլև ՀՀ-ն ներառել իր ձևավորած տնտեսական և ռազմավարական ցանցերում։ Հետևաբար, փաստաթղթերը, պահպանելով կողմերի համար իրավաքաղաքական ճկունություն, միաժամանակ ձևավորում են ամերիկյան ազդեցության նոր և առավել հաստատութենացված լծակներ ՀՀ նկատմամբ։
Այսպիսով, Միացյալ Նահանգների հիմնական նպատակն է այլընտրանքային հաղորդակցային ուղիների և ռազմավարական ռեսուրսների հասանելիության ապահովումը՝ փորձելով նվազեցնել դրանց նկատմամբ երրորդ կողմի կամ կողմերի հավանական ազդեցությունը։ Միաժամանակ, նախաձեռնությունը կարելի է դիտարկել ՉԺՀ ազդեցության սահմանափակմանն ուղղված քայլ, Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությունն ամրապնդելու և տարածաշրջանային ուժային հավասարակշռությունում ՌԴ դիրքերը թուլացնելու գործիք։ Հատկանշական է նաև, որ այս քայլով ԱՄՆ-ն ամրապնդում է իր աշխարհառազմավարական դիրքերը Իրանի անմիջական հարևանությամբ։
Գրականություն և աղբյուրներ
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ.
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, https://www.primeminister.am/hy/foreign-visits/item/2025/02/03/Nikol-Pashinyan-visiting-Vashington/ - G20 Interfaith Forum, Religious Freedom Priorities:
A Summary of the International Religious Freedom Summit 2025․
https://blog.g20interfaith.org/2025/02/25/religious-freedom-priorities-a-summary-of-the-international-religious-freedom-summit-2025/ - Lewis Jackson, China says rare earth controls lawful, will cooperate with US on ‘reasonable’ concerns.
Reuters news agency.
https://www.reuters.com/business/aerospace-defense/china-says-rare-earth-controls-lawful-will-cooperate-with-us-reasonable-concerns-2026-05-20/ - Президент: При поездке в Нахчыван граждане Азербайджана не должны сталкиваться с пограничной службой Армении․
Агентство «Азери-Пресс,
https://ru.apa.az/official-news/prezident-pri-poezdke-v-naxcyvan-grazdane-azerbaidzana-ne-dolzny-stalkivatsya-s-pogranicnoi-sluzboi-armenii-616528 - Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրություն․
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, 14․01․2025, https://www.mfa.am/hy/press-releases/2025/01/14/ARM-US-Charter/13032 - Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, 23․05․2026, https://www.mfa.am/hy/press-releases/2026/05/26/Armenia_USA/13973 - Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր․
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, 23․05․2026,
https://www.mfa.am/hy/press-releases/2026/05/26/Critical_minerals/13972 - «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, 23․05․2026, https://www.mfa.am/hy/press-releases/2026/05/26/TRIPP_Framework/13971
Հավելված 1․
Ըստ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված շրջանակային համաձայնագրի, կողմերը պայմանավորվում են ստեղծել «ԹՐԻՓՓ»։ Վերջինիս զարգացման ընկերությունը («ԹԶԸ») հանդիսանում է համատեղ ձեռնարկություն, որի բաժնեմասերի բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ․
- Ամերիկյան կողմը («ԹԶԸ ԱՄՆ») հանդիսանում է հիմնական բաժնետերը՝ ունենալով 74% բաժնեմաս։
- Հայկական կողմը («ԹԶԸ ՀՀ») հանդիսանում է փոքրամասնական բաժնետերը՝ ունենալով 26% բաժնեմաս։
Կողմերը հաստատում են, որ նշված բաժնեմասերի բաշխումն ամրագրված է շրջանակային համաձայնագրում և հանդիսանում է պարտադիր իրավական հիմք «ԹԶԸ»-ի գործունեության համար։
[1] 2020–2024 թթ. սովորել է Հայ-Ռուսական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գիտությունների ինստիտուտի «Քաղաքագիտություն» բնագավառի բակալավրիատում: 2024-2026 թթ. ուսումը շարունակել է նույն համալսարանի մագիստրատուրայում՝ «Ազգային անվտանգություն» մասնագիտացմամբ։ Զեկույցներով հանդես է եկել ՀՌՀ-ի Միջազգային ուսանողական գիտական կոնֆերանսում՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերին առնչվող հայեցակարգային փաստաթղթերի վերլուծություն» և «Տրանսպորտային հաղորդակցությունների ազդեցությունը Հայաստանի տնտեսական կայունության և անվտանգության վրա 2020 թ․ պատերազմից հետո» թեմաներով:
[2] Հոդվածը խմբագրություն է ներկայացվել 2026 թ. հունիսի 13-ին։