Հրապարակում
ՆԱՏՕ-ն ԱՄՆ հանրապետականների ռազմավարական ծրագրավորման մեջ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 25.03.2026 թ.[1]
-
Դաշնակցային պարտավորությունների արժեզրկումն իրանական ճգնաժամի համատեքստում
Իրանական ռազմարշավի ընթացքն ու Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին աշխուժացրել են Դոնալդ Թրամփի հականատօյական հռետորաբանությունը: Մարտի կեսերից, երբ արդեն հասկանալի էր դարձել, որ ամերիկա-իսրայելական կոալիցիան դժվարություններ է զգում ԻԻՀ-ում գործող իշխանության համակարգի ապամոնտաժմանն ուղղված խնդիրների լուծման գործում, ԱՄՆ նախագահը մերձավորարևելյան պատերազմի օրակարգի առնչությամբ իր գրեթե յուրաքանչյուր ելույթում քննադատում է ՆԱՏՕ-ին:
Թրամփի կարծիքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցներն իրենց «վայել» չեն պահել ԱՄՆ-ի նկատմամբ և օգնության չեն հասել, երբ պահանջվել է նրանց «իրական աջակցությունը»: Թրամփը հիմնականում նկատի ունի Հորմուզի նեղուցի ուժային ապաշրջափակման խնդիրը, որը Պենտագոնը, իր իսկ խոստովանությամբ, ի վիճակի չէ ինքնուրույն լուծել։ Սակայն, միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը համառորեն խուսափում է հիշատակել այն հանգամանքը, որ Իրանի վրա հարձակումն իրականացվել է ոչ միայն առանց կազմակերպության շրջանակներում խորհրդակցությունների և կոլեգիալ որոշման, այլև առանց դաշնակիցներին տեղեկացնելու և իրանական խնդրի լուծման ուժային մեթոդներից հրաժարվելու նրանց բազմաթիվ կոչերին հակառակ:
Վաշինգտոնում վստահ էին, որ ամերիկացիների սեփական ուժերը, իսրայելական ռազմական ներուժի հետ համատեղ, միանգամայն բավարար են ամենակարճ ժամկետում Իրանի դիմադրությունը կոտրելու և նրա իշխանական համակարգը փլուզելու ծրագրերն իրականացնելու համար: Դոնալդ Թրամփի համար կարևոր էր իրանական օրինակով ցույց տալ, որ ԱՄՆ-ը կարող է առանց եվրոպական դաշնակիցների ներգրավման հեշտությամբ հաղթահարել տարածաշրջանային ծավալի պատերազմները, մինչդեռ դաշնակիցներն իրենք ի վիճակի չեն երաշխավորել իրենց անվտանգությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի շարունակել կատարելու ռազմական բլոկի քարշակի գործառույթները: Այսպիսով, սա պետք է դառնար Դ. Թրամփի կարևոր ուղերձը դաշինքի ֆինանսավորման անհամաչափ սխեմաների, ինչպես նաև ուկրաինական հարցի լուծման շուրջ դաշնակիցների հետ իր վաղեմի տարաձայնությունների համատեքստում:
-
ԱՄՆ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի վարկանիշի պատային վիճակը և քայքայումը
Նախնական վերլուծությունը վկայում է Դ. Թրամփի վարչակազմի ծրագրերի ձախողման մասին: Մերձավոր Արևելքում ծախսատար և ուժասպառ պատերազմի մեջ ներքաշվելու սպառնալիքից բացի, որի այլընտրանքը կարող է լինել միայն ամերիկացիների շտապ հեռանալը՝ առանց ի սկզբանե առաջադրված «վարչակարգի փոփոխության» խնդրի լուծման, ԱՄՆ-ը նաև բախվել է դաշնակիցների աչքում իր վարկանիշի արժեզրկման խնդրին: Դ. Թրամփի ուղերձը հակառակ ազդեցությունն ունեցավ. դաշինքի հիմնական եվրոպացի անդամներն իրենք ևս ծանրակշիռ առիթ ստացան ապացուցելու, որ հենց ԱՄՆ-ն է, առանց Դաշինքի մյուս անդամների օգնության և առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, աշխարհում ռազմական գերիշխանության կորստի դատապարտված և ի վիճակի չէ ինքնուրույն հասնել ցանկալի արդյունքի նույնիսկ Իրանի պես տարածաշրջանային տերության հետ դիմակայությունում։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն բավարարվել Դ. Թրամփի՝ Հորմուզի նեղուցի հարցում նրանց օգնության հասունացած անհրաժեշտության խոստովանանքով և որոշել են գնալ մինչև վերջ՝ ամերիկացի նախագահին մերժել օգնություն ցուցաբերելու խնդրում և պատերազմի թեժ պահին նրան նույնիսկ մասնակի ռազմական աջակցություն չտրամադրել առանցքային տրանսպորտային և էներգետիկ զարկերակի՝ Հորմուզի նեղուցի ուժային ապաշրջափակման համար։ Ակնհայտ է, որ դրանով իսկ ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաջատար եվրոպական դաշնակիցները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Իրանի շուրջ ստեղծված պատային իրավիճակում հնարավորություն են տեսել նպաստելու հանրապետականների հանրային աջակցության արժեզրկմանն ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախաշեմին և նույնիսկ Դ. Թրամփի իմպիչմենտին, որը, ամերիկացի փորձագետների պնդմամբ, միանգամայն ընդունելի է, եթե Սպիտակ տունը չկարողանա դուրս գալ իրանական խնդրից՝ պահպանելով իր հեղինակությունը:
-
Հականատօյական խոսույթի արմատականացումը և Եվրոպայի պատասխան միջոցները
Թրամփը չափազանց ցավոտ է ընդունել Հորմուզի նեղուցի հարցում իրեն օգնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցների մերժումը և իրեն բնորոշ զգացականությամբ ավելի դաժան քննադատությամբ է հարվածել Դաշինքին: Fox News-ին տված հարցազրույցում նա ՆԱՏՕ-ն անվանել է «թույլ կազմակերպություն», որի անդամներն արդեն ցույց են տվել, որ իրենք նույնպես չեն լինի ԱՄՆ-ի կողքին, երբ գա «խոշոր միջադեպի» ժամանակը: Դրան ի պատասխան որոշ եվրոպական դաշնակիցներ դիմել են Դաշինքի պատմության մեջ աննախադեպ արմատական միջոցների։ Մարտի վերջին իսպանական EL PAIS պարբերականն առաջինն էր հրապարակել տեղեկատվություն այն մասին, որ Մադրիդն ԱՄՆ-ին արգելել է երկրում գտնվող ռազմակայանների և Իսպանիայի օդային տարածքի օգտագործումն «Իրանում պատերազմի հետ կապված գործողությունների համար»: Իսպանիայից հետո Ֆրանսիան ևս նույն կերպ վարվեց՝ փակելով իր օդային տարածքն ամերիկյան մարտական և ռազմատրանսպորտային ինքնաթիռների համար, որոնք Ատլանտյան օվկիանոսով սովորաբար անցնում են դեպի Մերձավոր Արևելք:
Ի պատասխան դրա՝ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել ՆԱՏՕ-ի հասցեին զայրացկոտ ուղերձով։ 01.04.2026 թ. նա դաշինքն անվանել է «թղթե վագր», որից Վ. Պուտինը չի վախենում։ ԱՄՆ նախագահը ոչ միայն խոստացել է դադարեցնել ցանկացած մասնակցություն Ուկրաինայի ֆինանսավորման և սպառազինման ծրագրին, այլև նշել, որ ԱՄՆ-ն շատ վճռական է տրամադրված այդ պաշտպանական բլոկից դուրս գալու հարցում, ինչի հետևանքով Եվրոպան մեն-մենակ կմնա իր անվտանգության գոյութենական խնդիրների հետ: Սպիտակ տանը հատկապես ցավագին են ընդունել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման համար լայն կոալիցիայի ստեղծմանը նպաստելու Մեծ Բրիտանիայի կտրական մերժումը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Լոնդոնը թույլ չտվեց օգտագործել իր տարածաշրջանային ռազմակայաններն Իրանի դեմ հարձակումների համար, Վաշինգտոնում հույս ունեին, որ նեղուցի ապաշրջափակման հարցում բրիտանացիները բարեհաճություն ու փոխըմբռնում կցուցաբերեն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 16.03.2026 թ. հայտնել է իր երկրի՝ Հորմուզի շրջան նավեր չուղարկելու վերջնական որոշման մասին: Միակ բանը, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը որպես օգնություն առաջարկել Է ԱՄՆ-ին, մի քանի ռազմական վերլուծաբաններն են, որոնք պետք է ամերիկացի գեներալներին օգնեն ապաշրջափակման գործողության ծրագրման հարցում, ինչպես նաև խոստացել է տրամադրել Հորմուզի նեղուցի հարակից շրջանում ծովային ականների հայտնաբերման ինքնավար համակարգեր: Դ. Թրամփի համար նման օգնությունն ավելի շուտ դարձել է նվաստացուցիչ ժեստ իր հասցեին, քան նվազագույն աջակցություն ցուցաբերելու անկեղծ պատրաստակամություն։ Ք. Սթարմերը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Թագավորության առաջարկած օգնությունը չի կազմակերպվի ՆԱՏՕ-ի հովանու ներքո՝ «հաշվի առնելով Դաշինքի պաշտպանական բնույթը»: Սակայն ամենաբնորոշ և տարողունակ պատասխանը, որը հիմնավորում է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ-ին սատարելու Դաշինքի անդամների մերժումը, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի խոսքերն են. «Սա մեր պատերազմը չէ, մենք այն չենք սկսել»:
-
Գաղափարական ճգնաժամը և ֆինանսավորման անհամաչափ մոդելը
Այսպիսով, իրանական պատերազմը բացահայտեց ՆԱՏՕ-ի խորը հաստատութենական ճեղքվածքը, որը չի սահմանափակվում միայն դաշինքի ֆինանսավորման օրակարգով, ինչին վերլուծաբաններն ավանդաբար առաջնահերթություն էին տալիս դաշինքի ներսում առկա բոլոր խնդիրների շարքում: Ավելի շուտ, ֆինանսական տարաձայնությունները բխում են ՆԱՏՕ-ում խորացող գաղափարական ճգնաժամից և առկա հարցերի շուրջ կոնսենսուսի կորստից. ո՞ւմ դեմ պետք է դաշինքը շարունակի կառուցել և կատարելագործել իր զսպման համակարգը, և որտեղո՞վ պետք է անցնի աշխարհառազմավարական և գաղափարական-քաղաքական առումով Դաշինքի բոլոր անդամների շահերի ու հավաքական պատասխանատվության սահմանը։
Դոնալդ Թրամփը, որպես բիզնես մտածելակերպի տեր և խնդիրներն իրենց ֆինանսական բաղադրիչի տեսանկյունից հասկանալու գործնական խնդրով զբաղվող անձ, առաջին պլան է մղել կազմակերպությունում առկա անհավասարակշռության այս բաղադրիչը՝ հավատալով, որ Դաշինքի խմորումները և համակարգային ճգնաժամն ուղղակիորեն կախված են Դաշինքի ֆինանսավորման հաստատված անհամաչափ մոդելից: Կազմակերպության բյուջեի ուղղակի ֆինանսավորման Վաշինգտոնի մասնաբաժինը կազմում է ընդհանուր անդամավճարների մոտ 15%-ը, մինչդեռ մինչև Դ. Թրամփի նախագահության երկրորդ շրջանն ԱՄՆ-ի ընդհանուր պաշտպանական ծախսերը կազմել են կազմակերպության մյուս անդամ երկրների պաշտպանական ծախսերի 65-70%-ը։ Թրամփը չափազանց անարդար է համարել նման դասավորությունը, որի դեպքում ԱՄՆ-ն ստիպված է երկու անգամ ավելի շատ գումար ծախսել ԶՈՒ-ի վրա (տարեկան $1 տրիլիոնից քիչ պակաս), քան Դաշինքի մյուս բոլոր անդամները միասին վերցրած՝ միաժամանակ իր պաշտպանական ներուժն ուղղելով հիմնականում եվրոպական դաշնակիցների անվտանգության ապահովմանը: Այս փոխդասավորության դեպքում ԱՄՆ-ն անփոփոխ կատարում էր անվտանգության «տրամադրողի», իսկ նրա դաշնակիցները՝ «սպառողների» գործառույթը։
Մեկ այլ կարևոր հարց, որը Դ. Թրամփին ստիպեց վերանայել ԱՄՆ-ի դերը ՆԱՏՕ-ում և կոշտ պայմաններ առաջադրել դաշնակիցներին, ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի լճացման հիմնախնդիրն էր: Նախագահին չեն գոհացրել ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների կողմից սահմանված ամերիկյան սպառազինություն գնելու ցածր քվոտաները, ինչպես նաև մրցակցությունը սպառազինությունների միջազգային շուկայում, որտեղ Դաշինքի մյուս անդամները զենքի արտադրանքի անվանացանկի իրենց առաջարկներով հաճախ մրցակցություն էին ստեղծում ամերիկյան արտադրողների համար։ Դ. Թրամփի՝ ՆԱՏՕ-ի քաղաքականության փորձագիտական վերլուծություններում պաշտպանական արդյունաբերության և սպառազինությունների արտահանման հարցերը բավարար չափով չեն լուսաբանվել, թեև հենց դրանք են կազմում Դաշինքի հետ հարաբերությունները վերաիմաստավորելու և պաշտպանական միության շրջանակներում ԱՄՆ գործառույթներն ու պատասխանատվությունը վերաբաշխելու նրա պատճառաբանության կարևոր մասը:
-
Դաշինքն ապամոնտաժմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները
Արդեն առաջին նախագահության օրոք (2017–2021 թթ.) Դ. Թրամփը բարձրացրել Է ՆԱՏՕ-ի բարեփոխման անհրաժեշտության հարցը՝ նախազգուշացնելով Դաշինքի մասնակիցներին, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը կդադարեցնի իր անդամակցությունը դրան։ ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ կատարել դեռևս 2014-ին ստանձնած պարտավորությունները՝ պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի: Այն ժամանակ գրեթե բոլոր վերլուծաբանները պնդում էին, որ Թրամփը «խաբուսիկ քայլի է դիմում» և ոչ մի պարագայում նման քայլի չի գնա, նույնիսկ եթե անտեսվի նրա առաջ քաշած վերջնագիրը։ Հետագայում Ազգային անվտանգության հարցերով նրա նախկին խորհրդական (2018–2019 թթ.) Ջոն Բոլթոնն իր հուշերում պնդել է, որ նախագահը լրջորեն քննարկել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը ու նույնիսկ ցանկացել է այդ մասին հայտարարել Դաշինքի գագաթնաժողովներից մեկում, սակայն նրա շրջապատի մարդիկ համոզել են դա չանել: Սպիտակ տուն երկրորդ անգամ ժամանելուց հետո Դ. Թրամփն անմիջապես Դաշինքի անդամներից պահանջեց արտակարգ բարձրացնել պաշտպանական ծախսերի նշաձողը մինչև ՀՆԱ–ի 5%-ը. 3,5%-ը՝ հիմնական պաշտպանական կարիքների համար և 1,5%-ը՝ կարևոր ենթակառուցվածքի համար: Այս մասին որոշումը Դաշինքի անդամների կողմից ընդունվել Է դեռևս 2025 թ. հուլիսյան գագաթնաժողովում՝ Հաագայում, ու ենթադրում էր, որ 5%-ի շեմը պետք է հաղթահարվի 10 տարվա ընթացքում։ Սակայն ԱՄՆ նախագահն սկսել է պնդել, որ այդ ժամկետը չափազանց երկար է ու չի համապատասխանում դաշնակցային կազմակերպության անվտանգության անհետաձգելի մարտահրավերներին։ Եվրոպական երկրները բողոք հայտնեցին Վաշինգտոնին, և հետագայում տարաձայնությունները վերաճեցին իսկական քաղաքական և դիվանագիտական հակամարտության՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ արմատապես տարբեր տեսակետների և ՆԱՏՕ-ի անդամ Դանիայի Թագավորությունից Գրենլանդիան «խլելու» Դ. Թրամփի նախաձեռնության հետ։
Ի պատասխան եվրոպական դաշնակիցների հերթական դեմարշի՝ Դ. Թրամփը դիմեց արմատական միջոցների, որոնք կոչված են դաշնակիցներին ցույց տալու, որ ինքը պատրաստ է գնալ մինչև վերջ և անհրաժեշտության դեպքում նախաձեռնել պաշտպանական բլոկի ապամոնտաժման գործընթացը: 2025 թ. դեկտեմբերին Քենտուկի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Թոմաս Մասսին ներկայացրել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին օրինագիծ՝ HR 6508 համարի տակ։ Նախաձեռնությունն առաջարկել են անվանել «Օրենք անվստահելի կազմակերպության մասին»։ Այն ժամանակ շատ վերլուծաբաններ ենթադրում էին, որ Թրամփն ու նրա թիմը, այդպիսով, հերթական անգամ «սովորական շանտաժի» են դիմում՝ առանց գործնական գործողությունների անցնելու իրական պատրաստակամության։ Կարծիքներ են հնչել նաև այն մասին, որ նախագահն ինքը կապ չունի կոնգրեսական Մասսիի նախաձեռնության հետ, որն այս օրինագծով ընդամենը ցանկանում էր «սպասարկել» Դ. Թրամփին։ Սակայն հանրապետական Մասսին հայտնի է Թրամփի հետ ունեցած բազմակի բանավեճներով՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի, Իրանի միջուկային ծրագրի և ներամերիկյան ու միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ, ուստի հազիվ թե նրա նախաձեռնությունը պայմանավորված լիներ նման նեղ-անձնական շարժառիթով։ Մինչդեռ, մեկնաբանելով իր նախաձեռնությունը, կոնգրեսականը հայտնել է մի միտք, որը լույս է սփռում Սպիտակ տան արմատական հականատօյական քաղաքականության հակառակ կողմի վրա: Եթե Դոնալդ Թրամփը Հյուսիսատլանտյան դաշինքից իր տհաճությունը գործնականում մշտապես պատճառաբանել է «նպատակահարմարության և շահի շրջանակներից դուրս» ԱՄՆ ստանձնած ֆինանսական բեռով, ապա Թ. Մասսին այդ պատճառին ավելացրել է հարցի աշխարհաքաղաքական ու գաղափարական ենթատեքստը։ Նա ՆԱՏՕ-ն «պատմության վերապրուկ» է անվանել, որի անհրաժեշտությունը վերացել է այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Ըստ կոնգրեսականի՝ ռազմական դաշինքին մասնակցելու վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ը գրեթե ոչ միայն աննպատակ վատնել է ամերիկացի հարկատուների տրիլիոնավոր դոլարները, այլև նպաստել է «օտար» և Ամերիկայի համար խիստ վտանգավոր պատերազմներում ներգրավվելու բարձր ռիսկերի պահպանմանը: Նա նկատի ուներ առճակատումը միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ, որն ի սկզբանե այլևս սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար և բաց է լիարժեք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընկերության համար, սակայն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների սադրիչ քաղաքականությունը նպաստում է նրան, որ Վաշինգտոնն ու Մոսկվան արտասովոր կերպով կրկին մոտենում են միջուկային հակամարտության շեմին, որքան էլ փորձում են խուսափել դրանից։
-
Վերակողմնորոշում դեպի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան. զսպման նոր դոկտրինը
Հարկ է հասկանալ, որ Կոնգրեսում Թոմաս Մասսիի ներկայացրած օրինագիծը (HR 6508), ինչպես նաև Յուտայից սենատոր, հանրապետական Մայք Լիի՝ Վերին պալատ ներկայացրած զուգակից օրինագիծը (S. 3174) ամերիկյան վերնախավերի կողմից աշխարհում իրենց պաշտպանական դոկտրինի ամբողջ վերադասավորման և թշնամիների ու մրցակիցների «համարակալման» առաջնահերթությունների համակարգային վերաիմաստավորման արդյունք են: Սա ամերիկյան քաղաքականության մեջ առանձին անհատների, կուսակցությունների և խմբակցությունների քաղաքական նախասիրությունների հարց չէ, այլ նոր գլոբալ մարտահրավերներին նախապատրաստվելու առարկայական անհրաժեշտություն, մարտահրավերներ, որոնք պայմանավորված են Արևելյան Ասիայում այնպիսի երկրների հզորության դինամիկ աճով, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը: ԱՄՆ-ն ստիպված է իր ուշադրությունը վերասևեռել Ատլանտիկայից դեպի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, որտեղ այժմ նրա համար ՆԱՏՕ-ի նման բազային ռազմական դաշինք է իրականում կենսականորեն անհրաժեշտ։ ԱՄՆ-ում հասկանում են, որ նշված տարածաշրջանում ձևավորված AUKUS, QUAD, IP4 ձևաչափերով դաշինքների ցանցը, որը պայմանականորեն կոչվում է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ՆԱՏՕ», բավարար չէ Չինաստանի զսպման գլոբալ խնդիրը լուծելու համար։ Եվ Եվրոպայի անվտանգության պահպանման գործընթացում Վաշինգտոնի ուժերի ու պաշարների առավելագույն ներգրավվածության պայմաններում նա բավականաչափ մեծ ներուժ չունի մոլորակի մյուս կիսագնդում կարևոր խնդիրներ լուծելու համար։ Այս համատեքստում պարզ է դառնում, թե ինչու է Թրամփի շրջապատը պնդում, որ եվրոպացի դաշնակիցները կարճաժամկետ հեռանկարում իրենց պաշտպանական ծախսերը հասցնեն ՀՆԱ-ի 5%- ի՝ հաշվի չառնելով բյուջետային պակասուրդի ընդլայնման վտանգը, որը Եվրոպայում իր հետ կբերի սոցիալական ցնցումներ և տնտեսական անկում։ ԱՄՆ-ը, այդպիսով իսկ, ձգտում է կրճատել իր լայն ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ նրան ժառանգություն թողնելով ՌԴ-ի հետ կարգավորված հարաբերությունները և պաշտպանական ծախսերի բարձր ցուցանիշները՝ որպես Մոսկվայի զսպման և Հին Աշխարհում ուժերի հավասարության երաշխավոր, ինչը հնարավոր է առանց ամերիկյան ռազմական բաղադրիչի ուղղակի մասնակցության։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ամեն գնով կգնա նման վերադասավորման, նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ լինի դուրս գալ ՆԱՏՕ-ից։
Ամփոփում
Հաշվի առնելով վերը նշվածը, հակասական է թվում այն կարծիքը, թե Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտից հետո կամ հնարավոր վաղաժամկետ իշխանությունից նրա հեռացումից հետո ԱՄՆ վերնախավերը կդադարեցնեն ճնշումը եվրոպացի դաշնակիցների վրա։ Հարցը ոչ թե Դ. Թրամփի ենթակայական անհատական հայացքներն ու գնահատականներն են, որոնք կասկածի տակ են դնում Հյուսիսատլանտյան դաշինքն իր նախկին տեսքով և գործառույթներով պահպանելու նպատակահարմարությունը, այլ ԱՄՆ-ի շուրջ առարկայական իրականության տեղի ունեցող փոփոխությունը, որը պահանջում է վերանայել աշխարհում զսպման նրա ողջ դոկտրինը և վերակառուցել անվտանգության ճարտարապետությունը: Այս համատեքստում Իրանի պատերազմը դարձել Է իր նախկին ձևաչափով ՆԱՏՕ-ի արդիականության ու կենսունակության աստիճանի նշիչը, և այդ պատերազմի ցանկացած ելք, ամենայն հավանականությամբ, արագացնում է Դաշինքի փլուզման կամ խորը բարեփոխման արդեն սկսված գործընթացը, որը գնալով ավելի քիչ է տեղավորվում ժամանակակից իրողությունների մեջ: Ակնհայտ է, որ հենց այս հարցերն են Դ. Թրամփի կողմից վերջնագրային տեսքով դրվել 08.04.2026 թ. Սպիտակ տանը «պատմական վերապրուկի» գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 13.04.2026 թ.: