Հրապարակում
Պարսից ծոցում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքն Իսրայելի տարածք տեղափոխելու մասին

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 10.04.2026 թ.[1]
-
Թել Ավիվի նախաձեռնությունները ՍԵՆՏԿՈՄ-ի (CENTCOM) ուժերի տեղակայումը վերանայելու վերաբերյալ
Իրանի շուրջ իրադարձությունների և Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության սրման համապատկերում Իսրայելում ակտիվացել է արաբական միապետությունների տարածքներից հրեական պետության տարածք ամերիկյան ռազմական օբյեկտների տեղափոխման անհրաժեշտության քննարկումը: Իսրայելի աղբյուրները հայտնում են, որ Թել Ավիվն արդեն համապատասխան առաջարկներ է ուղղել Վաշինգտոնին: Միևնույն ժամանակ, մի շարք իսրայելցի փորձագետներ այն կարծիքին են, որ վաղաժամ է դիտարկել Պարսից ծոցի տարածաշրջանից ամերիկյան հիմնական ռազմական օբյեկտներն Իսրայելում վերատեղակայելու հնարավորությունը: Այս դիրքորոշումը պայմանավորված է հսկայական ֆինանսական ծախսերով և ենթադրում է Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում զսպման ամերիկյան ողջ ճարտարապետության ամբողջական վերակազմավորում՝ կապված աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առաջնահերթությունների, ինչպես նաև մի շարք երկրների հետ հարաբերությունների անխուսափելի վերանայման հետ։
Ավելի իրատեսական է թվում Պարսից ծոցի արաբական պետություններից ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի մասնակի տեղափոխման սցենարը։ «The Free Press» պարբերականում հրապարակված վերլուծական նյութի համաձայն՝ խոսքն առավելապես վերաբերում է Կատարում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքի մի մասի վերատեղակայմանը հրեական պետության տարածքում: Ընդ որում, չի հստակեցվում՝ արդյոք, նկատի է առնվում տարածաշրջանում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության շտա՞բը, թե՞ դիտարկվում են Մերձավոր Արևելքում ամերիկյան առանցքային ռազմակայանի՝ «Ալ Ուդեյդի» ենթակառուցվածքի և օդանավային հավաքակայանի մի մասն Իսրայելի պետության տարածք տարհանելու տարբերակները: Ամենայն հավանականությամբ, այս հարցի շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է, և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի բաշխման նոր վերադասավորման վերջնական համաձայնեցումը կախված կլինի իրանական ռազմարշավի արդյունքներից ու Պարսից ծոցի շուրջ իրավիճակի հետագա կայունացումից:
-
Ներկայության կատարական մոդելի ծագումն ու ճգնաժամը
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության «ծանրության կենտրոնի» փոփոխությունը նոր երևույթ չէ։ Մինչև 2000-ական թթ. սկիզբը Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ու հիմնական ռազմական խմբավորումները տեղակայված էին Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) տարածքում։ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո ԱՄՆ շտապ կարգով իրականացրեց շտաբի և ռազմական ուժերի վերատեղակայումը Թագավորությունից Կատար, որն ավանդաբար բարդ հարաբերությունների մեջ էր Էր Ռիադի հետ և, հետևաբար, պատրաստակամորեն ընդառաջեց Վաշինգտոնին: Հետագայում ԱՄՆ-ի հարաբերությունները ՍԱԹ-ի հետ կարգավորվեցին, սակայն Կատարը պահպանեց Պենտագոնի տարածաշրջանային հրամանատարության որոշումների կայացման առանցքային կենտրոնի և նրա խոշորագույն «Ալ Ուդեյդ» զորակայանի տեղակայման վայրի կարգավիճակը:
Տվյալ վերադասավորումը երկու կողմերի համար էլ միանգամայն ձեռնտու էր։ Դոհա մայրաքաղաքով փոքր, բայց զգալի ֆինանսական պաշարներ ունեցող Էմիրությունը, ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը, Սաուդյան Արաբիայի և Իրանի՝ նավթագազային ոլորտում նրա հիմնական մրցակիցների հնարավոր ոտնձգություններից «երաշխավորված պաշտպանության» արժանացավ։ Բացի այդ, «ամերիկյան հովանոցի» ներքո հայտնված «անձեռնմխելի պետության» կարգավիճակը Կատարին հնարավորություն տվեց միջնորդի դեր կատարել Ծոցի առափնյա պետությունների, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, արաբական երկրների միջև մշտական վեճերում: Դա էմիրությանը թույլ տվեց հաջողությամբ հավասարակշռել հարևանների ու գործընկերների հակասությունները և ամրապնդել իր միջազգային հեղինակությունը։ Իր հերթին, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ուժերը կենտրոնացնելով Կատարում, լավարկեց իր դիրքերն աշխարհի առանցքային տրանսպորտային-էներգետիկ տարածաշրջանում և իր կողմից թշնամական պետություն դիտարկվող Իրանի սահմաններին ու հիմնական նավթագազային ենթակառուցվածքներին հնարավորինս մոտ տեղակայվելու հնարավորություն ստացավ։
Սակայն ներկայումս իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հակաիրանական ռազմարշավի ընթացքը ցույց տվեց, որ ծովածոցում դաշնակիցների ամերիկյան ծածկույթի հուսալիության մասին պնդումները չափազանցված են, իսկ ԱՄՆ քաղաքականությունը, որը տարածաշրջանում ուժերի առկա հավասարակշռության խախտման է տանում, գոյութենական սպառնալիքներ է առաջացրել իր դաշնակիցների համար:
- Թուրքական գործոնը և էմիրությունից ԱՄՆ-ի ելքի հեռանկարները
Փորձագետները կանխատեսում են, որ եթե նույնիսկ Պարսից ծոցի մի շարք միապետություններ ամերիկա-իսրայելական դաշինքի կողմում միանան Իրանի դեմ ուղղված կոալիցիային, այդ պետություններն «իրանական հարցի» լուծումից հետո, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեն իրենց տարածքներում ԱՄՆ ուժերի գտնվելու մանդատի երկարաձգումից: Առնվազն նրանց կողմից կնախաձեռնվի ամերիկյան զորախմբի արմատական կրճատում, ինչը Վաշինգտոնին կդնի տարածաշրջանում վերահսկողության պահպանման և միջազգային հեղինակության վերականգնման բարդ խնդրի առաջ։ Ինչ վերաբերում է Կատարին, ապա էմիրությունն արդեն հայտարարել է, որ կտրականապես հրաժարվում է Իրանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելուց և բացառել է իր տարածքի տրամադրումը կոալիցիայի հետագա հարվածների համար Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
Միանգամայն հավանական է, որ Դոհան կդառնա Ծոցի հարևաններից առաջինը, ով կբարձրացնի ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը։ Ամենայն հավանականությամբ, հենց այդ պատճառով էլ Իսրայելը կանխապես հանդես է եկել ԱՄՆ-ին ուղղված առաջարկով՝ քննարկել տարածաշրջանում Կենտրոնական հրամանատարության և ամերիկյան առանցքային «Ալ-Ուդեյդ» ռազմակայանի ենթակառուցվածքը հետագայում իր տարածքում վերատեղակայելու հարցը:
Չի կարելի բացառել, որ Դոհայի նշված որոշումը մեծապես պայմանավորված է Թուրքիայի զգալի ազդեցությամբ, որը նույնպես ցամաքային ուժերի ռազմակայան ունի Կատարում՝ «Թարեք Բեն Զիյադ»-ը։ Դա միանշանակ պնդել հնարավոր չէ, սակայն հարկ է հաշվի առնել արաբական աղբյուրներից ստացված տեղեկություններն առ այն, որ հատկապես Անկարան Դոհայից համառորեն պահանջել է առավել զգուշավոր դիրքորոշում որդեգրել հակաիրանական արշավի նկատմամբ և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են Թեհրանին դրդել էլ ավելի կործանարար հարվածներ հասցնելու Կատարի էներգետիկ ենթակառուցվածքին: Տվյալ տեղեկությունը հաստատվելու դեպքում չի կարելի բացառել, որ Թուրքիան Կատարի առնչությամբ իրեն դիրքավորում է որպես ամերիկյան ռազմական ներկայության այլընտրանք:
Հայտնի է, որ Անկարան զգալի ռազմական ներուժով է օժտված և սեփական հավակնություններն ունի Պարսից ծոցի տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, նա ձգտում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել ինչպես Իրանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ, ինչը Դոհայի համար խիստ կարևոր է տարածաշրջանային ուժերի հավասարակշռության խախտմամբ պայմանավորված սպառնալիքների համապատկերում: Հարկ է նաև հաշվի առնել, որ դեռևս Իրանի շուրջ վերջին սրացումից առաջ Անկարան Դոհայի հետ պայմանավորվածություն ուներ Կատարում իր երկրորդ ռազմակայանը հիմնելու վերաբերյալ: Հաշվի առնելով Կատարից ԱՄՆ-ի հեռանալու մեծ հավանականությունը՝ ենթադրվում է, որ թուրքական նոր ռազմակայանն իր նշանակությամբ և ծավալներով հավակնելու Է ամերիկյան «Ալ-Ուդեյդի» դերին՝ ստանձնելով Էմիրության անվտանգության գլխավոր երաշխավորի գործառույթը:
-
Իսրայելական սցենարի նպատակահարմարության մասին
Անկախ հանգամանքներից, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ենթակառուցվածքի մի մասն արաբական միապետություններից Իսրայել պետության տարածք վերատեղակայելու ծրագրի մշակումն ակնհայտորեն գտնվում է իրականացման ակտիվ փուլում։ Իսրայելցի փորձագետներն այս ծրագրի նպատակահարմարությունը հիմնավորում են հրեական պետությունում ամերիկյան զինված ուժերի հնարավորինս լայն և մշտական ներկայությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Նրանց կարծիքով՝ տարածաշրջանում գլոբալ փոփոխությունների պայմաններում դա թույլ կտա աննախադեպ ամրապնդել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև դաշնակցային հարաբերությունները և վերջինիս երաշխավորել ամբողջական պաշտպանություն ամերիկյան բանակի կողմից:
Որպես այս նախաձեռնությունից Միացյալ Նահանգների համար ակնկալվող առավելություն, իսրայելցի վերլուծաբանները նշում են երկրի «լավարկված պաշտպանվածությունն» օդային հարձակումներից: «Լեհայիմ» պարբերականը Իսրայելի տարածքում տեղակայվելու՝ ԱՄՆ-ի համար առավել գրավիչ կողմերից է համարում հրեական պետության հակաօդային պաշտպանության զարգացած համակարգը և իսրայելական ու ամերիկյան ռազմական գերատեսչությունների միջև ձեռք բերված համակարգման բարձր մակարդակը: Միևնույն ժամանակ, «The Free Press» պարբերականի վերլուծաբանները խոստովանում են, որ նշված նախաձեռնությունը մի շարք թերություններով է կապակցված։ Առաջին հերթին դա Իսրայելի հեռավորությունն է Իրանից, ինչը ժամանակային և տեխնիկական մեծ ռեսուրսներ է պահանջում տվյալ երկրի դեմ ռազմական գործողություններ վարելու համար, ինչպես նաև ԱՄՆ տարածաշրջանային մյուս դաշնակիցների հավանական բացասական արձագանքը։
-
Գաղտնի դրդապատճառները և վերատեղակայման հիմնադրույթային նպատակները
Այն տպավորությունն է ստեղծվում, որ իսրայելցի քաղաքական գործիչների և փորձագետների՝ այս սցենարին աջակցելու դրդապատճառներն ու փաստարկները չափազանց անորոշ բնույթ են կրում և լիովին չեն արտացոլում կողմերի իրական մտադրությունները: «Իրանական սպառնալիքին» մշտական հղումները կասկածներ են առաջացնում, հատկապես հաշվի առնելով, որ, իսրայելական աղբյուրների տեղեկություններով, խոսքը մի գործընթացի մասին է, որը կսկսվի միայն ԻԻՀ դեմ ամերիկա-իսրայելական ընթացիկ գործողության ավարտից հետո: Եթե Իրանի դեմ պատերազմն ավարտվի ամերիկա-իսրայելական երկյակի հաղթանակով և «աստվածապետական ռեժիմի» փոփոխությամբ, ինչի մասին պնդում են Վաշինգտոնն ու Թել Ավիվը, ապա անտրամաբանական են թվում ռազմական ենթակառուցվածքը Թեհրանի ապագա հնարավոր հարվածներից ավելի հեռու և անվտանգ Իսրայելի տարածք տեղափոխելու փաստարկները: Իսկ եթե կոալիցիային չհաջողվի կատարել Իրանի առնչությամբ իր առջև դրված խնդիրները, ապա տարածաշրջանից ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքի նույնիսկ մի մասի հետագա տեղափոխումն Իսրայել կգնահատվի որպես պարտության ճանաչում և համաշխարհային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության առանցքային գոտում իր բոլոր դիրքերի փաստացի հանձնում։
Իսրայելի տարածքում ամերիկացիների հիմնական մերձավորարևելյան ուժերի ծրագրվող կենտրոնացման վերաբերյալ իսրայելական կողմի փաստարկների ցանկը պահանջում է ավելի մանրամասն վերլուծություն, սակայն նույնիսկ դրանց մակերեսային դիտարկումը թույլ է տալիս կասկածի տակ դնել այդ թեզերը։ Այս ծրագրի ցուցադրական կապակցումը հակաիրանական օրակարգի և սպառնալիքների հետ, որոնք ապագայում Թեհրանից բխելու են Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների հասցեին, սնանկ է թվում։
Այս համապատկերում ավելի համոզիչ է թվում այն ենթադրությունը, որ մշտական ամերիկյան ռազմակայանների և նրանց մերձավորարևելյան հրամանատարության տեղակայման հաշվին Իսրայելի մարտունակությունն ու պաշտպանվածությունը բարձրացնելու ծրագիրն առավելապես կապված է իսրայելա-թուրքական ենթադրելի բախման հեռանկարների և «Մեծ Իսրայելի» հայեցակարգի հետ։ Վերջիններիս քննարկումը զուտ մտահայեցողական, պատմական-խորհրդանշական և գաղափարական ընդհանուր հիմքից հանրային տիրույթում վերածվում է հիմնադրույթային մի ծրագրի։
Սակայն այս հարցերն առանձին քննարկման կարիք ունեն։
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 07.04.2026 թ.: