Հրապարակում
Կասպից ծովի ավազանը՝ որպես մարտական գործողությունների հավանական ասպարեզ

ԱՌՎԱԿ կենտրոնի մեկնաբանությունը, 31.03.2026 թ.[1]
-
Զանգվածային հարձակում Բենդեր-Էնզելիի վրա. նախադեպ և հետևանքներ
2026 թ. մարտի 18-19-ին Իսրայելն Իրանի հետ ռազմական դիմակայության պատմության մեջ առաջին անգամ զանգվածային հարձակում է իրականացրել Կասպից ծովում Իրանի ռազմածովային խմբավորման վրա: ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանի ՌԾՈՒ հյուսիսային հրամանատարության շտաբին՝ Բենդեր-Էնզելիի շրջանում և նավահանգստում խարսխված ռազմանավերին։ Հարձակման արդյունքում շարքից հանվել կամ հաստատված վնասվածքներ են ստացել մեկ կորվետ (հետախուզական ռազմանավ. – թրգմ.), չորս հրթիռային մոտորանավակ, օժանդակ նավեր, նավաշինարան և հրամանատարական կենտրոն։
Իսրայելական հրամանատարությունը Բենդեր-Էնզելիի վրա հարձակումը պատճառաբանել է նրանով, որ, իբր, գրոհի ենթարկված նավերը կարող էին սպառնալիք ներկայացնել իրանական երկնքում իսրայելական օդուժի համար և «հակասուզանավային հնարավորություններ ունեին»: Դրա հետ մեկտեղ տեղեկատվական դաշտում տվյալներ են հայտնվել, որ իրականում հարվածն իրականացվել է ՌԴ-ից Բենդեր-Էնզելի նավահանգիստ մուտք գործած ինչ-որ գաղտնի ռազմական բեռի մասին ստացված հետախուզական տվյալների հիման վրա։
Իսրայելական և իրանական կողմերը տարբեր կերպ են գնահատում օդային հարձակման ծավալներն ու հետևանքները։ Սակայն, անկախ նրանից, թե ում տվյալներն են առավել առարկայական, Կասպից ծովում Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային ռազմական և քաղաքացիական նավահանգստին հարված հասցնելու փաստը վկայում է, որ իրանական սրացումը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի ավանդական սահմաններից: Փորձագետների գնահատանքով՝ Բենդեր-Էնզելիի վրա իսրայելական հարձակումից հետո Կասպից տարածաշրջանը վերածվում է ռազմական գործողությունների հերթական թատրոնի, իսկ մերձկասպյան բոլոր պետությունները մերձճակատային կարգավիճակ են ձեռք բերում։
-
Կասպից ծովի իրավական ռեժիմի ապակայունացումը և Մոսկվայի արձագանքը
Իսրայելական հարձակումից անմիջապես հետո մերձկասպյան երկրները հանդես եկան ստանդարտ հայտարարություններով, որոնցում մտահոգություն հայտնեցին Կասպից ծովի ավազանում սրացման և այդ փակ ջրավազանում լոգիստիկ երթուղիների և առևտրային նավարկության անվտանգության սպառնալիքի կապակցությամբ: Բաքվի, Աստանայի և Աշխաբադի արձագանքի համեմատությամբ (չհաշված հենց Թեհրանի կողմից դատապարտումը) առավելապես կոշտ էր Մոսկվայի հայտարարությունը, որը դատապարտեց «ագրեսորների անխոհեմ և անպատասխանատու գործողությունները, որոնք սպառնալիք են ստեղծում մերձկասպյան պետությունները ռազմական հակամարտության մեջ ներքաշելու համար»:
Մոսկվայի կտրական արձագանքը սպասելի է թվում, քանի որ շուրջ երկու տասնամյակ լարված բանակցություններից հետո 2018 թ. օգոստոսի 12-ին ստորագրված «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան սկզբունքորեն բացառում է Կասպից ծովի ջրային տարածքում կողմնակի ռազմական ուժերի ներկայությունը թույլատրելու ցանկացած հնարավորություն և բոլոր հինգ ստորագրող պետությունների վրա է դնում տվյալ ծովում անվտանգության պահպանման պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ, Մոսկվան ոչ բացահայտ ելնում էր այն հանգամանքից, որ հենց իր Կասպիական նավատորմը և Իրանի ռազմածովային ուժերն են, առավել մարտունակ լինելով տարածաշրջանում, որ ծառայում են որպես հիմնական զսպող գործոն, որը չեզոքացնում է Կասպից ավազանում ուժերի հավասարակշռությունը խախտելու արտաքին դերակատարների փորձերը։ Իսրայելի հարվածն Իրանի ռազմանավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին արդեն նախկին հավասարակշռության ապամոնտաժման հայտ նշանավորեց և ստեղծեց վտանգավոր նախադեպ, որը կարող է դրդել մերձկասպյան որոշ երկրների ներգրավումը իրանական հակամարտությունում: Այս սցենարը վտանգ է ներկայացնում Մոսկվայի համար՝ սպառնալով ռուսական շահերի անվտանգությանը ոչ միայն Կասպից ավազանում, այլև նրա կովկասյան և կենտրոնասիական սահմաններին։
-
Ռազմական դրդապատճառների վերլուծությունը և սադրանքի աշխարհաքաղաքական տրամաբանությունը
Ռուսաստանցի և իրանցի փորձագետները պնդում են, որ ՑԱԽԱԼ-ի կողմից Կասպից ծովում իրանական ՌԾՈՒ ռմբակոծության պատճառները որևէ տրամաբանական հիմք չունեն: Կասպից ծովում իրանական նավերի կրակային հզորությունը չի օգտագործվել Իրանի ցամաքային տարածքի վրա հարվածները հետ մղելու համար և նույնիսկ տեսականորեն հնարավորություն չի ունեցել կանխել ամերիկա-իսրայելական կոալիցիայի հարձակումներն Իրանի օվկիանոսային նավատորմի՝ երկրի հարավում խարսխված նավերի վրա: Իրանի ռազմածովային ուժերի կասպիական խմբավորման մարտական հերթապահության վայրը սահմանափակվում էր միայն այդ ծովի ջրային տարածքով, այսինքն՝ Կասպից ծովում իրանական տարածքային ջրերով և երկրի հյուսիսում գտնվող ափամերձ շրջաններով: Հետևաբար, իսրայելական հարվածի հիմնական նպատակը ոչ թե հիշյալ տարածաշրջանում Թեհրանի ռազմական կարողությունների չեզոքացումն էր, այլ Կասպից ծովում լայնածավալ էսկալացիա հրահրելը՝ հակաիրանական արշավում տարածաշրջանային որոշ երկրների ներգրավման հեռանկարով։ Ռուսաստանցի փորձագետներն այս համատեքստում հիշատակում են Ադրբեջանի և նույնիսկ Ղազախստանի անունները։
Այս հայտարարությունների տրամաբանությունը բավականին համոզիչ է։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ իր զորքերն անհապաղ հարվածներ կհասցնեն բոլոր այն հարևան երկրների առանցքային ենթակառուցվածքներին, որոնք որևէ կերպ կաջակցեն Թեհրանի դեմ ամերիկա-իսրայելական երկյակի գործողություններին: Այս սպառնալիքները հաստատվել են իրանական հրթիռների և դրոնների լայնածավալ հարձակումներով ոչ միայն Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և Կատարում ամերիկյան ռազմակայանների, այլև այդ պետությունների արդյունաբերության և հումքային արտահանման ռազմավարական օբյեկտների ուղղությամբ: Հաշվի առնելով դա՝ միանգամայն ընդունելի է, որ Բենդեր-Էնզելիի վրա իսրայելական հարձակումը, որի ընթացքում տուժել են ոչ միայն Իրանի ռազմածովային ուժերի ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական նավահանգստային ենթակառուցվածքները, իրականացվել է հիմնականում Ադրբեջանի դեմ պատասխան գործողություններ հրահրելու նպատակով։
-
Ադրբեջանական ուղղագիծը և էներգետիկ արտահանման սպառնալիքը
Մերձավորարևելյան մի շարք աղբյուրներ պնդում են, որ, ամենայն հավանականությամբ, իսրայելական F-15i Ra’am («Ամպրոպ») կործանիչ-ռմբակոծիչները, որոնցից հրթիռներ են արձակվել Բենդեր-Էնզելիի ուղղությամբ, Սիրիայի և Իրաքի օդային տարածքով հասել են Հյուսիսային Իրան։ Սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հետախուզում և հարձակման թիրախների ճշգրտում չի կատարվել Ադրբեջանի տարածքից, որտեղ իսրայելցի զինվորականները վաղուց են նկատելի դարձրել իրենց ներկայությունը։ Միանգամայն ընդունելի է, որ Թել Ավիվում հույսը դրել են հենց այս հանգամանքի վրա՝ Թեհրանի արմատական արձագանքին սպասելով այն նույն տրամաբանությամբ, որով Իրանը հատուցման ձեռնարկներ է իրականացնում Ծոցի արաբական պետությունների դեմ։ Նախ և առաջ խոսքն Ադրբեջանի ծովային նավթագազային հանքավայրերի («Շահդենիզ» և «Ազերի–Չիրաղ–Գյունեշլի» հարթակներ), Սանգաչալի պահեստարանի և խողովակաշարերի մասին է, որոնցով իրականացվում է ածխաջրածինների արտահանումը։ Ենթադրվում էր, որ հենց այդ ռազմավարական կարևոր օբյեկտները, որոնց վրա հենվում է Ադրբեջանի տնտեսությունը, առաջինը կդառնան իրանական բանակի և ԻՀՊԿ-ի թիրախները, եթե Թեհրանը համարի, որ Բաքուն, որևէ ձևաչափով աջակցություն տրամադրելով Իսրայելին, խախտել է Իրանի կողմից նախանշված «կարմիր գծերը»: Իրադարձությունների նման զարգացման տեսական վերլուծությունը ենթադրում է, որ այդ դեպքում Ադրբեջանն անխուսափելիորեն կմտնի պատերազմի մեջ՝ ի տարբերություն Պարսից ծոցի արաբական միապետությունների, որոնք առայժմ փորձում են խուսափել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ուղղակի ռազմական բախումից:
-
Թել Ավիվի ռիսկերը և նավթի ներմուծման բազմազանացումը
Եթե նույնիսկ ենթադրենք, որ Կասպից ծովի վրա հարձակումն իսկապես նպատակ ուներ պայթեցնել իրանական ծովային խմբավորման կրակային հզորությունը կամ կանխել ռուսական խիստ կարևոր բարձր տեխնոլոգիական սպառազինության առաքումը, ապա Թել Ավիվը չէր կարող չհասկանալ, որ Իրանի ուժային կառույցներն իրավիճակի ընդհանուր լարվածության և իրադարձությունների անկանխատեսելի ընթացքի պայմաններում կարող էին արմատական գործողությունների դիմել Ադրբեջանի նկատմամբ։ Թեհրանի և Բաքվի հարաբերություններն արդեն գտնվում են սրման կրիտիկական փուլում՝ չնայած ռազմական առճակատման փխրուն սահմանը չանցնելու կողմերի փոխադարձաբար ցուցադրած ձգտմանը։ Հետևաբար, Թել Ավիվն ամեն դեպքում չէր կարող հաշվի չառնել իրանա-ադրբեջանական բախման մեծ հավանականությունը և, ամենայն հավանականությամբ, գործում էր իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր հետևանքների և սցենարների հաշվարկով:
Փորձագետները հակված են այն կարծիքին, որ Բենդեր-Էնզելիի վրա Թել Ավիվի հարձակումը իրականացվել է միտումնավոր՝ Իրանին Ադրբեջանի դեմ պատասխան գործողությունների հրահրելու նպատակով: Միակ բանը, որ նրանց մոտ հարցեր է առաջացնում, ԱՄՆ-ի և Իսրայելի փաստացի պատրաստակամությունն է այդ համադրության շրջանակներում զոհաբերել իրենց ռազմավարական շահերը Հարավային Կովկասում և Կասպից ծովում։ Խոսքը «Միջին ուղու» ռազմավարական երթուղիների, այդ թվում՝ անդրկասպյան լոգիստիկայի, ադրբեջանա-վրացական մայրուղիների և TRIPP-ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու Վաշինգտոնի ծրագրերի մասին է։ Իր հերթին, Թել Ավիվը շահագրգռված է տարածաշրջանի նավթային արդյունաբերության կայունությամբ և Բաքու–Թբիլիսի–Ջեյհան խողովակաշարի անխափան աշխատանքով, որով Իսրայել է մտնում նրա նավթային ներմուծման առյուծի բաժինը (տարբեր տվյալներով՝ 30-60%):
Հաշվի առնելով դա, քննարկման է արժանի ևս մեկ վարկած, ըստ որի Թել Ավիվը, իր համար գոյութենական կարևոր խնդիր համարելով Իրանի դեմ պատերազմում Ադրբեջանի ներգրավումը, նախապես լուծել է կասպիական նավթի ներկրումը փոխարինելու խնդիրը և Բենդեր-Էնզելիի գործողությունն իրականացրել ինքնուրույն՝ չտեղեկացնելով ամերիկյան հրամանատարությանը և Սպիտակ տանը։ Այս վարկածը, մի շարք առարկայական պատճառներով, կարող է այնքան էլ համոզիչ չթվալ, սակայն այն չի կարելի բացառել փորձագիտական որոշակի շրջանակներում արդեն ձևավորված այն պատումի լույսի ներքո, ըստ որի հակաիրանական ամբողջ ռազմարշավն «արկածախնդրություն» էր, որի մեջ Իսրայելը «ներքաշեց» Դ. Թրամփին։
-
Էներգետիկ հոսքերի վերակազմակերպումը
Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղազախական նավթի այլընտրանքին, որն Ապշերոնից խողովակաշարով մտնում է թուրքական Ջեյհան, այնուհետև լցանավերով Հայֆայի նավթավերամշակման գործարան, ապա տեսականորեն այդ հնարավորությունը չի բացառվում։ Իսրայելի նավթի ներկրման մասին տվյալները գաղտնի են պահվում, իսկ հանրային տիրույթում գտնվող տեղեկատվությունը, վերլուծաբանների կարծիքով, չի արտացոլում իրական պատկերը: Նույնիսկ Պարսից ծոցում և Ադենի նեղուցում տիրող սրացման պայմաններում, որոնք միջազգային հասանելիություն են ապահովում մերձավորարևելյան էներգապաշարներին, Իսրայելը տեսականորեն կարող է ելք գտնել իրավիճակից՝ ապավինելով, օրինակ, ամերիկյան, նիգերիական և նույնիսկ ռուսական նավթի մատակարարումներին։ Ավելին, ակնհայտ է, որ Կասպից ծովում վերջին իրադարձությունների ընթացքից անկախ, Իսրայելն արդեն վերապահել է մատակարարներին փոխելու տարբերակները։ Թուրքիայի հետ հարաբերությունների կրիտիկական բարդացման համապատկերում նման քայլը պետք է համարել ռազմավարական անհրաժեշտություն, որը, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել Թել Ավիվում։
Ամփոփում
Ամփոփելով ասվածը՝ հարկ է նշել, որ իրանական Բենդեր-Էնզելի նավահանգստին հասցված զանգվածային հարվածը պետք է դիտարկել 04.03.2026 թ. Նախիջևանում տեղի ունեցած իրադարձությունների (դրոնների հարձակումը Նախիջևանի օդանավակայանի վրա) և Ադրբեջանի մայրաքաղաքի վրա չպարզված ԱԹՍ-ների թռիչքների արձանագրման մասին պարբերաբար ստացվող տեղեկությունների միասնական համատեքստում։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ որոշ ուժեր ադրբեջանա-իրանական հարաբերություններում անընդհատ լարվածության աստիճան են բարձրացնում, և այդ փորձերը չեն դադարի, քանի դեռ իրանական պատերազմի ընթացքը չի կասեցվել հակամարտող բոլոր կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
[1] Նյութի բնօրինակը (ռուս.) հրապարակվել է մեր կայքէջում 28.03.2026 թ.: